Բոլորս էլ գիտենք, որ պատմությունը հիշում է միայն հերոսներին ու համալրում իր էջերը նրանց սխրանքներով: Ապագա սերնդի հպարտությունն են այդ հերոսները, որոնցից է իմ զրուցակիցը` Ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակից Գարիկ Ղազարյանը:
-Նախքան զինվորական ծառայության անցնելը ինչո՞վ էինք զբաղված:
-Նախքան ծառայության անցնելը սովորում էի ճարտարապետաշինարարական համալսարանի առաջին կուրսում: Կարծում եմ, որ յուրաքանչյուր հայորդի, իմանալով զինվորական ծառայության անցնելու մասին, հպարտության զգացում է ունենում: Այդ ժամանակ առաջին հերթին մտածում ես ընտանիքիդ, քեզ շրջապատող մարդկանց մասին, ովքեր քեզնով պետք է իրենց ապահով զգան:
-Ի՞նչ կասեք ծառայության առաջին ամիսների մասին, որքանո՞վ էր դժվար նորակոչիկի համար զինվորական կյանքին հարմարվելը:
-Սկզբնական շրջանում Արտաշատում եմ ծառայել: Զորամասը ասես մեկ այլ դպրոց լիներ, մի դպրոց, որտեղ սովորում են միայն տղաները, և որտեղ կանոնները ավելի խիստ են: Ինձ համար շրջապատին հարմարվելը հեշտ եղավ, քանի որ շատ շուտ ընկերներ ձեռք բերեցի: Իհարկե, մի քանի ամիս անց տեղափոխվեցի Արցախ:
-Դուք ձեր ծառայության մեծ մասը անցկացրել եք սահմանին, ինչպե՞ս էր անցնում կյանքը սահմանին:
-Երբ մարդ զենքը ձեռքին պահում է հայրենիքը, նախ և առաջ զգում է իրեն որպես դարպաս՝ դեմքով դեպի թշնամին, թիկունքում ունենալով հայրենի հողը: Կանքը սահմանին հեշտ չէր, բայց դժվարությունը հաղթահարելի է, մանավանդ այն դեպքում, երբ դու հոգով արդեն հաղթել ես թշնամուն: Ու ամեն անգամ սահման բարձրանալիս հոգումդ մի բան է փոխվում ու դարձնում քեզ ավելի հպարտ ու հայրենասեր:
Նրանք կռվել են հանուն հայրենիքի
-Ինչպե՞ս սկսվեց Ապրիլյան քառօրյան, ու այդ ընթացքում դուք որտե՞ղ էիք իրականացնում պաշտպանությունը:
-Դիրքս պահել եմ Թալիշի շրջանում: Ապրիլյան քառօրյան սկսվել է գիշերը, մոտ 02:45-ին: Կրակոցները սկսվել են հրետանու կողմից, որից հետո թշնամին կենտրոնացված խմբերով փորձում էր գրավել մեր դիրքերը, որոնք ավելի նպաստավոր էին նրանց հետագա գործունեության համար: Սկզբնական շրջանում իհարկե, զոհեր ունեցանք, բայց շարունակում էինք կռվել, որովհետև թուլանալու իրավունք չունեինք: Եվ չէինք պատրաստվում զիջել մեր դիրքերը:
- Սկզբնական շրջանում ի՞նչ խնդիրներ կային:
-Առաջնային խնդիրը բավարար զինամթերք չունենալն էր, մինչդեռ թշնամին ինտենսիվ կրակահերթեր էր տալիս, և ականները անձրևի պես թափվում էին: Սարքին տեխնիկա չէր մնացել, և մենք ձեռով էինք անում այն ամենը, ինչը կաներ տեխնիկան:
-Պատերազմից հետո ի՞նչ պարգևների եք արժանացել:
- Ստացել եմ շնորհակալագրեր, պատվոգրեր ու շքանշաններ, որոնք իհարկե պարտավորեցնող են:
- Ծառայության ընթացքում ձեռք բերեցիք մի շարք մարտական ընկերներ, զորացրվելուց հետո պահո՞ւմ եք նրանց հետ կապը:
- Գիտեք, հաճախակի չեն այն դեպքերը, երբ պատերազմի ընթացքում ձեռք ես բերում ընկեր, ում կարող ես վստահել կյանքդ: Նրանց հետ կապը մինչև այժմ պահում եմ, հաճախակի հանդիպում ենք, զրուցում: Ունեցել եմ նաև շատ ընկերներ, որոնք մարտի դաշտում զոհվել են: Երևի կյանքում երբեք չեմ մոռանա աչքիս առաջ ընկերներիս զոհվելու տեսարանները…
-Դուք անցել եք բոլոր հնարավոր վտանգների միջով և հաղթահարել եք դրանք, ի՞նչ կասեք այն նորակոչիկներին, ովքեր ամիսներ անց պետք է պահեն սահմանը:
-Մենք, լինելով մեր ավագ սերնդի հետնորդները, նրանց կողմից ազատագրված տարածքները պարտավոր ենք պահպանել: Մեր նորակոչիկ ընկերները թող լինեն խիզախ, ամուր կամքով և նույն ամրությամբ պահեն մեր հայրենիքի սահմանները: Իսկ թշնամուց չպետք է վախենալ: Ցանկանում եմ խոսքս ավարտել Գարեգի Նժդեհի հետևյալ խոսքով. «Որքան վսեմ է մի ժողովրդի հասկացողությունը հայրենիքի մասին, այնքան զորավոր է նրա երկիրը, նրա հայրենասիրությունը»:




Երևի մեզանից շատերը ինձ պես չգիտեն «կանսերվա» բառի հայերեն տարբերակը։ Այդ իսկ պատճառով այս նյութս կգրեմ հենց այդ բառը օգտագործելով։
Տատիկս հաճախ էր պատմում, որ այն ժամանակ նա անկրկնելի համ ունեցող ձկան «կանսերվա» է պահածոյացրել։ Հաճախ նաև պարծեցել է, որ այդպիսի ուտելիքներով է մեծացրել իր երեխաներին, որ այդպես առողջ են։ Այս անգամ հերթը հասել է մեզ։ Նա իր թոռներին ևս ցանկանում է, որ առողջ մեծանան, և բոլորին ոտքի հանեց՝ իր ուզածը իրականացնելու համար։