
Լուսանկարը` Ամալյա Հարությունյանի
“Exploring the world through the lens of camera” ծրագրի շրջանակներում
Վալյա տատին ծնվել է Բջնի գյուղում, որը իր ներկայիս բնակավայր Արզական գյուղի սարերի հետևում է: Ապրել է այնտեղ ու, հետո անցնելով այդ սարերը, եկել է Արզական` հարս: Արզականը կոչում են նաև Արզաքյանդ,Արզաքյան: Ավանդական հայկական ձևերով նրան եկել են «ուզելու»: Սկզբից Վալյա տատիկի հայրը չի համաձայնել, հետո համաձայնության են եկել և 1962 թվականին ամուսնացել են ու տեղափոխվել Արզական: Ունեցել է 4 երեխա: Այդ տարիներին անտառից բանջար է բերել, վաճառել, լավաշ է թխել ու գումար վաստակել: Ըստ նրա այդ տարիները` սովետի տարիներն էին, և իրենք ապահովված էին ամեն ինչով: Նա և իր ամուսինը աշխատել են նաև տարբեր հիմնարկներում որպես բանվորներ: Իսկ անտառտնտեսությունում ծառեր են տնկել, որոնք հիմա կան ու զարդարում են Արզականի բլուրները ու լեռները:
Ես միշտ զարմացել եմ մեր տատիկների աշխաասիրությամբ և ջանասիրությամբ.Վալյա տատին այս ամենի վառ օրինակն է: Ասեմ նաև, որ տատին ամուսնացել է 17 տարեկանում, մասնագիտություն չունի, և իմ հարցին, թե արդյո՞ք ափսոսում է, որ մասնագիտություն չունի, պատասխանեց, որ կուզեր ավելի հանգիստ կյանք ունենալ: Հայկական ավանդույթները հաճախ փոխում են մարդկանց կյանքը, և ամեն ինչ ստացվում է այլ կերպ:
«Կյանք է, ամեն ինչ էլ ստացվում է, փոշմանում ես հաճախ»,- ասում է նա: Նրա 3 որդիներն արտերկրում են հիմա` մշտական բնակության, մեր սոցիալական խնդիրների պատճառով:
Վալյա տատին չի բողոքում իր կյանքից, միայն կուզեր, որ որդիները լինեին իր հետ, ոչ թե այլ երկրում: Վալյա տատին նաև հայտնի է իր ավանդական պարերով: Պատմում է, որ իր տղաների հարսանիքներին հագել է տղամարդու՝ պապիկի հին շորեր և ուրախացրել է իր հյուրերին: Իսկ հեղափոխությունից հետո նա միայն մեկ փոփոխություն է տեսել՝ երիտասարդ գյուղապետ: Գյուղապետը երեք շաբաթ է, ինչ ընտրվել է: Պայծառությամբ լցված աչքերով տատիկը երազում է, որ լավ բաներ պիտի տեսնի Նոր Հայաստանում:
Վալյա տատին և իր հարսը`տիկին Գայանեն, հիանալի հարաբերություններ ունեին, և ավանդական «հարս-սկեսուր» ասածը մենք չտեսանք: Ասում է, որ ջահել են, ինչ ուզում են՝ թող անեն:
Վալյա տատին չի պատկերացնում ձմեռը առանց իր պահածոների: Ամառվա ընթացքում անընդհատ ձմռան պաշար է տեսնում:
Մեր տատիկը և իր ընտանիքը հյուրընկալել են նաև Խաղաղության Կորպուսի կամավորներին, և մեզ հյուրընկալելը նոր բան չէր իրենց համար: Եվ այն խոսքը, որ ասում են. «Զգա քեզ ինչպես քո տանը», իրականում հենց այդպես էլ զգացինք Վալյա տատիկի ընտանիքում: Վալյա տատին ամենաշատը օգտագործում էր «բալես», «ազիզ ջան», «կյանքս» բառերը՝ դրանց մեջ կուտակելով իր սրտի ամբողջ ջերմությունը:



Սկսվեց հայ-բելգիական փոխանակման ծրագրի վերջին լիարժեք օրը։ Սովորական ժամին՝ 10։00-ին, արդեն «Մանանայում» էինք։ Բոլորս էլ կիսատ նախագծեր ունեինք, որոնց վրա դեռ պետք էր աշխատել։ Ամեն մեկը մի հարմար անկյունում՝ սեղանի շուրջ, պատշգամբում, հատակին նստած, զբաղված էր իր գործով։ Մի խումբը վիդեո էր մոնտաժում իր ապագա ֆիլմի համար, մյուսը՝ հարցազրույցներ գրում, մի երրորդն էլ թարգմանությամբ էր զբաղված։



















