Ազատ տարածք խորագրի արխիվներ

Իմ պապի սարերը

Լուսանկարը՝ Արթուր Ջանվելյանի

Լուսանկարը՝ Արթուր Ջանվելյանի

Մանուկ հասակից պապիկիս հետ սար էի բարձրանում: Ես սիրում էի ձի հեծնել, ինչը պապս նկատել էր: Ամեն անգամ՝ անտառից տուն գնալիս, կանչում էր ինձ, նստեցնում ձիու վրա և ման էր տալիս: Երբ ես ձիու վրա էի, նա մոռացության էր տալիս իր բոլոր հոգսերն ու ցավերը:

Լուսանկարը՝ Արթուր Ջանվելյանի

Լուսանկարը՝ Արթուր Ջանվելյանի

Մի քանի տարի անց, երբ ես դարձա դպրոցական, նրան այցելում էի միայն արձակուրդներին: Իմ հրաշքներով լի մանկությունն ավարտվեց այն ժամանակ, երբ ես ընդամենը վեց տարեկան էի: Իմ մեջ կարծես ինչ-որ բան փլուզվեց: Իմացա, որ պապիկս մահացել է:

Լուսանկարը՝ Արթուր Ջանվելյանի

Լուսանկարը՝ Արթուր Ջանվելյանի

Ես մինչև հիմա տատիս հետ բարձրանում եմ սար և գիշերում այն կտուրի տակ, որը պապս էր կառուցել մահվանից ընդամենը մեկ տարի առաջ: Բայց իմ մեջ ինչ-որ մի բան դատարկ է, հիմա չկա այն զգացողությունը, որը կար մանուկ ժամանակ:

Ծիսական տիկնիկներ

Լուսանկարը՝ Հեղինե Ենոքյանի

Լուսանկարը՝ Հեղինե Ենոքյանի

Նոյեմբերի 30-ին Հովհաննես Շարամբեյանի անվան Ժողովրդական արվեստի կենտրոնում «Հանգույց» հիմնադրամի նախաձեռնությամբ կայացավ ազգագրագետ Ժենյա Խաչատրյանի «Հայ ժողովրդական  տարեկան տոները և դրանց հետ կապված ծիսական տիկին-տիկնիկները ու պարերը նորօրյա որոշ վերապրուկային դրսևորումներով (XX-XXIդդ.)» խորագրով գրքի շնորհանդեսը:

Ցուցադրվեց հեղինակի ծիսական տիկնիկների հավաքածուն, որը նվիրաբերվել է Ժողովրդական արվեստի կենտրոնին:

Լուսանկարը՝ Հեղինե Ենոքյանի

Լուսանկարը՝ Հեղինե Ենոքյանի

Գիրքը բաղկացած է երկու մասից:Առաջին մասում հետաքրքիր պատմություններով ներկայացված են այն  տոները, որոնց ժամանակ պատրաստվել են ծիսական տիկնիկներ: Երկրորդում արդեն ներկայացված է ծիսական տիկնիկների նկարագրություն:

Ժենյա Խաչատրյանը շրջել է տարբեր շրջաններով, հավաքել ծիսական ավանդույթներ և ներկայացրել դրանք ուսումնասիրության տեսքով:

Լուսանկարը՝ Հեղինե Ենոքյանի

Լուսանկարը՝ Հեղինե Ենոքյանի

-Այս տիկնիկները ստեղծվել են իմ աչքի առաջ: Մենք միասին շրջել ենք և ամեն գյուղում Ժենյան հարցրել է «Ի՞նչ է տիկնիկը, ունե՞ք տիկնիկներ, պատրաստե՞լ եք,- ասում է ազգագրագետ Էմմա Պետրոսյանը:-Շատերը մտածում են, որ սա ուղղակի խաղալիք է, բայց տիկնիկի ֆենոմենը շատ հին հասկացողություն է: Դեռևս Հին Հռոմում պատրաստում էին տիկնիկ, որին փոխանցում էին իրենց ցանկությունները, դժբախտությունները և նետում  գետը, որպեսզի տիկնիկը տանի իր հետ այն ամենը, ինչ կա իր մեջ:

Լուսանկարը՝ Հեղինե Ենոքյանի

Լուսանկարը՝ Հեղինե Ենոքյանի

Ցուցադրության ժամանակ տեսա մի քանի տիկնիկ, որոնք շատ նման էին տատիկիս պատրաստած տիկնիկներին: Պատրաստելու համար տատիկս խաչաձև ամրացնում էր երկու նեղ երկար փայտի կտորներ, հետո փաթաթում սպիտակ կտորով: Իսկ որպես տիկնիկի գլուխ օգտագործում էր կոճակ: Մեր ժամանակներում, երբ տիկնիկների պակաս չկա, այդ տիկնիկը առանձնահատուկ տեղ էր գրավում իմ տիկնիկների հավաքածուի մեջ:

Milena sedrakyan

Մածունը

Մեծ հորաքրոջս տանը միշտ էլ հավես էր անցնում, արկածներով լի, հետաքրքիր: Ամեն անգամ մի դաս քաղում էինք: Երբ փոքր էի, ամառային արձակուրդներին նրանց հյուր էի գնացել՝ Երևան:

Երեք որդի ունեն, բայց այդ ժամանակ երկուսն էին՝ Մարգարը և Գոռը:

Շատ լարված և խաղերով լի օրվա վերջում որոշեցինք մի բան ուտել: Սառնարանը բացելուն պես մեծ տարայով մածունն ընկավ աչքներովս: Իսկույն վերցրինք, ագահաբար լցրինք ինչքան կարող էինք, վրայից էլ՝ շաքարավազ և լավաշ:

Հորաքրոջս ամուսինը մտավ խոհանոց: Տեսնելով մեր ձեռքի գործը՝ ասաց.

-Եթե մինչև վերջ չուտեք, խոհանոցից դուրս չեք գալու:

Այ քեզ բան, դրանից էլ հեշտ բա՞ն: Հիմա կուտենք:

Կերանք, կերանք, չի վերջանում և վերջ: Մեկ գդալ մածուն էինք ուտում, երեք բաժակ ջուր խմում, որ կուլ գնա:

Լավ, էլ ինչ անենք, չենք կարողանում: Ես և Մարգարը Գոռից խորամանկ էինք. մածունը լցրինք անձեռոցիկների մեջ և պատուհանից դուրս նետեցինք: Իսկ Գոռը մինչև վերջ կերավ ու չէր կարողանում շարժվել ստամոքսի ցավից:

Այդ դեպքից վեց տարի է անցել, բայց ես մինչև հիմա ատում եմ մածունը:

Փոքր քույրս՝ Եվան, ուղղակի խելագարվում է մածունի համար: Երբ ծննդյան տարեդարձին տիկնիկ էի գնել, նայեց աչքերիս մեջ և ասաց.

-Միլ, էս գումարին քանի՞ բանկա մածուն կգնեինք:

Հիմա տանը բոլորը սիրում են մածուն, նստում և միասին ուտում են, իսկ ես, անգամ, երբ հոտն եմ առնում, սիրտս խառնում է:

Գոռն էլ չէր ուտում մածուն, երեկ խոստովանեց, որ արդեն սկսել է ուտել, բայց ես չեմ կարողանում և վերջ:

Սրանից դաս քաղեցի, որ պետք է զուսպ լինել, էլ երբեք ագահություն չեմ անի:

Հաղթանակ կերտելիս

Սիրո՞ւմ ես «Հայ Ասպետ» հեռուստախաղը: Ուզում եմ քեզ հետ կիսվել իմ ուրախությամբ, որովհետև սիրելի ընկերներիս թիմը երկու օր առաջ հաղթել է «Հայ Ասպետի» եզրափակիչ փուլում: Ես կասկածներ էլ չունեի, սակայն ամեն դեպքում լիովին վստահ լինելը գործին խանգարող բան է: Ընկերներս հասել են իրենց բաղձալի երազանքին, ու ամենակարևորը՝ երկարատև ու քրտնաջան աշխատանքի արդյունքում:

Մի քիչ պատմեմ, իմացի՛ր:
Թիմը Չարենցավանից է, 5 խելացի աշակերտներ են: Թիմի անդամներից երեքին լավ ճանաչում եմ ու սիրում: Ասեմ, որ «Ամենախելացիի» մասնակիցներ են եղել շատերը: Ապրիլի կեսերից սկսել են աշխատանքը, հունիսի 11-ին առաջին խաղում են հաղթել: Նրանք ասում են, թե սկզբից ամեն ինչ դժվար էր թվում, ձանձրալի էր: Թեմաները տալիս են կազմակերպիչները, իսկ իրար մեջ բաժանելու, հաջողությամբ խաղը պսակելու գործը մնում է թիմին:

Երբ առաջին խաղում հաղթանակ տարան, սկսեցին ոգևորվել, ու 15 օր դադարից հետո թիմն սկսեց պատրաստվել երկրորդ կարևոր խաղին՝ արդեն այլ թեմաներ պատրաստելով: Թիմի անդամներից Հովսեփը ինձ հետ զրույցում նշեց, որ առաջին երկու խաղերին շատ թեթև են նայել ու այդքան լավ պատրաստ չեն եղել, սակայն հավատը, առաջին երկու ամիսների ընթացքում, նրանց օգնել է հաղթել: Երրորդ խաղը տեղի է ունեցել հոկտեմբերի սկզբին, որի ժամանակ թիմը երկու միավորով պարտվել է առաջին տեղը գրաված թիմին: Չնայած դրան՝ բարձր միավորները փրկել են իրենց՝ տանելով դեպի եզրափակիչ փուլ: Իսկ եզրափակիչը իրենցից պահանջել է չափից շատ պատասխանատվություն, ժամանակի տրամադրում միմիայն տրված թեմաներին, մի փոքր կյանքից կտրված վիճակ, բայց և ձգտում դեպի հաղթանակ: Ու հաղթանակը բաժին է հասել հենց այս թիմին:
Երբ փորձեցի պարզել, թե արդյոք կա՞ր որևէ առավելություն, ուժեղ կողմ, որի շնորհիվ նրանք կերտեցին իրենց հաղթանակը, Հովսեփը նշեց, որ իրենց թիմում յուրաքանչյուր անդամ արդեն իսկ ձևավորված անհատ է՝ յուրահատուկ մտածելակերպով: Սա մեկ-մեկ թվում էր առավելություն, մեկ-մեկ էլ խանգարում էր ձևավորել միասնական և ընդհանուր կարծիք որևէ թեմայի շուրջ: Նաև եղել են փոքրիկ վեճեր կազմակերպիչների տված թեմաները իրար մեջ բաժանելու ընթացքում, որովհետև եղել են այնպիսիները, որ դուր են եկել ու հետաքրքրել են թիմի բոլոր հինգ անդամներին էլ:
Իսկ երբ փորձեցի հասկանալ, թե «Հայ Ասպետը» բացի գիտելիքներից, էլ ի՞նչ տվեց իրենց, ու ինչը կհամարեն ամենամեծ ձեռքբերումը այս երկարատև աշխատանքի ընթացքում, նրանք նշեցին երկու բան. այն, որ հաղթող թիմը հնարավորություն է ստացել մեկնելու Արևմտյան Հայաստան՝ շրջագայության, և մի քանի ամիսների ընթացքում ձևավորված կապվածությունը թիմի անդամների միջև, նաև այլ թիմերից նոր ընկերներ ձեռք բերելը:
-«Հայ ասպետը» ինքնադրսևորման հարթակ էր մեզ համար: Մեկ անգամ ևս փորձեցինք մեզ մեծ պատասխանատվություն պահանջող գործի մեջ՝ խաղալով միայն հաղթանակի համար: Դու մտնում ես սրա մեջ, չես պատկերացնում՝ քեզ ինչ է սպասվում: Միայն այն հավատը հաղթանակի նկատմամբ, որ ուներ մեզանից յուրաքանչյուրը, աշխատասիրությունը, որով լցված էինք մենք, անընդհատ աղոթքները առ Աստված մեզ օգնեցին հասնել Արևմտյան Հայաստան,- նշում է Հովսեփը:

Ձմեռը թակում է պատուհանը

Լուսանկարը՝ Սեդա Մխիթարյանի

Լուսանկարը՝ Սեդա Մխիթարյանի

Իրեն թողնես՝ մազերդ կպոկի, վերարկուդ հագիցդ կհանի ու պտտեցնելով կտանի օդում: Գլխարկիդ հետքը կկորցնես, այտերդ նրա ապտակներից կկարմրեն, իսկ աչքերդ փոշուց կփակվեն… Այո, քամին ընդունակ է այս ամենին։

Իսկ այս մեկը իր սպիտակ փաթիլները կլցնի մազերիդ, կհալվի` հենց կպչի ձեռքիդ, վերևից այնպես կթափվի կարծես առաջ երբեք չի թափվել… Այո, ձյունն էլ այս ամենին է ընդունակ։

Լուսանկարը՝ Սեդա Մխիթարյանի

Լուսանկարը՝ Սեդա Մխիթարյանի

Բայց կարծում եմ, արդեն ժամանակն է, որ քամին իր հետ ձյուն բերի։

Ժամանակն է, որ արևը վաստակած հանգստի գնա։

Ժամանակն է, որ աշնան վերջին տերևը պոկվի։

Ժամանակն է, որ ձյունը գա ու մաքրի ամեն բան, տանի իր հետ վատ հիշողությունները ու հիշեցնի, որ աշխարհը միշտ պիտի սպիտակ լինի, ոչ թե միայն ձմռանը, և այլն էլ միայն արտաքուստ։

Ժամանակն է, որ ձմեռը թակի քո պատուհանը։

Լուսանկարը՝ Սեդա Մխիթարյանի

Լուսանկարը՝ Սեդա Մխիթարյանի

hovhannes sargsyan

Հիշարժան օրեր «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում

Վերջերս մասնակցեցի պատանեկան ազգագրական-հնագիտական միջազգային բաց ճամբարի, որը իրականացվում էր «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի կողմից: Մասնակացում էին տարբեր վայրերից ժամանած պատանիներ ու երիտասարդներ: Գյումրիից հրավիրված էր «Հրայրք» ազգագրական պարի խումբը, որի անդամ եմ նաև ես: Խմբի պարուսույց Դավիթը հայտարարություն էր դրել խմբի ֆեսբուքյան էջում, ու առաջին 10 արձագանքողներս հոկտեմբերի 31-ին գնացինք Երևան ու այնտեղ միացանք Ջավախքի, Բուլղարիաի և Երևանի երեխաներին,  ծանոթացանք, ազգային պարեր պարեցինք ու գնացինք «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր չորս օրով:

Այդ չորս օրը շատ հետաքրքիր և ուրախ անցավ, բացի դրանից ձեռք բերեցի նոր ծանոթություններ և ընկերներ:

Դպրոցը, որտեղ հյուրընկալվել էինք, շատ էր տարբերվում «ավանդական» դպրոցից: Երեխաները դպրոցի տանիքում կազմակերպել էին ներկայացում, շատ հետաքրքիր էր ու անսովոր, քանի որ սովորական հանրակրթական դպրոցներում այդպիսի բան պատկերացնելն անհնար է:

Ճամբարի ընթացքում ականատես եղանք հնագիտական պեղումների, եղանք Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, ինչպես նաև Սարդարապատի թանգարանում: Ճամբարի վերջին օրն էլ անցկացվեց Գյումրիում: Մենք հույս ունենք, որ հաջորդ տարի ճամբարի մեկնարկը կտրվի Գյումրիից:

Ապահով տարածքներ. կարևորություն ու անհրաժեշտ չափանիշներ

Լուսանկարը՝ Իզա Ասծատրյանի

Լուսանկարը՝ Իզա Ասծատրյանի

Նոյեմբերի 29-ին Գորիսի մամուլի ակումբում Խտրականության դեմ պայքարի և հանուն հավասարության կոալիցիան անցկացրեց «Ապահով տարածքներ. կարևորություն ու անհրաժեշտ չափանիշներ» թեմայով աշխատանքային հանդիպում-դասընթաց, որն անցկացրեցին Անեթ Շամիրյանը և Ռոբերտ Կարապետյանը: Հանդիպումը կազմակերպվել էր Գորիսի տարածաշրջանի ՀԿ-երի համար, հանդիպմանը ներկա էին նաև ուսանողներ:

Հանդիպման սկզբում մասնակիցները ներկայացան` ծանոթանալով միմյանց հետ: Ապա դասընթացի սկզբին քննարկվեց, թե ինչ է «ապահով տարածք» հասկացությունը, և ո՞րն է դրա անհրաժեշտությունը:

Այսպիսով` ապահով տարածք ասելով, հասկանում ենք այն միջավայրը, որտեղ չկա կրոնի, սեռի, տարիքի, ռասսայի և գենդերային անհավասարության խնդիրը: Ապահով տարածքում յուրաքանչյուրը, անկախ վերը նշված պատկանելիության, կարող է մասնակցել տարբեր միջոցառումների: Այսինքն` ապահով տարածքը մի միջավայր է, որտեղ ցանկացածը կարող է աջակցություն ստանալ ժամանակի անցկացման, կրթության և շփման ոլորտում:
Ապահով տարածք հասկացությունը առաջին անգամ գործածել են 20-րդ դարում, Հարվարդի համալսարանում:

Այնուհետև անդրադարձան ապահով տարածքներին բնորոշ հատկանիշներին, որոնցից կարևորագույնները հետևյալն են.

-Մատչելի և անվտանգ վայր,
-Համագործակցություն և հաշվետվություն,
-Հարգանք և արժանապատվություն,
-Լիակատար ներառում,
-Համընդհանուր մոտեցում,
-Վստահության կառուցում,
-Ճշգրիտ և հավաստի տեղեկատվություն,
-Առաջնորդություն և մասնակցություն:

Լուսանկարը՝ Իզա Ասծատրյանի

Լուսանկարը՝ Իզա Ասծատրյանի

Նաև նշվեցին այն կետերը, թե ինչը չի հանդուրժվում ապահով տարածքում. խտրականության որևէ ձև կամ արտահայտում:
-Ռասիզմը,
-Հոմոֆոբիան,
-Բիֆոբիան,
-Տրանսֆոբիան, ինչպես նաև հաշմանդամության,
-Տարիքի,
-Էթնիկ ծագման,
-Ազգային պատկանելիության,
-Գենդերային պատկանելիության,
-Իմիգրացիոն կարգավիճակի,
-և այլ հատկանիշների վրա հիմնված խտրականություն:

Մի փոքր ընդմիջումից հետո, շարունակեցին ներկայացնել տարբեր ներկայացուցիչների համար ապահով տարածքների բնորոշիչները:

Իսկ վերջում ներկայացրեցին, թե ինչպես կարող է կազմակերպությունը ապահով տարածքների ապահովման պլան կազմել, ներկայացնել հետագա համագործակցության նախագծում:

Դասընթացի ընթացքում մասնակիցները ակտիվորեն ներառվում էին քննարկման մեջ, առաջարկներ անում, համաձայնվում կամ առարկում: Հուսով ենք, որ նոր գիտելիքները էլ ավելի ապահով կդարձնեն մեր տարածքը:

ella mnacakanyan yerevan

Իմ տարօրինակ սերը

Երբ ամեն առավոտ սենյակումս մնացած ափսեները՝ լի ձմերուկի չորացած կտերով, փոխարինվում են մանդարինի չորացած կեղևներով, նշանակում է՝ ձմեռը մոտ է: Եթե ոչ դրսում, ապա գոնե իմ կյանքում:

Իմ գլխում ձմեռը միշտ ասոցացվում է մանդարինների հետ, երևի այն պատճառով, որ մանդարին շատ եմ սիրում: Համարյա նույնքան, ինչքան ձմերուկ: Որոշ ժամանակ առաջ նույնիսկ մի չգրված ավանդույթ ունեինք. շաբաթվա մեջ մեկ օր (հիմնականում՝ հինգշաբթի) ընկերուհիներով հավաքվում էինք ու սկսում անխնա մանդարին ուտել: Ասենք՝ 1 կիլոգրամ, չէ լավ՝ 2, ը՜… Անկեղծ ասած՝ 5, ավելի անկեղծ՝ մինչև անգամ մեկ ամբողջ պարկ: Մեր «վնասակար հանդիպումները» շարունակվեցին բավականին երկար՝ մինչև այն պահը, երբ մեզանից մեկի մաշկին ալերգիայի տեսքով չհայտնվեցին այդ հանդիպումների «քաղցր» պտուղները: Չէ՜, էնպես չի, որ դադարեցինք հանդիպել, պարզապես այդ հանդիպումներից բացառեցինք մանդարինը՝ հատկապես՝ պարկերով… Բայց դադարեցի՞նք արդյոք մանդարին ուտել: Երևի՝ չէ: Համենայնդեպս, ես հաստատ: Ինձ թվում է՝ նրանք նույնպես: Հիմա կասեք՝ լավ, էս աղջիկն էլ ինչի՞ է հիշել իր ու իր ընկերուհիների՝ մանդարինի հանդեպ անթաքույց սերը: Եթե անկեղծ՝ ես էլ չգիտեմ: Պարզապես հիմա, երբ ձմեռը մոտ է ոչ միայն իմ գլխում, այլև դրսում ու, հավանաբար, ձեր մտքերում նույնպես (դե՜, դժվար է էս ցրտին ձմեռվա մասին չմտածելը՝ նույնիսկ առանց մանդարինի չորացած կեղևների, չէ՞), կարծում եմ, որ պիտի հասկանաք իմ տարօրինակ սերը: Կմտածեք՝ մանդարինի մեջ սիրելու ի՞նչ կա, կպատասխանեմ՝ մանդարինը ամենամեծ ու ամենալուսավոր կետն է ձմռան մեջ: Թե չէ, ձմռան մեջ սիրելու էլ ի՞նչ կա:

Այն օրը առաջին անգամ ձյուն եկավ: Ձյունը ո՞րն է, մի երկու փաթիլ: Իսկ ինձ բախտ վիճակվեց հենց այդ «մի երկու փաթիլ»-ի ժամանակ դրսում լինել ու այդ փաթիլներից մեկը (այո՛, այո՛, միայն մեկը) զգալ այտիս վրա: Չէ՜, ոչինչ էլ էդքան խորհրդավոր ու գեղեցիկ չէր: Պարզապես մի փաթիլ էր, որը ստիպում էր հասկանալ, որ եթե նույնիսկ մեր բակում, որը Երևանի ամենացածրադիր ու ամենատաք թաղամասերից մեկում է, ձյուն է տեղում, ուրեմն Հայաստանի առնվազն կեսում արդեն ձնառատ տանիքներ են: Իսկ այդ ձնառատ տանիքներից քանիսո՞ւմ նորմալ ջեռուցում կա…