Ազատ տարածք խորագրի արխիվներ

Երեք եղբայրների դարբնոցը

darbinԳարենը, Վարոսը, Գրիգորը` Գնդոն, հարազատ եղբայրներ են, իսկ Վահանը նրանց հորեղբոր տղան է: Դարբնությամբ զբաղվել են նրանց պապը և հայրը, գործը սովորել են նրանցից: Ճանաչված վարպետներ են ոչ միայն Գյումրիում, այլև ամբողջ հանրապետությունում: Բացի նրանից, որ զբաղվում են Գյումրու կոլորիտային դարբնությամբ, իրենց կողմից շատ նորություններ են մտցնում իրենց գործում: Գարենը ավագ եղբայրն է: Նա, սովորելով այս գործը, միշտ աշխատել է դարբնոցում: Կրտսեր եղբայրը` Վարոսը, նույնպես աշխատել և աշխատում է դարբնոցում: Նրանց հորեղբոր որդին` Վահանը, բանակից վերադառնալով մեծերից սովորում է այդ արհեստը և սկսում է եղբայրների հետ աշխատել դարբնոցում: Ամենահետաքրքիրը Գրիգորի պատմությունն է: Փոքր հասակից զբաղվել է թեթև ատլետիկայով, սովորել է Գյումրու մանկավարժական համալսարանի Ֆիզկուլտուրայի և կենսաբանության բաժնում:  Նա եղել է շատ լավ մարզիկ և ունեցել է բազում հաջողություններ, բայց նրանց ընտանեկան արհեստը ավելի հոգեհարազատ էր իրեն, և նա, սովորելով այդ գործը, դարձել է հմուտ և տաղանդավոր դարբին: Նրանց դարբնոցը հայտնի է «Երեք եղբայրների դարբնոց» անունով, նրանք մարդամոտ, ընկերասեր և անմիջական վարպետներ են: Հենց այդ պատճառով էլ բոլորը ճանաչում ու սիրում են նրանց:

Երկու ընկերներս

arjukԵս ունեմ երկու փոքր արջուկներ, որոնք նվեր եմ ստացել, երբ դեռ շատ փոքր էի: Առաջին արջուկս նվեր եմ ստացել երկրորդ դասարանում: Ռուսաց լեզվի ավարտական միջոցառման ժամանակ մեզ բոլորիս նվիրեցին փոքրիկ արջուկներ: Դրանից հետո երկար ժամանակ մոռացել էի նրա մասին և անուշադրության էի մատնել, բայց մի անգամ պատահաբար գտա: Հետո որոշեցի նրան անուն դնել: Ցանկանում էի դնել այն անունը, որը առաջինը «մտքիս կգար», և անվանեցի Ջերեմի: Երկրորդ արջուկս գրեթե նույն տարիքում եմ ստացել: Երբ փոքր էինք, մեզ փոքրիկ ծանրոցներով բերում և նվերներ էին բաժանում: Մենք ամեն անգամ մեծ անհամբերությամբ էինք սպասում մեր ծանրոցներին և մեր նոր նվերներին: Մի այդպիսի ծանրոցի միջից էլ ես գտա մյուս արջուկիս: Նրա համար ևս անուն որոշեցի: Քանի որ մի քանի իսպաներեն բառ գիտեի, որոշեցի դրանցից մեկով էլ կոչել: Կոչեցի Ֆելիզ, որը թարգմանաբար նշանակում է` ուրախ, երջանիկ: Ուզում էի, որ միշտ իրեն նայելիս ժպտայի, չնայած նրան, որ նրա դեմքին ընդհանրապես ժպիտ չկա: Երբ փոքր էինք, հաճախ էինք տանը կազմակերպում տիկնիկային ներկայացումներ: Իրար էինք միացնում աթոռներ, վրան գցում ծածկոցներ և, ահա, ներկայացումը սկսված էր: Իմ արջուկները ևս անմասն չէին մնում այս փոքրիկ ներկայացումներին` հաճախ նաև դառնալով դրանց գլխավոր դերակատարները: Մենք տարբեր պատմություններ էինք հորինում և դրանք ցուցադրում նրանց միջոցով: Հաճախ էինք հայտնվում ծիծաղելի դրության մեջ, երբ մեր դերակատարներին պատահաբար գցում էինք: Սակայն, առանց ժամանակ կորցնելու, աթոռների տակով վերցնում էինք` փորձելով չերևալ մեր հանդիսատեսին: Այսպիսով, ձեռք բերեցի իմ երկու ընկերներին, որոնք ոչ միայն ինձ կուրախացնեն, այլև կհիշեցնեն այն հիշարժան օրերի մասին, որոնք տեղի են ունեցել իմ կյանքում:

 

Վիշտը

Մեր քաղաքում կա մի տղա: Նա 14 տարեկան է: Անունը չեմ ուզում գրել: Վատ կզգա: Սովորելու հետ մեկտեղ նա աշխատում է` ձու, կանաչի վաճառելով օգնում է իր մայրիկին: Նրանք երկուսով ապրում են վատ պայմաններում, բայց չնայած այս դժվարություններին, նա շատ ազնիվ է, հետաքրքրասեր ու տաղանդավոր: Այդ դժվար պայմաններից նրա առողջությունը վատացել է.  տեսողությունն  ու լսողությունը լավ վիճակում չեն: Բայց գումար չունեն բուժման համար: Նա շատ զգայուն է դարձել և ամաչում է հասակակիցների հետ շփվել:

Մի օր զբոսնելուց ես տեսա նրան մի շան ձագի հետ: Նա շատ ուրախ էր: ր աշխատած գումարով պաղպաղակ էր գնել և, փոխանակ ինքը ուտեր, շանն էր կերակրում: Ես ժպտացի նրան ու անցա: Հետո մի շաբաթ չտեսա նրան, իսկ երբ տեսա, նա շատ տխուր ու հուսահատված էր: Ես մոտացա նրան և հարցրի, թե ինչ է պատահել, նա պատասխանեց.

-Մասիս էինք գնացել, եկա տեսա` շունս սատկել ա:

Չգիտես` ում էր խանգարել այդ փոքրիկ շնիկը, նրա միակ ընկերը և ուրախությունը:

Այդ պահին ես փորձեցի պատկերացնել ինձ նրա տեղում, բայց չկարողացա:

Իմ առաջին «ընկերը»

Լուսանկարը` Մուշեղ Վարդանյանի

Բոլորիս հայացքները անընդհատ ճամբարային հարցեր քննարկելուց մռայլվել էին, ու միանգամից Ասպրամի ձայնը (Ասպրամը մեր`ջոկատավարներիս ջոկատավարն էր).

-Բայց դուք իսկապես… Դե…

-Մենք լիովին պատրաստ ենք,- գրեթե միաձայն գոչեցին տասներկու «ցավին անտարբեր, դավին անտեղյակ» երիտասարդներ:

Դուրս եկանք մեր հիմնական հանդիպման վայրից, ու մեր հանդիպումը մի քանի րոպե անց շարունակվեց արդեն օնլայն: Հետաքրքիր հանդիպումներ են. այդտեղ ավելի հանգիստ էր, մեկս մյուսի ձայնի հուզումնալից ելևէջները չէինք լսում,  ուղղակի կարդում էինք հայտարարվածներն ու վերջ:
«Լա′վ, անցանք քնելու, շուտ պիտի արթնանանք»: Չգիտեմ, թե ով գրեց, բայց հաստատ ես լսեցի նրա ձայնի խիստ տոնը, որը ինձ այնքան էլ չճնշեց, քանի որ համակարգիչը դեռ երկար էր ինձ իր մոտ պահելու: Իսկ առավոտյան քույրս էր.
-Դե, արթնացիր, ուշացանք:
Բարեբախտաբար նա էլ է ջոկատավար, այլապես ես ո′չ կարթնանայի, ո′չ էլ ջակատավար կլինեի…

Լուսանկարը` Մուշեղ Վարդանյանի

Երեխաները հավաքվել էին, ջոկատավարները` նույնպես: Սկսեցինք յուրաքանչյուրս իր ջոկի երեխաներին հավաքել և աշխատել: Ջոկի անուն, ջոկի նշան, առաջաբան, լոգո: Մոտավորապես 15 երեխաների բերել ընդհանուր հայտարարի, երբ յուրաքանչյուր երեխա ունի 2-3 տարբերակ. իսկապես բարդ գործ է:
-Դե, էլ ի՞նչ հարցեր ունեք,- մի կերպ երեխաների պահանջները ավարատած` ասացի ես:
-Ընկե′ր Լուսինե, իսկական պարադոքս է ամառային դպրոց-ճամբար. ամառային ճամբարը հանգստանալու համար է, դպրոցը`անհանգստանալու:

Մի պահ զարմանք պատեց ինձ, թե ինչպես է ութամյա երեխան սովորական երևույթներից, որի վրա մենք երբեք չէինք մտածել , պարադոքս ստեղծել: Դե, դա երեխաների մենաշնորհն է. անսովորից տարբերակել սովորականը, իսկ սովորականից`անսովորը: Բայց իմ զարմանքի գագաթնակետը նրա` ինձ «ընկեր»-ով դիմելն էր: Իմ միակ «ընկեր»-ը, որն ինձ անասելի ուրախացրեց` չնայած դրան, որ այլևս չէի կարողանում ուրախանալ հոգնած լինելու պատճառով: Իրոք, ինչքան անհետաքրքիր ու գորշ կլիներ աշխարհն առանց երեխաների:
Ջոկատավարները ինչպես միշտ հավաքվել էին ու շարունակում էին իրենց քննարկումը` այս անգամ ավելի մռայլ դեմքերով. մեկը հոգնել էր, մեկի գլուխն էր ցավում, իսկ մեկն էլ անհոգ նստել էր` երջանիկ ժպտալով: Հրճված էի երեխաների պարզությունից ու մաքրությունից: Բայց եթե Ասպրամը նորից կրկներ նույն հարցը, թե արդյոք ուզում ենք աշխատել, ապա կասկածի տակ կդրվեր մեր ճամբարի հետագա կյանքը: Առողջապահության օրը փոխարինեց հումորի օրվան, հումորի օրը` սպորտի օրվան, երկրորդ օրը` երրորդ օրվան, երրորդը`չորրորդին և այսպես շարունակ: Բայց հարմարվեցինք և′ մենք, և′ երեխաները: Մենք էլ չէինք սպասում Ասպրամի հարցին, իսկ երեխաները պարադոքսներ էլ չէին փնտրում: Յոթերորդ օրը վրա հասավ: Գրկախառնություններով ու հրաժեշտի խոսքերով լի օր: Նույնիսկ հուզվեցինք` չնայած դրան, որ բոլորս էլ Վայքում էինք ապրում և ամեն օր մեկս մյուսին տեսնում էինք: Մենք կարոտելու էին մեր «Նավաստիներին», «Ադամանդներին», «Իմաստուններին» և բոլոր ջոկատներին, կարմիր քարտերին, նկատողություններին ու խրախուսական միավորներին…
Անփորձ էինք` փորձեցինք, անտեղյակ` տեղեկացանք: Հիմա այստեղից մենք վերցնում ենք մեծ աշխատափորձ, որը չենք ստանա ուրիշ ինչ-որ տեղից`աշխատել երեխաների հետ: Թե կարողանում ես աշխատել երեխաների հետ, կաշխատես նաև ցանկացածի հետ: Ամենքիս ներսում բարեբախտաբար դեռ երեխա է ապրում…

Մեծերի նման փոքրերը

Լուսանկարը՝ Լուսինե Բաղդասարյանի

Լուսանկարը՝ Լուսինե Բաղդասարյանի

Ինչքան հետաքրքիր է, չէ՞, որ մարդիկ ինչքան էլ յուրահատուկ լինեն, փորձում են ինչ-որ բանով նմանվել դիմացինին, նմանակել նրա արածները կամ ասածները: Օրինակ, փոքր երեխաները փորձում են ասել բաներ, որ լսել են մեծերից: Մեր թաղամասում հաճախ մի մարդ է գալիս և կաթ է վաճառում` անընդհատ բացականչելով «Մա~լա~կո~, մա~լա~կո~»: Իսկ դրանից հետո հաճախ լսում եմ, թե ինչպես երեխաները դրսում խաղալիս, կրկնելով նրա խոսքերը, կանչում են. «Մա~լա~կո~,մա~լա~կո~»: Կամ հաճախ ենք հանդիպում այնպիսի փոքր երեխաների, որոնք հարդարվում են իրենց մայրիկների շպարման պարագաներով կամ հագնում են նրանց բարձրակրունկ կոշիկները`ցանկանալով ցույց տալ, թե իրենք մեծ են: Յուրաքանչյուր երեխայի համար իդեալ է հանդիսանում իր ծնողը, և ամեն մեկը ցանկանում է մեծանալով նմանվել նրան: Մի անգամ քեռուս որդուն հարցրեցի, թե ինչ ես ուզում դառնալ, երբ մեծանաս, նա պատասխանեց. «Պապա»: Ես մտածեցի` քեռիս ամեն ինչ պիտի անի, որ կատարյալ հայրիկ լինի, քանի որ որդին ցանկանում է իրեն նմանվել:

Ըշտը, ըսպեսնա բաներ…

Լուսանկարը՝ Արաքսյա Ալեքսանյանի

Ամենաշատը ինձ հուզում է այն, որ այսօր մարդկանց ոչինչ չի հուզում: Նրանք դարձել են անտարբեր, անսիրտ ու կարծես նրանց ներսում դատարկություն լինի: Այսօր, հատկապես մեր քաղաքում կյանք կարծես չլինի: Մարդիկ ապրում են միապաղաղ ու կյանքից հիասթափված: Անընդհատ բողոքում են իրենց կյանքից, բայց չեն գիտակցում, որ այս ամենը փորձություններ են, որոնց դեմ մենք պետք է դուրս գանք, պայքարենք, հավատանք մեր անհոգ ու պայծառ ապագային: Բացի դրանից, մեծահասակները գոնե պետք է խրախուսեն ու քաջալերեն վերջերս բավականին ակտիվացած երիտասարդությանը, ովքեր պայքարում են իրենց լավ ապագայի համար: Մեր քաղաքացիները շատ դժվարություններ են տեսել, բայց դա չի նշանակում, որ հուսահատ ու անտարբեր պետք է ապրեն երիտասարդները: Շատ հաճախ փողոցով քայլելիս ես ու իմ ընկերուհիները բարձր խոսում ենք ու ծիծաղում ու արդյունքում հանդիպում ենք մարդկանց դժգոհ դեմքերին ու լսում նմանատիպ արտահայտություններ. «Էս սերունդը…», «Ըբը սոնք տուն տանելու աղջիկնե՞ր են…», «Մեր թվերին ըսպես բաներ չկային…», «Գեդինը չեն մտնի…», «Ինչների վրա կուրխընան…» և այլն: Պետք է միշտ լավատես լինել ու հասկանալ, որ գիշերին միշտ հաջորդում է առավոտը և հավատա, որ Գյումրին  մոտ ապագայում կդառնա առաջվանը:

Ճամբար Մալիշկայում

-Ընկեր Աստղիկ, մոռացել եմ գլխարկս:

-Ընկեր Աստղիկ, իմ կողքին նստիր:

-Ընկեր Աստղիկ, ինձ էլ դրանից կնկարե՞ս:

-Ընկեր Աստղիկ, կլինի՞ պահմտոցի խախանք…

Արդեն մեկ շաբաթ է` մեր դպրոցում գործում է ճամբար 1-4-րդ դասարանի երեխաների համար: Ջոկատավարները ես և իմ դասընկերներն ենք: Երեխաներն իրենց շատ լավ են զգում ճամբարում: Առավոտյան տարբեր խաղեր ենք խաղում: Ժամը 12-ին երեխաները լվանում են ձեռքերը և գնում բուֆետ  նախաճաշելու:

Նրանց հետ շատ հետաքրքիր է: Միասին նկարում ենք, երգում, հեքիաթներ կարդում:

Սկզբում մտածում էի, թե դժվար կլինի երեխաների հետ, ճիշտն ասած, մինչ այդ երեխաների հետ չէի կարողանում շփվել. միշտ կռվում էինք,  բայց հիմա սկսել եմ սիրել նրանց, հասկանալ: Հիմա վաղ առավոտյան ես անհամբեր շտապում եմ ճամբար, որովհետև նրանք սպասում են ինձ: Սա ինձ համար էլ շատ կարևոր ժամանակ է, քանի որ հասկացա, որ երեխաներից շատ բան կարելի է սովորել: Իսկ ամենակարևորը դասը, իմ կարծիքով, այն է, որ երբ քեզ սիրում ու վստահում են, դու դառնում ես ավելի լավը, ավելի պատասխանատու և կազմակերպված: Ես հիմա անցկացնում եմ իմ կյանքի ամենակարևոր ամառը և չեմ տրտնջում, թե օրերը ձանձրալի են:

Գրքի խորհուրդը

Լուսանկարը՝ Արփինե Աղավելյանի

Լուսանկարը՝ Արփինե Աղավելյանի

Ես շատ եմ սիրում գրքեր կարդալ, հատկապես նախընտրում եմ ֆենթեզի ժանրը: Եվ ինձ թվում էր, թե իմ հասակակիցներից բոլորին էլ հետաքրքրում են գրքերը, ուղղակի ամեն մեկն ունի իր նախընտրած ժանրը, հեղինակը, գիրքը: Բայց արի ու տես…. Որ գիրքը կարող է այլ գործառույթ էլ ունենալ:

Դասերից  հետո ես  միշտ այցելում եմ իմ դպրոցի մոտ գտնվող գրախանութը ու ինձ համար գրքեր ընտրում, անչափ հետաքրքիր քննարկումներ ունենում գրքերի և հեղինակների մասին` ինձ հետ արդեն ընկերացած վաճառողների հետ: Ամենահետաքրքիրը գրքի ընտրության պահն է, երբ շրջում ես սրահով, ուր ամենուրեք գրքեր են` զանազան գեղեցիկ կազմերով և թղթի բույրով:   Յուրաքանչյուր գիրք ընկալում ես որպես մի առանձին աշխարհ, որը սպասում է իր ընթերցողին: Այս վիճակը, իհարկե, կհասկանա նա, ով մտնում է գրախանութ և իր ձեռքն է վերցնում գիրքը և սկսում ճանաչել այդ անծանոթին, որը շատ շուտով կարող է դառնալ իր  ընկերը, խորհրդատուն և սփոփողը…

Մի օր, այդ խանութում ես, կանգնած գրքերի բազմազանության մեջ, ուսումնասիրում էի դրանք, երբ հանկարծ մի տղա եկավ և շփոթված հայացքով նայելով գրքերի բազմազանությանը` դիմեց վաճառողին.

-Ախպերս, ինձ մի հատ սիրուն գիրք տուր:

Վաճառողը զարմացած հարցրեց.

-Սիրուն գի՞րք , իսկ կարո՞ղ եք գոնե ինչ-որ հեղինակի անուն ասել:

-Աաաաա¯, ի՞նչ հեղինակ, ախպե´ր ջան, ես տենց բաներից հեռու մարդ եմ, կարևորը սիրուն մի բան տուր:

Վաճառողը շփոթվեց և առաջարկեց մի գիրք, որը սիրո մասին էր, և այդ գրքի շապիկի վրա սիրահար զույգ էր նկարված,  որոնք համբուրվում էին: Տղան երկար նայելով գրքի շապիկին ասաց.

-Ախպերս, էս ի՞նչ էս տվել, ընկերուհուս ծնունդն ա, ամոթա սենց բան տանեմ, ի՞նչ կմտածի:

Վաճառողը հետ վերցրեց այդ գիրքը և տվեց մեկ ուրիշը, որի շապիկը իսկապես շատ գեղեցիկ էր, չեմ էլ հիշում ինչ գիրք էր, միայն շապիկը հասցրեցի նկատել:  Տղան, գոհ իր գնումից, վճարեց և շտապ  խանութից դուրս եկավ:

Հաջորդ օրը`դպրոցում, պատահաբար լսեցի  մեր դասարանի  տղաների խոսակցությունը: Մեկը գիրքը կարդում էր, իսկ մյուսը նայում էր ընկերոջը և հանկարծ դժգոհ տոնայնությամբ ասաց.

-Այ մարդ, գիրք  ինչի՞ ես կարդում, ինչի՞դ է պետք:

-Հա էլի, գիդես շատ էլ պե՞տքս է,- պատասխանեց երկրորդը,- գիրք եմ կարդում, որ կարողանամ աղջիկ կպցնեմ, հիմա թազա մոդայա, աղջիկները սկսել են գիրք կարդալ:

Ես հազիվ զսպեցի ծիծաղս, բայց հետո հասկացա, որ առաջին հայացքից զվարճալի այս միջադեպը, իրականում շատ ցավալի է, և ինձ շատ է տխրեցնում:

Ինձ տխրեցնում է այս փաստը, քանի որ գրքերը մեր հասարակության մեջ այնպես անտեսված են, որ մարդիկ չեն էլ փորձում կարդալ,  կամ էլ կարդում են, ինչպես  իմ դասարանցին էր կարդում, որովհետև աղջիկ պետք է կպցնել, իսկ աղջիկների մոտ էլ «մոդա» է,  կամ էլ գալով գրախանութ պահանջում են «սիրուն» գիրք և հպարտորեն ասում,  որ իրենք գրքերից հեռու են: Իհարկե, կան նաև իսկապես գիրքը գնահատող մարդիկ, բայց ցավոք ճնշող մեծամասնությունը նրանք չեն:

Չեմ կարող հասկանալ այդպիսի մարդկանց. չէ որ գիրքը դա մի առանձին աշխարհ է, որը պարուրում է քեզ ընթերցանության ժամանակ, տալիս է քեզ փորձ, գիտելիք, հաճելի զգացումներ, կյանքը հասկանալու  իսկական իմաստնություն:

Գրքեր կարդալը նպաստում է սեփական կարծիքի ձևավորմանը, աշխարհայացքի ձևավորմանը,  կարդացող մարդը ապրում է հազար կյանք, իսկ մարդը, ով  երբեք չի կարդում, ապրում է ընդամենը մեկը: Եվ դեռ պարզ չէ, թե ինչպես է ապրում, կամ ինչու է ապրում…

 

Ունքը ուղղելու փոխարեն աչքն էլ հետը հանեցի

Լուսանկարը՝ Անի Կարապետյանի

Լուսանկարը՝ Անի Կարապետյանի

- Էլի լվա՞ցք ես արել ու մինչև հիմա չե՞ս փռել:

- Հեսա կանեմ, մամ:

Հիմար սովորությանս համաձայն էլի գործս կիսատ էի թողել, բայց  դե, գիշերվա հազարն էլ լիներ, պետք է վերջացնեի: Ինձ համար դրսում լվացք եմ փռում, մեկ էլ սարսափելի ձայներ լսեցի: Սկզբում մտածեցի նայածս ֆիլմի ազդեցության տակ եմ մնացել, բայց չէ, նույնը լսում էի շարունակ: Ձայները գալիս էին խողովակի միջից: Կարծեցի մեր բակի օձերը այլևս ինձանից թաքնվելու տեղ չեն գտնում և արդեն խողովակի մեջ են մտնում: Քանի որ չէի ուզում գիշատիչներին այդ դաժան ճակատագրին արժանացնել և հենց իմ ձեռքերով խեղդել, հայրիկիս դիմեցի:

- Այս անգամ նրանց խեղդել քեզ չի հաջողվի, ծիտիկ է:

- Ծիտի՞կ, ոնց թե պապ, մի կողմ գնա, թող`տեսնեմ:

Փաստորեն խեղճ ծիտիկը խողովակի մեջ էր մտել ու չէր կարողանում դուրս պրծնել (ինչևէ, ես սկզբում այդպես կարծեցի): Պետք է անպայման փրկել: Խողովակից մի կերպ հանեցինք, բայց նա շնորհակալություն հայտնելու փոխարեն տուն մտավ և կարծես ուզում էր ամեն ինչ փշուր-փշուր անել: Ես պատուհանը բաց թողեցի, որպեսզի իր շնորհակալությունը հայտնելուց հետո դուրս գա: Առավոտյան միայն նրա շնորհակալության հետևանքները տեսա, և ուրիշ ոչինչ: Էլի լվացքը ինձ էր սպասում, և նրանից նեղացած անցա իմ գործին: Նորից նույն սարսափելի ձայները…

Մի կողմ դրեցի ամեն ինչ և մոտեցա խողովակին, այս անգամ իրոք սարսափելի էր: Չէ, չէ, գիշատիչներ չէին: Խողովակում տեսա երեք ձու և երկու փոքրիկ ձագ: Այդ տեսարանը հրաշալի էր, սակայն այդ ժամանակ նոր հասկացա, թե ինչու էի արժանացել այդ շնորհակալությանը, և սարսափելին հենց դա էր, երևի այդ նույն պահին ես էլ նրանց համար մի գիշատիչ կենդանի էի: Փորձեցի նրանց օգնել, բայց խողովակից հանել այս անգամ չէի պատրաստվում: Ձեռքս վերցրեցի բահը և սկսեցի հողը փորել: Լսել էի ծիտիկները որդ են սիրում ուտել: Երկար,բայց միևնույն ժամանակ հաճելի չարչարանքներից հետո նրանց կերակուրը պատրաստ էր: Մայրիկս ճիշտ է ասում, որ ես միշտ ունքը ուղղելու փոխարեն աչքն էլ հետն եմ հանում, բայց այս անգամ բժիշկ դարձա և փորձեցի բուժել այդ վերքը: Իսկ նրանց համար մի անհանգստացեք, խողովակից հանել էլ չեմ փորձի, կմեծանան` իրենց ոտքով դուրս կգան: