Anna Andreasyan

Ես էլ վարակվեցի

Բողոք, բողոք, բողոք… Որտեղ նայում ես, ում տեսնում ես, բոլորը բողոքում են: Լուրեր ես նայում` նորությունների 10 %-ն անգամ լավ լուր չի պարունակում: Խոսում ես մարդկանց հետ կամ նույնիսկ չես էլ խոսում, ուղղակի լսում ես՝ բողոքում են: Չկա մեկը, որ գոհ լինի, և դա համատարած է: Ցավն այն է, որ այդ բողոքների կարիքը իսկապես կա: Բայց չէ՞ որ այդքան հոռետեսական մթնոլորտի մեջ դժվար է պահել լավատեսությունը:

Վառելիք չկա, ցուրտ է, երկիրը երկիր չի, և այսպես շարունակ: Ու մեկ էլ նկատում ես` դու էլ ես վարակվել ու բողոքում ես ամեն ինչից: Սկսում ես դժգոհել առօրյա սովորական բաներից՝ դասերից, օլիմպիադաներից, դասալսողներից…

Էս ցուրտն էլ մի կողմից չի թողնում հանգիստ ապրենք: Մենք՝ Արարատյան դաշտում ապրողներս, որ արևի պակաս չենք ունեցել, կարոտել ենք մեր հին բարեկամին:

Միայն մի բան եմ ցանկանում՝ վառարանի մոտ լավ տեղ զբաղեցնել ու հանգստանալ (չգիտես՝ ինչից): Միակ բանը, որի համար կարելի է ոգևորվել՝ շաբաթը մեկ հեռարձակվող սիրելի սերիալի նոր սերիան է: Էն հնդկական սերիալներն էլ` մյուս կողմից: Վախենում ես հեռուստացույց միացնես: Ու անընդհատ պայքար՝ պարտականությունների ու քո սիրելի զբաղմունքների միջև: Ուզում ես գիրք կարդալ՝ ստիպված ես դաս անել: Ուզում ես հոդված գրել՝ ստիպված ես տնայինները գրել:

Նկատեցի՞ք, որ իմ ամբողջ հողվածը մի հսկայական բողոք էր՝ շրջապատում տեղի ունեցող գրեթե ամեն ինչի դեմ, որը որոշ դեպքերում, գուցեև անհիմն էր:

Չեմպիոնը

Հարցազրույց Դուքենդո ֆուլ կոնտակտ կարատեի 65-70 կգ քաշային կարգում Եվրոպայի եռակի չեմպիոն Խոսրով Թուջարյանի հետ

-Որքա՞ն ժամանակ է, ինչ զբաղվում եք սպորտով, ու ինչպե՞ս եղավ, որ ընտրեցիք կարատեն։

-2004 թվականից այդ բնագավառում եմ։ Սերը դեպի սպորտը իմ մեջ սերմանել է հայրս, իսկ Դուքենդո կարատեի մարզաձևը ես եմ ընտրել։ Հորս մահվանից հետո սկսեցի ավելի լրջորեն զբաղվել սպորտով ու իրականացնել ինձ հետ կապված նրա բոլոր երազանքներն ու նպատակները։

-Ի՞նչ հաջողությունների եք հասել կարատեի բնագավառում:

-Վեց անգամ դարձել եմ Հայաստանի, 3 անգամ՝ Եվրոպայի չեմպիոն։ Հաղթել եմ նաև «Սևծովյան» գավաթի առաջնությունում։ Կարատեում ունեմ վարպետության աստիճան։ 2008 թվականին եղել եմ Ուկրաինայում՝ Օդեսայում, որտեղ էլ Եվրոպայի եռակի չեմպիոն եմ դարձել։

-Գիտեմ, որ հիմա մարզիչ եք և աշխատում եք տարբեր տարիքի երեխաների հետ։ Ի՞նչ դժվարություններ են առաջանում աշխատանքի ընթացքում։

-Մարզչական գործունեությամբ զբաղվում եմ արդեն չորս տարի։ Խմբումս ամենափոքր երեխաները 4 տարեկան են։ Դժվարություններ շատ են լինում, երեխաներն էլ հաճախ են չարաճճիություններ անում, բայց նրանց սաստելու մի լավ տարբերակ ենք գտել. քանի որ շատ սիրով են հաճախում պարապմունքներին, չարաճճիությունների դեպքում ասում ենք, որ հաջորդ անգամ թույլ չենք տա գալ, ու ամեն ինչ կարգավորվում է։ Մենք՝ մարզիչներս, երեխաների ձգտումը տեսնելով ենք դժվարությունները հաղթահարում։

-Հետաքրքիր է՝ կա՞ն արդյոք աղջիկներ, և ինչպե՞ս եք ընդունում նրանց ներկայությունը նման կոպիտ սպորտաձևում։

-Նախ ասեմ, որ շատ լավ եմ ընդունում նրանց ներկայությունը։ Լավ կլիներ, որ կոտրվեին բոլոր այն կարծրատիպերը, որոնք կապված են աղջիկների՝ տարբեր սպորտաձևերում մասնակցություն ունենալու հետ։ Իմ խմբում 3 աղջիկ եմ ունեցել, բայց երեքն էլ սիրողական են մարզվել։

-Հիասթափության պահեր եղե՞լ են։ Ինչպե՞ս եք հաղթահարում այդ պահերը, ունե՞ք արդյոք մոտիվացիայի աղբյուր։

-Սպորտն առանց դժվարությունների պատկերացնել հնարավոր չէ։ Ուղղակի, երբ ունես նպատակներ, ոչ մի դժվարություն չի կարող ստիպել հետ կագնել դրանցից։ Պարտությունները, անկեղծ ասած, շատ ծանր եմ տանում, բայց մոտիվացիան էլ դառնում է հաջորդ մրցումներին ավելի լավ ներկայանալն ու հաղթելը։

-Ի՞նչ խորհուրդ կտաք այն ծնողներին, ովքեր իրենց երեխաներին արգելում են տարբեր սպորտաձևերով զբաղվել՝ ասելով, որ դա ապագա չէ։

-Կարևոր չէ՝ դա ապագայի համար է, թե ոչ։ Յուրաքանչյուր երեխայի ներկայությունը սպորտում ճիշտ եմ համարում, անգամ, եթե ժամանակավոր։ Նախ՝ առողջության համար է կարևոր,  և հետո երեխաները փոքր տարիքից առաջինը լինելու ձգտում են ունենում, կամային հատկանիշներ են ձեռք բերում, ու կյանքում այդ ամենը միշտ օգնում է երեխաներին։

-Սպորտի հետ կապված ի՞նչ նպատակներ ու երազանքներ ունեք։

-Հիմա առաջնային նպատակս աշխարհի չեմպիոն դառնալն է։ Ամեն օր այդ մտքով եմ սկսում մարզումս։

anush hovhannisyan

Գրքասերը

Կյանքը պետք է լցված լինի գրքերով, որոնք լի են կյանքով:

Մարկոս Ավրելիոս

Այսօր փետրվար 19-ն է, ոմանց համար ուղղակի կիրակի, իսկ ոմանց համար, այդ թվում նաև ինձ համար, մեծ տոն՝ գիրք նվիրելու օր և ամենայն հայոց բանաստեղծի՝ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը:

Սիրում եմ նվիրել ու ստանալ, բայց պաշտում եմ, երբ ինձ են նվիրում իմ նախընտրած գիրքը: Ընթերցելուց հետո այդ գիրքը կմնա ու անընդհատ կհիշեցնի այն մարդու մասին, ով նվիրեց ինձ այդ մեծ աշխարհի մի մասնիկը:

Փոքր տարիքում ինձ համար գրքերը անգամ ձանձրալի էին թվում, սակայն ամեն ինչ փոխվեց մի քանի տարի առաջ, հենց այս նույն օրը, երբ դասընկերուհիս ինձ նվիրեց Ռաֆայել Սահակյանի «Արևի արցունքները» գիրքը: Հիմա կանկեղծանամ. վերցրեցի գիրքը և ուրախ եկա տուն: Օ՜, այո, ես գիրք նվիրելու օրը նվեր ստացա, այո, ես հաջողակ եմ, ես իմ սեփական գիրքն ունեմ:

Բերեցի, թերթեցի մի քանի էջ, մի երկու տող կարդացի ու դրեցի գրապահարանում: Հետո անգամ մոռացա գրքի մասին: Մի օր, չգիտեմ ինչու, որոշեցի կարդալ: Կարդացի ու հասկացա, որ այսքան ժամանակ ուղղակի անտեսել եմ այն հրաշքը, որը ինձ էր պատկանում:

Գիրքը մի տղայի մասին էր՝ Արեգի: Ընթերցելուց հետո հասկացա, որ սիրահարվել եմ հենց գրքի հերոսին: Սակայն տղան վերջում ավտովթարից մահանում է, ու ինձ համար դա անսահման դժվար էր կարդալ: Ամբողջությամբ այդ գրքի մեջ էի ապրում Արեգի հետ, ընթերցում Արեգի հետ, տխրում ու ուրախանում, սիրահարվում ու հիասթափվում, իսկ վերջում այնքան դաժան էր ամեն ինչ… Ու այդ գիրքը դարձավ իմ գրասեղանի մշտական զարդը:

Իսկ հիմա, արդեն երեք տարի անց, հպարտանում եմ իմ փոքրիկ գրադարանով: Փոքրիկ, բայց մեծ պատմությամբ ու ասելիքով: Չեմ դադարում համալրել ու մեծացնել այդ աշխարհը, ու այս օրը այն մեկ գրքով ավելացնելու հրաշալի առիթ է: Երբեք պետք չէ մեր մեջ քնեցնել ընթերցասերին և պետք չէ սպասել, որ ինչ-որ մեկը մեզ նվիրի գիրք: Թեև իմ գրադարանը ստեղծվեց հենց նվիրած գրքով, և պատճառ դարձավ, որ դառնամ ընթերցասեր: Ինքներս մեզ նվիրենք այդ անսահման տիեզերքի մի փոքրիկ պատառիկը ու հարստացնենք մեր հոգին: Պարզապես չվախենանք գրքամոլ լինելուց, ուղղակի ապրենք գրքերով…

Շնորհավոր մեր տոնը, Գրքասերներ:

Գյուղը նորից տաքացավ

Փոքրիկ ու տաքուկ գյուղ է իմ Շենիկը: Չորս կողմը փոքր ու քարքարոտ լեռներ են, դատարկ փողոցները իրար են միացված խճճված ճանապարհներով, բարձր բարդիները շարված են փողոցների ծայրերին՝ իբրև արթուն հսկիչներ:

Տարվա բոլոր եղանակները գյուղում գեղեցիկ ու տարբեր կերպ են արտահայտվում:

Այս տարի ձմեռը սկսվեց սաստիկ ցրտով: Վերջին տարիներին գրեթե ձյուն չտեսած ճանապարհները կորան բքի մեջ: Ամեն կողմից լսվում էր, որ ցուրտ ձմեռ է լինելու, վառելիքի հարց պետք է լուծել:

Փետրվարը նույնպես սկսվեց ձյունոտ: Ճանապարհների սառույցը կոտրեց վերևի փողոցից եկած լուրը՝ գյուղում 3 երեխա է ծնվել նույն օրում:

Մեր գյուղի պես փոքր գյուղերում նման լուրերն արագ են տարածվում: Աջից ու ձախից լսվում էին օրհնանքներ. «Առողջ լինեն, երջանիկ»: Գյուղը նոր կյանք առավ: Հացատների ժանգոտած կողպեքները բացվեցին, թոնիրները՝ վառվեցին: Ուրախություն է, նշել է պետք:

Խորովածի հոտը մեր բակ էլ հասավ: Կա-չկա՝ վերևի փողոցից է: Հացատներից դուրս եկած ծուխը նստեց գյուղի վրա ու տաքացրեց այն: Թոնրի կրակը մարեց ու իջավ: Գիշերը գյուղը քնեց:

Էլի ցուրտ է, ցուրտ փետրվար:

Ձմռան գեղեցկությունն ու դժվարությունը

Այս տարի, ինչպես տեսնում ենք, ձմեռը այնքան էլ չի շտապում հեռանալ: Հատկապես Արարատյան դաշտում այն դրսևորվեց առանձնակի դաժանությամբ: Իհարկե, շատ ցուրտ է, ու մեզ մի լավ տանջում է: Համարյա բոլորն իրենց վառելիքի պաշարները սպառել են, որը նախատեսել էին օգտագործել ամբողջ ձմռան ընթացքում: Բայց, ինչ խոսք, վերջին օրերի տեղումները կրկնապատկեցին ձմռան գեղեցկությունը: 

Ձմռան սկզբին մենք այնքան էլ լավ չվայելեցինք ձյունը և որոշեցինք «տեղը հանել»: Ամբողջ դպրոցով այնքան ձնագնդի խաղացինք, որ ամբողջ ձմռան տեղը լրացրինք: Մնում էր միայն ձնեմարդը: Դա էլ պատրաստեցինք: Բայց միևնույն է, այդքան ուրախանալուց և ձյունը վայելելուց հետո, ես նայում էի այդ ամենին հասուն մարդու աչքերով ու տեսնում, թե ինչքան դժվար է մարդկանց համար վառելիք հայթայթել՝ այս ցրտին դիմակայելու համար:

Ձմռան ավարտին մնաց 15 օր, դիմացեք:

Սուրբ Սարգսի տոնը

Հիշում եմ, որ շատ տարիներ առաջ քույրս պատրաստում էր աղի բլիթներ և մեր փողոցի աղջիկներին էր բաժանում: Ես միշտ խուսափել եմ աղի բլիթ ուտելուց: Հիշում եմ նաև այն, որ փոքր տարիքում չէի հասկանում, թե քույրս ինչ է պատրաստում, մայրս ասում էր՝ թող լավ աղի լինի, որ շատ ծարավեք։ Մի անգամ, երբ քույրս կրկին աղի բլիթներ էր պատրաստում, մեկ րոպեով դուրս եկավ խոհանոցից, ես մի տուփ աղը ամբողջությամբ դատարկեցի խմորի մեջ: Երբ քույրս եկավ, զգաց, թե ինչ եմ արել և բարկացավ։ Մի կերպ «ուշքի բերեց» խմորը ու ինձ արգելեց մոտ գնալ: Միշտ չեմ հավատացել, որ երազ պիտի տեսնեմ կամ ջուր տվող ունենամ կամ որևէ մեկը կունենա, բայց պարզվում է, որ իսկապես կան մարդիկ, ովքեր հենց իրենց ծարավը հագեցնողի հետ են ամուսնացել:

Մայրիկիս հարցրեցի, թե իր երիտասարդ տարիներին ինչպես են նշել տոնը.

-Մեր ժամանակ այնպիսի դժվար կյանքով էինք ապրում, որ Սուրբ Սարգսի տոնի մասին անգամ չենք էլ լսել: Հիմա երիտասարդությունը գեղեցիկ կերպով նշում է, մեր եկեղեցին իր պատարագներով և եկեղեցական ծեսերով ավելի է գեղեցկացնում տոնը:

Նույն հարցը տվեցի իմ ուսուցչուհիներից մեկին.

-Ես, որ պատմեմ, թե ինչ կյանքով եմ ապրել, կզարմանաս, կհարցնես, թե ինչպե՞ս եմ ուսում ստացել: Ես 10-րդ դասարանի աղջիկ էի, պայուսակիս կանթերը 7 անգամ կարելով, գնացել եմ Վերջին զանգ: Կոշիկներս սոսնձում, դնում էի սեղանի ոտքի տակ, որ կպչի, հետո հագնում, գնում էի դասի: Ի՞նչ տոն այդ պայմաններում, ո՞վ կհիշեր տոնի մասին այդ տարիներին:

Ուսուցիչներիցս մեկը պատմեց ինձ, որ, աղի բլիթ ուտելով, երազ է տեսել և ամուսնացել է իր երազում տեսած նույն մարդու հետ:

Տեսնո՞ւմ եք, որ տոնը առաջ կարելի է ասել չի նշվել, կամ նշվել է միայն աղի բլիթով:

Սոնա Մխիթարյան,16 տարեկան, Արմավիրի մարզ, գյուղ Ակնալիճ

***

Լուսանկարը՝ Սերյոժա Բաբոյանի

Լուսանկարը՝ Սերյոժա Բաբոյանի

Սուրբ Սարգիսը

Մայիսյան գյուղի մեր փողոցում մի հետաքրքիր սովորույթ կա Սուրբ Սարգսի տոնի հետ կապված: Այն միայն մեր փողոցում է ընդունված, որովհետև այնտեղ ապրում են հայրենադարձներ, և այդ սվորույթը նրանց է պատկանում:

Ամեն տարի Ս. Սարգսի տոնին բոլոր տներում պատրաստում են հալվա, աղանձ, կոնֆետեր, չիր և այլն: Ամեն ինչ նախապես պատրաստում են և սպասում, թե երբ շարֆերը դռան ճեղքից ներս կընկնեն: Հիմա բացատրեմ: Մութն ընկնելուն պես երեխաներով հավաքվում էինք փողոցի ծայրում և մտնում մեկի բակը: Մեզնից մեկը կիսաբաց էր անում դուռը մյուսները շարֆերը ներս էին գցում և դուռը փակում: Եվ սպասում էինք մինչև մեր շարֆերի մեջ կապեն տարբեր քաղցրեղեններ: Հետո նշան էին անում, և մենք հետ էինք քաշում մեր շարֆերը: Եվ այդպես բոլոր տները մտնում էինք: Իսկ վերջում մեր «ավարը» տանում էինք տուն: Կարևոր էր, որ մեր դեմքերը չտեսնեին: Իհարկե, երբեմն փորձում էին դուռը բացել: Մենք զգուշանում էինք, դրա համար էլ դուռը դրսից ամուր պահում էինք:

Ահա թե ինչու էինք մենք միշտ այդքան խանդավառությամբ ու անհամբերությամբ սպասում Ս. Սարգսի տոնին:

Աննա Անդրեասյան, 16 տ., Արմավիրի մարզ, գ. Մայիսյան

***

Օրվա թեմայից հետ չմնալով կցանկանամ ես նույնպես խոսել Սբ Սարգսի տոնի մասին: Ես անձամբ շատ եմ սիրում այդ տոնը, և որպես հետաքրքրասեր լրագրող, ցանկացա իմանալ, թե ինչպես են այդ տոնը նշել նախկինում: Հարցրեցի հայոց լեզվի ուսուցչուհուս: Պատմեց, որ երբ իրենք են եղել մեր տարիքին, նրանց չի թույլատրվել գնալ եկեղեցի, ուր մնաց թե տոն նշեին: Խորհրդային Միության տարիներին արգելվել է տոնել եկեղեցական տոները: Իսկ հիմա մեծ ուրախությամբ և ճոխությամբ են տոնում բոլոր տոները:  

Ավելի հանգամանալից  պատասխան ստանալու համար դիմեցի պատմության ուսուցչուհուս՝ Ռուզաննա Հարությունյանին.

-Նախ վերհիշենք, թե ո՞վ է եղել Սբ Սարգիսը: Նա զինվորական էր: Ինչպես գիտենք, Սարգիս անունը նշանակում է՝ մաքուր, պարզ, անաղարտ: Երբ պարսից արքան պահանջում է, որ Սարգիսը կրոնափոխ լինի և հրաժարվի քրիստոնեությունից, փախչում է: Շրջում է քրիստոնյա երկրներով և օգնում մարդկանց: Նա օգնում էր հովիվներին, փոթորիկների մեջ ընկած մարդկանց և իհարկե սիրահարներին: Եվ Հայոց եկեղեցին որոշեց ստեղծել սիրահարների տոնը՝ Սբ Սարգիսի տոնը: Հիմա երիտասարդները շփոթում են Սբ Սարգիսին և Սբ Վալենտինին: Եկեք տարբերենք Սբ Վալենտինը կաթոլիկ եկեղեցու սրբերից է, իսկ Սբ Սարգիսը Հայ առաքելական եկեղեցու:

Հռիփսիմե Վարդանյան, 16 տ., Արարատի մարզ, գյուղ Մրգավան

***

Լուսանկարը՝ Սերյոժա Բաբոյանի

Լուսանկարը՝ Սերյոժա Բաբոյանի

Աշուղ Ղարիբն ու Շահ Սանամեն

Ս.Սարգսի տոնի հետ կապված կան բազմաթիվ ավանդազրույցներ: Ըստ դրանցից մեկի, լինում է մի աղքատ տղա՝ Աշուղ Ղարիբը, ով սիրահարված է լինում հարուստի աղջիկ Շահ Սանամեին: Վերջինս նույնպես սիրում էր տղային, բայց քանի որ տարբեր խավերից էին, հայրը դեմ է լինում նրանց  հարաբերություններին:

Տղան որոշում է երկրից դուրս գալ՝աշխատելու և հարստանալու նպատակով, և աղջկան պատվիրում է 7 տարի սպասել: Եթե 7 տարի հետո նա չվերադառնա, ապա կարող է ամուսնանալ նրա հետ, ում հայրը կառաջարկի: Եվ տղան, ոչ մի ջանք չխնայելով, աշխատում է 7 տարի, բավական փող կուտակում ու հետդարձի ճանապարը բռնում:

Ճանապարհին խոչընդոտների հանդիպելով՝ Աշուղ Ղարիբը աղոթում է Ս. Սարգիս զորավարին՝ հայցելով նրա օգնությունը: Եվ Ս. Սարգիսը իր ճերմակ ձիով գալիս է, տղային նստեցնում ձիուն և շուտ հասցնում Շահ Սանամեին: Աղջկա հայրը, տեսնելով հրաշքը, տղայի անկոտրում կամքն ու անկեղծ սերը՝ օրհնում է նրանց  միությունը:

Գեղեցին տոն է Ս. Սարգիսը, եթե հավատաս ու անկեղծ լինես:

Ստելլա Ավետիքյան, 14տ., Լոռու մարզ, գ.Դսեղ

anush hovhannisyan

Նա էլ չի գա… երբեք…

Որքան հաճախ ենք մենք կորցնում մեզ համար շատ թանկ մարդկանց, ընդամենը մի սխալ բառի կամ քայլի պատճառով: Նեղանում ենք իրարից անհիմն, չենք խոսում, չենք ժպտում իրար: Մենք կորցնում ենք իրար` միայն բարև չտալով ու ամենաքիչը` իրար ատելով: Բայց ի՞նչ կլինի, եթե կորցնենք նրանց ֆիզիկապես, անվերադարձ: Կորցնում ենք, հետո զգում, թե ինչ է կատարվում, ինչ ցավ է ներսդ կրծում:

-Լսիր, Ա՛ն, իմացել ե՞ս, որ Քրիստը հիվանդ է:

-Դե, երևի մրսել է:

-Չէ, Ա՛ն, ի՞նչ մրսել, չեմ էլ կարողանում ասել… Քաղցկեղ։

- …

Չկա այնպիսի ցավ, ինչպիսին լսելն էր էս խոսքերը մտերիմ ընկերուհու մասին:

Սկզբում ոչ մի կերպ չէի ուզում հավատալ, ուղղակի չէի ուզում պատկեացնել: Նա երկար շեկ մազեր ուներ, գանգուր, ոսկեգույն: Երկար բացակայելուց հետո մի օր վերջապես եկավ դպրոց, կարճ մազերով: Պատուհանի մոտ կանգնած էի, երբ տեսա նրան: Երկար ժամանակ չէի կարողանում համարձակություն հավաքել ու գնալ նրա մոտ: Նա եկավ: Երբ տեսա, հուզվեցի, բայց փորձեցի թաքցնել, որ չտեսնի ու ամուր գրկեցի:

-Ան, խեղդեցիր, չեմ փախնելու, թո՛ղ , շունչս կտրվեց:

Ախ, եթե իմանայի, որ դա իմ ու քո վերջին գրկախառնությունն էր…

Անցավ որոշ ժամանակ։ Քիմիա էր ստանում։ Հիվանդությունը սրվել էր… Բժիշկներն ասել էին, որ գոնե Գերմանիայում կկարողանան երկարացնել կյանքը։ Ինչքա՞ն ժամանակով, անհայտ էր, գուցե չստացվեր: Փոքրիկ հույս էր …

Երկու ամիս էր անցել, երբ հեռախոսազանգ ստացա:

-Անուշ, բարև, ո՞նց ես:

-Բարև Աբ ջան, լավ դո՞ւ:

-Չգիտեմ…

-Ի՞նչ է եղել:

-Քրիստը, չկա։ Չդիմացավ…

Չգիտեի՝ հավատա՞լ լսածիս, թե էլի ինձ հույս տայի, որ էլի, էլի իմ Քրիստինեն իր երկար մազերով կգա, կգրկի ու վարակիչ ծիծաղով իր երեկվա օրը կպատմի, բայց…

Նա էլ չի գա… Երբեք…

Ani harutyunyan

Բարև, Վարդան

-Դե՛ կտեսնեք, մեր հավաքականը աշխարհի չեմպիոն ա դառնալու ու բոլորի բերանը փակի…

Վարդանը ամբողջ սրտով հավատում էր հավաքականի հաղթանակներին, երբեք ոչ մի խաղ բաց չէր թողնում…Վարդանը նաև հավատում էր Հայաստանի առաջնությանը, հավատում էր «Արարատ»-ին՝ իր ամենասիրելի թիմին: Նրա հետ նույն դպրոցում եմ սովորել։ Չնայած միշտ վիճում էինք, բայց առանց իրար բարևելու՝ օրներս չէր անցնում: Մեր հիմնական թեման ֆուտբոլն էր, Բարսելոնան: Թեև ինքն էլ է Բարսելոնայի երկրպագու, բայց հոգուս հետ խաղալու համար միշտ մի անուն կպցնում էր թիմին։ Նրա հետաքրքրությունները միայն ֆուտբոլով չէին սահմանափակվում. միշտ ամեն ինչից տեղեկացված էր։
Հիմա նա բանակում է: Իր ցանկությամբ որոշեց ծառայել Արցախում (նրա պապերը այնտեղից են)։ Նրա՝ բանակ գնալուց հետո մեկ կամ երկու անգամ ենք խոսել:

Նամակս հասցեագրում եմ Վարդանին ու մեր բոլոր զինվորներին։

«Բարև՛, զինվոր։ Մեզ մոտ շատ ցուրտ է։ Ամանորն էլ անցավ, ու էս անգամ էլ առանց քեզ։ Բայց մեկ է, ես ուրախ եմ․ քիչ մնաց սպասումիս։ Լսել եմ՝ այդտեղ՝ սահմանում էլ է ձմեռը եկել։ Ու գիտեմ նաև, որ ցրտին լուրջ չես վերաբերվում, էլ ուր մնաց ընկճվես։

Գիտե՞ս, ամեն անգամ տաք վառարանին մոտենալիս քո փոխարեն էլ եմ տաքանում։ Ամեն օր՝ ժամը 3-ին՝ իմ դասից վերադառնալու ժամին, փակի՛ր աչքերդ ու կզգաս իմ փոխանցած ջերմությունը։

Իմացե՞լ ես՝ այստեղ ամեն ոք քո մասին է խոսում, բոլորի ուշադրության կենտրոնում դու ես, ա՛յ զինվոր։ Ես էլ լսում ու հպարտությունից ամպերին եմ հասնում։

Հիմա շատ են գրում ու խոսում բանակի ու ծառայության մասին: Երևի շատերը գրում են, որ բանակը երկիրը պահող ուժն է: Ավելի ռոմանտիկները գրում են, որ երկու տարին մի հավերժություն է: Շատերն էլ գրում են հին-հին, սովորական տողեր…

Բայց ես այսօր չեմ ուզում գրել, թե ինչքան կարևոր ես դու, ինչքան սեր ու ժպիտներ եմ ուղարկում քեզ սառը քամու միջոցով։ Վերամբարձ խոսքերը թողել եմ մի ուրիշ անգամվա համար, չնայած դա երբեք էլ հարկավոր չէ քեզ, ինձ… Չեմ ուզում պատմել քեզ հայրենասիրության, անկախության մասին։ Այդ ամենը ամփոփված է քո մեջ, զինվորի կերպարի ու արիության մեջ։ Դրա կերտողը դու ես, էլ իմ պատմելը քեզ ի՞նչ։

Լսե՞լ ես՝ մայրդ քեզ կարոտել է, բայց ասեմ, իմացի՛ր, քո քաջ պահվածքը մոռացնել է տալիս այդ անտանելի զգացումը։

Վարդան, բայց լսո՞ւմ ես՝ դու մեզ ու մեր հավաքականին այստեղ էլ ես պետք, քեզ լա՛վ նայիր։

Կհանգստանաս, բայց չքնես։ Զգո՛ն եղիր։

Ես վստահում եմ քեզ, զինվո՛ր, վստահում եմ իմ, այն մյուս փոքրիկի ու փողոցում քայլող բոլորի կյանքը, դու էլ վստա՛հ եղիր՝ մեր ջերմ սերը կհասնի ու կտաքացնի քո սառած մատները»։

hovhannes ghulijanyan

Ծեծված թեմայի շուրջ

Հնդկական սերիալները 17-ի համար մի քիչ ծեծված թեմա են դարձել, բայց, այնուամենայնիվ, ցանկանում եմ իմ տեսակետը հայտնել:

Սկզբում եկեք համեմատենք հնդկական և հայկական սերիալներից որն են ավելի շատ դիտում: Անխոս, հայերի կողմից հնդկական սերիալները ավելի շատ են դիտվում, քան հենց հայկականները։ Երկրորդ ու գլխավոր առավելությունը հնդկական սերիալների ըստ իս այն է, որ հնդիկ սցենարիստները կարողանում են իրենց ֆիլմերի միջոցով մեզ ներկայացնել իրենց երկրի ծեսերը, պատմությունը: Այս երևույթը գրեթե բացակայում է հայկական սերիալներում։

Բայց ամենահետաքրքիրն այն է, որ մենք չզգացինք, թե ինչպես հետզարգացում ապրեցինք, որովհետև մի քանի տարի առաջ սարկազմով էինք խոսում հնդկական ֆիլմերի մասին։ Ծիծաղում էինք, թե ինչպես են նախկինում դիտել նմանատիպ «ֆանտաստիկ» ֆիլմեր, բայց արի ու տես, որ կրկին սկսվել է դրանց ցուցադրությունը։

anush mkrtchyan

Ես Լորիկի թոռն եմ

Կյանքում կան մարդիկ, ովքեր մեր ուժն են, մեր ներշնչանքի աղբյուրը, անկախ այն ամենից՝ տեսե՞լ ենք նրանց, թե ոչ: Մեկի համար` սիրած դերասանը, մյուսի համար՝ ֆուտբոլիստը, կամ սիրելի գրքի սիրելի հերոսը:

Ինձ համար այդ մարդը հորական պապս է՝ Լորիկը: Առաջին անգամ նրա մասին սկսեցի ծնողներիցս հարցուփորձ անել, երբ առաջին դասարանում կազմում էի մեր տոհմածառը:

Արմատներով Զարնջեցի է, բայց կյանքի մեծ մասն ապրել է Արագածավանում: Ամեն անգամ այդ գյուղ գնալիս զգում եմ, որ մի անհասկանալի բան պահում է ինձ այդտեղ, երևի «արյունս է քաշում»:

Մասնագիտությամբ ինժեներ է եղել: Երբ գրապահարանի դարակներից գտնում եմ նրա մասնագիտական գրքերը, ավելի ու ավելի եմ համոզվում, որ եղբայրս իր մաթեմատիկական բոլոր ունակությունները պապիցս է ժառանգել:

Պապիս ճանաչող բոլոր մարդիկ նրա մասին խոսում են մեծ հարգանքով: Իսկապես, այն անունը, որ թողել է նա, պարտավորեցնող է: Ամեն անգամ, երբ մտածում եմ, որ նրա թոռն եմ, հասկանում եմ, որ պարտավոր եմ լինել նրա պես «մեծ» մարդ:

Ի դեպ, Մկրտչյան ազգանունը հենց պապս է վերցրել իր տոհմից Մկրտիչ անունով մեկի անունը պահպանելու համար: Ուրախ եմ, որ Մկրտչյան եմ, ու որ պապիս շարունակողներից եմ լինելու:

Ցավոք, նրան երբեք չեմ տեսել, ու պատճառը չարաբաստիկ ավտովթարն է, որից մահացել է պապս: Բայց ամեն անգամ, երբ տարիների փոշու միջից գտնում եմ նրա նկարը, զգում եմ, որ ես դեռ շատ անելիք ունեմ: Այդ նկարն ու պապիս մասին լսած հիշողությունները գրի եմ առել սրտիս նոթատետրում, որ չկորցնեմ հանկարծ:

Հիմա էլ, երբ Արագածավան եմ գնում, լուռ քայլերս տանում են նրա գերեզմանին: Համբուրում եմ շիրմաքարն ու ինքս ինձ խոստանում, որ տարիներ հետո ինձ մատով ցույց կտան ու կասեն.

-Տե՛ս, Լորիկի թոռն է…