hripsime baloyan

Գյուղ չեմ գնալու

Ինչ լավ է, որ գարնանային արձակուրդները այս տարի չեղյալ համարվեցին:

Դե, ձեզ համար չգիտեմ, բայց ինձ համար ուղղակի հիանալի է, որովհետեւ ազատվեցի գյուղ գնալու պարտականությունից: Չգիտեմ, հիշո՞ւմ եք, թե չէ, բայց ես իմ նյութերից մեկում նշել էի, որ ձանձրանում եմ գյուղում:

Մի քանի օր առաջ զանգահարել էր պապիկս.
-Բարև, բալ ջան, ի՞նչխ ես:
-Բարև, պապ ջան, շատ լավ եմ, դու սա:
-Լավ եմ, լավ եմ, կարոտցել եմ:
-Հա՜, ես էլ եմ կարոտցել:
-Դասերդ ի՞նչխ են, գարնանային արձակուրդից ձեն-ձուն չկա՞:
-Կա, պապ ջան:
-Հա, դե սա` եբ կերևաք:
-Չէ, պապ, չկպավ, չեմ գա:
-Ի՞նչխ թե:
-Արձակուրդ չկա, հանել են:
-Նայե, հլը: Ինչեր կհորինե, ինչ է` չգա գյուղ, միամ պապին տեսնի:
-Պապ, չեմ հորինե, տամ` տնեցիքին հարցնե՞ս:
-Ի՞նչխ եղավ, օր անցած տարիներին միշտ կար. իսկ հմի տարի չկա:
-Պապ, էս գրիպների մասին իմացար, չէ՞:
-Հա, բը չիմացա՞, ամիսըմ արձակուրդ տվին` սուտ գրիպ ձևացար, միամ չեկար գյուղ` պապիդ տեսնեիր:
-Լավ, պապ, ըտիկ հեչ: Կարևոր չէ, որ չեմ եկել, կարևորը` ես գրիպ չկպա: Հըմի նայե, էդ արձակուրդների տեղը բըդի լրացնենք: Ըդուր համար շաբաթ օրերին դասի ենք, պլյուս` գարնանային արձակուրդներն էլ հետը:
-Է, բալա, մտքիդ տեղ էղնի:
-Չէ, լուրջ, ես էլ գուզեմ գամ, ահագին վախտ չեմ եկել,- լեզուս կծելով ասացի ես:
-Լավ, լավ, հլը տուր տնեցիքին, նայեմ` ինչ կա-չկա, ինչ կենեն:
-Լավ, դե մինչ մյուս տարի… Է… կըսեմ` մյուս տարի մինչ… Ըըըը… Լավ, հեչ:
Լավ է որ արդարացում ունեցա, այն էլ` իրականությանը համապատասխանող արդարացում:

hasmik givargizyan

Ակապելլա

Բոլորս էլ անկասկած ունենք ցուրտ ձմեռվանից մնացած ջերմ հիշողություններ: Ահա դրանցից մեկը հիմա կպատմեմ ձեզ:

Ձմռանը նվիրված միջոցառում  էինք կազմակերպել: Ամեն ինչ իր հունով էր ընթանում, բոլորս ուրախ ու հուզված էինք: Միջոցառման վերջին համարն էր, ես ու ընկերուհիս՝ Անին, պետք է վերջին երգը երգեինք: Բարձրացանք բեմ ու սկսեցինք երգել: Ամեն ինչ լավ էր, բայց հանկարծ բարձրախոսը լռեց, իսկ երաժշտությունն անջատվեց: Ես մի պահ շփոթվեցի, բայց ոչ մի կերպ դա ցույց չտվեցի: «Բա հիմա ի՞նչ անեմ, խայտառակ եղա, էս երգը ինչի չի միանում…»,- այս ու նմանատիպ տարբեր մտքեր էին պտտվում գլխումս, ու ես ակամայից շարունակեցի երգել: Ամեն ինչ տեղի ունեցավ շատ արագ: Ես չհասցրեցի անգամ կարգին մտածել, պարզապես շարունակեցի երգել: Չգիտեմ ինչպես, չգիտեմ ինչու, բայց առանց կանգ առնելու շարունակեցի ելույթս: Միայն հիշում եմ, որ մի հայացք գցեցի կուլիսներում կանգնած ընկերներիս վրա, և վերջ:

Իհարկե, սկզբում շփոթված էի, բայց երբ դահլիճը սկսեց ծափերով ոգևորել ինձ ու ընկերուհուս, իսկ ընկերներս կուլիսներից երգում էին մեզ հետ կրկներգը (քանի որ ամբողջ երգը չգիտեին), ամեն ինչ լավ անցավ:

Ընկերուհիս նույնպես շփոթված էր: Երբ երաժշտության անջատվելուց հետո առաջին տողը երգեցի, նա միացավ ինձ, ու մենք միասին ավարտեցինք համարը, չնայած ոչ այնպես, ինչպես որոշել էինք:

anushmkrtchyan

Կարոտել եմ

Նորից մանկություն եմ ուզում: Ուզում եմ ժամանակը հետ տալ ու դեպի մանկություն ճախրել: Ասես մի մշուշի միջից կամաց-կամաց ուրվագծվող իմ գյուղն եմ կարոտել` Արմավիրի մարզի Շենիկ գյուղը, ուր թեև այսօր էլ ապրում եմ, բայց իմ մանկության գյուղն եմ կարոտել:

Կարոտել եմ: Կարոտել եմ փողոցիս աղմուկն ու աղաղակը: Մեր բակի «պահմտոցին», «այգեպանն» ու մնացած խաղերն եմ կարոտել:

Հիշում եմ իմ ու եղբորս կռիվները հարևանի երեխաների հետ: Թաքնվում էինք պարսպի տակ ու քարերով «ռմբակոծում» իրար: Այդ «ռումբերն» ու կռիվներն եմ կարոտել: Փողոցից ինձ տուն կանչող մորս ձայնն եմ կարոտել: Կարոտել եմ մեր ազատ ու երանելի օրերը՝ սարերում ու ձորերում: Գյուղիս հին օդն եմ կարոտել: Հացատներից դուրս եկող ծխի ու տատիս թխած կարմիր լավաշի հոտն եմ կարոտել:

Հորս եմ կարոտել: Մանկությունս նրա հետ գնաց…

Ուզում եմ հետ դառնալ, բռնել այդ օրերն ու բաց չթողնել: Իբրև ազատ թռչուն դրանց գիրկն ընկնել, ու նորից մի պահ մանուկ զգալ ինձ:

Բայց ահա նայում եմ այսօր գյուղիս, ու այն դատարկ է թվում: Էլ չկան այն անհոգ  մանուկներն իրենց աղմուկով, հացատներից ծուխ չի բարձրանում, սարերս դատարկվել են կարծես:

Ու ոչի՛նչ, ոչի՛նչ այլևս առաջվանը չի:

Ջերմուկում դեռ ձմեռ է

Լուսանկարը՝ Նանե Եղիազարյանի

Լուսանկարը՝ Նանե Եղիազարյանի

Ես ապրում եմ Ջերմուկ քաղաքում: Իմ քաղաքը հայտնի է իր ջրերով, առողջարաններով և հրաշք բնությամբ: Թեև հիմա ամբողջ հանրապետությունում արդեն գարուն է, բայց դա մեզ՝ ջերմուկցիներիս, չի՛ վերաբերվում: Հիմա կասեք՝  ինչո՞ւ:  Ջերմուկը բարձր լեռնային քաղաք է, այդ պատճառով այստեղ ձմռանը շատ է ձյուն տեղում, նաև շատ ցուրտ է լինում: Այ այս օրերին, երբ սառը հոսանք անցավ հանրապետությունով, մենք նորից ընկղմվեցինք խորը ձմռան մեջ:

Սակայն ամռանը Ջերմուկի բնությունն ուղղակի հրաշք է: Կարճ ասած՝ Ջերմուկում լինում է երկու եղանակ՝ ամառ և ձմեռ: Իսկ գարուն ու աշուն մենք գրեթե չենք տեսնում: Բայց վերջին տարիների ընթացքում Ջերմուկի կլիման բավականին փոխվել է. առաջ ձմռանը ձյան հետ ուժեղ քամիներ էին լինում, իսկ հիմա այլևս նման բան չի լինում: Պատճառն այն է, որ մարդկությունը մեծ վնաս է հասցնում բնությանը, և կարծում եմ, որ տարիներ հետո Ջերմուկի կլիման ավելի մեծ փոփոխություններ կունենա ու դա կբերի նոր աղետների… Ինձ դա շատ է հուզում:

Կարևորը նպատակն է

Բոլորս էլ օգտվում ենք համակարգչից: Ես իմ համակարգիչն հիմնականում օգտագործում եմ ընկերներիս հետ շփվելու համար, որոնց մեծ մասն ապրում է ինձնից հեռու, ինչպես նաև տեղեկանալու աշխարհում կատարվող իրադարձությունների մասին, չնայած նրան, որ մի քիչ չափազանցրած են ներկայացնում: Մայրիկս հանգիստ է, որ ես ու քույրիկս համակարգչի դիմաց շատ չենք նստում, քանի որ նստելով համակարգչի դիմաց, մարդիկ կտրվում են իրական աշխարհից և չեն ապրում ռեալ կյանքով: Ես համակարգիչն օգտագործում եմ նաև պարեր սովորելու և երաժշտություն լսելու համար:

Կան մարդիկ, ովքեր նստում են համակարգչի դիմաց շա~տ երկար, և կարելի է ասել, որ նմանվում են ռոբոտի: Նրանք վիրտուալ շփումն ավելի են գերադասում, քան իրական շփումը, կարծում են, թե ամեն ինչ հեշտ է և միայն մկնիկի կամ մեկ կոճակի սեղմումով բոլոր խնդիրները կլուծվեն:Համակարգիչը հանգեցնում է նաև պարապության, երբ մարդ իր համար տանը նստած կարող է անել ամեն ինչ. սնունդ պատվիրել, ցանկացած ֆիլմը դիտել, անգամ աշխատել, սովորել, բայց այդպես նստելով հետաքրքիր է, այդ գիտելիքը որտե՞ղ են օգտագործելու:

Ես հասկանում եմ այդ մարդկանց, նրանք այդպես ավելի հեշտ են ապրում ու երբ կտրվում են համակարգչից, դժվարանում են ուշքի գալ, տարբերել վիրտուալը իրականությունից: Մեծ մասն այդ ամենն էլ չեն անում. ողջ ժամանակը ծախսում են համակարգչային խաղերի վրա, ու դա վատ է անդրադառնում մարդու ներաշխարհի վրա, քանի որ մարդ խուսափում է իրական կյանքում ինչ-որ բանի հասնելուց: Գիտակցելով, որ դրա համար պետք է ժամանակ, շատ ջանք ու համբերություն, գերադասում է այդ ամենն անել ավելի մատչելի կերպով, վայրկյանների ընթացքում:

Թյուր կարծիք կա, որ համակարգչով տեղեկություններ ստանալն ավելի դյուրին է, քան գրքից: Բայց իրականում մեծ տարբերություն չկա դրանց միջև: Պարզ իրավիճակ. ինձ հանձնարարված էր սովորել Պարույր Սևակի բանաստեղծություններից մեկը: Մայրիկս շտապեց այն գտնել գրքից, իսկ ես` համակարգչից: Արդյունքը նույնն էր: Սակայն ավելի ուշ հասկացա, թե ինչքան հաճելի է գրքից ընթերցելը, էջեր թերթելը, զգալ գրքի բույրը…

Ասածս ինչ է` համակարգիչը գործիք է, կարևորը ճիշտ օգտագործելն է:

«Նաիրյան» վոկալ անսամբլ

Մուղդուսյան արվեստի կենտրոնը հիմնադրվել է 2014 թվականին մի խումբ երազողների կողմից: Հիմնական նպատակն է եղել ստեղծել կենտրոն, որը բաց կլինի ու ազատ արվեստին վերաբերող բոլոր նախաձեռնությունների համար, սակայն այս պահին առավելապես ակադեմիական նկարչություն է դասավանդում թե մեծահասակներին, թե փոքրերին: Գործում է նաև կավագործության, վոկալի խմբեր: Ապագայում նախատեսվում է նաև բացել թատերական  խմբակ:22Մուղդուսյան արվեստի կենտրոնում 2015 թվականի նոյեմբերից  գործում է նաև «Նաիրյան»  վոկալ անսամբլը:

Անսամբլի մասին ավելի մանրամասն տեղեկություններ ստանալու նպատակով զրուցեցի հիմնադիր Նաիրա Մուղդուսյանի հետ:

-Երգչախումբ ունենալու գաղափարը Ձե՞րն է եղել, և ո՞րն էր նպատակը:

-Երգչախումբ ստեղծելու գաղափարը կար հենց սկզբից, սակայն դաշնամուր չունեինք, և շատ դժվար կլիներ առանց դաշնամուրի աշխատելը: Բարի մարդկանց շնորհիվ այսօր մենք ունենք գործիք և կարող ենք հանգիստ աշխատել:

Միտքն իմն է եղել: Ի սկզբանե մտածում էի մանկական երգչախումբ ստեղծել, սակայն այս պահին երգչախմբում  երգում են երիտասարդ աղջիկներ, ովքեր ունեն երաժշտական կրթություն: Ընտրվում են երգեր, որոնք կատարվում են առանց նվագակցության` ակապելլա:

Քանի որ այս պահին երիտասարդներ են հավաքված խմբում, նպատակը մեկն է՝ նրանց տալ հնարավորություն ներկայանալու, տրամադրել հարթակ՝ զբաղվելու սիրելի գործով:

Ուզում եմ նաև ավելացնել, որ կենտրոնը շահույթ չի հետապնդում նրանց հետ աշխատելիս:-Հիմա քանի՞ հոգի կա երգչախմբում:

-Մենք 15 հոգի ենք, սակայն մշտական կազմը 6 հոգի է: Ընդգրկում է 17-ից բարձր տարիքային խումբը:

-Ինչպե՞ս են ընդունվում Ձեր երգչախումբ :Ի՞նչ կարևոր պայման կա ընդունվողների համար:

-Համապատասխան կրթություն և սեր արվեստի նկատմամբ:

-Ի՞ նչ ժանրի երգեր եք երգում :

-Շեշտը դրվում է ազգային, կոմիտասյան երգացանկի վրա, սակայն երգում ենք նաև արտասահմանյան կոմպոզիտորների ստեղծագորություններ, ջազային թեմաներով երգեր, սպիրիչուելսներ և այլն: Մեր երգացանկում մեծ տեղ են զբաղեցնում առանց նվագակցության ստեղծագործությունները:

-Ելույթներ ունեցե՞լ եք:

-Այո, ունեցել ենք: Մեր առաջին բեմելը եղել է Չարենցի տուն-թանգարանում «Մուղդուսյան արվեստի կենտրոն»-ի գործունեությանը նվիրված միջոցառմանը, որտեղ ներկայացրել ենք վեց երգ: Իբրև խումբ դա մեր առաջին ելույթն էր:

-Ի՞ նչ խնդիրներ կան, կամ ինչի՞ կարիք ունի երգչախումբը:

-Խնդիրներից կուզեի ասել, որ երգչախմբի անդամներին կենտրոնը, իհարկե, տալիս է հնարավորություն զբաղվել սիրելի գործով, բայց լավ կլիներ, եթե կենտրոնը կարողանար նաև հոգալ երգչախմբի անդամների գոնե ճանապարհածախսը, մենք ունենք նաև հագուստի խնդիր:-Հետագայում, ի՞ նչ ծրագրեր ունեք: 

-Մեծ համերգով ներկայանալու ծրագիր ունենք , բայց այդ մասին կխոսեմ, երբ ամեն բան արդեն պատրաստ լինի: Նախատեսում ենք  ձայնագրություն կատարել և  կենտրոնի  նկարչական խմբակի սաների հետ  տեսահոլովակ պատրաստել:

Մանկական երգչախումբ ունենալու միտքը դեռ ինձ հանգիստ չի թողնում, հուսով եմ, որ մոտ ապագայում հնարավորություն կընձեռվի ստեղծել մանկական երգչախումբ նույնպես:

Այն հարցին, թե արդյո՞ք խմբի հետ կապված երազանքներ ունեք, զրուցակիցս  պատախանեց.«Ավելի շատ նպատակներ ունենք, քան երազանքներ»:

lilit kharatyan

Գյումրվա բարբառը

Երբ ասում են Գյումրի, բոլորն  առաջին հերթին պատկերացնում են մեր բարբառը: Այն  շատ հետաքրքիր է և  հարուստ: Մեր խոսքում  հիմնականում օգտագործում  ենք   ԿԸ և ԳԸ եղանականիշ մասնիկները. սիրում եմ – սիրեմ գը, խնդրում եմ- կը խնդրեմ :

Ուր էլ գնամ, ինչ մարդկանց մեջ էլ լինեմ, մի քանի նախադասություն խոսեմ, բոլորը միանգամից  հարցնում  են.
-Դու գյումրեցի՞ ես:  Ձեր բարբառը շատ ենք սիրում:
Լինում է ժամանակ, որ ես էլ եմ  ուզում  գրական խոսել հարազատներիս, ընկերներիս, բարեկամներիս  հետ, սակայն իմ գրականը շատ կարճ է տևում.
-Մայրիկ, այսօր գիտե՞ս ինչ եմ ստացել` իննը: Մայրիկ, սոված եմ, հաց դիր ուդեմ, կըխնդրեմ:
Եվ այսպես… Շատ դժվար է թաքնվել մեր բարբառից, սակայն ես չեմ էլ թաքնվում, ընդհակառակը` միշտ  հպարտությամբ եմ խոսում մեր «լեզվով»:

Գյումրեցիները սիրում են մեր բարբառը, բայց գիտեմ  նաև մարդկանց, ովքեր  խուսափում են բարբառով խոսելուց:

Բազմաթիվ հայտնի գյումրեցիներ  խոսել են մեր բարբառով, նույնիսկ ֆիլմերում է օգտագործվել: Առաջին հերթին դերասան Մհեր Մկրտչյանը, ով ծնվել է Գյումրիում: Նա բազմաթիվ դերեր է խաղացել Գյումրիի  դրամատիկական թատրոնում, նկարահանվել է շատ ֆիլմերում, որտեղ նույնպես օգտագործվել է Գյումրու բարբառը:

Մեզ հայտնի գրողներից Հովհաննես Շիրազը, թեև ապրում էր Երևանում, նույնպես շարունակում էր  խոսել մեր բարբառով, անգամ  շատ բանաստեղծություններում օգտագործել է այն:

Կատակասերներ Պոլոզ Մուկուչը, Ծիտրո Ալեքը, Ջղեր Խաչիկը, Չոպուռ Սուրենը շատ կատակներ են պատմել մեր բառ ու բանով, և հենց հայտնի են եղել իրենց խոսելաոճով: Իսկ այն մարդկանց, ովքեր ամաչում ու չեն խոսում մեր լեզվով, կասեմ.
-Սիրեք ձեր բարբառը, քանզի այն դարերի պատմություն ունի և իր մեջ ամփոփում է մեր պապերի ոգին:

ԸՍԿԱՆԸ…

Նամակ հայ զինվորին

Երկու տարի առաջ մեզ դպրոցում հանձնարարություն տվեցին, որ զինվորների համար նամակներ գրենք: Նամակը գրեցի շատ հպարտությամբ և ոգևորված, քանի որ գրում էի հայ զինվորի համար: Նամակներից լավագույնները ուղարկվեցին զորամասեր, իմ նամակն էլ էր ընդգրկված այդ լավագույնների շարքում: Նամակի կրկնօրինակը պահեցի, մտածեցի, որ մի օր պետք կգա: Եվ հենց այսօր ինձ պետք եկավ, որոշեցի նյութս գրել նամակի մասին: Նամակում գրված էր. «Ողջույն, սիրելի զինվոր: Թև ես քեզ չեմ ճանաչում, սակայն անգամ կոչումդ լսելիս, ես էլ եմ համակվում հպարտությամբ, համոզված եմ ինչպես և դու: Հայրենիքը պաշտպանելը, անշուշ՛տ, սուրբ և պատվավոր գործ է: Գիտեմ, որ կարոտած կլինես տանդ,  ընտանիքիդ անդամներին, ծննդավայրդ, միգուցե և սիրածդ էակին, սակայն պարտքդ համբերությամբ կատարում ես հայրենիքիդ նկատմամբ:  Չէ որ հայրենիք կոչվածն էլ հենց այդ ամենն են՝ միասին վերցրած: 

Երբեք մի ընկճվիր, նույնիսկ եթե շատ հոգնած ես, շատ կարոտած: Անգամ խրամատում, միգուցե ոտքերդ սառած, ձեռքերդ հոգնած` եղիր զգոն և հպարտ: Չէ որ քո մայրն էլ հանգիստ չի քնում, քանի դեռ սահմանագծում ես: Հանուն մորդ հանգստության ուշադիր և զգոն եղիր: Մենք էլ քեզ հետ ենք, քաջալերում ու սիրում ենք քեզ: Համոզված ենք, որ ձեզնից յուրաքանչյուրը կպայքարի մեր հող ու ջրի, սահմանի ու ժողովրդի խաղաղ կյանքի պահպանման համար:

Սիրելի քաջարի զինվոր, ցանկանում եմ քո ծառայությունն անցնի խաղաղ: Սպասում ենք քեզ, կարոտում ու մաղթում ամենայն բարին: Թող կապույտ լինի երկինքը: Մաղթում եմ քեզ և բոլոր-բոլոր զինվորներին բարի ծառայություն:

Պատահում է և այսպես

Ամեն ինչ սկսվեց սիրո համար ոչ այնքան համապատասխան եղանակին… Ցուրտ ու մռայլ ձմեռ էր, երբ առաջին անգամ տեսա նրան… Մոտ կես ժամ նրա գեղեցկությամբ զմայլվելուց հետո նոր հասկացա, որ դպրոցում եմ, դասաժամ է… Եվ ամենասարսափելին` գրատախտակի մոտ էի… Պոտենցիալ «2»-ը պատրաստ էր… Բայց դա ինձ ամենաքիչն էր հետաքրքրում…
Առիթը բաց չէի թողնում կիսաբաց դռան արանքից նայելու նրան… Ժպտում էր… Այդքանը հերիք էր, որ օրերով սավառնեի օդերով… Սիրահարվել էի… Մինչև ականջներիս ծայրը…

Որոշեցի մտերմանալ հետը, (դեռ ընդհանրապես չէի ճանաչում նրան, միայն անունը գիտեի: Աշխարհի ամենագեղեցիկ անունը` Նարե…), բայց այ ինչպես ծանոթանալ, այ, դա հարց էր…

Լուսանկարը` Սիրան Մանուկյանի

Լուսանկարը` Սիրան Մանուկյանի

Որոշեցի ամեն ինչ սկսել շոկոլադով…
Հաջորդ օրն առավոտյան իր սեղանին մի տուփ շոկոլադ էր դրված…
Թեև այդ օրվանից արդեն մոտ երկու տարի է անցել, բայց բաներ կան, որ չեն ջնջվում հիշողությունիցս…

Չգիտեմ ինչու, բայց դեռ չծանոթացած դարձել էր օրվաս մի մասը… Չգիտեմ ինչու, բայց ամբողջ օրը մտածում էի իմ, նրա ու հետագա անելիքներիս մասին…

«Շոկոլադ» գաղտնի օպերացիայի հաջորդ օրը հավաքվեցի, որոշեցի գնալ և խոսակցություն սկսել հետը, երևի արդեն զրույցի պահանջ ունեի…

Բարձրանում էր աստիճաններով, երբ (չնայած ոտքերս հազիվ էի պահում, որ դողալուց չջարդվեն) լրիվ ինքնավստահ սկսեցի խոսակցությունը…

-Նարե:

Շրջվեց և նայեց ուղիղ աչքերիս մեջ… Սպասում էր խոսքիս շարունակությանը…

-Կներես, էլի, ուզում էի իմանալ… Կարո՞ղ եմ անակնկալս ստացված համարել:

-Հա, բայց պետք չէր,- շատ համեստ տոնով պատասխանեց ինձ:

Ամեն ինչ լավ էր, չնայած արդեն չէի կարողանում զսպել ոտքերիս դողը… Ամեն ինչ լավ էր, մինչև որ նայեց պատուհանին, նկատեց ինչ-որ մեկին ու գնաց, ասելով որ հիմա չի կարող խոսել…

Վիճակս, մեղմ ասած, այդքան էլ լավ չէր: Ուզում էի հանգստանալ և սառը գլխով դատել կատարվածը:

Որոշեցի փնտրել սոցցանցերում և գոնե մի օգուտ քաղել այդ կայքերից:

Ստացվեց… Սկսեցի շփվել հետը, չնայած և’ ես, և’ ինքը դեմ էինք այդ կարգի շփումներին…

Խոսակցության ընթացքում ես ինձ համեմատում էի ծովահենի հետ, իսկ իրեն’ ԳԱՆՁ-ի… Ու իրոք այդպես էր:

Ցանկացած ծովահեն իր կյանքի ընթացքում գտնում է իր գանձը, այլ հարց է, թե կյանքի որ հատվածում:

Նշել էի նաև որ իմ «նավակին» խփողներ կլինեն, կլինեն այնպիսիները որ կփորձեն խանգարել հասնելու իմ ԳԱՆՁ-ին…

Ու չուշացան այդ խփողները: Եղավ այն, ինչ եղավ… Մեկ շաբաթից նա սկսեց չօգտվել սոցցանցերից, իսկ ինձ բաժին հասավ հին, կոտրված տաշտակս…

Որոշեցի չընկճվել և պայքարել…

Բարևելու մի քանի անհաջող փորձից հետո, մի օր, երբ մենակ էր, մոտեցա և հարցրի, թե արժանի՞ եմ արդյոք էդ արհամարհանքին:

Հնչեց ոչինչ չասող մի պատասխան. «Կներես, բայց չեմ լսել, որ բարևել ես»:

Ախ, այդ աղջիկները… Ինչքան տարօրինակ և միևնույն ժամանակ հետաքրքիր էակներ եք դուք…

Աշխարհս շուռ եկավ, երբ իմացա, որ ընկերս նույնպես անտարբեր չի նրա նկատմամբ… Սա էլ նավակիս խփող ամենամեծ գնդակը…

Միևնույն ժամանակ հանգիստ էի, որովհետև ճանաչում էի և’ ընկերոջս, և’ Նարեին… Մեղմ ասած, նրանք անհամատեղելի էին…

Ժամանակի ընթացքում մենք ավելի մտերմացանք… Նավակս ինքն իրեն վերանորոգվում էր… Ինքն իրեն կոտրվում ու նորից նորոգվում…

Շփվում եմ նրա հետ մինչև հիմա, նույն ոգևորությամբ ու նույն ակնածանքով, ինչպես այն առաջին անգամը, երբ դողդողում էի հետը խոսելիս…

Նա այն միակն է, ում սիրել և սիրում եմ… Սիրում եմ առանց վախենալու, շատ ժամանակ նույնիսկ առանց ակնկալիքի, անշահախնդրորեն…

Բնականաբար կլինեն այնպիսի մարդիկ, որ նայելով ինձ կամ տարիքիս, անլրջորեն կվերաբերվեն էս գրածիս… Բայց գիտե՞ք ինչ: Ինձ թվում է` հենց սա է սերը, ոչ թե ուրիշներինը` հիմնված փողի կամ այլ նյութական արժեքների վրա…

Յուրաքանչյուրս էլ ունենում ենք մեր կյանքում մեր սեփական նավակն ու ԳԱՆՁ-ը… Այլ հարց է, թե կյանքի որ ժամանակահատվածում ենք հասնում այդ ԳԱՆՁ-ին (կամ` հասնո՞ւմ ենք արդյոք)… Ուրախ եմ, որ հասել եմ նրան հենց այսս ժամանակ…

Թեկուզ միայն նրա համար, որ ավելի շատ ժամանակ կունենամ հետն անցկացնելու…

Կուզենայի պատմությունս  ավարտել Արթուր  Մեսչյանի այս տողերով.

…Եվ կատարվեց կյանքս կարծես,

ՈՐՈՎՀԵՏԵՎ ՍԻՐԵԼ ԵՄ ԵՍ… 

Միայն թե թող նա թողնի հեռանա…

Չնայած շուտով ապրիլ է, անցել է գարնան առաջին ամիսը, բայց ձմեռը դեռ չի ուզում հեռանալ: Մեր մարզային թղթակիցները շարունակում են ուղարկել լուսանկարներ, որոնց նայելով թվում է, թե ձմեռը դեռ նոր է սկսվում: