Ամենամեծ ռիսկը ռիսկի չդիմելն է

Ասում են` ես զարմանալի մարդ եմ։ Մի տարվա ընթացքում երեք անգամ փոխեցի որոշումս` մասնագիտության ընտրության հարցում։ Սկզբում ցանկանում էի ընտրել Ամերիկյան համալսարանի  «Անգլերեն և հաղորդակցություն» բաժինը։ Հետո (մոտ վեց ամիս անց) մասնակցեցի մի բիզնես սեմինարի, որից հետո որոշեցի ընտրել «Բիզնես» բաժինը, բայց մինչ այդ դեպքը, բիզնեսը ինձ համար «անհասանելի» ոլորտ էի համարում։ Իսկ հիմա՝ հինգ ամիս անց, մտածում եմ սովորել ծրագրավորում։

Ամբողջ կյանքում ատել եմ ծրագրավորումը։ Դեռ մեկ շաբաթ առաջ էլ ատում էի այն։

Ինչքան էլ որ չեմ սիրել ծրագրավորումը, միշտ էլ հարգել եմ ծրագրավորողներին և ծրագրավորում սովորողներին։ Նրանք ոչ միայն ապագայում կունենան բարձր վարձատրվող աշխատանք, այլ նաև մեծապես կօգնեն Հայաստանին։ Հայաստանը կարիք ունի շատ և լավ ծրագրավորողների։

Մինչև ընդունելության համար նախատեսված դիմումի հանձնման ժամկետը ունեմ երեք ամիս։ Քիչ չէ։ Կհասնեմ ներբեռնել ծրագիր՝ կոդեր գրելու համար, ինչպես նաև ձեռք կբերեմ մի լավ գիրք և կփորձեմ պարզել. արդյոք արժե՞ ծրագրավորում ընտրել, թե՞ ոչ։ Ում պատմում եմ այս մտքի մասին, բոլորն ասում են, որ խուսափեմ այսպիսի կտրուկ որոշումներ կայացնելուց, քանի որ երկար ժամանակ որոշված էր, որ բիզնես եմ սովորելու, այդպես էլ անեմ։ Բայց ինչո՞ւ ոչ։ Ի՞նչ պարտադիր է սովորեմ այն, ինչի մասին ավելի երկար եմ մտածել։ Շատ մարդիկ կան, ովքեր դեռ մանկուց որոշում են իրենց մասնագիտությունը, կամ գուցե իրենց ծնողներն են որոշած լինում, ինչը շատ հաճախ է լինում, և ընտրում են հենց այդ մասնագիտությունը։ Այդպիսով նրանք չեն նկատում տարիների ընթացքում իրենց շրջապատում ի հայտ եկող փոփոխությունները։ Չեն նկատում, որ որոշ մասնագիտություններ ժամանակի ընթացքում ավելի պահանջված են դառնում։

Կարծում եմ՝ պետք չէ խուսափել կտրուկ որոշումներ կայացնելուց կամ ինչ-որ փոփոխության հետ առերեսվելուց։ Պետք չէ կառչել անցյալում ունեցած որոշումներից կամ մտքերից։ Չէ ՞ որ մենք ժամանակի ընթացքում ավելի ու ավելի ենք զարգանում և բացահայտում նոր հետաքրքրություններ:

Ես շնորհակալ եմ ինձնից, որ ցածր ստացա անգլերենի քննությունս և չդիմեցի համալսարան։ Այլապես սովորելու էի «Անգլերեն և հաղորդակցություն» բաժնում ու, հավանաբար, հետո չէի էլ մտածելու այլ բաժին ընտրելու մասին։ Այս ամիսների ընթացքում ես, երկար ժամանակ մենակ մնալով իմ մտքերի հետ, շատ բան հասկացա ու բացահայտեցի։ Հասկացա, թե ինչ եմ ուզում իրականում, և թե ինչն է ինձ հետաքրքրում։

Ես շատ եմ հետաքրքրված բիզնեսով։ Հնարավորության դեպքում անպայման հիմնելու եմ իմ սեփական բիզնեսը, երբ էլ որ դա լինի։ Եթե անգամ ծրագրավորում սովորեմ, երբեք չեմ մոռանա ուսումնասիրել բիզնեսի գաղտնիքները։ Ամերիկյան համալսարանում հնարավորություն եմ ունենալու ծրագրավորմանը զուգահեռ ուսումնասիրել նաև բիզնես։

Եթե երեք ամսվա ընթացքում հասկանամ, որ այնուամենայնիվ ծրագրավորումը իմը չէ, ապա կսովորեմ բիզնես, բայց բակալավրիատի տարիներին չեմ դադարի ուսումնասիրել ծրագրավորումը։ Եվ հնարավոր է մագիստրատուրայում սովորեմ ծրագրավորում։ Ինչպես ասել է Մարկ Ցուկերբերգը. «Ամենամեծ ռիսկը ռիսկի չդիմելն է։ Մի աշխարհում, որը փոխվում է իսկապես արագ, միակ ստրատեգիան, որը երաշխավորում է ձախողում, ռիսկի չդիմելն է»։

davit aleqsanyan

Ես էլ եմ ուզում խոսել Նոր տարուց, բայց…

Ես էլ եմ ուզում խոսել Նոր տարուց, բայց ոչ այն մասին, թե ինչպես են նշում այն մեզ մոտ: Ուզում եմ խոսել դրանից բխող հետևանքների մասին: Դե, ինչպես գիտեք, փոքր երեխաները սիրում են պայթուցիկներ պայթեցնել այս տոնի ժամանակ: Սակայն դրանից շատ մարդիկ վախենում են: Չէ, չէ, սխալ եք հասկանում. ոչ թե այդ փոքր բաներից, այլ կարծում են` թշնամին է կրակ բացել գյուղի վրա:

Երբ ես տանն եմ լինում, մեկ-մեկ նկատում եմ, թե ինչպես է մայրս ամեն պայթուցիկի ձայնից վեր թռչում: Դե, իհարկե, այս ամենը վերջին մի քանի տարիներին է առաջացել, որովհետև մի քանի տարի առաջ չկար և ոչ մի կրակոց մեր` Բաղանիս գյուղի վրա:

Մի անգամ հիշում եմ, ես էլ էի պայթուցիկ պայթեցրել, և հարևանը, կարծելով, թե կրակում են, անհանգստացած զանգահարել էր մայրիկին ճշտելու` կրակո՞ց էր, թե՞ ոչ: Մայրս հանգստացրեց, ասելով, որ Դավիթն է եղել:

Էս էլ մենք` մեր սահմանի հետ:

serine harutyunyan

Լռության ժամ

Երևի շատ տներում գոյություն ունի «լռության ժամ» կոչվածը: Չէ՛, չէ՛, դա հաց ուտելու ժամը չէ, և ոչ էլ գիշերվա այն ժամը, երբ բոլորը քնած են: Լռության ժամն ավելի հաճախ այն տներում է պատահում, որտեղ տատիկներ կան: Եթե տատիկ, ուրեմն՝ հեռուստասերիալ… Հիմա հասկացա՞ք, թե ինչ նկատի ունեի լռության ժամ ասելով…

Եթե տանը տատիկ կա, ուրեմն հեռուստասերիալի սկսվելուն պես բոլոր բերանները պարտավոր են փակվել, բոլոր գործերը պարտավոր են սպասել, բոլոր հանդիպումները՝ հետաձգվել… Այսինքն՝ բոլորը՝ մեծից փոքր, ստիպված են ձկան պես լուռ նստել…
Սիրում եմ, երբ ինչ-որ տատիկ հեռուստասերիալ է նայում, իսկ ես ուղղակի դրա ականատեսն եմ լինում: Տատիկների սերիալ նայելը կարծես մի հատուկ արարողակարգ լինի, միշտ նույնը, նույն հերթականությամբ՝
1. նստել հեռուստացույցի առաջ գովազդով նշված ժամից մի քիչ շուտ,
2. ինչ-որ մեկից խնդրել հեռակառավարման վահանակը,
3. բարձրացնել հեռուստացույցի ձայնը ինչքան հնարավոր է,
4. սպասել ֆիլմի սկսվելուն…
Վերը նշված երրորդ կետը՝ ձայնը մինչև վերջ բարձրացնելը պարտադիր նախապայման է, եթե անգամ տատիկը ի վիճակի է ավելի ցածր ձայնով էլ լսել: Դեռ դա ոչինչ, ամենահետաքրքիր պահերը սկսվում են ֆիլմի սկսվելուն պես… Քար լռություն, միայն դերասանների ձայն, ու, ու ինձ թվում է սերիալ նայող տատիկի ձայնի մասին նշելն անգամ ավելորդ է… Այս արարողակարգին գոնե մի անգամ ականատես եղածներից շատերը կարող են հաստատել այն, որ ամբողջ ֆիլմի ընթացքում տատիկի ձայնն ավելի շատ է լսվում, քան բոլոր դերասանների ձայները միասին վերցրած: Սպորտային մեկնաբանի նման, տատիկները կարող են անվերջ խոսել ամբողջ ֆիլմի ընթացքում, շարունակ բարձրաձայնել իրենց անմեղ մեկնաբանությունները: Սիրում եմ, երբ սկսում են գովել դերասանին, հաճախ էլ՝ անիծել… Սիրում եմ, երբ հեռուստացույցի դիմաց նստած տատիկը անմեղորեն հուշում է դերասանին, թե ինչ պետք է անի… Սիրում եմ, տատիկների այդ անմեղ մեկնաբանությունները…

Շա՜տ կուզեի, որ տատիկս ողջ լիներ… Շա՜տ կուզեի ենթարկվել տատիկիս կողմից մշակված այդ հատուկ կանոնակարգին…

Meri Muradyan

Յուղն ու բրինձը

Այս պատմությունը կատարվել է շատ տարիներ առաջ և ցույց է տալիս, թե ինչ կարող է անել սուտը: Այս պատմությունը պատմել է տատիկս:
Երբ պապիկս երկու տարեկան է եղել, նրա հայրը գնացել է Հայրենական մեծ պատերազմին մասնակցելու և չի վերադարձել: Երեք երեխաների հոգսը մնացել է նրանց մոր՝ Կեկել տատի վրա: Նա միշտ կարևոր գործեր անելիս տեղյակ էր պահում եղբորը: Բայց մի անգամ երկու տղամարդ են գալիս և ասում, որ եթե գումար տա իրենց, ապա նրանք կգնան և յուղ ու բրինձ կբերեն: Այս անգամ չգիտեմ՝ ինչու, մեր Կեկել տատը չի հարցնում իր եղբորը, հանում ու մեծ գումար է տալիս նրանց:
Ամբողջ գիշեր տանջվում է, քանի որ եղբորը չէր հարցրել և մտածում է, որ եթե առավոտյան գնա եղբոր մոտ, արդեն շատ ուշ կլինի: Վեր է կենում, գիշերվա ժամը երեքին, քնած երեխաներին թողնելով մեծ աղջկա հույսին, գնում է այդ տղամարդկանց մոտ և ասում, որ hետ վերադարձնեն իր գումարը: Տղամարդիկ սկսում են համոզել, որ անպայման մի քանի օրից կբերեն յուղն ու բրինձը, բայց Կեկել տատը երկու ոտքը դնում է մեկ կոշիկի մեջ և հետ պահանջում գումարը՝ ասելով, որ երբ կլինի եղն ու բրինձը, այն ժամանակ էլ կտա գումարը: Վերցնում է գումարը և գալիս տուն:
Անցնում է որոշ ժամանակ, նրանք հետ չեն վերադառնում: Իմանալով այս պատմությունը՝ մարդիկ հասկանում են, որ այդ «բարեկենդանները» իրականում խաբեբաներ են եղել: Օգտվելով մարդկանց միամտությունից և ծանր կացությունից՝ վերցրել են գումարը և գնացել: Նրանք խաբել էին տասնյակ ընտանիքների, բայց ի տարբերություն Կեկել տատի, նրանք շատ ուշ են հասկացել, թե իրականում ինչ էր կատարվել: Այդ երկու տղամարդիկ մինչև հիմա գնացել են յուղ ու բրինձ բերելու:

Ինչպես Հովհաննես Թումանյանի «Բարեկենդանը» հեքիաթը, այնպես էլ մյուս հեքիաթները գրվում են իրական պատմությունների հիման վրա: Եվ եթե չենք ուզում դառնալ հեքիաթի հերոսներից մեկը, պիտի դասեր քաղենք մեզ հասած պատմություններից:

Էլենը

Երևի լսած կլինեք Կողբ գյուղի մասին: Եթե լսել եք, լսած կլինեք նաև Կողբի նկարչական պլեներների մասին՝ երբ ամեն տարի ամռանը՝ հուլիսի կեսերից մինչև օգոստոսի վերջին օրերը գեղարվեստի դպրոցի սաները գնում են Կողբ և հանգստանալու, և նկարչական գիտելիքները հմտեցնելու:

Արդեն երեք տարի է, ինչ մասնակցում եմ այդ պլեներներին: Պլեների ժամանակ ունենում ենք հյուրեր տարբեր մարզերից, նաև տարբեր երկրներից: Մոտ երկու տարի առաջ մեր հյուրերն էին Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի սաները: Ինձ հատկացված էր 8 օր պլեներում: Առաջին օրը առաջնայինը տեղավորվելն էր ու ծանոթանալը: Անցել էր երևի մեկ ժամ, մեկ էլ ուսուցիչներից մեկը խնդրեց, որ բացենք դարպասները, հյուրերը գալիս են: Հյուրերին դիմավորեցինք, օր-օրի ավելի էինք մտերմանում գիշերային խարույկի շուրջը վարած զրույցներով: Անցավ մեկ շաբաթ, մեր հյուրերը գնացին, և նրանց փոխարինելու եկան կրթահամալիրի ուրիշ սաներ: Ես ծանոթացա Էլենի՝ Էլեն Ավանեսյանի հետ: Ծանոթանալուց հետո կես ժամ էր անցել, բայց այնպիսի տպավորություն էր, թե զրուցում եմ իմ վաղեմի համախոհ ծանոթի հետ: Երևի պատճառը արվեստն էր, հատկապես նույն ճյուղը: Էլենին հարցրեցի, թե ինչքան ժամանակ է, ինչ զբաղվում  է նկարչությամբ, նա ասաց` երկու տարի: Իսկ այդ ժամանակ լրանում էր նկարչությամբ զբաղվելու իմ չորրորդ տարին: Նա հաճախել էր ավելի քիչ: Եվ երբ տեսա Էլենի գործերը, զարմացա, թե երկու տարվա մեջ ինչպես կարելի է այդպես առաջ գնալ:

Առավոտյան լրանում էր ճամբարում գտնվելու իմ օրերը, և ես պետք է գնայի տուն, բայց չէի ուզում: Դժվար է հեռանալ, երբ հանդիպում ես քո համախոհներին ու անգամ մեկ օրը չլրացած, ստիպված ես հեռանալ:

Ըստ պայմանավորվածության մեր մեքենան գալու էր կեսօրին: Նախաճաշը վերջացավ, ու մոտակայքում սկսվեց լսվել թղթին քսվող մատիտների ձայնը: Երբ հեռվից մեքենայի ձայն էր գալիս, տխրում էինք, կարծելով, թե մեր մեքենան է: Երբ համոզվում էինք, որ մեր մեքենան չէ, ուրախանում էինք: Բայց ինչպես որ պայմանավորվել էինք, մեքենան եկավ, ու ասացին, որ կես ժամից շարժվելու ենք, կես ժամ ժամանակ ունենք երեխաներին հրաժեշտ տալու: Դժվար էր Էլենին ցտեսություն ասել, որովհետև այդ մեկ օրվա մեջ ես շատ էի մտերմացել նրա հետ: Էլենին ցտեսություն մաղթեցի ու նստեցի մեքենան: Երբ եկա տուն, որոշ ժամանակ անց հիշեցի, որ մոռացել եմ իրենից իր ֆեյսբուքյան էջը իմանալ: Փնտրեցի-փնտրեցի, չգտա, անունը համ ռուսերեն որոնեցի, համ հայերեն, համ անգլերեն, բայց չգտա: Անցավ մեկ ամիս, էլ հույս չունեի, որ կգտնեմ, բայց պատահաբար տեսա, որ մեր խմբի աղջիկներից մեկը հավանել էր Էլեն Ավանեսյան անունով մի աղջկա լուսանկար: Մի քանի րոպե նկարին նայելուց հետո տեսա, որ Էլենն է: Շունչս պահած բացեցի Էլենի էջը ու ընկերանալու խնդրանք ուղարկեցի: Խնդրանքս ընդունվեց, ու մենք արդեն 2 տարի է, ինչ ֆեյսբուքով շփվում ենք: Ճիշտ է, մենք մի քանի ժամ ենք շփվել, բայց այնպիսի հաճելի տպավորություն եմ ստացել, որ երբեք այդ ծանոթությունը չեմ մոռանա:

Ես Էլենին համարում եմ լավ ընկեր, լավ մարդ և լավ նկարչուհի, ում գործերը ինձ համար օրինակելի են: Ես շատ ուրախ եմ, որ ճանաչում եմ Էլենին, ու թեկուզ համացանցով, բայց կարողանում ենք կապ պաշտպանել մի քանի ժամվա շփումից հետո:

Մոռացա նշել, որ էլենը սիրում է նաև գրել: Հույս ունեմ, որ էլի բախտ կվիճակվի հանդիպել Էլենին ու շարունակել մեր կիսատ մնացած զրույցը:

Emma Kosakyan

«Բա էտ էլ ծախեն, էլի…»

Շուտով Նոր տարի է, ամենուր` իրարանցում: Խանութներում վաճառվում են ամենագեղեցիկ լույսերը, զարդերը ու, իհարկե, մանդարինը, չամիչը, բաստուրման: Այն ամենը, ինչ պետք է Նոր տարին «տեղը-տեղին» դիմավորելու համար:

Այս իրարանցումը տեսնելով` ամեն անգամ հիշում եմ մեր տատիկ-պապիկների նկարագրած Նոր տարին. «Պատերազմ էր, ուժեղ կռիվ, սաղ տարին սոված-ծարավ ինք, առանց լիս: Ու սաղ ժղովուրդն էր սհե: Խանութ չկար, կամ խանութը կար, բայց զատ չին ծախըմ: Բայց վեր Նոր տարուն լիմոնադ ու մանդարին ինք ճարըմ, էտ ա, էլ ի՞նչ ա պետք: Էլ մի պյան էլ ա, մի մեծ քեֆ էր, ուրախություն: Հընգեր-հըրևան հվաքվմ ինք ու զուռնա-դհոլով քեֆ անըմ: Բա հմի էս ի՞նչ ա, խանութնին լիքն ա, բայց տրամադրություն չկա, ուրախություն չկա: Բա էտ էլ ծախեն, էլի… Սաղ առըտուր արած քընմ են, դեմքներին ծիծաղ չկա»:

Ու պատկերացնելով այդ Նոր տարիները, հասկանում եմ, որ, իրոք, շատ-շատերի համար Նոր տարին պարտականությունների շղթա է դարձել, ուրիշներին զարմացնելու առիթ: Մեկը աղցան չի սիրում, բայց 5 տեսակ կպատրաստի հյուրերին զարմացնելու համար, մյուսը՝ պարտքով Ձմեռ պապ կհրավիրի իր տուն, որ երեխային անձամբ նվերը տա: Դեռ լավ է, եթե արվում է երեխային ուրախացնելու, այլ ոչ թե նրա համար, որ բոլորը տեսնեն՝ Ձմեռ պապը եկավ հենց այդ տուն մտավ:

Չնայած այս ամենին՝ Նոր տարին մի նոր էջ է բացում մեր առաջ՝ մաքուր ու սպիտակ: Ցանկանում եմ՝ բոլորս այդ էջում գրենք մեր կյանքի անկեղծ, երջանիկ պատմությունները, չունենանք ջնջումներ, սխալներ:

Հակացուցվա՞ծ է, թե՞ ոչ

-Անուշիկ ջան, կարո՞ղ ես համացանցում նայել, թե զեյթունի ձեթը հակացուցումներ ունի, թե՞ ոչ,- հարցրեց տատիկս:

-Մի րոպե, հիմա նայեմ: Տատի՛կ, տարբեր կարծիքներ կան: Մի տեղ գրված է, որ հակացուցումներ չունի, մի այլ տեղ, որ խիստ հակացուցումներ ունի:

-Հիմա, ո՞ր կարծիքն է ճիշտ:

-Չեմ կարող ասել, ստույգ իմանալու համար պետք է գնամ հիվանդանոց ու տեղում ճշտեմ:

-Չէ՛, պետք չի, մի՛ գնա: Եթե մի տեղ գրված է, որ հակացուցված է, ապա չեմ օգտագործի:

Քանի որ շատ դասեր ունեի սովորելու, և տատիկս էլ պնդեց, որ չգնամ, չգնացի: Հետո էլ մոռացա գնամ:

Մի քանի ամիս հետո իմացանք, որ զեյթունի ձեթը ոչ միայն իրեն հակացուցված չէ, այլև անհրաժեշտ է: Ինձ շատ վատ զգացի նախ նրա համար, որ չգնացի հիվանդանոց` ճշտելու: Նաև, որ չփորձեցի հուսալի կայքեր գտնել, որտեղից կարող էի ստանալ անհրաժեշտ ինֆորմացիան: Ես գիտեմ անգլերեն, հետևաբար կարող եմ օգտվել ավելի շատ կայքերից, իսկ ինչպես վարվի նա, ով չգիտի անգլերեն: Հնարավոր չէ ամեն օր գնալ հիվանդանոց` ինչ-որ բան ճշտելու համար: Չկա այնպիսի հայալեզու և հայկական կայք կամ բլոգ, որտեղից մարդիկ կարող են գտնել ինֆորմացիա առողջության և առողջ ապրելակերպի մասին: Հավանաբար կան որոշները, որոնք հրապարակում են հոդվածներ, բայց մենք չգիտենք, որ աղբյուրին վստահել:

Պետք է ստեղծվի մի կայք, որը լիցենզավորված կլինի Առողջապահության նախարարության կողմից, և որի հոդվածները առանց ստուգվելու երբեք չեն հրապարակվի:

Հաստատ գիտեմ, որ տատիկիս նման շատերն են, համացանցից սխալ տեղեկություն ստանալով, վնասել իրենց առողջությունը:

serine harutyunyan

Երևի երբեք չմոռանամ

-Ասըմ են` էն Ազբեգանց Հենոանց տանն ա տվել, սաղ շուշենին ջարդել ա, պատը քանդել ա… Բայց դե, այ քիրա, լետ փառք Աստծու, իրանց բան չի էլել: Զալըմը քուլփաթով վաքված են էլել, տեհել են ձեներ ա գալի, կնիկը պուճուրին տարել ա էն կռան սենյակը, որ լսե ոչ, վախի: Դեռ սկի հասցրած չի էլել եդ գա, էդ անդերն էկել ա տվել…
Այդ առավոտյան ես մեր հարևանների ձայնից արթնացա: Դեռ ժամը ութն էլ չկար: Նրանք սովորականի նման եկել էին ջուր տանելու: Մինչ ջուրը կլցվեր, մայրիկիս հետ նստած սուրճ էին խմում ու զրուցում: Երևի դուք նրանց խոսակցությունից շատ բան չհասկացաք:
-Էս էլ որերորդ հերթն ա էդ նաչար մարդկերանց տանը դիպչմ ա: Էէէ՜, վերանըմ չեն դրանք, պրծնունք բալքեմ, սաղ օրը վախը սրտներըմըս ապրըմ ենք…
-Էէէ՜, սա ապրիլ չի, որ մենք ապրըմ ենք, սա կյանք չի, որ մենք ու մեր րեխերքը տենըմ ենք: Հմի համ քաղաքի օքմինն ասե` ապրըմ ենք, համ մե՞նք: Սաղ օրը հանդըմը, չոլըմը, որ բալքեմ խախալի գլուխը մի բան գցենք, էն էլ այ սհե հարամ են անըմ հարամ շները…
-Հա՜, Հենոն նոր էր տները շինել, ռեմոնտ արել, որ աղջկանն ամուսնացնե: Էն մարդի էդքան չըրչարանքը ջուրն ընգավ: Բայց դե ջըհանդամն ըլի, պատը լետ կշինեն, պատուհանը կփոխեն: Կարևորն իրանց մի բան էլա էլել չի..
Զրույցը դեռ երկար շարունակվեց: Արդեն դպրոց գնալու ժամանակն էր, վեր կացա, որ հագնվեմ գնամ: Սենյակից դուրս եկա, բայց մայրիկս արգելեց ինձ դպրոց գնալ, դե երևի, արդեն հասկացաք, չէ՞, թե հարևաններն ինչից էին խոսում: Էլի մեր գյուղի վրա սկսել էին կրակել: Ամբողջ գիշեր կրակեցին: Ամեն կրակոցի ձայնի հետ տեղներիցս վեր էինք թռչում, վախենում ու սպասում այն հույսով, որ դա վերջինն է, որ դրանից ոչ մի վնաս չեղավ: Երևի դա կյանքիս ամենավատ գիշերն էր: Նույնիսկ թշնամուս նման բան չեմ ցանկանա, չեմ ցանկանա, որ անգամ թշնամիս ունենա այդ նույն ապրումներն, ինչ ես…
Մորս երկար համոզելուց հետո վերջապես դպրոց գնալու թույլտվություն ստացա: Բայց դե ի՞նչ դպրոց, երկու հարյուր աշակերտից տասը աշակերտ էլ դպրոց չէր եկել այդ օրը… Երևի մի ժամ կլինեինք դպրոցում մնացած, դասղեկս եկավ ու ասաց, որ տուն գնանք: Տնօրինությունն էլ էր վախենում, որ հանկարծ ամեն ինչ նորից կսկսվի ու երեխաները դպրոցում կմնան: Գյուղի վրա առաջին անգամ չէր, որ կրակում էին, բայց այս անգամ ամեն ինչ ավելի մեծ թափով էր, զինատեսակներն էլ ավելի էին ուժեղացրել: Սակայն մարտավարությունը նույնն էր: Մարդիկ արդեն գիտեին, որ ցերեկը չեն կրակում, բայց մութն ընկնելուն պես դժոխքը վերադառնում էր: Դրա համար էլ, դեռ մութը չընկած, գյուղի ներքևի հատվածում ապրողները բարձրանում էին վերև՝ համեմատաբար ավելի ապահով վայր: Ով գնալու տեղ ուներ, գյուղից դուրս էր գալիս, ով ապաստարան ուներ, ապաստարան էր մտնում, ով ներքնահարկ ուներ՝ ներքնահարկ: Արդեն երեկոյան կողմ գյուղի բոլոր տների լույսերն անջատված կտեսնեիք…
Մի քանի օր այդպես շարունակվեց: Հետո կամաց-կամաց խաղաղվեց: Գյուղից հեռացածները քիչ-քիչ վերադարձան: Չնայած, մի քանի ընտանիք էլ անվերադարձ հեռացավ. ուրիշ ապահով գյուղ, քաղաք, Ռուսաստան…
Խաղաղ էր, արդեն դեպի գյուղն ուղղված կրակոցներ չկային: Ամեն երեկո դեպի դիրքերն ուղղված կրակոցներ էին հնչում: Բայց դա միշտ էլ եղել է, ու կարծես արդեն սովորական դարձած… Մեր տունը ճիշտ դիրքերի դիմաց է, ու կրակոցի ձայներն ականջներիցս անպակաս են: Երևի երբեք չմոռանամ, ոնց էր փոքրիկ եղբայրս ամեն կրակոցի հետ ասում, որ փուչիկ պայթեց…
Մի քանի ամիս անցավ: Դպրոցից մեր տուն բերող ճանապարհը դիրքերի դիմացով է անցնում, հաճախ եմ աչքս գցում դիրքերին ու երկա՜ր նայում… Այդ օրն էլ բացառություն չէր: Արդեն գրեթե տուն էի հասնում, ականջովս երեխաների ձայներ ընկան, շուրջս նայեցի ու տեսա հարևանիս այգում խաղացող երկու փոքրիկների: Չէ՛, չեք կարող պատկերացնել նրանց աչքերի փայլը, նրանց հայրենասիրությունը, որ միայն աչքերին նայելով էլ կարող ես տեսնել, չեք կարող պատկերացնել, թե այդ փոքրիկ մարմնի մեջ ինչքան մեծ ու հասուն հոգի կա, թե այդ մանկական մարմնի մեջ ինչքան պարզություն ու այդ պարզությունից բազմապատիկ անգամ շատ հայրենասիրություն կա, սեր կա, կարոտ կա…
Քայլերս դանդաղեցրի ու սկսեցի լսել հինգամյա փոքրիկի խոսքերը.
-Գիդե՞ս, իմ ապերը հըմի Ղարաբաղ ա… Գիդե՞ս, ես իրան կարոտել եմ, շատ եմ կարոտել, մամեն էլ ա կարոտել: Ես տենըմ եմ, ոնց ա մամեն ամեն օր ապերի նկարին մըտիկ անըմ ու լաց ըլըմ: Բայց ապերն էլ զանգըմ չի, ոչ էլ գալիս ա… Մամեն ասըմ ա պոստերըմն ա, պոստերիցը գնա` զանգիլ տի, գալ տի: Ես գիդեմ, մամեն ինձ խաբըմ ա, ապերը գնաց ու էլ էկավ ոչ: Ես գնալ տիմ իմ ապերի պահած պոստը, գնալ տիմ իրա հետ պոստ պահեմ, ես էլ թողուլ չտիմ, որ թուրքերը մեր վրա կրակեն: Ես գնալ տիմ ապերին բերեմ, որ մամեն էլ լաց չըլի: Գիդե՞ս, գնալ տիմ.. Պապեն խոստացել ա, որ ինձ տանիլ տի, տանիլ տի Ղարաբաղ, իմ ապերի պահած պոստը, տանիլ տի ապերիս տենում…
Երևի երբեք չմոռանամ…

Seroj araqelyan

Այ քեզ պատմություն…

Մի քանի օր առաջ գնացել էինք Վրաստան: Երբ իմացա Վրաստան գնալու մասին, առաջինն ուրախացա, որ հաճելի ժամանակ անց կկացնեմ՝ աշխարհ կտեսնեմ ու դրա վերաբերյալ 17-ում նյութ կգրեմ: Որոշել էի նյութի համար ֆոտոներ անել, սկսած անցակետից: Երբ Հայաստանի անցակետը անցանք ու մտանք Վրաստանի անցակետ, այդ ժամանակ հանեցի հեռախոսս և սկսեցի նկարել այն ամենը, ինչ հետաքրքրություն կառաջացներ դիտողին: Անցակետում հերթեր էր գոյացել ու որոշեցի դուրս գալ ֆոտոներ անելու և նկարել` սկսած սարի վրայի գրված Georgia-ից մնչև վրացական առօրյա, բայց արի ու տես, որ ինչը չէի պատկերացրել, եկավ գլուխս: Որ ճիշտն ասեմ, մի քանի անգամ մտա անձնագրի աշխատակիցների սենյակ և դուրս եկա, որպեսզի տեսնեմ` շա՞տ մարդ է մնացել, թե ոչ: Մինչ ես ազատ ելումուտ էի անում, չգիտեմ, թե ինչ կասկածներ եմ առաջացրել: Երբ սկսեցի ֆոտոներ անել, մեկ էլ վրացերեն բարձր ձայներ լսեցի ու աղավաղված ռուսերենով՝ «Выклучи камеру, быстро!»: Որ ճիշտն ասեմ, սիրտս մի պահ կանգնեց էդ գոռոցներից ու այդ ժամանակ, իբր թե միամիտ, հեռախոսս դրեցի գրպանս ու սուսուփուս մտա անցակետային սենյակ: 3 րոպե սպասելուց հետո եկավ իմ հերթը: Վախը սրտումս կանգնած եմ ու աննկարագրելի շտապում եմ, թե երբ են անձնագիրս տալու, որ անցնեմ շուտ գնամ: Հենց կնիքը ուզում էր վերցներ, մեկ էլ ռացիայով հաղորդեցին՝ «В таможне был парень, её был сини джинс и каричнивы каришон, уберите её»: Աշխատակիցը երկար նայեց վրաս ու տեսավ, որ բոլոր ասածները ինձ է համապատասխանում: Այդ ամենը լսելուց հետո մտածեցի` վերջ, Նոր տարին ճաղերի հետևում անց կկացնեմ: Աշխատակիցը բարկացած հայացքով նայեց ու ասաց. «Дай мне телефон». Հասկացա, թե ինչ է կատարվում, չկորցրեցի ինձ՝ հանգիստ հանեցի հեռախոսս ու թաքուն ջնջեցի այն բոլոր անցակետի լուսանկարները՝ թողնելով միայն մեծ տառերով գրված Georgia-ն, կասկածներից ազատվելու համար: Նկարը տեսավ ու հասկացավ, որ միայն գեղեցիկ ֆոտոներ անելու համար եմ նկարել ու ներս թողեց: Այդ երկար սպասված պահին էի սպասում, թե երբ էին անձնագիրս տալու, որ րոպե առաջ գնամ այդտեղից: Անգամ զարմացել էի, թե վախից ինչպես կարողացա այդքան երկար ռուսերեն խոսել:

Ամեն ինչ բարեհաջող ավարտվեց: Ես հիմա տանն եմ, ու ամենածիծաղելին այն է, որ ինձ մեղադրում էին լրտեսության մեջ, ու իբր ֆոտոներն էլ նկարելիս եմ եղել իբր պլաններ մշակելու համար, որ առանց անձնագիր անցնեմ սահմանը: Բայց դե արի ու բացատրի, որ այդ ամենը նկարել եմ ընդամենը մի հոդվածի համար:

Չգիտեմ ինչու, բայց որ այս պատմության հետ վրացական նկարներ չունեմ, մի տեսակ անավարտ եմ համարում հոդվածս: Բայց նկարները ստիպողաբար ջնջվել են: Ես այս ամենը ներկայացրեցի ձեզ, որ իմանաք, թե որտեղ և ինչ չի կարելի լուսանկարել:

Զգույշ եղեք, տասնյոթցիներ: