Երեկոյան պապիկիս`Սոս Մինասյանի հետ նստած զրուցում էինք, պատմում էր իր մանկությունից ու պատանեկությունից, ու որոշեցի հարցազրույց գրել:
-Պապիկ, որ խնդրեմ` կասե՞ս` երբ ես ծնվել և որտեղ:
-Ծնվել եմ 1947 թ-ի սեպտեմբերի 10-ին Ծաղկունք գյուղում, բայց հետո տեղափոխվել ենք Մասիս քաղաք:
-Ինչի՞ համար եք տեղափոխվել Մասիս:
-Հայրս այն ժամանակ հաշվապահ էր ու հրավեր էր ստացել այնտեղից՝ աշխատելու որպես կոլտնտեսության գլխավոր հաշվապահ, և մենք ստիպված ամբողջ ընտանիքով տեղափոխվեցինք Մասիս:
-Քանի՞ տարեկան էիր, երբ տեղափոխվեցիք այնտեղ:
-Ես 3 տարեկան էի:
-Ինչքա՞ն ժամանակ մնացիք այնտեղ:
-5 տարի մնացինք և վերադարձանք մեր գյուղ, քանի որ այնտեղի օդը մայրիկիս վրա լավ չազդեց, ջուրը մաքուր չէր, դրա պատճառով մայրս անընդհատ հիվանդանում էր:
-Ի՞նչ պատմություններ կհիշես Մասիսից :
-Դե մենք գյուղացի տղաներ էինք: Մի ավտո ունեինք, ամեն անգամ ախպերներով թաքուն վերցնում ու թռնում էինք, մի օր էլ վերցրինք ու գնացինք քաղաքով ման գալու: Սովորաբար մեծ ախպերս էր քշում ավտոն, էդ օրը, չգիտեմ ինչի, ուզեցի քշել: Ախպերս սկզբում չէր թողում, բայց հետո երբ ասացի` պապային կասեմ, որ դու ես ավտոն վեցրել, համաձայնվեց:
Հլը նոր էի նստել ու 100 մետր էլ չէի քշել, մի շուն կտրեց դիմացս, ես դուրս եկա հավասարակշռությունից, ու ավտոն խփեցի ծառին:
-Իսկ հետո ի՞նչ եղավ:
-Շատ էի վախենում. թե նրանից, որ ավտոն խփել եմ, համ էլ թե նրանից, որ պապան կծեծի:
-Վերջը ի՞նչ եղավ:
- Մեծ եղբայրս հասկացավ, որ ինքն է պատասխանատվությունը կրելու, դրա համար ամբողջ մեղքը վերցրեց իր վրա, բայց ոնց որ ասում են. «Ստի ոտքը կարճ ա»: Վերջում երեքս էլ պատժվեցինք:
Հետաքրքիր պատմություններ շատ կան, բայց հիմա չեմ հիշում:
-Բա տատիկի հետ ո՞նց ծանոթացար:
-Տատիկիդ հետ, վա՜յ… Գնացել էինք Նոր տարվա համար առևտուր անելու՝ Նիժիից: Էնտեղ հանդիպեցինք ծանոթ մարդու, ու ինքը մեզ հրավիրեց իրենց տուն, հենց իրենց տանն էլ տեսա տատիկիդ:
-Բա ո՞նց ամուսնացաք:
-Մենք հետ եկանք տուն ու մի շաբաթ հետո գնացինք տատիկիդ ուզելու:
-Ու իրենք էլ համաձայնվեցի՞ն:
-Հա, էդ ժամանակ հայերի վիճակը էնտեղ էդքան էլ լավ չէր, ու իրենք իմանալով, որ Հայաստան է գալու, համաձայնվեցին:
-Տատին քանի՞ տարեկան էր:
-Ինքը 16 էր, ես` 24:
-Իսկ այդ ժամանակ մասնագիտություն ունեի՞ր:
-Մասնագիտությամբ ճարտարապետ էի ու հիմա էլ եմ շարունակում մասնագիտությամբս աշխատել:
-Ի՞նչ՞շինություններ ունես նախագծած ու կառուցած:
-Նախագծել ու կառուցել եմ մեր գյուղի հուշարձանը առանց վարձատրության, բայց հետո համագյուղացիներս ինձ ավտոմեքենա նվիրեցին:
Ահա այսպիսին է իմ պապիկը, իսկ ես չգիտեի: Հուսամ, էլի կզրուցենք ու դեռ շատ բան կպատմի իր կյանքից: