Sargis Melkonyan

Արևածագին սպասելիս

Գիշերվա 03:27:

-Ես էլ եմ սիրում նայել աստղերին…

-Վայ, աստղ ընկավ․․․

-Լավ, հերիք է ձեր աստղային թեմաներով խոսեք, եկեք «Այլ կերպ» խաղանք…

-Բայց գյուղում կա՞ «Այլ կերպ»:

-Չկա՞, կսարքենք:

-Ա՜, ինչ էլ հավես ունեք…

Ժամը 03:45:

-Երեխեք, «Այլ կերպի» 20 քարտ եմ սարքել…

-Իսկ մենք արդեն քաշել ենք ինտերնետից:

-Ասեիք` էդքան չէի տանջվի, ու՜ֆ…

-Լավ, հիմա խաղում ե՞նք, թե՞ չէ…

-Խաղում ենք, խաղում:

-Դե, եկեք խմբերի բաժանվենք:

-Ըհըն, ես, Մարիշը, Նելլին: Մելքոնը, Ջուլին, Ելենան…

Երևի այս խառնաշփոթից հասկացաք, որ մի խումբ երեխաներ գիշերվա կեսին հավաքվել են ինչ-որ վայրում ու խաղում են: Երեխեքը մենք էինք՝ ես, քույրս, եղբայրս, հորաքույրներիս աղջիկները: Հազիվ էինք իրար գլխի հավաքվել: Դե, մեծանալը լավ բան չի, էլի: Առաջ ամբողջ ամառ միասին էինք անցկացնում. պարում էինք, լողում, բակային ճամբարներ կազմակերպում, խաղաքարտային առաջնություններ, ֆուտբոլ, «գործնագործ», «շիթ», լոտո, բադմիտոն, վոլեյբոլ… Ինչ ձեր մտքով կանցնի: Իսկ հիմա՞: Հիմա Ֆեյսբուք, Ինստագրամ, Թվիթեր, դասեր, պարապմունքներ, գործեր, պրոբլեմներ, բարի գիշեր:

Լուսանկարը՝ Սարգիս Մելքոնյանի

Լուսանկարը՝ Սարգիս Մելքոնյանի

Ժամը 04:01:

Խոսքը բացեցի ես, որ մեր տանը հայտնի էի, որպես հավերժ սոված:

-Եկեք հաց ուտենք, սոված եմ:

-Տասներկուսին կերանք:

-Ես ավելի լավ առաջարկ ունեմ, եկեք ուտենք ու արևածագը դիմավորենք:

Ու կտրեցինք ցերեկը գնած ձմերուկն ու հացով, պանրով կերանք:

-Էս ձմերուկն ո՞վ ա առել:

-Պապան , ինչի՞, չես հավանո՞ւմ:

-Չէ, հակառակը, շատ համով ա:

-Սուս մնացեք, յա, կերեք, ձեռքներդ լվացեք, գնացեք քնեք, ի՞նչ կա մնացել եք…

-Չէ տատի, ի՞նչ քնել, հազիվ էսքան նստել ենք, ուզում ենք արևածագը դիմավորենք…

-Սաքո, հել քնի, հեսա հերդ, մերդ ու քուրդ օդանավակայանից կգան:

-Տատի, մենակ ի՞նձ տեսար: Քո մածունը սև ա` հաստատողն էլ ես էի՞:

-Ա՜ տատի, լավ էլի, հեսա լույսը կբացվի, ուզում ենք արևածագը տեսնենք…

-Դե լավ, խելոք մնացեք, ձեն չհանեք, գնում եմ քնեմ: Մի հատ բարձր ձեն եմ լսել, գալու եմ քեզ սխկեմ, Սաքո:

-Ըհ, էլի՞ ես, էստեղ ուրիշ մարդ չկա՞…

-Բարի գիշեր տատ ջան…

-Բարի, բարի…

Գիշերվա 05: 39:

-Էրեխեք, ես էլ չեմ ձգում, գնում եմ քնեմ:

-Կամաց հորանջի, մոծակը մտավ բերանդ:

-Չէ, ոչ մի քնել…

-Մնում ենք մինչև արևածագ:

-Էրեխեք, լույսը ոնց որ բացվում ա, մի հատ հեռախոս տվեք` չխկացնեմ:

-Չէ, ես էլ չեմ ձգում:

-Վա՜յ, 20 րոպեից արևը կերևա, ոչ մի քնել:

20 րոպեն դարձավ 30, 40, ու զարթուցիչ էինք դնում րոպեն մեկ, որ արևին դիմավորելիս քնած չլինենք…

-06:13, լույսը բացվեց, այ հիմա գնանք հանգիստ քնենք:

-Բարի գիշեր:

-Բարի լույս:

seda mkhitaryan

«Դասավանդիր, Հայաստան» ծրագրի մեր ուսուցիչը

 Հարցազրույց անգլերենի ուսուցչուհի՝ Անի Հարությունյանի հետ, ով մեր գյուղ է եկել «Դասավանդի´ր, Հայաստան» ծրագրի շրջանակներում։

-Միսս Անի, կպատմե՞ք մի փոքր ձեր մասնագիտության ընտրության մասին:

-Ես մասնագիտությամբ լեզվաբան եմ` անգլերենի ուսուցչուհի: Ընդհանրապես կարծում եմ, որ մասնագիտության ընտրությունը իսկապես այն մի քանի կարևոր որոշումներից է, որ մարդ կայացնում է իր կյանքում: Մասնագիտությունս ընտրել եմ դեռահասության տարիքում, ինչպես մեզնից շատերը: Ընտրել եմ այն պարզ ու միամիտ մի պատճառով` սիրում էի այդ լեզուն: Իհարկե, ուսմանս ընթացքում արդեն սկսեցի մասնագիտությանս նայել կիրառական տեսանկյունից: Բախտս բերեց, որ սիրտս ճիշտ էր հուշել:

-Ինչպե՞ս հայտնվեցիք մեր գյուղում՝ Քարինջում։

-Որպես ընտրածս ուղու տրամաբանական շարունակություն դարձավ դասավանդման ոլորտը: Ուսումս ավարտելուց և որոշ ժամանակ դասավանդելուց հետո որոշեցի կրթական ծրագրով գնալ Չինաստան` այնտեղի դպրոցում դասավանդելու: Ամեն ինչ համարյա որոշված էր և պատրաստ: Սակայն 2014 թ. մայիսին մի քանի օրում իմ կյանքն իսկապես փոխվեց, որի համար ուրախ եմ հիմա: Հայաստանում գործում է «Դասավանդի´ր, Հայաստան» (Teach for Armenia) կազմակերպությունը, որը վերապատրաստում է տարբեր մասնագետների և ուղարկում Հայաստանի տարածքում գտնվող առավել կարիքավոր գյուղերի դպրոցներ` դասավանդելու 2 տարով: Համացանցում տեսա իրենց հայտարարությունը, և այդ գաղափարն ինձ միանգամից գրավեց: Որոշեցի մնալ իմ հայրենիքում: Դրանից սկսվեց ամեն ինչ: Մեզ` 14 ուսուցիչներիս, ուղղորդեցին տարբեր գյուղեր: Եվ այդպես ես հայտնվեցի իմ Քարինջում, որտեղի միջնակարգ դպրոցում արդեն երկրորդ տարին է, ինչ դասավանդում եմ անգլերեն:

-Ի՞նչ դժվարությունների եք հանդիպել գյուղում և արդյո՞ք դեռ կան ինչ որ բաներ, որոնց հետ դեռ չեք հարմարվել։

-Գյուղ գալուս առաջին իսկ օրվանից տեսել եմ շատ ջերմություն և սեր տեղի բնակիչների կողմից, ովքեր ինձ չճանաչելով անգամ, հյուրընկալել են և պատվել: Սակայն ուրախ եմ նաև, որ հանդիպել ու շարունակում եմ հանդիպել դժվարությունների ամեն օր: Դրանց շնորհիվ եմ ես ուժեղանում և շարունակում բացահայտել կյանքը: Ինձ համար` որպես անծանոթ գյուղ եկած ուսուցչի, դժվարություններ են եղել կապված նոր միջավայրի, կենցաղային խնդիրների հետ և այլն: Սակայն ամենամեծ դժվարությունը ինձ համար եղել և մնում է երեխաներին դպրոցը և ուսումը սիրել սովորեցնելը: Հուսով եմ, մենք կհասնենք նշանակալի արդյունքի:

-Ինչպիսի՞ն է մեր համայնքը Ձեր աչքերով, կցանկանայի՞ք մնալ և շարունակել աշխատել այստեղ։

-Սիրեցի ձեր բնությունը: Այստեղ զգացի իրական ներդաշնակություն: Դա նշանակում է, որ արդեն կապված եմ Քարինջի հետ, տեղի մարդկանց, ինչքան էլ տարբեր լինենք մենք: Սակայն իմ տունն այստեղ չէ: Ինչքան էլ ես սիրեմ այս գյուղը, մնում եմ հյուր: Ես ցանկանում եմ մի բան միայն` իմ աշխատանքի 2 տարիների ընթացքում հասցնել որևէ օգտակար բան անել դպրոցի, երեխաների և համայնքի համար: Կարծում եմ ինչքան էլ ցավալի լինի, երբեմն հեռանալն ավելի ճիշտ է:

-Ըստ Ձեզ, ո՞րն է մեր համայնքի առանձնահատկությունը։

-Համայնքը խրոխտ ու հպարտ է իր աշխարհագրական դիրքի նման: Ինչքան էլ տարբեր լինեն մարդիկ, նրանց միավորում է մի կարևոր հատկանիշ` իրար օգնելու ու հոգ տանելու պատրաստակամությունը: Հենց այդպես էլ կհիշեմ ձեզ:

zabel arustamyan-2

Նպատակներ և երազանքներ

Ամեն երազանք նպատակ չէ, ու ամեն նպատակ չէ, որ երազանք է։ Աստղերը երազել են սիրում, արևն ու լուսինը երազել են սովորեցնում, մարդիկ երազում են, միայն երազում, ու վերջակետով ավարտում, հենց այդ պարզ նախադասությունը:

Ուժեղ մարդիկ… Իսկ այ, ուժեղ մարդիկ երազանքները դարձնում են նպատակներ, և նպատակներով ու երազելով հասնում և ստեղծում են իրենց մոլորակն ու ապրում այնտեղ։

Բոլորս էլ լսած կլինենք. «Երազի,երազի, երազելն էլ հո փողով չի՞»։

Դե հա, համաձայն եմ, սովորական մարդկանց համար երազելը անվճար է, իսկ այ, ուժեղ ու նպատակասլաց մարդկանց երազանքները իրականացնելու համար մի քիչ միջոցներ պետք կգան։

Դե օրինակ, ես մանկուց երազել եմ լինել Փարիզում, սիրող ու սիրվող քաղաքում, Էյֆելյան աշտարակի չորրորդ հարկի սրճարանում էլ մեկ գավաթ սուրճով վայելեմ Փարիզյան սիրառատ գիշերը։ Ի՞նչ եք կարծում, իմ երազա՞նքն էլ է անվճար։ Դե իհարկե, ոչ։ Երազանքիս հասնելու համար մի փոքր ջանք է անհրաժեշտ։

Ես սիրում եմ երազել: Ամեն գիշեր աստղերի հետ, նույն երկնքի տակ երազում եմ, պատկերացնո՞ւմ եք։ Գիշերը հեքիաթային է դառնում, երբ մարդիկ թողած ամեն մի հոգս ու մտածմունք նստում են  աշնանային այգու գունաթափված նստարանին ու սկսում են երազել, կամաց-կամաց հավաքում են երազանքները, դրանք դարձնում նպատակներ, խլում աստղային անսպառ էներգիան ու առաջ շարժվում։

Իսկ դուք գիտե՞ք, թե ինչով են տարբերվում երազանքները նպատակներից: Դե, երազանքները ունեն սկիզբ, իսկ վերջաբան չունեն։ Երազանքերը պղպջակների կամ թիթեռնիկների պես են. գեղեցիկ, բայց անհավանական։ Նպատակները ծնվում են ուժեղ երազանքներից, այն երազանքներից, որ ապրելու ու իրականանալու համար պայքարում են, երկար ու երկար, ու ի վերջո հասնում են իրենց պլանավորած վերջաբանին։

Ամեն երազանք կունենա վերջաբան, եթե սկսենք հավատալ ու պայքարել։

mane m sargsyan

Արդեն դու իմն ես

Դու իմ նոր տունն ես, իմ համալսարանը: Քեզ մոտ գալու համար ես երեք տարի անընդմեջ պարապել եմ: Եվ առանց պարապմունքի չեմ պատկերացրել իմ օրը: Իսկ հիմա արդեն պետք է հարմարվեմ մի նոր օրակարգի: Սովորեմ ապրել առանց պարապմունքի գնալու: Առավոտյան դպրոցի փոխարեն գնամ ամենատարօրինակ, ամենահետաքրքիր համալսարաններից մեկը, իսկ հինգից հետո ոչ թե գնամ պարապմունքի, այլ գամ տուն:

Իմ համալսարան, դու այնքան բարի և հոգատար ես: Քեզ դիմողներին ընդունում ես գրկաբաց, սակայն, եթե նրանցից մեկը փորձում է փոքր ինչ ծուլություն անել, դու նույն բարեհամբույր ձևով նրանց հաջողություն ես մաղթում:

Սակայն սկզբի համար հաջողություն ասելը դեռ շուտ է: Պետք է նախ ողջունել, իսկ ողջույն առանց ուրախության, դա ողջույն չէ: Ուսանողական խորհուրդը որոշեց, որ մերձեցման երեկո պետք է կազմակերպվի:

«Հարգելի առաջին կուրսեցիներ, ուրախ ենք տեղյակ պահել Ձեզ, որ շուտով` սեպտեմբերի 24-ին, վարչական մասնաշենքի առաջին հարկում տեղի է ունենալու«Բարի գալուստ բժշկական» երեկոն (welcome party)…»

Այդ միջոցառմանը նաև անակնկալ հյուր ունեցանք: Մեզ ողջունելու էր եկել ռեկտորը` Մ. Նարիմանյանը: Ողջույնի խոսքից հետո սկսեցինք լիաթոք ուրախանալ և երկու ժամով մոռացության մատնեցինք դասերը:

Հաճելի երեկոյից հետո հասկացանք, որ ոչ միայն գտել ենք նոր ընկերներ, այլ նաև համալսարանն է «մեզ ընդունել»: Ես հիմա հպարտությամբ կարող եմ ասել, որ ես Երևանի պետական բժշկական համալսարանի առաջին կուրսի ուսանող եմ:

Մեր գյուղի նստարանները

Լուսանկարը՝ Լուսինե Աթանեսյանի

Լուսանկարը՝ Լուսինե Աթանեսյանի

Այս նստարանները կառուցվել են իմ գյուղում` Անգեղակոթում: Մենք ողջ համայքով շատ էինք սպասում այդ օրվան: Գյուղում նման հաճելի անկյուններ չկային, սակայն մեր գյուղապետի շնորհիվ դա ևս կառուցվեց: Մեծ և ճոխ բացում չեղավ, առաջինը շնորհավորել են մեր գյուղի պապիկները (նկատի ունեմ, որ գյուղապետը փոքրիկ ճաշկերույթ էր կազմակերպել,  որին մեր գյուղի պապիկներն են մասնակցել):

Կառուցման աշխատանքները շատ ձգձգվեցին, քանի որ մեր գյուղում ընդամենը մեկ վարպետ կա, և բացի նտարաններից ցանկապատվում էր նաև գյուղի մանկապարտեզը: Երբ ցանկապատման համար ինչ որ շինանյութ էր պահանջվում, վարպետը տեղափոխվում էր երկրորդ աշխատավայր մինչև շինանյութի բերելը, և հակառակը:

Եկավ սեպտեմբերի 29-ը, և թե մանկապարտեզի ցանկապատի, թե նստարանների կառուցումն ավարտվեց:

Լուսանկարը՝ Լուսինե Աթանեսյանի

Լուսանկարը՝ Լուսինե Աթանեսյանի

Հիմա բոլորս սպասում ենք մեկ այլ նորության. Իսրայել Օրու արձանի տեղադրումն է: Ուզում եմ նշել, որ հենց Անգեղակոթում է տեղի ունեցել Իսրայել Օրու կազմակերպած գաղտնի ժողովը: Ես կուղարկեմ նյութ կապված արձանի հետ, և բոլորդ այն կտեսնեք անկախ գտնվելու վայրից:

Նստարանները թողած արձանից եմ պատմում: Նստարանները կառուցվել են գյուղի մեջտեղում, որը մենք համարում ենք ոչ թե գյուղամեջ, այլ գյուղի հրապարակ: Նստարանների շնորհիվ հրապարակում էլ արդեն լույս կա, որը մինչ այդ չկար: ժամանակի հետ փոխվում է նաև մեր գյուղը, իհարկե, դեպի լավը, և դրա վառ ապացույցը մեր նստարաններն են:

Լուսանկարը՝ Լուսինե Աթանեսյանի

Լուսանկարը՝ Լուսինե Աթանեսյանի

greta khandanyan-2

Եղբայրս մաթեմատիկոս է

Ղազախստանում անցկացված Ժաուտիկովյան XI և XII, Թայլանդում և Հոնգ Կոնգում անցկացված IMO 56 և 57 օլիմպիադաներ: Մեր այսօրվա հերոսը, մասնակցելով այս չորս միջազգային օլիմպիադաներին, ամեն անգամ վերադարձել է՝ իր հետ բերելով մեդալներ: Երկու արծաթ և երկու բրոնզ. ահա եղբորս` Նարեկ Խանդանյանի հաջողությունների ապացույցը: 

-Կպատմե՞ս մի փոքր քո մասին: Որտե՞ղ ես սովորել, իսկ հետո առավել խորացրել մաթեմատիկական գիտելիքներդ:

-Ես Նարեկն եմ, Գավառից: Նախնական կրթությունս ստացել եմ Գավառի Ս. Քոչարյանցի անվան համար 1 դպրոցում: Ավարտելուն պես ընդունվել եմ Երևանի Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոցը և այնտեղ եմ խորացրել մաթեմատիկական գիտելիքներս:

-Ինչպե՞ս ընտրվեցիր միջազգային օլիմպիադաների մասնակից:

-Յուրաքանչյուր միջազգային օլիմպիադայից առաջ հանրապետությունով մեկ հայտարարվում է մաթեմատիկայի մրցույթ: Քաղաքային և մարզային փուլեր հաղթահարած մասնակիցներին հրավիրում են մասնակցելու հանրապետական մրցաշարին, որտեղ կարգ ստացած մասնակիցները մասնակցում են նախընտրական փուլին: Լավագույն արդյունք ցուցաբերած վեց աշակերտները հնարավորություն են ստանում մասնակցելու միջազգային օլիմպիադային:

-Ի՞նչ մեդալներ ես նվաճել այս չորս օլիմպիադաների ընթացքում: 

-Ղազախստանում անցկացվող «Ժաուտիկովյան» միջազգային մրցույթից և՛ 2015, և՛ 2016 թվականներին վերադարձել եմ արծաթե մեդալներով: 2015-ին Թայլանդում անցկացված IMO 2015 և 2016 թվականին Հոնգ Կոնգում անցկացված IMO 2016 միջազգային օլիմպիադաներից վերադարձել եմ բրոնզե մեդալներով:

-Օլիմպիադաներից ո՞րն է եղել քեզ համար ամենատպավորիչը:

-Յուրաքանչյուր օլիմպիադա ունեցել է իր յուրահատուկ ու տպավորիչ կողմերը: Սակայն կարող եմ առանձնացնել Թայլանդում անցկացված օլիմպիադան: Պատճառը հենց Թայլանդն էր՝ իր տպավորիչ ուտեստներով, մշակույթով, արհեստական լեռներով և ոսկեզօծ արձաններով:

-Ի՞նչ է տալիս միջազգային օլիմպիադային մասնակցելը:

-Օլիմպիադան օգնում է ավելի լավ աշխատել ընտրածդ ուղղությամբ և հասնել արդյունքի: Հաճելի է այլ երկրների մասնակիցների հետ կանգնել բեմում և ծածանել եռագույնը: Դրանից բացի, նոր երկրներ ես տեսնում, ծանոթանում այլ ազգերի մշակույթներին:

-Առաջիկայում ի՞նչ ծրագրեր ունես:

-Այժմ սովորում եմ Երևանի պետական համալսարանի Կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետում: Հետագայում ցանկանում եմ կրթությունս շարունակել արտասահմանում:

lilit hovhannisyan

Հուզող խնդիրների մասին

Կարծում եմ, չկա մի մարդ, ում ոչինչ չհուզի: Բոլորին հուզում են աշխատատեղերի, ասֆալտապատման, քաղաքական ու սոցիալական հարցերը, բայց ինձ դրանք այնքան էլ չեն հուզում: Ինձ անչափ անհանգստացնում է Սևանա լճի հիմնախնդիրը, որը պետք է հուզի բոլոր հայերին: Բոլորն էլ ասում են, բայց ոչ ոք չի մտածում, որ ամեն «քեֆից» հետո իրենց թափածը պիտի հավաքեն, որպեսզի չլցվի Սևանը ու չաղտոտի: Ամբողջ աշխարհին հուզում է խմելու ջրի հարցը, բայց չէ որ մենք ունենք ու չենք պահպանում: Եվ եթե այսպես շարունակվի, մենք՝ հայերս, նույնպես կունենանք այդ խնդիրը:

Հուզող խնդիրներից մեկը տասներկուամյա կրթությունն է, քանի որ այն ոչ միայն օգուտ չէ, այլ նաև վնասակար է: Տղաները սովորելով տասներկու տարի, դպրոցն ավարտելուց հետո անմիջապես գնում են բանակ և վերադառնալով ցանկություն չեն ունենում ուսումը շարունակելու:

Մեր մարզերում շատ խելացի երեխաներ կան, սակայն ոչ բոլորը հնարավորություն ունեն բարձրագույն կրթություն ստանալու: Բարձր միավորներ հավաքելու համար պետք է պարապել առնվազն երեք առարկա: Ընդունվելուց հետո ուսման վարձը միջինը՝ կես միլիոն դրամ և այդպես երեքից-չորս տարի: Նաև Երևանում ապրելու համար տան վարձը: Այնուհետև աշխատելու համար պետք է երկու տարի սովորել մագիստրատուրայում: Իսկ այս դարում մեր իսկ մասնագիտությամբ աշխատանք գտնելու հավանականությունը շատ փոքր է: Նաև դա է հետ պահում մարդկանց սովորելու, և հատկապես իրենց ուզած մասնագիտությամբ:

«Կյանքը սառել է» լսվում է ամեն կողմից: Բոլորը դարձել են անտարբեր, անհետաքրքրասեր, ու կյանքը կարծես միապաղաղ լինի: Հոգնել են ամեն ինչից, ամեն օր նույնը անելուց:

Ճիշտ է, կան հարցեր, որոնք մեր ուժերից վեր են, բայց պարապ նստելն էլ մի բան չի: Մի՞թե երիտասարդները չեն կարող իրենց կյանքը փոխել: Օրինակ՝ երկու ամիսը մեկ կարող են մի միջոցառում անել, կազմակերպել սեմինարներ, բակային ճամբարներ, պատրաստել պատի թերթեր, փայտից աղբամաններ, հետաքրքիր առարկաներ, և այլն, և այլն, այլ ոչ թե նստեն բակի տաղավարում ու խաղաքարտերով խաղան:

Ani asryan

Փոխանակում

Աշուն, ձմեռ, 6 ամիս, որի ժամանակ սպառվում է գյուղացու պաշարը: Սեպտեմբերին սկսվում է, էսպես ասած, «փոխանակում կատարելու սեզոնը»: Մինչ այսօր ես այնքան զբաղված էի, որ չէի հասցնում տանը շատ ժամանակ անցկացնել: Աշնանային առաջին օրն է, որ զբաղվածությունս քիչ է, և կարող եմ տանը գործ անել: Մեկ էլ կեսօրին դարպասը բացվեց, ու տատիկիս կանչեցին.

-Տատի պարյոր: Էղած ենք ծախում, օզո՞ւմ չես:

-Բարև ծեզ, հի՞նչ եք ծախըմ, հինչա՞վ ա:

Մտածեցի. «Ո՞նց, արդեն սկսել են առևտրով զբաղվել, բայց չէ որ դեռ պապան ամբողջ բերքը չի բերել տուն»:

-Կարտոշկավ, լոբավ, փողավ:

Հա~,երևի ինչ կա` հենց դրանով էլ տատս առևտուր կանի:

-Անի բալաս, քամ` տեսնամ տան մըհար հինչ կա` առնեմ:

Տատս այսպես ասաց ու դուրս եկավ, ես էլ այդ պահին նյութի թեմա էի փնտրում, և ահա ինչպես ասում են, «թեման իրա ոնդավ եկավ կոշտս»:

-Էս ծեթի լիտրը հիշքա՞ն ա,- հարցրեց Լարիս տատիկը:

-Ես կանֆետ եմ ուզըմ,- ասաց Ալին տոտան:

-Ես կոֆե յեր կունեմ:

-Ախչի, Լարիս, մակարոն ալ կա:

-Ամանների գուպկա չունե՞ք:

-Չէ տատի, հաջորդ ռեսին կպիրենք: Հինչ օզում էս` ասի, էն մի տրետին կիլի, պատվերավ ալ ենք պիրըմ:

Բոլորը «փոխանակում» արեցին և գնացին գումարի փոխարեն կարտոֆիլ բերելու: Հիմա մեր նկուղում ենք:

-Բա~, տատի, սա ես հո՞ւնց յորնեմ, լավ կրտոպի չի:

-Այ բալա, էտա իլածնիս:

-Ա~ դե, օզում չեմ: Օրիշ պան ունե՞ս տալի:

-Լավ պսկաթան ունեմ, կարո՞ղ ա ուզես:

-Պսկաթանը վե՞րնա, էն, վեր ծուն մին ալ ալուրը խառնում են ուրո՞ւր:

-Հա, բայց իմ տալինս սարքած ա, աման հինչը պադրաստ ա, մնումա` էփես, սոխյեռ անես, փրթես ուտես: Կնեկդ կգիդա էլի ձևերը:

-Կնեկ չոնիմ:

-Պիա~,- մեջ մտան հարևանները:

-Մեծ մարդ ես, խե չե՞ս փսակվըմ, խոխա պիրես, ուրխանաս:

-Ը~մ, սիրուն, սիմպատիչնի տղա եմ, վեր փսակվեմ` իրեքը պիտի օզեմ:

Թեման փոխեց տատիկս:

-Մհեկ քանի լիտր ես օզըմ:

-Տատի, մի 2 լիտր պիր:

Տատս գնաց տուն, իսկ ես մնացի ու շարունակեցի հետևել նրանց զրույցին: Ալին տոտան փողի դիմաց առաջարկեց իր պատրաստած, ինչպես ասում է ինքը, «յուղը վիրան» պանիրը:

-Կարո՞ղ ա` պանիր առնես:

-Չէ, տրա անունը տա մի: Հունց սեղանին տրանա իլումա, ես ըտեղ նստում չեմ:

-Իսկ կարո՞ղ ա խնձորավ փոխանակեք,- հարցրեց տատս:

-Թե լավ խնձոր ա, տան մհար կօզեմ: Գինը հիշքա՞ն ես ասում:

-150 էլի:

-Լավ, հեսա կյեշեմ:

Խնձոր էլ վերցրեց: Հետո նկատեցի նրա դժգոհ հայացքը: Առևտրականը իր աշխատանքից դժգոհում էր, նայում էր սևացած ձեռքերին, փոշոտ շորերին ու ասում.

-Բա սա գո՞րծ ա, հալալ չէր են մի աշխատանքիս:

-Դե, էս էլ սեզոնային ա, էլի,- ասաց Ալին տոտան:

Բացում էր պարտքերի ցուցակը և նայում, թե որ թաղամասում պետք է կանգնի: Հավաքելով կարտոֆիլ, պասկեթան, խնձոր, նստեց մեքենան և հեռացավ:

Դուք ինքներդ էլ երևի պատկերացրեցիք, թե գյուղի բնակիչները ինչպես են սպառում հավաքած բերքը:

lilit vardanyan

Լքված տունը, գրքերը ու մենք

Այդ շենքը լքված էր, ջարդված պատուհաններով, ճաքճքված պատերով: Ամեն անգամ անցնելով այդ տան մոտով, մենք ուզում էինք մտնել և տեսնել, թե ինչ կա այնտեղ: Մի անգամ պանսիոնատում հանգստացող տատիկներից մեկին հարցրեցինք, թե ինչ շենք է դա: Նա պատասխանեց, որ սա եղել է թոքերով հիվանդ երեխաների հիվանդանոց:

Մենք այդքանով չբավարարվեցինք…

Հա, մոռացա ասել, որ ես, եղբայրս և հորեղբորս աղջիկները գտնվում էինք Դիլիջանի Բժշկական համալսարանի հանգստյան տանը:

Մի օր որոշեցինք սար բարձրանալ: Այդ սարը մենք շատ անգամներ էինք բարձրացել, որովհետև առաջին անգամը չէր, որ գտնվում էինք Դիլիջանում: Իջնելիս որոշեցինք ուրիշ ճանապարհով գնալ: Իջանք և հանկարծ հայտնվեցինք այն հին շենքի դիմաց:

-Գալի՞ս եք` մտնենք էս շենքը,- առաջարկեց Նանեն:

-Հա,- համաձայնվեցինք մենք:

Մենք սկսեցինք շրջել շենքի շուրջը և գտանք մի քանի ջարդված պատուհան: Սկզբում ներս մտան Արամն ու Գայանեն, հետո` ես, իսկ Նանեն ոտքը մցրեց ներս, բայց հետո փոշմանեց և ասաց, որ մեզ այդտեղ կսպասի:

Երբ նայեցի իմ առաջ, միանգամից նկատեցի մեծ տարածությունը: Մեր ոտքերի տակ ջարդված պատուհաններ ու ապակիներ էին: Մտանք միջանցք, որը ձգվում էր մինչև վերջ: Մտանք աջ կողմի սենյակը: Առաջինը, ինչը ես նկատեցի, արկղեր էին, իսկ արկղերի մեջ` գրքեր: Մենք սկսեցինք քչփորել արկղերը: Ես գտա Ալեքսանդր Դյումայի «Ասկանիոն», Գայանեն՝ Դոստոևսկու վեպերը, մի նկարազարդ գիրք և ինչ-որ փոքր գրքույկ, իսկ Արամը՝ կենսաբանության, քիմիայի դասագրքեր էր գտնում:

-Վայ,- ասաց Գայանեն,- նկար գտա:

Այդ նկարում ուսանողներ էին, իսկ նկարի հետևում նշված էր նկարի ամսաթիվը:

Հենց այդ պահին մենք մեզ զգացինք ինչպես շատ այդպիսի ֆիլմերում:

-Ես էս կտանեմ տուն՝ որպես հուշ:

Նա ևս մեկ նկար գտավ, որը մենք հետո կորցրեցինք:

Արկղերից մեկում տետրերի կույտ կար: Ուրեմն այս ամենը պատկանում է ինչ-որ մեկին: Ես և Գայանեն քչփորում էինք արկղը:

-Ուզում եմ օրագիր գտնել,- ասաց Գայանեն:

-Վայ, ես էլ էի դրա մասին մտածում:

Սակայն մենք այդպես էլ օրագիր չգտանք, միայն մի նոթատետր:

Այդ ընթացքում Արամը արդեն հետազոտել էր մնացած սենյակները: Ես և Գայանեն նույնպես նայեցինք: Մի սենյակում դեղեր էին, բժշկական գործիքներ: Մյուսում` ավտոմեքենայի անվադողեր, մյուսում` ուղղակի ջարդված ապակիներ: Արտասովոր բան չկար:

Բարձրացանք երկրորդ հարկ:

-Բայց ինչ հավես ա,- ասացի ես:

-Ոնց որ կինոյի մեջ լինենք,- ասաց Գայանեն:

-Զգույշ բարձրացեք, մի վազեք,- ասում էր Արամը, և ինքն էլ մի փոքր շտապելով բարձրանում էր:

-Հա, զգու՛յշ,- կրկնում էի ես:

Սակայն այդ հարկը այդքան էլ չարդարացրեց մեր հույսերը: Այս անգամ սենյակները լրիվ դատարկ էին:

-Վայ, էլի աստիճաննե՞ր կան,- ասացի ես:

-Հա,- ասաց Արամը:

-Տանիք բարձրանալու համար ա,- ասաց Գայանեն:

Բարձրացանք:

Այդ ժամանակ մենք հասկացանք, թե ուր ենք ընկել: Հատակը շատ փափուկ էր, և մենք համարյա ոտքերի թաթերի վրա կամաց շարժվում էինք հատակի վրայով՝ չմտածելով անգամ, որ մեր կյանքը վտանգելում ենք: Ճիշտն ասած, ես հենց նոր նկատեցի, թե ինչ վտանգավոր վիճակում էինք մենք: Սակայն, այդ ժամանակ մեզ դա այդքան էլ չէր հետաքրքրում:

Հանկարծ ես նկատեցի մի փոքրիկ պահարան:

-Երեխեք, նայեք:

-Հա՛, ես էդ նկատել էի,- ասաց Արամը:

-Մի հատ բաց, կարող ա ինչ-որ բան լինի մեջը,- ասացի ես:

Նա բացեց դարակը, բայց ոչինչ չկար:

Մի փոքր էլ շրջելուց հետո, մենք նկատեցինք տանիքից դուրս գալու տեղը: Գայանեն գնաց և նստեց այդտեղ:

-Հենա պապիկը,- ասացի ես:

-Իրանք մեզ չեն տեսնում,- ասաց Արամը:

-Ոչինչ:

-Բայց ինչքան նկարներից մեզ զրկեց Նանեն,- ասաց Գայանեն,- հեռախոսը չվերցրեց:

-Հա,- ասացի ես՝ փոշմանելով, որ ֆոտոապարատս չեմ վերցրել:

-Գայու՛շ, վեր կաց, վախենում եմ, հերիք ա էդտեղ նստես,- ասաց Արամը (ես և Արամը չէինք նստել տանիքի վրա):

Գայանեն վեր կացավ, և մենք իջանք ներքև, գտանք տոպրակ, մեջը լցրեցինք գրքերը: Այժմ պետք է մտածեինք, թե ինչպես տեղ հասցնենք գրքերը:

Նանեն արդեն գնացել էր: Դուրս եկանք շենքից, շրջանցեցինք նստարանները և գնացինք հանգստյան տուն: Տատիկին պատմեցինք ամեն ինչ և մտանք լողանալու: Լողանալուց հետո թափ տվեցինք գրքերը և ուսումնասիրեցինք:

-Գալի՞ս եք իրիկունը պոեզիայի երեկո անենք,- առաջարկեց Գայանեն,- Կարին տատիկը (տատիկի քույրը) թող գնա տատիկենց սենյակ, իսկ Արամը գա մեր սենյակ:

-Հա,- համաձայնեցինք մենք,- սաղ գիշերը չենք քնի:

Համոզեցինք Կարին տատիկին և սպասեցինք մինչև քնելու ժամը:

Արամը, ինչպես պայմանավորվել էինք, եկավ մեր սենյակը, իսկ Կարին տատիկը գնաց մյուս սենյակ: Մենք նորից թափ տվեցինք մեր գտած բանաստեղծությունների գիրքը, որպեսզի նայենք, թե ինչ կա այնտեղ: Պարզվեց, որ դա մի ամբողջ պոեմ է, իսկ մենք մտածում էինք, որ դա բանաստեղծությունների գիրք է:

-Ես ուզում եմ էս փոքր գիրքը նայել,- ասաց Գայանեն:

Նա բացեց գիրքը և նկատեց, որ դրա մեջ լուսանկարչական ժապավեն կա:

-Հլը տուր` նայենք,- ասացինք մենք:

Գայանեն փոխանցեց ժապավենը մեզ և հերթով նայեցինք:

-Ինձ թվում ա` համալսարանը ավարտած երեխեքի նկար ա,- ասացի ես:

-Ինձ էլ ա տենց թվում,- ասաց Գայանեն:

Ուսումնասիրելուց հետո հասկացանք, որ դա հիվանդների նկարներ են, որովհետև նկատեցինք, որ նրանք նստած էին մահճակալների վրա:

-Կեսը քեզ, կեսը` ինձ,- ասաց Գայանեն Արամին:

-Լավ:

-Ես էն նկարը կպահեմ: Մեկ էլ տեսար, կինոների պես էդ նկարը պահեմ, հետո նկարի վրայի մարդուն գտնեմ,- որոշեց Գայանեն:

Հանկարծ նկատեցի, որ սենյակում փոշի է լցվել:

-Էրեխեք փոշի ա լցվել սենյակը,- ասացի ես:

-Փոշի ա լցվել, չբերեիր գրքերը,- ասաց Գայանեն:

-Ճիշտ ա,- ասաց Նանեն:

Գայանեն ու Նանեն հիշեցին մի պատմություն:

16-րդ դարից պահպանվել էր մի գիրք և տուփ (եթե չեմ սխալվում) և ամեն մարդ, երբ որ կպնում էր այդ տուփին, մատը քերծվում էր: Մի քանի օր այդ մարդը ջերմություն էր ունենում ու մահանում: Այդ վարակը պահպանվել էր մինչև 21-րդ դարը և հայտնաբերվել այդ սերիալի մարդկանց կողմից:

Այսպիսի տրամադրությամբ մենք քնեցինք՝ բաց թողնելով սենյակի դուռը, որպեսզի գոնե մի քիչ անցնի այդ փոշին: Իսկ ես տանջվում էի, որովհետև փոշին լցվել էր կոկորդս, բայց քնեցի:

Գիշերը ոչ մեկիս ջերմությունը չբարձրացավ, սակայն հաջորդ օրը մենք նորից վերցրինք գրքերով լի տոպրակը և այդ շենքի պատուհաններից մեկից ներս գցեցինք:

Պարզվում էր, որ դա վթարային շենք էր, և մենք մահից էինք փրկվել:

Վերջին հուշը մնաց միայն այն նկարը, որ գտել էր Գայանեն:

karen andreasyan

Նամակ արտերկրում բնակվող ընկերոջս

Բարև, սիրելի Անդրանիկ: Ես Կարենն եմ: Ապրում եմ սահմանամերձ Կոթի գյուղում: Շատ եմ սիրում գյուղս, այստեղ ինձ հանգիստ եմ զգում: Դու երևի չես տեսել այստեղի բնությունը, եթե տեսած լինեիր, չէիր մոռանա, և անպայման կայցելեիր մեր գյուղ:

Սիրում եմ մեր գյուղը, բայց այստեղ չկան խմբակներ, որոնք երեխաների առօրյան ավելի հետաքրքիր կդարձնեն: Օրինակ` կան երեխաներ, ովքեր երգում են, պարում, բայց խմբակ չլինելու պատճառով նրանք կորցնում են իրենց հմտանալու շանսը: Անկախ ամեն ինչից, սիրում եմ իմ գյուղը, իմ հողը… Այս հողի համար շատ~ արյուն է թափվել, բայց մեր գյուղը կանգուն է մնացել:

Գիտե՞ս, նամակիս վերջում ուզում էի քեզ հրավիրել մեր գյուղ, բայց ես լսեցի մի ձայն և շտապեցի դուրս: Եվ իհարկե` չէի սխալվել. կրկին կրակոցներ էին սկսել:

Արդեն մութ է… Մարել են գյուղի բոլոր լույսերը: Գյուղս կարծես մեռած լինի: Ուզում եմ գյուղս խաղաղ լինի, էլ ոչ ոք չզոհվի, այլևս ոչ մի լույս չմարի:

Ամեն դեպքում սպասում եմ քեզ, թեկուզ որպես հյուր…