mariam varzhapetyan

«Բախտի» գաթան

Սկսեմ այնտեղից, որ գրում եմ մայրիկիս պատմելով: 10 տարի առաջ էր: Ես այդ ժամանակ 5 տարեկան եմ եղել:

Դեկտեմբերի վերջին օրերին մայրս զբաղված է եղել Նոր տարվա պատրաստություններով: Ազատան գյուղում ամեն տոնի ժամանակ սեղանի գաթան են դրել, մեր տանն էլ միշտ մորս թխածն է եղել: Միշտ տեսել ու լսել եմ, թե ինչպես է մայրս գաթա թխում: Եվ այս անգամ էլ մայրս էլի գաթա թխելիս է եղել: Մայրս պատմում է.

-Սեղանի համար բոլոր տեսակի գաթաները արդեն թխել էի: Գիտեի, որ պապդ «բոխչա» գաթա շատ է սիրում: Վերջին գունդը բացում էի, որ մնացած ամբողջ խորիզը լցնեմ մեջը, կոպեկն էլ դնեմ ու թխեմ: Թխելուց հետո անցնում է մի շաբաթ, ու գալիս է հունվարի 6-ը՝ «բախտի» գաթան կտրելու ժամանակը: Տանեցիներով հավաքվում էինք սեղանի շուրջ, գաթան կիսում էինք ու մեծից փոքր հերթով բաժանում: Տարին հաջողակ կլիներ նրա համար, ում պատառի մեջ կգտնվեր «բախտի» կոպեկը: Միայն թե կտրելիս կոպեկը դանակի տակ չընկներ. եթե այդպես էր լինում, ուրեմն տարին անհաջող էր լինելու բոլորի համար: Ու այս «բախտի  բոխչա» գաթան թխելու ժամանակ պապս մորս ասել է.

-Ողորմաձիկ մերս համով բոխչա գաթա կթխեր, որ բերանիդ մեջ կհալվեր: Կզարկեր թոնրի շուրթին, յուղը վրայից կծորար, կեփեր, կուռեր, կկարմրեր: Կուտեիր՝ համից չէիր կշտանա: Հիմի ձեր թխած գաթեքը էդպես համով չեն, էնքան որ կնմանցնեք տեսքը. տեսքին կուտեմ, բայց համը էն չէ: Մեկ է, ողորմաձիկ մորս թխած գաթին չի հասնի:

Մայրս էլ կատակով դժգոհ դեմք  է ընդունել ու պատասխանել  պապիս, թե.

-Ա՛յ պա, ի՞նչ ուզեցիր դրանով ասել, որ ես քո մոր նման գաթա չե՞մ կարող թխեմ:

Հենց այս խոսքերի ժամանակ էլ, ցանկանալով մորս պաշտպանել, ոտքի եմ կանգնել նստածս տեղից, ձեռքերս պարզել եմ պապիս ու չհասկանալով բառերիս իմաստը՝ ասել.

-Յա՛, ինչի՞, իմ ողորմաձիկ մերս պակաս գաթա կթխե՞, շատ էլ համով է, քո ողորմաձիկ մոր թխածից էլ համով ու լավ:

Այս լսելով՝ մայրս ու պապս միասին նայել են իրար ու մի լավ ծիծաղել են: Իսկ ես, գոհանալով ասածիցս, նստել ու ինքս էլ ուրախացել եմ ասածիս վրա. իբր մի շատ լավ բան եմ ասել:

Միայն հիմա եմ կարմրում ու ծիծաղում, երբ ամեն առիթի ժամանակ մայրիկիս թխած գաթաները ուտում, հիշում, հյուրերին էլ պատմում ու միասին ծիծաղում ենք վրաս:

Ձնառատ Ծաղկազարդ Ազատանում

 

-Մարիա՛մ, էս դու դեռ քնած ե՞ս,- վերմակը երեսիցս քաշելով՝ ասաց մայրս ու ավելացրեց,- բա չե՞ս ուզում տեսնես` դրսում ի՞նչ կա:

-Հա՛, քնած եմ:  Ի՞նչ կա որ,- քնատ պատասխանեցի ես:

-Տեղիցդ հել, կտեսնես,- ժպտաց մայրս ու սենյակիցս դուրս եկավ:

-Աաաաաա՜, մեկ է, չեմ հելնելու, ինչ ուզում է լինի,-ասացի ու վերմակս հետ քաշեցի երեսիս, որ քնեմ: Բայց ճիշտն ասեմ՝ շատ հետաքրքրեց, թե դուրսն ինչ կա, ու երևի դրանից էր, որ էլ չկարողացա քնել: Վեր կացա, պատուհանից դուրս նայեցի ու ի՞նչ տեսնեմ. ձյուն:

-Հա, ձյուն է, էլի, վաաա՜,-ասացի ինքս ինձ:

Հագնվեցի, դուրս եկա, որպեսզի աչքովս մի անգամ էլ տեսնեմ:

-Այ քեզ բան, ձմեռը հե՞տ եկավ, չեմ հասկանում:

-Հա՛, հա՛, հետ եկավ, այն էլ ինչպե՜ս հետ եկավ,-ասաց հորեղբայրս, որ իր կոտրած փայտերը արագ-արագ տանում էր փայտանոց:

Սկզբում տխրեցի. չէ՞ որ մարտի 20-նն է ու ձյուն է գալիս. էլ ի՞նչ գարուն, որ պիտի արև չլինի: Դարձա տուն, նայեցի ժամին. 2-ն էր: Մորս հարցրի.

-Մա՛մ, շուտվանի՞ց է ձյուն գալիս:

-Մի կես ժամ է, ինչ սկսվել է,- պատասխանեց ու նաև ասաց, որ գնամ հաց ուտելու:

-Ու՛ֆ, ի՞նչ հաց, հաց ուտելու ախորժա՞կ մնաց: Հազիվ տաքերն ընկել էին, հիմա նորից ձյուն, հա՞:

Դժգոհելով դուրս եկա տանից:

Մի երկու րոպե նայում էի, թե ինչքան ուժեղ էր ձյունը գալիս: Տեսա շանս, որ խաղում էր դրսում՝ թավալվելով ձյան մեջ: Միակ բանն էր, որի վրա այսօր ուրախացա: Կանչեցի մոտս, սիրեցի ու մի ցանկություն առաջացավ մոտս,  որ նրան ձյան հետ խաղալիս նկարեմ: Ու սկսվեցին մեր արկածները: Սկզբում նկարում էի նրան, հետո որոշեցի ծառերը նկարեմ, իսկ նա ձյունը հոտոտելով գալիս էր իմ հետևից: Երբ աշխուժությունս մի քիչ անցավ, նկատեցի, որ թրջվել եմ,  ու մազերիս վրայի ձյունը ջրի կաթիլների է վերածվել և երեսիցս թափվում է ներքև: Գնացինք տուն, տանը մայրս թեյ տվեց, խմեցի ու մտածեցի այսքանը գրելու մասին: Առանց ժամանակ կորցնելու՝ վերցրի թուղթ ու գրիչ և սկսեցի գրել:

Այսօր, ճիշտ է, ձյուն եկավ, բայց գարունը դեռ շարունակվում է, ու սա ընդամենը փոքրիկ խոչընդոտ է նրա համար: Ես գիտեմ՝ գարունը, որ իր հետ բերեց «գիժ» մարտ ամիսը, ավելի ուժեղ կգտնվի այս պայքարում:

Շուտ ուրախացանք

Լուսանկարը՝ Շուշան Վահանյանի

Լուսանկարը՝ Շուշան Վահանյանի

Ինչպես արդեն երևի գիտեք, Հայաստանի ամենացուրտ վայրը Շիրակն է՝ Ամասիայի և Աշոցքի տարածաշրջանները: Ու մի քանի օր առաջ մենք հանկարծակիի եկանք, երբ ժամը 17:30-ից 18:00 ընկած ժամանակում սկսեց Բանդիվանում ձյուն տեղալ:

Ես և՛ ուրախացա և՛ ինձնով հպարտացա, որ հետս գլխարկ էի վերցրել, ու այդքան չէի մրսի. ես ու  ընկերուհիս գնացել էինք մեր մյուս ընկերուհու տուն, որ մի քանի բաներ գրեինք մեր Վերջին դասի հետ կապված: Նստած զրուցում էինք, երբ ընկերուհուս մայրիկը եկավ և ասաց.

-Վա՜յ, ձմեռը հետ էկավ:

Չհավատացինք: Պատուհանից դուրս նայեցինք ու տեսանք, որ իսկականից ձյուն էր գալիս:  Իբր ձյունը քիչ էր, ճանապարհին ընկերուհուս ձեռքի տոպրակը պատռվեց, ու մեր թղթերը թափվեցին ձյան մեջ. բնական է՝ թրջվեցին, բայց բախտներս բերեց. շատ բան չեղավ:

Ու գիտեք՝ մարտ ամսի տաք եղանակը մեր տարածքի համար անսովոր է, քանի որ մեզ մոտ 12 ամիսներից 5-ը ձմեռ է: Շատ ուրախացանք, բայց ինչպես ասում են, ուրախանալու համար շուտ էր: Էս էլ մեր Սիբիրն է: Բայց դե Շիրակի մարզից ու մեր տարածաշրջանից լավ տեղ չկա:

Մտքի թղթե ինքնաթիռները

Հիմա նոր եմ հասկանում, թե ինչու քչերի մոտ է ստացվում ստեղծագործել: Ես երևի այն միջանկյալ տեղ գրավող մարդկանցից եմ, որը և՛ կարողանում է, և՝ չէ:

Սկսեմ բացատրել:
Հանկարծ մի դեպք է պատահում  կամ մի փաստ, մի միտք շատ է տանջում, ստիպված հանձնում եմ թղթին, ու ստացվում է, որ գրում եմ: Դե, նաև մի քիչ գեղարվեստական համ ու հոտ եմ հաղորդում  թղթին, ու ստացվում է: Ու սա է հիմնական շարժառիթը: Չունեմ ոգեշնչում, շատ հաճախ՝ նույնիսկ շարժառիթ, դրա համար չի ստացվում մտքերս հավաքել: Եղել է պահ, երբ մեքենայով  երկար ճանապարհ եմ գնացել, հանկարծ անձրևել է, ականջակալներով երաժշտություն եմ լսել, ու նկատել եմ, թե ինչպես դանդաղորեն ապակիների վրա սկսել են անձրևի կաթիլներ կուտակվել: Կուտակված կաթիլներից շատերը, որոնք ավելի վերևում են գտնվել, բազմաթիվ փորձություններ հաղթահարելով  իջել են ապակու վրայից ու անհետացել: Մտածել եմ գրել այդ թեմայով. «Ու չկա էլ կաթիլը…»  վերնագրով: Բայց մինչև հասել եմ տուն, մտքերս ցրվել են հազարավոր ուղղություններով, ու չեմ գրել:
Մի անգամ էլ գազօջախն էի վառում, վերցրեցի լուցկու տուփը, բացեցի և տեսա, որ ընդամենը մեկ հատիկ է մնացել, մտածեցի, թե ի՞նչ կլինի, եթե հանկարծ այդ մի հատիկով չկարողանամ միանգամից վառել. պետք է գնամ նոր տուփ բերեմ ու վառեմ, իսկ այն մի հատիկի «կյանքի առաքելությունը»  պարզապես  կտապալվեր: Վառեցի այդ մի հատիկով գազօջախը և ուզում էի գրել «Երբ վառվում է լուցկու վերջին հատիկը…» վերնագրով, բայց մինչև ավարտեցի գործս, մոռացա իմ այդ մտադրության մասին:
Մի անգամ ել ուզեցի գրել իմ պատրաստած առաջին թխվածքի մասին: Գնացի գնեցի ամեն պարագա, սկսեցի պատրաստել: Բացել էի բաղադրատոմսերի գիրքը, ընտրել էի մի եռաշերտ  թխվածք ու արդեն մի շերտը պատրաստել էի, իսկ երկրորդ շերտի պատրաստման ժամանակ լույսերը անջատվեցին, և վառարանը անջատվեց: 2 ժամ շարունակ լույս չկար, իսկ ես վհատվեցի, դեն նետեցի չստացված շերտերը և իմ այդ մեկ շերտը զարդարեցի եռաշերտ թխվածքի համար նախատեսած  պարագաներով: Ստացվածից այնքան էլ գոհ չէի, բայց հարազատներս շատ քաջալերեցին ինձ, որ համեղ է ստացվել, ու ես ինձ առավել երջանիկ զգացի, այդ պահին ցանկություն ունեի գրել. «Երբ ոչինչ չի ստացվում, ու հանկարծ  ամեն ինչ ստացվում է…», բայց դուրս եկա բակ խաղալու:  Իմ մտքերը ամպերի պես բարձրացան ինձանից:
Սա մի քանի չստացված պատմություններ, որոնք եթե ստացվեին, հաստատ ամեն ինչ ավելի լավ կստացվեր, քան հիմա: Եթե հանկարծ քայլեմ փողոցով, այգում, կամ մի ուրիշ այլ վայրում (օրինակ, շքերթի ժամանակ շարքում կամ որևէ այլ կարևոր արարողության  ժամանակ) իմ ուշադրությունը գրավի մի հետաքրքիր նյութ, որին  լրագրողի աչքով կնայեմ, պետք է հենց այդ պահին, չգիտեմ որտեղից, միանգամից գտնեմ թուղթ և գրիչ, հարմար տեղավորվեմ ու սկսեմ գրել: Թե չէ` էլի կդառնան մտքերս թղթե ինքնաթիռներ ու կհեռանան ինձնից: Գուցե գնան մեկ ուրիշի մոտ, ով չի ալարի, գրի կառնի դրանք ու կդիտվի որպես յուրօրինակ մտածող:
Առակիս վերջում գրեմ եզրակացությունս. ձեր ինքնաթիռները պահեք ձեր օդանավակայաններում, պարզապես  գրեք այն, ինչը հարմար եք գտնում: Եթե իմ ծանոթներին կամ բարեկամներին հարցնեք, ես միշտ պայուսակով եմ, ու ոչ-ոք չգիտի պատճառը, թե ինչու: Կարծում եմ արդեն կռահեցիք:

leyli tadevosyan1

Դրվագներ բազմամշակույթ ամերիկացիների կյանքից

Այն, որ մենք` հայերս,  տարբերվող և յուրահատուկ ազգ ենք,  բոլորիս է հայտնի,  նույնիսկ աշխարհի մյուս ծայրում ապրող առաջին հայացքից անհոգ թվացող ամերիկացիներին: Ամերիկացիներն էլ իրենց հերթին ունեն իրենց յուրահատուկ սովորույթները, վարքուբարքը, որոնք անզուգական են միայն նրանց համար, բայց հաճելի շատերի համար…

Յուրաքանչյուր շարքային ամերիկացու օրը անցնում է չափից դուրս զբաղված: Հիմա հավանաբար կմտածեք` ինչ պիտի անեն, որ էդքան զբաղված լինեն:  Հավատացեք, որ դպրոց, աշխատանքի,  եկեղեցի գնալը արդեն իսկ «հագեցնում է» օրը,  ու ընտանիքի հետ համեմատաբար քիչ ժամանակ են անցկացնում աշխատանքային օրերին` անհամբերությամբ սպասելով շաբաթ-կիրակիին` «Վիքենդին»…
Եվ իրոք, «վիքենդները»,  որպես օրենք,  անցնում են շատ հետաքրքիր և ուրախ. մեկը մյուսին է զանգում, պլանավորում` ինչ պիտի անեն, ում հրավիրեն,  ու փարթին սկսվում է… Հազար տեսակի ուտելիքներ` թաքո ին ը բեգ (իմ ամենասիրածը), չիլի,  չիզբուրգեր, հոթ դոգ, ֆրենչ դիպ… Լավ, ախորժակներդ գրգռեցի երևի…

Ասածս ինչ է, ամերիկացիները չեն կարող պատկերացնել իրենց օրը ու նամանավանդ փարթիները առանց ուտելիքի ու լավ ուտելիքի (հայերից հետո երկրորդ ուտող-խմող ազգն են)… Մե~ծ կրակ են վառում,  հոթ դոգերը խորովում և սկսում զրուցել տարբեր թեմաներից:  Ու դու էդտէղ հասկանում ես, որ իսկական Ամերիկան հենց սա է, ոչ թե Նյու Յորքի անծայր փողոցները:
Ու ընտանիքի, ընկերների հետ անցկացրած ամեն մի պահը անմոռաց է ու «քրեյզի»:

Ու երևի պատահական չէ այն, որ տարբեր ազգերի խառնուրդ համարվող ամերիկացիները առանձնանում են իրենց բարությամբ ու անսահման մարդամոտությամբ:  Բավական է միայն փողոցում տեսնեն մի անծանոթի,  ով զբոսնում է իր շան հետ,  ու կսկեն երկար-բարակ զրուցել,  օրինակ այսպես.

-Վա~յ, ինչ սիրուն շուն ունեք: Ի՞նչ տեսակի է: Քանի՞ տարեկան է:

Ու այդպես շարունակ, մինչև ընտանեկան հարցեր ու դեսից-դենից քննարկումներ:

Ու մի պահ պատկերացրեք էս դեպքը Հայաստանում:  Բոլորս էլ ամենայն հավանականությամբ կմտածենք հետևյալը.

«Տեսնես` ո՞վ էր, ի՞նչ էր ուզում, ինչո՞ւ էդքան բան հարցրեց… »

Դե, մենք հայ ենք, իրենք` ամերիկացի…

Մեկ այլ տարբերություն է նաև այն,  որ բոլոր ամերիկացիները կիսվում են միմյանց հետ ցանկացած թեմայով, ու կապ չունի` ինչ թեմա է…

Օրինակ, «թինեյջըրները» դպրոցից գալիս են տուն ու ծնողներին «զեկուցում»  ամեն ինչ` սկսած լանչի մենյուից, մինչև ընկերների հետ ունեցած խոսակցությունները`  ամենայն մանրամասնությամբ:  Ու երևի ճիշտն էլ դա է, որովհետև ծնողներդ գոնե կիմանան, որ դպրոցում ինչ-որ մի բան արել ես…

Բազմամշակույթ ամերիկացիների կյանքից թերևս այսքանը:  Մնացածի մասին հետո կպատմեմ, «օր,  ինչըղ կսէ,  հեդաքրքիր էղնի,  ըբը»…

Ամեն օր

Ժամը երեքին տասնհինգ է պակաս: Դպրոցի զանգը տվեց: Վերջապե՜ս տուն, հաց կուտեմ, կհանգստանամ:

Հոգնած, սոված և արդեն անգիտակից վիճակում գնում եմ տուն, բացում եմ դուռը և… ինչպես միշտ, հյուրեր ունենք` կամ հարևաններ կամ բարեկամներ:

Քաղաքավարությունից դրդված ասում եմ.
-Բարև ձեզ:
-Բարև, ազիզ ջա՜ն, ես ի՞նչըխ ես փոխվել, սիրունցել, մեծ աղջիկ ես դարձել…,- ու էլի նմանատիպ նախադասություններ:
-Ահա, մերսի:
-Արի` հլը նստի, տեսնինք` ինչըխ ես:
-Լավ,- պատասխանում եմ ես ու ստիպված նստում:
Աչքս սենյակին է, որ գնամ ու հանգստանամ: Բայց ինչքանո՞վ է հաճելի հյուրերին անտեսել և գնալ, մանավանդ, երբ նրանց հետ երեխաներ էլ են լինում: Արհեստական ժպիտով նստում եմ սեղանի շուրջ և նայում նրանց դեմքին: Ընդհանրապես չեմ լսում կամ հասկանում, թե ինչ են խոսում, որովհետև հոգնած եմ: Ահա և սկսվում է «հարցաքննությունը»:
-Ի՞նչ ես որոշե, ի՞նչ բդի դառնաս:
-Դե, հլը չեմ որոշել:
-Բժիշկ դառի, ազիզ ջան:
-Հա, դե օր կըսեք բժիշկ, ուրեմն բժիշկ կդառնամ,- սրամտելով պատասխանում եմ ես:
-Դասարանը քանի՞ հոգի եք:
-20,- թե ասա` ձեզ ինչ կամ ձեր ինչ գործ:
-Լավ կսորվի՞ս:
-Ահա:

Եվ այսպես շարունակ: Անցնում են րոպեները, ժամերը…
Մտքումս մտածում եմ. «Մարդ էլ չկրնանա իրա տունը հանգիստ հաց ուտե կամ հանգստանա»:

Ահա և հանկարծ որոշում են գնալ, ինչպիսի երջանկություն…
Ճանապարհում եմ մինչև դուռը, և մեկից դեպի սենյակ` քնելու: Ու այսպես գրեթե ամնեն օր:

Չէ, չմտածեք, թե հյուրասեր չեմ, ուղղակի կան ժամեր, որ ես ուզում եմ հաց ուտել, մենակ մնալ ու հանգստանալ…

Հայաստանի «Սիբիրը»

Ձեզ եմ ուզում ներկայացնել Հայաստանի «Սիբիրի»` Ամասիայի և Աշոցքի տարածաշրջանների եղանակային պայմանները: Ինչպես արդեն հասկացաք, խոսքս վերաբերվում է Հայաստանի ամենացուրտ տարածաշրջաններին, որտեղ ձմռանը լինում է -30 աստիճան ցուրտ և  ձյան շերտի 3 մետր բարձրություն: 

Լուսանկարը՝ Հարություն Հայրապետյանի

Լուսանկարը՝ Հարություն Հայրապետյանի

Մեր մոտ տարվա եղանակները բաժանվում են հետևյալ կերպ՝ 6 ամիս ձմեռ, 2՝ գարուն, 2՝ աշուն և 2՝ ամառ:
Հետաքրքիր է, չէ՞: Դե, բնականաբար այստեղ ապրելը դժվար է, բայց մարդիկ սովորել են դրան: Անգամ կարող եմ ասել, թե որ օրը ինչ թիփի (բուք) է լինելու, և նախօրոք պատրաստվում են:
Զարմանալի կարող է թվալ, բայց անգամ դրանք իրենց անուններն ունեն՝ «Սուրբ Սարգսի», «Տերընդեզի» բքերը, որոնք համապատասխանում են հենց տոների օրերին: Իսկ արդեն «Պառվի ուլերը», «Հայր և որդին» և «Լագլագը» առանձին պատմություններ ունեն:
«Լագլագ».  նախ և առաջ նշանակում է` արագիլ: Բուքը այդպես են կոչել, որովհետև մարտի 9-ին արագիլները կարծելով, թե գարուն է, հետ են գալիս: Ճանապարհին ուժեղ բուք է բարձրանում, ու նրանք սատկում են:
«Պառվի ուլերը». էլ մտածելով, թե գարունը եկել է, ապրիլի 1-ին պառավը ուլերին դուրս է թողնում դրսում արածելու, և բքի պատճառով հետ չեն վերադառնում:
«Հայր և որդի».  հայրը և որդին ապրիլի 7-ին ոչխարը տանում են սարը և բքի պատճառով հետ չեն վերադառնում:
Շատերը կարող են մտածել, թե սրանք ուղղակի խոսակցություններ են, բայց բոլոր թիփիները այստեղ` Հայաստանի «Սիբիրում», լինում են ճիշտ ժամանակին:

Վաղվանից

Երևի չեն լինի մարդիկ, ովքեր իրենց կյանքում գոնե մեկ անգամ ասած չլինեն այս նախադասությունը. «Վերջ, վաղվանից այսպես եմ անելու»: Օրինակ, վաղվանից շուտ եմ արթնանալու, որպեսզի վազեմ, մարզվեմ կամ վաղվանից դիետա եմ պահելու, որոշակի ռեժիմի եմ անցնելու, և այլն և այլն: Իսկ հենց գալիս է այդ պատասխանատու վաղվա օրը, ամեն բան երեկվա օրվա պես է ստացվում. կրկին ուշ ենք արթնանում, ուտում ենք այն, ինչը որոշել էինք չուտել, բայց էլի ինքներս մեզ մխիթարում ենք և ասում. «Լավ, ոչինչ, այսօր չլինի` վաղը կլինի», ու այդպես շարունակ:

Հիմա ներկայացնեմ ինձ տվյալ իրավիճակում: Ես ամեն օր ինքս ինձ խոստանում եմ, որ վերջ, վաղվանից կենտրոնանալու եմ միայն դասերիս և քննություններիս վրա, սակայն զուր ջանքեր, ինչպես միշտ, գնում եմ դասի, սկզբի դասաժամերին մնում եմ խոստմանս տերը, այսինքն ուշադրությունս կենտրոնացնում եմ բացառապես դասերին և քննություներին վերաբերող հարցերին, ապա աստիճանաբար գիտակցաբար, թե անգիտակցաբար սկսում եմ ուշադրությունս կենտրոնացնել դասընկերներիս հումորների, խոսակցությունների և այլ բաների վրա: Ես ինքս իմ կամքով դառնում եմ մասնակից: Հետո, երբ գնում եմ տուն, մտածում եմ. «Լավ, գոնե տանը համակարգչով զբաղվելու փոխարեն գիրք կարդամ»: Այո, այո, մի քանի րոպեով ստացվոմ է: Վերցնում եմ գիրքը, ծանոթանում գրվածքի ծավալին, թերթում, նկարների դեպքում դրանք  ուսումնասիրում, ապա շատ գեղեցիկ և հանգիստ փակում եմ գիրքը, անկախ ինձանից մոտենում համակարգչին, սեղմում միանալու կոճակը, իսկ առավոտյան կրկին անգամ խոստանում նույնը: Երանի գա այն օրը, երբ ամեն բան կանեմ իմ պլանավորածի պես, այլ ոչ թե սովորությանս համաձայն:

Օրը երկուշաբթի էր

Օրը երկուշաբթի էր: Կրկին դասեր: Սովորականի պես գնացինք դպրոց, սովորականի պես անցանք դասերին, բայց այ, երկրորդ ժամը այդքան էլ իր սովորական հունով չէր ընթանում: Ինչո՞ւ, որովհետեւ տղաները պլան էին մշակում դասից փախչելու: Կարծես մեղվի փեթակ լիներ, ամեն մեկը որոշում էր իր անելիքը: Ի տարբերություն տղաների, մենք` աղջիկներս, միայն գործի ավարտին ենք մասնակցում, երբ արդեն ամեն ինչ պատրաստ է լինում եւ մնում է միայն իրագործելը: Կարելի է ասել, որ մեր դասարանում հիմնականում ամեն բան տղաների գլխավորությամբ է կատարվում, որովհետեւ բոլորիս կարծիքով դա է ճիշտը: Ավելի լավ, մեր գործերը հեշտացնում են:

Մի խոսքով, ցուցակը եւ ծրագիրը արդեն պատրաստ էր, հերթը հասավ մեզ տեղեկացնելուն, թե երբ, որտեղից և ինչպես ենք փախչելու:

Ահա և եկավ սպասված պահը: Խումբ-խումբ էինք գնալու, ու հենց դրա պատճառով ամեն բան ձախողվեց: Ես չհասկացա, թե ինչպես մի մասին հաջողվեց դպրոցից դուրս գալ, իսկ մյուսին` ոչ: Այն մասը, որը դրսում էր, ես էլ նրանց հետ միասին, ցուցակն էինք կարդում և տեսնում, թե ով է ներկա և ով` ոչ: Երբ հասկացանք, որ ոչ բոլորն են ներկա, որոշեցինք հետ գնալ, որովհետեւ դասարանով փախչելը մի տեղ հասկանալի էր, իսկ անհատական կամ ավելի ճիշտ, մասնակի փախուստը` ոչ: Քանի որ ոչ բոլորն էին համաձայն հետ դարձի տարբերակին, որոշեցինք մեր պլանի երկրորդ մասը իրականացնել առանց դասարանի մյուս մասի: Գնացինք այգի, լավ պտտվեցինք, ուրախացանք, հաջորդ օրվա արդարացումը մտածեցինք և գնացինք տներով:

Ասեմ, որ հիանալի ժամանակ անցկացրեցինք և մի գրամ անգամ չզջացինք: