Անսովոր դաս

Լիճքի Հովհ. Թումանյանի անվան միջնակարջ դպրոցի 9-րդ «բ» դասարանում անցկացվեց յուրահատուկ մի բաց դաս՝ նվիրված Սևանա լճի բնապահպանական հիմնախնդիրներին: Ինչու եմ ասում յուրահատուկ, որովհետև այն վարում էր պատմության ուսուցիչ իննսունամյա Սերյոժա Գևորգյանը:

-Ընկեր Գևորգյան, ինչպիսի՞ն եք պատկերացնում այսօրվա բաց դասը: Ըստ Ձեզ, ինչպե՞ս պետք է լինի այն:

-Իմ կարծիքով, աշակերտների պատասխանները պետք է լինեն համակարգված, ամբողջական, պետք է, որ լավ պատրաստված լինեն, որովհետև դասի թեման հեշտ է, և բացի դրանից, աշակերտների մեծամասնությունը լավ սովորողներն են կազմում: Նրանց դասավանդում են հոյակապ և գրագետ ուսուցիչներ:

-Ընկեր Գևորգյան, այսօրվա աշխարհագրության բաց դաս վարելը վերապահված է Ձեզ, ի՞նչ ձևով Դուք այն կվարեք, ինչպե՞ս կհետաքրքրացնեք:

-Ես իմ ուսուցչության տարիներին ունեցել եմ բազմաթիվ բաց դասեր, որոնց ժամանակ սկզբից աշակերտներին տեղեկացրել, բացատրել եմ նրա մասին, ինչի մասին փորձել են ինձ ներկայացնել: Կարծում եմ, որ այս անգամ աշակերտները լավ պատրաստված կլինեն և թող այս անգամ էլ նրանք հետաքրքրացնեն բաց դասը:

Ընկեր Գևորգյանը շուրջ 45 րոպե տրամադրեց աշակերտներին և նրանց հասկանալի բացատրեց Սևանա լճի հիմնահարցը, առաջ քաշելով մի քանի վարկածներ և փաստեր: Նա երեխաներին պատմեց նաև մի քանի տարվա վաղեմություն ունեցող դեպքեր, կապված ևս Սևանա լճի հետ, իսկ աշակերտները զարմացել ու հիացել էին ուսուցչի արտակարգ հիշողության վրա:-Դուք ավելի քան 60 տարվա մասնագետ եք և Ձեր ուսուցչության տարիներին մասնակցել, կազմակերպել եք բազմաթիվ բաց դասեր, սակայն այս մեկը ինչո՞վ է տարբերվում մնացածներից, կամ արդյոք կա՞ն ընդհանրություններ:

-Հիմնականում ոչնչով չի տարբերվում, գրեթե նույնն է, միայն փոխվել են աշակերտները:

-Ինչպես տեսանք, այսօրվա բաց դասը կապված էր Սևանա լճի աղտոտվածության հետ, և աշակերտները նշեցին մի քանի տարբերակներ, թե ինչպես կանխել աղտոտվածությունը, իսկ Դուք ի՞նչ կառաջարկեք, արդյոք այժմ հնարավո՞ր է կասեցնել լճի աղտոտումը:

-Հնարավորություն միշտ էլ կա, ուղղակի մնում է ջանք ու եռանդ չխնայել և ուշքի բերել այն աղտոտողներին: Պետք չէ արհեստականորեն իջեցնել ջրի մակարդակը, թափոնները և կոմունալ-կենցաղային կեղտաջրերը բաց չթողնել լիճ:

-Շնորհակալություն, և հուսով եմ, առիթներ դեռևս կունենանք Ձեզ դպրոց հրավիրելու, որպեսզի նմանատիպ բաց դասեր վարեք և ձեր հմտությունն ու փորձը հաղորդեք երիտասարդ սերնդին:

melsida malkhasyan





Քնկոտը

-Շուտ արա՛, ուշացար:
-Լավ էլի, մա՜մ, 5 րոպե, ու վերջ:
-Ի՞նչ 5 րոպե, արդեն 8:30 է, արագացրո՛ւ: Եթե արձակուրդներին մինչև կեսօր չքնեիր, հիմա հեշտ ու հանգիստ կարթնանայիր:
-Ո՜ւֆ, մամ, գնա՛, հիմա կգամ:

Ինձ թվում է, բոլոր դպրոցակաները կհասկանան ինձ: Արձակուրդներին քնում ենք մինչև 11, 12-ը ու հետո լաց լինում, որ չենք կարողանում արթնանալ:

Մի կերպ վազելով հասա դպրոց.
-Կարելի՞ է, ընկեր Բոշյան:
-Ինչո՞ւ ես ուշացել, ի՞նչ է, քնա՞ծ էիր մնացել:
-Դե…
-Լա՛վ, լավ, արի՛, նստի՛ր, քնկոտ:
Դասից անցավ 5 րոպե, ու մի գեղեցիկ ձայն մեղմ շշնջաց ականջիս.
-Հե՜յ, քնկո՜տ:
-…
-Հը՞, տեղդ լա՞վ է:
-Ըհը, շա՜տ:
Հետո հասկացա, որ մեր տանը չեմ․․․Տեղիցս ցատկեցի ու գոռացի.
-Կներե՜ք, այլևս չի կրկնվի:
Բայց դե ինքս էլ գիտեի, որ 5 րոպե էլ չեմ դիմանա:
-Լավ, լա՛վ, նստի՛ր քնկո՛տ:
Բոլորը սկսեցին ծիծաղել, իսկ ես, միևնույն է, երազում էի քնել․․․

inesa soghoyan

Իմ գյուղի՝ Սարուխանի պատմությունը

Ես իմ գյուղի պատմությունը իմացել եմ պապիս պատմած պատմություններից։ Այսօր նույնպես խնդրեցի, որ պատմի․

-Սարուխանի հիմնադիրները եկել են Արևմտյան Հայաստանի Զանգեզուր նահանգից։ Առաջինը Սողոն էր, նա մի քանի մարդկանց հետ եկել, հետազոտել է բնակավայրը և հավանել: 1830 թվականի գարնանը, 17 հոգով եկել և բնակություն են հաստատել այստեղ։ Սկսել են զբաղվել անասնպահությամբ և հողագործությամբ:
Մի օր Սողոն աղջիկներին ուղարկում է ջրի։ Աղջիկները ջուրը վերցնում և տեսում են, որ մեջը ձուկ կա, արագ տանում են տուն։ Սողոն տեսնում է, որ իշխան ձուկ է։ Շատ է ուրախանում և որոշում մինչև աշուն մնալ այդտեղ և հավաքել բերքն ու բարիքը։
Աշնանային մի երեկո Արևմտյան Հայաստանի Սրբահանից մի խումբ հայեր են գալիս և խնդրում, որ գիշերը մնան իրենց տանը, առավոտյան շարունակեն իրենց ճանապարհը։ Գիշերը խմբին հարգում պատվում են։ Առավոտյան տեսնում են ձյուն է եկել, ասում են․

-Էս ձանը դո՞ր էրթանք, թո մնա գարունը կբացվի, կէրթանք,- մնում, տեսում են ամեն ինչ կա, մտածում են, որ ավելի լավ տեղ չեն գտնի ու իրենք էլ են բնակություն հաստատում գյուղում։

Դալիկարդաշը բաժնվում է երկու մասի՝ Սրբահան և Զանգեզուր:
-Պա՛պ, բա ինչո՞ւ են անվանել Դալիկարդաշ:
-Այդ ժամանակ գյուղերն ու մարզերը ունեցել են թուրքական անուններ օրինակ՝
Դալիկարդաշ-Սարուխան
Բաշքանդ-Գեղարքունիք
Կուլալի-Կարմիրգյուղ
Քուզաջի-Լանջաղբյուր
Քարիմքանդ-Ծաղկաշեն։

-Բա ուրիշ ի՞նչ անուններ է ունեցել Սարուխանը:
-Դալիկարդաշ (նաև Դալիղարդաշ), Ակունք, ԽՍՀՄ-ի ժամանակ կոչվել է Սարուխան:
-Բա զանգեզուրցիները ու սրբահանցինները ինչո՞ւ են այդքան հաճախ կռվում:
-Մեր գյուղը շա՜ր կռվարար է, գյուղում չկա մեկը, որ կռիվ անել չսիրի։

Մի փոքր բարություն

Լուսանկարը՝ Ժորա Պետրոսյանի

Լուսանկարը՝ Ժորա Պետրոսյանի

Երեկ մեր վարսավիրանոցի դիմացի ճանապարհին մի շան էին վրաերթի ենթարկել, որի հետևանքով հետևի ոտքերը ջարդվել էին։ Նրան անօգնական թողել էին ճանապարհի մեջտեղում ու գնացել։ Բոլորը անտարբեր էին անցնում  կողքով։ Երբ տեսա, ուղղակի չկարողացա աչք փակել նման երևույթի վրա։ Նրան բերեցի մեր վարսավիրանոցի կողքի կիսակառույց շինություն,  կերակրեցի ու ծածկեցի։ Ու անընդհատ  ինքս ինձ մտածում էի,  թե ինչպե՞ս կարող են թողնել այդ հավատարիմ կենդանուն անօգնական ու գնալ։ Չնայած ինչ եմ խոսում,  նույնիսկ մարդուն վրաերթի ենթարկելուց են  անօգնական թողնում ու «թռնում»…

Առավոտյան շտապեցի շան մոտ, որպեսզի կերակրեմ: Տեսարանն ավելի դաժան էր: Շունը ցավից անընդհատ կաղկանձել էր, ու զայրացած մարդիկ նրան ծեծել էին ու գցել առվի մեջ՝ կաղկանձելու պատճառով։ Երբ տեսանք խեղճ շանը առվի սառույցների մեջ,  տաք ջուր լցրեցինք սառույցի վրա,  հալեցրեցինք և տեղափոխեցինք դիմացի մայթ՝ ավելի արևոտ տեղ։ Մինչ ես շանը գրկած տաքացնում էի, տեսնողներն ասում էին,  թե բա՝ ինչ մի գրկել ես,  գցի մի կողմ, թող մնա։

Քիչ հետո շանը  մոտեցավ մեր Վարդենիսի լավագույն բժիշկներից մեկը, տեսնելով անօգնական շանը  դրեց իր սեփական ավտոմեքենան ու տեղափոխեց հիվանդանոց։ Այնտեղ արվել է ամեն ինչ, որ շունը ապաքինվի։ Փառք Աստծու,  հիմա շան վիճակը լավ է։

mariam tonoyan

Օգտակար զրույց

-Ներս արի՛, ցուրտ է,- ասաց մայրս՝ դուրս գալով պատշգամբ:

-Մա՛մ, պատահաբար չգիտե՞ս, թե ինչ ախտորոշում են տալիս այն մարդուն, ով չի մրսում, չնայած պետք է մրսի:

-Սկսեցիր դատարկաբանե՞լ:

-Այ, օրինակ, երբ մենակ եմ կամ ինչ-որ բանի մասին եմ երկար մտածում, դրսում ես երբեք չեմ մրսում: Իմ ախտորոշմամբ, սա երևի անզգայացում է, ինչը որքան տհաճ, նույնքան էլ հաճելի է: Իսկ երբ դու իմ տարիքում էիր, քեզ հետ նման բան պատահե՞լ է:

-Ես քեզ պես երազկոտ ու ճարտարախոս չեմ եղել: Ոչ էլ՝ ժամերով, ձմեռվա կեսին բնության հրաշքիդ` մայրամուտին սպասել: Իսկ դու ցրտից ես անզգայացել: Ներս անցի՛ր,- ասաց մայրս, այժմ՝ խիստ ձայնով:

Ստիպված էի տեղի տալ:

-Գիտեմ, թե ինչու ես խիստ մեզ հետ: Դաստիարակման մեթոդ է, չէ՞,- չարաճճի ժպիտով շարունակեցի ես, երբ արդեն նստած էի տաք վառարանի կողքին ու վայելում էի նրանից դուրս թռչող հրե լեզվակների վառվռուն կարմիրները։

-Հը՞, մա՛մ, լռո՞ւմ ես:

-Իսկ ի՞նչ է, մարդուն մտածելու համար ժամանակ պետք չէ՞:

Լռեցի ու հոնքերս կիտած սկսեցի փորձել մտածել ինչ-որ բանի մասին:

-Երազանք ունենալը կարևո՞ր է,-քիչ անց սկսեցի ես:

-Երազանքը կարևոր է, երբ իրատեսական է, երբ պահանջում է աշխատասիրություն, այլ ոչ թե դատարկ անուրջներ: Եթե նստես ու երկար երազես, դրանից ոչինչ դուրս չի գա: Ավելի ճիշտ է՝ քայլեր մշակել երազանքին հասնելու համար: Ենթադրենք, ես ուզում եմ աշխատանք ունենալ որևէ ձեռնարկությունում: Եթե ես շարունակ երազեմ, արդյունքում ինձ միայն երազներ կմնան, իսկ եթե տեղեկություններ հավաքեմ ձեռնարկության մասին, փորձեմ հարմարվել աշխատանքային կանոններին, դիմեմ ձեռնարկատիրոջը աշխատանքի ընդունման համար՝ արդյունքն ակնհայտ կլինի:

-Ճիշտ է, գիտե՞ս, Էյնշտեյնը դպրոցում շատ վատ էր սովորում, բայց իր աշխատասիրության արդյունքում դարձավ հայտնի ֆիզիկոս:

-Նման մարդիկ շատ են: Աճպարար Թյորսթոնը, ով ոչ մի մոգական գիրք չէր ընթերցել, երկար տարիներ համարվում էր լավագույն աճպարարը: Աբրահամ Լինկոլնը, ով ուսում չէր ստացել, աշխատում էր նպարեղենի խանութում ու շատ աղքատ էր, մի օր 50 ցենտով գնված տակառի միջից գտնում է իրավաբանական գրքեր, դրանք ուսումնասիրելով, Սպիտակ տուն հասնում:

-Այդ դեպքում՝ դեռ հույս կա,- փայլող աչքերով հայտարարեցի ես:

-Գերմանիայում սովորելու մասի՞ն ես ակնարկում:

Գլխահակ սկսեցի մտածել: Փաստորեն երազանքիս հասնելու համար ոչ մի արգելք խոչընդոտ չի դառնա. ո՛չ ֆինանսական վիճակը, ո՛չ մարդիկ, ո՛չ կարծրատիպերը… Սակայն դեռ պետք է աշխատեմ վերացնել երազկոտությունս, իսկ հետո միայն մտածեմ այն բոլոր քայլերի մասին, որոնք հնարավոր կդարձնեն Գերմանիա հասնելու երազանքս:

Պարը և Լուսինեն

Լուսինե Եսայանը իր ընդունակություններով երբեք չի պարծենում, այլ դրանք փորձում է թաքցնել: Նա ընդամենը 15 տարեկան է, ապրում է Գեղարքունիքի մարզի Գագարին ավանում:

-Ինչպե՞ս որոշեցիր հաճախել պարի:

-Պարն իմ նախասիրություններից մեկն է և այն ինձ մեծ բավականություն է պատճառում: Դպրոցում հայտարարությունը լսելուց հետո անմիջապես վազեցի տուն և լուրը հայտնեցի մայրիկիս: Մենք շտապեցինք երաժշտական դպրոց, որտեղ և տեղի էր ունենում ընդունելությունը:

-Քանի՞ տարի է, ինչ հաճախում ես պարի:

-Պարի հաճախում եմ արդեն 5 տարի:

-Ինչպիսի՞ հաջողությունների ես հասել այդ տարիների ընթացքում:

-Ամենամեծ հաջողությունն ինձ համար այն շրջապատն էր, որ ես ձեռք բերեցի։ Նաև հասկացա, թե ինչ է իսկական ընկերությունը: Եվ հետո մեր խումբը ճանաչում ստացավ տարածաշրջանում, և մենք հանդիսանում ենք լուրջ մրցակից շատ այլ խմբերի համար:

-Ի՞նչ պարեր եք սովորել: Կներկայացնե՞ս դրանցից մի քանիսը:

-Մենք սովորել ենք «Յարխուշտա», «Բերդ», «Ղարաբաղի եղնիկ», «Փափուրի», «Ծաղկաձորի», Վալս, Վրացական, «Ադանա», «Արփա-Սևան», «Թամզարա», և բոլորն էլ փորձել ենք լավագույնս կատարել։ Չգիտեմ՝ ինչքանով ենք մենք մեզ արդարացրել, սակայն մեր ուսուցիչը երբեք չի դժգոհել և մեծ ոգևորություն է մեզ ներշնչել, ինչը նպաստում է արագ առաջ գնալ:

-Հաճախակի՞ ես մասնակցել համերգային շրջագայությունների:

-Դրանք հիմնականում տեղի էին ունենում Հայաստանում և մրցութային ձևաչափով: Գավառում տեղի ունեցած մրցույթին մասնակցեցինք, հաղթեցինք և հնարավորություն ստացանք մեկնել Վրաստան՝ Քոբուլեթի քաղաք, որտեղ տեղի ունեցավ միջազգային մրցույթ: Չնայած առանց ծնողների էինք մեկնել, ուշադրության պակաս չէինք զգում: Նա, ով ճանաչում է ուսուցչիս՝ կփաստի, որ մեր նկատմամբ շատ ուշադիր է և հոգատար:

-Արդյո՞ք հեշտ էր քեզ համար առաջին անգամ բեմ բարձրանալը:

-Մենք դեռ մեկ ամիս էր, ինչ հաճախում էինք պարի, երբ ներկայացրեցինք մեր առաջին համարը: Ուրախությունն ու ոգևորությունը այնքան շատ էր, որ մոռացնել էր տվել լարվածությունը, այնպես որ, այդքան էլ դժվար չէր:

-Երբևէ ստացե՞լ ես մենապարուհու դեր:

-Այո՛, մի քանի անգամ: Այ, այդ ժամանակ լարվածությունս ավելի մեծ էր, քանի որ մեծ էր պատասխանատվությունը:

-Որպես մենապարուհի, ո՞ր պարերն ես պարել:

-«Ղարաբաղի եղնիկ», «Ադանա» և մեր վերջին սովորած պարը՝ «Արփա-Սևան»: Դա մեր վերջին ելույթն էր, հետո մեր խումբը կորցրեց իր ուժը և մի օր էլ՝ փակվեց:

-Բացի պարից ուրիշ ի՞նչ նախասիրություններ ունես:

-Սիրում եմ նկարել, հետաքրքրված եմ սուսերամարտով, սիրում եմ լուսանկարել, բայց ամենաշատը սիրում եմ ճամփորդել և երաժշտություն լսել:

-Հետագայում կշարունակե՞ս պարի ուղին:

-Այն ինձ համար շատ հարազատ է դարձել, բայց չեմ կարծում, որ կրկին այդ ուղին կընտրեմ։ Այժմ այլ ծրագրեր ունեմ և մտածում եմ առաջնորդվել դրանցով: Կարևոր է, երբ մարդ տեղյակ է ամեն ինչից, ուզում եմ ասել՝ սովորել օտարազգի պարեր, բայց չիմանալ ազգայինը՝ իմ կարծիքով, աններելի է, որովհետև անցյալը, ներկան և ապագան մեր ինքնությունն է:

Ես համաձայն եմ, որ յուրաքանչյուր հայ պետք է իմանա ու երբեք չմոռանա ազգային երգերն ու պարերը, որով մեր նախնիներն են առաջնորդվել, պարը եղել է նրանց կյանքի կարևոր մասը: Ցավալի է, որ մարզերում պարի դպրոցները չեն կարողանում երկար գոյատևել, իսկ շատ տաղանդավոր երեխաներ անտեսվում են և հիասթափվում։ Պետք է այնպես անել, որ մշակութային կյանքը մարզերում ևս ծաղկի, և Լուսինեի նման հարյուրավոր տաղանդավոր պատանիներ ու աղջիկներ կարողանան բացահայտել և զարգացնել իրենց տաղանդը:

hranush suchyan 1317-2

Բարեկենդանը՝ Գավառի բարբառով

ժամանակին մե մարդ ու մե կնիկ են հլնում: Էս մարդ ու կնիկը միշտ կռվելիս են հլնում: Մարդը կնգան ա ասում` հիմար, կնիկը՝ մարդուն:
Մե օր էլ մարդը մե քանի փութ եղ ու բրինձ ա առնում, տանում տուն:

Կնիկը ասում ա.
Ա՛յ, ասում եմ հիմար ես, չես հավատում, էսքան եղն ու բրինձը միանգամից ինչի՞ խմար ես առե բերե. խերդ քելե՞խն ես տալում, թե՞ տղիդ հարսանիքն ես անում: -Ի՞նչ քելեխ,ի՞նչ հարսանիք, այ՛ կնիկ, ի՞նչ ես խոսում, տար պախա՝ բարեկենդանի խմար ա:
Կնիկը հանգստանում, տանում պախում ա:
Հնցնում են օրեր, էս կնիկը հիշկում, հիշկում, բարեկենդանը չըգալում: Մե օր էլ շեմին նստուկ ա հլնում, տենում մե մարդ վռազ-վռազ ճամփով հնցնում: Ձեռը դնում ճակատին ու ձեն ա տալում.

-Ախպե՛ր, ախպե՛ր, հլը կայնի:
Էս մարդը կայնում ա:

-Ախպե՛ր, բարեկենդանը խո դու չե՞ս:
Էս մարդը տենում, որ էս կնկա ծալը պակաս ա, մտածում ասա խա՝ տենա ինչ ա դուս գալում.
-Խա, ես եմ բարեկենդանը, քուր ջան, ի՞նչ ես ասում:

-Էն եմ ասում, որ մենք քո ծառան խո չե՞նք, որ չես գալում քո եղն ու բրինձը պաղենք: Հնչի՞ չես գալում քո ապռանքը տանես:
-Դը էլ ի՞նչ ես նեղանում, քուր ջան, ես էլ ըտու խմար եմ էկե, ձեր տունն ի ման գալում, չի գթնում:

-Դը հարի տար:

Էս մարդը ներս ա մտնում, ըստոնց եղն ու բրինձը տանում:

Մարդը գալում տուն, կնիկը պատմում, որ բարեկենդանը էկե, հիր եղն ու բրինձը տարե:

-Վա՛յ քո անխելք տունը քանդվի, որ ասում եմ հիմար ես, հիմար ես էլի…

Ո՞ր յանը գնաց:

-Ա՛յ, էն յանը:

Էս մարդը ձի ա նստում, ընկնում բարեկենդանի հետևից: Ճամփին բարեկենդանը ետ ա հիշկում, տենում մե ձիավոր ա գալում: Գլխի ա ընկնում, որ էսի էն կնգա մարդն ա: Գալում, խասնում ըտուն.

-Բարի օր, ախպերացու:

-Աստծու բարին:

-Խո էս ճանփով մարդ չըհնցա՞վ:

-Հնցավ:

-Ի՞նչ ուներ շլակին:

-Եղ ու բրինձ:

-Որ ձին քշեմ կխասնե՞մ:

-Որդեից կխասնես, դու՝ ձիով, ինքը՝ ոտով: Մինչև քո ձին չորս ոտ էթա՝ մի՛ն, էրկու՛, իրե՛ք, չո՛րս. էնի էրկու ոտով՝ մե՛կ-էրկու, մե՛կ-էրկու… Շուշուտ կեթա:

-Բը իմա՞լ անեմ:

-Հուզում ես՝ ձիդ թող իմ կուշտը, դու էլ ընդու նման ոտով վազի, կարող ա խասնես:

-Խա՛, էտ լավ ես ասում:

Էս մարդն էլ հլնում, ձին թողում ըստու կուշտը ու ոտով էթում: Էսի էթում թե չէ՝ բարեկենդանը ձիուն բարձում, ճանփեն ծռում, էթում:

Էս մարդը ոտով էթում, էթում, տենում ա չխասավ, ետ ա դառնում: Դառնում, տենում ձին Էլ չկա: Իվար-շիվար դառնում տուն:

Մարդ ու կնիկ թազուց սկսում են կռվալ. մարդը՝ եղ ու բրնձի խմար, կնիկը՝ձիու:

Մինչև հիմի էլ էս մարդ ու կնիկը կռվում են հլը: Էսի ընդուն ա ասում հիմար, էնի՝ ըստուն, իսկ բարեկենդանը լսում ու ծղզում ա:

 

lilit khlghatyan portret

Արև Արեգը

Երկու տարի առաջ մեր ընտանիքը այլ երջանկությամբ լցվեց: Ծնվեց երկրորդ եղբայրս` Արեգը: Նա իր անվան պես պայծառ է և լուսավոր: Արդեն երկու տարի, անգամ մեկ վայրկյան չենք պատկերացնում առանց Արեգի: Եղբայրս ամեն ինչով էլ հետաքրքիր է:

Դե, երբ սկսեց արտասանել իր առաջին բառերը, նա ասաց նաև «ավտո» բառը: Հա-հա, մի զարմացեք, նա մեքենաների համար գժվում է: Բավական է նրան նվիրենք մի խաղալիք մեքենա, ժամերով կառանձնանա ու կխաղա` առանց չարություն անելու:

Դե, ոնց կասի քեռիս.

-Իսկական տղա ա, է~:

Գիտե՞ք, ինչն է հետաքրքիր, որ յուրաքանչյուրիս անունը իր ձևով է արտասանում:

Քրոջս անունը Սոֆի է, բայց եղբայրս նրան ֆու-ֆա է ասում: Ծիծաղելի է, չէ՞: Չգիտեմ`Սոֆին և ֆու-ֆան իրար հետ ինչ կապ ունեն, բայց նա այդպես է ասում:

Մեկ-մեկ Սոֆիի նյարդերի հետ խաղալու համար, մենք էլ ենք նրան այդպես անվանում: Մի լավ ծիծաղում ենք, հետո լրջանում:

Դե, ինձ էլ մինչև հիմա Իլիթ է ասում` լ-տառր չի կարողանում արտասանել:

Ու գիտեք, ես մտածում եմ, թե երեխաները առանձին այբուբեն ունեն մինչև մեր լեզվով խոսելը:

Երևի յուրաքանչյուր երեխա իր հասակակիցներին հասկանում է, հենց այդ «իրենց» լեզվով: Ուրեմն, այդ լեզվին տիրապետել ենք նաև մենք:

Ինձ համար յուրաքանչյուր երեխա չբացահայտված հանելուկ է, իր առանձին լեզվով և տարբերվող պահվածքով:

Գիտեք, չէ՞, մեկ-մեկ էլ մտածում եմ. երեխեքին այդքան էներգիա որտեղի՞ց: Անդադար շարժման մեջ են, ու էլի չեն հոգնում: Քնելն էլ լացելով է լինում, որովհետև չեն սիրում քնել: Էհ քնեն՝ ի՞նչ անեն: Մենք ենք, որ ամեն ինչ կտանք կես ժամ ավել քնելու համար: Լավ, չշեղվեմ:

Մինչ ես գրում էի երեխաների մասին, եղբայրս` Արեգը, իրեն դրել էր մեքենայի տեղ, ու «վու-վու» անելով, վազում էր մի սենյակից մյուսը: Տատս ասում է.

-Այ, Արեգ ջան, ոչ մի րոպե հանգիստ չես նստում: Էլ որտեղի՞ց չաղանաս:

Այդպիսին են աշխարհի ամենաանմեղ արարածները` երեխաները:

Nelli Khachatryan

Վերջացավ

Չարազը վերջացավ… Է, ասում եմ չարազը, Նոր տարին: Չնայած չարազի վերջանալն ուղիղ համեմատական է Նոր տարվա ավարտին: Հեռուստացույցով էլ վերսկսել են սերիալներն ու շոու-ծրագրերը:

Հարևանի փոքրիկ տղան անտարբերությամբ է արդեն նայում մեր տոնածառին ու լույսերին: «Բոնբոներկաները» արդեն հերթով շարվել են իրենց տեղերում, ամանորյա սփռոցն էլ անհամբերությամբ սպասում է կրկին իր մուտքին: Խեղճը չգիտի, որ դեռ մի տարի այդպես ծալված մնալու է դարակում: Իսկ այ, մակարոնեղենն ու կարտոֆիլը հաստատ մի լավ ուրախացել են ու վերջին հատիկ տոլմային ու բլինչիկին ամահրանքով են նայում: Իսկ հայելիները տեսնում են հաղթած կամ հաղթված դեմքեր, ավելի ճիշտ քաշեր:

Մանդարինը դադարում է հոգեվիճակ լինել և դառնում ուղղակի միրգ, իսկ եղջերուն ուղղակի կենդանի: Ձյունը դառնում է նյարդայնացնող, իսկ Ձմեռ պապիկները՝ գործազուրկ: Մի խոսքով, ավարտվում է Ամանորը…

Մի րոպե… Շտապեցի… Դուռը ծեծում են… Հայրիկի հորեղբոր թոռներն են: Լավ է, ոչինչ… Ուղղակի թեթև սեղան կդնենք:

zara gevorgyan

Թեթև ապրեք

Հնդկական սերիալները գրավել են բոլորին: Սկզբում «Մերժվածը», հետո` «Ինչ կոչել այս սերը»: Սկզբում ես էլ բոլորի պես մեծ հետաքրքրությամբ նայում էի այդ սերիալները, բայց հիմա… Հիմա արդեն այդ սերիալները ոչ միայն հեռուստատեսությամբ  են, այլ իմ շրջապատում: Մարդկանց մեծ մասը արդեն դիմացինի անուններն է փոխում և նմանեցնում սերիալների դերասաններից որևէ մեկին.

«Վայ, էս ինչ նախանձ երեխա ա, ոնց որ Տապասյան հլնի: Էս մեկն էլ նենց դոդ ա, լրիվ Իչան ա, բա էսի-էսի, լրիվ էն գիժ Քուշին ա»,- ու նմանատիպ շատ արտահայտություններ:
Բա, պատմեմ մի դեպք. հունվարի 1-ին մեր հարևանը գալիս է մեր տուն՝ Նոր տարի շնորհավորելու, ու այդ պահին հեռուստացույցով «Մերժված»-ն է գնում, և հենց այն պահին, որ  բոլորի կողմից «սիրված» մորաքույրը բղավում է Իչայի վրա, հարևանս էլ դիմելով հայրիկիս, ասում է.
-Վայ, Վահե ջան, էս պառավը շատ ա նեղում խեղճ աղջկան,  ընենց եմ ներվայնանում:
Էհ, Նոր տարվա օրո՞վ էլ: Այ, էստեղ են ասել՝ Ռամն ինձ օգնական: Դե, ժողովուրդ ջան, կինո է, էլի, թեթև ապրեք: Մի քայքայեք ձեր նյարդերը սերիալների պատճառով, թե չէ Ռամն էլ, Վռամն էլ չեն կարող օգնել ձեզ: