Ազատ տարածք խորագրի արխիվներ

svetlana davtyan

Չեմ սիրում քո շանը

Արևոտ օր էր: Դպրոցում դասերը շուտ վերջացնելուց հետո չէինք ուզում գնալ տուն, և քույրիկիս հետ որոշեցինք այցելել ընկերուհուս: Ճանապարհին զանգեցի ընկերուհուս, ասաց, որ տանը մենակ է:

-Ուխ, ինչ լավ ա. տանը մենակ կմնանք վերջապես:

Բայց երբ մտանք ներս, ինչ-որ մեկի հետ էր խոսում ընկերուհիս:

-Վարդ, բա ասացիր՝ մենակ ես տանը:

Խոսելով առաջացա ու տեսա, որ ընկերուհիս խոսում է իր շան հետ: Նրա շունը շատ է ուտում ու ոչինչ չի անում, անգամ չի հաչում: Շունը ոչ ոքի մոտ չի սիրում գնալ, բայց չգիտեմ ինչու, ինձ տեսնելիս վազում է մոտ, ասես գիտի, որ իրեն չեմ սիրում՝ դրա համար է մոտ գալիս:

-Վարդ, հեռու տար քո Մուռկային: Գիտես, որ չեմ սիրում:

Իսկ ընկերուհիս ամեն անգամ ինձ ստիպում էր, որ սիրեմ շանը:

Այդ հանդիպումից մի քանի օր անց դուրս եկա տնից, որպեսզի գնամ խանութ, և ճանապարհին եղավ այն, ինչ չէի ուզում: Վարդի շունը դուրս եկավ իմ առաջ: Ես շատ բարկացա և մի լավ խփեցի շանը, և խեղճը մի կերպ քայլելով հեռացավ: Շարունակեցի ճանապարհս: Վերադառնալու ժամանակ ճանապարհին դիմացս դուրս եկան երկու հսկա շներ: Շատ վախեցա, իրականում արդեն պատրաստվում էին կծել, երբ հայտնվեց իմ փրկիչը: Այն շունը ում ես չէի սիրում ժամանակին, փրկեց ինձ պարզապես: Այդ պահից շնիկին տարա մեր տուն, խնամեցի, և երբ ընկերուհիս եկավ և տեսավ, աչքերին չէր հավատում: Այդ պահից ի վեր ես սկսեցի սիրել Մուռկային, իսկ ընկերուհիս կատակելով ասաց.

-Դա քեզ հետ պետք ա շուտ պատահեր:

Առաջին ելակներ

Լուսանկարը` Գոհար Հակոբյանի

Լուսանկարը` Գոհար Հակոբյանի

Սուրճ էի եփում, երբ պատահաբար լսեցի, որ մեր հարևան տիկին Անիկն ու աղջիկները գնում են ելակ հավաքելու:

Խնդրեցի որ ինձ էլ տանեն իրենց հետ: Վերցրի գրիչս ու տետրս և վազեցի: Հասանք հողամաս, ուր գտնվում է ելակի արտը: Մեզ հետ վերցրել էինք, մեր լեզվով ասած, ելակի թասերը: Տիկին Անիկն ու աղջիկները մտան արտ, ամենքը մի շարք, ու սկսեցին:
Ես հարցեր էի տալիս ու գողանում նրանց հետաքրքիր պատասխանները.

-Անիկ տատիկ, հե՞շտ է ելակ մշակելը: 
-Գիտես, այնքան էլ չէ: Երկար աշխատանք է պահանջում: Ջրում ենք մի քանի անգամ, հաճախ քաղհանում, պարարտացնում, որ լավ բերք ստանանք:

Լուսանկարը` Գոհար Հակոբյանի

Լուսանկարը` Գոհար Հակոբյանի

-Սիրո՞վ եք կատարում այս աշխատանքը:
-Իհարկե: Երբ սիրով ես կատարում գործդ, հաճույքով մշակում, հողը քեզ պարգևատրում է:

Աղջիկները լուռ քաղում էին, իսկ ես հաճույքով ուտում էի այս տարվա առաջին ելակները: Երբ արդեն վերջացրել էինք հավաքը, նստեցինք ու սկսեցինք մեծ և փոքր ելակները առանձնացնել իրարից:

-Անիկ տատիկ, իսկ սա ինչի՞ համար է:
-Սա անում ենք նրա համար, որ ավելի հեշտ լինի տարբերելը:
Ինչքան բան չգիտեի, որ իմացա այսօր:

-Տաթ, սիրո՞ւմ ես ելակ:
-Ոնց չեմ սիրում, կա մարդ, որ չսիրի ելակ:
-Բա սիրո՞ւմ ես քաղելու գործընթացը:
-Չէ, էդ մեկը չեմ սիրում:
Ծիծաղեցինք:
Դաշտի մաքուր օդը, մեր հետաքրքիր զրույցն ու ելակի անուշ բույրը միախառնվել էին:
-Սուս, մի բան էլ դու ասա:
-Ինչ ասեմ, էսքան ելակ տեսնողը  խոսելու ժամանակ կունենա՞: Կեր, կխոսենք հետո:

janna araqelyan hrazdan

Ցորյանի ծովեր

Մի քանի օր առաջ ուսուցչուհին տեղեկացրեց մեզ, որ գրականության ամփոփիչ գնահատականը դրվելու է միայն բանավոր հարցումից հետո: Ապա մեզ թելադրեց տոմսերի հարցերը: Հակառակ իմ սովորության, ես ուրբաթ օրը նստեցի, տանջվեցի այդ տոմսերի համար: Շաբաթ, կիրակի օրերին ինքս ինձ ասում էի.

-Էս էլ էսպես: Ի՞նչ մնաց սովորելու: Հը՞ն: Վայ, վայ, վայ: Մնաց ամենաբարդը՝ Դանիել Վարուժանի  «Ցորյանի ծովերը»: Լավ, է, դա էլ վաղը կսովորեմ;

Ամեն օր այդպես էի ասում, բայց սովորեցի ընդամենը երկու տուն;

Եվ եկավ սպասված օրը. քննություն է: Երրորդը ես պետք է պատասխանեմ: Աստված եմ կանչում, որ միայն թե «Ցորյանի ծովերը» չընկնի: Եվ ահա ուսուցչուհու ներկայությամբ քաշեցի տոմսը. համար 9: Ուսուցչուհին ասաց.

-Ժաննա, գրիր,-թելադրեց երկու հարց, մի պահ կանգ առավ  և երրորդ հարցը թելադրեց,- «Ցորյանի ծովեր»:

Միայն թե այդ պահին իմ դեմքի արտահայտությունը տեսնեիք: Բախտս գոնե բերել էր այն հարցում, որ առաջին և  երկրորդ հարցերին շատ լավ պատրաստ էի:

Քննությունից հետո բոլորը հարցնում էին.

-Հը՞: Ո՞նց պատասխանեցիր:

Ախ, եթե իմանայի, որ դա կընկնի…

Անձրևը

Լուսանկարը` Ժորա Պետրոսյանի

Լուսանկարը` Ժորա Պետրոսյանի

-Եվիկ, ինչի՞ ես տխուր:

-Որովհետև անձրև ա գալիս:

-Բայց անձրևն ի՞նչ կապ ունի:

-Մամ, իմ տրամադրությունը անձրևի ժամանակ ընկնում ա, չեմ սիրում անձրև:

-Բայց ինչի՞: Անձրևն աշխարհի ամենասիրուն բաներից ա:

-Էէէէ, մամ….

Նորից անձրև է մեր Չարենցավան քաղաքում… Անտարբեր դեմքով մոտենում եմ փակելու պատուհանը, ու հանկարծ, կայծակնային արագությամբ մտքովս անցնում է. «Բայց սիրուն ա»…

Ախր, իրոք սիրուն ա: Անձրևաջրերի առուները, ծառերից թափվող հազարավոր ծաղկաթերթերը, կայծակը, շենքի դիմացը նստած դժգոհ դեմքով, թրջված կատուն, անակնկալի եկած տղան, որ հեծանիվով մնացել է անձրևի տակ, կողքի շենքից այն տարօրինակ կինը, որ օրեկան մի քանի անգամ լվացք է փռում (այն էլ՝ նույն լվացքը): Սիրուն ա էն 90-ականների մեքենան, որ արդեն մի քանի տարի տեղից չի շարժվել: Սիրուն ա «Ջանիկ կլուբը»: Կհարցնես՝ էդ ո՞րն ա: Էդ մեր թաղամասի ամենահայտնի դեմքի՝ Ջանիկ պապի ավտոտնակն ա, որտեղ հավաքվում են մեծերը՝ նարդի ու շախմատ խաղալու: Սիրուն են մեր շենքի հինգերորդ հարկում բույն դրած ճնճղուկները: Սիրուն ա կողքի շենքի ծառը, որի պտուղները երբեք չեն հասնում, քանի որ ծառը կրում է «6-րդ թաղի ցոգոլի ծառ» պատվանունը: Ու շատ ու շատ սիրուն մանրուքներ, որոնք նկատելու համար պետք է ուղղակի նկատել:

Ինչ որ մեկն այս վայրկյանին իր կեսի հետ քայլում է անձրևի տակ՝ թրջված, խառնված մազերով ու թաց հագուստով: Քայլում է ու մտածում, որ պետք է մինչև վերջ թրջվել, որովհետև այս անձրևը եզակի է, չկրկնվող: Մեկ ուրիշը, կոստյումը մինչև վերջին կոճակը կոճկած, փողկապն ուղղելով քայլում է փողոցով ու անիծում անձրևը՝ իր պլանները խանգարելու համար: Շտապում է, քայլում այնպես, որ չթրջվի: Իսկ անձրևը նույնն է, նույնն է ամենուր, աշխարհի որ ծայրին էլ լինես՝ քո անձրևը չի փոխի իր էությունը:

Հ.Գ. Նյութս բաց պատուհանի մոտ եմ գրում: Հիմա կհարցնես՝ «Չե՞ս մրսում», իսկ ես կասեմ՝ «Չեմ մրսում, ուղղակի խառնվում եմ անձրևի շշուկին»:

tatevik haroyan

Լուսանկարներով և իրական կյանքում

Բոլոր ուսանողների պես ես էլ շատ զբաղված եմ լինում, դե էն զբաղվածությունների նման՝ միջանկյալների եմ, բանավոր քննությունների եմ պատրասվում և այլն: Դրանից բացի նաև պրակտիկայի էի մեկ ամիսը, որը շատ հաճելի, բայց միաժամանակ ահավոր հոգնեցնող էր: Արդեն պրակտիկայիս ամենապարտավորեցնող վերջին շաբաթն էր ,երբ զանգ ստացա «Մանանա» կենտրոնից և հրավիրվեցի Հայաստանի պատանի թղթակիցների առաջին մրցանակաբաշխությանը: Սկզբում չգիտեի՝ ինչ պատասխանել, բայց զգացողություն ունեի, որ մի ինչ-որ հետաքրքիր բան է լինելու: Համաձայնեցի:

Եկա ու… Չէի սխալվում, տեսա պատանիների մի հոծ բազմություն. «Մանանայի» սաներն էին, մի հիանալի մթնոլորտ: Մի տեսակ հպարտության նման մի բան զգացի՝ չէ որ ես էլ եմ այդ սաներից մեկը: Սկսեցի նոր ծանոթյուններ հաստատել երեխաներից շատերի հետ, այնքան հաճելի էր շփվելը նրանց հետ ,ամեն մեկը մի յուրահատուկ կերպար էր:
Հետո սկսեցի ծանոթ դեմքեր փնտրել, ճիշտ է, շատերին չէի ճանաչում, բայց իրենց նյութերից արդեն գիտեի: Օրինակ, կարդացել էի մի տղայի նյութ, ով «ժարիտի» մասին էր գրել, կամ կարդացել էի հայերիս մեջ տարածված հնդկականների քննարկումներին վերաբերող նյութերը, սահմանամերձ գյուղերում ապրող երեխաների գրած նյութերը, քառօրյա պատերազմի ու նրան հաջորդող օրերի մասին, հարցազրույցները, տոներին վերաբերող մի շարք հետաքրքիր նյութեր… Մի խոսքով, ես գտա նրանց, որոնց գիտեի միայն իրենց գրած նյութերով ու լուսանկարներով, ու հիմա տեսնում եմ իրականում: Էն պահն էր, որ տեսնում ես հայտնի մարդկանց էկրանից այն կողմ ու այս կողմ…
Ես հպարտ եմ, որ «Մանանան» կա իմ կյանքում, ու ինձ հնարավորություն է ընձեռում շփվելու նման տաղանդավոր երեխաների հետ և ունենալու նման լավ ընկերներ:
Հ.Գ. Պատանիներն իմ պատկերացրածից ավելի լավն էին…

amalya harutyunyan

Մեկը` կապտականաչ դպրոցից

Մտնում եմ ներս, կապույտ կամ էլ կանաչ (էդպես էլ չեմ հասկացել նրանց գույնը) պատեր, քայլում եմ առաջ, սկսում եմ ոտքերս գետնին դնել կամաց ու անձայն, որ նկատելի չլինեմ, քայլում եմ հանդարտ, նպատակակետ ունենալով, բայց հոգու խորքում ուզենալով չհասնել նրան: Հասնում եմ, ոտքս կդնեմ, մեկ, երկու, երեք, չորս, էսպես կհաշվեմ 10-ը, կբացեմ դուռը, գլուխս կախ ու միաժամանակ զննելով նստածների դեմքերը կմտնեմ իմ կապտականաչ սենյակը, ու այդ պահին աշխարհի բոլոր պատճառաբանությունները հօդս կցնդեն, ստերն էլ հետը, ու միակ բանը, որ կանցնի մտքովս ասել, դա կլինի.
-Կներեք, ընկեր Գրիգորյան, էլի քնած էի մնացել:
Կանցնեմ նստարանների միջով, կքայլեմ առաջ, դասարանցիս` Անին, գլխով կհասկացնի, որ ես իր կողքը նստեմ, բայց հենց պայուսակս դնեմ սեղանին, կլսեմ ինձ այնքան ծանոթ ու միաժամանակ այնքան տխրեցնող արտահայտությունը:
-Ուշացողները նստում են դիմացը:
Հետ կգամ, կնստեմ ազատ աթոռներից մեկին, կողքիս կդնեմ պայուսակս, ու կպատկերացնեմ, որ ես մենակ չեմ:
Կբացեմ գիրքը, նորից կփակեմ, կնստեմ, աչքերս ուղիղ գրատախտակին, բայց միտքս կանցնի տիեզերքը ու Մարս կհասնի:
Հասարակ, դպրոցական օր, բայց մեկ-մեկ էլ միապաղաղ չէ, մեկ էլ տեսար՝ դպրոցում կվիճեմ ուսուցիչների հետ, ու այս անգամ ոտքերս ուժեղ խփելով գետնին կասեմ:
-Թե ինչի՞ ես եկա էս դպրոց, ուրիշ տեղ կգնայի:
Անվերջ կբողոքեմ, անվերջ ինձ ոչինչ դուր չի գա, բայց որ վայրկյանին մայրիկս գա ու ասի, որ այսօր չգնամ դասի ու նշի մի մեծ ու կարևոր պատճառ, բունտն ու վեճը պատրաստ է:
11-րդ դասարանում նույնիկս ռեկորդ էի սահմանել, 0 բացակա ունեի:
Հետո կգնամ մյուս կապտականաչ սենյակը, էստեղ էլ կքնեմ մի քիչ, էս հանգրվանի սեղաններն ավելի հարմար են բարձ ծառայում:
Կարթնանամ, կվազեմ թեմատիկի անսահման մեծ միջանցքում, իրարից շատ հեռու նստած, կփորձեմ բոլորի գրավորը գրել, ու վերջում էլ հասկանալ, որ իմը մոռացության եմ մատնել, ու աներևակայելի արագությամբ կգրեմ իմն ու մի անհոգ ժպիտով կհանձնեմ գրավորս:
Վերջում ուսուցիչս կբարկանա վատ գրավորիս համար, իսկ ես կժպտամ, որ ընկերներս բարձր են ստացել:
Հետո կգնամ մյուս կապույտ սենյակը, էստեղ էլ իբր վերջին զանգի խոսք կգրեմ, փորձ կանեմ, ու մի քիչ էլ կհանգստանամ շտեմարաններից, կգնամ ֆիզկուլտի դահլիճ, կխաղամ, կցատկոտեմ, կպարեմ, ու մյուս վայրկյանին կվազեմ կանաչ սենյակը` հայոց լեզվի պարապմունքի:
Ու մի ուրիշ օր էլ կմնամ դրսում ու ամբողջ շենքով կգոռամ.
-Հանգրվան եմ ուզում:
Երեխեքը կգան ու կհարցնեն, թե հանգրվանն ինչ կապ ուներ, իսկ ես այն տեքստը, որ օրը հինգ անգամ ասում եմ նույն հարցը տվողների համար, կպատասխանեմ:
-Ես կաբինետներին հանգրվան եմ ասում, որովհետև էնտեղ եմ քնում ու երազում:
Ու ի վերջո բովանդակալից օրից հետո կգնամ ու անմեղ հայացքով կխնդրեմ, որ պահակը դուռը բացի, որ տուն գնանք, չորս փորձ ձախողելուց հետո, նորից կփորձեմ, ու այս անգամ ամբողջ դասարանով դուրս կգանք ու կգնանք տուն:
Ու երբ մի քանի օր հետո էլ նույն բանալիով բացեն դուռը, որ մենք գնանք, այս անգամ մեզնից հետո փակելու են: Ու մեզ համար անհասանելի է դառնալու ոչ թե դպրոցից գնալը, այլ դպրոց գալը:
Մենք կիջնենք աստիճանները այնպես, որ ոչ ոք չնկատի: Բայց այս անգամ մեր գնալը բացահայտ կլինի:
Կմտնեմ համալսարան, գաղափար չունեմ՝ պատերը ինչ գույնի կլինեն, կքայլեմ առաջ, կսկսեմ ոտքերս գետնին դնել կամաց ու անձայն, որ նկատելի չլինեմ, կքայլեմ հանդարտ, նպատակակետ ունենալով, բայց հոգու խորքում ուզենալով չհասնել նրան, այլ հասնել դպրոց:

Inesa Zohrabyan aragacotn

Երկու օր Երևանում

-Զգույշ կլինես, հենց հասնես տեղ՝ կզանգես:

-Լավ, մամ:

-Հենց մրցանակաբաշխությունը վերջացավ, որ արդեն պիտի երթուղային նստես՝ կզանգես:

-Լավ, մամ:

Գալիս էի Պատանի թղթակիցների առաջին մրցանակաբաշխությանը, երկու օր պետք է Երևանում մնայի, որովհետև հաջորդ օրն էլ գործեր ունեի ու պետք է գնայի բարեկամիս տուն: Բոլորիս ծնողներն էլ անհանգիստ են, երբ երեխան միայնակ քաղաք է գնում, բայց պետք է սովորեն: Չէ ՞ որ շուտով ուսանող ենք դառնալու ու պետք է մի քիչ ինքնուրույն լինենք: Ես հանգիստ հասա, մասնակցեցի ու գնացի բարեկամուհուս տուն, իսկ իմ բարեկամուհին բողոքում  էր, որովհետև մայրիկս նրան էլ էր շատ-շատ զանգել:

Մեր ծնողները, հատկապես մայրերը, շատ են սիրում իրենց երեխաներին, բայց նրանք աղջիկների նկատմամբ ավելի ուշադիր են, քան տղաների: Իսկ ինչո՞ւ, հետաքրքիր է: Մի օր ես էլ կիմանամ:

arsine

Ասպետական շաբաթը

Սովորական մի օր էր, որը ոչ սովորական ընթացք ունեցավ իմ և դասընկերուհուս համար: Չեմ հիշում, թե շաբաթվա ո՞ր օրն էր, բայց մի բան հստակ դաջվել է մտքումս՝  հայոց լեզվի ժամ էր: Չնայած դա դեռ առաջինն էր, բայց մեր «10.1» հասարակությունն արդեն հասցրել էր հոգնել շտեմարանային վարժություններ գրելուց և դաս պատմելուց: Ոմանք ձեռքերը բարձ դարձրած, ոմանք էլ շշուկով խոսելով, փորձում էին հանգստանալ դասի վերջին հինգ րոպեներին, երբ հանկարծ բացվեց դուռը, և ներս մտավ մեր ուսուցիչներից մեկը՝ ասելով.

-Տնօրենը Արսինեին և Մարիաննային կանչում է:

Հինգ վայրկյան դասարանում քար լռությունից հետո, երկուսս կանգնեցինք և անորոշ դեմքերով շարժվեցինք դեպի դուռը: Իհարկե, դժվար է ասել և բացատրել, թե  ի՞նչ էինք զգում այդ պահին, երբ մի նախադասության մեջ լսեցինք մեր անունները՝ տնօրենի անվան  կողքին, բայց մի բան հստակ էր՝ մի ուրիշ կարգի լարված էինք:

Քայլում էինք, նայում իրար վախեցած դեմքերով, հետո մի պահ կանգ առնում: Փորձում էինք հիշել ամբողջ ապրիլ ամսվա մեր գործերը, գնահատականները, բայց դրանցում ոչ մի վատ բան չգտնելով, որ կարող էր մեզ տանել տնօրենի  կաբինետ՝ շարժվում էինք առաջ: Եվ ահա հասանք «վախի սենյակ» կոչվածին: Այո՛, դա տնօրենի կաբինետն էր, որտեղ չի երազի հայտնվել և ոչ մի աշակերտ, բայց վստահ կարող եմ ասել, որ գոնե մեկ անգամ մեզանից  յուրաքանչյուրը ցանկացել է տեսնել այն ոչ թե դրսից, այլ ներսից: Ի  զարմանս մեզ, այնտեղ բացի մեզնից էլի աշակերտներ կային և մեր պես լարված ու վախեցած էին:

-Արսին, մի հատ բացատրի ինձ, թե ինչ ա էստեղ կատարվում,- ամեն վայրկյան կրկնում էր Մարիաննան,  և քանի դեռ ես չէի հասցրել հասկանալ այդ հարցի պատասխանը՝ շատ էի լսելու նրա լարված ձայնը: Մինչ ներս  մտել ականջներիս էին հասնում խոսակցության պատառիկներ, որոնցից հստակ առանձնանում էին՝ «Հայ ասպետ»  բառերը: Ամեն ինչ պարզ դարձավ, մեզնից ոմանց շուտով բախտ էր վիճակվելու մասնակցելու խաղին, իսկ մյուս ներկաներին՝ պարզապես մեկ շաբաթ «վայելելու» այդ գերծանրաբեռնվածությունը:

-Էրեխեք, ընկեր Փանոսյանը կանչում է, ներս եկեք, -ասաց ընկեր Ժանետան և մեզ ուղեկցեց այնտեղ: Վերջ, բոլորս արդեն ներսում էինք և մենակ չէինք՝ ուսուցիչներ էլ կային: Հիմա կսկսվի աշակերտների ընտրությունը տարբեր առարկաների համար: Բնականաբար բնագիտական առարկաների շարքում չհայտնվեցի, իսկ արդեն հումանիտարներում պարբերաբար լսվեց անունս: Երբ արդեն մեր բոլորիս անունները բաշխվեցին տարբեր առարկաներում, ժամանակն էր ստանալու բոլորովին նոր դասացուցակը: Սա նման չէր մեր պատկերացրածին, որ թվերի առջև պետք է լինեն առարկաների անվանումներ, ո՛չ, այն լրիվ ուրիշ էր: Առաջին իսկ օրվանից ստացանք շատ-շատ հանձնարարություններ. խաղին հաշված շաբաթներ  էին մնացել, իսկ դասագրքերի պարունակությունը ծով էր:

Ծանրաբեռնված առաջին շաբաթն արդեն անցյալում էր: Հերթական  օրերից մեկն էր,  հա, հիշեցի. ուրբաթ էր ու չորրորդ ժամն էր, գնում էի «Պագանինի» թեմայից  առաջադրանք ստանալու, երբ ներս մտնելուն պես լսեցի ընկեր Մուրադյանի հետևյալ խոսքերը.

-Արսինե ջան, մենք այլևս միասին չենք աշխատի: Դու և մի քանի աշակերտ չեք ընդգրկվել հիմնական կազմի մեջ:

Իհարկե, մնացածի հետ մի քիչ տխրեցինք, բայց հետո մի լավ թեթևություն զգացինք: Դուրս գալով դասարանից, հասկացանք, որ ևս մեկ հիանալի և անմոռանալի շաբաթ ավարտվեց: Մենք միշտ կհիշենք այս յոթ օրերը և իհարկե ընկեր Մուրադյանի վերջին խորհուրդները.

-Սա վերջ չէ, չենք տխրում, չենք հուսահատվում, սա  դեռ նոր սկիզբ է: Այսօրվանից կենտրոնանում ենք դասերի և պարապմունքների վրա:

Իրոք, այդ օրից մենք՝ դուրս մնացածներս, վերադարձանք մեր դպրոցական բնականոն  կյանքին, դասերին, պարապմունքներին և իհարկե, լիովին տրվեցինք քննական թեստերին…

Anushik Mkrtchyan

Ինձնից նամակ չե՞ք ստացել

«Ինչքա՜ն լավն ա 17.am-ը»: Ամեն երեկո պառկելուց մտքումս ասում եմ այս բառերը, սակայն ավելի եռանդուն և ոգևորված ասացի ապրիլի 28-ի երեկոյան: Դե կարիք չի լինի նորից անդրադառնալ հիանալի փառատոնին և մրցանակաբաշխությանը, քանի որ դրա մասին գրեթե բոլորը իմացան: 17-ը հիանալի է իր անձնակազմով և թղթակիցներով: Անձնակազմի մասին կխոսեմ մեկ այլ նյութի մեջ, իսկ հիմա կցանկանայի խոսել իմ նոր ընկերների մասին, որոնց հետ ծանոթացել եմ 17.am-ի և «Մանանա» թիմի շնորհիվ:

Առաջին մարդը, ում հետ ծանոթացա, դա Մարի Բաղդասարյանն էր: Մի հիանալի անձնավորություն, ով հաշվի չի առնում մեր տարիքային մեծ տարբերությունը: Դրանից հետո ծանոթացա Լիլիթ Խղլաթյանի հետ: Փառատոնի օրը ես ոչ մեկի հետ չծանոթացա, սակայն երբ եկա տուն, տեսա որ նամակներ են գրում թղթակիցների համար բացված հատուկ «չաթում»: Եվ դրա շնորհիվ ծանոթացա նոր մարդկանց հետ, ինչպիսիք էին՝ Սոնա Թումանյանը, Մարիամ Տոնոյանը, Սարգիս Մելքոնյանը, Հեղինե Գրիգորյանը, Կարինե Նահապետյանը, Նինա Առուստամյանը, Անգելինա Կարապետյանը, Մերի Հարությունյանը, Նարե Շարմազանովան, Լիդա Արմենակյանը, Արտյոմ Ավետիսյանը… Նույնիսկ այնքան  մտերմացանք, որ մականուններ որոշեցինք: Ինձ այնպիսի անուն որոշվեց, որը միշտ ցանկացել եմ ունենալ: Շնորհիվ մեր Արտյոմի, նույն Տյոմի, ինձ անվանեցին Նուշ: Այդ անունը ինձ միշտ գրավել է: Տատիիս անունը Նուշ է, սակայն Անուշ անունը ժառանգել եմ հայրիկի տատիկից, այլ ոչ թե իմ, և դրա համար էլ շատ եմ ցանկացել, որ երբեմն այդպես դիմեն:

Ինձ շատ դուր են գալիս իմ նոր ընկերները, որոնց ձեռք եմ բերել, ինչպես նշեցի, շնորհիվ 17.am-ի: Չնայած բավականին շատ մարդկանց հետ եմ, բայց այնուամենայնիվ չեմ կարողանում հանգիստ նստել տեղս և անընդհատ նոր մարդկանց եմ համացանցի միջոցով գրում և ծանոթանում, և նրանք էլ մեծ հաճույքով պատասխանում են ինձ: Այդպես էլ սկսվոււմ է մեր շփումը:

Առանց ինձ վատ զգալու կամ ամաչելու, ես անմիջականորեն շփվում եմ նրանց հետ: Ու եթե ընթերցողներից կա մեկը, ով «Մանանայից» է, և ես էլ նրան չեմ ճանաչում, ուրեմն ուշադիր եղեք ձեր նամակներին, կարող է մի օր ինձնից նամակ ստանաք:

Սիրով՝ Նուշ

laura sekoyan

Բանջարի սեզոնը

Գաղտնիք չէ, որ գարնանը բոլոր գյուղերում սկսում են մաքրել այգիները աշնանից մնացած տերևներից։ Այգիները մաքրելը հաճելի գործընթաց է, և հաճախ երեխաները ծնողներին համոզում են, որ այդ գործը իրենք անեն։ Այդ իրավիճակն էր նաև մեր տանը։ Ես և տանեցիները մաքրում էինք այգին, երբ ձեռնոցները ձեռքին եկավ մեր հարևան Սոֆիկ տոտան։

-Հարևան ջան, բարլուս… Էս ի՞նչ լավ գործի եք։
-Բարև, Սոֆիկ տոտա…
Ես ու եղբայրս շարունակեցինք մաքրել այգին, երբ տատիկը մոտեցավ ցանկապատին, և նրանք սկսեցին ինչ որ բան քննարկել:
Մի քանի օր անց առավոտյան տատս ինչ-որ տեղ էր պատրաստվում գնալ, բայց թե ուր՝ չիմացա։ Երբ դասից տուն եկա, տատիկիս հարցրի, թե ինչ է պատրաստել ուտելու, նա ինձ ասաց, որ բանջար է տապակել։ Ես զարմացա, որովհետև սառնարանում պահած բոլոր բանջարները ձմռան ընթացքում կերել էինք, և տանը բանջար չկար։ Մի մասն էլ տվել էինք մեր ծանոթներին ու հարազատներին։ Տատս նկատեց զարմանքս և պատմեց ողջ եղելությունը։ Առավոտյան նա պատրաստվում էր Սոֆիկ տոտայի հետ գնալ դաշտ։ Նրանք գումար էին հավաքել, որպեսզի մեքենայի մեջ գազ լցնեն և տանից ուտելիք էին վերցրել։ Եվ քանի որ դեռ բանջարը լավ չէր աճել, շուտ էին վերադարձել տուն։

Դրանից հետո որոշ ժամանակ անցավ, և հարևաններով հավաքվել էին մեր տանը սուրճ խմելու։ Ինչպես ասում են, խոսքից խոսք բացվեց, և բոլորի խոսակցության թեման դարձավ այդքան ցանկալի բանջարը։ Բոլորը պատմում էին հետաքրքիր դեպքեր, որոնք բանջարի գնալուց է պատահել։ Ոմանք էլ հիշում էին, թե անցյալ տարի ինչ լավ բանջար էին բերել և ինչ համեղ պահածոներ էին պատրաստել։ Արդյունքում որոշեցին շաբաթ օրը գնալ բանջարի։ Որոշեցին շաբաթ օրը գնալ, քանի որ մյուս օրերին թաղի տղամարդիկ աշխատանքի էին, ու իրենց ավտոմեքենայով սար տանող չէր լինի։ Բոլորը գումար հավաքեցին՝ մեքենան գազ լցնելու համար, և որոշեցին, թե ով ինչ ուտելիք է իր հետ վերցնելու։ Գնացին բանջարի։ Կանայք տարբեր բանջարներ էին բերել, իսկ տղամարդիկ սունկ էին հավաքել։ Հաջորդ օրը հարևանները հավաքվել էին մեր բակում և մաքրում էին բանջարը։ Ինչպես միշտ բոլորը գովում էին իրենց բերածը` ցույց տալով բանջարի հաստ զոխերը։ Իսկ տղամարդիկ նույն օրը երեկոյան հավաքվել էին սունկ ուտելու։ Բոլորը սպասում են ամռան գալուն, որ լավ բանջար հավաքեն ու պահածոյացնեն, շատերն էլ դրանք թարմ-թարմ պահում են սառնարանում։ Իսկ թաղի փոքր տղաները սպասում են ոլոռի սեզոնին, որ գնան ոլոռի դաշտեր ու ոլոռ բերեն վաճառեն։ Ախ, այդ ցանկալի ամառն ու ցանկալի բանջարը, Սոլակ գյուղի լավագույն սեզոնը…