Ինչն է ինձ հուզում խորագրի արխիվներ

մարթա մինասյան սյունիք

Փոքրիկ Արև-Արեգը

Հունիսի 16-ը ինձ համար, կարող էր սովորական մի օր լինել, ինչպես  ամսաթվերի մեծ մասը: Բայց հիմա այն ավելի կարևոր, նշանակալից ու արևոտ օր է, քան իմ ծնունդը: 

Այդ օրն է ծնվել «Քառօրյա պատերազմի»  հերոս՝ թեժ մարտերում զոհված Արմեն Հովհաննիսյանի միակ զավակը` Արեգը:

Ես շատ ուրախացա, երբ իմացա, որ պետք է գնամ և զվարճացնեմ այդ մանկիկին: Նրանք ապրում են Սյունիքի մարզի Ծղուկ գյուղում, և չնայած հեռավորությանը` մեծ ուրախությամբ և  հուզմունքով ուղևորվեցինք  նրանց տուն:

Ճանապարհին պատկերացնում էի,  որ ներս մտնելիս տան ինչ- որ անկյունում, անտրամադիր նստած փոքրիկի եմ տեսնելու, բայց  սխալվեցի:Արեգը մեզ դիմավորեց մուտքի մոտ` պայծառ ժպիտով ու անսահման ուրախությամբ: Այդ պահից հասկացա, որ նա պարզապես  «փոքրիկ արև »է, և  իր ժպիտով մեծ ուրախություն է  պարգևում բոլորին:

Արեգը պատրաստակամ հագավ վագրիկի շորիկը և վագրին վայել խաղով ու մռնչյունով սկսեց «վախեցնել» բոլորիս:   Շատ ուրախ էր   հատկապես տորթի համար, որի վրա Մաշան և Արջն էին: Մոմերը փչելուց առաջ նրան հարցրի, թե ինչ նվեր է ուզում ստանալ: Ասաց, որ ուզում է տանկ ունենալ, և Արեգի  մայրը չկարողացավ զսպել արցունքները: Հետո  բոլորս միասին սկսեցինք երգել ու պարել: Արեգն էլ միացավ մեզ`արտասանեց ու հայրենասիրական երգ երգեց: Նրա հասակակիցները հիմնականում երգում են խաղերի, կենդանիների և մայրիկի մասին, իսկ նա` հայրենիքի:

Երբ  ավարտեցինք ևս մի երգ, փոքրիկն իր քաղցր ձայնով ասաց. -Մա՜մ, բա մոմերը չե՞նք փչում:

Վերջապես մոմերը փչեց, և շարունակեցինք ուրախ տոնը:  Սկսեցինք խաղալ Արեգի հետ, ավելի ճիշտ, նա էր խաղում,  իսկ մենք նայում  և ուրախանում էինք: Տղան զիլ ձայնով,  հերթով պայթեցնում էր բոլոր փուչիկները: Սկզբում պայթեցնում էր ձողիկով, հետո  փոխեց ռազմավարությունն ու սկսեց դրանք պայթեցնել` վրան  նստելով: Ամեն փուչիկի պայթյուն ավելի ու ավելի էր աշխուժացնում ծննդյան տոնը ու, թեև վագրիկի հագուստը  փոքր-ինչ մեծ էր վրան, բայց չէր նեղվում ու  անսահման երջանիկ վազվզում էր այս ու այն կողմ: Երբ հասավ նվերների  պահը, Արեգն ուղղակի ապշեց.

-Պահոոոոոոոոոոոո, ինչ շատ ա՜:

Իսկ երբ  շուռ տվեց գետնին, նվերները մի մեծ բուրգ կազմեցին, որից Արեգն  ավելի ուրախացավ:

Նրան այնքան էր դուր եկել մեր ներկայությունը, որ թույլ չէր տալիս հրաժեշտ տայինք:

Արեգը երջանիկ էր, որ մարդիկ են եկել, խաղում ու զվարճանում են իր հետ, իսկ մենք տխուր էինք: Տխուր էինք, որ հայրը չի կարող վայելել իր մանկան հրճվանքը, տեսնել, թե ոնց է մեծանում: Տխուր էինք, որովհետև Արեգը տղամարդ է դառնալու` անընդհատ զգալով իր հոր կարիքը:

Երբ այցելեցի նրանց, հասկացա, որ բոլորս պետք է այցելենք մեր հերոսների զավակներին, մենակ չթողնենք:

gayane avagyan

Ախ, այդ թեյնիկի ձայնը, որը խանգարում էր երազել…

Ասում են` երազներով ապրել չի կարելի: Բայց առանց երազների էլ կյանքը անհետաքրքիր կլինի:

Ինչպես ամեն երեկո, այսօր էլ նստած եմ իմ սենյակում`գրասեղանիս առաջ, ականջակալներս ականջներիս  ու տեղափոխվել եմ ապագա: Նույնիսկ մոռացել եմ, որ թեյնիկը գազի վրա է, ու հիմա ուր որ է` կեռա: Մերոնք էլ հյուր են գնացել. ես ու քույրս ենք տանը: Դե, պարզ է, քույրս ֆիլմ է դիտում ու դժվար թե ֆիլմը թողներ ու թեյնիկին նայեր: Ես էլ սովորությանս համաձայն, մոռացել եմ, որ թեյ եմ պատրաստելու: Մինչ թեյնիկը եռում է, ես մրսելով  թափառում եմ փողոցներով: Երեկո է, փողոցները լուսավորվում են  լապտերների թեթև լույսով: Անձրև է գալիս, ես էլ մրսում եմ ու դողացնում: Նստել եմ նստարանին ու շուրջս եմ նայում:

Ամեն ինչ անծանոթ է: Չէ, սա իմ Աբովյանը չէ, քաղաքիս ծանոթ դեմքերն էլ չկան: Կարծես թե ես միայնակ եմ այս տարօրինակ վայրում ու  «Բիթլզ» եմ լսում: «Բիթլզ», անձրև, մենություն ու ես. կատարյալ պահ: Հանկարծ ոտնաձայներ լսեցի: Մինչ ես ուշադիր շուրջս եմ նայում, ինչ-որ մեկի  հագուստը` կոստյումը,  ինձ ջերմորեն տաքացրեց: Ես շրջվեցի, որ տեսնեմ, թե ով է այդ բարին: Հանկարծ երաժշտությունս ավարտվեց, ու մի ձայն հնչեց ականջներումս: Մտածեցի` քամու ձայնն է, բայց ոչ, ներկան է կանչում ինձ:

Ախ, այդ թեյնիկի ձայնը, որ խանգարում էր երազել…

Sona mkhitaryan

Երազանքներ, որոնք չիրականացան

Նախորդ հոդվածիս մեջ գրել էի, որ 2 շաբաթից հասնելու է ծիրանը: Մեր գյուղում շատ կան այնպիսի մարդիկ, ովքեր ունեն ծիրանի այգիներ: Այդ այգիներին գրեթե բոլորը ասում են ծիրանանոց: Երեխաների համար սկսվել է, այսպես կոչված, «գործի սեզոնը», ինչպես նրանք են ասում: Ամեն քայլափոխի կանգնած են խմբով տղաներ, որոնք միասին քննարկում են, թե ում մոտ արժե գնալ, որ իրենց «ձեռք տա»: Այնքան  են խոսում, պլանավորում: Երեկ մեր փողոցի տղաները կանգնած որոշում էին ժամը, վայրը, թե որտեղ պետք է հավաքվեն:

-Ախպերս, առավոտը 7-ին մեր կռուգը:

-Չուշանաս հանկարծ, 2 րոպե էլ ուշացար, էթալու եմ:

Ու այս նույն բառերը մեկը մյուսին անընդհատ ասում էին:

Ես մոտեցա իրենց, հարցրեցի, թե ինչ են այսքան երկար խոսում ու քննարկում:

-Վաղը արդեն գործի ենք: Վերջապես… Մեռանք տունը նստելով:

-Բա ի՞նչ ես առնելու հավաքած գումարով:

-Հեռախոս եմ ուզում առնել, տենամ` ոնց կլինի:

-Բայց էդքան կաշխատե՞ս, որ մի հեռախոսի գին լինի:

-Տո հա, ոնց չէ… Մի 70 հազար նաղդ աշխատող եմ:

Ես էլ բան չասացի: Գիտե՞ք ինչ, գյուղի երեխաները դժվար կյանքով են ապրում, բայց արժանապատիվ են ապրում:

Բայց դեռ չեմ ավարտել հոդվածս:Այս երեխաների ուրախությունը այդքան էլ երկար չտևեց:Նրանք իրենց աշխատած գումարը հավաքում էին և մեծ հույսեր ունեին կապված իրենց բերքի հետ:Դե, կհավաքեին բերքը, կվաճառեին և հավաքված գումարները կմիացնեին իրար: Ափսոս…

Օրեր առաջ մեզ մոտ այնպիսի առատ անձրև և կարկուտ եկավ, որ իր հետ լվաց ու տարավ բոլորի հույսերն ու երազանքները: Բոլորի հույսը իրենց հողամասերն էին: Ամբողջ տարին տանջվելով մշակում են, առանց մի պահ պատկերացնելու, որ հնարավոր է մի գիշերվա մեջ ամեն ինչ մնա ջրի տակ:

Այդ գիշեր հարևաններից մեկը մեզ ձայն տվեց և լապտեր էր խնդրում: Գնում էին իրենց դաշտ, տեսնեին, թե ինչ վիճակ է: Մեկ ժամ էլ չանցավ և հետ եկավ.

-Հը՞ն, ի՞նչ վիճակ էր:

-Բան չկար: Առաջ էլ չենք գնացել. ջուրը շատ բարձր էր, ամեն ինչ մնաց  ջրի տակ:

Այդ գիշեր ես անընդհատ մտածում էի այդ մասին, թե ինչ պիտի անեն այդ մարդիկ: Առավոտյան արդեն բոլորի խոսակցության թեման դա էր.

-Այ մարդ, ո՞նց կլինի բա էս ժողովրդի հալը:

-Մեղք էլ են, հա…

Եվ այսպես շարունակ: Գյուղապետարանում ասել են, որ հողի և ջրի վարձերը չեն պահանջի տուժածներից, բայց… Բայց դա հարցի լուծում չէ:

Ու այդպես էլ երեխաներից շատերի հեռախոս, հեծանիվ, Nike սպորտային կոշիկ գնելը երազանք մնաց:

Շուշան Վահանյան

Ավարտելուց հետո

Երբ ինձ ասում էին.

-Վերջ, էլի, դպրոցը ավարտեցիր:
Ես միշտ հակառակվում էի: Չէ, հլը չեմ ավարտել, կավարտեմ էն ժամանակ, երբ քննություններս բարեհաջող հանձնեմ:

Քննություններս էլ հանձնեցի, էլի շնորհավորում էին ավարտելու կապակցությամբ ու էլի ասացի` չէ, հլը չեմ ավարտել: Սպասեք` վկայականն էլ ստանամ, ու նոր: Ու իրոք, ինձ համար դպրոցն ավատելը վկայականն ստանալն էր:

Չեք պատկերացնի, երբ դասընկերուհիս եկավ մեր տուն ու ասաց.
-Վաղը գնալու ենք դպրոց` վկայական ստանալու:
Ուրախացա:
-Վերջապես… Ինչքան էի սպասում:
Առավոտյան եկանք դպրոց: Ճիշտ է, ուրախ էինք, կատակներ էինք անում, խոսում, քննարկում առաջիկա էքսկուրսիայի, անելիքների մասին, բայց կար խորը հուզմունք, ու բոլորս էլ հասկանում էինք: Վերջ դպրոցական կյանքին. վերջին զանգ, դպրոցական վերջին ավարտական քննություններ, վկայական…
Ու այդ օրը ես հասկացա, որ վերջ, մենք արդեն էլ սրտատրոփ չենք սպասելու սեպտեմբերի մեկին, որ գնանք մեր սիրելի դասարան, տեսնենք սիրելի դասընկերներին, սիրելի դասղեկին և ուսուցիչներին: Հետո մի պահ ուշքի եկա: Ես ապրում եմ Շիրակի մարզի Բանդիվան գյուղում: Նրանք, ովքեր բուհ կընդունվեն, արձակուրդներին կտեսնենք, տղաներին` 2 տարի բանակում ծառայելուց հետո, իսկ մյուսները… Մյուսնե՞րը, ի՞նչ են անելու մյուսները, որոնք հնարավորություն չեն ունենա ուսումը շարունակելու, աշխատանք կգտնե՞ն գյուղում: Երևի ամենաշատը այս անորոշությունից էինք տխուր:

astghik qeshishyan

Գտնված երազը, որ կորցնում ենք

Երեկ քննություններն ավարտելուց հետո առաջին անգամ հյուր էի գնացել: Բարեկամիս երեխաների հետ շփվել գրեթե չհաջողվեց. մուտֆիլմ էին դիտում: Որոշեցի ինքս միանալ նրանց, բայց 10-15 րոպե անց իրոք փոշմանեցի: Դե պատկերացրեք՝ մուլտֆիլմը որքան սարսափելի պիտի լինի, որ գերադասեմ վերադառնալ մեծերի մոտ ու լսել նրանց ձանձրալի զրույցները: Ո՛չ լեզուն հասկացա, ո՛չ կերպարներին, ոչ էլ առավել ևս սյուժեն. անտրամաբանական արարածները անկապ, անիմաստ ձայներ էին արձակում, ու չէի էլ հասկանում՝ ով ում բարեկամն է, ով ինչ է ուզում անել: Իսկ երեխաները ոգևորված դիտում էին ու կրկնօրինակում դրանց ձայներն ու շարժումները:

Ես իհարկե կարող էի գրել. «Բա մեր ժամանակ էսպե՞ս էր» ծամծմված նախադասությունը, բայց չէ՞ որ ինքս էլ այս ժամանակից եմ ու գիտակցում եմ՝ բոլոր ժամանակներում էլ եղել են, կան, կլինեն լավն ու որակյալը նախընտրող երեխաներ, միայն թե ծնողներն էլ պիտի ուղղորդեն ու օգնեն:

Երբ փոքր էի, հայրս հայկական մուլտֆիլմերի սկավառակ նվիրեց: Ես այդպես էլ ամբողջ պարունակությանը չծանոթացա, քանի որ «սիրահարվել էի» երկար մազերով, վարդագույն զգեստով, այնպե՜ս քնքուշ ու այնպե՜ս բարի աղջնակին և նրա՝ քունը կորցրած պապիկին ու միայն իրենց էի դիտում, իրենց հետ մեծանում: Վստահ եմ՝ հասկացաք՝ խոսքը «Գտնված երազ»-ի մասին է, որը մինչ օրս էլ իմ ամենասիրելի մուլտֆիլմն է: Շատ եմ սիրում նաև «Պինգվինաշենը»: Փոքրիկ Վինի` «Նախ անում եմ, ինչ կամենամ, հետո դիմում ծնողներիս: Հարմա՜ր է այդպես:» արտահայտությունը իմ ու շատ ուրիշների մանկության կարգախոսն էր, որով արդարացնում էինք մեր չարաճճիությունները…

Միայն բարեկամի երեխաները չէին, որ «ստիպեցին» ինձ գրել մուլտֆիլմերի մասին: Այսօր Հանրային հեռուստաալիքը հերթական անգամ ցուցադրեց «Հայելին» մուլտֆիլմը: Ու ես հերթական անգամ սկսեցի մտածել այս մասին. «Ընտիր մտահղացում է և շատ ավելի խորը գաղափար ունի, քան շատ ֆիլմեր, բայց ախր, ինչո՞ւ են կերպարները, միջավայրը այսքան մռայլ ու անտեսք: Արդյո՞ք այս վախենալու հերոսները ինչ-որ ձևով կկարողանան գրավել մանուկներին: Չէ՛, համոզված եմ, որ չեն կարող: Փոքրիկ Աստղիկին հաստատ չէին գրավի»: Ուրեմն, ինչո՞ւ «Հայելու» հավես սցենարին և հայկական շատ այլ մուլտֆիլմերի սցենարներին նոր ու պայծառ զգեստներ չհագցնենք, որ երեխաները հաճույքով դիտեն, մեծերն էլ չասեն. «Բա մեր ժամանակ էսպե՞ս էր»:

emma qosakyan

Աղմկեք իմ սրտում ու հոգում…

Երեկ քայլում էի փողոցով, ու հանկարծ ականջիս հասավ քիչ հեռու կանգնած զրուցակիցների խոսակցությունից մի մաս. «Մարդկությունը օր-օրի փոխվում է, օր-օրի փչանում»,- կրկնում էր տարեց մի մարդ:

Անկեղծ ասած, երբեք չէի մտածել այս ու նմանատիպ հարցերի շուրջ: Հատկապես վերջերս միակ մտահոգությունս բուհ ընդունվելն էր: Եկա տուն շատ տպավորված իմ լսածով: Ու մտածում եմ, փաստորեն օր-օրի դեպի բացասականն է քայլում այն մարդկությունը, որի մի մասն եմ նաև ես: Բայց, չէ, չհամաձայնեցի լսածիս հետ: Թեև կան թերի կողմեր, բայց լույսն ու էներգիան ավելի շատ է: Սակայն մի սև գիծ կա, որ չեմ կարող չնկատել: Մարդիկ դարձել են «աղմկոտ», դարձել են շատախոս: Նրանք հաճախ խոսում են դատարկ բաների մասին: Անվերջ կրկնում են. «Ես ունեմ, ես կտամ, ես կգամ, ես քեզ հետ եմ, ես, ես, ես…»:

Ասում են, բայց հաճախ չեն նկատում, որ ինչքան էլ գոռան, տանը սյուն է հարկավոր: Սյունն ինքն իրեն չի կառուցվեու, պետք է իրենք կառուցեն: Մարդիկ մոռացել են, որ պետք է շատ գործել ու քիչ խոսել: Պետք չէ անվերջ կրկնել, թե ես լավ երգիչ եմ, ավելի լավ է` երգել ու ցույց տալ: Պետք չէ անվերջ կրկնել, թե քեզ հարգում եմ` պետք է ցույց տալ:

Ու այսպես, այս «պետք է»-ների շարքը, թվում է, անվերջ է: Նրանք թող աղմկեն իրենց քայլերով, պահվածքով, վարքագծով մեր սրտում ու հոգում: Այնպես աղմկեն հոգում, որ ոգևորությունից չքնենք ողջ գիշեր, այլ ոչ թե հոգնությունից, մենակ ու լքված զգալուց: Եվ ոչ թե մտածենք, թե առավոտյան ինչպես ենք մեր խնդիրը լուծելու, այլ նյարդայնացած մտածելու, թե վաղն էլի նույն խոսքերն ենք լսելու, գլխացավ առաջացնող կրկնությունները:

Ես անցորդ տարեց մարդու հետ մեկ է, չեմ ուզում համաձայնվել, որովհետև չեմ ուզում դառնալ այդպիսին: Պարզապես պետք է մեզնից սկսենք, ոչ թե պահանջենք: Պարզապես պետք է հայտնվել ճիշտ պահին ճիշտ վայրում ու աղմկել բարձր, շատ բարձր` մեր ջերմությամբ, հոգատարությամբ, դիմացինի հանդեպ սիրով, դրական էներգիայով` մինչև դիմացինի սրտի ամենանուրբ թելերը…

Լուռ աղմկենք:

Անանձնական մտահոգություններ

Լուսանկարը՝ Հռիփսիմե Եղիազարյանի

Լուսանկարը՝ Հռիփսիմե Եղիազարյանի

Թույլ տվեք միանգամից ասել, որ ինձ հուզում է այն ամենը, ինչ հուզում է Հայաստանին, քանի որ այն կենդանի օրգանիզմ է, ինչպես մեզանից յուրաքանչյուրը: Հազար ու մի բան է անցել մեր երկրի գլխով, ավելի ճիշտ՝ Հայկական լեռնաշխարհի: Պետք է խոստովանեմ, որ Հայաստանի պատմության թանգարանում աշխատելու տարիներն ինձ շատ փոխեցին. ստիպեցին ավելի խորը զգալ իմ արմատները, դե իսկ ճամփորդությունը դեպի Արևմտյան Հայաստան՝ ինչ ասել է գերտերությունների շահեր, աշխարհաքաղաքական նկրտումներ, անարդարություն և այլն: Հայաստան ժամանող զբոսաշրջիկների հետ աշխատելով` ես տեսնում էի ու տեսնում եմ այն, ինչը գուցե սովորական ճամփորդությամբ չէի էլ նկատի: Այն կարծես ջրի երես է հանում քո երկրի, պետության ու հասարակության բոլոր լավ ու վատ կողմերը, որոնք քեզ՝ որպես ՀՀ քաղաքացու, քո երկրի ներկայով ու ապագայով մտահոգված մարդու, ինչպես ուրախացնում, այնպես էլ տխրեցնում է ու հուզում: Անկախությունը մեզ տվեց ինչպես մի շարք հնարավորություններ, այնպես էլ մի շարք խնդիրներ. այս 25 տարիների ընթացքում մենք առերեսվեցինք ու ամեն օր առերեսվում ենք մեր ազգային հոգեկերտվածքի, մտածելակերպի այնպիսի դրսևորումների հետ, որոնք Խորհրդային Միությունը կարողանում էր ճնշել՝ հաստատելով հասարակական իր անբեկանելի օրենքները համապատասխանաբար հասարակության յուրաքանչյուր խմբի նկատմամբ, և որոնք Միության փլուզումից հետո՝ այժմ, երևան են գալիս իրենց խաթարիչ հասարակական դրսևումներով և հետևանքներով, որոնք անմիջականորեն ու գերակշիռ կերպով ազդում են մարդկանց՝ երկրի նկատմամբ ունեցած իրենց վերաբերմունքի վրա: Անշուշտ, այդ դրսևորումներն ունեն ինչպես իրենց օբյեկտիվ, այնպես էլ սուբյեկտիվ պատճառներ: Հավանաբար հենց դրանցով էլ պայմանավորված է իմ՝ այդքան շատ ընկերների, ընտանիքներով Հայաստանից հեռանալը՝ ասելով. «Ստեղ ապագա չկա»:

Ինձ հուզում է այն, որ իմ մասնագիտությունը՝ սոցիոլոգիան, ապահովված չէ հայալեզու գրականությամբ, ու երեք տարի առաջ դրանով զբաղվելու իմ մղումը պայմանավորված էր նրանով, որ ուսման վեցը տարիների ընթացքում, մասնագիտանալով օտարալեզու գրականությամբ, ես տեսնում ու լսում էի, որ աստիճանաբար այն ազդում է ուսանողների լեզվամտածողության վրա, որի հիմքն իրականում հայերենն է և ոչ թե ռուսերենը, անգլերենը, ֆրանսերենը, գերմաներենը կամ էլ իտալերենը: Իմ խորին համոզմամբ, մեր հայոց լեզվի ճկունությունը, հարստությունն ու գեղեցկությունը թույլ է տալիս կատարել ամեն տեսակ թարգմանություններ: Ըստ իս, սոցիոլոգիան (այդ թվում և վերջինիս տերմինաբանությունը) հրաշալի տեղավորվում է հայոց լեզվի շրջանակներում: Դե իսկ մնացածն արդեն կախված է թարգմանչից:

Ինձ հուզում է մեր երեխաների դաստիարակության, կրթության հարցը՝ ընտանիքից, մանկապարտեզից ու դպրոցից սկսած: Սա բարդ հարց է, որի մեջ ես այժմ չէի ցանկանա շատ խորանալ: Միայն կասեմ, որ անկախությունը հնարավորություն տվեց մեզ տեսնել, թե ինչ է կատարվում դրսում, գնալ, անմիջական մասնակցություն ունենալ ամենատարբեր միջազգային ծրագրերի, ընդլայնել մտահորիզոնն ու աշխարհայացքը, որն, ինչ խոսք, հրաշալի է: Բայց մեդալի մյուս երեսին նայելով, ես տեսնում եմ, որ այսօր (ինչպես և մշտապես բոլոր հասարակություններում) ավագ սերնդի գերխնդիրն է` դաստիարակել Հայաստանն ու Արցախը սիրող, իր ապագան Հայաստանում տեսնող ու Հայաստանի հետ իր կյանքը կապող քաղաքացու, հասարակության լիարժեք անդամի, սեփական երկրի ժառանգությանը, ինչպես նաև համաշխարհային, իրավունքներին ու պարտականություններին քաջածանոթ մարդու, որը, չնայած բոլոր դժվարություններին, խոչընդոտներին, չի հեռանա սեփական երկրից, այլ կձգտի ամեն գնով ինչ-որ ներդրում ունենալ այս կամ այն ոլորտի զարգացման մեջ, այլ ոչ թե ասի. «Դե հիմա ինչ էլ լինի, Ռուսաստանը կա ու կա», ու օրերը հաշվի Հայաստանից փախչելու համար: Գտնում եմ, որ ցանկացած երկրի, պետության քաղաքացուն «ներսը» պետք է հետաքրքրի ավելի, քան «դուրսը»: Եվ վերջապես՝ ապագա կա ամենուր: Պետք է միայն անկոտրում կամք, ցանկություն, սեր ու սեփական իրավունքների, պարտականությունների ու օրենքների իմացություն: Իսկ իրավունքները տրված չեն դրանցից օգտվելու համար, այլ տրված են պայքարելու համար: Եվ ես մնում եմ այստեղ՝ Հայաստանում, ստեղծելու, արարելու և ապացուցելու, որ «ստեղ կա ապագա»:

sofi tovmasyan

Խառը մտքեր

Այսօր շատ մարդիկ բողոքում են լեզվից ու ոճից, որով գրում են ժամանակակիցները: Ուզում են ամեն ինչը կաղապարված լինի: Ես որ իմաստը չեմ հասկանում: Սովորական, ճռճռան, իրենց համն ու հոտը կորցրած բառերը մեր կյանքում էլ տեղ չունեն:

Հա՛, դասականներից շատերը ընտիր են գրել, ու մինչև հիմա էլ իրենց գործերը ընթերցվում են, բայց դե, մի քիչ առաջ շարժվելը չէր խանգարի:
Ես հայոց լեզուն պաշտում եմ ու աղավաղելու պատճառ ու ցանկություն չունեմ: Բայց կան մարդիկ, որ, դեմ լինելով մերօրյա գրողներից շատերի գրելաոճին ու լեզվին, կարող են հանգիստ բակում «պըպզող քյարթուին» ու բամբասկոտ կնոջն էլ գրագետ ու մաքուր հայերենով խոսացող դարձնել:

Չեմ գրում գրագետ ու համալսարան ավարտած դարձնել, որովհետև մեր շրջապատում նման մարդիկ շատ են:
Ավարտում են, դիպլոմը «խփում են թևների տակ» կամ, լավագույն դեպքում, օժիտի մաս սարքում ու քաշվում մի կողմ: Շատերը չեն էլ ավարտում. բա «լավ» տղերքի ընտրյալներ են. ի՜նչ համալսարան, ի՜նչ մասնագիտություն:

Մենակ` տու՛ն, լվա՛ցք, մաքրությու՛ն…
Շարքի վերջում մի 4-5 տարի «լռվողներին» ու բլոտ խաղացողներին անգամ կարմիր դիպլոմը չի փրկի:
Համալսարան ավարտելը դեռ կիրթ լինելու երաշխիք չէ: Բայց դե սա արդեն ուրիշ թեմա է: Ասածս էն է` եթե մարդը այդ պահին նման ձևով է զգում, պետք չէ, որ հանուն հասարակության որոշ անդամների տափակության ու հնադարյան մտածելակերպի փոխի իր զգացածն ու լղոզի մտքերը, դարձնի սովորական, նմանվող…

Զգացածդ թղթին հանձնել կարողանալը հրաշալի բան է: Ինչ ուզես ու ոնց ուզես` կգրես: Ամբողջը կմնա քո ու սպիտակի միջև, կլինի ձեր փոքր գաղտնիքը…
Գրեք ամբողջ սրտով, մտեք ստեղծագործելու պրոցեսի մեջ ու, եթե անգամ ասեն, որ դուք աշխարհի ամենաանտաղանդ մարդն եք, մեկ է, շարժվե՛ք առաջ, աշխատե՛ք շա՜տ-շա՜տ ու պահպանե՛ք կյանքի հետաքրքիր ակնթարթները:

Հ.Գ Էս ամբողջը առաջին հերթին ինքս ինձ եմ ասում, հետո նրանց, ովքեր կկարդան …
Թղթերս ու գրիչս գրասեղանիս նստել ու անհամբեր ինձ են սպասում: Գնացի:

- Մա՜մ, մի բան պակասում ա. գուցե կիտրոնով թե՞յ:

Երբ գտնում ես՝ նորից կորցնելու պայմանով

Թերթում եմ գրքիս էջերը, հետո էլի եմ թերթում` ասես ինքս ինձ համոզելով, որ կարդում եմ, իսկ, եթե իրոք կարդում եմ, ապա ձևացնում եմ, թե հասկանում եմ, բայց իրականում մտքերս ուրիշ տեղ են հասել: Չգիտեմ` ուր, գուցե` Մարս, կամ ասենք այնտեղ, որտեղ միայն մտքերս կարող են գնալ: Ինչևէ: Էլի եմ թերթում: Պատահում է, չէ՞:

Լուսանկարը` Անի Ավետիսյանի

Լուսանկարը` Անի Ավետիսյանի

Հա, հաստատ բոլորի հետ էլ պատահել է, որ ինչ-որ տեղ, ինչ-որ պահի, կորցրել ենք բոլոր հարցերի պատասխանները: Բոլոր նրանք, որոնց մաս առ մաս հավաքել էինք օրերի, ամիսների ու նույնիսկ տարիների ընթացքում: Կորցրել ենք ու մոռացել այն գտնելու ճանապարհը, ու երևի մեզանից ամենահամարձակները նորից են փորձել հավաքել դրանք, ոմանք դադարել են հարցեր տալուց, իսկ շատերի մոտ դրանք ուղղակի անպատասխան են մնացել… Բայց դուք էլ եք կարծում, չէ՞, որ կյանքն առանց հարցերի անիմաստ էր լինելու: Իսկ դրանց պատասխանները գտնելու ճանապարհը մեզ համար միշտ էլ յուրօրինակ դպրոց է լինում: Երբեմն`բառիս ամենաբուն իմաստով: Դե, ասենք բոլորդ էլ ցանկացել եք իմանալ, չէ՞, թե որտեղից է մարդն առաջացել: Եվ երևի քչերս ենք իմացել մինչև դպրոց գնալը: Դպրոցում անցել ենք Եկեղեցու պատմություն, ու մեզ համար պարզից էլ պարզ է դարձել, որ մարդկային սերունդն առաջացել է Ադամից ու Եվայից: Թվում է, թե գտել ենք մեզ հուզող ամենակարևոր հարցի պատասխանը, բայց, երբ սկսում ենք դպրոցում անցնել կենսաբանություն, պարզվում է, որ նորից կորցրել ենք այն: Ու չնայած, որ ես ու էլի ինձ նման մի քանիսը շարունակ վիճում են կենսաբանության ուսուցչի հետ, որ մարդն ամենևին էլ կապիկից չի առաջացել, բայց և այնպես, մեզ անհանգստացնող հարցը նորից ու նորից խանգարում է մեզ: Եվ նորից սկսում ենք զրոյից հավաքել մեր պատասխանը:

Կյանքում էլ այսպես է: Մեր շրջապատում այնքան անպատասխան հարցեր կան, որոնց բոլորին պատասխանել ուղղակի անհնար է, իսկ, եթե փորձում ենք պատասխանել մեկ- մեկ, ստացվում է այնպես, որ դեռ մի հարցի պատասխանը նոր գտած, կորցնում ենք այն: Այ օրինակ, երբևէ մտածել ե՞ք, թե ինչու են մարդիկ վախենում իրենց իսկ երազանքներից: Ես մտածել եմ:

Լսել եք, չէ՞, հաճախ ասում են, որ մարդ առանց երազանքների մարդ չէ: Բայց չէ՞որ շատերն էլ ասում են, որ իրենք երազկոտ չեն: Իրենց համար էլ անուն են հորինել՝ ռեալիստ: Բայց ախր, ո՞վ չգիտի, որ նրանք էլ երազանքներ ունեն, ուղղակի իրենք իրենց լեզվով դրան նպատակ են կոչում: Հետաքրքիր մարդ արարած: Ու պատկերացնո՞ւմ եք` նույն երազանքն ունեցող երկու տարբեր մարդիկ կարող են երկու տարբեր ուղղություններով նայել, որովհետև մեկի համար դա երազանք է, իսկ մյուսի համար` նպատակ: Իսկ երազանքները, որպես կանոն իրականանում են պատահաբար կամ չեն իրականանում ընդհանրապես: Նպատակների համար մարդիկ պայքարում են: Ստացվում է, որ մեկի երազանք- նպատակն իրականացավ, իսկ մյուսինը`ոչ: Հենց այսպես էլ մարդիկ սկսում են զարմանալ, զայրանալ ու բողոքել: Հետո սկսում են վախենալ. իսկ եթե իմ երազանքում ինչ- որ բան սխա՞լ է եղել: Կամ, չգիտեմ, ինչ-ինչեր:

Կարծում եմ՝ կարողացա պատասխանել կարևոր հարցերից մեկին: Չգիտեմ, որքանով էր համոզիչ կամ ճիշտ պատասխանս, բայց երևի ձեզ հուզող հարցերի քանակը գոնե մեկով պակասեցրեցի: Իսկ ինձ անհանգստացնող հարցերը գնալով ավելանում են:

arpine khachatryan-2

Պայքար

-Պայքա՞ր… Հանուն ինչի՞, էս երկրում եք ուզում բան փոխե՞լ, էհ, մեկ ա, անիմաստ ա, մեկ ա, էս երկրում բան չի փոխվի…

Այս մտածելակերպն ունի ազգի մեծ մասը, մի զանգված, որը չի կարողացել իր մեջ ինչ որ բան փոխել, ու հա, ինքը էդպես էլ մտածում է, ու դա իր համար նորմալ է: Ուղղակի ուզում եմ այդ մարդկանց ասել. դուք անհաջողակ եք, հա, իրոք, դուք անհաջողակ եք, որովհետև վախենում եք փոփոխությունից, որովհետև դուք պարտվել եք հենց Ձեզ, որովհետև Ձեզ կա՛մ դաստիարակել են ստրուկի հոգեբանությամբ, կա՛մ դուք եք Ձեզ այդպես ներշնչել:

Իմ ծնողներն ինձ մեծացրել ու դաստիարակել են, որ դառնամ լավ մարդ,ամեն ինչ արել ինձ համար տանջվելով, որ դառնամ արժանավոր քաղաքացի, ոչ թե ստրուկի հոգեբանությամբ, առանց ըմբոստության մարդ, որը կյանքում էդպես էլ չի ձևավորվի որպես անհատ:
Երբ պատմության էջերն եմ թերթում, էնպիսի անունների եմ հանդիպում, ու իրենց հետ կապված դեպքեր, հերոսություններ կարդում, որ ամաչում եմ, ամաչում եմ, որ հնարավոր է` չդառնամ իրենց պես պայքարող, իրենց պես քաջ ու հայրենասեր: Հայրենասեր, ոչ թե ազգայնամոլ, թերությունները չծածկող մարդ, ոչ թե շարքային թալանչի:

Գիտե՞ք, ոչ մեկիս համար էլ դժվար չի թողնել այս երկիրն ու գնալ… Այնտեղ, քիչ թե շատ, բոլորն էլ մի բնագավառում իրենց տեղը կգտնեն, իսկ Հայաստանը ո՞ւր մնաց: Բա էստե՞ղ ով է ապրելու, ովքե՞ր են սիրելու, մեկ-մեկ զայրանալու, ժպտալու, ծիծաղելու… Ովքե՞ր… Մտածեք այս ուղղությամբ, ու կհասկանաք, որ լավ երկիր ունենալու համար առաջին հերթին պետք չի ծախվել, պետք չի ծախել Ձեր ձայնն ու խոսքը 5000-10.000-ի սահմաններում գտնվող թղթադրամներին… Մեկ է, այդ փողը վերջանալու է, իսկ դուք էլ հետ չեք կարող բերել ոչինչ, ու էլի դատապարտված եք լինելու ապրել 4 պատի մեջ, առանց պատուհանների ու դռների: Ու թե մեկը մտածի, որ կարող է պատրաստել դուռ, որով դուրս կգնա, նա կդառնա իրական հերոսը: Եթե մի սերունդ չի կարողանում գործը մինչև վերջ գլուխ բերել, ապա մյուս սերունդը, նոր սերունդը, պիտի չվախենա, չնահանջի, պայքարի ու կտեսնի մի օր արդյունքը: Ես չեմ ուզում,որ մենք ամոթով նայենք մեր ապագա երեխաների դեմքերին, ինչպես հիմա մեր ավագներն են, ու ասել` մենք, երեխեք ջան, էդպես էլ չկարողացանք մեր ու Ձեր երազանքների երկիրը ստեղծել: Չկարողացանք, որովհետև վախկոտ էինք, ծախվեցինք, հետո հասկացանք, արդեն ուշ էր: Երեխեք ջան, չեմ ուզում: Մենք պիտի մեզ հաղթենք:

Վերջերս, մի մարդ գրել էր, թե հայերը ատում են իրար, դա է մեր երկրի բոլոր անհաջողությունների պատճառը: Մի տեսակ չհասկացա, ի՞նչ էր ուզում ասել, ասելով թե,ատում ենք իրար, մտածեցի, հա ՞ որ…

Դե, չեմ բացառում, բայց ատելը մի քիչ չափազանցված է, հասկանո՞ւմ եք: Մենք մի քիչ ծայրահեղությունների ազգ ենք. իրար արյուն ենք խմում, բայց անհրաժեշտության դեպքում իրար արյուն ենք տալիս:

Միշտ դժգոհ դեմքեր եմ տեսնում, բայց դե, հասկանալ է պետք` հարկեր, վարկեր, գործազրկություն, հազար պատճառ կա, ու կապ չունի, որ համարյա բոլորի ձեռքին iPhone կա: Ու էստեղ կարող էր մեկը ինձ նախատելով ասել, թե վարկեր չէին ունենա, եթե երեխու համար iPhone կամ iPad վարկով չվերցնեին: Իսկ ես մի քանի վայրկյան լուռ կմնայի, ու կթվար, թե նա հաղթեց ինձ իր խոսքերով: Բայց չէ, էդ տեսակի վարկ վերցնելը խնդիրը չի լուծում: Փորձում են երջանիկ թվալ, հարցեր կա՞ն:

Շեղվեցինք, ամեն դեպքում, միայն այն սերը ու հարգանքը, որ յուրաքանչյուր հայ տածում է ամեն զինվորի հանդեպ, ու մենք բոլորս էլ դրանում համոզվել ենք, կարծում եմ, որ անհրաժեշտության դեպքում, բոլորս էլ կգնանք ու կկանգնենք զինվորի կողքին, զինվորին հավասար, ու կպաշտպանենք մեր հայրենիքը, այդ ազգը չի կարող միմյանց ատել, բացառեք: Ուղղակի հուսահատված ենք, բայց դա կանցնի: Մենք բոլորս իրար հետ, միասնական, առանց կեղծիքի, պիտի պայքարենք մեր երկրի համար: Մեր իսկ մտքերը, արդեն երկար ժամանակ վանդակում փակած, պիտի հանենք, ու տանք արևին՝ տաքանա ու փոշին միջից դուրս գա:

Հաղթելու ենք հենց մեզ, մեր հոռետեսությանն ու չստացված ռեալիստ լինելուն ենք հաղթելու: Ու հա, սխալ չի թվում, ժողովրդի մեծ մասի մեջ պայքարի անհագ ցանկություն եմ տեսնում: Շատ հպարտացնող է: Կուզեի իրենց բոլորին ասել, թե ոնց եմ իրենց սիրում, ու թե ինչքան եմ հպարտանում իմ հայ լինելով, հենց իրենց շնորհիվ:

Հ.Գ. Մի՞թե մեր մեջ Տիգրան Մեծի արյունից չի մնացել: