Իմ գյուղը խորագրի արխիվներ

Ani v. Shahbazyan

Սերունդների հակամարտություն

-Աչ, դը բոլի է՜լ…

-Ի՞նչ ա էղել, պապի:

-Սաղ օր հեռախոստ ծեռըտ ի, մտիր ես մեջը, տուս չես իկյալ:

-Էէ՜, դե պապի…
-Կարո՞ղ ա` սութ եմ ասել: Էդ ինտերնետը ջահելությանը լրիվ շարքե խանե…
Պապի, դե բան չկա անելու:
-Է՜, լավ էր էն վախտ. ինչ ինտերնետ, ինչ հեռախոս, ինչ կամպուտր… Մեր խմար ապրես  է հերել: Էն վախտ կյանքը լավ էր ըսնել…
Այդ ժամանակ Սեդուլը` քույրիկս, համակարգչի դիմաց նստած գրում էր:

-Աչ, տու էլ բոլի էն ճգնաժամը չխկչխկացուցես:
-Պապի, ճգնաժամ չի, ստեղնաշար ա…
-Իմ խմար ճգնաժամ ի: Ել դար տեմեն, քյոռնաս ես…
-Պապի, դե բան եմ գրում, վա՜յ…
-Թու՜… Եփ կելեր` էտ ինտերնետը անջտվեր,  յախաս դինջանար: Ավելի լավ ի` էթամ բախչան գործ անեմ:

Ու այսպես ամեն օր:
Է՜, պապի ջան: Դե արի ու բացատրի պապիկին, որ առանց հեռախոս չի լինի կամ առանց ինտերնետ: Հասկանում եմ, էն ժամանակ ուրիշ է եղել, բալց դե հիմա էլ էսպես է: Բայց պապիկը այդպես էլ չի ուզում ընդունել, որ ժամանակները փոխվել են, ու մենք ամեն օր այսպես վիճում ենք:

Ani Harutyunyan

Իմ ռոմանտիկ Մայիսյան

Վստահ եմ՝ բոլորս էլ հոգու խորքում ռոմանտիկ ենք, սիրում ենք անձրևը, դրա հոտն ու թաց պատուհանները, մոմի լույսի ներքո որևէ գեղեցիկ դերասանի հետ ռոմատնտիկ ընթրիք պատկերացնելը: Բայց։ Մեկ րոպե։ Եկեք կտրվենք երազներից ու մի պահ վերադառնանք դեպի իմ գյուղի՝ Մայիսյանի իրականություն։

Եթե դու շատ ռոմանտիկ մարդ ես, սիրում ես վերը նշվածներն ու մի բան էլ ավելի, ապա անձրևոտ եղանակին մեր գյուղը իսկը քո տեղն է։ Այստեղ դու քեզ կզգաս ինչպես ձուկը ջրում, Մեսսին` Բարսելոնայում, Սիլվեստր Ստալոնեն՝ մարտաֆիլմերում, շատ հանգիստ, հարազատ, հաճելի… Դե՛, իհարկե նրա համար, որ մի փոքր անձրևի ու քամու ժամանակ մեր գյուղը հոսանքազրկվում է։

Այո՛, դուք ճիշտ հասկացաք. մեր գյուղի հոսանքի գծերը պապիս տարիքի են: Է՜, որ ուզում եք իմանալ՝ մի բան էլ ավելի։ Ա՛յ, դա իրոք շատ է հուզում ինձ։ Մի պահ պատկերացրեք՝ 30% լիցքավորում հեռախոսումդ ու հանկարծ, հո՛պ, լույսերն անջատում են։ Վե՛րջ։ Հասկանո՞ւմ եք՝ կար հեռախոս, էլ չկա հեռախոս։ Չկա համակարգիչ, ինտերնետ, անգամ հեռուստացույց… Համաձայնեք՝ մեր օրերում սարսափելի երևույթ է:

17 տարեկան եմ։ Ամբողջ կյանքս առջևում է։ Ինձ՝ իմ կյանքի կեսի հետ դեռ շատ ռոմանտիկ պահեր են սպասվում։ Մի՛ արեք այնպես, որ երիտասարդության սեմին հոգնեմ ռոմանտիկայից։

Չնայած, մի կողմից էլ լավ է: Տան անդամների հետ շփվելու ժամանակ եմ գտնում:

Արհեստական արևները

Հիշու՞մ եք, ապրիլ ամսվա ընթացքում Աշտարակում ՝ Առաջընթաց ԵՀԿ-ի գրասենյակում մեդիա դասընթաց էր կազմակերպել «Մանանա» կենտրոնը։ Այդ մեդիա դասընթացին մասնակցել եմ նաև ես ու իմ մի քանի համագյուղացի ընկերները։ Մեդիա դասընթացի ժամանակ իմ համագյուղացի Անահիտ Նազարյանը իր նյութում գրել էր, որ մեր Ագարակ գյուղում առկա է փողոցների լուսավորության խնդիր։ Ու խնդիրը հրատապ էր հատկապես նրանց համար, ովքեր վախենում  են մթությունից։ 

Լուսանկարը` Սարգիս Մելքոնյանի

Լուսանկարը` Սարգիս Մելքոնյանի

Աչքներս լույս, լույսը արդեն փողոցում է։ Հիմա վայելում ենք գիշերային լուսավորության բերկրանքը։ Խնդիրը, որ չէր լուծվել շուրջ 15 տարում, լուծվեց 15 օրում։

Լուսանկարը` Սարգիս Մելքոնյանի

Լուսանկարը` Սարգիս Մելքոնյանի

Հ․Գ․ Շուտով գյուղապետի ընտրություններն են․․․

erik aleksanyan

Բաղանիսի բարբառը

Բաղանիսյան բարբառը շատ բազմազան է: Բաղանիսի բարբառում կան այնպիսի բառեր, որոնք թվում են արտասովոր, սակայն բոլորը օգտագործում են դրանք: Եվ հպարտ են դրա համար: 

Բարբառին վերաբերվող այս նյութը  գրել եմ իմ ընկեր Արմանի հորդորով: Որոշ բառեր ինքն է  ինձ ասել: Բաղանիսի բարբառը շատ նման է Լոռվա բարբառին, որով գրել է մեծն բանաստեղծ Հովհաննես Թումանյանը: Գրում եմ մեր հավաքած մի քանի բառ իրենց թարգմանություններով:

Կուշտը – մոտ

Թմաշ անել – նայել

Դուզ – ուղիղ

Ծմակ – անտառ

Ծալապակաս – խելապակաս

Ըժու – հետո

Րենիք – այնտեղ

Կոխտա – գեղեցիկ

Կարկաժ – գլուխ

Ղռչի – ժլատ

Թինգը տալ – պառկել

Մատղաշ – երիտասարդ

Վարսավիրանոցն ընդդեմ Barber shop-ի

Վարդենիսի կենտրոնական փողոցներից մեկում է գտնվում այս մետաղե տնակ-վարսավիրանոցը, որին նայելուց ասես տեղափոխվես 70-ական թվականներ։ Այն պատրաստված է մետաղե բազմաթիվ թիթեղների կտորներից։ Առաջին հայացքից զգացվում է, որ վերանորոգման փորձ է արված։ Այժմ այն ներկված է սպիտակ գույնով, բայց ներկի բարակ շերտի տակից երևում է նրա նախկին գույնը՝ կանաչը։ Արևի լույսը ներս է թափանցում մի փոքրիկ պատուհանից, որից դուրս է գալիս փայտե վառարանի ծխնելույզը։ Իսկ դռան և պատուհանի մեջտեղում կախված է մի ցուցանակ, որտեղ գրված է «Վարսավիրանոց»։ Քամուց ցուցանակն այնպես է շարժվում, ասես թե, ինքն էլ հոգնած լինելով այդտեղ կախված մնալուց, ուզում է պոկվել ու փախչել։

Լուսանկարը` Ժորա Պետրոսյանի

Լուսանկարը` Ժորա Պետրոսյանի

Օրեցօր ի հայտ եկող նոր barber shop-երը, կարծես չեն պակասեցնում այնտեղ աշխատող պապիկի գործերը։ Մի որոշ ժամանակ՝ 5-7 տարեկանում, նա է եղել իմ վարսավիրը, բայց հետո գտնելով ինձ ավելի հարմար տարբերակ, դասվել եմ դավաճան հաճախորդների շարքը։ Այնուամենայնիվ, ամեն անգամ ամենատարբեր պատճառներով, առիթներով մտնելով այդ վարսավիրանոց, հիշում եմ իմ մանկության մի փոքր հատված, հիշում եմ, թե ինչպես էր սև, կաշվե աթոռին դնում փայտե, ամուր տախտակ, ինձ նստեցնում դրա վրա, վառարանի վրա տաքացրած ջրով թրջում մազերս և կտրում։ Իմ քաղաքում ՝ Վարդենիսում, ես ունեմ մի պատմություն, որում եղած բոլոր հիշողությունները կապված են որևէ կառույցի, տարածքի կամ մարդու հետ։

Բերքաբեր

Գիտե՞ք ինչի եմ ես այսքան շատ սիրում կամավորական աշխատանքը: Որովհետև այն ինձ հնարավորություն է տալիս ճանապարհորդելու և շփվելու հավես մարդկանց հետ: Բայց իմ կամավորական աշխատանքի հիմնական պատճառը դա չէ: Ուղղակի ինձ դուր է գալիս ձեռք բերել նոր հմտություններ, գիտելիքներ և ինչու չէ, ընկերներ: Ոնց հասկացաք, ես շատ եմ սիրում ճանապարհորդել,  և երբ տեսնում եմ հնարավորություն ճանապարհորդելու, չեմ կարող առիթը բաց թողնել:

Այս անգամ  այցելեցի Տավուշի մարզի Բերքաբեր գյուղ: Այն մարզում ավելի հայտնի է Ջողազ անունով: Բերքաբերը սահմանամերձ գյուղ է, և ինչպես մնացած սահմանամերձ գյուղերը, դատարկվում է: Բայց նման չէ մյուս գյուղերին, քանի որ նրա ափերը ողողում է Ջողազի ջրամբարը: Հենց այդ լիճն է Ադրբեջանը  Բերքաբերից բաժանում, և մեզ թույլ տվեցին մոտենալ լճին, չնայած վտանգավոր է, որովհետև մյուս ափին հակառակորդի դիրքերն են: Ամեն ինչ շատ գեղեցիկ էր` կապուտակ լիճը, բարձր լեռները: Հեռվում երևում էր ադրբեջանական փոքր գյուղը, որից այն կողմ մեծ մի քաղաք է, Ղազախ անունով: Գյուղի բնակիչներից մի քանիսի հետ շփվելով հասկացա, որ գյուղը դատարկվում է:

-Բալա ջան, դե դժվար ա ստեղ ապրիլը, մարդիկ արդեն զզվել են կրակոցների անվերջ վախից, չնայած մարդիկ իրար օգնում են,-բացատրեց գյուղացիներից մեկը:

Գյուղի տղամարդկանցից մեկը, որ չէր պատրաստվում լքել գյուղը, ասաց.

-Դա մեզ համար պատվի հարց ա, որովհետև մենք այստեղ ենք ծնվել և մեզանից բացի մեզ պես մեր օրրանը ոչ մեկը չի պաշտպանի:

Ես գյուղից հեռացա բարձր տրամադրությամբ և այն հույսով, որ գյուղը այլևս չի դատարկվի: Հեռվում արդեն երևում էր ժանգոտած  ցուցանակը, որտեղ գրված էր Բերքաբեր:

Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցին

Լուսանկարը՝ Գյուլնարա Վարդանյանի

Լուսանկարը՝ Գյուլնարա Վարդանյանի

Եկեղեցին Հայկական բարձր բերդն է հաւատքին
Իմ պապերուս՝ որ հողէն զայն քար առ քար հանեցին,
Ու երկինքէն իջուցին զայն ցօղ առ ցօղ, ամպ առ ամպ
Ու թաղուեցան անոր մէջ հանդարտութեամբ, հեզութեամբ…

Վահան Թեքեյան

Մեր` Արմավիրի մարզի Բամբակաշատ գյուղի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցին կառուցվել է 1901-ից մինչև 1914 թվականը: Եկեղեցու շինարարության գործում մեծ ավանդ է ունեցել Տեր Հովհաննես ավագ քահանա Հակոբյանը, որը հատուկ առաքելությամբ մեկնել է Նոր Նախիջևան` եկեղեցու շինարարության համար գումար հանգանակելու:

Եկեղեցին կառուցվել է մեկ տասնամյակից ավելի և, ըստ որոշ աղբյուրների վկայության, օծվել 1914թ.-ին:

Լուսանկարը՝ Գյուլնարա Վարդանյանի

Լուսանկարը՝ Գյուլնարա Վարդանյանի

Եկեղեցին գտնվում է գյուղի կենտրոնում: Այն կենտրոնագմբեթ, խաչաձև հատակագծով շինություն է: Ավագ խորանը կիսակլոր է, ունի բարձր բեմ, որից երկու դռները տանում են դեպի կողմնային ավանդատներ: Արտաքինից բազմանիստ է` նիստերի անկյուններում` զարդարված դեկորատիվ կլոր որմնասյուներով: Ունի երեք մուտք` ձևավորված երկթև շքամուտքերով:

Ս. Մարիամ Աստվածածին եկեղեցին ունեցել է ոսկեզօծ հսկա խաչ, որը 1918թ.-ին թուրք զորախմբերի հարձակման և Մոլլաբայազետ (Բամբակաշատը առաջ կոչվել է Մոլլաբայազետ) գյուղի շրջանում թշնամու կողմից թնդանոթի զարկով գմբեթից տապալվել է և ավերվել:

Լուսանկարը՝ Գյուլնարա Վարդանյանի

Լուսանկարը՝ Գյուլնարա Վարդանյանի

2014 թվականին լրացավ Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու ստեղծման հարյուրամյակը, որից որոշ ժամանակ առաջ բարերար`Բամբակաշատ գյուղի բնակիչ Լևոն Սոլկարյանը կատարեց եկեղեցու վերանորոգում, շրջակայքի լուսապատում և գյուղի սկզբում տեղադրեց մեծ խաչ` ցանկանալով, որ խաչը պահապան լինի ամբողջ համայնքին: Իսկ եկեղեցու հարյուրամյակի տոնակատարությունը տեղի ունեցավ ջահերով երթով, որին մասնակցեց ամբողջ համայնքը:

inesa sargsyan

Խոզնավարի երեխաները

Էս տարի որոշվեց, որ ամառային հանգիստս պիտի գյուղում անցկացնեմ: Սյունիքի մարզ, Գորիսի գյուղերից մեկը՝ Խոզնավար: Դժվար լսած լինեք էդ գյուղի մասին՝ լրիվ աշխարհից կտրված տեղ է: Ես սկզբից, ինչպես գրեթե բոլոր դեռահասները, ասում էի. «Ինչի՞ս ա պետք: Քաղաքում ինձ համար հանգիստ ապրում եմ, էնտեղ ոչ մի հետաքրքրություն չկա»: Դե, առաջին շաբաթն էլ անհետաքրքիր անցավ…

Մի օր վերջապես դուրս եկա` գոնե խաղալու: Դուրսն էլ երեխեք կային: Մոտ մի ժամ խաղացինք, հետո հոգնած նստեցինք տներց մեկի քարերի դիմաց: Ու եկան… Ովքե՞ր: Կովերը… Չէ, իրենցից չեմ վախենում, իսկ այ ցուլը… Սա ուրիշ թեմա է… Ու, չգիտես` ինչու, ցուլը հենց դեպի ինձ եկավ: Չմտածեցի մի կողմ քաշվելու մասին, որովհետև այդ ամենը շատ արագ ստացվեց: Մինչև պաշտպանվելս մի փոքրիկ հովիվ կանգնեց իմ ու ցլի մեջտեղում: Դե, ցուլն էլ միանգամից մի կողմ շրջվեց:

Հովիվը՝ Ալենը, ընդամենը 8 տարեկան երեխա է: Հասկացա, որ գյուղի երեխաները մի տեսակ ուրիշ են, իրենք վախ չունեն ոչ մի բանից… Դե ես էլ Ալենին ասացի, որ գոնե մեզ հետ մի քիչ մնա, հետո կգնա:

Հովիվը պատասխանեց.

-Է՜, քինում եմ, հազար հատ գործ օնիմ:

Հազար հատ գո՞րծ: Քաղաքում 16 տարեկանների մեծամասնությունն է պարապ, իսկ այս 8 տարեկան երեխան հազար հատ գործ ունի… Ժամանակ չունի խաղալու… Ու ինքը դա որպես ծանր բեռ չի ընդունում, գիտի, որ այդ գործերը իր համար է անում:

Այդ օրվանից այնպես եմ այս գյուղը սիրում, որ նույնիսկ գնալ չեմ ուզում: Երեխաներն այնքան ազնիվ ու լավն են, որ տխրում եմ՝ Աբովյանում էսպիսինները շա՜տ քիչ են:

Սիրեցի Խոզնավարն իր բնակիչներով, բարբառով ու մաքուր օդով, հա, մեկ էլ, աշխատասեր մարդկանցով: Բոլորն են էստեղ աշխատում… Բոլորը: Մեջների «թամբալը» ես եմ:

Կապույտ գյուղ

Լուսանկարը՝ Մարի Բաղդասարյանի

Լուսանկարը՝ Մարի Բաղդասարյանի

Կապույտը Վայքի գյուղերից է: Այն սկզբնական շրջանում կոչվել է Դարաքանդ:

Գյուղը 70 տարի շարունակ եղել է թուրքերի տիրապետության տակ: 1989 թվականից սկսած հայ ընտանիքներ են տեղափոխվել գյուղ: Տեսնելով այդտեղ կապույտ ծաղիկներ, գյուղն անվանակոչել են Կապույտ:
Գյուղի բնակիչները զբաղվում են անասնապահությամբ:
Գյուղում եղել է նաև եկեղեցի, որը փլուզվել է 80-ական թվականներին: Եկեղեցուն կից կա նաև մի բարձր ժայռ, որն ամբողջությամբ պատված է խաչքարերով: Գյուղում կա նաև Կամարի Ձոր: Այդպես են անվանում կամուրջը, որը կապում է մի սարը մյուսին, իսկ կամարի ներքևում ջրվեժն է:

Լուսանկարը՝ Մարի Բաղդասարյանի

Լուսանկարը՝ Մարի Բաղդասարյանի

Այժմ գյուղը համարվում է զբոսաշրջային կենտրոն: Եվ ես տեսա, որ մեծ թվով զբոսաշրջիկներ են գալիս Կապույտ գյուղ` տեսնելու խաչքարերը, հիանալու այդ գյուղի բնությամբ…
Երբ գյուղին նայում եմ ինչ-որ բարձր տեղից, տեսնում եմ կանաչապատ այգիներ ու ծառեր, և դրանց արանքներում գտնվող փոքրիկ տներ…

Հացի բույրը

-Է՛լ,  վաղը  շուտ կարթնանաս  քնից:

-Է՜, լավ՜  էլի՛, տա՛տ, ինչի՞…

-Հացի  խմոր  եմ արել, որ  ինձ օգնես՝ հացը փռես,  մեկ էլ  գունդ բերես:

-Վա՛խ, ջա՛ն, դե որ էդպես ա, մի քանի հատ ֆոտոներ կանեմ, որ ուղարկեմ 17.am-ին:

-Ինչ ուզում ես արա, հա՛, մենակ ժամանակին գունդը կբերես ու հացերը  սիրուն իրար վրա կշարես:

Առավոտյան  արթնացա  և հանկարծ քթիս հասավ հացի բույրը, և լսվեց տատիկիս ձայնը.

-Արթնացի՛ր, թոնիրն արդեն վառել եմ, արագացրու  կրակը  կիջնի, շուտ  հագնվի, արի, որ օգնես…

Տատիկի  հրամայական  նախադասությունից հետո   լսվեց  մայրիկի ձայնը.

-Ի՞նչ  ես պառկել,  արա՛գ հագնվիր…

-Լա՛վ- լա՛վ, հագնվում եմ:

-Դե մենք գնացինք,   շուտ  կգաս,  որ  հացերը փռես՝  չփշրվեն…

-Վա՜յ, ինչ լավ է` շուտ վերջացրեցինք հաց թխելը:

-Ո՞վ ասաց, որ վերջացրեցինք, բա կլո՞ճը:

-Ո՞նց, տա՛տ, կլոճ էլ ե՞ս արել:

-Հա՛, բա ոնց…

-Ին՛չ լավ ա, շատ եմ կարոտել կլոճի համը:

-Դե շու՛տ գնա խմորը բեր՝ քանի թոնիրը չի հանգել:

Ինձ համար սովորական, բայց ձեզ համար անսովոր իրավիճակ, որը տիրում  է մեր տանը՝  հաց թխելու ժամանակ: