Lilit Andriasyan

ՔԵԶ…

Քեզ, որ հանդիպել էիր քո կյանքի հազարերորդ կնոջը, որ նման էլ չէր կնոջ, այլ ինչ֊որ անհասկանալի, անմեկնելի էակի, ում հետ, առաջին պահին,  մի բուռն գիշեր ունենալու ցանկություն պիտի որ ունեցած լինեիր միայն, եկել եմ ասելու, որ մենք, ի վերջո, ամենաթանկը գտնում ենք անսպասելի, հիմար մի վայրկյանի։ Քիմիայի թեզի հետևորդները կասեին, որ այդ պահին երկու մարմինների միջև սկսվում է սիրո քիմիան, անհասկանալի տարրերի բարդ միացություն, ավելի ռոմանտիկները այդ հանկարծակի միացումը կվերագրեին Պոսեյդոնի ամենատես աչքին, ավելի հավատավորները՝ երկնային վարձատրության։ Ինչ էլ որ լինի, եկել եմ քեզ ասելու, որ ես հավատում եմ սիրո մասին աշխարհի բոլոր թեզերին, երբ խոսքը մեր մասին է։ Սովորական ես ու դու-ի անցումը մենք-ի, հավանաբար, պիտի որ երկնային ինչ-որ ուժի ձեռքով արված լինի, իսկ ավելի թաքուն պահերին պիտի գործի սիրո քիմիան։

Քեզ, որ երբևէ չես հավատացել նման ցնդաբանություններին, եկել եմ ասելու, որ կինը գեղեցիկ տարիք չունի. կանայք ամենագեղեցիկն են, երբ երջանիկ են։ Գեղեցիկ է ամեն բան, ինչը քոնն է, իսկ եթե գտել ես քոնը, պիտի թույլ չտաս քեզնից խլել։ Մանկությունից սկսած մենք մեր ամենասիրելի բաները պահում ենք ատամներով, դողում ենք նրանց վրա, սարսափում ենք կորցնելու մտքից։ Ու եթե մանուկ ժամանակ անհամեմատ հեշտ է բաժանվել  սիրած խաղալիքներից, սիրած մարդկանցից բաժանվելն անմտություն է հասուն տարիքում։ Մի սպասիր ծանրակշիռ բառեր մի կնոջից, ով երջանիկ է. կանայք այնքա՜ն հիմար են, երբ երջանիկ են, ու եթե քեզ հաջողվել է երջանկացնել նրանցից մեկին, պիտի գոհունակություն ապրես, երբ նա, երբեմն, իրեն հիմար երեխայի պես է պահում։

Դու, որ երբեմն կորցնում ես քեզ ու սերը իր տեղը զիջում է փառասիրությանը, հիշիր, որ աշխարհի շարժիչ ուժը մեր սկզբունքները չեն։ Դրանք կարող են փոփոխվել բոլոր ժամանակներում, այսօրվա կործանարար սկզբունքները վաղվա համար ծիծաղի նյութ են միայն։ Մարդկության պատմության սկզբնավորումից մինչև օրս դրանք միլիարդներով փոխվել են, իսկ սիրելու ձևը մնացել է նույնը։ Ուրեմն, կարիք չկա կյանքի շարժիչ ուժը փոխել։

Դա հրաշալի բան է՝ պատասխանատու լինել ևս մի կյանքի համար և դա անել ոչ թե պարտադրված, այլ հաճույքով։ Մարդը իր ողջ կյանքի ընթացքում կարիք ունի ոչ այնքան սիրված, որքան հասկացված լինելու։ Կինը, ով հասկացված է, կարող է ոչնչությունից սարքել տղամարդ, պատկերացրու, ինչ կարող է անել նա տղամարդուն, ումից ոչ միայն հասկացված է, այլ սիրված։ Եթե ուզում ես ինչ-որ լավ բան անել նրա համար, սիրիր։ Եթե ուզում ես ամենաերջանիկը դարձնել, սիրիր։ Ու եթե ցանկանում ես երջանիկ լինել, թույլ տուր, որ սիրի քեզ։ Իսկական կինն ամեն ինչի ընդունակ է, երբ սիրում է։ Նա կարող է հազար անգամ անցնել դժոխքի միջով ու քեզ համար դուրս գալ վերածնված։ Ի վերջո, կինն է տղամարդուն հանել դրախտից, ու միայն նա կարող է նրան վերադարձնել այնտեղ։ Թույլ տուր, որ քեզ նորից դրախտ տանի։

Երբ ժամանակավոր կրքերն ու մոլուցքները զբաղեցնում են ուղեղդ, հիշիր, որ ժամանակը անողոք է։ Նա չի ներում, երբ իրեն վատնում են, ու նույնչափ անողոք է կյանքը, երբ իր ընծաները չես վերցնում։ Նա լավագույն ուսուցիչն է. քեզ համար հազարավոր թակարդներ է լարում, հազար ձևով փորձում է քեզ, քեզ տալիս է պատեպատ, երբ ըմբոստանում ես։ Նա այնքան է խաղում քեզ հետ, մինչև քամում է քեզ ու թողնում այն, ինչ կաս։ Ու սարսափելի բան է, երբ դրա վերջում առերեսվում ես զղջման հետ։

Քեզ, որ հանդիպել ես քո կյանքի հազարերորդ կնոջը, եկել եմ ասելու, որ մենք միշտ ներում ենք նրան, ում սիրում ենք։ Այդպես ներում են մայրերն իրենց զավակներին,  այդպես վերևից ներում են մեղավորներին։ Երբ կանգնած ես ներելու ու չներելու առաջ, պիտի հիշես, թե որքան է քեզ ներվել վերևում։ Կանայք ամեն ինչ ներում են, բայց ուշ են սպիանում։ Մեկ ճիշտ չընտրված բառով դու կարող ես թռիչքի պահին կտրել նրա թևերը։ Միևնույնն է, նա էլի վեր է բարձրանալու, բայց մի՞թե այլևս ընդունակ կլինի քեզ ազատորեն սիրել։ Զգույշ եղիր այն ամենի հետ, ինչ սիրում ես։

Ամեն անգամ, երբ կկարծես, որ ես քեզ ավելի քիչ եմ սիրում կամ կարող եմ մարդկանց հոտի մեջ գտնել մեկ ուրիշը, կարդա սա, ու մի անգամ էլ մտածիր։ Եթե չեմ սիրում, ինչո՞ւ են քեզնից հեռու ապրած վայրկյանները թվում դարեր, ու ինչու է սարսափելի տխուր, երբ կողքիս չես։ Ինչո՞ւ եմ մեռած տեղից վերակենդանանում քո համբույրից ու ինչո՞ւ եմ թույլ տալիս, որ բովանդակ մարդկության միջից հենց դու ինձ սիրես։

Ես քեզ հեքիաթներ կպատմեմ այն դևերի մասին, ովքեր բարի են դառնում, երբ սիրում են, իսկ դու փաթաթվիր ինձ, երբ անուժ եմ։ Թույլ տուր քեզ սիրել կնոջ, ընկերոջ, քրոջ ու սիրուհու նման։ Իմ աղջկական մաքուր երազներն ու կանացի ֆանտազիաները քոնն են։

Իսկ ես ավելի լավը կդառնամ, երբ սիրես ինձ…

Մեր գյուղի մեծերը. Պապս

Պապս է… Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն գյուղից: Երկար-բարակ բառերից, ճառերից հեռու, աշխատող, արարող ու ուժեղ  Սարո պապս։ Ինքը ամենից  լավ գիտի «քարից հաց քամել» արտահայտության իմաստը, լավ գիտի  կյանքի դառնությունների միջով անցնելու ու չծնկելու բանաձևը, լավ գիտի  ցավը ու ազնվությունը, ու այն, ինչ ինքը լավ գիտի, հասկանալը հեշտ չէ…

Միասին հաճախ ենք գնում գյուղի վերևի դաշտերը, ինքը`  խոտ քաղելու, ես էլ կողքից հարցեր տալու, խոսելու, լուսանկարելու, խեղճ պապիս զահլեն տանելու համար։  Ու երբ գերանդին ցած է դնում՝ տատիս մեզ  հետ դրած հացն ու պանիրը անուշ անելու, խնդրում եմ`  իր ու տատիս սիրո պատմությունը պատմի, որը պատրաստ եմ հարյուր անգամ լսել (ընտիր պատմության է, բայց չեմ գրի, որ հետո թողնի էլի իրեն լուսանկարեմ ու էլի հարցեր տամ)։

Օրվա վերջում պապ ու թոռ գյուղի փոշոտ ճանապարհներով հետ ենք գալիս տուն, ինքը` հոգնած, ես` առույգ, հոգումս բոլոր երևակայական  պատկերները, ուրախ ու տխուր դեպքերն ամբարած։ Հետ ենք գալիս տուն, որտեղ տատս հաստատ մի համով բան է եփել ու մեզ է սպասում…

Ամառը դեռ շարունակվում է, ես էլ գյուղում եմ ու սպասում եմ, թե երբ պապս ու ես  էլի դաշտ կգնանք:

Հ.Գ. Եթե պապիս ճանաչում եք, մի քանի բառով էլ դուք իրեն նկարագրեք:

Ani Harutyunyan erevan

Հիմա իմ հայրենիքը Եռաբլուրն է

Մեր փոքր քաղաքն ունի մեծ սիրտ. Իր մեջ տեղավորում է մի քանի իրականություն, ու մեկ-մեկ այդպես էլ չես կարողանում հասկանալ, թե որն է քո իրականությունը, կամ որն է այն իրականությունը, որը կուզեիր քոնը լիներ:

Երբեք Եռաբլուր չեմ գնացել այն զգացումով, ինչ հիմա: Եվ երբեք իմ աչքերը չեն տեսել այսքան կարոտ և խելագարության հասցնող լռություն, ինչպես հիմա:

«Իմ հայրենիքը տեսե՞լ ես, ասա´…»
Հիմա իմ հայրենիքը Եռաբլուրն է:

Իմ հայրենիքը որդու շիրիմի առաջ կուչ եկած մոր արցունքն է, առանց ժպիտ աչքերն ու արդեն սառը ձեռքերը. Այդ ձեռքերը սառն են, որովհետև որդուն իր գիրկն առնելու փոխարեն` հիմա գրկում են մի բուռ հողը, որդու վերջին լուսանկարը սեղմում կրծքին, ու մայրը ցավից հեկեկում է:

Իմ հայրենիքը դարձավ Եռաբլուրը:
Իմ, քո ու մյուսների հայրենիքները հիմա այստեղ են` Եռաբլուրում:
Եվ գիտեք, խոսքերն այստեղ արժեք չունեն, այստեղ ոչինչ էլ արժեք չունի:
Վերևում քամուց տարուբերվող դրոշներ են. թեքվում եմ, նայում շուրջս ու փնտրում ընկերներիս…
Երբեք, երբեք այսպես չեմ փնտրել նրանց, ու երբեք այդ փնտրելու ճանապարհն ինձ չի թվացել այսքան երկար ու ցավոտ…

Քայլում եմ. Հողը դեռ թաց է, ու երկինքը` արտասուքի մեջ…
Այստեղ մի անսովոր լռություն կա, լռություն, որի մեջ այնքան ճիչեր են խլացել,
լռություն, որ խեղդում է կոկորդդ ու դառնում արցունքի կաթիլ…

«Ճիչը քամու մեջ թողնում է կիպարիսի հետք, թողե´ք ինձ այս դաշտում լալով…»:
Թողե´ք ինձ այս դաշտում լալով…
Քայլում եմ… Արթուր, Էդուարդ, Արտյոմ, Դավիթ, Ալեն, Հայկ, Ռաֆայել, Վահագն, Գևորգ…

Տղե´րք, ես ուզում եմ խոսել, բայց ոչինչ ասել չեմ կարող, որովհետև բառերն այնքան իմաստազուրկ ու դատարկ են դառնում, երբ ուզում ես նկարագրել անբացատրելին. հոգում խարանված ցավը, դողը աչքերի, կսկիծը սրտի…
Քայլում եմ… Հասա Արթուրի` ժպիտից աչքերը մի փոքր կկոցած հայացքին. Արթուրի մայրը համբուրում է որդու լուսավոր ժպիտն ու խեղդում արցունքները, որովհետև Արթուրն ասում էր. «Մամ ջան, դու միշտ պիտի ժպտաս…»
Ճանապարհը տանում է դեպի ՆՐԱՆՑ, և առհասարակ բոլոր ճանապարհները տանում են դեպի ՆՐԱՆՑ, որովհետև ՆՐԱՆՔ են իմ «հանուն»-ները` միս ու արյունից…

Արթուրի մայրը պատմում է, թե ինչ անհամբերությամբ է Ամանորի գիշերը հասել այստեղ, ուր Արթուրն էլ անհամբեր իրեն է սպասում…
Ի՜նչ կիսատ է կյանքը, և որքան տարբեր` կողք կողքի գտնվող երկու իրականությունները…
Առավոտ է. Արևը կրկին խաղում է իր նոր արթնացած շողերի հետ. Արևն ասես մայր լինի, դե շողերն էլ, երևի կռահեցիք, իր երեխաներն են. Ինչպե՞ս է արևը գրկում իր շողերին ու ջերմացնում մեզ…

Իսկ արթուրների մայրերն ու՞մ գրկեն, որ ջերմացնի իրենց այնպես, ինչպես շողերը կջերմացնեն արևին…
Չէ´, արդար չէ…
Կարծես անարդարությունը մեխի նման խրված լինի մեր հայրենիքի սրտին և բաժանի մեզ…

Չէ՞ որ հայրենիքը մի մեծ սիրտ է, և իր սրտում կարողանում է տեղավորել հազարավոր սրտեր, իսկ հիմա… Հիմա այդ սրտերի փոխարեն բեկորներ են, բեկորներ, որոնց հպվել անգամ երևի չկարողանաք, որովհետև այդ բեկորներն արդեն վաղուց չունեն հպումների կարիք, նրանք բացարձակ են, բացարձակ և ունայն…

Առավոտ է… Իմ սրտում դեռ այն տխուր կիրակին է, որից հետո կյանքն այլևս այնքան գունավոր ու սիրուն չէ, որքան տեսնում էին տասնյոթ տարեկան աղջկա աչքերը:
Կյանքն այդ կիրակի փոխեց իր գույները, ու չեմ հասկանում` ո՞ր սահմանված կամ չսահմանված օրենքով…
Մարդասիրություն, օրենքներ, իրավունքներ… Ցավոք, այս բառերն արդեն կորցրել են իրենց ուժն ու դերն իմ կյանքում, և կորցրին այն պահին, երբ իմ ընկերները, դպրոցական նստարանից դեռ նոր դուրս եկած, վերցրին զենքն ու մինչև վերջին շունչը պայքարեցին թուրք ոսոխի դեմ` հեռվում թողնելով իրենց երազներն ու հույսերը…
Եվ ես ամաչում եմ խոսել մարդասիրության մասին. Ամաչում եմ նայել ընկերներիս աչքերին ու խոսել, ամաչում եմ…
«Մարտական խաչ» շքանշան, հերոսի կոչում… Մենք չէինք ուզում այս կոչումները ձեզնից հետո, տղե´րք, մեզ դուք էիք պետք…

Բառերն արժեզրկվում են, մութը թանձրանում, ու խավարի մեջ խարխափելով անգամ չեմ գտնում հույսի լույսը…
Դուք էիք լույսերը, տղե´րք, և հիմա առանց ձեզ ոչինչ չկա: Առանց ձեզ աշխարհն այլևս նույն գույները չունի:
Երկինքը կապույտ է, և կապույտ երկնքում թևածում են կապույտ երազներն ու կապույտ կարոտները…
Երկինքը կապույտ է, բայց հոգիս մթի մեջ է. Հիմա շրթունքներս միայն կամաց շշնջում են` շնորհակալ եմ…

Լուսանկարը` Սուրեն Կարապետյանի

Ինչ է ազատությունը

Եթե երկու տարի առաջ հարցնեիք, ամենաքիչը երեք էջ խորը փիլիսոփայական նյութ կտպեի Microsoft Word-ում, հիմա ուղղակի կասեմ` ազատություն չկա…

Ազատությունը վերացավ, երբ Շուշին ու Դադիվանքը մնացին թուրքի ձեռքում…

Ես ծնված օրվանից համարվել եմ ազատության սերնդի մաս ու միառժամանակ, ականատես եղել երկու պատերազմի, ու վերջինիս ժամանակ կորցրել որևէ հույս Հայաստանում ապրելու։

Ես միշտ վստահ եմ եղել, որ ազատության սերունդ լինել նշանակում է` ապրել անկախ Հայաստանում,  ազատ տեղաշարժվել  երկրիս տարածքով, ու ամենակարևորը, այս ազատության համար ամեն գնով պայքարել։ Վստահ եմ եղել, որ ազատ լինելու համար պետք է շատ աշխատել ու լինել չափազանց ուժեղ քո ազատությունը սահմանափակողներին դիմակայելու համար։ Հասուն տարիքում հասկացա, որ ազատության գաղափարը կիսում են նաև խոսքը, ընտրությունը ու հազար ու մի ուրիշ երևույթներ։ Շատ կարևոր, բայց ոչ առաջնային, խիստ անհատական երևույթներ։ Ես սովորեցի հարգել այս ազատության տարատեսակները շատ հեշտ, որովհետև կարծում էի, թե մեդալը միշտ ունի երկու կողմ, ու երկուսն էլ ունեն հավասար արժեք ու իրավունք գոյություն ունենալու։

Բայց երբ որ քեզնից խլում են քո ազատությունը, ապացուցում են, որ անկախ նրանից, թե ինչքան աշխատանք ու  պայքար կտարվի համընդհանուր ազատության համար, մեդալի մյուս կողմը ընտրելու է միայն իրեն` չհարգելով քեզ ու քո անհատական ազատությունները, էլ ոչինչ չի մնում, բացի ազատության նկատմամբ հավատի կորստից։

Կարծում եմ, ազատության տարատեսակները մտածել են հենց նրանք, ովքեր ձգտում են ամենաթողության, զուրկ են արժեքներից ու պատվի զգացողությունից։ Ավաղ, Հայաստանում հիմա ավելի շատ են պատվազուրկները, ովքեր վեր են դասում սեփական ազատությունները համընդհանուրից, նույնիսկ եթե դա նշանակում է` մահ, ստորացում ու ապագայում թուրքի ճորտ լինելու հեռանկար։ Կարծում եմ պետք է սկսել «անհարգանք» ու անհանդուրժողականություն դրսևորել մեդալի մյուս կողմի նկատմամբ, սահմանափակել հնարավորությունները ու կրթել սեր համընդհանուր ազատության նկատմամբ։ Այդպես միգուցե հասնենք այն մակարդակի, որտեղ կսկսենք հարգել անձնականը։ Ամբողջ աշխարհում հիմա ակտուալ է և, ինչ խոսք, նաև տեղին, պայքարը խոսքի, ընտրության ազատության համար, բայց ավաղ, մենք չափազանց հեռու ենք դրանից, որովհետև դեռ ստիպված ենք պայքարել երկիր ունենալու համար։

Չգիտեմ, գուցե մահն է իրական ազատությունը, բայց դա ոչ ոք չգիտի….

Ավելի խելամիտ է պայքարել մեր երկրի կյանքի համար, որի ազատության բերկրանքը զգացել ու տեսել ենք։

Հ.Գ. Այս խոհերս զայրացած էի գրել, մի համալսարանի ուսանողների համանուն թեմայով շարադրությունները կարդալուց հետո: Շարադրությունների մրցույթի լավագույն 10-ից ավել շարադրությունների մեջ միայն մեկ կամ երկու հոգի էր ներկայիս իրավիճակի մասին գրել: Չեմ հասկանում. պատերազմը իրենց վրա հետք չի՞ թողել, հարազատ, կուրսեցի, ընկեր չե՞ն կորցրել, որ իրենց մտքերը շարադրելիս պատերազմը մտքներին չեկավ:

zaven abrahamyan new

Մենք հայ ենք

Մենք հայ ենք։ Ապրում ենք Հայաստանում, Արցախում, Սփյուռքում։ Մենք հայ ենք և պարծենում ենք դրանով։ Պարծենում ենք մեր երկրով, մեր բազմադարյա պատմությամբ՝ աշխարհի հնագույն քաղաքակրթություն ունեցող ազգերից մեկը լինելու փաստով։ Հիանում ենք մեր բնության հիասքանչ գլուխգործոցներով՝ Սևանա լճից մինչև մեր ժայռերն ու քարերը։ Հպարտանում ենք մեր ազգի մեծերով և համաշխարհային մշակույթում իրենց թողած անգին հետքերով՝ թումանյանական ստեղծագործություններով, թամանյանական կառույցներով, Նարեկացու ոսկե տողերով և այլն։ Գովերգում ենք մեր ազգի նվիրյալ հերոսններին, ովքեր մեր պատմության ողջ ընթացքում պայքարել և զոհվել են հանուն ազգի, հանուն մեր տեսակի հավերժ գոյատևման։ Եվ ի վերջո, պարծենում ենք աշխարհում առաջին քրիստոնյա ազգը լինելու փաստով՝ հանդիսանալով ազգ, որը դարեր առաջ՝ առաջինը հրաժարվեց հեթանոսությունից ու բռնեց լույսի ու փրկության ճանապարհը։

Շրջապատված թշնամիներով, մենք միշտ պայքարեցինք մեր հավատքը և պետականությունը պահպանելու համար։ Ավաղ պատմության ընթացքում բազմիցս կորցրեցինք մեր պետականությունը, թշնամու կողմից քանդվեցին ու ավերվեցին մեր քաղաքները։ Թշնամին մեր տներն ու վանքերը քանդելով, այրելով բազմադարյա մատյանները, փորձեց ջնջել մեզ պատմության էջերից։ Բայց իզուր չէ, որ մեզ հայ են ասում։ Մենք չջնջվեցինք, մենք չձուլվեցինք, թեև դարերի ընթացքում լինելով թշնամիների լծի տակ՝ մեր պայքարը դարձավ ավելի թեժ, դարձավ պայքար հանուն կյանքի։ Այդքանից հետո էլ մենք մնացինք՝ շարունակելով ապրել ու երազել ազգի միասնության և պետականության մասին։

Եվ ահա, կարծես եկավ ժամանակը, հնարավորություն ընձեռվեց վերականգնելու մեր պետականությունը՝ ազգը միասնական գաղափարի շուրջ համախմբելու պահը։ 20-րդ դարի սկզբին՝ թեև կարճ, բայց մենք ունեցանք պետականություն։ Պետականություն, որի մասին երազել էինք դարերով, որի մասին երազում էր ամբողջ ազգը։ Սակայն ինչպես բազմիցս ասել եմ, եկան բոլշևիկները։ Յոթանասուն տարի մեր երկիրը զարգացավ, ապրեց ինդուստրիալ հեղափոխություն։ Կառուցվեցին գործարաններ, արտադրամասեր, զարգացավ տնտեսությունը, գիտությունը, նաև մշակույթը։ Այդ ամբողջ ընթացքում սակայն, աննկատ մնաց Հայաստանը մաս-մաս ուրիշներին նվիրելու փաստը՝ Արցախն ու Նախիջևանը` Ադրբեջանին,  Ջավախքը՝ վրացիներին։ ԽՍՀՄ-ը կայսրություն էր, որը կարծես թե պիտի չկործանվեր, դրա պատճառով հանգիստ իր տարածքում հող էր սրան-նրան տալիս, բազմիցս փոխելով իր իսկ հանրապետությունների մեջ սահմաններն ու վարչատարածքային բաժանումները։

Բայց արի ու տես, որ ԽՍՀՄ-ը փլուզվեց։ Մինչև փլուզումը սկսված Արցախյան շարժումը ավելի սաստկացավ՝ դառնալով հնարավորություն ազատագրելու հայրենի հողերը։ Հերոսաբար կռվեցին ու զոհվեցին հայորդիներ, զոհվեցին անմեղ ընտանիքներ, պանդուխտ ու վտարանդի դարձան հազարավոր հայեր։ Ամեն ինչ թեժացնում էին նաև տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի հետևանքները և քանդված տնտեսությունը։ Մեր նորագույն պատմության մեջ ամենադժվար տարիներն էին՝ Արցախյան առաջին պատերազմի մութ ու ցուրտ տարիները։ Սակայն այդ ամենը դարձավ հաղթահարելի, քանի որ միավորվեց ողջ հայությունը, միավորվեց ազգային ազատագրական պայքարի շուրջ։ Եվ մենք տարանք բազում փայլուն հաղթանակներ՝ հասնելով մեր գլխավոր նպատակին, ազատագրեցինք մեր պապենական հողերը՝ Արցախը։

Եվ կարծես թե ամեն ինչ վերջացավ, սակայն ամեն ինչ դեռ նոր էր սկսվում․․․

Այսօր փառապանծ էջերն եմ կրկնում, որ չմոռանանք: Ամեն ինչ նորից է սկսվելու…

Հազարավոր լիալուսին հետո

Հայր մեր

Հայր մեր, որ երկնքում ես,

Թող պայծառ լինի այն կյանքի տեսիլքը, որը դու ես մեզ տվել:

Հայր մեր, երախտապարտ եմ մինչև երակներս՝ իմ անթերի ու ոչ կատարյալ կյանքի համար:

Հայր մեր, թող թերություններս միշտ լինեն անսխալների ու սխալների համար։

Հայր մեր, ուղղորդիր ինձ ճիշտ ճանապարհով, ինչպես միշտ ես անում:

Երախտապարտ եմ ինձ տրված հացի, ջրի, խաղաղության ու սիրո համար…

Երկրիս` արքայությունը Քո, ու թող լույս իջնի բոլոր անթառամ ու սրտով մարածների վրա, որ մեզ համար հայրենիք կառուցեցին, չիմանալով` դրախտ թե դժոխք են պահել…

 

Հազարավոր լիալուսին հետո

Քայլում էի պարզ ու, միևնույն ժամանակ, մարդաշատ փողոցով: Ինձ թվում էր` երբեք չեմ տեսնի նրա անչափ գեղեցիկ և արեգակը գրկած այդ ծով աչքերը: Նա հրաժեշտ էր տվել ինձ, բայց կարծես ինչոր բան կիսատ էր մնացել: Ես էի կիսատ մնացել: Զգում էի, թե սիրտս ոնց էր գոռում: Լուռ կանչում էի նրան, մտածելով, թե ամեն անցնող մեքենայի միջից ձայն է տալու, ինձ ամուր գրկելու ու բաց չթողնելու հույս ունեի…

Ու քայլեցի…

Քայլեցի այնքան, մինչև ոտքերս խնդրեցին չքայլել: Տուն հասա ու սկսեցի կարոտած սպասել նրան: Թվում էր նրա զանգը բաց չթողնելն էր ամենակարևորը, ու կարոտում էի անչափ։

Մենք խոսեցինք այդ գիշեր, ու ես անընդհատ պատշգամբից նայում էի լիալուսնին, և անընդհատ նայում ու հաշվում էի` քանի լուսին մնաց մեր ապագա հանդիպմանը։ Կասկած կար, որ հետ չի գա, վախ էլ, բայց ինչ որ տեղ ներսումս ինչ որ բան հուշում էր, որ չի կարող վերջը լինել…

Անցավ ժամանակ ու պատերազմն էլ…

Ես արդեն մեծ աղջիկ էի, առաջին կուրսեցի, բայց այնքան մեծ չէի, որ ծածկեի ցավս:

Ամեն րոպե զանգի էի սպասում ինձ պատեպատ տալով: Ատում էի ինձ ամեն բաց թողածս զանգի համար:

Վերջացավ… Շուշիս կորցրի, Սերս Աստված պահեց:

Շնորհակալ ենք մեր սերերը պահպանելու համար:

mariam tonoyan

Երեկ Հերման Հեսսեի ծննդյան օրն էր

Հերման Հեսսե

Աղոթք

Թող հույսս ինձնի՛ց կորցնեմ, Աստվա՛ծ, և ոչ Քեզնից,

Թող ճաշակեմ մոլորյալի ողջ վիշտն ու ափսոսանքը,

Թող տառապանքի բոցերն իմ մեջ թրթռան,

Եվ կրեմ ամեն անարգանք։

Մի՛ օգնիր դիմանալ, մի՛ օգնիր կատարելագործվել,

Ընդհակառակը՝

երբ ամեն բան կոչնչացնեմ իմ մեջ,

ցույց տուր ինձ, որ Դո՛ւ էիր դա,

Որ Դու՛ ես ծնել բոցն ու տառապանքը,

քանզի թե անգամ կործանվել կամ մեռնել ուզեմ,

մեռնել միայն Քո մեջ կարող եմ։

 

Քեզ նու՞յնպես ծանոթ է սա

Քեզ նու՞յնպես ծանոթ է սա.

Երբեմն ցնծության ուղիղ մեջտեղում՝

Ուրախ դահլիճում տոնի ժամանակ,

Դու հանկարծ լռել, հեռանալ ես ուզում։

 

Հետո թախտին ես պառկում դու անքուն,

Հանց մեկը՝ բռնկված բութ ցավով սրտի,

Եթերանում է ծխի պես քրքիջ, խնդություն,

Ու լալիս ես դու, անդադար լալիս…

Մի՞թե ծանոթ է նաև քո սրտին։

 

Բհագավատ գիտա

Պառկել եմ դարձյալ ժամեժամ անքուն,

Անմեկին վիշտ է պատել իմ հոգուն։

 

Աշխարհում տեսա մրրկվող կրակ ու մահ,

Տառապող, մեռնող, փտող անմեղներ հազար։

 

-Տե՛ս,-հնչեց իմ մեջ ձայնն հիշողության

Ժամին այդ մռայլ մենության։

 

Եվ մերժեցի ես պատերազմն իմ սրտում,

ինչպես անմիտ ցավերի կույր Աստծուն։

 

Այն ինձ փոխանցեց խոսքը խաղաղության

Աստվածների հնագույն գրքից հնդկական.

 

«Պատերազմն ու խաղաղությունը հավասար են կշռում,

Քանզի հոգու կայսրությանը մահը չի դիպչում։

 

Խաղաղության նժարը բարձրանա, իջնի,

Աշխարհի վիշտը, մեկ է, չի պակսի։

 

Ուստի պայքարի՛ր, մի՛ պառկիր այդպես,

Աստծո կամքն է, որ ուժերդ լարես։

 

Թե անգամ պայքարդ հազար հաղթություն տանի,

Աշխարհի սրտին այն հետք չի թողնի»։

 

Ես մարդկանց գիտեմ…

Մանկությունն այնքան խորն է ապրում որոշ հոգիներում,

Որ նրանցում  կախարդանքը լիովին չի փշրվում

Ապրում են կուրության մեջ՝ երազներով լցված,

Ու չեն յուրացնում ժամանակի լեզուն։

 

Վա՜յ նրանց, թե մի փորձանք  սարսափեցնի

Ու հանկարծ վառ իրականությամբ արթնացնի,

Մանկան հավատից, երազից վտարված՝

կնայեն անպաշտպան զազրանքին կյանքի։

 

Ես գիտեմ մարդկանց՝ պատերազմից զարթնած,

որ դեռ իրենց կյանքը կես չարած,

տառապում են արդեն վախով ու դողով,

մոլորվում ամեն ցնորում անթափանց։

 

Թվում է, թե այս անհույսների մեջ

Մարդկությունն իր արնախում հողերն է փնտրում,

Իր դաժանությունն ու փախուստը հոգու՝

սարսռում, ամաչում գիտակից դառնալ։

 

Գերմաներենից թարգմանեց` Մարիամ Տոնոյանը

Առանց քեզ

Եթե իմանայի, որ պետք է ստիպված լինեմ  քեզանից այսքան հեռու ապրել, ամեն օրս, ամեն րոպես քեզ հետ կանցկացնեի….

Ապրում եմ, բայց կիսամարդ դարձած։

Երանի հնարավորություն լիներ երազները իրականություն դարձնել, այդպես ես ոչ մի օր քեզանից հեռու չէի մնա…

Ամեն օրս դու ես… Օրս քո անունը տալով եմ սկսում և վերջացնում, քո անունը տալով…  Եթե հանկարծ գիշերները վատ երազից արթնանում եմ, էլի քո անունն եմ տալիս…

Ես երազկոտ չէի, բայց հիմա ամեն պահ երազում եմ քեզ տեսնելու ու քեզ գրկելու մասին, Նոր…

Ամեն օր երազներումս դու ես, ասում եմ` ամեն օր երազումս Նորոյին եմ տեսնում, ասում են` քեզ շատ է կարոտել, դրանից է…

Երանի այդպես լինի, երանի դու ապրես… Ապրիր, բայց ոչինչ, համաձայն եմ, մի կարոտիր ինձ…

Ես պատրաստ չէի քեզանից այսքան հեռու լինել, իմ մի մասնիկ, իմ հարազատ:

Բոլորի համար 2020-ը վատ տարի էր, բայց ինձ համար լավագույն տարիներից մեկն էր (իհարկե, մինչև պատերազմը), որովհետեւ 2020-ում ես ու Նորոս ավելի լավ էինք լեզու գտնում իրար հետ…

Ու ոնց մայրս է ասում. մեր Աստվածը մեծ է, հաստատ մի լավ լուր կստանանք։

Դու կա՛ս, դու ապրում ես քո հերոսի կոչումով:

Դու պե՛տք է գաս ու էլի լցնես մեր օրերը քեզանով, պե՛տք է էլի զորամասիդ ԿՅԱԺ մականունը կրողը լինես…

 

Նվիրվում է քառասունչորս օրյա պատերազմում անհետ կորած Նորայր Նահապետյանին՝ քրոջից:

Emma Vardanyan

Ավելի լավ է ևս մեկ կովիդ, քան պատերազմ

Վերջին ժամանակներում՝ պատերազմի և համավարակի օրերին, իրենց փայլուն և քրտնաջան աշխատանքով աչքի ընկան բուժաշխատողները։ Նրանք կատարեցին չափազանց մեծ ու անուրանալի աշխատանք։ Կորոնավիրուսի և պատերազմի վերաբերյալ հիշողություններն ու տպավորությունները պատմում են հենց նրանք՝ Երևան քաղաքի հիվանդանոցներից մեկի բուժքույրերը։

2020 թվականի մարտի 1

Աշխարհը ցնցած կորոնավիրուսի դեպք գրանցվեց նաև Հայաստանի Հանրապետությունում։ Կառավարությունը հորդորում էր բոլոր քաղաքացիներին մնալ տանը, իսկ դուրս գալիս կրել դիմակներ։ Գրեթե բոլորն անցան աշխատանքի օնլայն ռեժիմի, իսկ բուժաշխատողները՝ սպիտակ համազգեստներով անցան համառ պայքարի համավարակի դեմ։ Անկասկած դժվար էր։

Թեև այսօր էլ ամբողջությամբ չի հաղթահարվել այդ վիրուսը, ընդհանուր առմամբ, մինչ այսօր Հայաստանում գրանցվել է ավելի քան 200 000 դեպք, որոնցից գրեթե 5000-ը մահվան ելքով,  այնուամենայնիվ բուժքույրերի մոտ դեռ թարմ են համավարակի առաջին շրջանի հետ կապված հիշողությունները։

«Վարակվածները շնչահեղձ էին լինում, անզորությունից բռնում էին մեր համազգեստներից ու քաշում, օգնություն աղերսող աչքերով նայում էին մեզ, իսկ մենք չգիտեինք, թե ինչ անել։ Սարսափելի էր»,- վերհիշում է բուժքույր Հասմիկը։

Որպես հիմնական դժվարություն նշում են ամբողջությամբ փակ հագուստը, գերծանրաբեռնված աշխատանքը, կրկնակի աշխատաժամերը, և որ ամենագլխավորն է, հարազատներից հեռու ապրելը։

«Չնայած հարազատներից հեռու ապրելը իր լավ կողմն էլ ուներ, գոնե ընտանիքի անդամներին չէինք վարակում», -  նշում է կորոնավիրուսային համավարակի պայմաններում վերապրոֆիլավորված հիվանդանոցներից մեկի բուժքույրը։

Ի դեպ բուժքույրերի մեծ մասը վարակվել է կորոնավիրուսով։

Անցան ամիսներ։ Երբ վիրուսի դեմ պայքարը թվում էր, թե հունի մեջ է ընկել, սկսվեց 44-օրյա պատերազմը։ Դա սառը ցնցուղ էր։ Ինչպես ասում է ժողովրդական ասացվածքը․ «Ջրից դուրս եկանք, ընկանք ջրհեղեղի մեջ»։

«Ավելի լավ էր ևս մեկ կովիդ, քան պատերազմ։ Պատրաստ չէինք դրան ոչ ֆիզիկապես, ոչ էլ առավել ևս հոգեպես։ Դա վատագույնն էր, որ կարող էինք սպասել»,-ասում են բոլորը միաբերան։

Պատերազմի, վիրավորների մասին խոսելիս ավագ քույրը չկարողացավ զսպել արցունքները։

Յուրաքանչյուրը պատմում էր այնպիսի դեպքեր, որոնք այնքան էին տպավորվել, որ երբեք չեն մոռանա։

«Ամեն ժամ ընդունում էինք նոր վիրավորներ, որոնք անգիտակից էին և երբ արթնանում էին ու հիշում էին, թե ով են, կամ հարազատները ճանաչում էին նրանց, ուղղակի ուրախությունից լաց էինք լինում։ Մի անգամ, երբ վիրավորներից մեկը ուշքի եկավ (խոսել չէր կարողանում) թղթի վրա գրեց․ «Հանկարծ առաջինը մամայիս չասեք, պապայիս ասեք»,- հիշում է բուժքույր Սոնան։

Իսկ քույրերից մյուսը՝ Հասմիկը, պատմում է, թե ինչպես ազգությամբ եզդի  մի զինվոր ուշքի գալուն պես՝ հիշել է, որ իր մայրիկի ծնունդն է և խնդրել է, որ ծաղիկներ բերեն, որպեսզի  նվիրի մորը։

22-ամյա բուժքույր Արփինեի մեջ տպավորվել էր մեկ այլ զինվոր․ «Նա շա՜տ թախծոտ աչքեր ուներ։ Ամեն ինչ անում էինք, որ գոնե մի փոքր ժպտա, բայց նա ի պատասխան ասաց,որ եթե մեր ընկերներն էլ զոհվեին մեր աչքի առջև, մենք էլ չէինք ժպտա»։

Այժմ ամեն բան անցյալում է։ Բարի և սրտացավ աշխատանքի շնորհիվ բոլոր բուժաշխատողները վայելում են իրենց հիվանդների սերն ու հարգանքը։ Կան այնպիսինները, որոնք գրում են, զանգում կամ էլ այցելում են նրանց։

«Մի վիրավոր ունեի։ Շատ էր ինձ չարչարում, դրա համար էլ խոստացավ, որ երբ ապաքինվի, ինձ ծաղիկներ է բերելու։ Անցավ որոշ ժամանակ։  Նա իր կնոջ ու երեխայի հետ եկավ և բերեց խոստացված ծաղիկները։ Դա ամենաերջանիկ պահերից էր ինձ համար»։

Իսկ քույրերից մեկը ծիծաղով պատմում է․ «Մի հիվանդ ունեի, հիմա ամեն Աստծու օր գրում է․ «Լա՞վ ես, բուժքույր ջան»։

«Շատ էինք չարչարվում, տանջվում, նույնիսկ լինում էին դեպքեր, այնքան էինք հուսահատվում, որ մտածում էինք աշխատանքից հեռանալու մասին, բայց հետո սթափվում էինք ու հասկանում․ Բա ո՞վ պիտի բուժի վարակվածներին ու վիրավորներին, և նոր եռանդով անցնում էինք աշխատանքի»,-եզրափակում են նրանք։

«Հստակ միայն մեկ բան է եղել՝ թուղթն ու գրիչը»

Ընդամենը օրեր առաջ, ընթերցասերների գրադարակներում հայտնվեց նոր գիրք «Երկա՞ր»: Ժամանակակից հայ գրականության նոր սերնդի ներկայացուցիչ Եր Կար-ի անունը արդեն հայտնի է շատերին: Նրա մտքերը կարելի է տեսնել պատերին, սոցիալական հարթակներում, իսկ հիմա արդեն նաև գրքում: Հարցին, թե ինչո՞ւ է գրում, ասաց` գրում եմ, որովհետև … չկա որովհետև:

-Երեմ, ինչպե՞ս սկսվեց, քո, որպես գրող Եր Կարի գրական-ստեղծագործական ճանապարհը:

-Միշտ գրել եմ, սկզբում փորի պատերին՝ մորս փորի պատերի, հետո փողոցի: Գրել սկսել եմ 2-րդ դասարանից, անգիտակցաբար: Առաջադրանք էի կատարում զուտ, ավելի ուշ, 16-ից հետո սկսեցի գրել այն, ինչ տեսնում եմ, հետո նույնիսկ այն, ինչ չեմ տեսնում՝ լուծում էի ստեղծագործություններիս կարևոր 3 խնդիրները՝ անձնական խնդիրը, գեղարվեստական խնդիրը և ասելիքի խնդիրը: Ու սկսվեց երկար մի բան, որ կարճ կապելու սովորություն չունի:

-Գրում ես բանաստեղծություններ: Ի սկզբանե եղե՞լ է հատուկ որոշում, որ գրելու ես միայն այդ ոճի մեջ:

-Հստակ միայն մեկ բան է եղել՝ թուղթն ու գրիչը, մնացածը օրն ու Եր Կարն էին որոշում, առանց ինձ ու նախապայմանների:

-Տարիներ շարունակ գրում ես, մտածո՞ւմ էիր, որ գալու է այս օրը կամ գրում էիր հենց այս օրվա՞ համար, թե՞ ամեն ինչ ինքնաբերաբար  ստացվեց:

-Եթե ինձ մնար, ես կշարունակեի լինել՝ «facebook»-ում ծնված հեղինակ, բայց արի ու տես, որ ինձ չմնաց որոշելու ոչինչ: «Անտարես» հրատարակչությունը գերեց ինձ ու վերջ, իսկ իմ շնորհանդեսին սպասել եմ երկար ու պատրաստվել կարճ:

-Ինչպե՞ս ընտրեցիր գրական կեղծանունդ:

-Գրական կեղծանունս չորս տարեկան է: Ժամկետային ծառայության ընթացքում մտերիմ ընկերոջս առաջարկն էր, երկար պատմություն է: Ես հավանեցի այդ անունն ու վե՛րջ, եկան Եր Կար օրեր:

-Գիրքն ունի «Երկա՞ր» անունը: Ինչպե՞ս կանգ առար այս վերնագրի վրա

-Երկա՞ր,

-Եր Կար:

-Ամեն օր հարցնում են՝ ինչո՞ւ Եր Կար, ավելի հաճախ Եր Կարը շփոթում են վերնագրի հետ, գրում են կամ չեն գրում հեղինակի անունը տեքստերս տարածելիս, ժամանակ կա, որ իրենցով են անում տեքստերս: Եվ իսկապես ինձ մոտ հարց է առաջանում՝ Եր Կա՞ր, թե՞ չկար: Անտարես հրատարակչության հետ միասին եկանք ու կանգնեցինք Երկա՞ր անվան վրա:

-Ինչպե՞ս կնկարագրես ինքդ քո գիրքը: Ինչի՞ մասին է այն, ո՞վ է հասցեատերը:

-Չեմ կարող ինքս նկարագրել իմ գիրը: Դա բավականին պատասխանատու գործ է, դա ընթերցողի գործն է:

-Ի՞նչ ապրումներ ունեիր շնորհանդեսից ժամեր առաջ և հետո:

-Շնորհանդեսի ընթացքում պատկերներ եմ հիշում, գնացող-եկող տեսարաններ ու մարդկանց: Իսկ շնորհանդեսից առաջ կար հուզմունք, որը հանձնեցի գինուն:

-Կա՞ն մարդիկ, ովքեր աջակցել և ինչո՞ւ ոչ, ներդրում են ունեցել գրքի լույս տեսնելու հարցում:

-Կա՛ն, շատ են այդ մարդիկ, հիմնականում գրողներ, բայց կարող եմ առանձնացնել միայն Հովհաննես Թեքգյոզյանին, իմ ընկերոջ ու ուսուցչի ծավալուն ներդրումը Եր Կարի կայացման գործում, դրանք զրույցների ու քննարկումների տեսքով են լինում հաճախ, և այդ զրույցները դառնում են տեքստեր, հետո տեքստերը վազելով հեռանում են հեղինակից, ապա վերադառնում են հետ, մտնում գրողի ծոցը և վերջ, դառնում են բանաստեղծություն:

-Գրելով ինքնամաքրվում են: Քեզ համար ինչի՞ միջոց է գրելը

-Միշտ երազել եմ այս հարցի մասին, հաճախ տվել եմ ինքս ինձ այս հարցը: Պատասխան չկա՛: Գրականություն ստեղծելը ծանր, դժվար և անհնարին աշխատանք է: Գրելով լուծում եմ անձնական խնդիրներս, գրում եմ, որովհետև … չկա որովհետև, այսքանը: