Հաղթում ենք միասին

17-ի թղթակիցներ Անի Ավետիսյանը և Արաքս Ահարոնյանը «Մարզերի գիտակ» մրցույթի հաղթողներ

Լուսանկարը՝USAID Armenia-ի

Լուսանկարը՝USAID Armenia-ի

-Ալո, Անի՞: Մենք արդեն ձեր դպրոցի մոտ ենք: Սպասում ենք, արի:

Գիտե՞ք լույսի արագությունն ինչքան է: Այ, այդ արագությամբ էլ ես անցա տնից դպրոց մոտ մեկ կիլոմետր ճանապարհն ու մի քանի վայրկյանից դպրոցի մոտ էի, որտեղ ինձ սպասում էին ԱՄՆ Միջազգային Զարգացման Հայաստանի Գրասենյակի (ԱՄՆ ՄԶԳ) ներկայացուցիչները:

Հիմա սկսեմ սկզբից:

Օգոստոսի կեսերին համացանցում կարդացի «Մարզերի գիտակ» մրցույթի մասին, ինչպես միշտ, չկարողացա ինձ զսպել ու որոշեցի մասնակցել:

Յուրաքանչյուր օր նրանց կողմից հայտարարվելու էր մեկ մարզ, որի մասին մենք պետք է գրեինք, ավելի ճիշտ՝ այն մասին, թե ինչը տվյալ մարզում կգրավի զբոսաշրջիկներին: Եվ այսպես՝ տասը օր ու տասը մարզ: Գործի դնելով աշխարհագրությունից և, առհասարակ, Հայաստանի մասին ունեցածս բոլոր տեղեկությունները, փորձեցի որքան հնարավոր  է անկեղծ, անմիջական ու չկրկնվող տեղեկություններ տալ: Փաստորեն ստացվեց: Ուրախ էի, որ մրցանակս ստանալուց իրենք էլ դա նշեցին:

Երբ այլևս չէին մնացել մարզեր, որոնց մասին չէինք գրել, սկսվեց իմ ամենաչսիրած սպասման շրջանը: Բայց  հանուն արդարության նշեմ, որ այս անգամ այն երկար չտևեց:

Եվ… Հաղթող է ճանաչվում: Չէ, է , հաղթող են ճանաչվում Արաքսն ու Անին: Հա, հա, երկուսս էլ 17-ի թղթակից ենք:

Մի քանի օր անց կազմակերպիչներն արդեն կապվել էին մեզ հետ և որոշել՝ Արաքսին հանդիպում են ԵՊՀ-ում, իսկ ինձ հետ՝ մեր դպրոցում: Դե հա, նորից այն զգացողությունը, երբ քեզ համար գալիս են քո գյուղ, քո դպրոց: Այդ զգացողությունն արդեն ունեցել էի Dasaran կրթական ծրագրի ու Pepsi Armenia-ի շնորհիվ: Բառերով բացատրելը մի քիչ բարդ է:

Արդեն նյութերիցս մեկում նշել եմ, որ  նման մրցույթներում ինձ համար կարևորը ոչ թե հաղթանակն է կամ մրցանակը, այլ գնահատված լինելու զգացողությունը: Այս անգամ այդ զգացողությունը կրկնապատիկ անգամ ուժեղ էր:

Անի Ավետիսյան 17 տարեկան
Արագածոտնի մարզ, գ.Ոսկեհատ

***

Մրցույթներին մասնակցելը դարձել է սիրելի զբաղմունքներիցս մեկը։ Փորձում եմ հնարավորինս ստեղծագործ լինել և իմ առջև դրված խնդրի համար գտնել ամենահարմար լուծումը, իսկ թե որքանով է դա ստացվում՝ կարելի է հասկանալ միայն մրցույթի ավարտից հետո։

«Մարզերի գիտակ» մրցույթին մասնակցելը, նախ և առաջ, մեծ փորձ էր՝ առավել խորը կերպով ուսումնասիրելու Հայաստանը, մեր մարզերը, ուշադրության և, իհարկե, այցի արժանի մեր բազմաթիվ տեսարժան վայրերը, պատմամշակութային կոթողները, դարերի պատմություն ներկայացնող կառույցները և այլն։ Անշուշտ, այն, ինչ անում է USAID-ին, մեծապես նպաստում է Հայաստանում զբոսաշրջության զարգացմանը և խթան հանդիսանում մեր մշակութային արժեքները աշխարհին ծանոթացնելու գործում։ Սակայն սա նաև օգնում է տեղացիներին՝  հասկանալու, թե որքան մնայուն արժեքներ ունենք, և ցանկություն առաջացնում՝ դրանք տեսնելու։

Հայաստանը այն երկիրն է, որն ունի պատմություն, իսկ պատմություն ունենալ նշանակում է` ունենալ արժեքներ, իսկ արժեքները պետք է պահպանել, գնահատել և փոխանցել պատմության հաջորդ էջերին։

Հայաստանին անդրադարձ կատարելը հեշտ չէ, սակայն հաճելի գործ է։ Հաճելի է խոսել «սեփականի» մասին, հաճելի է խոսել այն ամենի մասին, ինչը արմատներով կապված է քեզ հետ։ Եվ ես փորձում էի հնարավորինս ճշգրիտ և համակողմանի անդրադարձ կատարել ամեն մարզի։ Եթե անկեղծ, հաղթանակը և մրցանակը չէր, որ ինձ «ստիպում» էր անել դա, զուտ՝ ներքին պահանջը։

ԱՄՆ Միջազգային Զարգացման Գրասենյակը (ԱՄՆ ՄԶԳ) մոտ երկու տասնամյակից ավելի է, ինչ Հայաստանում ղեկավարում է ԱՄՆ կառավարության օժանդակությամբ նախաձեռնված և իրականացված ծրագրերի մոտ երկու երրորդը:

Եվ վերջում, ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ԱՄՆ ՄԶԳ-ին նման մրցույթի կազմակերպման համար, իսկ առանձնակի շնորհակալություն նրանց բարեհամբույր աշխատակցին՝ Արմինե Կարաբեկյանին:

Արաքս Ահարոնյան  18 տարեկան
Կոտայքի մարզ, գ. Կոտայք

Վարսավիրանոցն ընդդեմ Barber shop-ի

Վարդենիսի կենտրոնական փողոցներից մեկում է գտնվում այս մետաղե տնակ-վարսավիրանոցը, որին նայելուց ասես տեղափոխվես 70-ական թվականներ։ Այն պատրաստված է մետաղե բազմաթիվ թիթեղների կտորներից։ Առաջին հայացքից զգացվում է, որ վերանորոգման փորձ է արված։ Այժմ այն ներկված է սպիտակ գույնով, բայց ներկի բարակ շերտի տակից երևում է նրա նախկին գույնը՝ կանաչը։ Արևի լույսը ներս է թափանցում մի փոքրիկ պատուհանից, որից դուրս է գալիս փայտե վառարանի ծխնելույզը։ Իսկ դռան և պատուհանի մեջտեղում կախված է մի ցուցանակ, որտեղ գրված է «Վարսավիրանոց»։ Քամուց ցուցանակն այնպես է շարժվում, ասես թե, ինքն էլ հոգնած լինելով այդտեղ կախված մնալուց, ուզում է պոկվել ու փախչել։

Լուսանկարը` Ժորա Պետրոսյանի

Լուսանկարը` Ժորա Պետրոսյանի

Օրեցօր ի հայտ եկող նոր barber shop-երը, կարծես չեն պակասեցնում այնտեղ աշխատող պապիկի գործերը։ Մի որոշ ժամանակ՝ 5-7 տարեկանում, նա է եղել իմ վարսավիրը, բայց հետո գտնելով ինձ ավելի հարմար տարբերակ, դասվել եմ դավաճան հաճախորդների շարքը։ Այնուամենայնիվ, ամեն անգամ ամենատարբեր պատճառներով, առիթներով մտնելով այդ վարսավիրանոց, հիշում եմ իմ մանկության մի փոքր հատված, հիշում եմ, թե ինչպես էր սև, կաշվե աթոռին դնում փայտե, ամուր տախտակ, ինձ նստեցնում դրա վրա, վառարանի վրա տաքացրած ջրով թրջում մազերս և կտրում։ Իմ քաղաքում ՝ Վարդենիսում, ես ունեմ մի պատմություն, որում եղած բոլոր հիշողությունները կապված են որևէ կառույցի, տարածքի կամ մարդու հետ։

gayane movsisyan kotayq

Ավտոբուսը

-Վայ, Գայ, 3-րդը… Արագ գնա, որ չուշանաս:

Ես հաջողություն եմ ասում ընկերուհուս ու ինձ ահավոր հաջողակ եմ զգում, ինչպես այն մարդը, ով հասցրել է Հրազդանում կանգառ գալուն պես 3-րդ համարի ավտոբուս բռնացնել: Իսկ դա մեր օրերում, մեղմ ասած, այնքան էլ հաճախ չի պատահում: Ծանոթներիցս մեկը հաջող համեմատություն էր արել մի անգամ` ավտոբուսի ժամանումը հրաշքի հետ համեմատելով: Դե հրաշք չէ, ի՞նչ է` 36, 40, 45 րոպե ընդմիջումներով հազիվ գալիս է այդքան երազած փոխադրամիջոցը, ու եթե հանկարծ հասար մեկ րոպե ուշ, ուրեմն վայն եկավ, քեզ էլ հետը տարավ…

Ահա հարմարավետ տեղավորվեցի վերջին նստարանին, որն ավելի շուտ կարուսել է հիշեցնում, քան թե նստարան: Այն է, ուզում եմ պատուհանից նայելով անջատվել ու մտքերում աշխարհին հուզող հարցերը արագորեն լուծել, հանկարծ ուշադրությունս գրավում է մի փայլատակող ոսկե ատամով տղամարդ ու ևս երկուսը, որոնք ամբողջությամբ համապատասխանում էին նրա ընկերները լինելուն: Այդպես եմ ասում, քանի որ հաճախ մարդու ընկերները նման են լինում իրեն` նույն աշխարհները, նույն ճաշակները, նույն հոգսերը…

-Անունը Ալկատել ա, ախպեր, տեսքով հեռախոս ա, բայց դե որակը լավը չի: Մի անգամ քցեմ, էլ չի աշխատի հաստատ: Բայց գարանտիայի մեջ ա, կարամ փոխեմ,-պատմում էր ոսկե ատամավորը,  -Հետը մի բան էլ են տվել, բայց գլուխ չեմ հանում ինչ ա, չիպի տեղ էլ ունի, թե՞ ֆլեշկի: Չեմ էլ հիշում անունը, էնքան դժվար անուն ուներ, ախր: Զայրադնիկի նման ա, բայց զայրադնիկ չի…

Զրուցակիցները զարմանքով ու երևի հիացմունքով նայում են նրան, մտածում են երևի, թե ոնց է հիշում էսքան բարդ բառեր: Հանկարծ նրանցից մեկի դեմքը պայծառանում է: Նա գլխի ընկավ անհայտ ծագման առարկայի անունը ու ծանրակշիռ ասաց.

-USB-ա դրա անունը, կարում ես միացնես կոմպից.. Ես էլ ունեի, բայց երեխեքս արագ հախից եկան: Էդ երեխեքն էլ գիտեն խաղալիք ա, տենում են թե չէ, հարձակվում են…

Ես զարմանքով ու բարի ժպիտով եմ լսում նրանց խոսակցությունը: Մտածում եմ, ախր, 21-րդ դարն է, տեխնիկայի առաջընթացի դարը, էսպիսի խոսակցությունները երևի մի տասը տարի առաջվա հիթերն են: Ես մտածում եմ, որ այս մարդկանցից մեծ եմ 10 տարով, չնայած իրական տարիքով երևի մի այդքան կամ ավելի շատ փոքր եմ:

Հետո շուռ եկա, նայեցի ճանապարհը եզերող եղևնիներին: Չգիտեմ էլ ինչու, հանկարծակի ինձ գալիս ու համակում է Ամանորի կախարդական շունչը: Այն կախարդանքը, որին վաղուց թողել էի անցյալի մշուշում: Մոռացել էի, թե ինչպես են ուրախանում Նոր Տարվան, թե ինչպես է հեքիաթային թվում տոնածառը, թե ինչքան են բարիանում մարդիկ, թե ոնց էի թրթռացող սրտով սպասում Ձմեռ Պապիկին ու ամանորյա իմ նվերներին: Երևի ամանորյա հրաշքն ինձ համար անցյալում մնաց այն օրվանից, երբ դադարեցի հավատալ Ձմեռ Պապիկի գոյությանը: Այդ ե՞րբ էր արդյոք… Չեմ հիշում: Մանդարինի հոտը որտեղից որտեղ գալիս ու քիթս է ընկնում: Նայում եմ ավտոբուսի մեջ, բայց ոչ ոք մանդարին չի կճպում, բոլորի դեմքերը հոգսաշատ են, զբաղված ու լուրջ արտահայտությամբ: Ու իմ ծիծաղն էլ է գալիս, որ նրանց մեջ փնտրում էի մանդարինի տիրոջը: Չէ, երևի դեռ չդնեմ տոնածառը… Միայն նոր հեռախոսի տերն է, որ ուրախ է ու իր ուրախությունը ես ամեն անգամ տեսնում եմ նրա փայլող ոսկե ատամի տեսքով:

-Սևանի կանալով լավ հաղորդումներ են ցուցադրում,-ասաց նա,  -նամանավանդ «Կիսաբաց լուսամուտները»: Դրան ոչ մի հաղորդում չի հասնի…

Տեսնես` ինչե՞ր էի բաց թողել նրանց խոսակցությունից, արդյոք ինչի՞ց են եկել հասել Սևանի կանալին, «Կիսաբաց լուսամուտներին»: Երևի երբեք էլ չեմ իմանա: Մի բան հաստատ գիտեմ` էս մարդը անհայտ պատճառներով ինձ հիշեցնում է մանկությունս: Երևի նրա համար, որ ես էլ մանուկ հասակում այսպես անմեղ էի, ոգևորվում ու ուրախանում էի անկեղծորեն, այլ ոչ թե մի ձևական ժպիտ շուրթերիս շնորհավորում բարեկամներիս Նոր Տարին: Երևի այն ժամանակ իմ կյանքի իմաստն էլ նոր հեռախոս ունենալն ու բոլորին նախանձեցնելն էր…

Իմ կանգառն է:Հայացքով հաջողություն եմ ասում ոսկե ատամով անծանոթին ու մի անկեղծ ժպիտ շուրթերիս իջնում եմ ավտոբուսից: Շնորհակալ եմ նրանից, որ անկեղծության լավ դաս տվեց, որ հիշեցրեց մանկությունս, որ մի քանի րոպեով ինձ վերադարձրեց Ամանորի մոռացված կախարդանքը:

Ես հասկանում եմ, որ սիրում եմ մեր փոքրիկ քաղաքի 3-րդ համարի ավտոբուսները, որ գալիս են այդքան սպասեցնելուց հետո, որ իրենց հետ բերում են բազմազան մարդկանց ու պատմություններ, և նրանցից անպակաս են արկածները: Սիրում եմ, անգամ հաշվի չառնելով, որ ստիպում են սպասել իրենց այնպես, ինչպես հրաշքին են սպասում:

Մեր փոքրիկ քաղաքի կանաչ ու դեղին հրաշքները…

mane m sargsyan

Սերը, անկախությունը և թագավորի տղան

Նա ունի սիրտ, ունի հոգի, զգացմունքներ: Եվ ես սիրում եմ նրան, գիտե՞ք: Բայց չգիտեմ` նա ինձ սիրո՞ւմ է: Իմ Հայաստանը ինձ սիրո՞ւմ է: Կներես, որ քեզ հետ «դու»-ով եմ խոսում, բայց կարծում եմ, դու դրանից չես նեղանա: Դու այն վայրն ես, որտեղ ես ծնվել եմ, ապրում եմ ու պատրաստվում եմ ապրել: Որտեղ ես դեռ մանկուց սկսել եմ երազանքներս ի կատար ածել, որտեղ նոր երազանքներ են ծնվել ու անցել իրագործման փուլ: Սակայն կան երազանքներ, որ այդպես երազանք էլ կմնան:

Ով ինձ ճանաչում է, գիտե, որ ես երազել եմ, և ինչու չէ, շարունակում եմ երազել ծառայելու, սահմանին կանգնելու և հայրենիքս պաշտպանելու մասին:

-Ես 60 երեխա եմ ունենալու: 60-ն էլ տղա: Եվ նրանք բոլորն էլ զինվորական են դառնալու,- ասում էի ես, երբ դեռ փոքր էի:

-Այդքանին ի՞նչ ես անում, մի քիչ շատ չե՞ն,- հարցնում էին բոլոր նրանք, ովքեր լսում էին իմ տարօրինակ երազանքի մասին:

-Նրանք բոլորն էլ հայրենիքին են ծառայելու, սահմանին կանգնելու: Ես իմ երկրի բանակը «կհզորացնեմ»:

Իմ, այսպես կոչված, երազանքից անցել է ավելի քան տասը տարի:

Մի քանի օր առաջ, սեպտեմբերի 21-ին, Հայաստանի անկախության 25- ամյակին նվիրված հանդիսավոր երթի ժամանակ, մի շատ հետաքրքիր դեպք եղավ: Փոքրիկներին ոստիկանները անցկացնում էին «սահմանը», որպեսզի կարողանան ավելի պարզ տեսնել երթը: Եվ ծնողներից մեկը իր երեխային նախօրոք «հրահանգել» էր:

-Թագավորի տղային ասեք` թող գա,- ասաց ծնողներից մեկը ոստիկանին:

-Թագավորի տղան ո՞վ ա,- զարմացած հարցրեց ոստիկանը, և այդ տարածքում գտնվող մարդիկ սկսեցին տարօրինակ նայել այդ մարդուն:

-Դուք ասեք, ինքը կիմանա` ում մասին ա գնում խոսքը:

-Թագավորի տղան ո՞վ ա: Կանչում են:

Եվ այդ պահին ոստիկանի ձեռքը բռնած մեզ է մոտենում «թագավորի տղան»:

Միայն նա չէ, որ թագավոր է, թագավոր են բոլոր նրանք, ովքեր կանգնած են սահմանին, ովքեր դեռ փոքր տարիքից երազում են սահմանին կանգնելու մասին, և ովքեր ուղղակի նվիրված են իրենց երկրին:

jemma petrosyan

Պահածոների սեզոնը

—Չէ, չէ․․․ Մի քիչ էս կողմ դիր։

—Զգու՜յշ, վրադ ես թափելու։

—Ա՜, տատ, լավ էլի, հիմա ի՞նչ, էստեղ լավ չի՞։

—Լավ ա, լավ ա: Դիր: Մենակ հեռու գնա` չթափես վրադ, թե չէ` օգնելու տեղը մի բան էլ վնաս կտաս։

Մի փոքրիկ միջադեպ առօրյա կյանքից։ Հիմա սա կարդալով երևի կմտածեք` գժվեց էս աղջիկը։ ՉԷ, չէ, սխալ հասկացաք։ Հիմա ասեմ` ինչու:

Արդեն աշուն է, ու սկսվել է մարդկանց կողմից երկար սպասված պահը՝ բերքահավաքը։ Դե, եթե բերքահավաք է, ուրեմն պահածոների պատրաստման ժամանակն է։ Մենք էլ բոլորի նման որոշեցինք փակել տոմատի մածուկ։ Բայց ինչ եղավ` կհասկանաք ընթացքում։

—Տատ, գիտես չէ՞, ես եմ քամելու։

—Տո քեզանից ի՞նչ տոմատ ճզմող, դու ավելի լավ ա` արի գնա բանկաները լվա, որ մեր գործը հեշտ լինի:

—Ու՜ֆ, տա, լավ, դե ինչ արած, հեսա կանեմ։

Բայց դե ինչ անելու մասին է խոսքը։ Ինչպես միշտ, չուզենալով արեցի այն ամենը, ինչը ասել էր տատիկը։ Մեկ էլ մի շրխկոց․․․ Ինձ թվում է` հասկացաք, թե ինչի մասին է խոսքը։ Իմ անփութության պատճառով բանկաները մեկը մյուսի վրա դնելով՝ ջարդեցի բոլորը։ Դե, հիմա ինձ ասեք, թե ես ինչ պիտի անեմ կամ ինչ պիտի հորինեմ, որ էս ամենի տակից կարողանամ դուրս գալ։

Մի երկու օր է անցել տվյալ դեպքից,ու այսօր մերոնք էլի պահածո են փակում: Հիմա վախենում եմ օգնել, գիտեմ. ամեն անգամվա նման մի փորձանքի եմհանդիպելու։Ինձ կհասկանան բոլոր նրանք, ովքեր գոնե մեկ անգամ նման իրավիճակի մեջ հայտնվել են։

Shushan stepanyan

Բանն ասելով կլինի

Միշտ հավատացել եմ, որ բառերն ուժ ունեն, որ սրտում պահված մեծ ցանկությունները հոգու բառերով տիեզերք են հասնում ու քեզ ուրախացնելու, սրտիդ զարկերի բաբախն արագացնելու չափ իրական են դառնում: Պիտի միշտ մտքումդ, սրտումդ պահես քո երազանքները, անընդհատ մտածես ու ասես. «Հաստատ կկատարվեն», որ հենց այդպես էլ լինի: Եղբորս՝ համալսարան անվճար ընդունվելն ինձ ապացուցեց, որ, իրոք, բանն ասելով կլինի:

Երկուսիս՝ պարապմունքներով տարված շրջանն էր. իմ վերջին տարին էր, հոգով-սրտով տրվել էի պարապմունքներիս: Մտնում էի սենյակ ու մինչև ուշ գիշեր պարապում: Եղբայրս ուշ էր տուն գալիս, մի կես ժամ դաս անում, հետո պարապմունքներն էր շատ արագ վերջացնում ու շուտ քնում: Ես մտածում էի. «Այ, Աստված ջան, էս էրեխեն գոնե մի տեղ ընդունվի: Ախր, հեչ լավ չի պարապում: Կարող ա գա, կտրվի, խայտառակ լինենք»: Ու անընդհատ մտածում էի, որ գոնե անցողիկ բալեր հավաքի: Անընդհատ եղբորս ասում էի. «Դա՛վ, լավ պարապի, էլի, որ դու էլ լավ տեղ ընդունվես, լավ սովորես ու կարգին մարդ դառնաս»: Ու իր պատասխանը միշտ հետևյալ կերպ էր լինում. «Այ, Շուշան, դու քո մասին, հա, մտածի: Ես գալու եմ անվճար ընդունվեմ: Դու մտածի, որ բանավոր քննություն ունես, նենց արա, բարձր ստանաս: Իմ հետ գործ չունես: Ես անվճար եմ անցնելու, որովհետև տենց եմ ուզում»: «Հա, է, հա, քեզ թվաց: Դու հլը տես` ընդունվում ես, թե չէ»:

Ես, իրոք, լավ էի պարապում: Ծնողներս մտածում էին, որ անվճար կանցնեմ, իրենց հույսը ես էի: Իսկ իմ մտքով չէր էլ անցնում անվճար ընդունվելը. ասում էի, որ ինձնից շատ ավելի ուժեղները կան, ես չեմ կարողանա անվճար ընդունվել: Ու հենց այդպես էլ եղավ. ես վճարովի ընդունվեցի՝ չնայած շատ աշխատելուս: Ես վճարովի ընդունվեցի, որովհետև հավատ չկար իմ մեջ, որովհետև, ինչպես միշտ, թերագնահատում էի կարողություններս:

Մի տարի հետո, երբ արդեն եղբորս քննությունների շրջանն էր, ամեն օր աղոթելով սպասում էի, թե երբ պիտի բարեհաջող քննությունները հանձնի, որ սիրտս հանգստանա: Խոսում էի մայրիկիս հետ, ասում էր, որ եղբայրս սկսել է լավ աշխատել, միշտ պատրաստ է գնում պարապմունքներին: Չնայած չէի էլ կասկածում, որ մայրիկիս հսկողության տակ հնարավոր լիներ մի վարժություն անգամ բաց թողնել: Քննություններից հետո զանգում էի ու հարցնում. «Հը՞ն, մա՛մ, դո՞ւրս ա եկել»: «Հը՞ն, մա՛մ, ստուգե՞լ եք»:

Հանձնեց բոլոր քննությունները ու հավաքեց իմ սպասածից բարձր միավորներ: «Դե, ուրեմն, ընդունվել ա: Շատ լավ ա»:

Մի ամիս անց, երբ ցուցակներն արդեն կախված էին, իմացանք, որ եղբայրս ընդունվել է ու, ի զարմանս և ի ուրախություն ինձ՝ անվճար: Երջանիկ էինք, շատ ուրախ: Երջանկության մի ուժեղ տեսակ էլ անվճար համալսարան ընդունվելն է: Գրկեցինք իրար, ու եղբայրս ասաց.

-Բա, Շուշ, որ ասում էի` չէիր հավատում: Պիտի հավատաս ուժերիդ ու ասես, որ կստացվի: Բանն ասելով կլինի:

Ինչ ասեմ, բանն ասելով կլինի:

Երբ իրականությունը միաձուլված է թատրոնին

Հարցազրույց Ստեփանավանի անվանի դերասանուհի՝ Անժելա Մելքոնյանի հետ:

Երկար ժամանակ չպահանջվեց մեզնից հասնելու այնտեղ, որտեղ ապրում է Անժելա Մելքոնյանը: Ամբողջ ճանապարհին մտավախություն կար. արդյո՞ք նա տանը կլինի: Համոզված ենք, եթե չիմանայինք՝ ում տուն ենք եկել, հաստատ կհասկանայինք, որ դա արվեստագետի տուն է: Մոտեցանք դռանը և վախվորած թակեցինք: Կարծես թե մեր մտավախությունը տեղին էր, քանի որ դուռը բացող չկար: Սակայն ի ուրախություն մեզ, հանկարծ նկատեցինք մեզ մոտեցող մի կնոջ, ով հենց ինքը`Անժելա Մելքոնյանն էր: Նա, տեսնելով մեզ, հանկարծակիի եկավ: Մոտենալով մեզ՝ ցանկացավ իմանալ, թե ովքեր ենք մենք: Երբ ներկայացանք, առաջարկեց չկանգնել դռան դիմաց և ներս անցնել: Զգացվեց, որ մենք գործ ունենք մի բարեհամբույր կնոջ հետ: Հուզվեց, երբ իմացավ ինչու ենք նրան այցելել, և որն էր մեր այցի նպատակը: Մտնելով տուն առաջին բանը, որ մենք նկատեցինք, պատին փակցված նկարներն էին` ինքն էր և իր ընտանիքը: Եվ այսպես, հարմար տեղավորվելով սկսեցինք տալ այն հարցերը, որոնք պատրաստել էինք այս հարցազրույցի համար:

-Ե՞րբ և որտե՞ղ եք ծնվել:

-Ծնվել եմ 1943 թվականի հունիս ամսին Ստեփանավան քաղաքում:

-Իսկ որտեղի՞ց են գալիս ձեր արմատները։ 

-Մայրս Մուշի գաղթականներից էր, հայրս՝ լոռեցի: Մայրս իր երեք եղբոր և քրոջ հետ եղել է Թիֆլիսի ամերիկյան որբանոցներից մեկում: Այդ տարիներին հայրս այնտեղի վարորդն է եղել: Սնունդ է տարել-բերել, և տեսնելով մորս`սիրուն աղջիկ, երկար հյուսերով, հավանել է: Որոշել է, որ մայրս պետք է իր կինը դառնա: Այդպիսով մորս իր քրոջ և եղբայրների հետ հայրս վերցրել, և Հայաստան են տեղափոխվել: Մորաքույրս ապրել է Երևանում, մեծ մորեղբայրս եղել է դասախոս` Երևանում, մյուս մորեղբայրս աշխատել է ինժեներ` Վանաձորում, իսկ մյուսն էլ անասնաբույժ` Ստեփանավանում:

-Կպատմե՞ք, թե ինչպե՞ս են անցել Ձեր մանկության և պատանեկության տարիները:

-1950-1951 թթ-ներին հաճախել եմ առաջին միջնակարգ դպրոց: Այնուհետև ավարտել եմ Էջմիածնի Ակումբագրադարանային տեխնիկումի արվեստի բաժինը: 1955 թ-ին տեղափոխվել եմ Ստեփանավանի Մշակույթի պալատ: Եղել եմ և՛ մեթոդիստ, և՛ երգչուհի, և՛ պարուհի, և՛ ասմունքող, և՛ հաղորդավարուհի, և՛ դերասանուհի: Այս տարիներին էլ ծանոթացել եմ ամուսնուս` Հերբերտ Խարազյանի հետ: Ամուսինս երաժիշտ էր, երգում ու յոթ գործիքի էր տիրապետում: Մշակույթի պալատում երկար տարիներ աշխատելուց հետո ամուսինս դառնում է տնօրեն:

-Կպատմե՞ք Ձեր համատեղ կյանքից: 

-Բավականին երջանիկ. լի շատ հյուրախաղերով, տարբեր քաղաքներ այցելելով, նույնիսկ Հայաստանից դուրս: Ունեցել ենք երեք դուստր, յոթ թոռ և ինը ծոռ:

Շատ երջանիկ կյանք ենք ունեցել միասին։ Մեր սպիտակ թուղթ հիշեցնող կյանքում միայն մի սև կետ կարող եմ նշել, որը մինչև հիմա էլ չենք կարողանում, ցավոք սրտի, վերացնել։ Ինչպես 88-ի երկրաշարժից տուժած բոլոր ընտանիքները, այնպես էլ մենք, մեր տունը կորցնելով՝ հայտնվել ենք այստեղ։ Ճիշտն ասած, էրեխեք ջան, սա իմ տունը չի։ Երկրաշարժից հետո մինչ այժմ տուն չեմ ստացել։

-Հայաստանից դուրս ո՞ր քաղաքներում եք հյուրախաղերի եղել:

-Վրաստանի շրջանում, Սուխումիում, Սոչիում, Մերձբալթիկայի երկրներում` Լատվիա, Լիտվա, մի շարք այլ քաղաքներում: Ի դեպ, Մերձբալթիկայում մենք մրցույթի ենք մասնակցել ու առաջին տեղն ենք գրավել։ Նշեմ նաև, որ իմ լավ աշխատանքի համար ինձ ուղարկել են Լեհաստան, որտեղ մի քանի օր մնալուց և նրանց մշակույթը ուսումնասիրելուց հետո հետ եմ վերադարձել։ Ունեմ բավականին պատվոգրեր, խրախուսանքներ։

-Իսկ հիշու՞մ եք առաջին պիեսը, որում խաղացել եք:

-Իհարկե, հիշում եմ: Արամաշոտ Պապայանի «Աշխարհն, այո՛, շուռ է եկել»։ Խաղացել եմ նաև այլ պիեսներում, որոնցից են Իոսելիանիի «Քանի դեռ սայլը շուռ չի եկել», Սունդուկյանի «Պեպո»-ում` Բազազ Արտեմի կնոջ` Եփեմիայի դերը, և մի շարք այլ պիեսներում:

-Ո՞րն է եղել Ձեր ամենասիրելի պիեսը, որում Դուք խաղացել եք:

-«Քանի դեռ սայլը շուռ չի եկել»` Ժուժունայի դերը, իսկ ամուսինս էլ մարմնավորել է Դաթոյի կերպարը: Ուրեմն, ինձ ու ամուսնուս բեմի վրա պսակում են, հարսի շորերով և այլն։ Հաջորդ օրը մեկ էլ բարեկամները զանգում են․ «Բա կարմիր խնձորը ե՞րբ ա» (ծիծաղում ենք)… Ի ուրախություն ինձ, ամուսինս թատրոնում միշտ իմ խաղընկերն է եղել։ Պատկերացնո՞ւմ եք, միասին 34 տարի աշխատել ենք։

Մի անգամ էլ «Պեպո»-ն ենք բեմադրում։ Մի փոքրիկ էպիզոդ կար, որ ես ՝ Եփեմիան, պետք ա ամուսնուս՝ Գիգոլի գլխին խփեմ։ Մեկ էլ ինձ կանչեց կուլիսներ, ասավ. «Անժո, քարտուղար բան սաղ նստած են, էդ պահը կհանես էլի, խնդրում եմ, տնօրեն մարդ եմ»։ Ես ել մտա դերիս մեջ ու խփեցի։ Հետո եկել ա, ասում ա․«Ախչի, ես քեզ չասի՞` չխփես, ամոթ չի՞»։

-Ո՞վ է Ձեր սիրելի դերասանը:

-Շատ են, էրեխեք ջան: Հրաչյա Ներսիսյան, Բաբկեն Ներսիսյան, Սոս Սարգսյան, Խորեն Աբրահամյան, Գուրգեն Տոնունց, Գալյա Նովենց, Լաուրա Գևորգյան: Իսկ այժմյան դերասաններից` Խորեն Լևոնյան, Անի Երանյան, Նազենի Հովհաննիսյան:

-Բացի թատրոնից որևէ այլ վայրում աշխատե՞լ եք:

-Թատրոնից դուրս գալով` յոթ տարի աշխատել եմ անտառտնտեսությունում որպես հաշվապահ և գանձապահ: Հետո տեղափոխվեցի Բիզնես կենտրոն, այստեղ էլ աշխատելով յոթ տարի:

-Իսկ ինչո՞ւ դուրս եկաք թատրոնից:

(Նա փոքր-ինչ մռայլվեց, փորձեց խուսափել հարցին պատասխանելուց: Երկար ու ճնշող լռությունից հետո վերջապես խոսեց:)

-Դե, երբ ամուսինս 1997 թ-ին մահացավ, շատ երիտասարդ էր, էրեխեք ջան, 53 տարեկան, այդ պատճառով էլ թողեցի թատրոնը: Աշխարհը ինձ համար կարծես դադարեց գոյություն ունենալուց։

-Եղե՞լ է այնպիսի մի բան, որի համար շատ եք ափսոսում:

-Կուզենայի, որ ինքը չմահանար: Նրա մահից հետո ես շատ կոտրվեցի:

-Ճիշտ է, հիմա նա չկա, բայց կարևորն այն է, որ ճանաչել եք միմյանց, ունեցել եք լավ և օրինակելի ընտանիք, շրջապատված եք եղել Ձեզ սիրող և հարգող մարդկանցով:

-Հա, էրեխեք ջան: Կարևորն այն է, որ մեր ընտանիքում վեճ և տարաձայնություններ չեն եղել: Ես և Հերբերտը աշխատել ենք մեր երեք աղջիկների ներկայությամբ երբեք չվիճել և օրինակ ենք եղել մեր զավակների համար։ Դե, էրեխեք ջան, էլ ինչ ասեմ, կարծես թե վերջ։

-Շատ շնորհակալ ենք մեզ ժամանակ տրամադրելու և հաճելի զրույցի համար։

-Ձեզ էլ շնորհակալություն, էրեխեք ջան, շատ զգացված եմ, շնորհակալ եմ, որ հիշել եք ինձ։

Հարցազրույցը վարեցին` Նինա Բաղոյանը (15տ.) և Լիլիթ Սուքիասյանը (16տ.)

arman arshak-shahbazyan

Արարատն ամենամոտիկից

Հիմա ասեմ` որտեղ եմ հոդվածս գրում, ծիծաղելի կթվա: Երևան-Վայք երթուղայինի մեջ։ Հա, հա, ճիշտ կարդացիք, կարիք չկա երկրորդ անգամ կարդալու, «տրանսպորտի» մեջ եմ։ Հիմա ասեմ` որն է պատճառը, որ այս անհարմար ճանապարհներին վերցրեցի հեռախոսս ու սկսեցի գրել: Այ, կողքիս պատուհանից դուրս եմ նայում ու տեսնում Արարատը: Գիտեք, չէ՞, այնքան  մոտ է երևում ամեն մի քարակույտը, Մասսյաց վիհը, երանի ֆոտոխցիկս մոտս լիներ: Վարորդին կխնդրեի մեկ րոպե կանգ առներ, նկարեի։ Նայում եմ պատուհանից դուրս ու մտքումս անընդհատ կրկնում «Արարատն ամենամոտիկից»: Հա, դե մեր տունը այն տներից չէ, որի պատուհանից ամեն առավոտ երևում է «Մասիսի լուսապսակ գագաթը», ինչպես ասվում է գովազդներում: Թվում է, թե  վարորդը աջ թեքվի ու գնա ուղիղ, մի քանի րոպեից կհասնենք: Երանի բոլոր վարորդները այս ճանապարհը աջ թեքվեն ու ուղիղ գնան` օդանավակայանի ճանապարհի փոխարեն:

Խմբագրության կողմից. Եկեք իրականացնենք Արմանի չարված  լուսանկարի երազանքը: Ամեն մեկը, ով ամեն օր տեսնում է Արարատը, թող լուսանկարի լեռը և գրի, թե որտեղից է արել լուսանկարը: Կսպասենք:

seda mkhitaryan

«Հմիկվա քյասիբնին խելքի քյասիբ են»

«Քյասիբ» մեր բարբառով աղքատ է նշանակում, իսկ մեջբերումն էլ տատիս շատ կրկնվող խոսքն է, որ ասում է գրեթե ամեն օր ու մեզ հորդորում աշխատել և անտեղի ու «սուտի» բաների վրա գումար չծախսել։

Առհասարակ, տատս շատ տնտեսող կին է, նրա սիրելի արտահայտություններից մեկն էլ հետևյալն է. «Գնացկան ջրին էլ ղադրը կանեն», եթե վերածեմ գրականի, կհնչի այսպես․ «Հոսող ջուրն էլ պետք է տնտեսել», ինձ համար գրականով շատ խորթ է հնչում և գրեթե իմաստ չի արտահայտում, բայց քարընջա բարբառով (Քարինջ գյուղի) սա շատ դիպուկ է ասված այն մարդկանց համար, ովքեր տեղին-անտեղին ծախսում են իրենց ունեցվածքը։ Տատս, ինչպես գրեթե իր հասակակից բոլոր մարդիկ, միշտ գովերգում է «սովետը» ու ասում, որ այն ժամանակ պարապ մարդ չկար, ու բոլորը մի բանով զբաղվում էին, իսկ հիմա, ինչպես տատս է ասում, «պարապների թիվ ա»։ Նա հիմա արդեն յոթանասունն անց է, բայց ամեն պահի ուզում է մի բանով զբաղվել, բայց առողջական խնդիրները թույլ չեն տալիս։

Ես էլ եմ կարծում, որ մեր օրերում չաշխատող մարդիկ շատ կան: Հատկապես գյուղում առանց աշխատելու չի լինի։ «Հըմի մեր գեղըմը էնքան քյուլփաթ կա, որ ձմռվա կառտոլ չունի, փողը տալ տի` առնիլ, որովհետև սաղ գարունքը պարապ ման են էկել ու մատներուն մատին չեն տվել, որ մի բան գցեն հողի տակը, դրան էլա փող չտան, կամ թե չէ` էս չիմ խոտհարքնին անհնձիլ բրախըմ են, գնըմ խոտ առնըմ, բերըմ, որ ձմեռը ըպրանքին տան: Դրա հմա էլ կարըմ չեն ծերը ծերին հըսցընեն»։ Լրիվ համաձայն եմ տատիս հետ, «ՀՄԻԿՎԱ ՔՅԱՍԻԲԸ ԽԵԼՔԻ ՔՅԱՍԻԲ Ա»։

amalya harutyunyan

Մենախոսություն կամ ապրելու արվեստը

-Չես հիշում, չէ՞:
-Չէ, չէ, չեմ հիշում:
-Բա էն ընկերուհիդ, որ կար, իրան էլ ես, չէ՞, մոռացել:
-Հա, հա, իրան էլ:
-Էն անցած օրերին էլ ուշադրություն չես դարձնում, չէ՞:
-Հա, հա, դրանք էլ եմ մոռացել, չեմ հիշում, ոչինչ չեմ հիշում:
-Իսկ փոխվել ես, չէ՞: Էլ չե՞ս լացել:
Ձայնը դողում է, ձայնը լռում է:
-Ամ, իսկ դու գիտե՞ս, որ թիթեռներին մի օր է տրված ապրելու, ու ինչքան ջանք են թափում նրանք, որ այդ մի օրվա կյանքը երջանիկ ապրեն:
-Իրենք գոնե մեկ օր են ապրում, իսկ մենք, կարելի է ասել, ընդհանրապես չենք ապրում:
Ձայնը շփոթվում է, Ձայնը մարում է:
-Ամ, երանի մենք էլ թիթեռների պես ապրել իմանայինք:
Էսպիսի խոսակցությունների հաճախ եմ հանդիպում, օրվա մեջ 3 կամ 4 անգամ: Տեսնես` իրենք գիտե՞ն, որ ես լսում եմ, երբ երկու իրար հակասող «ես»-երս իրար են հանդիպում, այդքան էլ լավ բան չի ստացվում:
-Ամ, գիտես, չէ՞, բայց ես ապրել եմ սովորում:
-Դա քեզ է միայն թվում, իրականում դու ոչինչ էլ չգիտես: Այ, եթե գոնե կարողանայիր մարդկանց տարբերակել, մի բան կստացվեր:
-Ինչո՞ւ, այդքան փորձը հերիք չէ՞ սովորելու համար:
-Իհարկե ոչ, երանի ապրելը այդքան հեշտ լիներ:

Հիմա, երբ հետ եմ նայում ու հասկանում, ինչքան բան է անցել, ու դեռ ինչքան է անցնելու, մի պահ սկսում եմ երկար մտածմունքների մեջ ընկնել: Կյանքի էջեր կան, որտեղ ծիծաղել եմ, հիմա մի կտոր կարոտը ստիպում է արտասվել, իսկ այն էջերում, որտեղ լաց եմ եղել, հիմա դա հիշելով, միայն ժպտում եմ:
Երբ մի օր ունեցածդ կորցնում ես ու փնտրել չես կարողանում, երբ գտնելու հույսը վերածվում է հուսահատության, դու փորձում ես ունեցածդ նորից ստեղծել: Ու երբ չարչարանքներդ հասնում են եզրակետին, դու հասնում ես մի կտոր երջանկություն:
Երբ վայրէջքներից հետո թևերդ վնասվում են, բայց դու մեկ է, միջոց ես գտնում թռիչքդ կատարելու, հիանալի է, ավելի առաջ ես. հիմա ունես մի կտոր էլ կամքի ուժ:
Երբ չնայած սառը քամուն, դու կարողանում ես միջիդ ջերմությամբ գոյատևել, դու ձեռք ես բերում մի կտոր էլ դիմացկունություն:
Երբ տեղում կանգնելու ու մարդկանց սպասելու փոխարեն գնում ես առաջ ու անցյալում ես թողնում ամեն ինչ, դու ձեռք ես բերում մի կտոր հիշողություն:
Երբ ուժ ես գտնում փոխելու ամեն ինչ, գլխի վայր շուռ տալու կյանքը, կամ ամեն ինչ 10 քայլ հետ տալով ու նորից շարունակելով փորձում ես գնալ, հիմա էլ ունես մի քիչ էլ տոկունություն:
Դու աընդհատ ձեռք ես բերում, անընդհատ նոր կտորներով կյանքի թեորեմն ես փորձում կառուցել, կորցնում ու գտնում ես, բարձրանում ու իջնում ես, բայց արդյո՞ք ապրում ես, արդյո՞ք գիտես, թե ինչպես են ապրում:
Ժամանակ առ ժամանակ ինձ թվում է, որ ես ապրել արդեն գիտեմ, որ արդեն բացահայտել եմ կյանքի կանոնները, բայց մի սայթաքում, ու ես նորից անորոշության մեջ եմ:
Ըստ ամբողջ մարդկության` մենք միշտ ապրում ենք, իսկ ըստ իմ տեսակետի` շատ քչերը գիտեն, թե ինչ է ապրելը:
Սակայն կան մարդիկ, ովքեր իրոք ձգտում են ապրել, ինչպես և ես, և դա ամենաուրախալի փաստն է:
Ֆիզիկական գոյությունը դեռ ապրելը չէ, ապրում ես, երբ ներքինդ լցված խինդով ու երջանկությամբ քեզ ստիպում է շնչել, երբ մութ ու խավար մտքերը, գորշ տրամադրություններն ու տխուր աչքերը վերանան, մարդիկ, երևի թե, կկարողանան ապրել:
Մենք դպրոցում շատ բան սովորեցինք, բայց այդպես էլ չսովորեցինք կյանքին գումարել ուրախություն, հանել տխրություն, բազմապատկել երջանկություն և բաժանել բարության: Մենք դպրոցում այդպես էլ չսովորեցինք ապրել: