Ազատ տարածք խորագրի արխիվներ

shushan stepanyan portret

«Զգացմունքային նյութերի համար»

Անչափ սիրում եմ անակնկալ պահեր, որ սիրտս լցնում են անասելի ուրախությամբ ու թրթիռով՝ չնայած նրան, որ միշտ փչացրել եմ ինձ սպասվող անակնկալները: Երբ պատահմամբ իմանում էի, որ ծնողներս ինձ անակնկալ են անելու, այնքան էի համոզում, որ ասում էին: Ընկերներիս նույնպես այնքան էի ձանձրացնում իմ հարցուփորձով, որ ստիպված ասում էին, թե ինչ անակնկալ են ինձ անելու: Դե, հա, անհամբեր եմ, դրանից է: Իսկ հետո մեծ ափսոսանքով էի լցվում, որ էլի իմ անակնկալը փչացրի:

Բայց, ահա, ապրիլի քսանութին ես ապրեցի իմ իրական անակնկալը: Բոլորիս համար շատ սպասված մի օր, օր, որ տվեց մեզ նոր հույսեր, ապրումներ, օր, որ մեզ նորովի ուրախացրեց, օր, որ կոչված էր Պատանի թղթակիցների առաջին մրցանակաբաշխություն:

Ինձ համար նույնպես անակնկալ կար, որի մասին միայն իմացա հենց նվերս ստանալիս: Նվերներիս մեջ ամենաոգևորողն ինձ համար դիպլոմն էր, որն ինձ տրվեց իմ զգացմունքային նյութերի համար: Երբ բոլորն ինձ ասում են. «Շուշա՛ն, պետք չի էդքան զգացմունքային լինել, մեջդ պահի շատ բաներ, շատ բան մի նկատի,մի արտահայտվի», ես մտածում եմ. «Կարո՞ղ ա սխալ տեսակ եմ ես» ու ինչ-որ տեղ նեղսրտում եմ: Բայց հանկարծ գնահատվում եմ իմ հույզերի ու զգացմունքային նյութերի համար: Ու հիմա թևերս, որ դադարել էին թռչել, նորից թռիչքի են պատրաստ:

Իսկապես շատ ուրախ եմ, ուրախ եմ, որ իրական անակնկալ ունեցա, որ այս անգամ, իրոք, վայելեցի այն: Չգիտեմ, երբ հերթը հասնում է շնորհակալություն հայտնելուն, ես բառեր չեմ գտնում, չեմ կարողանում արտահայտել այն խոսքերը, որ պիտի լսվեն: Կարծում եմ՝ խոսքերով չէ, որ պիտի իսկապես ապացուցես շնորհակալությունդ, այլ նվիրվածությամբդ ու գործովդ: Շատ չեմ գրի, որ հնչած խոսքերին չնմանվեն:

Պարզապես շնորհակալ եմ. ես ուրախ եմ, թռչում եմ….

Եվ քանի-քանիսն ինձ պես այսքան ուրախ են…

leyli tadevosyan

Անակնկալը…

«Ստեղծագործ մտքի համար»

leyliԱպրիլի 28-ն էր… Ուրբաթ էր… Մի սովորական ուրբաթ, երբ կրկին դասերս ավարտելու էի համալսարանում և ուրախ – ուրախ գնալու Գյումրի` շաբաթ-կիրակին անցկացնելու, ինչպես անում եմ ամեն շաբաթ… Շուտասելուկ էղավ, բայց դուք շարունակությունը լսեք…

Էս ուրբաթը բոլորովին էլ սովորական չէր: Այն մանանայոտ էր ու մանանաբույր… Չէ ՞ որ մեր` պատանի թղթակիցներիս առաջին մրցանակաբաշխությունն էր տեղի ունենալու, ու Երևան էին ժամանել մոտ 200 թղթակիցներ Հայաստանի բոլոր մարզերից. այլ կերպ ասած` ողջ Հայաստանը հավաքվել էր Կամերային երաժշտատանը…

Բոլորս էլ հուզված էինք, ու դա նկատելի էր… Ախր, ոնց չհուզվես, երբ տեսնում ես, թե ինչքան գործ է արվել, ու ինչքան լավ ընտանիքի մի մասն ես դարձել… Ու սա դեռ ամենը չէր…

Ներկայացվեցին անվանակարգերը, եղան առաջին պարգևատրվողները, առաջին ծափերը… Ի զարմանս ինձ` հայտարարվեց, որ մրցանակ է հանձնվելու Հայաստանի Հանրապետության Փաստաբանների պալատի կողմից:

«Վա՜յ, իմ ապագա կոլեգաներից էլ կան ստեղ,- մտքումս զարմացա ես,- յէսօր էլ կակռազ Պալատի դասը կանցնեինք Արդարի դասին»:

Պալատի ներկայացուցիչը բարձրացավ բեմ ու հնչեցրեց նախկին համակուրսեցուս ու մեր լավ ընկերներից մեկի` Դավիթ Ասլանյանի` մեր Դավոյի անունը, ով հիմա ծառայում է Արցախում (բարի ծառայություն, Դա՜վ ջան)…

«Վա՜խ,ես էլ կուզէմ»,- բարի նախանձով մտածեցի ես` անկեղծ ու շիտակ լեննականցիս…

Ու մեկ էլ բեմ բարձրացավ Պալատի մյուս ներկայացուցիչը (ես գիտեի` մենակ մեկ մրցանակ է լինելու Փաստաբանների պալատից) ու կարդաց տողերը, որ ասես զմռսվել են մտքումս.

-Պատվոգիրը տրվում է Հայաստանի պատանի թղթակիցների ցանցի առաջին մրցանակաբաշխության մասնակից ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի առաջին կուրսի ուսանողուհի Լեյլի Թադևոսյանին ստեղծագործ մտքի համար…

Անասելի հուզվել էի… Իրոք անակնկալ էր, ու հաճելի ու պարտավորեցնող անակնկալ… Շնորհակալ եմ…

Մրցանակս ձեռքիս, հպարտ-հպարտ մտա գնացք, հազիվ մի տեղ գտա ու նստել նայում էի մրցանակիս` անգիր իմանալով բովանդակությունը.

-Իյա՜, էլի չեմպիոն ունինք,- հանկարծ լսվեց ուղեկցորդի ուրախ-զվարթ ձայնը,- էս ի՞նչ ոլորտի մրցանակ է:

-Դե…,- փորձում էի բացատրել ես, մեկ էլ էս «պռավադնիկը»` նույը ուղեկցորդը, դե.

-Լա՜վ,լա՜վ, ոլորտը վաբշե կարևոր չէ. զանգենք գան դափնիներով դիմավորեն, աղջի՜կ ջան, աբրի՜ս,- ըսեց ու շարունակեց տոմսերը վերցնել…

Այ այսպես էլ պսակվեց ինձ համար անասելի կարևոր հաղթանակը… Բայց թերևս լավագույն հաղթանակը համարում եմ այս մեծ ու գունագեղ ընտանիքի` «Մանանայի» մի մասնիկը լինելը…

Էս էլ ըսպես… Ըբը…

«Լավագույն մեկնարկ»

Ամեն ինչ սկսվեց անցյալ ամռանը: Երևի ես երբեք էլ չէի մտածի, որ կսկսեմ գրել նրա մասին, ինչը ինձ հուզում է, ինչը վերաբերում է իմ ծննդավայրին, իմ ընկերներին, կամ ուղղակի իմ կյանքի մի մասը կներկայացնեմ: Իսկ հիմա… Արդեն տասը ամիս է ` ամեն երեկո կարդում եմ կայքի ամեն մի նյութ, արդեն ունեմ նախընտրած թղթակիցներ, արդեն նյութի վերնագիրը, կամ լուսանկարը տեսնելիս փորձում եմ գուշակել, թե ումը կլինի: Արդեն տասը ամիս մտքիս եկած ամեն ինչ գրում եմ, գրում ու չեմ վախենում, որ նյութս ինչ-որ մեկին դուր չի գա, ինչ- որ մեկը իմ կարծիքին չի լինի: Գրում եմ այստեղ, որովհետև սա հարթակ է, որտեղ ինձ ոչ ոք չի ասելու, թե ինչի մասին գրեմ, ինչի մասին լռեմ: Հարթակ, որտեղ ես եմ ու իմ մտքերը: Այստեղից է, որ արդեն տասը ամիս գնահատանքի խոսքեր եմ լսում ծանոթներից ու անծանոթներից, հարևաններից ու բարեկամներից, ընկերներից և ուսուցիչներից: Արդեն տասը ամիս է` ամեն տեղ գնալիս, պայուսակումս գրիչ ու տետր եմ պահում: Դե, ինչ իմանամ, միգուցե գրելու, լուսաբանելու մի բան լինի: Արդեն տասը ամիս է` ճանաչում եմ Հայաստանի ամենաստեղծագործ, ամենահետաքրքիր ու լուսավոր մարդկանց. Իրենք էլ են այստեղից:

Իսկ երեկ մեր մրցանակաբաշխությունն էր առաջին… Պատահել է, չէ՞, որ գալիս է մի պահ, երբ ուրախությունդ կրկնապատկվում է, եռապատկվում: Բացի նրանից, որ երեկ տեսա իմ ընկերներին, որոնց վերջին անգամ չեմ էլ հիշում` երբ էի տեսել ու կարոտել էի, բացի նրանից, որ ծանոթացա մյուս թղթակիցների հետ, բացի նրանից, որ իմ սիրելի եղանակն էր դրսում, այլ… Լսեցի` Գայանե Ավագյանն «Լավագույն մեկնարկ», ստանում է մրցանակ: Լսեցի, ուրախացա, ոգևորվեցի, տեսա մրցանակս ու պարտավորվեցի. հիմա ավելի շատ նյութեր կգրեմ, կարդարացնեմ ձեր սպասումները, լավ մեկնարկից հետո, շարունակության ավելի լավ լինելն եմ խոստանում: Շնորհակալ եմ:

Anahit Ghazakhetsyan

Հոդվածների գեղարվեստականության համար

Համասյանի «Կարս»-ն եմ լսում։ Ասում են՝ իրադարձությունների հետ կապված երգերը կա՛մ փրկում են մեզ, կա՛մ՝ շարքից հանում։ Ես բացառում եմ երկրորդը, որովհետև Ծյոմը բարձրացավ բեմ ու ասաց այնպիսի բաներ, որոնք հիմա ինձ պարտավորեցնում են գրել։ Որոնք ընդհանրապես պարտավորեցնում են ապրել։ Ասաց՝ Ղարաբաղում եմ ծառայում, ու չփշաքաղվելու ելք չթողեց… Հետո հերթով բեմ բարձրացան ծանոթ ու անծանոթ դեմքեր, հետո պարզ ու բարդ, սովորական ու անսովոր, ներանձնական ու շղթաներով իրար հետ կապված ինչ-որ շշուկներ տարածվեցին շարքերում. գրեթե անլսելի, ինչ-որ մեկի ականջին ասած, որոշները՝ էդպես էլ մտքում մնացած…

Լուսանկարը՝ Միլենա Խաչիկյանի

Լուսանկարը՝ Միլենա Խաչիկյանի

Հետո հիշում եմ էն բոլոր երեխեքին, որոնց գոնե մեկ անգամ կարդացել էի, կամ որոնք գոնե մեկ անգամ ինձ հաղորդագրություն էին գրել, ու որոնց շնորհիվ ես միշտ շարունակելու կետ գտնում էի։ Ես դեռ շարունակելու եմ մտքումս պահել բոլոր այդ դեմքերը։ Նրանց աչքերում, մազերի մեջ, նրանց ժպիտներում, նրանց բարբառում ես գտել եմ իմ բաժին Հայաստանը։ Նրանց բոլորի դեմքերին ես տեսել եմ այն Հայաստանը, որ այսօր մեզնում է, կամ էլ՝ մենք նրանում, ի՞նչ կարևոր է։ Եվ հիմա ես հատ-հատ մտքով գրկում եմ իմ բաժին Հայաստաններին, որոնք, հաստատ գիտեմ, որ վաղը չեն գալու։ Որոնք պարզապես այսօր կան։

Երկուսը Կողբից

«Լավագույն գյուղական բնանկարների համար» 

Լուսանկարչությունը ինձ համար մի լեզու է, որը հասկանալի է բոլորի համար: Լուսանկարչությունը պարզ և միևնույն ժամանակ, բարդ լեզու է: Լուսանկարել կարող են բոլորը, բայց խոսել դրանով կարող են ոչ բոլորը: Դա նման է երաժշտությանը. նվագել սովորել կարող են բոլորը, բայց դրանով խոսել՝ ոչ բոլորը:

Ես Պատանի թղթակիցների ցանցի առաջին մրցանակաբաշխության ժամանակ պարգևատրվեցի  «Լավագույն գյուղական բնանկարների համար» անվանակարգում: Ուրեմն իմ լուսանկարներով ես սովորել եմ խոսել: Առավել ևս ուրախ էի, որ  «Կողբ» հիմնադրամը նույնպես բարձր գնահատեց իմ հայրենի գյուղը լավագույնս պարգևելու համար, և գործադիր տնօրեն Արթուր Աբովյանը հիմնադրամի անունից շնորհավորեց և շնորհեց  «Արմթաբ » թաբլեթ:
Փառատոնը ցույց տվեց, թե ինչ հսկայական աշխատանք է կատարել  «Մանանա» կենտրոնը ամբողջ Հայաստանում: Ես կուզենայի, որ փառատոնը  վերջինը չլինի:

Ես խոսել և գրել շատ չեմ սիրում, դրա համար այսքանը գրեցի, բայց համոզված եղեք, որ 17-ի էջերում շատ ավելի հաճախ եք տեսնելու իմ լուսանկարները:

Արտյոմ Մամյան

***

 «Լավագույն գյուղական պատմություններ»

Մերի Մուրադյանը «Լավագույն գյուղական պատմություններ» անվանակարգում հաղթող է ճանաչվում: Ինձ համար ամենատպավորիչ խոսքերն էին:

Ես հասա իմ նպատակին, այո, հասա:  Հաղթանակները հեշտ ձեռք  չեն բերվում,  իսկ այդ ճանապարհը դժվարին է:

Շնորհակալ եմ «Մանանա» կենտրոնին և հովանավորներին՝ հաճելի անակնկալների և նվերների համար:

Այս հաղթանակը ինձ ավելի շատ կոգևորի, որպեսզի ես հետագայում էլ լինեմ ակտիվ թղթակից: Այժմ արդեն պատմություններ եմ հավաքում Կողբ գյուղի մարդկանց, ավանդույթների, այսօրվա խնդիրների և հաջողությունների մասին: Շատ շուտով դուք կկարդաք դրանք 17-ի էջերում:

Մերի Մուրադյան

seda mkhitaryan

Բոլոր հնչեղ ու խուլ բաղաձայներով ու ձայնավորներով

Երբ արդեն տանը նստած ես, տաք ծածկոցում փաթաթված ու կարդում ես ընկերներիդ նյութերը մրցանակաբաշխության մասին, կարդում նրանց տպավորությունների մասին, հասկանում ես (կամ գուցե դեռ չես հասկանում), ինչ է կատարվել արդեն երեք օր առաջ։ Երբ թերթում ես այդ օրվա նկարները, նայում տարբեր տեսանյութերը, կարդում շնորհավորական մեկնաբանությունները, ուղեղիդ մեջ գտնում ես այն կիսագնդի կիսատ մասը, որ երկու օր առաջ լրացվեց։ Քո նկարը 100 և ավելի մրցանակակիրների նկարների կողքին հայտնվում է էկրանին, դիմացի շարքի նստածները շրջվում են, հասկանալու համար, թե էս աղջիկը հետևիս չէ՞ր նստած, շրջվում էին, համոզվում, ժպտում ու փնտրում հաջորդ նկարում պատկերվածին։ Նայում ես մրցանակներիդ, որոնց մեջ ամենաարժեքավորը ամենափոքրն է՝ քարտը, որի վրա մի քանի տառ հաստատում են քո կարգավիճակը՝ ԹՂԹԱԿԻՑ, դու ամեն անգամ այդ քարտին նայելով , մտքումդ կրկնում ես. «Այո, թղթակից, այո, երազանքս քայլ առ քայլ գալիս է ինձ մոտ (կամ ես եմ գնում նրա մոտ)»։

Մի խոսքով՝ հասկանում ես, որ զուր չես գիշերները մտքերդ հավաքել, առավոտյան վազելով հասել համակարգչի մոտ ու մտքերդ դարձրել word-ի փաստաթուղթ, հետո՝ մեյլի նամակ ու ուղարկել 17.am-ին։ Հիմա մի բառ, որ շատ տարածված է ու կրկնվող՝ շնորհակալություն, այս բառի բոլոր իմաստներով, բոլոր երանգներով, բոլոր տառերով ու վանկերով, իրենց բոլոր հնչեղ ու խուլ բաղաձայներով, մի խոսքով, բոլոր հնարավոր ձևերով. ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ …

 

Lilit Grigoryan

Հաջորդ տարի ես կլինեմ

Ինչպես միշտ ծանրաբեռնված  շաբաթ օր էր:  Խորացել էր  շտեմարանի, բառարանների մեջ,ու չէի նկատում, որ շուրջս կյանք գոյություն ունի, որ մի քիչ կարելի է վայելել: Մեկ էլ մտածեցի, թե արդյո՞ք հնարավորություն կունենամ 17.am-ի  մրցանակաբաշխությանը մասնակցելու, դե ես նոր թղթակից եմ, շատ բան դեռ պետք է անեմ: Արդեն  իսկ համարում եմ ինձ 17-ի անդամ, սկսած մեր  դասընթացի  առաջին օրվանից, երբ սիրահարվեցի թիմի յուրաքանչյուր անդամին: Նրանք սեր են  տածում, լիքը սեր, անչափ ու անսահման սեր, որ  դարձրել եմ իմը:

Էդպես մտածում էի, մեկ էլ  հեռախոսիս զանգ եկավ  (սովորություն  ունեմ  զանգի հետ վեր թռչել): Լուսինեն էր: Ես էլ  եմ հրավիրված մրցանակաբաշխությանը: Չեք պատկերացնի, թե ինչքան ուրախացա: Կարդում եմ բոլորի նյութերը, դեմքերով գիտեմ, և  էս ամեն ինչից հետո պատկերացնո՞ւմ եք, որ նրանց, ում հետ միայն ֆեյսբուքով եմ շփվել, վերջապես կտեսնեմ: Վերջապես 200 հոգանոց ընտանիքս  եմ տեսնելու: Ու  սրանից մեծ ուրախություն չկա: 17-ի  երեխեքը  ինձ  թվում են  մշտական  ընկերներ, ամենալավ  ընկերներ, ամեն ինչ. օդ, ջուր:

Ինձ համար անմոռաց օր էր, ես տեսա, ծանոթացա, բոլորի հետ ուրախացա իրենց հաղթանակներով և լսեցի բարեմաղթանքներ, որ հաջորդ տարի ես եմ լինեմ հաղթողների մեջ:

Ամեն ինչ կանեմ:

Առաջին և ոչ վերջին մրցանակաբաշխությունը

Ես այն պահից սկսեցի ուրախանալ, երբ հեռախոսիս զանգ եկավ Երևանից, նույն վայրկյանից հասկացա, որ դա «Մանանայից» է, էլ ավելի ուրախացա, որ իմացա ներկա եմ լինելու Առաջին մրցանակաբաշխությանը, ու նույնքան ուրախալի էր, երբ Շուշանը ասաց, որ իմ ներկայությունը պարտադիր է: Ավելի շատ ուրախացա, որ տեսնելու եմ այն մարդկանց, ում հետ ապրել եմ 7 անմոռանալի օրեր մեդիա ճամբարում (էլի հուզվեցի), որ տեսնելու եմ «Մանանայի» թիմին:

Տեսնո՞ւմ եք քանի անգամ օգտագործեցի ուրախանալ բառը, որովհետև ուրիշ բառ չեմ գտնում արտահայտելու այն, ինչ զգում եմ. միայն ուրախություն, միայն հաճելի պահեր: Աչքերս սկսեցին արևի պես փայլել, երբ այդ լավագույն 100 թղթակիցներից մեկն էլ ես էի, երբ մեծ էկրանին հայտնվեց իմ նկարը, հայտարարեցին իմ անուն ազգանունը, ու լսվեց ծափահարություն, ես զգացի, թե ինչքան երջանիկ եմ, ինչքան գնահատված, հասկացա, որ իմ ամեն նյութի համար ինձ այսօր գնահատեցին: Այդ այն պահն էր, երբ իսկապես գլուխ գովելու տեղ ունես, որ լավագույն թղթակից ես: Ճիշտ է, իմ անունը չլսվեց հատուկ նվերներ ստացողների անունների մեջ (շնորհավորում եմ ի սրտե), բայց դեռ երկրորդ մրցանակաբաշխությունը մեզ է սպասում, ես այնպես կաշխատեմ, որ արժանանամ այդ պարգևին, իսկ դրա համար պետք է աշխատել, աշխատել, աշխատել, մեծ-մեծ քայլերով առաջ գնալ, որպեսզի հաջորդ մրցանակաբաշխությանը նորից այդ փայլուն աչքերով տեսնեմ ու զգամ այն ամենը, ինչ զգացի երեկ:

Հ.Գ Հա, ու ոչ միայն իմ աչքերն էին փայլում, այլ այնտեղ բոլորի, առանց տարիքային սահմանափակության:

«Սահմանապահ գյուղի պատանիների առօրյան արտացոլելու համար»

Մինչև հիմա չեմ հավատում, որ մրցանակակիր եմ։ Չեմ կարողանում պատկերացնել, որ այս ամենը ինձ հետ է կատարվում։ Հիմա կհարցնեք՝ ինչ մրցանակ, ինչ է կատարվում։ Ամեն ինչ սկսեմ սկզբից, որ բոլորին պարզ լինի։

Մեկ տարի և մեկ ամիս առաջ էր, երբ նստած էինք ՆԶՊ-ի դասին, ու դուռը բացվեց։ Հենց այդ դռան բացվելուց հետո իմ կյանքը 180 աստիճանի տակ փոխվեց։ Դուռը բացվելուց հետո մտավ դպրոցի տնօրենն ու ասաց, որ մարդիկ են եկել ինչ-որ ծրագիր են ներկայացնում։ Այս ամենը բոլորիդ հետ տեղի ունեցած կլինի։ Ես գնացի այն դասասենյակ, որտեղ այդ մարդիկ էին։ Արեցի նրանց բոլոր ասածներն ու դարձա պատանի թղթակից։ Դե հետագայում մասնակցեցի մեդիա ճամբարի։ Ինչպես արդեն իմացել եք, մի քանի օր առաջ տեղի ունեցավ Հայաստանի պատանի թղթակիցների առաջին մրցանակաբաշխությունը, որին մասնակցեցի նաև ես։ Ես մրցանակաբաշխության օրը գնացի նշված վայր՝ Կոմիտասի անվան կամերային տուն, նշված ժամին՝ 14։30։ Հանդիպեցի ճամբարակիցներիս հետ, հիշեցինք այն հիանալի օրերը, որ անց էինք կացրել միասին։ Կարծում էի, որ սա արդեն ամենալավ մրցանակն է՝ հանդիպել տարբեր մարզերի ընկերներիս: Շատ չանցած տրվեց մրցանակաբաշխության մեկնարկը։ Ցուցադրում էին պատանի թղթակիցների նկարահանած դոկումենտալ ֆիլմերից հատվածներ, ամբողջ ծրագրի ընթացքում արած աշխատանքային կադրեր։ Մեկ էլ սկսեցին ցուցադրել այն մասնակիցերի նկարներ ու անունները, ովքեր արժանացել էին հաղթողի կոչման։ Այնտեղ իմ անունն էլ կար։ Հետո լսվեց հաղորդավարի ձայնը, և նա ասաց, որ հատուկ անվանակարգերով մրցանակներ էլ կան։ Այդ ժամանակ ես զրուցում էի Նարեի հետ և անգամ չէի էլ մտածում, որ կարող է իմ անունն էլ այնտեղ լինել։ Հանկարծ լսվեց իմ անունն ու ասացին, որ մրցանակ է հանձնվում «Սահմանապահ գյուղի պատանիների առօրյան արտացոլելու համար» անվանակարգում։ Մինչև հիմա չեմ հավատում, որ մրցանակակիր եմ։

Հ.Գ Շնորհավորում եմ բոլորին։ «Մանանա» թիմ ԴՈՒՔ ամենալավն ԵՔ։

Լուսանկարչությունը դռներ է բացում…

Երբ առաջին անգամ օգտագործեցի հեռախոսիս ֆոտոխցիկը, մտքովս անգամ չանցավ, որ ես կցանկանամ լուսանկարչությամբ զբաղվել և դրա միջոցով փոխել մարդկանց կամ ինձ շրջապատող հասարակությունը: Ես այն ժամանակ ամեն ինչից գոհ էի (թող տպավորություն չստեղծվի, թե հիմա դժգոհ եմ), ինձ ամեն ինչ սովորական էր թվում, և ես ինչ-բան փոխելու կարիքը չէի զգում: Եվ անգամ չէի էլ մտածի, որ մի օր կարժանանամ մրցանակի այն լուսանկարների համար, որոնք իմ մի մասն են կազմում: Եվ այդ գնահատանքը կլինի ոչ թե իմ հարազատի, ընկերոջ կամ որևէ մեկի կողմից, ով ինձ ճանաչում է, այլ մի մարդու` ով զբաղվում է լուսանկարչությամբ, հասել է մեծ հաջողությունների և ով ինձ պես ապրում է լուսանկարչությամբ:

Այդ մարդը ինձ համար դարձավ Նազիկ Արմենակյանը: Նա առանց ինձ ճանաչելու, իմանալու` իմ ով լինելը, բազմաթիվ թղթակիցների լուսանկարներից ընտրել էր հենց իմ լուսանկարները: Չգիտեմ, դա մի ուրիշ զգացողություն է` գնահատված լինել մասնագետի կողմից: Նամանավանդ այն դեպքում, երբ ինչ-որ մեկը նայում է քո լուսանկարները և ասում. «Հա, լավ, էս իբր խի՞ ես նկարել, ինչիդ ա, մեկ ա՝ էս երկրում առանց փողի բանի չես կարա հասնես», իսկ մեկ ուրիշը կարող է նայել բազմաթիվ լուսանկարներ և առանձնացնել հենց քոնը:

Ցուցահանդեսում ևս ներկայացված էին իմ լուսանկարներից, որը նույնպես գնահատական և պարգևատրում էր ինձ համար այս անգամ արդեն իմ սիրելի «Մանանայի» կողմից, երբ մյուսների լուսանկարների հետ միասին բազմաթիվ հյուրերի դատին հանձնվեցին նաև իմ լուսանկարները:

Բացի դրանից կցանկանայի առանձնացնել հատկապես մի հետաքրքիր երևույթ: Ես շատ եմ սիրում թեյի բաժակներ և նոթատետրեր ու արդեն բավականին մեծ տեսականի ունեմ: Եվ շատ հաճելի էր ստանալ նվեր այն երկու բաները, որոնք ես այդքան շատ եմ սիրում: Հիմա դրանք իրենց պատվավոր տեղն են զբաղեցնում իմ մեծ տեսականու շարքում:

Երբ սկսվեց մրցանակաբաշխության արարողությունը, ամեն մեկն իր խոսքն ասաց, և հերթը ժյուրիի անդամ Նազիկ Արմենակյանինն էր: Նա ևս ասաց իր խոսքը և հասավ այն պահը, երբ պատրաստվում էր ասել, թե ով է իր նախընտրած թղթակիցը.

-Բոլորն էլ լավ էին, բայց ինձ համար առանձնացրեցի մի աղջկա:

«Կարող ա՝ ես եմ, ասեց աղջիկ, չէ հա, դժվար թե, էնքան լավ աղջիկ նկարողներ կան, չէ, ես չեմ»,- ինքս ինձ հետ ակտիվորեն վիճում էի ես:

-Ինձ հատկապես դուր եկավ մարդկանց լուսանկարելու նրա մոտեցումը:

«Կարող ա ամեն դեպքում ես լինեմ, է չէ, ինչ եմ մեծ-մեծ բաներ մտածում, հաստատ ես չեմ»,- ինքս ինձ շարունակում էի հանգիստ չտալ:

-Հռիփսիմե Եղիազարյան,- վերջապես Նազիկ Արմենակյանը հնչեցրեց իր նախընտրած թղթակցի անուն-ազգանունը:

«Ե՞ս, ե՞ս, հաստա՞տ ես եմ, կարող ա՞ սխալ լսեցի, չէ, ես էի, հիմա ինչ անեմ, ոնց գնամ, բա որ չիմանամ՝ բեմի որ կողմից բարձրանամ (հենց սկզբից վատ տեսողությանս պատճառով անհագստանում էի, որ եթե անհրաժեշտություն լինի բեմ բարձրանալ, որ կողմից եմ բարձրանալու և այդպես էլ չէի գտել աստիճանները), իսկ եթե ինչ-որ բան էն չանեմ»,- իրար հերթ չտալով մեկը մյուսի հետևից մտքեր էին գալիս և գնում, երբ ոտքերս արդեն ինձ առաջ էին տանում:

Ճանապարհի կեսն անցնելով, չգիտեմ ինչու, նոր մտքեր եկան և շփոթեցրեցին ինձ. «Կարող ա պետք ա չբարձրանամ բեմ», ու մի պահ կանգնել էի, սակայն երբ հասկացա, որ ինձ են սպասում, արագ շարունակեցի ճանապարհս և նույնիսկ տեսա այն աստիճանները, որոնք ինձ այդքան անհանգստություն էին պատճառել: Դրանք այն երեք-չորս աստիճաններն էին, որոնք ինձ տանելու էին իմ առաջին մրցանակի հետևից (առաջին մրցանակը միշտ էլ ամենաթանկն ու հիշարժանն է լինում) և առաջինները այն բազմաթիվ աստիճաններից, որոնք ինձ պետք է տանեին իմ երազանքի հետևից: Ես արդեն բեմի վրա էի. Նազիկ Արմենակյանը կարդաց ինձ ուղղված իր խոսքերը. «Լուսանկարչությունը դռներ է բացում», շնորհավորեց և ինձ հանձնեց իր հեղինակած «Վերապրածներ» գիրքը: Ես իջա բեմից և միայն այն ժամանակ կարողացա հանգիստ շունչ քաշել, երբ արդեն նստած էի աթոռիս` ընկերուհուս կողքին (ում շնորհիվ իրականություն էր դառնում իմ երազանքը), և այս անգամ մտքերս պատերազմի մեջ չէին, միայն մտածեցի. «Ինչ լավ ա, ամեն ինչ հաջող անցավ»: Ականջներումս Նազիկ Արմենակյանի խոսքերն էին. «Լուսանկարչությունը դռներ է բացում»… Եվ իրոք, այն ինձ համար բացեց իմ առաջին հաջողության դուռը և գուցե էլի շատ դռներ կբացի, բայց ես միայն իմ մասին չէ, որ մտածում էի: Ես ցանկանում եմ, որպեսզի լուսանկարչության միջոցով ես այդ դռները բացեմ նաև մյուսների համար` նրանց օգնելով:

Երբ հասա տուն, տատիկս ուրախ-ուրախ շնորհավորեց ու ասաց. «Արաքսիին ասել եմ, որ մրցանակ ես ստացել: Հեսա սաղ գյուղը ռեկլամ կանի»: Ահա այպիսին էր «իմ Օսկարի պատմությունը»: