Ինչն է ինձ հուզում խորագրի արխիվներ

mariam tonoyan

Իմ Հայաստանը մայրաքաղաքից դուրս է

-Գարնանը Հայաստան եմ գալու,- անսպասելի հաղորդագրություն ստացա գերմանացի վիրտուալ ընկերոջիցս:

-Ի՞նչ ես կորցրել Հայաստանում,- փորձեցի հետաքրքրվել:

-Ինձ շատ է հետաքրքրում ձեր երկրի մշակույթը, լեզուն, մարդիկ, այն ամենը, ինչը կապված է Հայաստանի հետ: Այս տարի որոշեցինք փոքրիկ էքսկուրսիա կազմակերպել ընտանիքիս հետ:

«Փոքրի՜կ»,-մտածեցի անմիջապես:

-Իսկ ի՞նչ գիտես Հայաստանի մասին:

-Միայն պատմությունը, բայց ոչ մանրամասնորեն:

«Տարօրինակ է, Հայաստանի ամեն ինչը նրան հետաքրքրում է, բայց երբևէ չի փորձել տեղեկություններ հավաքել»,-մտածեցի ես։

Օգնության առաջարկս սիրով ընդունեց։ Սկսեցի ուղարկել փոքրիկ տեղեկություններ մշակույթի, ժողովրդի, տեսարժան վայրերի, հայկական ավանդույթների ու սովորույթների մասին: Բռնկուն հետաքրքրասիրություն նկատեցի երիտասարդ գերմանացու մեջ, երբ սկսեց հարցեր տալ ու պատասխանները տրամաբանորեն ինքնուրույն փնտրել: Բավական ժամանակ էր անցել մեր վերջին զրույցից, երբ ստացա հերթական հաղորդագրությունը.

-Ես գիտեմ, թե որքան հայրենասեր ես: Այժմ ցույց տուր ինձ քո Հայաստանը` հայրենասերի աչքերով:

Առաջարկը շփոթեցրեց ինձ: Ես կարծում էի, որ այնքան էլ հայրենասեր չեմ, բայց Հայաստանի մասին ճիշտ պատկերացումներ ստեղծելու համար, որոշեցի խնդրին նայել հայրենասերի տեսանկյունից:

-Գիտե՞ս, ես երկար ժամանակ է, ինչ կարծում եմ, որ իմ իրական Հայաստանը Երևանից դուրս է: Այո՛, չեմ ժխտի, որ Հայաստանս թերի կլինի առանց Մատենադարանի, Ծիծեռնակաբերդի, Պատմության թանգարանի կամ մեր երկրի բազմամյա պատմությունը փաստող այլ հաստատությունների և երևանյան այլ հրաշալի վայրերի, բայց իրական Հայստանը գյուղերի ինքնաշեն դռների ու պատերի մեջ է, հյուրասեր ու անշահախնդիր մարդկանց տներում։ Երևանում մարդիկ մի փոքր այլ են` սառը և անտարբեր անծանոթների հանդեպ, ինչպես եվրոպական շատ երկրներում: Բացի այդ՝ շատ են ճնշող, բարձրահարկ նորակառույց շենքերը, որոնք չունեն պատմություն և նման են աշխարհի այլ քաղաքների շենքերին: Իսկ գյուղերում ավանդականը պահպանված է:

Որոշեցի այս կապակցությամբ ուղարկել Ռոբերտո Կել Տորեսի «Հայաստան» երգը, մի քանի հին հայկական ֆիլմեր, ինչպիսիք են՝ «Խոշոր շահումը», «Տերն ու ծառան», «01-99»-ը և այլ ֆիլմեր` Մհեր Մկրտչյանի մասնակցությամբ:

Ֆիլմերը ծառայեցին իրենց նպատակին։ Գերմանացի Շվայդերը ծանոթացավ իրական Հայաստանի ու հայ ժողովրդի հետ, իսկ ես գտա իմ մեջ թաքնված հայրենասիրությունը:

diana karapetyan

Զինվորները

-Էս բաժակով էլ եկեք խմենք մեր զինվորների կենացը:

Նորից հնչեցին այս խոսքերը: Բոլորը ոտքի կանգնեցին, ու լսվեց բաժակների զընգոցը: Բոլորի հայացքները քարացան, ու լռությունը պատեց բոլորին, թեկուզ դա տևեց վայրկյաններ, բայց կարծես  մի հավերժություն լիներ: Այս կենացը կարծես թե բոլորին կտրեց Ամանորից և տեղափոխեց դեպի սահման, տեղափոխեց մեր զինվորների մոտ: Զինվորական կյանք՝ լի փորձություններով ու դժվարություններով, թեկուզ հայրիկս միշտ ժպիտով է հիշում իր ծառայությունը, միշտ ժպիտով է հիշում իր բանակային ընկերներին ու միշտ ասում է, որ բանակի կյանքը դա անմոռանալի է, քանի որ ձեռք ես բերում նոր ընկերներ ու ամենակարևորը, պաշտպանում ես քո հայրենիքը, բայց Աստված չանի ծառայությունը լինի պատերազմի ժամանակ: Հայրիկս միշտ պատմում է իր կյանքի այդ հիշվող ու դժվար ճանապարհը, և միշտ նրա աչքերը տխրությամբ են պատվում:

Փոքր ժամանակ չէի հասկանում, թե ինչու է հայրիկս տխրում ու ամեն բառից հետո սկսում ավելի ու ավելի դժվարությամբ պատմել, բայց հիմա հասկանում եմ, հասկանում եմ, թե ինչու էր տխրում: Դժվար է, ոչ, դաժան է, երբ տեսնում ես, թե ինչպես է թշնամու կողմից սլացող փամփուշտը հարվածում քեզանից մեկ մետր այն կողմ կանգնած ընկերոջդ, և նա հրացանը ամուր բռնելով ընկնում է գետնին, և այդ ամենը քո աչքի առաջ: Դժվար է, երբ սպանում ես, թեկուզ և քո թշնամուն, և տեսնում ես, թե ինչպես է նա սպանում քո ընկերներին: Դժվար է, երբ հասկանում ես, որ մեկ սխալ քայլ, և կհայտնվես թշնամու ճանկերում, երբ հասկանում ես, որ եթե ձեռքերդ վայր դնես, կտուժվի քո ժողովուրդը, և դրա համար շարունակում ես սպանել: Սպանում ես, սպանում են…
Երբ լսում ես, որ ինչ որ մարդ է մահացել, ի՞նչ ես զգում, իսկ երբ լսում ես, որ զինվոր է մահացե՞լ: Ասա, որ այդ երկու զգացողությունները իրարից հազար անգամ տարբերվում են: Եվ ես հիմա չեմ կարող բառերով այդ զգացողությունը նկարագրել, թեկուզ երևի հարկավոր էլ չի, դու ինքդ էլ լավ գիտես դա:
Պապիկս` Հենրիկ Գևորգյանը, ընկել է պատերազմի դաշտում 1994 թվականի հունվարի 6ին: Թշնամու փամփուշտը խոցել է նրան հանկարծակի, ու գիտե՞ք՝ որոնք են եղել նրա վերջին խոսքերը. «Հրացանս չթողեք թշնամին վերցնի, հրացանս չթողեք ստեղ»… Նա չէր ցանկանում, որ իր հրացանով թշնամին հայ սպանի:

Զենքը կործանիչ ուժ է, բայց ինչպես պապիկիս ու հայրիկիս, այնպես և յուրաքանչյուր զինվորի համար զենքը դա սրբություն է ու չպիտի հայտնվի թշնամու ձեռքում:

Զինվոր` ծանոթ և անծանոթ, պիտի գնաս բանակ կամ արդեն բանակում ես, դու ուղղակի պարտավոր ես ուժեղ լինել, պարտավոր ես քեզ լավ նայել ու չտխրել, քանի որ երբ հիվանդ ես դու, հիվանդ են բոլորը, երբ դու տխուր ես, տխուր են բոլորը, իսկ երբ դու ժպտում ես, ժպտում են բոլորը: Մենք` բոլորս ուրախանում ենք քեզանով: Ուժեղ եղիր և հիշիր, որ քեզ սպասում են: Գնա ծառայիր, բայց ողջ և առողջ հետ վերադարձիր:

Roza Harutyunyan vayots dzor

Մեզ պետք են…

Մեզ պետք չեն ուսուցիչներին ձեռք առնող, բայց ապագայում ուսուցիչ դարձող մարդիկ, որ ուզում են ուսուցիչ դառնալ նրա համար, որ աշակերտներին «բարձր դնեն»: Հենց այդ չսովորողների շահերից խոսողներն են, որ թևաթափ են անում սովորողներին: «Մեկ ա՝ դնելու են, ինչիս ա պետք» և «Երկրորդ կիսամյակում չեմ սովորի, մեկ ա՝ ինչ ուզում, դնում են» արտահայտությունները տարբեր արտահայտություններ են, որովհետև երկրորդ արտահայտությունն առաջանում է, երբ իրագործվում է առաջին իրավիճակը:

Մեր խելքը կիսատ ու, կարելի է ասել, կեսի կիսատ է մնում, երբ ուսուցիչը մտածում է, որ սովորող աշակերտը տանն էլ կսովորի: «Դե, մեկ ա, ընդունակ աշակերտ ա, մի բան դրեք» ասող ուսուցիչներն են, որ ստիպում են, որ դու էլ դառնաս պարզապես նախկինում ընդունակ աշակերտ: Վստահ եմ՝ չսովորելու կամ ավելի լավ սովորելու ձգտումը առաջանում է բոլորի մոտ հատկապես տարվա վերջում: Տարվա վերջում, քանի որ դու տեսնում ես, թե ինչն ես թերի արել: Գնահատականը կարևոր չէ, ու քեզ գնահատում են ըստ իրենց ցանկության: Քեզ գնահատում են, ու դու հասկանում ես, որ քո ամբողջ տարվա աշխատանքը հավասար է չսովորող, փայտի պես նստած, քեզնից արտագրող, հերթ պահող մի մարդու աշխատանքին: Վստահ եմ, որ շատերի սրտից եմ խոսում և ուզում եմ, որ ինչքան հնարավոր է շատ ուսուցիչներ կարդան ու հասկանան, որ ամեն մեկին պիտի գնահատեն իր աշխատածի չափով, ոչ թե կիսամյակային գրավորով, որ արտագրված էր այն ժամանակ, երբ դուք գնացել էիք, չգիտեմ թե ուր: Նույն տարբերակներն եք տալիս ու գնում, որ ձեր ուզած աշակերտը հանգիստ սրտով արտագրի, ու հերթ չտա, որ գրողը սևագրության թերթից գոնե հասցնի արտագրել իր տետրի մեջ:

Բայց մեզ պետք չեն շուտ հիասթափվող ու գնահատականի համար «նեղվողներ»: Մեզ պետք են միայն իրենց մասին մտածող, մի կողմից եսասեր ու հավակնոտ մարդիկ, մեզ պետք են Միհրան Հարությունյանի պես պայքարող մարդիկ ու վերջում էլ՝ Արթուր Ալեքսանյանի պես հաղթող մարդիկ: Մեզ պետք են միայն Արթուր Աբրահամի պես ուժեղները ու Կենտիկյանի պես համառները, որովհետև նրանք են իսկական հայի կերպարը, ոչ թե մենք, որ կոտրվում ենք մի «ութ» ստանալուց: Մեզ պետք է, որ մենք միշտ հիշենք բոլոր դեպքերը ու դրանց վրա ծիծաղելով անցնենք առաջ:

Երկրորդ կիսամյակն սկսել է:

sona mkhitaryan

Նախատոնական և հետտոնական տրամադրություն

Մինչև Ամանորը հարևանությունը դժգոհում էր ցրտից ու իրար մեջ խոսելով ասում, որ Նոր տարվա սիրտ ու հավես չունեն: Մի կողմ դրած ամանորյա ծախսերը, եռուզեռը, մարդիկ իրենց պայմաններից են բողոքում: Ցուրտն անխտիր իր գործը պետք է աներ. սառեցրել է բոլորի ծորակները, բոլոր ջրատար խողովակները: Հոգսերին ավելացավ ծանրագույնը. ջուր են տաքացնում, լցնում ծորակի վրա՝ հույս ունենալով, որ այն կբացվի: Ջուր չունեն, հույս էլ չունեն, որ ցուրտը կմեղմանա, և խողովակները կբացվեն:

Մեր հարևաններից մեկը փոքր գազի տարայով տաքացնում էր խողովակները, և մի պահ գազը արտահոսք տվեց, ու կրակ բռնկվեց: Բարեբախտաբար շուտ կարողացավ կողմնորոշվել, և այն թաղեց ձյան տակ:

-Էս ինչի՞ սենց կրակ հելավ:

-Եսիմ է: Գժվեցի արդեն: 7000 դրամի լցրել եմ արդեն, չի բացվում, ու վերջ:

Դե պատկերացրեք, այդքան տանջվել, ու ապարդյուն: Էլ տրամադրություն էլ չէր մնացել Ամանորը դիմավորելու: Շատերն էին ասում.

-Էս տարի թեթև սեղան եմ գցելու:Մարդ էլ չկա եկող, ո՞ւմ համար ծախս անեմ:

Կամ.

-Երեխա չկա, բան չկա, ստից սեղան կդնեմ, վերջանա՝ գնա:

Բայց և այնպես, ծախսից չեն կարողանում խուսափել: Ամանորն էլ նշեցին, իհարկե, տխրություն, հոգսեր թողնելով նախորդ տարում:

Իսկ 2017թ.-ը սկսեցին ուրախ տրամադրությամբ: Ձմեռ պապիկը չէր մոռացել նվերների մասին և բացեց բոլորի ծորակները:

Հ.Գ. Ցուրտը մոռացնել տվեց ուրախությունը, քանի որ հաջորդ օրը նորից նույն պատմությունն էր: Արարատյան դաշտավայրում տաք եղանակի հույս դեռ չկա:

 

mariam hayrapetyan

Տուն տանող ճանապարհը

«Ամասիա» ճանապարհային ցուցանակը ինձ համար երբևէ այսքան անհասանելի չէր թվացել, որքան 2016 թվականի վերջին՝ տուն ուղևորությանս ժամանակ: Պատճառն այն էր, որ ես մի օրում վազեցի քննության, ապա վազեցի Երևանի տունը՝ իրերս հավաքեցի և դարձյալ վազեցի կայարան՝ Գյումրի գնալու համար: Ես ամբողջ օրը վազեցի՝ տուն հասնելու համար, ու դա կհասկանա նա, ով ուսանող է, բայց Երևանից չէ: Մեր հավերժական պայքարը ճանապարհների հետ տուն հասնելու համար է: Միարժամանակ լինել տանը, բայց սովորել, սովորել, բայց չկարոտել մայրիկին, Հարութին ու Ամասիան: 

Հա, Ամասիան: Ամասիայումս հիմա շատ ցուրտ է, լիքը ձյուն կա, որ քայլելուց «խըռթ-խըռթ-խըռթ» է լսվում, ու այդ ձայնը ստիպում է անընդհատ քայլել: Մաքուր օդ է, որ շնչելուց էլ զգույշ ես շնչում, որ չսառեցնես շնչուղիներդ:

Ամասիայում մենք այս տարի ևս բաժանեցինք նվերներ երեխաներին Սուրբ Ծննդի կապակցությամբ՝ հաղթահարելով բազում դժվարություններ: Ես, ինչպես և մյուս անգամները, անասելի ձևով երջանկացա, ինձ հետ երջանկացնելով շատ մանուկների:

Բայց այս ամենի հետ մեկտեղ ինձ չի լքում միտքը, որ սկսվում են քննությունները, ու պետք է պարապել: Իմ տանը իմ հարազատ օջախում կպարապեմ, ու սիրով: Մի քանի ամիս ապրելով Երևանում, ես ավելի ու ավելի եմ գնահատում իմ փոքրիկ ջերմ գյուղը: Ամեն դեպքում կյանքում էլի ու էլի կգտնվեն հանգամանքներ, որ մեզ կստիպեն հետ չվերադառնալ, բայց դրանով մեր սերը չի պակասի, չէ՞, ուսանողներ:

 

Mariam barseghyan

Գեղասահքի քաղաք Վանաձոր

Ըստ իս, գեղասահքը ամենագեղեցիկ սպորտաձևերից մեկն է: Ես միշտ հետաքրքրվել եմ այդ սպորտաձևով: Մի քանի տարի առաջ առաջին անգամ հագա չմուշկներ և արեցի իմ առաջին քայլերը սառույցի վրայով: Եվ այդ օրվանից միշտ ցանկացել եմ, որ Վանաձորն էլ սահադաշտ ունենա: Բայց պատմությունս ամենևին էլ գեղասահքի մասին չէ: Ես չէի պատկերացնում, որ մի փոքրիկ սահադաշտի փոխարեն ամբողջ Վանաձորը կվերածվի սահադաշտի, չէ’, ավելի շուտ սառցե դաշտի: Նման պայմաններում Եվգենի Պլյուշենկոն անգամ իր գեղեցիկ չմուշկներով չէր կարող սահել այն սահադաշտում, որը ձևավորվել է Վանաձորում ցրտի պատճառով: Եթե նա չի կարողանա, ի՞նչ եք կարծում, սովորական ձմեռային կոշիկներով վանաձորցիները կկարողանա՞ն հաղթահարել սառցե դաշտը: Չգիտեմ՝ դուք ինչ եք կարծում, բայց ես կարող եմ հաստատել, որ ո’չ, չեն կարողանում: Հունվարի 5-ին երեկոյան ինչպես բոլորը, այնպես էլ մենք` վանաձորցիներս, գնում ենք եկեղեցի՝ պատարագին մասնակցելու: Եվ ցավալին այն է, որ նույնիսկ այդ օրը, եկեղեցու տարածքը մաքրված չէր: Դե լավ, մաքրելը մի կողմ, կարելի էր չէ՞ գոնե աղ, ավազ լցնել, որպեսզի մարդիկ վայր չընկնեն սառույցի վրա: Իհարկե կարելի էր, բայց փաստը մնում է փաստ, որ ոչինչ էլ արված չէր: Ի դեպ, նշեմ նաև այն փաստը, որ ավտոմեքենաներն էլ էին դժվարությամբ մոտենում եկեղեցուն: Միակ գովելի բանը, որ տեսա քաղաքում, դա տոնական տրամադրությունն էր, որ ստեղծվել էր քաղաքում գեղեցիկ լուսավորման շնորհիվ: Բայց երբ վայր ես ընկնում սառույցի վրա, ո’չ գեղեցիկ լուսավորվածության, ո’չ դիմացի զարդարված եղևնու մեջ ոչ մի գովելի բան էլ չես տեսնում: Չեմ կարող ասել ի՞նչ են մտածում այս հարցի շուրջ մնացած վանաձորցիները, բայց անձամբ ես նախընտրում եմ առանց կոտրվածքների տուն հասնելը, այլ ոչ թե գեղեցիկ լուսավորվածությունը:

gayane harutyunyan

Ձմեռային զորակոչ

Սկսվեց ձմեռաին զորակոչը: Եկան ծնողների դաժան ու չսիրելի օրերը, երբ պետք է գնան ծառայելու իրենց տղաները՝ իրենց ծնողների աչքերը թաց թողնելով: Գնան, որ պաշտպանեն մեզ բոլորիս:

Այս անգամ այդ բոլոր զինվորների շարքերում է նաև իմ եղբայր Մուշեղը: Նրան տեսնելուց միանգամից նկատեցի, որ եղբորս  ժպիտը կեղծ էր, չէր ուզում, որ ծնողները տեսնեն, թե ինքը դեռ չգնացած, արդեն կարոտում է ծնողներին: Գնացինք նրանց տուն, տեսնելով  հորեղբորս կարմրած աչքերը, ես էլ անկախ ինձանից, տխրեցի: Չգիտեի՝ ինչ անել, արցունքներս մի կերպ էի զսպում:

 Քիչ մնաց: Հաշված ժամեր հետո եղբայրս կգնա բանակ՝ մեզ մենակ թողնելով երկու տարով:

Թող իմ ապագա զինվոր եղբորը և մյուս բոլոր զինվորներին Աստված ամուր ձեռքերով պահի ու պահպանի:

Բարի ծառայություն ձեզ, սիրելի զինվոր եղբայրներ:

milena antonyan (aragacotn)

Հեռախոսս ու ականջակալներս

Ինձանից մեծերը երանի են տալիս այն ժամանակներին, երբ չկային բազմատեսակ սարքավորումները: Իսկ երբեք չեմ կաողանում պատկերացնել կյանքս առանց այդ ամենի: Ինձ շատ հաճախ տրվող հարցին, թե արդյոք չե՞մ մոռացել վերցնել հեռախոսս, ես շատ հանգիստ պատասխանում եմ.

-Եթե նույնիսկ մոռանամ վերարկուս, պայուսակս, կոշիկս, հաստատ երբևէ չեմ մոռանա հեռախոսս ու ականջակալներս:

Ես համարյա ամեն ինչ անում եմ ականջակալները ականջիս՝ մտածում եմ, նկարում, կարդում և այլն: Հաճախ ես էլ եմ մտածում, որ այս բոլոր սարքերը խանգարում են մարդուն: Ստեղծում են մի շարք անբուժելի հիվանդություններ: Նաև ըստ ինձ, մարդիկ իրենց կյանքի մեծ մասը անցկացնում են համակարգչով կամ հեռախոսով ինչ-որ բան անելով: Բայց այս ամենը իմանալով, ես չեմ կարողանում հաղթահարել հեռախոսս կորցնելու վախը: Երբ մի օր որոշեցի ջնջել հեռախոսիցս ամեն ինչ ու այն հանձնել մայրիկիս, հասկացա, որ նրա մեջ են իմ ողջ պատանեկությունը, իմ մտքերը, իմ երազանքներն ու նպատակները, իմ նախասիրությունները, իմ ընկերներն ու ամեն ամեն ինչ: Երևի միայն մեծ կամքի ուժը կարողացավ ստիպել ինձ ջնջել ամեն ինչ, բայց… Բայց երբ ամեն ինչ ջնջված էր ու պատրաստ, ես վերջին վայրկյանին հասկացա, որ չեմ կարող ուղղակի կորցնել այն: Հասկացա, որ 21-րդ դարի հիվանդությունը դարձել է իմ միակ ընկերը:

Հոգեբաններն այս ամենը կանվանեն «կախվածություն հեռախոսից»: Երևի այդպես էլ կա, բայց ինձ համար շատ դժվար է կորցնել հեռախոսս ու իրենից անբաժան ականջակալներս:

mariam tonoyan

Մի փունջ խնդիրներ

-Փող չկա, մանդր-մունդրից բացի բան չեմ առե: Ճժերին էլ հլը նվեր չեմ առե, հլը տենանք իմալ ա հլնում…

- Ես էլ որ խանութ մտնում եմ, ինչ առնում եմ, ասում եմ մեշու էժան գնով տվեք: Ի՞նչ անենք… Ո՛չ աշխատանք կա ստե, ո՛չ փող: Ռուսաստանից էլ մարդուս աշխատավարձը չեն ճամփում, որ գոնե Նոր տարի անենք:

Նախատոնական օրերին Գավառի խանութներում ամանորյա գնումներ կատարելիս կարելի էր հանդիպել նմանատիպ հարյուրավոր խոսակցությունների: Ամենուր խոսակցությունների թեման ընտանեկան բյուջեի ճեղքվածքն էր` արտահայտված նյարդային միմիկաներով ու բուռն լարվածությամբ: Ըստ երևույթին, բոլորիս ծանոթ և ցավալի երևույթ է, երբ երեխան Ձմեռ պապիկից խնդրում է այնպիսի արժեքավոր նվերներ, ինչպիսիք գնելը ծնողի համար գրեթե անհնար է դառնում` գումարի սակավության պատճառով: Ինչո՞ւ գումար չկա: Որովհետև մարդկանց մեծամասնությունը աշխատանք չունի տարբեր հասկանալի պատճառներով: Որոշ զանգված զոհաբերում է ընտանիքը` ընտանիքի հոր արտագնա աշխատանքի պատճառով: Դա դիտարկենք որպես առաջին խնդիր:

Հաջորդիվ կարելի է նշել ապրանքների բարձր գները, որոնք հատկապես բարձրանում են Ամանորը «դիմավորելու» նպատակով: Ինչո՞ւ է, որ Գերմանիայում Սուրբ Ծննդյան տոների ընթացքում ապրանքների գները հասնում են նվազագույնին և առավելագույնս յուրացվում, իսկ Հայաստանում այն ունի հակառակ պատկերը` ապրանքների գները բարձր են, իսկ սպառումները` քիչ: Դա երկրորդ խնդիրն է:

Աշխարհագրության դասերին աշակերտները սովորում են, որ ի տարբերություն զարգացած երկրների, Հայաստանը «զարգացող» է: Այս դեպքում չակերտները համարում եմ տեղին, քանի որ ամեն տարի նույն համայնքային խնդիրները տեսնելով և ամբողջ հանրապետության շրջանակներում դժգոհություններ լսելով, կարելի է կարծել, որ մենք ոչ թե զարգացող, այլ տեղում դոփող երկրում ենք ապրում: Համարելով սա պետության կողմից լուծվող խնդիր, երրորդ խնդիրը թողնենք պետությանը և զինվենք համբերությամբ, մինչև…

Բայց չէ՞ որ մեր պետությունը ժողովրդավարական է: Իսկ ինչպե՞ս են սովորաբար լուծվում հասարակական խնդիրները ժողովրդավարական պետությունում. ժողովրդի կողմից շահերի պաշտպանության միջոցով: Իսկ ո՞ւր է մեր ակտիվ հասարակության զգալի հատվածը: Չհամարե՞նք սա չորրորդ խնդիր:

Հարգելի՛ ընթերցող, թեպետ մենք բոլորս էլ ունենք այլ խնդիրներ, որոնք առավել կարևոր ենք համարում, բայցևայնպես, եկեք մի քանի րոպե տրամադրենք հասարակական խնդիրների մասին մտածելուն և դրանց արդարացի լուծման համար պլանների մշակմանը: Չէ՞ որ վաղվա հասարակությունը մենք ենք:

Ani avetisyan

Հրաժեշտի երգերը

Հոգնած աչքերս փակում եմ՝ ամեն գիշերվա պես հավատալով, որ 10 րոպեից կքնեմ… Բայց ախր, հենց գիշերներն եմ հիշում այն ամենը, ինչի մասին ցերեկը երևի չեմ էլ մտածում: Գիշերներն են գալիս և ուղեղս մխրճվում անծանոթ երգի բառերը, ավելի ճիշտ՝ երգից երկու բառ: Սկսած Սթինգից, վերջացրած՝ Նիրվանայով: Երբեմն էլ՝ հայկական երգերն են հիշում, որ պիտի քունս խանգարեն, մինչև չգտնեմ ու լսեմ իրենց: Փնտրում, գտնում եմ ու կորում երգի նոտաների մեջ, մինչև բառերը բռնում ու դուրս են հանում ինձ:

Հիշում եմ մի երգից երկու տող, որը բերանումս էր ոտանավորի պես, բայց նոտաները չգիտեի: Այսպես էր.

-Տղե՛րք, կհիշե՞ք երազները մեր…

Շարունակությունը չէի հիշում, բայց հորինում էի, ուզում էի, որ լսեմ երգն, ու այդ երազներն իրականացած լինեն: Բայց, գտա երգն ու… Ու չզարմացա, որ տղերքի մասին երգի մեջ Ամալյանի ծանոթ ու մի քիչ խռպոտ ձայնն էր: Զարմացա, թե ինչո՞ւ չի ստացվում Ամալյան երգչից անջատել ազատամարտիկին ու մի քիչ էլ իր երգելը լսել:

Միայն երրորդ անգամից երգի բառերին ուշադիր եղա.

-Տղե՛րք, ծիլերը մնացին անտեր…

Ասես մի բան պոկվեց ինձանից: Կրկին նույն անտեր մնացած ծիլերն են: Աչքերիս առաջով անցան հայ պոեզիան, երգարանն ու արձակը, բայց ինչքան էլ փորձեցի՝ չգտա պատերազմից տուն դարձողին դիմավորող, ուրախ երգ: Կամ եթե կային էլ՝ քիչ էին, շատ քիչ: Ինչո՞ւ են մեզ մոտ միայն անտեր ծիլեր, տուն չդարձող սերմնացաններ ու կռվի ճանապարհող երգեր: Ու չեմ ուզում հասկանալ, թե ինչու չեն հնանում այդ երգերը: Կրկին երգի տողերն էին.

-Իսկ մենք այս կյանքում դարձել ենք ստվերներ…

…Իսկ ինչո՞ւ ենք միշտ ճանապարհում, բայց չենք դիմավորում: Ինչո՞ւ…

Երանի չիմանայի իմ իսկ հարցի պատասխանը: Կամ գար մի օր, երբ իմացածս էլ պետք չգար: Մի օր էլ՝ «Տղերքի երգը» լսեի ու հիշեի, որ վերջին անտեր ծիլերը տղերքն ապրիլին են թողել…