Իմ էջը խորագրի արխիվներ

Astghik Hunanyan vayots dzor

Ինչպես է դա եղել

Հունվար

Գիտեի, որ այս տարի փոխադրական քննություններ ունեմ, 9-ի քննություններ են, դե, վեց երկար ու ձիգ ամիսներ կան առջևում, կպարապեմ, էլի…

Փետրվար

Ֆիզիկա՞, թե՞ կենսաբանություն: Ասում էին ֆիզիկա հանձնել չեմ կարողանա, բոլորին հակառակ նայեցի դեպի ֆիզիկան: Դե հա, նայեցի, նայեցի դասագրքի առաջին էջին ու ընտրեցի կենսաբանությունը: Քննություններին պատրաստվելու համար դա շատ լուրջ քայլ էր, չէ՞:

Մարտ.

-Մամ, մամ, հեռախոսս ձեռքիցս կառնե՞ս` մի քիչ պարապեմ:

-Բա աչքն էլ չեմ հանի՞:

Դասարանով սկսեցինք կենսաբանություն պարապել: Կենսաբանության դասասենյակի պատերը սկսեցին սովորել մեր ամենօրյա ներկայությանը, գնում էինք, մի քանի դաս պատմում ուսուցչուհուն, նա էլ մի քանի բան էր բացատրում, «շատ պարապելուց» հոգնած վերադառնում էինք տուն: Պարապում էին, իսկ ես, պատճառաբանելով, որ հետ եմ ընկել, չէի սովորում, ախր, դեռ երեք ամիս կար: Մարտի վերջն էր: Տեսնելով, որ յոթերորդ դասարանի դասագիրքն ավարտեցին՝ որոշեցի՝ ես էլ շաբաթ-կիրակի օրերին կավարտեմ: Վճռական վերցրի գիրքն ու սկսեցի կարդալ, սովորել, հետո գրում էի շտեմարան՝ ինձ ստուգելու համար, ապա կենսաբանություն լավ իմացող ծանոթներիցս մեկին խնդրում էի, որ հարցեր տա: Հարցեր էր տալիս, ես էլ ոգևորված պատասխանում էի: Մի քանի սխալ հազիվ անեի, դա ինձ շատ էր ոգևորում, բայց եկավ մի օր, ու ծուլությունս էլի հաղթեց ոգևորությանս: Մարտին սկսվեցին նաև պատմության պարապմունքները: Դրանք էլ չէի պարապում, էլի ասում էի՝ հետ եմ ընկել, կսովորեմ: Այդպես էլ եղավ՝ մի գիշերում վեցերորդ դասարանի գիրքը ջրի նման սովորեցի: Բայց այդ ժամանակ դասարանս արդեն հասել էր ութերորդ դասարանի դասագրքին: Այստեղ էլ հավեսս ապստամբեց:

Ապրիլ

Գիտե՞ք, ամեն օր որոշում էի պարապել: Ահա, ժամը 2:23 է, ուղիղ 3:00 կսկսեմ պարապել: Վայ, ժամը 3:01-ն է, ուղիղ 4:00-ին կպարապեմ, լավ ուղիղ հինգին, անցավ, ուղիղ վեցին, անցավ, կպարապեմ երեկոյան՝ քնելիս: Բայց երեկոյան ո՞վ պիտի թերթեր ֆեյսբուքի ձանձրալի էջը՝ բողոքելով, որ ոչ մի բան չկա անելու: Բացի այդ՝ ես ապրիլին եմ ծնվել, էլ ո՞վ իրավունք ուներ ամբողջ ամիսը ուրախ-զվարթ անցկացնելու, եթե ոչ ես:

Մայիս

Քննությունից մի ամիս առաջ՝ մայիսին, սկսեցի զրոյից պարապել մաթեմատիկա, մի ամսում պետք է սովորեի, մայրս էլ ասում էր՝ պետք է բարձր ստանաս: Չէ մի: Մայիսն իսկապես տանջանքների ամիս էր, ամեն օր պետք է գնայի մաթեմատիկայի պարապմունքի, նվնվալով երկու ժամ դիմանայի ու վազեի անգլերենի պարապմունքներիս: Ամեն օր երկու ժամ՝ սինուս, կոսինուս, այս թեորեմ, այն թեորեմ, ֆակտորիալ, հավասարումներ ու անհավասարումներ, պրոգրեսսիա, կոորդինատային համակարգեր, թեստ մեկ, թեստ երկու, թեստ տասը, անցանք մյուս գրքույկին: Ինչ-որ տագնապ էր առաջացել մոտս, բայց չէ՞ որ կային քննությունների վերջին գիշերները: Գնում էի պարապմունքի՝ ճամփին պատմություն կարդալով (միայն ես գիտեմ, թե ինչքան վատ բառեր եմ լսել վարորդներից՝ գիրքը կլանված կարդալու պատճառով ճանապարհները անզգույշ անցնելու ժամանակ):

Հունիս

Այս տարի դժվար թե կարողանամ հունիսը ամռան ամիս կոչել: Այն շատ էր տարբերվում մյուս միանման հունիսներից, որ ապրել եմ: Ընդհանրապես չէի էլ կարողանում ինձ տրամադրել, որ ամառ է, անհամբեր չէի սպասում կեռասի հասնելուն, անընդհատ չէի կրկնում «ձմերուկ եմ ուզում» արտահայտությունը, մերոնք էլ առիթ չէին ունենում պատասխանելու՝ «Հիմիկվա ձմերուկը քիմիա ա, Աստղ», ինչպես անցած-գնացած բոլոր հունիսներին: Հարևանների թթի ծառերից «կախվելու» ժամանակ անգամ չունեի:

Եկավ հունիսի 5-ը, եկավ նաև հայոց լեզվի քննությունը, ստացա տասնութ, ցավալի էր: Հունիսի 9-ն էլ չուշացավ՝ մի գիշերում ամբողջ չորս տարիների դասերն էլ սովորեցի՝ քսան ստացա: Ահա, հունիսի տասներկուսը՝ մաթեմատիկան, էլի քսան, անգլերենը՝ քսան: Ոչ մի կերպ չէի կարողանում կենսաբանությունը պարապել: Չգիտեի էլ՝ որտեղից սկսել, բայց գիտեի, որ քննություններից կարող եմ բողոքել ու ողջ օրը քնել: Դե, կենսաբանությունն էլ բարեհաջող տվեցի, անկեղծ ասած՝ արտագրել եմ, օգնել են, բայց լավ է, դա էլ անցավ: Իսկ վերջն ամենասարսափելին էր՝ պատմությունը, մի գիշերում սովորել մի քանի հազարամյակների պատմությո՞ւն, ի՞նչ կա, որ: Վերջին օրն էր՝ վերջին քննությունը, այդ գիշեր երակներովս դեպրեսիա և մի քանի գավաթ մակսուրճ էր հոսում արյան փոխարեն: Քսանվեց տոմսից հասցրեցի սովորել միայն առաջին ութը, ու մնում էր միայն հուսալ, որ բախտն ինձ վերջին պահին չի դավաճանի: Չորրորդ տոմսն ընկավ, և քանի որ հինգ մատիս պես գիտեի սովորածս բոլոր դասերը, էլի ստացա քսան: Մինչև հիմա չեմ հավատում, որ տանջանքներս վերջացան, որ էլ մայրս չի գա սենյակ ու տեսնելով, որ գրքերի փոխարեն ձեռքիս հեռախոս է՝ չի հանդիմանի: Երա՞զ է արդյոք ու հիմա պետք է արթնանամ ու գնամ կոնսուլտացիաների՞: Չէ, չէ, վերջ:

hasmik vardanyan

Մրցավազք

-Չակոր, դու՛ կարող ես, պետք է վազես…

-Չմտածես, դու պետք է հաղթես այս մրցավազքում:

-Առաջ, չկանգնես… Այո՜… Դու հաղթեցիր…

Հիշեցի՞ք: Պարապմունքից հոգնած վերադառնում եմ տուն: Հյուրասենյակից լսվում են բարձր ձայներ: Բացում եմ դուռը ու տեսնում, որ ամբողջ ընտանիքս լարված սպասում է, արդյո՞ք նա հասնում է եզրագծին, թե° ոչ: Անկախ ինձանից ես էլ սկսեցի ոգևորված նայել: Նա նպատակ ուներ ու պատվով հասավ եզրագծին: Քննությունները նույնպես նմանեցրի այդ մրցավազքին: Ինը ամիս շարունակ վազում ենք, վազում ու փորձում հասնել այդ բաղձալի եզրագծին: Ինչպես ֆիլմում, այնպես էլ կյանքում, ամիսները արագ էին անցնում, իսկ վերջին մեկ ամիսը, կարելի է ասել, գովազդային ընդմիջումներով անցավ: Յուրաքանչյուրս ցանկանում էինք պատվով հասնել եզրագծին: Իսկ եզրագծին հասնելը միշտ էլ դժվար է: Ինչպես Չակորը վազքի ընթացքում հանդիպեց չար ու նախանձ մարդկանց, այնպես մենք կյանքում, այս ամիսների ընթացքում հանդիպեցինք այնպիսիններին, ովքեր նեղվում էին, որ դու պատվով հաղթահարեցիր ամեն ինչ: Իսկ վազքուղուն կանգնած յուրաքանչյու դիմորդ ցանկանում էր թռչել ինչքան կարող էր վերև, ցնծալ, հպարտանալ: Չակորը փորձում էր ջնջել ստրկության նշանը, իսկ այնտեղ կանգնած յուրաքանչյուր դիմորդ ունի հստակ նպատակ և ամուր կագնած է իր ոտքերի վրա` մեկը ուզում է դառնալ լավ լրագրող, մյուսը արդար դատավոր, մեկ ուրիշը՝ անշահախնդիր բժիշկ…

Ես հասա եզրագծին:

khachik buniatyan

Ֆրանսիական նոթեր

Երբ տեղափոխվեցինք Ֆրանսիա, միայն երկու բառ գիտեի՝ bonjour և merci : Ոչ մեկին չէի հասկանում սկզբում։ Լսում էի երգեր, ինձ շատ էին դուր գալիս, բայց բառերը չէի հասկանում։ Դե քանի որ ծանոթ հայեր կային, ովքեր գիտեին ֆրանսերեն, հույսս իրենց վրա էի դնում, և ինչ-որ պետք էր, խնդրում էի՝ նրանք թարգմանում էին։

Քիչ-քիչ ավելացավ ֆրանսերեն բառապաշարս: Արդեն ծանոթանալու համար համարյա ամեն ինչ գիտեի: Բայց միայն ծանոթանալով չէ. պետք է շփվես էլ։

Սկսեցի դպրոց հաճախել: Այնտեղ իմ ծանոթ հայերը չկային, ու հաստատ ոչ մեկը չէր կարող ամեն վայրկյան թարգմանել։ Անսովոր էր շատ, երբ տեսնում էի, թե  ինչպես են երեխաները իրենց պայուսակները ոտքով հրում, գցում պատի տակ։ Իրենց կողքին ես մի խելոք մարդ էի՝ նորմալ դնում էի պայուսակս, չէի ծխում և այսպես շարունակ։

Ինքս ինձ ասացի.

-Հավաքիր քեզ, Խաչիկ, սենց չի լինի։

Գնում էի դպրոց ու մի քիչ վախով, որ ահա ուր որ է՝ մեկը ինչ-որ հարց կտա, ու ես չեմ կարողանա պատասխանել։ Ամեն օր այդ շփման վտանգից «մազապուրծ», ուրախ-ուրախ, կարծես փրկված, գալիս էի տուն։

Սկզբում շատ զավեշտալի իրադրությունների մեջ էի հայտնվում։ Ինձ հարցնում էին՝ անունդ ինչ է, չհասկանալով հարցը, ասում էի՝ 17 տարեկան եմ, և չէի հասկանում՝ ինչու էին ծիծաղում։

Ճարահատ դասարանի տղաներին սկսեցի հայերեն սովորեցնել։ Ու մտածում էի, որ իրենք ավելի շուտ հայերեն կսովորեն, քան ես՝ ֆրանսերեն։  Գնում էի դասի ու գիտեի, որ անսպառ  ծիծաղ է սպասվում ինձ։ Գնում էի, տղերքը սկսում էին հայերեն խոսել.

-Բառև, Կաշիկ, ո՞նց ես։

Բոլորովին տառասխալ չեմ թույլ տվել. ուղղակի իրենց համար դժվար է արտասանել Ր, Խ, Չ տառերը։ Այդպես էլ, ինչքան սովորեցրեցի, մեկ է՝ չկարողացան Խաչիկ ասել: Կամ ասում էին՝ Կաչիկ կամ Խաշիկ կամ Կաշիկ։

Ինչ որ է՝ հարմարվեցի։ Սկսեցի գլուխ հանել քիչ-քիչ: Այն ժամանակվա լսածս երգերը արդեն հասկանում էի, անունս նորմալ ասում էի, տղերքի հետ ֆրանսերեն էի խոսում, և այդպես։

Մի քիչ էլ հայերի մոտ ինձ լավ էի զգում, որ արդեն քիչումիչ ֆրանսերեն խոսում եմ։ Իրոք, դժվար էր սկզբում։ Գրեթե ամեն ինչ հասկանում էի, թե ինչ են իրենք խոսում, բայց չէի կարողանում ասել, թե ինչ եմ ուզում ասել։ Կարծես համր լինես. լիքը ասելու բան ունես, բայց չես կարողանում ասել։ Հիմա ամեն ինչ սովորական է դարձել: Չեմ վախենում խոսել, տեսածս օտար բարքերից չեմ զարմանում, աչքս սովորել է:

Շուտով կպատմեմ նաև իմ նոր քաղաքի, նոր ընկերների, կյանքիս նոր շրջանի մասին: Սպասեք:

Astghik Hunanyan vayots dzor

Երազողի օրագրից

Երազանքներ չունեցող մարդը չի ապրում…
Այդպես էի մտածում ես՝ 8 տարի առաջ լրացնելով օրագրիս առաջին էջը: Դե չէ, հիմա էլ եմ այդպես մտածում, հետո էլ այդպես կմտածեմ: 5506 արևածագի եմ ականատես եղել, նույնքան էլ՝ արևամուտի: Էլի անթիվ ու անհամարները գլխովս կանցնեն: Գիտե՞ք, գտել եմ կյանքի, ապրելու իմաստը, բայց մինչ դրա մասին խոսելը՝ մի քանի բան եմ ուզում ասել:

Աշխարհում ապրող 7 միլիարդ մարդկանցից յուրաքանչյուրը յուրօրինակ է ընկալում «երազանք» բառը: Շատերն ասում են, որ երազանքներ ունեցող մարդիկ ուղղակի իրենց ֆանտազիայով կերտած անիրականալի երևույթներով ապրող հիմարներ են, ու միայն պետք է ապրել իրականության մեջ, բավարարվել ունեցածով, բավարարվել քչով: Մյուս մասն ասում է, որ եթե շատ ցանկանաս ու հավատաս, դրանք հաստա՜տ կիրականանան: Շատերն էլ ուղղակի սպասում են, որ Նոր տարվա գիշերը՝ ուղիղ ժամը տասներկուսին, կամ ծննդյան տորթի մոմերը փչելիս, 5 թերթիկանոց յասամանի ծաղիկը կուլ տալիս, ընկնող աստղին նայելիս պահած երազանքները կատարվեն: Ես էլ էի ամեն տարի ծննդյանս տորթի մոմերը փչելուն զուգահեռ երազանք պահում, կամ էլ երբ բարեկամներիս երեխաներն էին դրանք փչում, լաց էի լինում՝ նրանց մեղադրելով, որ էլ չեն կատարվի երազանքներս. գիտեմ՝ դու էլ: Ես էլ էի երազանք պահում՝ յասամանի 5 թերթիկանոց դա՜ռը ծաղիկը մի կերպ կուլ տալով, ես էլ էի գիշերը փռվում խոտերի վրա ու նայում գլխիս թափված գիշերային, աստղազարդ երկնքին. ընկնող աստղ էի փնտրում, ես էլ եմ սխալվել, այդպես ճիշտ չէ:

Մարդիկ արդեն միլիոնավոր տարիներ է՝ արարում են, ստեղծում նորն ու նորը, հասնում են իրենց երազանքներին՝ փոխում են աշխարհը, փոխո՜ւմ: Դեռ շատ տարիներ առաջ թռչելը միայն երազանք էր, բայց մարդիկ հո չէի՞ն երազում ու վերջ: Նրանք պայքարեցին, աշխատեցին, հասան իրենց երազանքին ու թռան. թռան երկինք, թռան տիեզերք: Մարդիկ միայն երազել կարող էին ինչ-որ արկղի մասին, որի մեջ շարժվող մարդիկ կլինեին, երազել միայն կարող էին իրարից հեռու գտնվելով շփվելու մասին՝ ստեղծեցին հեռուստացույցը, հեռախոսը, ապա՝ համակարգիչը: Եթե շարունակեմ թվել, մի ամբողջ կյանք կտևի այդքանը կարդալը, մեզ համար սովորական է, բայց այն ժամանակ դա ինչ-որ մեկի անիրականալի երազանքն էր, ինչ-որ մեկի նպատակը, ինչ-որ մեկի աշխատելու արդյունքը: Նրանք հո չե՞ն նստել ինչ-որ տեղ, անորոշ նայել այս ու այն կողմ ու սպասել, թե երբ իրենց երազանքները կկատարվեն, չէ, աշխատել են, սովորել: Ամեն վայրկյան, ամեն պահ ինչ-որ մեկը նույնպես հասնում է իր երազանքին, ինչ-որ մեկը ահա փոխում է աշխարհը, հա, հենց այս պահին: Դու ամեն օր քեզ անհրաժեշտ ինչ-որ բան ես փնտրում գուգլում, դա Լարի Փեյջի աշխատանքի արդյունքն է, նրա ձեռնարկած քայլերի ու երազանքը նպատակի վերածելու ցանկության: Ջիմ Քերրին՝ հայտնի ու սիրված գրեթե բոլորի կողմից, ապրել է իր բարեկամներից մեկի այգու վագոնում ու խոսք գնալ անգամ չէր կարող կայացած ու հայտնի մարդ դառնալու մասին: Նա հասավ իր երազանքին: Չնայած կյանքն անդադար հալածում էր այդ որբ, իսկ հետո՝ անտուն կնոջը՝ նա ստեղծեց մի այնպիսի աշխարհ, որը միլիարդավոր մարդկանց կյանքի մի փոքրիկ կամ լա՜վ էլ մեծ մասն է կազմում, նրա գրքերը գլխավորում են լավագույն գրքերի ցուցակները աշխարհի տարբեր երկրներում, այսօր նա բրիտանացի միակ կին-միլիարդատերն է: Հասկացար, չէ՞, որ խոսքը Ջոան Ռոուլինգի մասին է: Նա էլ իր երազանքին հասավ: Յուրի Գագարինը մեկ լրիվ պտույտ կատարեց երկրագնդի շուրջը, Նիլ Արմսթրոնգը ոտք դրեց Լուսի վրա: Նրանք էլ հասան իրենց երազանքներին: Գիտեի՞ր, Ալբերտ Այնշտայնը ընդունելության քննությունից կտրվել է, նա էլ հասավ իր երազանքին, նրա շնորհիվ է, որ ես, դու այդքան բողոքելով «հարաբերականության տեսությունն» ենք ուսումնասիրում, նա էլ հո չի՞ «նստել թախտին, սպասել բախտին»: Նա էլ է պայքարել ու աշխարհին ապացուցել, որ կարող է: Բախին եղբայրն արգելել էր երաժշտության «կողմը նայել», նրա՝ լուսնի լույսի տակ ամիսներով գրած երաժշտության նոտաները եղբայրը պատռել էր: Նա չկոտրվեց, ու հիմա Բախի երաժշտությունը մարդու կողմից ստեղծված արվեստի գլուխգործոցներից է: Գյուղացի աղջիկ Ժաննա դ’Արկը մարտական ոգով հետ է գրավում Օռլեանը, վերադարձնում Ֆրանսիայի անկախությունը այն ժամանակ, երբ թագավորն անգամ ինքն իրեն չէր հավատում: էլի թվե՞մ… Սթիվեն Հոքինգին գիտե՞ս, նա հաշմանդամ, անբուժելի հիվանդ լինելով, մեծ հալածանքների է ենթարկվում, սակայն հասնում է իր երազանքին, մեծ դժվարությամբ ընդունվում է Օքսֆորդի համալսարանը, ավարտելով այն՝ սկսում է ուսումնասիրել տեսական ֆիզիկան, հետո դառնում է Քեմբրիջի համալսարանի տիեզերաբանության կենտրոնի հիմանդիրն ու ղեկավարը, ժամանակի ամենաազդեցիկ գիտնականներից տեսական ֆիզիկայի բնագավառում, հայտնի տիեզերաբան: Նա էլ մյուսների նման հասավ իր երազանքին:

Ուրեմն ինչո՞ւ չենք կարող մեր երազանքներին հասնել ես, դու, ինչո՞ւ նստենք ու սպասենք, որ բախտը կժպտա մեզ, երբ պետք է պայքարել: Նրանք բոլորը կարողացել են, մենք էլ կարող ենք: Անընդհատ անհաջողությա՞ն ես մատնվում, հիշիր «ԳոՊրո» տեսախցիկի հիմնադիր Նիք Վուդմանին, նա մի քանի անգամ ձախողվել է, մինչև վերջապես ստեղծել է ժամանակի լավագույն «էքշն» տեսախցիկը: Անհաջողությա՞ն ես մատնվում, ուրեմն մի բան ես մոռացել: Հասիր երազանքներիդ մի լավ ոգևորիչ երաժշտության ներքո (ես ինչ-որ բանի մարտականորեն պատրաստվում եմ «Կարիբյան ծովի ծովահենները» ֆիլմի սաունդթրեքը լսելով. ոգևորում է):

Հիմա ասե՞մ, թե որն է կյանքի իմաստը. կարևորն այն է, որ արևածագի ու մայրամուտի միջև ընկած լայն շրջանում ի կատար ածես բոլոր երազանքներդ, հասնես բոլոր նպատակներիդ՝ հաստատուն քայլերով, քո տեղն ու դերն ունենաս այս կյանքում, ապացուցես բոլորին, որ դու էլ կարող ես: Ու կարևոր է նաև քայլեր ձեռնարկել հենց այս պահին, հենց հիմա, առանց երկար-բարակ մտածելու, առանց ժամացույցին, պատերին նայելու, ինչ-որ հաղորդում գտնելու ու ժամանակ «սպանելու» ակնկալիքով հեռուստացույցի ալիքները թերթելու:

lilit harutyunyan lchshen

Լուսնի հակառակ կողմը

«Բախման արդյունքում այդ մոլորակը բաժանվել է բազմաթիվ կտորների, որոնք ստեղծել են մեծ օղակաձև գոտի Երկրի շուրջը: Ավելի ուշ այդ օղակը «խտացել» է, որից էլ առաջացել է լուսինը…» Բլա-բլա-բլա…

Չեմ կարողանում հավատալ գիտնականների առաջ քաշած այս թեորիային, փորձում եմ կառուցել իմ երևակայական աշխարհը, որտեղ բնակվում են միայն իմ սիրելի մարդիկ, և գոյություն ունեն այնպիսի բաներ, որոնք չկան մեր իրական աշխարհում: Երազել եմ միշտ տեսնել լուսնի հակառակ կողմը, միգուցե այնտեղ է իմ երևակայական աշխարհը, կամ այն աշխարհը, որտեղ ես կգտնեմ ինքս ինձ: Ո՞վ գիտե: Երբեք չեմ սիրել իմ անունը: Վերջերս եմ իմացել անվանս ստուգաբանությունը: Այն նշանակում է լուսնի հակառակ կողմը կամ սև լուսին, սակայն բնույթով այնքան էլ սև լուսնի նման չեմ: Դրանից հետո սկսեցի ուրիշ կերպ «վերաբերվել» անվանս: Երևի ինչ-որ կապ կա այս ամենի մեջ: Ուզում եմ աշխարհը տեսնել ինձնից 100 տարի անց, ուզում եմ տեսնել՝ արդյոք իմ երևակայական աշխարհը երբևէ իրականություն կդառնա՞: Եթե կարողանայի, իմ ուժերով կստեղծեի «տիեզերական» կամ հենց «լուսնային» տուրիզմ: Ծիծաղելի է թվում, չէ՞, «լուսնային տուրիզմ» ասվածը: Ոմանք ասում են, որ մեր վախերը մեր երևակայության արդյունքն են, սակայն իմ դեպքում, երևակայությունը իմ բնույթի ու բնավորության անբաժան մասնիկն է…»:

Վերջերս հին տետրերս փորփրելիս գտա այս տողերը «անձնական օրագիր» կոչվածի միջից: Գրել եմ երևի 12-13 տարեկանում: Հիմա եմ տեսնում, թե ինչպես կարող է փոխվել մարդկային մտածելակերպը ընդամենը մի քանի տարվա ընթացքում:

Ani Ghulinyan

Վախերը

Յուրաքանչյուր մարդ իր կյանքում երբևէ ինչ-որ վախ է ապրում, և դա բնական է: Ֆոբիա բառը ունի լատինական ծագում և թարգմանաբար նշանակում է` վախ: Բայց ֆոբիան վախի ավելի սրված և հաճախ նաև հոգեական խանգարման հանգեցնող վիճակն է: Ֆոբիաներով տառապող մարդիկ որոշ իրավիճակներում կորցնում են ինքնատիրապետումը:
Այսօր եթե նույնիսկ աշխարհի վրա մեկ մարդ է տառապում ինչ-որ վախով, միանգամից հորինում են նրա մասնագիտական տերմինը:

Օրինակ, գոյություն ունի վախ անհաջողությունից` ստիխիֆոբիա, վախ սեփական արտաքինից` դիսմորֆոֆոբիա, ընթերցածի իմաստը չընկալելուց վախ` ակրիբոֆոբիա, վախ վախենալուց`  քաունթերֆոբիա, վախ Հռոմի Պապից` պապաֆոբիա ու այլ նման անհեթեթ վախեր, որոնց անունները դժվար է մտապահել, չնայած դրանցով տառապողների համար դժվար թե դրանք անհեթեթ թվան:
Ես ուշաթափվելու աստիճան վախենում եմ օձերից, վախենում եմ նրանց մասին պատկերացնելիս անգամ, գրքի մեջ կամ հեռուստացույցով տեսնելիս:
Ամենատարածված վախերն են` վախը փակ տարածությունից, ատամնաբույժներից ու սարդերից:
Ամեն դեպքում որքան էլ տարբեր մարդկանց տարօրինակ վախերը կարող են մեզ ծիծաղելի թվալ, իրականում պետք է հարգանքով վերաբերվել, որովհետև դրանք իսկապես դժվար է հաղթահարել, եթե իհարկե, այն վախ է, այլ ոչ թե ֆոբիա:

Ես իմ բոլոր կատակասեր ընկերներին նախապես զգուշացրել եմ, որ ոչ մի դեպքում չհամարձակվեն իմ հետ չար կատակներ անել օձերի հետ կապված ու, բախտի բերմամբ, մինչև այսօր հետևում են ասածիս:

Ani Harutyunyan

Սիլվեստր

Բարև՛։
Անունս Անի է։ Անի անունով սովորաբար կոչում են աղջիկներին, ու դեռ Անի անուն ունեցող տղայի չեմ հանդիպել, փառք Աստծո։ Սա կենսագրություն չի լինելու, ոչ էլ անվան բացատրություն։ Սկզբի համար ուզում էի ինձ չճանաչողներին մի փոքր փաստել, որ աղջիկ եմ։

Հասարակության մի զանգված ունի հստակ սահմանված օրենքներ ու կարծրատիպեր՝ կապված աղջիկների հետ։ Փորձիր դուրս գալ այդ սահմանումներից, ու քեզ կհամարեն տարօրինակ։ Հա, ուրախ եմ, որ քեզ էլ մի տեսակ չի հուզում՝ ինչպիսին կհամարեն քեզ։

Չէ, սա ոչ էլ շրջապատի կարծիքի ու դրա ազդեցության մասին է։

Ես աղջիկ եմ, ու ինձ չեն հետաքրքրում ռոմանտիկ ֆիլմերը։ Դրանք մի տեսակ ճնշող են։ Ու ընդհանրապես, մեր օրերում ռոմանտիկան, երջանիկ ավարտները քչացել են, դժվարացել։ Դժվար է հասնել ֆիլմային happy end-երի։ Ռոմանտիկ ֆիլմեր նայելով մեզ համար այդպես էլ երազանք է մնում «կինոյի սիրուն տղեն կամ աղջիկը»։ Բայց ռոմանտիկան քննադատելու համար չեմ եկել։

Մենք ունենում ենք որևէ իդեալ, կամքի ուժի օրինակ, ամեն անգամ հուսահատվելիս հիշում ենք նրան ու հաճախ ուժ ստանում։ Օրինակներ գտել եմ ֆուտբոլում, ֆիլմերում, դերասանների մեջ։ Ֆուտբոլից խոսել եմ, էլի եմ խոսելու, հա՛, միշտ։ Այսօր կարծես թե ուզում եմ պատմել մարտաֆիլմերից։

Ես աղջիկ եմ, ու «պուպսիկ» դերասանների խաղն ինձ չի գրավում։ Ես իմ դերասաններին գտել եմ դեռ մանկուց, երբ Ջեկի Չանի, Բրյուս Լիի, Ստալոնեի ֆիլմերի ժամերն ու օրերը գրում էի տան պատերին՝ երևացող մասում, որ բաց չթողնեմ։ Ես մեծացել եմ Ռեմբո ու Ռոքքի Բալբոա նայելով։ Ժամանակի ընթացքում ես հասկացա, որ մարտաֆիլմերը միայն մարդկանց սպանել չեն սովորեցնում. կարողացիր պայքարել, դժվարություններ հաղթահարել, վիրավորվել, ընկնել, կարողացիր բարձրանալ։ Հասկացա, որ Ռոքքի Բալբոան նայելիս փշաքաղվելը սովորական է դառնում, որ Ստալոնե անունը որպես պատասխան հնչելու է այս հարցին՝ ո՞վ է քո սիրելի դերասանը։

Չեմ գրում Ստալոնեի կյանքը պատմելու համար, բայց երբ հիասթափվում ես ու մտածում՝ փակ դռներին վերջ չկա, հիշի՛ր, որ Սիլվեստրի կյանքը կործանման վտանգի տակ է դրվել հենց լույս աշխարհ գալու առաջին օրից։ Բժիշկներն անզգուշաբար վնասել էին նրա ծնոտային մկաններն, ու նա դեմքի մասնակի կաթված էր ստացել։ Իսկ դու շարունակի՛ր, շարունակի՛ր կյանքդ բարդացնել ամենահասարակ երևույթների պատճառով։ Տարիներ շարունակ նրա դեմքին շրխկացրել են բոլոր դռները՝ ասելով, որ նա երբեք դերասան չի դառնա։ Նայի՛ր նրան ու հասկացի՛ր վերջապես, որ քո կյանքն ամենավատը չէ, դու ունես հնարավորություն, ունեցիր նաև կամքի ուժ։

Ես չէի եկել երկար խոսելու։

Թույլ տվեք երկրորդել մի քանի խոսք «Rocky 6» ֆիլմից. «Ո՛չ ես, ո՛չ դու, ո՛չ էլ որևէ մեկն այս աշխարհում այնքան ուժեղ չի հարվածում, որքան կյանքը։ Կարևոր չէ, թե ինչպես ես հարվածում դու, այլ՝ ինչպես ես ընդունում հարվածը, ինչպես ես շարժվում առաջ։

Որոշել ես գնալ՝ գնա՛։ Եթե գիտես քո արժեքը, գնա՛ ու վերցրո՛ւ քո հասանելիքը, բայց պատրաստ եղիր հարվածներին դիմակայելու…»։

Ես գիտեմ՝ դու պատրաստ ես, ուրեմն՝ գնացի՛նք։

 

hovik vanyan dsex

Քաղաքում, թե գյուղում

Երբ մեր գյուղից՝ Դսեղից գալիս եմ Երևան, զգում եմ, որ կենցաղիս և սովորություններիս մեջ փոփոխություններ են մտնում: Հիմա մի երկուսի մասին ասեմ:

Քաղաքում չեմ հասցնում հեռուստացույց դիտել, իսկ գյուղում ստիպված դիտում եմ՝ զգացել եմ, երբ քաղաքում եմ լինում, միշտ ինչ-որ գործեր են առաջանում ու չեմ հասկանում, թե երբ է օրն անցնում, իսկ գյուղում, հատկապես, երբ անձրև է լինում, ստիպված նստում եմ հեռուստացույցի առջև ու էլ ոչ մի բանի հավես չեմ ունենում:

Քաղաքում կարողանում եմ ուշ քնել, իսկ գյուղում անկախ ինձնից, քունս տանում է:

Չգիտեմ՝ միգուցե օդի՞ց է, կամ էլ, երևի, որ բարեկամներիս ուշ-ուշ եմ տեսնում, դրա համար էլ երկար զրուցում եմ նրանց հետ ու մեկ էլ տեսնում եմ՝ ժամը 12-ն է:

Քաղաքում սուրճ եմ խմում, իսկ գյուղում՝ ո՛չ:

Երբ քաղաքում եմ լինում, մի տեսակ ինձ մեծ եմ զգում ու օրը մի բաժակ սուրճ եմ խմում, իսկ գյուղում՝ ճիշտն ասած, նույնիսկ սուրճի պահանջ չեմ էլ զգում:

Քաղաքում հեռախոսիս մարտկոցը ավելի շուտ է նստում, քան գյուղում:

Սա էլ երևի նրանից է, որ հեռուստացույց չեմ նայում: Բայց եթե լուրջ, ինձ թվում է, որ քաղաքում ավելի շատ եմ հեռախոսով խոսում, դե՝ ընկերներով պայմանավորվում ենք, թե որտեղ հանդիպենք:

Քաղաքում ավելի շատ գումար եմ ծախսում, քան գյուղում:

Տրանսպորտ՝ ամեն ինչ ասված է…

Քաղաքում թեյն առանց հացի եմ խմում, իսկ գյուղում՝ հացով:

Այ, սա չեմ կարող ասել՝ ինչից է, դեռ չեմ հասկացել:

Քաղաքում ավելի տեղեկացված եմ լինում, քան գյուղում:

Համեմատած գյուղի հետ, քաղաքում ավելի շատ են լինում սեմինարներ, դասընթացներ, որոնց ժամանակ էլ ավելի շատ եմ տեղեկացված լինում:

Երբ քաղաքում եմ լինում, ինձ կարոտում են, իսկ գյուղում, երևի՝ չէ՛:

Դե, զգում եմ, որ քաղաքում եղած ժամանակ ինձ ամեն օր զանգում են ու հարցնում, թե ոնց եմ, իսկ գյուղում, ճիշտն ասած, այդ արտահայտությունը հաճախ չեմ լսում…

Հ.Գ. Անկախ նրանից՝ քաղաքում եմ լինում, թե գյուղում, ես միշտ ԵՍ եմ մնում…

Milena sedrakyan

Խորովածը

Հայրական գերդաստանս բավականին ահագին մեծ է: Երբ հավաքվում ենք, ու պապիկս ու իր յոթ երեխաները՝ Զարուհին, Հայկը, Քրիստինեն, Սուրենը, Սամվելը, Տիգրանն ու Եսթերը, սկսում են պատմել իրենց մանկությունը, չարաճճիությունները, չգրել ուղղակի չի ստացվում: Տան մեծը՝ Զարուհի հորաքույրս, տատիկիս օգնականն էր ու վեց երեխաների երկրորդ մայրը, աջ ձեռքը:

Հորաքույրներս ու հորեղբայներս պատմում են, որ չնայած հորաքրոջս խստությանն ու պահանջկոտությանը, շատ է սիրել կատակել:

Մի անգամ Զարուհին իր մոտ է կանչում փոքրիկ Եսթերին.

-Եսթիկ, արի հլը…

-Հա, Զար…

-Սովա՞ծ ես, խորոված չե՞ս ուտի:

-Իյա, Զար, էդ ի՞նչ հարց ես տալիս, ո՞նց չեմ ուտի:

Փոքրիկ Եսթերը կանգնում է ավտոտնակի մեջտեղում, փակում աչքերը ու արդեն պատկերացնում, թե ինչպես է ուտելու այդքան սպասված խորովածը:

Իսկ մսի փոխարեն Զարուհին պղպեղ ու սմբուկ էր խորովում, և իրոք դա խորոված էր, չէր ստում:

Վերջապես խորովածը պարաստ էր: Եսթերը բացում է աչքերը ու լաց լինելով գնում:

Մտածում եք՝ ինչ վատ վերջացավ, չէ ՞:

Անցել էին տասնյակ տարիներ: Երկուսն էլ ամուսնացած էին, ու Զարուհին դեռ հիշում էր քրոջ արցունքները:

-Եսթիկս, հագնվի՝ տեղ ենք գնում:

-Ո՞ւր, Զարս:

-Խորոված ուտելու:

Խորոված ուտելու՝ ամենաթանկարժեք ու բարձրակարգ ռեստորաններից մեկում:

Ուղղակի հիանում եմ այն սիրով, որ կա Սեդրակյանների գերդաստանում: Տարիների ընթացքում նրանք ոչ թե ամեն մեկն իր հոգսերի եջ մոռացել է մյուսներին, ընդհակառակը, ավելի են մտերմացել իրար հետ, և ընտանիքը դարձրել իսկական գերդաստան:

Հաղթել ենք

-Սվետա:

-Ա, դե լավ էլի, թողեք` քնեմ:

-Դուրս արի արագ, կարևոր բան եմ ասում:

-Լավ, գալիս եմ:

Այս խոսքերով սկսվեց օրս: Դժգոհ դեմքով արթնացա քնիցս և գնացի տեսնելու, թե ով էր անուշ քունս խանգարում: Դուռը բացեցի և տեսա, որ ընկերուհիներս են: Ժպիտով կանգնել են դռան մոտ և ասում են.

-Հաղթել ենք, գնում ենք Ամերիկա:

-Լավ էլի, կատակի ժամանա՞կ եք գտել:-Չէ՛, չէ՛, ճիշտ ենք ասում, ընկեր Հովհաննիսյանն ա ասել, հաղթել ենք:

Դեմքիս մռայլ արտահայտությունը փոխվեց, բարձր բղավեցի, շնորհավորեցինք իրար: Այս լուրից լավ ոչինչ այսքան չէր երջանկացնի: Հպարտ եմ և շատ ուրախ հաղորդելու, որ «Աշխարհի խոշորագույն տեխնոլոգիական ձեռներեցությունը աղջիկների համար» մրցույթում «Կրթություն» անվանակարգում հաղթող է ճանաչվել մեր One Step Ahead թիմը՝ Armenian Sign Language հավելվածով: Այդ ծրագրի մասին արդեն գրել եմ նախորդ նյութերից մեկում: Ամիսներ շարունակ աշխատելով ծրագրի վրա, շատ դժվարին և հանրօգուտ աշխատանք կատարեցինք: Այսօր այլևս սովորական օր չէ ինձ համար, որովհետև ամեն տարի օրացույցի վրա կարմիր գույնով կնշեմ և կհիշեմ, որ սա իմ և իմ թիմի համար առաջին խոշոր հաղթանակի օրն է: Այս ամիսների ընթացքում մենք մեծ աշխատանք կատարեցինք, ուրախ ենք, որ մեր աշխատանքը գնահատեցին շատերը: Ուրախ ենք, որ մեր երկիրը ներկայացնելու ենք համաշխարհային մրցույթում, ինչը շատ պատասխանատու է:

Այսքանը, սիրելի ընթերցող: Ուրախ եմ, որ մեր ձեռքբերումները կիսում եմ ձեզ հետ: