Ani Ghambaryan

Նորից գրքեր

Սովորաբար, «Սիրո՞ւմ ես գիրք կարդալ» հարցին մենք պատասխանում ենք` ո′չ, պատճառաբանելով, որ դա ուղղակի պարտականություն է մեզ համար, այն էլ՝ ձանձրալի:

Բայց ես կարծում եմ, որ բոլոր դպրոցականներին էլ հետաքրքրում է, թե ինչո՞ւ է  անհրաժեշտ ուշադիր և շատ կարդալը:

Նախ, այն օգտակար է: Զարգացնում է մտածողությունը:  Սա կարդալու ամենակարևոր առանձնահատկություններից է: Կարդալիս մենք շատ ենք մտածում՝ փորձելով հասկանալ իրավիճակը: Դա էլ իր հերթին, թուլացնում է լարվածությունը: Հիշեք, թե օրվա ընթացքում որքան առիթներ ենք ունենում լարվելու, և  կարդալը դրանից ազատվելու հրաշալի տարբերակ է, հատկապես, երբ բարձրաձայն ես կարդում: Զարգացնում է բառապաշարը: Գրքերում մենք հանդիպում ենք  ծանոթ ու անծանոթ բառերի, որոնք, ուզենք, թե չուզենք, դառնում են մեր բառապաշարի անբաժան մասնիկը, և առօրյա խոսքում սկսում ենք օգտագործել դրանք:

Ի վերջո, շատ կարդալու շնորհիվ  մենք դառնում  ենք  ավելի բանիմաց, խելացի և տեղեկացված:

Ուսուցիչները` այդ ամենն իմանալով, մեզ ամառային արձակուրդներին հանձնարարում են բազմաթիվ գրքեր կարդալ: Իսկ մենք`երեխաներս, մտածում ենք, որ ամառն ու արձակուրդը մի լավ հանգստանալու համար են:

Ես, օրինակ, փորձում եմ հաճելին համատեղել օգտակարի հետ: Երկուսը` միաժամանակ:

Այս ամռան առաջին ամսվա ընթացքում, հանձնեցի ինձ համար շատ «սարսափելի» քննությունները: Սկզբում շատ էի վախենում, ամեն օր կարդում էի, կրկնում անցածս: Մտածում էի,  թե մի բան կմոռանամ: Հետո հասկացա, որ քննություններն այդքան էլ վախենալու չեն ու բոլորից էլ բարձր ստացա`19 և 20: Արդեն ավարտին էր մոտենում հունիսը, ու ես դեռ ոչ մի գիրք չէի կարդացել: Երբ որոշեցի սկսել, բացեցի դարակս, հազիվ գտա նոթատետրը, որի մեջ գրել էի գրքերի ցանկը` զարմացա: Ինչպես եմ հասցնելու կարդալ այս գրքերի շարանը: 5 հեղինակ ու տարբեր ստեղծագործություններ: Այնուամենայնիվ, որոշեցի սկսել Մուրացանի «Գևորգ Մարզպետունի» պատմավեպից: Եթե անկեղծ, կարդացի ու  շատ հավանեցի: Հետո սկսեցի կարդալ Խաչատուր Աբովյանի «Վերք Հայաստանի» վեպը: Հետո որոշեցի մի քանի օր հանգստանալ ու շարունակել: Օրերս էլ ընկերուհիս ասաց, որ կարդացել է Հակոբ Պարոնյանի «Մեծապատիվ մուրացկանները» վեպը և շատ է հավանել: Որոշեցի ինքս էլ կարդալ , ու ինձ էլ դուր եկավ: Թեև, դեռ չեմ ավարտել: Ինձ թվում է, որ մինչև սեպտեմբեր, կհասցնեմ ավարտել հանձնարարությունս…

albina hovsepyan

Լորիս ամառը

Երբ մոտենում են ամռան ամիսները, անկախ ինձնից,  տրամադրությունս բարձրանում է, բայց ոչ նրա համար, որ  ավարտում եմ դպրոցը կամ  սկսում են ամառային արձակուրդները: Ուրախանում եմ, որովհետև գյուղս, կարծես, նոր կյանք է առնում, աշխուժանում, զարթոնք է ապրում: Սկսած հունիսից, արդեն, աշխուժություն է տիրում: Այստեղ են գալիս գյուղի բոլոր ուսանողները. մեկի թոռը, մյուսի թոռնուհին, հեռու-մոտիկ բարեկամներ, և բոլորն էլ` իրենց այցով նոր կյանք են տալիս Լորիս:

Փողոց դուրս գալիս, ակամայից ժպտում եմ` տեսնելով գյուղամիջում կամ փողոցի տարբեր անկյուններում հավաքված մարդկանց:

Մենք` երիտասարդներով, հիմնականում հավաքվում ենք Հայրենական մեծ պատերազմի զոհերին նվիրված հուշարձանի տարածքում, որը դեռ հնուց անվանել են «Արձանի բաղ»: Այստեղ են գալիս նաև մեր համագյուղացիները` տարբեր տարիքի մարդիկ, և խոսում են տարբեր թեմաներից: Մենք էլ, հետաքրքրաշարժ խաղեր ենք խաղում:

«Բաղը», որտեղ մտնելիս, ասես, դրախտ ոտք դնես` հին պատմություն ունի:

Դեռ վաղուց, այգում տարբեր տեսակի խնձորենիներ, տանձենիներ, ընկուզենիներ են տնկվել:

Մոտ չորս տարի  առաջ էլ` այգու շրջակայքում, մեծ շաբաթօրյակ անցկացվեց, որին մասնակցեցին Նորավան գյուղի զորամասի զինվորները, համայնքի բնակիչներն ու ամբողջ դպրոցը: Արձանը շրջապատվեց գեղեցիկ վարդերով, նոր բույսերով, որոնք, ցավոք, չհարմարվեցին մեր բնակլիմայական պայմաններին ու ժամանակի ընթացքում վերացան: Այգին ազատվեց նաև աղբից, որովհետև տարածքում, վերջապես, աղբամաններ տեղադրվեցին:

Երազում եմ, որ տարվա բոլոր եղանակներին` ձմռանը, աշնանն ու գարնանը իմ գյուղում «ամառ» լինի:

Մեծացա ու հասկացա

Երեկվա պես հիշում եմ, թե ոնց էի ամեն առավոտ հայրիկիս հետ «Ինչուիկ» գնում, հենց մեքենան հասնում էր մի խաչմերուկի, իմ գլխում մի հարց էր ծագում. ո՞ւր է տանում այս երկրորդ ճանապարհը։

Ու առանց բացառության ամեն անգամ հարցնում էի․

-Ո՞ւր է տանում այս ճանապարհը:

Հայրիկիս պատասխանն էր․

-Մի օր կգնանք:

Ու այդ հույսով ամեն օր անցնում էինք այդ ճանապարհով ու հենց մոտենում էինք այդ խաչմերուկին սիրտս բաբախում էր, և թվում էր, թե այս անգամ հայրիկը կփոխի ճանապարհը, և մենք կգնանք այդ անհայտ ճանապարհով։

Ու մինչ օրս շատ եմ անցնում հենց այդ երկրորդ ճանապարհի կողքով, բայց մեկ է, ինձ համար հանելուկ է` ուր է տանում այդ փողոցը։

Տարիներ անց ես հասկացա, որ այդ «անհայտ» ճանապարհը իմ կյանքի ճանապարհն է, և ես այն պետք է անցնեմ ինքնուրույն…

Կայծ տալ, որ կրակ առաջանա

Հարցազրույց ԿԱԶԱ շվեյցարական մարդասիրական հիմնադրամի քաղաքացիական կրթության ծրագրի համակարգող Կարինե Ստեփանյանի հետ:

Լուսանկարը՝ Սարգիս Մելքոնյանի

Լուսանկարը՝ Սարգիս Մելքոնյանի

-Պատանեկան տարիքում ի՞նչ ակումբների եք անդամակցել:

-Ես ակումբների մասնակցել սկսել եմ ուսանողական տարիներին: Առաջին ակումբը, որին ես անդամակցել եմ, ու ինքս էլ վարել եմ, եղել է ֆրանսախոսների ակումբը:

-Իսկ ի՞նչը Ձեզ ուղղորդեց դեպի կամավորություն:

-Շատ հաճախ մարդու մեջ ցանկություն է առաջանում ինչ-որ լավ բան անելու, ինչ-որ բան փոխելու: Ու դեպի դրականը այդ ձգտումը ինձ ուղղորդեց, որ զբաղվեմ կամավորությամբ:

-Դուք աշխատում եք երիտասարդների հետ: Ի՞նչը կառանձնացնեք մեր երիտասարդների մեջ:

-Ես մեծ պայծառություն ու պոտենցիալ եմ տեսնում մեր երիտասարդների մեջ (ինքս էլ երիտասարդ եմ, էնպես չի, էլի, որ վաղուց լքել եմ այդ խումբը) ու շատ եմ կարևորում, որ երիտասարդների պոտենցիալի ու պատրաստակամության հետ աշխատող գրագետ մարդիկ լինեն, որպեսզի հնարավոր լինի դրանք վեր հանել ու ծառայեցնել բարի նպատակների համար: Մեր երիտասարդների ներուժը շատ մեծ է, ուղղակի անհրաժեշտ է «կայծ տալ, որ կրակ առաջանա»:

-Ձեր կարծիքով, ի՞նչ խնդիրներ ունի մեր օրերի երիտասարդությունը:

Առաջին հերթին ինքնադրսևորման ոլորտի բացն է: Շատ երիտասարդներ շատ հետաքրքիր ներաշխարհ ունեն, ունեն ցանկություններ, երազանքներ, բայց ինչպե՞ս և որտե՞ղ դրանք իրականացնել, շատ հաճախ նրանք չեն գտնում, և ուղղորդող մարդկանց էլ հաճախ ճիշտ չեն հանդիպում, ովքեր կարող էին իրենց օգնել` հասնելու իրենց երազանքներին:

Մյուս խնդիրը կրթական համակարգի բացն է, որն այդքան էլ չի նպաստում նախորդ նշածս կետի իրականացմանը:

Կարող եմ նշել պետք եղած ժամանակ հաճախ ռիսկի չգնալու հատկությունը: Մեր շատ երիտասարդներ վախենում են նոր բան փորձել:

Ինքնազարգանալու մոտիվացիան է պակաս. ոչ միայն գիտելիքների առումով, այլև հոգևոր և այլ առումներով:

Պակաս է նաև հոգատարությունը շրջակա միջավայրի պահպանման հարցերում:

-Ի՞նչ խորհուրդ կտաք երիտասարդներին:

-Երիտասարդներին խորհուրդ կտամ, որ մի պահ իրենք իրենց հետ առանձնանան ու գիտակցեն, որ ապրում են մի երկրում, որի ապագան կախված է իրենցից, հասկանան, թե իրենք իրենց մակարդակում՝ ունակություններով, հատկանիշներով, հնարավորություններով, ինչպե՞ս կարող են նպաստել երկրի կամ գոնե այն քաղաքի ու գյուղի զարգացմանը, որտեղ իրենք ապրում են:

-Շնորհակալություն հետաքրքիր հարցազրույցի համար: Շատ հաճելի էր Ձեզ հետ զրուցելը:

-Ես եմ շնորհակալ, ինձ համար էլ էր հաճելի շփվել նման երեխաների հետ, ովքեր ինչ-որ բան ուզում են անել:

Հարցազրույցը վարեցին՝ Դիանա Հովսեփյանը, Սարգիս Մելքոնյանը, Անահիտ Նազարյանը, Տաթև Հակոբյանը, Լենա Խաչատրյանը

vardik barkhudaryan-2

Ամենաաշխույժ և ամենաիմաստուն տատիկը

Հարցազրույց Ռոզա տատիկի հետ

Ես քայլում եմ դեպի մեր գյուղի` Սյունիքի մարզի Նորավան գյուղի ամենաաշխույժ և ամենաիմաստուն տատիկի մոտ: Ռոզա տատիկը մեր գյուղի սեղանների թամադան է: Մի պահ նայում եմ և տեսնում, որ նա իրենց բակում քարին նստած է:

-Բարև, Ռոզա տատիկ: Ինչպե՞ս ես: 

-Դու լավ լինես, ես լավ եմ, այ բալա:

-Մի քիչ կպատմե՞ս քո անցյալի մասին:

-Ի՞նչ ասեմ, այ բալա: Սովի ու ցավի, տառապանքի մեջ եմ ապրել: Կյանքում լավը չեմ տեսել, ու տհե՜նց…

-Իսկ ե՞րբ տեղափոխվեցիր Նորավան:

-20 տարեկան էի, որ ամուսնացա ու մնացի Տաթևում: Հետո սովի մեջ էինք ապրում, էրեխեքին առանք ու էկանք Նորավան. ստեղ գոնե հաց ու ջուր կար…

-Իսկ ինչ-որ տեղ աշխատե՞լ ես:

-Անապատում գործ էինք անում, առաջ էստեղ գյուղ չկար, ամայի տարածք էր. կով ու ոչխար էինք պահում: Վա՜յ, մեր տեղը կտրվի…
Տատը մի պահ նայում է հեռուն ու լռում… Հետո լցնում աչքերն ու ասում.
–Ա՛յ աղջի, էլի կարտոշկան ա ջրում:

Հարևանի հարսն էր, ով շեղեց տատին իր ցավից: Ես էլ լռեցի։Հետո շարունակեցի:

-Քանի՞ հոգի եք եղել ընտանիքում:

-Հերս, մերս, քուրս ու երկու ախպերքս…

-Իրար օգնո՞ւմ էիք:

-Իրար հետ ոչխար ու կով էինք կթում: Ի՜նչ օրեր էին…

Տատի հայացքում կարոտ կար: Անասանելի մեծ կարոտ: Հետո հասկացա՝ տատի վերքերին աղ էի լցնում: Մեղավոր զգացի: Հավաքեցի մտքերս ու որոշեցի հանգիստ թողնել տատի անցած-գնացած ցավերը…

-Ծոռդ ո՞ նց ա, տատ:

Փորձեցի շեղել տատին իր մտքերից: Մի քանի ամիս առաջ տատի տանը ուրախություն էր՝ մեծ թոռանը երեխա էր ծնվել: Տատի աչքերը միանգամից փայլեցին: Արցունքների միջից շողաց երջանկության կայծը:

-Ապրես, քեզ ղուրբան… Տունս լցել ա էդ էրեխան: Ապրե՜ս…

Տատին էլի նույն աշխույժ, նույն ուրախը դարձավ:

-Շնորհակալություն, տատ ջան: Իսկ ի՞նչ կավելացնես:

-Թող ոչ մի նոր սերունդ սով ու ցավ չտեսնի. մեր նման…

Վեր կացավ տեղից: Էլի նույն ցավն էր սրտում: Թեքեց հայացքը: Ձեռքերով արագ-արագ սկսեց մաքրել աչքերը…

 

Mane Minasyan

Ամենակարևոր մարդը

Տանը մտածում են, որ սառն ու անտարբեր եմ, բայց եթե անկեղծ, ես էդպիսին չեմ:

Երբ տեսնում եմ, որ շրջապատում աղջիկներն իրենց մայրիկներին դիմում են` մամ ջան, մամաս, արևս ու նմանատիպ բառերով, ինձ համար մի տեսակ անսովոր է, որովհետև ես բացի «մամ»-ից ուրիշ դիմելաձև չունեմ:

Ուզում եմ մի դեպք պատմել, որը վերջերս է տեղի ունեցել…  Ճամբարից երբ վերադարձա, մամային ուղղակի բարևեցի, անգամ չմոտեցա:  Ճիշտ եմ ասում, ես դա մտածված չեմ արել, դա իմ բնավորությունն է:

Բայց այսօր նյութս ուզում եմ նվիրել մամայիս, ու դրա միջոցով «սեր խոստովանել»:

Մամ ջան, իրականում ես քեզ շատ, բոլորից շատ եմ սիրում:

Ճիշտ է, քեզ ամեն օր, ավելի ճիշտ, ամեն ժամ նյարդայնացնում եմ, բայց ես քեզ այդպես եմ սիրում:

Գիտեմ, երբ կարդաս, ժպտալու ես, որովհետև երևի ամենակարևոր բաներն ասելու ժամանակը հենց հիմա է:

Մարդն ընդհանրապես երևի իր տեսակով եսասեր է, ու մենք՝ ամեն մեկս ինչ-որ մեկին, սիրում ենք ինչ-որ բանի համար. Օրինակ, ընկերներին՝ վստահության, ուսուցչուհուն՝ սովորեցնելու, մարդկանց՝ լավ հատկանիշների և այլն:

Իսկ մայրը իր երեխային սիրում է ոչ մի բանի համար, սիրում է ուղղակի, պարզապես որ նա կա:

Ամենակարևոր մարդը նա է, ում մենք մայր ենք անվանում:

violeta mkrtchyan

Ապրում ենք զինվորի շնչով

Քեռակինս՝ Արմինե Նորվարդյանը, մասնագիտությամբ մանկաբարձ-գինեկոլոգ է: Ունի ենթասպայի կոչում  և Աշտարակ քաղաքի  Մուղնի թաղամասում տեղակայված զորամասում  որպես դեղատան պետ-բուժակ  է աշխատում:   Վաառողջ զինվորին առաջինը  նա է բուժօգնություն   ցույց տալիս: Քեռակինս  իմ իդեալն է: Միշտ երազել եմ նրա պես ծառայել բանակում, հագնել համազգեստ, նրա նման ուղիղ կեցվածք ունենալ:Եվ  ոչ միայն դա: Այն, ինչ կապված է զինվորական առօրյայի հետ, ես սիրում եմ: Իսկ քեռակնոջս  սիրում և հարգում եմ նաև այն պատճառով, որ մանկուց,  իր ձեռքերի մեջ եմ մեծացել: Եվ այնքան է խնամել ինձ , որ կարծում եմ,  իրեն եմ «քաշել»:

-Մանկության տարիներին, ի՞նչ ես  երազել դառնալ և ինչո՞ւ:

-Հստակ չեմ հիշում, թե ինչ եմ երազել դառնալ, բայց դպրոցական տարիքից երազում էի ուսուցչուհի դառնալ, որովհետև սիրում էի  հսկել բոլորին:

- Իսկ չափահաս տարիքում փոխվե՞ց մտածելակերպդ:

-Երբ արդեն չափահաս դարձա, փոխեցի որոշումս, և ընտրեցի բժշկի մասնագիտությունը: Դա  ավելի հոգեհարազատ էր ինձ: Ընդունվեցի Երևանի պետական բազային բժշկական ուսումնարանը և ընտրեցի մանկաբարձ-գինեկոլոգի մասնագիտությունը: Սովորում էի գերազանց, ունեի լավ առաջադիմություն: Գնացի ուսումնարան, որովհետև բժշկական համալսարանի տարեկան վարձը շատ էր, իսկ իմ ծնողների հնարավորությունը` քիչ:

-Բժշկի մասնագիտության ո՞ր կողմն է քեզ դուր գալիս և հետաքրքրում:

-Նախնական  մասնագիտությունս`մանկաբարձ-գինեկոլոգ, ինձ շատ էր  դուր գալիս: Ես, գիտակցելով, որ միանգամից երկու մարդկային կյանքի հետ գործ ունեի՝ մոր և նորածին մանկան, սովորում էի գերազանց, փորձում էի մեծ գիտելիք ձեռք բերել: Ամեն անգամ մի նոր բան սովորելուց, ես մտնում էի ավելի նոր և հետաքրքիր աշխարհ:

-Իսկ առհասարակ դժվա՞ ր մասնագիտություն է, և  ի՞նչ գաղտնիքներ է պարունակում:

-Այո՛, իմ մասնագիտությունը շատ բարդ, դժվար ու գաղտնիքներով լի մասնագիտություն է: Ես միայն տեսականը  չէի սովորում: Մասնակցում էի նաև գործնական աշխատանքներին, հիվանդանոցների ծննդատներում մասնակցում էի տարբեր տեսակի մանկաբարձագինեկոլոգիական պրոցեդուրաների:

-Ավարտելուց հետո որտե՞ղ աշխատեցիր և ինչո՞ւ:

-Երբ կրթությունս ավարտեցի, ինձ Աշտարակ քաղաքի Մուղնի թաղամասում տեղակայված զորամասում բուժակի աշխատանք առաջարկեցին: Սկզբում, ճիշտն ասած, մի քիչ կաշկանդվեցի, բայց ընդունեցի առաջարկը:

-Ինչո՞ւ հիվանդանոցում աշխատանքի չանցար, այլ ընտրեցիր զորամասում ծառայելու և բուժակ աշխատելու գործը:

- Որովհետև հենց առաջին առաջարկը եղավ զորամասից: Իսկ առաջարկն ընդունեցի, որովհետև բացի բժշկի մասնագիտությունից, սիրում էի նաև զինվորականի համազգեստը, ճշտապահությունը և կարգ ու կանոնը: Արդեն 13 տարի է` աշխատում եմ այդ զորամասում որպես դեղատան պետ-բուժակ, և հպարտությամբ եմ կրում ենթասպայի կոչումը:

-  Աշխատանքը զինվոր տղաների հետ հե՞շտ է:

-Իմ աշխատանքային օրը շատ հագեցած է, բազմազբաղ, փորձություններով, դժվարություններով և նորություններով լի: Բացի իմ մասնագիտական հմտություններից,   անհրաժեշտ եղավ, որ զինվորական գաղտնիքներ  և հմտություններ  սովորեմ: Քանի որ  սիրում եմ իմ երկրորդ մասնագիտությունը՝ բուժակի և զինվորականի, ապա ինձ համար այն ինչ-որ առումով հեշտ է:

-Ենթադրում եմ, որ նաև սիրով ես կատարում այդ աշխատանքը:

-Սիրով եմ կատարում իմ գործը և ջանասիրաբար, որովհետև այն իմ հայրենիքի, իմ ապագայի, իմ որդիների համար է: Ամեն անգամ հիվանդ զինծառայողին տեսնելիս` սիրտս մայրական գորովանքով է լցվում, և ուզում եմ ամեն կերպ օգնել և բուժել իմ սիրելի զինվորներին: Ճիշտ է, ես զորամասում խիստ բուժաշխատող եմ, բայց հոգուս խորքում շատ նուրբ զգացմունք ունեմ, որովհետև մի քանի տարուց էլ իմ տղաներին եմ ճանապարհելու հայոց բանակ:

-Կարողանո՞ւմ  ես «լեզու գտնել» զինծառայողների հետ, երբ նրանք հիվանդ են:

-Ես միշտ էլ կարողանում եմ լեզու գտնել նրանց հետ, դա իմ բնավորության լավ գիծն է, և ասեմ ավելին, իմ զինվորները բացի իրենց առողջական խնդիրներից, ինձ դիմում են  նաև անձնական խնդիրներով:

-Քեզ ինչպիսի՞ բժիշկ ես համարում:

-Երկար տարիների աշխատանքային փորձով, մասնագիտական հմտություններով, զինվորական գիտելիքներն օգտագործելով հանդերձ,  ծառայության մեջ, ես չեմ կարող ինձ գնահատական տալ, բայց հաշվի առնելով  հրամանատարության կողմից ստացած խրախուսանքները, իմ կոլեգաների, զինծառայողների հարգանքը, կարծում եմ, որ ինձ  սիրում են, և ընդունված զինվորական բուժաշխատող եմ:

-Ի՞նչ խորհուրդ կտաս ապագա բուժաշխատողներին:

-Մեր ապագա բժիշկներին մաղթում եմ խաղաղ և անփորձանք ծառայություն: Ուզում եմ, որ այս մասնագիտությունը ընտրելուց առաջ լավ մտածեն, նոր կայացնեն իրենց որոշումը, որովհետև բժիշկ կամ բուժաշխատող լինելը դա վեհ գաղափար է, և մեծ պատասխանատվություն` յուրաքանչյուրի կյանքի համար:

-Ի՞նչ սպասումներ ունես ապագայից:

-Իմ սպասելիքները դրական են, լավատեսական: Ամեն  դեպքում, ես այդպես եմ ուզում: Ուզում եմ, որ լինենք ազատ, անկախ և ապրենք խաղաղ պայմաններում: Թող ոչ մի զինվորի մայր իր զավակին արցունքներով չճանապարհի,  դիմավորելու՛ց էլ, միայն ուրախության արցունքներ  լինեն:

Aspram Parsadanyan

Կամքի հաղթանակ

Երբեմն պատահում է, երբ մի փոքրիկ դիպված փոխում է մեր կյանքը: Չափազանցությո՞ւն համարեցիք: Ուրեմն, այսպես կձևակերպեմ, երբ փոխվում է մտածելակերպդ, ապրելաոճդ, երազանքներդ:

Ես սիրում էի ու սիրում եմ սպորտը: Չէ՜, չմտածեք, թե ես այն աղջիկներից եմ, ովքեր  չգիտես՝ ինչու,  ձևականությունների հետևից ընկնելով, ասում են, թե սիրում են սպորտը, կամ ավելի ճիշտ, ֆուտբոլը: Այնինչ իրականում ֆուտբոլ նայում են գեղեցիկ ֆուտբոլիստների համար: Ես ֆուտբոլն ավելի քիչ եմ սիրում, քան հանդբոլը, բասկետբելը, վոլեյբոլը (երևի նրանից է, որ դրանք ավելի լավ եմ խաղում):

Ձմռան մի գեղեցիկ  օր մեր` Բերդավանի դպրոցում, հայտնվեց մի կին, ով ներկայացավ մեր նոր ֆիզկուլտուրայի ուսուցչուհի: Ե՛վ ուրախ էի, և՛ տխուր: Կարծում էի՝ նա չի կարողանա կառավարել դասարանի տղաներին, ու դասերը կտապալվեն: Բայց մի շաբաթ չանցած ուսուցչուհիս հակառակն ապացուցեց: Մենք այնքան մտերմացանք, որ նա սկսեց փոխել ինձ ու իմ կարծիքը: Մեր զրույցները հաճախակի դարձան, անհամբեր սպասում էի նրա դասերին: Մենք խաղում էինք այն խաղերը, որոնց մասին ես ուղղակի երազում էի: Նետումներս գնալով ավելի դիպուկ դարձան:

Մի օր ուսուցչուհիս հայտնեց, որ տղաների խմբակ է բացվելու: Աղջիկներն էլ միայն կմարզվեին: Տղաները պետք է ավելի շատ խաղային ու մարզվեին. մրցումները մոտենում էին: Ես կոտրվեցի, իսկ մե՞նք:

Մի քանի շաբաթ շարունակ տղաների հետ գնացինք մարզումների: Չգիտեմ էլ ինչու, բայց ուսուցչուհիս ինձ ամեն անգամ գցում էր տղաների թիմ ու ասում` Խաղա՛, իսկ ինքը խաղում էր հակառակորդ թիմում: Սկզբում ամաչում էի, հետո սկսեցի չնկատել ոչինչ ու ոչ մեկին: Երբ գնդակը հայտնվում էր իմ ձեռքում, ես մոռանում էի ամեն ինչ, նպատակս լինում էր միայն գնդակը զամբյուղի մեջ նետելը: Ուսուցչուհիս գնահատում էր իմ ամեն մի հաջողությունն ու ճիշտ քայլը, ուղղում սխալներս: Իսկ տղաները բողոքում էին, ասում էին, թե կոպիտ եմ խաղում:

Շուտով բացվեց աղջիկների խումբը (դե իհարկե, երկար համոզելուց հետո): Մենք նույնպես մասնակցեցինք մրցումներին: Ես նշանակվեցի թիմի ավագ: Ուսուցչուհիս սովորեցրել էր մեզ լինել վստահ  մեր քայլերում, լինել համառ, ունենալ նպատակ և ցանկացած գնով հասնել դրան. թե՛ կյանքում, ու թե՛ խաղում:

Մրցավարի սուլիչը ճչաց, գնդակը հայտնվեց օդում: Պետք էր ցատկել ու վերցնել այն: Ես հարվածեցի, ու գնդակը հայտնվեց մեր թիմի ձեռքում: Ամեն ինչ կարծես լավ էր, մինչև այն պահը, երբ ես ստացա ծանր վնասվածք՝ արմունկով ուժեղ հարված ծնոտիս (այդ օրը ես հասկացա, որ աղջիկները բնավ էլ թույլ էակներ չեն): Առաջին բուժօգնություն ու հրաման, որ դուրս գամ խաղից: Իրական սարսափ. ես մոռացել էի ցավս ու տառապում էի այն փաստից, որ չեմ խաղալու մի ողջ խաղակես: Տառապանքս երկար չտևեց. մեր թիմը արդարացրեց թե՛ իմ, թե՛ ուսուցչուհուս սպասումները: Գոռում էինք, գրկում իրար, վայելում հաղթանակի բերկրանքը: Չէ որ դպրոցում ոչ ոք չէր հավատում, որ աղջիկները կհաղթեն, ավելին, անիմաստ էին համարում խմբակի բացվելը:

Ձեզ չի՞  հետաքրքրում, թե տղաները ինչ արեցին խաղում: Դե իհարկե պարտվեցին, միայն այն պատճառով, որ գերագնահատում էին իրենց, կամ էլ մեր <<նավսն>> էր (ինչպես իրենք էին ասում):

Ցավալին միայն այն է, որ սպորտը խլեց ինձնից աղջկական նրբությունս ու պարգևեց ծնոտի ցավ: Չնայած, ամեն անգամ, երբ այն ժանգոտած դռան նման սկսում է ճռճռալ, ես հիշում եմ իմ սպորտային օրերը, հաղթանակները ու կրկին վերապրում եմ կատարելության տանող հաղթանակի բերկրանքը:

Եթե քարերը խոսեին

Կապանում ամեն ինչ նույն հարթության վրա է: Միայն հայրենիքին կյանքը նվիրաբերած հերոսներն են բարձրում` ամենաբարձրում։
Եղեռնի ու Հայրենականի հուշաքարերը օղակում են Արցախյան երկու պատերազմների զոհերի շիրիմները։ Եթե մոտիկից չտեսնեի, կմտածեի, որ լավ են օղակել: Արյուն խմած երկու դեպքերը պիտի որ կանխած լինեին նորերի ի հայտ գալը։ Ավաղ… Երեք շիրիմներ առանց քարերի են՝ չորացած մեխակներով ու ծաղկեպսակներով ծածկված։

Տղերքն են… Նրանց գուցե ես էլ եմ հանդիպել, գուցե նրանք ինձ տե՞ղ են զիջել ավտոբուսում կամ հայացքով ճանապարհել փողոցում…

Նրանք շարունակում են 90-ականների շարքը։ Ես անունները չկարողացա մտապահել, բայց մտքիս մեջ է, որ բոլորն էլ զոհվել են 20 կամ 21 տարեկանում։ Վահեի հորեղբոր շիրիմն առաջինն էր։ Ինքն այդպես ասաց: Չնայած քայլելու ընթացքում վերջինն էր, բայց առաջինն էր իր համար, ուրեմն, նաև իմ։ Ասաց՝ երգել էր սիրում։ Գուցե նա էլ է մի օրՎաչագանի ափին նստել, կիթառ նվագել ընկերների հետ ու անվերջ երգել… Գուցե։ Ո՞վ գիտի. քարերը երգել չգիտեն…

Լուսանկարը` Լյուսի Ուլունցի

Լուսանկարը` Լյուսի Ուլունցի

Վերևում տեղադրված զրահամեքենայի վրայից ամբողջ բարձունքն էր երևում` Հայրենական պատերազմում զոհվածներից մինչև ապրիլյան հերոսներ, 100 տարվա ապրիլից մինչև Արցախյան ապրիլը։ Քարերը լուռ էին. ուր էր թե խոսել կարողանային։
Ոստիկանական ցուցմունք էր հիշեցնում ինձ Եղբայրականը։ Վերևում Եղեռնի զոհերի հուշաքարն էր՝ հայոց պատմության էջերի ամենասև կնիքը։ Կարծես դրանից հետո ոչինչ չէինք գրել, վերլուծել, հասկացել, ու մինչև 90-ականները դատարկ մնացին ցուցմունքի տողերը։ Հայրենականի հուշաքարը մեկ այլ կնիք էր դրել ցուցմունքի վերջում։  Սովետական Միությունը կարծես թե կանխել էր ցուցմունքի բացատրությունները, կարճացրել տողերն ու խառնել ամեն ինչ՝ մեկ կնիքով, իսկ այդ <<կնիքի>> համար Կապանից 3000-ից ավել մարդ է զոհվել։
Բայց երբ նայում էի ցուցմունքի տողերին, շատ անուններ տեսա 90-ականներից։ Իրար հետևից՝ շարքով դասավորված էին Հայրենիքի համար կյանքը զոհած վկաները։ Առհասարակ ցուցմունք գրելիս նախընտրելի է ազատ տարածություն թղթի վրա չթողնելը։ Այստեղ տարածություն կար, որը լրացվեց Ապրիլյան պատերազմից հետո։

Ես էլի եմ տարածություն տեսնում այդ ցուցմունքի մեջ, բայց ուզում եմ չտեսնել։

Բայց մենք ուզում ենք վկաներին լսել, թարմ հողի տակ անշունչ պառկած ընկերներին ու վերևում սավառնող 1.5 միլիոն հայերի ձայները լսել… Օզում ըմ։

Իջանք Դավիթ Բեկ։ Վերևում է ինքը՝ ձիու վրա, քաղաքի սրտում։ Հերոսները բարձրում են:
Իսկ ներքևում մարդիկ ապրում են. վառում, մարում են լույսերը, շարժվում են ավտոբուսները, տաք քամի է փչում։ Քաղաքն անհանգիստ եռուզեռի մեջ է: Մինչդեռ վերևում` խլացնող լռություն է:
-Օզում ըմ։
-Հինչը՞ս օզում։
-Ապրիլ։ Ապրիլ եմ օզում։

ՉԷ։ Էս ապրիլը չէ՝ Սյունիքի ԱՊՐԻԼԸ. մենք ապրիլը միայն ապրելու հետ ենք կապում։

mher tumanyan

Տիեզերական մենամարտին պատրաստ

10-11 տարեկան էի… Ամառվա անհոգ օրերից մեկն էր: Ֆուտբոլային դաժան եզրափակչից հետո նստել էինք շենքի դիմացի քարերին հանգստանալու:

Հոգնածությունից աչքերս արդեն փակվում էին, երբ ականջս ընկավ այսպիսի խոսակցություն.

-Տղեք, տղեք, էն ի՞նչ լույսեր ա,- ընկերներիցս մեկն էր դեպի դիմացի սարալանջը ցույց տալով զարմացած հարցնում:

-Լույսեր ա, էլի,-պատասխանեց երկրորդը:

-Չէ, լուրջ, հլը նայեք, թարթում ա, գնում ա էս կողմ – էն կողմ, բարձրանում ա, իջնում: Էրեկ հեռուստացույցով ասում էին, որ էսօր այլմոլորակայինները հարձակվելու են: Էս հաստատ իրանք են,- ամենահորինող ընկերս էր:

-Այ տղա, ինչ էլ հավես ունես, ի՞նչ այլմոլորակային, ի՞նչ բան… Չկա տենց բան, ու համ էլ` հերիք ա հորինես, որ տենց բան ես լսել:

-Չէ, չէ, լսել եմ հաստատ:

Չնայած ոչ մեկս չհավատացինք նրա խոսքերին, որովհետև ինքն էլ չէր հավատում, այնուամենայնիվ, բոլորս մի մարդու նման վազեցինք դեպի հազիվ նշմարվող լույսերը:

Ասեմ, որ ճանապարհը բավականին դաժան էր էդ ժամանակ. մինչև նպատակակետ հասնելու համար պետք է անցնեինք մի քանի շների բների մոտով: Ասեմ նաև, որ այդ թումբը մեզնից մոտ 2.5-3 կիլոմետր հեռու էր:

Այնուամենայնիվ հասանք: Տղաներից մեկը նույնիսկ հեռադիտակ էր վերցրել իր հետ:

-Տղեք, տղեք, հենա` տենո՞ւմ եք, ոնց որ հրթիռ լինի, կամաց-կամաց իջնում ա:

Բոլորս լուռ էինք, զարմացած, վախեցած: Մի՞թե դա իրական էր: Մի՞թե Հորինողը չէր հորինել:

-Բայց սիրուն ա, չէ՞, տղեք,- ծանր մթնոլորտը ցրելու համար ասացի ես:

-Հա, շատ,կյանքումս հրթիռ չէի տեսել:

Հրթիռն իջավ, իջավ, մինչև ձուլվեց հեռվի սարերի մեջ:

Բոլորս զարմացած էինք, արդեն մոռացել էինք, թե այդ օրվա ֆուտբոլի, և թե օրվա ուշ ժամի մասին:

Արդեն մեխանիկորեն, առանց հասկանալու, լուռ գնացինք տուն` տանը պատմելու կատարվածը:

Եվ ինչքան զարմացած, զայրացած և ուրախ էին մեր դեմքերը, երբ առավոտյան պատուհանից դուրս նայելիս տեսանք, որ դա ընդամենը հին, քիչ օգտագործվող ճանապարհ էր, զառիթափի վրա էր գտնվում: Իսկ հրթի՞ռը` կհարցնեք դուք: Մթության մեջ զառիթափից իջնող մեքենաների լույսերը մեզ վայր իջնող հրթիռներ էին թվացել: