Իմ Եղվարդը հին բնակավայր է: Առաջին գրավոր տեղեկությունները կապված են 603 թվականի հայ-պարսկական պատերազմի (1735 թվականի հունիսին օսմանցիները ծանր պարտություն են տարել) և Մովսես Եղվարդեցի կաթողիկոսի հետ: Ծնվել ու ապրում եմ Եղվարդում կամ`

Լուսանկարը՝ Լիդա Արմենակյանի
«Այստեղ եմ ծնվել ես, այստեղ մեծացել,
Այս ջուրը խմել սառնորակ,
Հազար ճանապարհ ես դու իմ դեմ բացել,
Իմ լավ, հարազատ իմ քաղաք…»:
Դե հարազատը գուցե, բայց լավը… Եսիմ:

Լուսանկարը՝ Լիդա Արմենակյանի
Քաղաքի անվան հետ կապված շատ ավանդազրույցներ կան` ես միայն երկուսը գիտեմ:
Ասում են` ջրհեղեղի ժամանակ Նոյի տապանում գտնվող մարդիկ անհամբեր սպասում են ջրի իջնելուն և երկրի երևալուն։ Որոշ ժամանակ անց, երբ նրանք տեսնում են Արայի լեռան ստորոտը, ուրախացած բացականչում են «եղև-արդ»: Դրանից հետո տեղը կոչվում է Եղվարդ:
Մյուսն էլ, թե… Եղվարդը ժամանակին շատ մեծ գյուղ է եղել, հողով առատ։ Նրա մի ծայրը հասել է Քանաքեռ, մյուսը՝ Աշտարակ: Ունեցել է չորս ջրանցք, որոնցից մեկը ջուր է առել Զանգվից, մյուսը՝ Բուժականից, երրորդը՝ Սաշլվից, չորրորդը՝ Քասախից: Գյուղի բոլոր հողերը ծածկված են եղել անտառներով ու այգիներով։ Եղել է ծաղկով, վարդով ու յուղով առատ։ Դրա համար էլ անունը դրել են Եղվարդ՝ եղ(յուղ)-վարդ:

Լուսանկարը՝ Լիդա Արմենակյանի
Եղվարդի կենտրոնական մասից այն կողմ «գյուղամեջ» կոչվածն է սկսվում, չնայած նրան, որ քաղաք է: Անգամ մի զավեշտալի ու իրական դեպք է եղել «գյուղամեջ»-ի հետ կապված:
Քաղաքացիներից մեկը զանգահարում է քաղաքապետարան.
-Ալո, բարև Ձեզ: Գյուղապետը տեղո՞ւմ է:
-Բարև Ձեզ: Մերը գյուղապետ չէ` քաղաքապետ է,- քաղաքավարի, բայց մի քիչ էլ հեգնանքով պատասխանում է քարտուղարուհին:
-Բարի, իսկ տեղո՞ւմ է:
-Ոչ: Գնացել է գյուղամեջ:

Լուսանկարը՝ Լիդա Արմենակյանի
Իսկ ինչո՞ւ գյուղամեջ… Դե որովհետև մարդիկ էստեղ փոքր-ինչ գյուղական կյանքով են ապրում:
Մեր տունը հեռու է կենտրոնական մասից ու մի քիչ կտրված է ավելորդ աղմուկից ու շարժից: Ավելի հանգիստ է թվում, բայց էստեղ` մեզ մոտ, մարդիկ ավելի զբաղված են լինում:
Մեր հարևանները, ինչպես և մենք, ապրում են սեփական տներում և ունեն իրենց սեփական այգիները, որտեղ անուշահամ մրգեր են աճում, որտեղ մի գողտրիկ անկյունում ցանցաճոճն է կախված, որտեղ ծառերի շվաքում կարող ես նստել ու գիրք կարդալ: Մեր հարևանները պահում են հավեր, կերակրում են խոզերին ու կովերին էլ արոտավայր են տանում: Ու մեր հարևաններն առավոտյան, կեսօրին, երեկոյան և առհասարակ ցանկացած պահի, երբ ուզում են քայլել, գնում են մեր եկեղեցի, որովհետև ուրիշ ոչ մի հետաքրքիր ու, միևնույն ժամանակ, հանգիստ տեղ չկա քաղաքում:

Լուսանկարը՝ Լիդա Արմենակյանի
Մեր եկեղեցին հին պատմություն ունի: Կառուցվել է 1301 թվականին: Կառուցել է Ազիզբեկ Իշխանն իր կնոջ՝ Վախախի երազի հիման վրա։ Եկեղեցին կոչվում է դամբարան եկեղեցի, որովհետև այդտեղ ամփոփված է Ազիզբեկ Իշխանի որդու դին: Ներկայացնում եմ նկարը, բայց եկեղեցու տեսքով հիանալու համար առաջարկում եմ Եղվարդ այցելել:
Կյանքիս առաջին ու մասամբ կարևոր քայլերն արել եմ այստեղ և բացի այդ էլ, կյանքիս գլխավոր մարդիկ են այստեղ:
Եղվարդը կարելի է չսիրել, բայց այ, մարդկանց` դժվար: Ես կարծես չեմ սիրում քաղաքը, որը մի քանի կիլոմետր է հեռու մայրաքաղաքից, որի տեսարժան վայրերը մեկ կանգուն ու մի քանի ավերված եկեղեցիներն են, որտեղ չկան ժամանցի վայրեր ու որտեղ ընտրության հնարավորությունը այնքան սահմանափակ է, որքան ասենք, երկու գույնից ընտրություն կատարելն է լինում: Բայց սիրում եմ այստեղի իմ մարդկանց, ովքեր գուցե և պատահաբար, բայց ապրում են այստեղ` իմ, քո ու այն երրորդի Եղվարդում: Եղվարդը մերն է, մենք` Եղվարդինը:

Լուսանկարը՝ Լիդա Արմենակյանի
Մանկությանս վառ հիշողություններն էլ են ինձ կապում Եղվարդի հետ: Մանկապարտեզ հաճախել եմ այստեղ, կրթություն ստացել` ևս, ինչպես նաև երաժշտական դպրոցում յոթ տարի գործիքի ստեղներին դիպչել ու հոգով լարերի հետ խաղալ եմ սովորել:
Անգույն Եղվարդը իմ գունավոր կյանքի ու առօրյայի մի մասն է, որը մի օր անպայման իմ կյանքից գունավոր է դառնալու:












Բարև՛, խոսելու ժամանակ չկա, արագ հետևիր ինձ, տարածքը գնդակոծվում է… Տների կողքով մի քայլիր, հարվածը տների վրա է ուղղված: Ահա, գրեթե հասանք… Տեսնո՞ւմ ես երկհարկանի տունը… Չէ՛, իհարկե տուն չենք մտնում, այլ իջնում ենք տան նկուղը: Դե արագ, արագ, իջիր… Նկուղում ենք… Տեսնո՞ւմ ես այն հաղթանդամ տղամարդուն՝ Սարգիս պապն է, նրա կողքին՝ Նազան տատը, որդին՝ Վրեժը, Վրեժի կինը՝ Արևիկը, նրանց զավակները՝ Վարդանն ու Ռուզաննան… Սպասում են… Օր ու գիշեր սպասում են, թե երբ է Ճամբարակից ուղարկված ավտոբուսին վերջապես հաջողվելու հաղթահարել գնդակոծվող գոտին ու նրանց անվտանգ վայր տեղափոխելու: Հանկարծ մեր գլխավերևում պայթյուն է լսվում: Բացվում է նկուղի դուռը, և մի երիտասարդ բղավում է.