Sargis մելքօնյան

Հարսնացուն հյուսիսից

Հարցազրույց մեր հարևանուհու՝ ուկրաինուհի Օլգա Ֆյոդորի Չմերի հետ…

-Օլգա տատիկ, դուք սլավոնական արմատներ ունեք: Որտե՞ղ եք  ծնվել:

-Ծնվել եմ Ղրիմում, որի համար հիմա կռիվ է ընթանում, հետո ծնողներս տեղափոխվել են Դոնբաս` Դոնեցկ քաղաք, ու այնտեղ էլ ապրել եմ: Մենք երեք քույր էինք, մի եղբայր: Իրար հետ շատ խաղեր ենք խաղացել, պարան, բռնոցի, ռեզին… Մանկությունից շատ բան չեմ հիշում:

-Իսկ դպրոցական տարիներից ի՞նչ կպատմեք:

-Մի բան, որ իմ մեջ շատ էր տպավորվել. ավարտական քննությունների ժամանակ աղջիկներով ու տղաներով շրջում էինք Մակեևկայի փողոցներով: Ամենայն մանրամասնությամբ նայում էինք ամեն մի անկյուն, որ բակում որ գեղեցիկ, բացված, անուշահոտ  ծաղիկներ կային, մտապահում էինք տեղը և երեկոյան՝ իննից հետո մկրատներն առած իջնում էինք քաղաք. տղաները կտրում էին ծաղիկները, աղջիկները՝ հավաքում: Էդպես հաջորդ օրը ծաղիկները տանում էինք դպրոց ու ուսուցիչներին էինք նվիրում քննություն տալուց առաջ: Արշավներ էինք կազմակերպում, սիրով գնում էինք տեսարժան վայրեր…

-Ինչպե՞ս եղավ, որ եկաք Հայաստան հարս:

-Հարս ոնց են գնում, սեր է լինում, որ հարս ես գնում: Մակեևկայում, երբ սովորում էի իններորդ դասարանում, ծանոթացա մի զինվորի հետ: Նրա ծառայությունն ավարտվում էր այդ ժամանակ: Նա եկավ Հայաստան, ես մնացի այնտեղ, երկու տարի էլ սովորեցի, եկավ` ամուսնացանք ու եկանք Ագարակ: Ես գիտեի` պիտի հարս գնամ Երևան, որ իմանայի գյուղ պիտի գամ, չէի գա, բայց չեմ փոշմանել:

-Ինչպե՞ս ընդունեցին ագարակցիները:

-Ագարակում ինձ շատ լավ ընդունեցին՝ հետաքրքրությամբ: Բոլորը խոսում էին` վա՜յ, Հայկազը ռուս է բերել, վա՜յ, Օլգան է՝ Հայկազի կինը: Մեկ-մեկ հարևանները գալիս էին, որ ինձ տեսնեին… Ջրի աղբյուրն այն ժամանակ գյուղի կենտրոնում էր. ամաններն առած գնում էինք ջրի:  Բոլոր կանանց ուշադրությունն իմ վրա էր…

-Դուք չգիտեիք ոչ մի բառ հայերեն ու եկաք Հայաստան: Հիմա հրաշալի հայերեն կարդում և գրում եք: Ինչպե՞ս սովորեցիք հայերեն: Դժվար չէ՞ր…

-Հայերեն սովորելը դժվար չէր: Բոլորն այստեղ հայերեն էին խոսում: Ես բերում էի «Սովետական Հայաստան» թերթը: Նստում էի, նայում էի «ս» ուրեմն` «с», «ո» ուրեմն` «о», ու այդպես սովորում էի: Մի փոքրիկ աղջիկ կար մեր թաղում, գալիս ասում էր. «Տոտա, հաց ու պանիր դուռում արա, տուր`ուտեմ»: Ես էլ հարցնում էի ամուսնուս.  «Айказ, что значит հաց ու պանիր դուռում արա, տուր` ուտեմ»: Ինքն էլ ասում էր. «Xлеб с сыром xoчет»: Այդպես ինձ ու ինձ սովորեցի հայերեն:

-Օլգա տատիկ, իսկ Մակեևկայի ձեր թաղում ի՞նչ էին պատմում պատերազմից:

-Իմ հայրը ևս պատերազմի մասնակից է եղել: Պատերազմի ժամանակ կորցրել է ոտքը, արժանացել է «Կարմիր աստղ» շքանշանի: 1945թ. մարտի ութին ծնվել եմ ես, իսկ մայիսի 9-ին պատերազմն ավարտվել է: Ես հիշում եմ, որ այնտեղ բոլոր տները նկուղային էին: Ասում էին, որ պատերազմն այնտեղ ևս հասել է, ու ֆաշիստները բոլոր տները կրակի են տվել: Պատերազմից հետո բոլորը խոսում էին պատերազմի տարիների սովի մասին՝ որ ծառի տերևներ էին ուտում, որ խոտն առանց մաքրել ուտում էին… Շատ դաժան բան է պատերազմը…

Ուզում եմ, որ խաղաղություն լինի, որ առողջություն լինի: Դա որ լինի` ամեն բան կլինի:

diana hovsepyan

Ամենախելացի, բարի և համբերատար բժիշկները

1950-ականներից Աշտարակի տարածաշրջանի գ. Ագարակի բնակիչների բուժսպասարկումն իրականացրել են երկու բուժաշխատողներ՝ մանկաբարձուհի Համեստ Նաշիկյանը և բուժքույր Հռիփսիմե Հարությունյանը։ Նրանց աշխատանքային գործունեությունը կազմեց շուրջ 40 տարի։

1993թ. հիմնադրվում է Ագարակի բուժամբուլատորիան, որը սպասարկում է երեք գյուղի՝ Ագարակի, Աղձքի, Տեղերի բնակիչներին։

1999թ.-ին ԱԱԲՊԾ շրջանակներում Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ, համայնքի ղեկավարի և համայնքի բնակիչ Տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյանի աջակցությամբ կառուցվում է ամբուլատորիայի նոր շենքը։

Նոր ամբուլատորիայի շենքը գեղեցկացնում են ոչ միայն արտաքին ճարտարապետությունն ու դիզայնը, այլ բարի ու համբերատար աշխատակազմը, բժիշկ և տնօրեն Արմինե Թադևոսյանի ղեկավարությամբ։ Ամբուլատորիայի ներկա գործունեության մասին առավել ստույգ իմանալու համար հարցազրույց վերցրեցի հենց բժիշկ և տնօրեն Արմինե Թադևոսյանից.

–Բարև ձեզ։ Նախ շնորհակալություն հարցազրույցիս առաջարկը չմերժելու համար։ Կցանկանայի իմանալ, որքա՞ն ժամանակ է, որ աշխատում եք որպես բժշկուհի։

–Ագարակի բժշկական ամբուլատորիայում աշխատում եմ 1993թ.-ի օգոստոսից, սկզբում որպես թերապևտ, իսկ 2002թ.-ից որպես ընտանեկան բժիշկ։ Սպասարկում եմ 3 գյուղ (Ագարակ, Աղձք, Տեղեր), շուրջ 3300 բնակիչ։

–Իսկ քանի՞ հոգուց է կազմված ձեր ներկա աշխատակազմը։ Հե՞շտ է արդյոք նրանց հետ աշխատելը։

–Ներկա մեր աշխատակազմը կազմված է 12 հոգուց, աշխատում ենք որպես մեկ ընտանիք՝ համերաշխ կոլեկտիվ և համագործակցված աշխատանք, այդ պատճառով էլ դժվարություններ չեն առաջանում։

–Ես գիտեմ, որ դուք նաև փոքր երեխաների հետ եք աշխատում, հե՞շտ է նրանց հետ, չէ որ շատ հաճախ կամակոր ու վախկոտ են լինում։

–Երեխաների հետ աշխատելը այդքան էլ հեշտ չէ, քանի որ երեխան իր գանգատը ներկայացնել չի կարող։ Պետք է սկզբում ճիշտ վերաբերվել և սիրել երեխային, այնուհետև զննել և բուժել։ Ես սիրում եմ երեխաների հետ աշխատել։

–Ըստ բնակիչների դիմելիության քանակի, ի՞նչ եք կարծում ապագայում հիվանդությունների աճ կգրանցվի՞, թե՞ ոչ։

–Հիվանդությունների աճ արդեն գրանցվում է (շաքարային դիաբետ, զարկերակային հիպերտենզիա, ուռուցքներ, սրտամկանի ինֆարկտ), սակայն շատ կարևոր է, որ բնակչությունը դիմի կանխարգելիչ նպատակով, ժամանակին հայտնաբերվի հիվանդությունը, որպեսզի խուսափեն հետագա բարդություններից։

–Շնորհակալություն: Իսկ դժվար չէ՞ միևնույն ժամանակ ւևերեք գյուղերի բժշկուհի աշխատելը, և ամբողջ ամբուլատորիանղեկավարելը, և միևնույն ժամանակ հոգատար ու նվիրված մայր լինելը։ 

–Մայր դառնալը՝ դա Աստծո պարգև է։ Իհարկե, դժվար է հոգատար և օրինակելի մայրիկ լինելը, և միևնույն ժամանակ, չթերանալ աշխատանքում, բայց ես ջանում եմ այդպիսին լինել, և կարծում եմ, որ ստացվում է։

–Ասացեք խնդրեմ, ձեր այսքան տարվա բարեսիրտ աշխատանքի շնորհիվ, ինչ՞ պարգևների եք արժանացել։

–Ես ստացել եմ մի շարք պատվոգրեր Արագածոտնի մարզպետի կողմից, ինչպես նաև շնորհակալագիր Առողջապահության նախարարի կողմից, սակայն ամենամեծ պարգևը՝ բնակչության կողմից վաստակած սերն ու հարգանքն է։

–Եվ վերջում, ի՞նչ խորհուրդ կտաք մեզ՝ պատանիներիս, առողջ ու գրագետ ապրելու համար։

–Նախևառաջ, ցանկանում եմ, որ ազնիվ լինեք, մաքուր ձեր խղճի հանդեպ, լավ սովորեք, և ինչ մասնագիտություն էլ որ ընտրելու լինեք, սիրեք ձեր մասնագիտությունը և եղեք որակյալ մասնագետ։

–Շնորհակալ եմ, որ ձեր զբաղված գրաֆիկում ժամանակ հատկացրեցիք ինձ, ինչպես նաև անկեղծ ու հետաքրքիր զրույցի համար։

–Ես եմ շնորհակալ, որ այսպիսի հետաքրքիր հարցազրույց անցկացրեցի խելացի, գրագետ գեղեցկուհու հետ։

Silvi

Ամառ էր…

Ես 7-ամյա աղջնակ էի, երբ ընտանիքով տեղափոխվեցինք գյուղ ապրելու: Վաճառեցինք մեր Երևանի տունը, որոշ խնդիրների  պատճառով, ու չգիտեմ ինչու, տեղափոխվեցինք հենց Սասունիկ: Շատ տխուր էի, չէի հաշտվում այն մտքի հետ, որ էլ չեմ տեսնելու ընկերներիս, դասարանցիներիս, ուսուցչիս, դպրոցս, որ էլ չէի վազվզելու մեր բակում ու մեծ ծիրանի ծառը մագլցելու:

Մինչև տեղափոխվելը ՝ գյուղում չէի եղել, պատկերացումներս գյուղի վերաբերյալ սարսափելի էր` «խփող և կծող» կովեր, լիքը գազազած շներ, մեծ խոզեր, և գյուղի ժողովուրդը պետք է այնպիսի լեզվով  խոսեր, որ ես չհասկանայի: Չնայած նրան, որ էստեղ շատ ընկերներ ունեմ, չեմ համակերպվում, սիրում եմ քաղաքի կյանքը:

Ոչ ոքի  չէի  ճանաչում: Մի օր դուրս եկա պատշգամբ, և մեր պատշգամբին անմիջապես կից մի պատշկամբ կար, որտեղ խաղում էր իմ տարիքի մի աղջիկ: Նա ինձ բարևեց և սկսեց հարցեր տալ: Ես ժպտալով պատասխանում էի, որովհետև միակ մարդն էր, ում հետ այդ գյուղում խոսեցի առաջին անգամ: Զարմացած էի… Մենք  ծանոթացանք, մտերմացանք, և նա ինձ առաջարկեց  իջնել բակ` խաղալու և ծանոթանալու մեր բակի երեխաների  հետ: Գնացի…

Գյուղում բակից դուրս ոչ մի տեղ չէի գնացել, սակայն մայրս մի անգամ ասաց.

-Գնա Լիլիթին խնդրի` միասին գնացեք  խանութ:

-Լավ:

Լիլիթը երկու աղջկա հետ նստած միրգ էր ուտում:

-Լիլ, կգա՞ս գնանք  խանութ, տեղը չգիտեմ:

-Ես կգամ,-ասաց այդ աղջիկներից  մեկը:

Լիլիթը մեզ ծանոթացրեց, նրա անունը Լիանա Էր: Պուճուր-մուճուր աղջիկ էր, աշխույժ, ժպտերես:

Գնացինք միասին խանութ, ծանոթացանք հարցերի միջոցով: Իսկ արդեն հետ վերադառնալիս կանգնեցինք մուտքի առաջ, խոսեցինք  մի քիչ, պատմեցինք իրար մասին և նկատեցինք , որ նույն զգեստից ենք հագել, ուղղակի տարբեր գույների: Երբ իմացա, որ նա էլ է պարի գնացել, որոշեցինք պարել: Սկզբում նա էր շարժումներ անում՝ ես կրկնում, հետո հակառակը (շատ է տպավորվել այդ պարը, մինչև հիմա էլ հիշում ու պարում ենք:

Դա եղավ  «մեր առաջին և վերջին տեսությունը»:

Եկավ սեպտեմբերի մեկը: Ես գնացի դպրոց, շատ էի ամաչում: Գնացի մայրիկիս հետ դասարան և հանկարծ տեսա, որ Լիանան մի տղայի էր ծեծում: Նստեցի ուսուցչի դիմաց, և ուսուցչուհին սկսեց ինձ ծանոթացնել մնացածի հետ և հարցեր տալ:

Ես ու Լիանան ավելի մտերմացանք: Որոշ ժամանակ անց մենք դարձանք մտերիմ ընկերուհիներ, ովքեր միշտ միասին էին խաղում, դաս անում և մեր դասարանի տղաներին ծեծում: Ժամանկի ընթացքում նա դարձավ իմ կյանքի կարևոր մարդկանցից մեկը, իմ ընտանիքի անդամը, իմ քույրը: Արդեն ինը տարի է, ինչ մենք միասին ենք, և դեռ հարյուր ինը տարի էլ միասին կլինենք:

Violeta Mkrtchyan

Ինձ լսում են շատերը

Ես շատ աշխույժ, խինդով լի, և համառ մարդ եմ: Միշտ, թեկուզ մեծ ջանքերի գնով և իմ համառությամբ, փորձել եմ հասնել իմ նպատակին և իրագործել եմ ցանկություններս:

Մանուկ հասակից փորձել եմ, այսպես ասած, «քիթս խոթել» բոլոր-բոլոր մրցույթների, խմբակների մեջ և ցանկացել եմ մասնակցել դրանց:

Եղել են նաև այնպիսի դեպքեր, երբ պարտվել եմ որևէ մրցույթում, կամ չի հաջողվել ինձ անցնել բարդ փորձությունների միջով: Բայց մինչև հիմա երբեք հուսահատության ոչ մի նշույլ չկա իմ մեջ: Թվարկեմ այն վայրերը, որտեղ ես հաճախել եմ. Գեղարվեստի դպրոց, այդտեղ ես սովորել եմ նկարել, քանդակել:  «Պատանի երկրապահ» ակումբ. սովորել եմ զինվորական տարբեր հմտություններ: Սովորել եմ տարբեր ձեռագործ աշխատանքներ անել և այլն:

Չեմ կարողանում մտաբերել, թե որ մեկը բաց թողեցի, բայց շատ են դրանք: Ամեն մեկը իր հերթին դրական ազդեցությունն է ունեցել: Այժմ այցելում եմ «Մանանա» կետրոն, որտեղ հիմնական նպատակն է` երիտասարդների արտահայտման ազատության խթանումը քաղաքացիական լրագրության միջոցով: Շատ լավ կողմեր ունեն այս դասընթացները, իսկ վատ կողմե՞ր, հաստատ չունեն: Ես հասցրեցի դասընթացների ընթացքում մեր սիրելի ուսուցիչներից քաղել այն ամենը, ինչը հետաքրքրում է ինձ, գրեթե ամեն բան հետաքրքիր էր, նաև` զվարճալի:

Ձեր օգնությամբ հիմա կարողանում եմ մտքերս ճիշտ շարադրել և հոդվածներ գրել տարբեր թեմաներով: Ոչ միայն դա, այլև գտա շատ լավ մարդկանց, ծանոթացա իմ հասակակիցների հետ, որոնց հետ շարունակում եմ ընկերություն անել:

Հաճելի է, երբ հասկանում ես, որ կարող ես քեզ հուզող խնդիրների մասին գրել` համոզված լինելով, որ քեզ կկարդան, քեզ հետ կկիսվեն Հայաստանի բոլոր մարզերի պատանիները:

գեւորգ հովհաննիսյան

Մի ասեք, թե ինչ անեմ

Չեմ սիրում, երբ ինձ ասում են` թե ինչ անեմ, ինչ չանեմ: Կարծում եմ, որ արդեն բավականին մեծ եմ և կարող եմ սեփական որոշումներ կայացնել:

Ես շատ եմ սիրում տեսախաղեր խաղալ, բայց երբ սկսում եմ խաղալ, ծնողներս չեն թողնում: Ասում են, որ դրա պատճառով տեսողությունս փչացնում եմ, լավ չեմ սովորում, չեմ դառնա լավ մասնագետ և այլն: Երբ սկսում եմ խաղալ ծնողներս հիշում են, որ համակարգչի հետ աշխատանք ունեն: Բայց ես նման դեպքերի համար գտել եմ միջոց. ես տեսախաղեր խաղում եմ բջջայինով: Այն միշտ ինձ հետ է: Խաղում եմ ամեն պահի, ամեն տեղում, ամեն ժամանակ, անգամ այն դասերին, որոնք չեմ սիրում:

Ինձ այս տարիքում միայն հետաքրքրում է խաղեր խաղալը, բայց ապագայի համար շատ պլաններ ունեմ կազմած:

Շատերը կարծում են, թե տեսախաղերը երեխաների համար են, բայց ոչ, տեսախաղերը նաև խաղում են մեծերը, որովհետև կան խաղեր, որոնք զարգացնում են մարդու մտածելու ունակությունները, բայց մի կողմից էլ վատ է, քանի որ այն ձգում է քեզ, և կախվածություն է առաջանում: Դու չես կարողանում ազատվել այդ խաղերից:

Sargis մելքօնյան

Առաջին հազար դրամը

Ընդամենը մեկ տարի առաջ էր: Ամառ, շոգ, կիզիչ արև, անտանելի դատարկություն… Բոլորս էլ գիտենք ամառային +40 աստիճանի հասնող եղանակային խաղերի արդյունքները: Ընդամենը մեկ տարի առաջ էր, որ սկսվեց մեր տան նոր մասնաշենքի շինարարությունը: Բոլորս շահագրգռված էինք նոր տուն ունենալու գաղափարով, և ամեն ինչ անում էինք, ամեն կերպ օգնում վարպետներին: Ոգևորությունն այնքան մեծ էր, որ բոլորս մոռացել էինք, որ առջևում նոր ուսումնական տարին է: Երբ գալիս է սեպտեմբերը… Բոլորիս է հայտնի, թե ինչ ծախսեր է բերում այդ սեպտեմբերը:

Երևի օգոստոսի երեքն էր: Երեկոյան, երբ պառկեցի քնելու, սկսեցի մտածել սեպտեմբերի մեկի՝ գիտելիքի օրվա մասին: Ինքս ինձ հետ մոտ քառասուն րոպե խոսում էի:

«Սեպտեմբերի մեկի հագուստ ունեմ՝ անցած տարվանից դեռ մնացել է, բայց կոշիկ, սպորտային հագուստ չունեմ: Հարկավոր է մի բան մտածել, սակայն ի՞նչ… Ծնողներիս չեմ կարող դիմել, քանի որ այդ շինարարությունը, այդ ծախսերը, ամեն ինչ խանգարում է, նաև իմ այս միտքը… Ոչ ոք պարտավոր չէ կատարել իմ քմահաճույքները, և եթե ես կոշիկ եմ ուզում, պետք է ինքս գնեմ իմ գումարով:

Մինչ այս երբեք չէի մտածել խնայելու մասին: Դե իհարկե, փափուկ բամբակի մեջ մեծացած տղան ինչո՞ւ պիտի մտածեր մի բանի մասին, որ երբևիցե պետք չի եկել իրեն, որովհետև ծնողները ամեն ինչով ապահովել են:

Առավոտյան, երբ արթնացա, իջա այգի: Նայեցի հասուն եգիպտացորեններին, ու ահա գաղափարը: Ամեն ինչ մեր կողքին է, սակայն մենք չենք կարողանում տեսնել ապագա փողը:

Գնացի հորս ու մորս հետ զրուցելու: Պատմեցի իմ մեջ հանկարծակի առաջացած գաղափարի մասին: Սկզբում կարծես թե համաձայն չէին, սակայն հետո մտքերը փոխվեցին: Երբ սենյակից դուրս եկա, լսեցի նրանց շշուկները, որ ինձնից հետո մնացին:

-Մեր տղան կարծես թե մեծացել է…

Հաջորդ օրը մեկ կաթսա խաշած եգիպտացորեն տարա մայրուղի, որտեղ գյուղատնտեսական ապրանքների վաճառքով զբաղվում էին մեր համագյուղացիները: (Մեր գյուղը գտնվում է Երևան- Գյումրի մայրուղու հարևանությամբ): Մեկ ժամ էր, ինչ կանգնած էի, սակայն ոչ մի առևտուր: Մարդիկ գալիս էին, գնում, սակայն ոչ մի առևտուր…

Ես հուսահատվել էի: Ես վաճառում էի խաշած եգիպտացորեն, սակայն ոչ ոք չգիտեր դրա մասին բացի ինձնից, ծնողներիցս ու իմ հարևանությամբ առևտուր անողներից: Հարկավոր էր տեղեկացնել մարդկանց, բայց ինչպե՞ս: Ամեն ինչ իմ ձեռքերում էր: Ես պիտի ինքս գովազդեի իմ վաճառած ապրանքը:

Հանկարծ մի սև մեքենա եկավ ու կանգնեց: Ըստ երևույթին, նրան Օֆելյա տատիկի սուջուխից էր պետք, որովհետև նրա սուջուխներն ամենահամեղն են: Նրանք գնեցին իրենց անհրաժեշտը և երբ ուզում էին հեռանալ, ամոթխածությունս հաղթահարելով կամաց ասացի.

-Խաշած, համեղ, էկոլոգիապես մաքուր եգիպտացորեն չե՞ք ցանկանա:

Նա կամաց շրջվեց դեպի ինձ, և ամեն ակնթարթի հետ ես ավելի էի հույսով լցվում:

-Կցանկանամ:

-Իրո՞ք:

-Այո՛, իրո՛ք…

Իմ ուրախությանը չափ ու սահման չկար:

-Իսկ քանի՞ հատ:

-Հինգ:

Ես հինգ եգիպտացորեն հանեցի կաթսայի միջից: Համեմեցի աղով ու տվեցի պարոնին:

- Շնորհակալություն, – ասաց նա և տվեց ինձ հազար դրամ, ճիշտ այնքան, որքան պայմանավորվել էինք:

Այսպես ամեն օր ես սկսեցի գալ մայրուղի և եգիպտացորեն վաճառել, բայց լինում էին օրեր, երբ ամեն բան այսպես հարթ չէր ընթանում: Ես ստիպված դրանք բերում էի տուն, հավաքվում էինք թաղի երեխեքով, նստում- ուտում…

Օգոստոսի վերջին ես գնեցի կոշիկներն իմ գումարով, գնեցի նաև սպորտային համազգեստը: Հաճույքով ու մեծ հպարտությամբ եմ կրում դրանք:

Այժմ ես խնայում եմ: Իմ դրամատուփը ամեն օր մի քիչ լցվում է: Ես չեմ ծախսել իմ առաջին հազար դրամը, առաջին ԻՄ վաստակած գումարը: Այժմ այն խնամքով դրված է դրամատուփիս ամենաներքևում, իբրև հիմքն իմ առաջին ինքնուրույն քայլերի…

Հիմա նորից ամառ է, և իմ հասակակիցներն էլ, փոխանակ ծնողներից գումար պահանջելու, կարող են արձակուրդներին աշխատել: Հավատացնում եմ. Եթե ցանկություն ունենաք, աշխատանք կգտնվի:

arusyak ignatevosyan

Երեխաների աշխարհը

Հարցազրույց տատիկիս՝ Գոհարիկ Մկրտչյանի հետ

-Տատ, ասա ինձ խնդրեմ, քո մանկության առաջին երազանքը ո՞րն էր:

-Առաջին երազանքս` դառնալ մանկավարժ, կրթել և դաստիարակել երեխաներին:

-Դրա՞ համար ընտրեցիր մանկավարժի մասնագիտությունը:

-Այո, ես սիրում եմ այդ մասնագիտությունը, երեխաների հետ շփվելու մեծ ցանկություն ունեի: Սովորել եմ մանկավարժական ուսումնարանում:

-Ե՞րբ սկսեցիր աշխատել երեխաների հետ: 

- Մանկապարտեզում դաստիարակչուհի էի աշխատում: Տասը տարի աշխատել եմ:  Երբ նոր էիր ընդունվել աշխատանքի, ինձ շատ էին օգնում փորձառու մանկավարժները: Շատ բան ես նրանցից եմ սովորել, և ընդհանրապես մարդն ավելի շատ փորձ ձեռք է բերում աշխատանքի ընթացքում:

-Աշխատո՞ւմ ես հիմա:

-Ցավոք, ոչ:

-Իսկ կցանկանայի՞ր վերադառնալ քո հին աշխատավայր և զբաղվել մանկավարժությամբ:

-Իհարկե, յուրաքանչյուր մասնագետ ցանկանում է շարունակել իր մասնագիտությամբ զբաղվել, սիրած աշխատանքով:

-Ի՞նչ կցանկանայիր փոխանցել ապագա մանկավարժներին:

-Ես կցանկանայի բոլոր մանկավարժները առաջին հերթին շատ խորաթափանց լինեին, հասկանային երեխաների հոգեբանությունը և մեծ սիրով տրվել աշխատանքին:

Երբ մի վայրում են հավաքվում ԵՄ դեսպանը, Վիլյամ Շեքսպիրը, «Մանանա» կենտրոնը և ուրիշներ…

Մայիսի 9-ը ամեն տարի նշվում է որպես Եվրամիության օր, որով և սկսվում է Եվրոպային նվիրված միջոցառումների շարքը, որը Հայաստանում այս տարի տևեց մինչև հունիսի 5-ը: Հենց այդ օրն էլ Հայաստանում մեծ շուքով նշվեց Եվրոպայի օրը: Միջոցառումները բացվեցին ԵՄ դեսպանի ելույթով, որից հետո դեսպանը շրջեց տաղավարներով և հայտարարեց ցերեկույթի մեկնարկը:

Լուսանկարը՝ Նոնա Պետրոսյանի

Լուսանկարը՝ Նոնա Պետրոսյանի

Ողջ Հյուսիսային պողոտան վերածվել էր փոքրիկ Եվրոպայի, այստեղ առանձին տաղավարներով ներկայացված էին եվրոպական երկրների մշակութային առանձնահատկությունները, նրանցում հայ երիտասարդների համար առավել հետաքրքիր ծրագրերն ու կրթական կենտրոնները, նրանց գործունեությունն ու առավելությունները: Ներկայացված էին նաև Եվրամիության կողմից հովանավորվող կազմակերպությունները, այդ թվում նաև` 17.am կայքի և Պատանի թղթակիցների ցանցի հիմնադիր «Մանանա» կենտրոնը:

Լուսանկարը՝ Անի Ավետիսյանի

Լուսանկարը՝ Անի Ավետիսյանի

Օրն ավելի հետաքրքիր դարձնելու համար կազմակերպությունները նախաձեռնել էին մրցույթ-վիկտորինաներ, որոնցից յուրաքանչյուրը վերաբերվում էր որևէ կոնկրետ թեմայի: Օրինակ՝ Միացյալ Թագավորության տաղավարում Շեքսպիրը, ով դարձել էր օրվա ուրախությունը,  հարցնում էր հեղինակի ստեղծագործությունների և Մեծ Բրիտանիայի մասին, իսկ մրցանակները բրիտանական հուշանվերներ էին: Dasaran.am-ն անցկացնում էր «Բացահայտիր Եվրոպան» խաղի օֆ-լայն տարբերակը, և այսպես շարունակ: Միաժամանակ, օտարերկրացի կամավորները ներկաներին սովորեցնում էին իրենց ազգային պարերը, ծանոթացնում երկրի մշակույթին: Նրանցից մեկի հետ էլ ես  և 17-ի մի քանի թղթակիցներ սովորեցինք հունգարական գեղեցիկ մի պար:

Մասնակից յուրաքանչյուր կազմակերպություն իր առջև նպատակ ուներ հայ երիտասարդների համար հասանելի դարձնել եվրոպական ծրագրերն ու միաժամանակ, ժողովրդին ներկայացնել տվյալ կազմակերպությունը:

Անի Ավետիսյան, Արագածոտնի մարզ, գ. Ոսկեհատ

Եվրոպայի օր. Հայաստանում Ֆրանսիական համալսարանը

Հարցազրույց Հայաստանում Ֆրանսիական համալսարանի պրոռեկտոր Արայիկ Նավոյանի հետ

Լուսանկարը՝ Լյուբա Շառոյանի

Լուսանկարը՝ Լյուբա Շառոյանի

-Պարոն Նավոյան, կարո՞ղ եք ասել, թե ինչ եք այսօր ներկայացնում հանրությանը:

-Մենք ներկայացնում ենք Հայաստանում Ֆրանսիական համալսարանը, որպես ֆրանսիական և եվրոպական համալսարան:

-Ի՞նչ հնարավորություններ եք ընձեռում երիտասարդներին:

-Մենք Հայաստանում ֆրանսիական պետական դիպլոմներ ենք շնորհում, որոնք իրենցից ներկայացնում են եվրոպական, ֆրանսիական պետական բարձրագույն կրթության ծրագրեր:

-Ինչո՞վ է տարբերվում այս համալսարանը մնացած բարձրագույն ուսումնական հաստատություններից:

-Հենց նրանով, որ մեր մոտ ինչպես ծրագրերը, այնպես էլ դասավանդման և գնահատման մեթոդները եվրոպական են:

-Ի՞նչ բաժիններ է իր մեջ ընդգրկում այս համալսարանը:

-Մենք ունենք բակալավրիատուրա` ֆինանսներ, մարքեթինգ, կառավարում և իրավագիտություն ֆակուլտետներով, իսկ մագիստրատուրան` միջազգային գործարարական իրավունք, ֆինանսներ և միջազգային մարքեթինգ բաժիններով:

-Կպատմե՞ք քննությունների կարգի մասին:

-Որպես միջպետական համալսարան, մեր քննությունները առանձին են իրականացվում կենտրոնական համակարգից: Մենք ունենք 3 քննություն`հայոց լեզու, մաթեմատիկա` կառավարման ֆինանսների և մարկետինգի ֆակուլտետում և իրավագիտություն` իրավաբանական ֆակուլտետում, օտար լեզու (դա կարող է լինել անգլերեն, գերմաներեն կամ ֆրանսերեն) բոլոր ֆակուլտետների համար: Օտար լեզուն ընտրում է դիմորդը:

-Իսկ ֆրանսերենը փաստորեն պարտադիր լեզու չէ՞:

-Ֆրանսերենը պարտադիր չէ, որովհետև մենք կարծում ենք, որ առաջին 2 տարում մենք հասցնում ենք  ուսանողներին այնպիսի  մակարդակի, որ 3-րդ կուրսից դասերի մի մասը ուսանողը լսում է ֆրանսերեն:

-Իսկ ի՞նչ հեռանկարներ ունեք ապագայի հետ կապված:

-Նախ, ես կուզեի նշել շրջանավարտների հեռանկարների մասին: Մենք այս տարի ամբողջացրել ենք 1500 շրջանավարտի շրջանում իրականացված հարցում, և մեր շրջանավարտների 81%-ը աշխատում է Հայաստանում`իրենց մասնագիտությանը համարժեք աշխատատեղերում: Շրջանավարտի տեղեկատուն մեկ ամսից կայքում հասանելի կլինի, և դուք կարող եք անվանական տեսնել, թե ով, որտեղ և ինչ է աշխատում: Եվ ամենակարևորը`միայն մեր շրջանավարտների 12%-ն են, ովքեր սովորում և աշխատում են արտերկրում: Սա նշանակում է, որ մենք չենք նպաստում խելոք ուղեղների  Հայաստանից արտահոսքին: Իսկ համալսարանի հեռանկարները… Մենք հիմա պատրաստվում ենք եվրոպական որակի հավատարմագրման, ինչպես նաև նոր կրթական ծրագրեր կառաջարկենք, որոնց մասին հանրությանը պարբերաբար կիրազեկենք:

Հարցազրույցը վարեցին` 
Սոնա Մխիթարյանը, Արմավիրի մարզ, գ. Ակնալիճ
Լյուբա Շառոյանը, Արմավիրի մարզ, գ. Ակնալիճ
Անի Ավետիսյանը, Արագածոտնի մարզ, գ.Ոսկեհատ

Եվրոպայի օր. SOS մշակույթ

Հարցազրույց «Վայրի բնության  և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի» Հանրային ինֆորմացիայի պատասխանատու Արթուր Հարությունյանի հետ

Լուսանկարը՝ Անի Ավետիսյանի

Լուսանկարը՝ Անի Ավետիսյանի

-Խնդրում ենք համառոտ ներկայացնել Ձեր կազմակերպության գործունեությունը:

-Մենք ներկայացնում ենք «Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման» հիմնադրամը: Մենք աշխատում ենք կենսաբազմազանության պահպանման, մշակութային արժեքների պահպանման և վայրի բնության պահպանման խաչմերուկում: Կոնկրետ այսօր մենք ներկայացնում ենք «SOS մշակույթ» ծրագիրը, որը նույնպես ֆինանսավորվում է Եվրամիության կողմից: Այն Արարատի մարզի Ուրցաձոր համայնքային փնջի 4 գյուղերին, մոտավորապես 100 գյուղաբնակների, հնարավորություն է տալիս մասնակցել անվճար դասընթացների` հիմնականում օրգանական գյուղատնտեսության, մեղվապահության, էկո և ագրո տուրիզմի թեմաներով, այնուհետև ներկայացված 15 բիզնես-ծրագրերը կֆինանսավորվեն մեր կազմակերպության կողմից, և դրան զուգահեռ կստեղծվի նաև ֆոնդ, որը հնարավորություն կտա հենց գյուղացուց գնել իր արտադրանքը և հանել միջազգային և տեղական շուկա:

-Ի՞նչը  Ձեզ  դրդեց  ստեղծել նման կազմակերպություն:

-Գիտեք, մշակութային արժեքների և վայրի բնության պահպանության հարցը կարծում ենք, որ միշտ էլ ակտուալ է, և չկա կոնկրետ ժամանակ, որ այ, հիմա պետք է սկսել կամ հիմա պետք է դադարեցնել: Մարդ և բնություն փոխհարաբերություններում միշտ էլ ծագում են խնդիրներ, իսկ մենք փորձում ենք այդ խնդիրները հնարավորինս նվազեցնել և սուր անկյունները ուղղակի կլորացնել:

-Իսկ ի՞նչ աշխատանքներ  են  տարվում պատմամշակութային կոթողների պահպանման ոլորտում:

-Հենց այս ծրագիրը, որ մենք ներկայացնում ենք այսօրվա ցուցահանդեսին, կոչվում է «SOS մշակույթ», Լոռվա և Տավուշի մարզերի, ինչպես նաև Հայաստանի և Վրաստանի սահմանամերձ գյուղերի երիտասարդների օգնությամբ մենք տեսակավորել և առանձնացրել ենք մշակութային կոթողները: Դրանց պահպանության համար հսկայական աշխատանքներ են կատարվել հենց երիտասարդների և պատանիների ձեռքերով: Ստեղծվել են փոքրիկ աշխատանքային խմբեր, և նրանք են գնացել, հայտնաբերել մշակութային կոթողները, թվագրել և պահպանել, ու դրանից հետո տպագրվել են բազմաթիվ հրապարակումներ, գրքեր, որոնց նպատակը հենց այդ մշակութային կոթողների պահպանումն է և նաև տեղական տուրիզմի զարգացումը:

Լուսանկարը՝ Անի Ավետիսյանի

Լուսանկարը՝ Անի Ավետիսյանի

-Ի՞նչ արդյունքների եք հասել Ձեր գործունեության ընթացքում:

-Հասել ենք այն արդյունքին, որ այս մշակութային արժեքները, կոթողները, որոնք ժամանակին եղել են աղտոտված, ժամանակին անհասանելի են եղել, աղբով լեցուն են եղել` հիմա մաքրված են և դրանց մասին և ինտերնետ տիրույթում, և մեր տպագիր հրապարակումներում կան ինֆորմացիաներ: Այսինքն, դրանք հասանելի են բոլոր ցանկացողներին:

-Ինչպե՞ս կարող են երիտասարդները մասնակցել Ձեր ծրագրին

-Կոնկրետ այս ծրագիրը արդեն ավարտված է, ցավոք սրտի, բայց հույս ունենք, որ ինչ-որ ժամանակ նորից կսկսենք: Բայց առհասարակ մեր կազմակերպությունը աշխատում է նաև երիտասարդների հետ: Մենք ունենք էկո ակումբներ Հայաստանի մի քանի մարզերում: Այս պահին գործող 3 էկո ակումբ ունենք Արարատի մարզում և 1 էկոակումբ` Վայոց ձորի մարզի Արփի համայնքում: Այս պահին երևանաբնակների համար ցավոք չունենք դեռ ոչինչ:

-Իսկ Եվրոպայի օրվա միջոցառմանը մասնակցելը ի՞նչ նպատակ է հետապնդում:

-Հիմնական նպատակը մեր աշխատանքը հանրությանը ներկայացնելն է և ասել, որ մենք կանք, և որ նրանցից յուրաքանչյուրը կարող է փոփոխություն բերել` ուղղակի միանալով մեզ, պահպանելով վայրի բնությունը և մշակութային արժեքները:

Հարցազրույցը վարեցին` 
Սոնա Մխիթարյանը, Արմավիրի մարզ, գ. Ակնալիճ
Լյուբա Շառոյանը, Արմավիրի մարզ, գ. Ակնալիճ
Անի Ավետիսյանը, Արագածոտնի մարզ, գ.Ոսկեհատ