anahit israyelyan

Մեր օրերի քրոնիկան

Երեկոյան բարձր տրամադրությամբ տուն եկա ու սովորականի պես միացրի հեռուստացույցը` ինչ-որ հետաքրքիր բան նայելու ու ծանրաբեռնված օրվանից հետո փոքր-ինչ հանգստանալու: Լուրերի ժամ էր. լավ է, վաղուց լուրեր չեմ լսել: 

Սկզբից միացրի հայկական ալիքներ. սահման, հրետակոծություն, զոհեր, վիրավորներ… Տրամադրությունս հարյուր ութսուն աստիճանով փոխվեց: Փոխեցի ալիքը. փախստականներ, իսլամիստ ահաբեկիչներ…

Անջատեցի հեռուստացույցը ու գնացի քնելու: Չկարողացա. կրակոցների ձայնը չէր թողնում: Ի դեպ, ես ապրում եմ Ջուջևանում, որը սահմանին այնքան էլ մոտ չէ, բայց կրակոցների ձայնն այս օրերին հասնում է նաև մեր գյուղ: Նրանք, ովքեր չգիտեն, թե որտեղ է մեր գյուղը, ասեմ. Հայաստանի Հանրապետությունում:

Լավ, մի՞թե աշխարհը գլխիվայր շրջվել է: Այն տպավորությունն է ստեղծվում, կարծես Երրորդ համաշխարհային պատերազմի օրերում ենք ապրում, ու միգուցե տարիներ անց դասագրքերում գրվի, որ քսանմեկերորդ դարասկզբին բռնկվեց Երրորդ համաշխարհային պատերազմ կամ գուցե սառը պատերազմ…

Իսկ ինչո՞վ է զբաղված աշխարհը, հեղինակավոր կառույցների առաջնորդները: Հարգելի «հումանիստներ», որ երկնակարկառ բառերով կոչեր եք անում, որ հորդորում եք ղարաբաղյան հարցի շուրջ հակամարտող ԵՐԿՈՒ կողմերին չխախտել զինադադարը, խաղաղ բանակցություններով լուծել հարցը, բացեք ձեր աչքերը, ինչո՞ւ են տարիներ շարունակ կրակում նաև մեր գյուղերի ուղղությամբ:

մարինե իսրայելյան

Մանվել պապը

Ջուջևանում է ապրում Մանվել պապը: Նա հիանալի շվիահար է, բայց արդեն քանի տարի է, ինչ չի նվագում: Հաճախ էինք լսում նրա սրտակեղեք նվագը: Նա միշտ անցնում էր մեր այգու կողքի ճանապարհով՝ կովերին էր ման տալիս ու նվագում: Մանվել պապի անբաժան ընկերն իր էշն էր: Միասին էին անտառից փայտ բերում, խոտը արտից տուն հասցնում, խանութ գնում, մի խոսքով՝ ընտանիքի առօրյա գործերը միասին էին հոգում: 

Պատահեց այնպես, որ մի երեկո անտառում էշը կորավ: Երկար փնտրտուքից հետո ծերունազարդ Մանվելը հոգնեց ու սիրտը կախ վերադարձավ տուն:  Երբ մութն իր թևերը փռեց անտառագյուղի վրա, ամեն կողմից լսվեցին շնագայլերի կլանչոցները…

Կորած կենդանին էլ էր զգացել տուն վերադառնալու անհրաժեշտությունը, բայց վերադարձի ճամփին՝ անտառափեշին գտնվող մեր տան ետևում, գայլերի ոհմակի զոհ դարձավ: Հաջորդ առավոտյան դեռ լույսը կարգին չէր էլ բացվել, երբ արթնացանք աղիողորմ լացի ձայնից: Մանվել պապն էր ողբում: Առավոտ գիշերով դուրս էր եկել ընկերոջը փնտրելու և գտել միայն նրա ոսկորները:

Յոթ օր մենք արթնացանք շվիի թախծոտ մեղեդուց: Յոթ օրից հետո լռեց: Այդ օրվանից հետո էլ երբեք չլսեցինք նրա շվիի սրտակոտոր ձայնը:

elina

Ինչ է նշանակում ապրել սահմանապահ Կոթիում

Ընկերուհուս` Մերի Ազիբեկյանի ընտանիքը ապրում է սահմանապահ ԿՈԹԻՈՒՄ: Մի օր նրանք հավաքված են լինում տանը: Մերին այդ օրվա մասին ինձ պատմեց հետևյալը. «Փետրվարի 5-ն էր, երեկոյան մոտ ժամը 11-ը: Մեր ընտանիքում սովորական երեկոներից մեկն էր, երբ մենք ամբողջ ընտանիքով նստած զրուցում էինք: Մեր տանն էին նաև հորաքույրս` Հասմիկը, հորս հորեղբոր աղջիկը և նրա մայրը` տիկին Էմման: Հանկարծ լսվեց մի խուլ կրակոցի ձայն, այդ պահին մայրս գրկեց 7 տարեկան եղբորս, որը քնած էր բազմոցին և վազեց դեպի ապահով սենյակ: Այդ ամենը տևեց ընդամենը 2-3 վայրկյան: Մինչ մենք կհասնեինք ապահով սենյակ, երկրորդ արկը խփեց մեր տանը, հենց այն սենյակի պատուհանին, որտեղ մենք նստած էինք մինչ այդ:

Անհնար էր նկարագրել, թե ինչ էի զգում: Ես լսեցի մի ուժեղ պայթյուն, տեսա այդ պայթյունի լույսը և սկսեցի բարձր գոռալ,այնքան բարձր, որ մեր բոլոր հարևանները լսեցին իմ ձայնը:

Այդ հարվածից փոշի էր բարձրացել, և ես ոչինչ և ոչ ոքի չէի տեսնում, ու երբ փոշին ցրվեց, ես տան մյուս ծայրում տեսա հորս: Իմ առջև գետնին ուշագնաց ընկած էր հորաքույրս: Նա նստած էր պատուհանի տակ, և ուժգին հարվածից ուշագնաց էր եղել: Այդ պահին ես ոչինչ չէի հասկանում, չէի կարողանում խոսել և զարմացած նայում էի շուրջս: Չէի կարողանում նույնիսկ հասնել ապահով սենյակ, քանի որ ամենուրեք ապակու կտորտանքներ և քարի բեկորներ էին: Մայրս, որ եղբորս տարել էր ապահով սենյակ, քինչ անց վերադարձավ իմ հետևից: Ինձ ապահով սենյակ տանելուց հետո հայրս և մայրս գրկեցին հորաքրոջս և բերեցին մեզ մոտ: Բոլորս վերջապես հավաքվեցինք ապահով տեղում, սակայն վտանգը դեռ չէր անցել, և հակառակորդը շարունակում էր տարբեր տրամաչափի ականներով գնդակոծել գյուղը: Այդ պահին մենք միայն մտածում էինք հորաքրոջս ուշքի բերելու մասին: Սենյակում անհրաժեշտ ոչինչ չկար,սակայն տատիկս, վտանգելով իր կյանքը, կրակոցների ներքո դուրս եկավ սենյակից, ջուր և դեղորայք բերելու համար:

Մայրս ասաց. «Վերջ, ռավոդը ռեխանցս էլ վիրեմ ունըմ ու գնամ էս գեղիցը»:

Դե, վատ լուրերը շուտ են տարածվում: Հորս անընդհատ զանգահարում էին և հարցնում, թե ինչ է պատահել: Ես նոր-նոր սկսում էի ուշքի գալ, և երբ հասկացա, թե ինչ է կատարվել, սկսեցի արտասվել:

Ամեն ինչ այնքան խառն էր, տունն այնքան ցուրտ էր, քանի որ բոլոր պատուհանները ջարդվել էին: Այդ գիշեր ոչ մեկս չքնեցինք, պատմում էր Մերին,- հակառակորդը շարունակ կրակում ու կրակում էր, ու թվում էր, թե այս մղձավանջը չի վերջանալու: Վերջապես լույսը բացվեց, կամաց-կամաց մարդիկ սկսում էին հավաքվել, և ես չցանկանալով տեսնել այդ ամենը, գնացի դպրոց:

Ամբողջ գիշեր կրակել էին, և բնականաբար երեխաները դպրոց չէին գնալու: Սակայն ինձ համար ավելի լավ էր հեռու լինել այդ ամենից: Ուսուցիչներս տեսնելով ինձ, շատ զարմացան: Դպրոցում ընդամենը 6 հոգի էինք: Մի ժամ հետո մեզ տուն ուղարկեցին, քանի որ դաս չէր լինելու: Մեր տանը հավաքվել էին բազմաթիվ մարդիկ, ովքեր եկել էին այդ ամենը տեսնելու: Նրանք սարսափում էին ու խաչակնքում, որ նման հարվածից հետո ոչ մեկիս բան չէր եղել: Մեր տուն էր եկել նաև Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը, նա տեսավ ամեն բան և ասաց. «Դուք այսօր նորից եք ծնվել, և պետք է ձեր համար նոր ծննդականներ հանեք»: Քանի որ դժվար էր հավատալ, որ այդ ամենից հետո կարող էր այդտեղ ողջ մարդ մնալ: Բայց մեզնից ոչ մեկը չէր վիրավորվել և ոչ մի վնասվածք չէր ստացել, սակայն այն հոգեկան ապրումները, որը ես զգում էի, ցանկացած վնասվածքից էլ ավելի ծանր էին: Մի՞թե սա հրաշք չէ, իհարկե, հրաշք է, մի մեծ ընտանիք, 7 հոգի, և ոչ ոք չէր տուժել»: Նա շարունակում էր պատմել. «Եթե արկը հարվածեր ընդամենը 5սմ ներքև, մեզնից և ոչ մեկը ողջ չէր մնա: Աստված փրկեց մեր կյանքը:

Ինձ ու եղբորս ուղարկեցին Դիլիջան` մեր բարեկամների տուն, սակայն մի քանի օրից մենք վերադարձանք և շարունակեցինք մեր բնականոն կյանքը: Նույնիսկ այս ամենից հետո իմ ընտանիքը չլքեց իր հայրենի գյուղը` սահմանապահ ԿՈԹԻՆ»:

Ահա ամբողջ պատմությունը: Այս ամենը պատմելու ընթացքում դասընկերուհուս աչքերը արցունքով էին լցված:

Ահա, թե ինչ է նշանակում բնակվել սահմանապահ ԿՈԹԻՈՒՄ:

davit alexanyan

Արագիլներն են գարուն բերում

«Մի ժամանակ կարծում էի` արագիլներն են գարուն բերում: Կանգնում էի մեր բակում, ցեխոտ մատներով սուլում ու ողջունում էի նրանց գալուստը: Ամեն գարնան սկզբին ուղիղ քաղաքի վերևում Աֆրիկայից, թե մի այլ տեղից, գալիս էին արագիլներն ու պտտվում: Սկզբում պտույտների շրջանը մեծ էր: Կկոցում էի աչքերս` գտնելու նրանց ամպերի ճերմակ փրփուրների մեջ: Հետո շրջանը փոքրանում էր… Ասես ներքևից մեկը անընդհատ փաթաթում, կարճացնում էր նրանց ոտքերից կապված թելը: Եվ այս անգամ նրանք պտտվում էին լայն բնի շուրջը: 

Երբ արդեն կանգնում էին տանիքին, թվում էր` նրանք ոտքեր չունեն: Ոտքերը կարմիր էին, տանիքը` նույնպես: Մայր արագիլը երկար կտուցով կսմթում էր ինքն իրեն, հարդարում գզգզված, կեղտից փոշոտված փետուրները: Իսկ արուն գործարար տղամարդկային հայացքով զննում էր շրջապատը` որևէ փոփոխություն չի՞ եղել ձմեռվա ընթացքում: Այդ օրվանից ճերմակում էին ծիրանենիները, կարճահասակ բալենիները, հետո դեղձենիներն էին ներկոտվում նուրբ, թափանցիկ ծաղիկներով:

Այդ օրվանից հարևան աղջիկները կարմիր, դեղին, կապույտ գոգնոցները սպիտակ ոտքերի արանքներում խճճելով դաշտ էին գնում բանջար քաղելու, իսկ ողջ գիշերները տանիքն էին ճանկռում մըռմըռ կատուները: Եվ մեր խաղերն էին սկսվում, գարնանային խաղերը:

Այսպես էր գարունը գալիս: Արագիլներն էին բերում»:
Ռուբեն Հովսեփյան «Արագիլները վերադարձան»

Այս հիանալի գարունը Բաղանիսում չի լինում: Գարուն, որը լինում է Արարատ լեռան ստորոտում գտնվող մի փոքրիկ գյուղում՝ Լուսառատում, որտեղ բնակվում է հորաքույրս: Ես գարնան առաջին 2-3 օրը անց եմ կացրել այնտեղ: Ես նստած թշնամու դիրքերից 100 մետր հեռավորության վրա հետևում էի անասուններին և մտածում էի, թե ինչ նյութ կարելի է գրել և հանկարծ հիշեցի այն 3 օրը, որ անց էի կացրել Լուսառատում ու գրեցի այս նյութը:

Ես նոր եմ հասկանում գարնան գալը:

sona saribekyan

Ծերացումի արցունքները

Դե, ինչպես գիտեք ես Պատանի թղթակիցների ցանցի անդամ եմ  և նյութ էի ուղարկել «Տատս ու պապս» վերնագրով, որը Վարդուհի տատիս ու Լևոն պապիս մասին էր: Ուղարկելուց մի քանի օր հետո կայքում տեսա իմ նկարը ու նյութը և շատ ուրախացա: Կանչեցի մայրիկիս ու հայտնեցի, որ տեղադրել են, մայրս նույնպես շատ ուրախացավ:

Հաջորդ առավոտյան սովորականի պես գնացի դպրոց: Բոլոր ընկերներս ոգևորված սպասում էին ինձ, և ունեին մի շարք հարցեր իմ համար պահած:

Դասերս ավարտելուց  հետո գնացի տուն, ու մայրս տեղեկացրեց, որ  գնալու ենք Ոսկեպար՝ տատիս ու պապիս տուն:

Տատիս ծննդյան օրն էր: Տատս շատ ուրախացավ մեզ տեսնելով:

Ես ու քեռուս կինը սեղան գցեցինք, քեռին գնաց խորոված անելու: Նստեցինք սեղանի շուրջ, զրուցում էինք, ու հանկարծ մայրս հայտնեց տատիս նյութի մասին:

Բոլորը ուրախացան ու շնորհավորանքներ հղեցին ինձ, չէ՞ որ դա իմ առաջին աշխատանքն էր, որը տեղ էր գտել 17.am-ում:

Հարազատներս ոգևորված պահանջում էին, որ կարդամ իրենց համար:

Սկսեցի կարդալ:

«Գարնանային արևոտ օր էր…»,- ամեն նախադասությունը ավարտելուց հետո տատս խորը շունչ էր քաշում ու արտաբերում:

-Հա՛, դուզ ա:

«Կոկոլի առաջ երևաց տատս՝սպիտակ մազերի երկար հյուսով,- շարունակում էի կարդալ, ու մի պահ բոլորս լռեցինք ու ակամա նայեցինք տատիս մազերին: Էլ չկար այդ երկար սպիտակ հյուսը: Դրա փոխարեն կարճ սանրվածք էր, որը նույնիսկ ուսերին չի հասնում:

Շարունակում եմ կարդալ: Բոլորը լուռ են, միայն տատս ու պապս անընդհատ նշում են գրածիս ճիշտ լինելու փաստը:

«Հիմա արդեն մեկ տարի է անցել: Չնայած տատս ու պապս մեկ տարով էլ են ծերացել, բայց այն նույն խանդավառությամբ ու ոգևորությամբ էլ պատրաստվում են այս տարվա մեծ ուղևորությանը՝ դեպի Չալտաշ, այն փոքրիկ կոկոլը, Պոպոզ խաշը, որտեղ շատ ու շատ ուրախ ու տխուր օրեր են անցկացրել միասին»,- կարդալով նյութի վերջին տողերը, մի պահ հետ շրջվեցի ու տեսա տատիս՝ մաքրում էր արցունքները:

Արտասվում էր ու հասկանում, որ մի տարով էլ է ծերացել, ու արդեն հետևում են այդ ուրախ ու տխուր օրերը:

Ղուշիկ տատը

Լուսանկարը՝ Դավիթ Չիլինգարյանի

Լուսանկարը՝ Դավիթ Չիլինգարյանի

Ղուշիկ տատը մեր գյուղի՝ Ջուջեւանի «խորհրդարանի» նախագահն է: Ղուշիկ՝ մի քիչ զարմանալի անուն է, չէ՞: Նրա իրական անունը Վարդանուշ է, բայց նրան ընկերուհիները Ղուշիկ են ասում, քանի որ նա երիտասարդ ժամանակ գեղեցիկ է եղել, և ամուսինը նրան համեմատել է ղուշի (աղավնի) հետ, և այդպես էլ նրա անունը մնացել է Ղուշիկ: 

Ղուշիկ տատը գյուղում շատ հայտնի է: Նա գիտի և՛ գյուղի, և՛ Հայաստանի, և՛ աշխարհի բոլոր նորությունները: Նրանց տունը շատ մոտ է մեր տանը: Եվ եթե ինձ ինչ-որ բան է հետաքրքրում, ես նրան եմ դիմում: Հաճախ նաև նստում եմ մեր պատշգամբում և լսում նրան: Մի անգամ նա ինձ պատմեց, որ Սուրբ Սարգսի օրը  իրեն տվել են աղի բլիթ, որպեսզի ուտի և երազ տեսնի: Երբ առավոտյան արթնացել է, ասել է.

-Աղչի, էդ աղի բլիթը կերա, էրազումս մի խումբ իշան (ավանակ) զռռալով էկան, անց կացան առաջովս…

Նրա մշտական «նստավայրը» իրենց պատշգամբում գտնվող թախտն է, որի շուրջը հավաքվում են գյուղի տատիկներն ու սկսում են զրուցել: Նրանք զրուցում են ամեն ինչի մասին: Քննարկում են գյուղում ապրող յուրաքանչյուր ընտանիքի մասին: Քննարկում են սահմանին տիրող իրավիճակը: Ինչպես սիրում են ասել, մեր գյուղացիները` «պարապ ժըղովուրդ»:

-Բա իմացա՞ր, Շավաշը եդ էկավ:

-Հա, իմացա, եկել էր ինձ տենող, ջահելացել էր:

-Էնա տղեն կգա` հետը կտանի, թէ չէ, մընըմ ա ստի, ի՞նչ անի:

-Գուլգազն էլ մեռավ:

-Հա… Նա էլ գնաց:

-Ասին` ուզըմ են բասեինը սարքեն, հա՞:

-Հա, արդեն սարքըմ են:

-Էրեկ ջրերը կտրել էին, տանը մի կաթիլ ջուր չկար: Էրեխին ասի, գնաց նավիցը բերուց:

-Օ, բա իմացա՞ր, Ղարաբաղ ինչ ա կատարվըմ: Հավաքնին սկսել ա: Էրեկ տելևիզրն ասավ:

-Հա, հա, իմացա, էս ո՞նց տի ըլի:

Եվ խփում է ծնկներին:

-Ես ի՞նչ գիդեմ, թե ասա` ի՞նչ եք ուզում էս խեղճ ժողովրդիցը: Մեր գեղիցը ահագին էրեխա կա ընդի:

Եվ այսպես շարունակ: Դե, ինչ անենք, ես է Ղուշիկ տատի «մասնագիտությունը»:

Մենակ թե քննարկելու թեման թող պարզ բաներ լինեն. ջուրը, հարևանի ջահելանալը, լողավազանը…

Մենք այստեղ ենք՝ սահմանին

Ուզում եմ մի քիչ գրել մեր ժամանակների երեխաների մասին:

Ի՞նչ են գերադասում անել նրանք այսօր: Դե, բնականաբար, շատերը դաս անել չեն սիրում: Շա՜տ են սիրում խաղալ: Հիմա երևի մտածում եք, թե խոսքս համակարգչային խաղերի մասին է, այնպես չէ՞: Չգիտեմ, ով ոնց, բայց մեր՝ «վերի թաղի» երեխաները բակում խաղալն ավելի շատ են սիրում, քան, համենայն դեպս, ինձ համար «դարդ» համարվող այդ սարքի՝ համակարգչի առաջ նստելն ու անիմաստ խաղեր խաղալը:

Մեր թաղի երեխաների համար շաբաթվա մեջ ամենաուրախ օրերը հանգստյան օրերն են՝ շաբաթ, կիրակի, երբեմն էլ՝ ուրբաթ: Չնայած դա այդքան էլ էական չէ, նրանց համար ուրախն այն օրն է, որ օրը հաջողվում է խաբել մայրիկին, համոզել, որ վերջացրել են բոլոր դասերը և շտապել խաղալու: Խաղալու վայրը մեկն է՝ երեխաների խոսքով՝ «Սայադիկանց քուչեն»: Սայադիկը եղբորս ընկերն է՝ կռվի ու խաղի ընկերը: Քույրս էլ, եղբորս հետ հաճախ է գնում խաղալու: Խաղացողները քրոջս ու եղբորս համադասարանցիներն են, մեկ էլ մեր փոքրիկ թաղակիցները, որ խաղի ընթացքում, այսպես ասած, գլխացավանք են համարվում մեր մեծ` 4-րդ և 7-րդ դասարանցի խաղացողների համար: Սկսում են խաղալ, ու բոլորն էլ կարծես մոռանում են, որ իրենք էլ տուն ունեն, որ մութն ընկնում է, որ սոված են, որ ցուրտ է: Մի խոսքով, Սայադիկենց բակը մոռանալ է տալիս ամեն-ամեն ինչ:
Գարնան պայծառ օր է, տանը նստած եմ անբաժան  ընկերոջս՝ շտեմարանիս առաջ, մեկ էլ՝ հեռախոսիս զանգը: Պատասխանում եմ, քրոջս կանչում են խաղի: Որոշում եմ ես էլ գնալ լուսանկարելու, վերցնում եմ տեսախցիկս ու արագ դուրս վազում: Տնից դուրս եմ գալիս 10-15 րոպե հետո վերադառնալու և պարապմունքս շարունակելու մտադրությամբ, բայց Սայադիկենց բակի կախարդանքն ինձ վրա էլ է ազդում, և ես մնում եմ ու սկսում խաղալ, մոռանալով անգամ շտեմարանիս մասին: Քիչ-քիչ խաղացողների թիվը շատանում է, հասնելով շուրջ 20-ի: Այդտեղ երևի խաղացած կլինեի մեկ էլ այն ժամանակ, երբ քրոջս տարիքին էի՝ 2-3 տարի առաջ:

Մի խոսքով, հիանալի օր, լի երեխաների ուրախ ճիչերով, որ հատկապես վերջին ժամանակներում՝ սահմանային լարված իրավիճակում, երբ ծնողները վախենում են դուրս թողնել երեխաներին, ինձ համար ամեն ինչ արժեն:

Թվում է, թե ամեն ինչ հիանալի է, բայց…  Ուժեղ պայթյունի ձայն, որ սովորական է սահմանապահ Կոթիի թե՛ մանուկ, թե՛ մեծ բնակիչների համար: Պայթյունի ձայնը լսվելուց անմիջապես հետո, մեզ տուն կանչելու մտադրությամբ տնից վախեցած դուրս է գալիս Սայադիկի մայրը՝ Ալլան, բայց տեսնում է, որ մեր շարքերում ոչինչ չի փոխվել, որ մենք կրկին խաղում ենք նույն ոգևորությամբ, ինչ կրակոցներից առաջ, ու մի քիչ մեր խաղին նայելուց հետո, կրկին մտնում է տուն:
Խաղում եմ, բայց մտքումս միայն սահմանին կանգնած տղերքն են, որոնց շնորհիվ մենք վայելում ենք մեր հանգստյան օրերը:

Աստծուց միայն մի բան եմ խնդրում, որ նրանց ոչինչ չպատահի, որ ամեն բան լավ լինի: Քիչ անց՝ էլի կրակոց, ու մենք ստիպված ամեն մեկս մեր տուն ենք գնում: Ճանապարհին տեսնում եմ գյուղ եկող պաշտպանության նախարարության մեքենաներ, որ սովորականից շատ ավելի արագ էին ընթանում, հետո՝ առաջին օգնության մեքենա, հասկանում եմ, որ ինչ-որ բան այն չէ: Քիչ անց էլ իմանում եմ, որ Կոթիի սահմանագոտում հրազենային վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող, Պտղավան գյուղի  32-ամյա բնակիչ Աշոտ Ռևազյանը: Ընդամենը մի քանի րոպեում իմ չափազանց բարձր տրամադրությունը կարծես հօդս է ցնդում: Եվ իմ այդչափ ուրախ օրը դառնում է ինձ համար ամենատխուրներից մեկը:
Խաղալու ընթացքում, երբ մեր թաղի երեխաների մասին նյութ գրելու միտք առաջացավ, որոշեցի, որ այն պետք է լինի շա՜տ ուրախ, այնքան ուրախ, որ կարդալիս այդ ուրախ տրամադրությունը փոխանցվի ընթերցողին, որ գոնե այս նյութի  մեջ խոսք անգամ չգնա կրակոցի մասին: Բայց… Կրկին չստացվեց, չստացվեց, որովհետև մենք այստեղ ենք՝ սահմանին՝ սահմանապահ Զինվորի կողքին: Մենք այստեղ ենք՝ ամուր կանգնած մեր հողին, մի քիչ անորոշ ու մռայլ ներկայով, բայց՝ վառ ապագայի հույսով: