Ինչն է ինձ հուզում խորագրի արխիվներ

aharon sahakyan

Դու կլինես միշտ մեր կողքին

Լուսանկարում Դավիթն է` մեր օրերի հերոսը, ով ապրիլյան պատերազմում քաջաբար զոհվեց: Նա մեր համագյուղացին էր, ապրում էր Զոլաքար գյուղում, մեր դպրոցի սանը, մեր ավագ ընկերը, ումից մենք դեռ շատ բան ունեինք սովորելու: 

Դավիթը կենսուրախ, կյանքով լեցուն երիտասարդ էր: Ընտանիքի կրտսեր զավակն էր, բոլորի կողմից սիրված: Դպրոցական տարիներին աչքի էր ընկել իր խելացիությամբ:

Ուներ բազմաթիվ երազանքներ ու նպատակներ, որոնք ծրագրել էր իրականացնել զորացրվելուց հետո: Սակայն չհասցրեց, բազում երազանքներ մնացին անկատար: Չհասցրեց բոլորել նաև իր կյանքի 19-րդ գարունը:

Ծառայության էր մեկնել Լեռնային Ղարաբաղ: Դավիթը տանկիստ էր: 2016թ-ի մարտի 30-ն է: Դավիթը զանգել էր մորը` տիկին Մարինեին: Երկար զրուցել էին, շատ ուրախ էր: Ասել էր, որ իրենց տասը օրով զորավարժությունների են տանում, և եթե հանկարծ չկարողանա զանգել, թող չանհանգստանան:

Ինչ իմանար մայրը, որ վերջին անգամ էր լսում որդու ձայնը:

Երբ պատերազմական գործողություններն սկսեցին, ծնողներն անհանգիստ էին, լուր չունեին որդուց: Սակայն առավել անհանգիստ էր մայրը: Նա կարծես զգում էր, որ տեղի էր ունենալու անդառնալին:

Եվ ցավոք, այդ գույժը չուշացավ: Այդ չարաբաստիկ օրը չարաղետ ականը չշրջանցեց նաև Դավիթենց տանկը: Զոհվեց ողջ անձնակազմը:

Բայց մեզ համար Դավիթը շարունակում է ապրել: Եվ իրավ է ասված, որ մարդն ապրում է, քանի դեռ նրան հիշում են: Իսկ մենք նրան կհիշենք միշտ:

Այսօր Զոլաքար գյուղի թիվ 1 միջնակարգ դպրոցի դասասենյակներից մեկը, որտեղ սովորում են 10-րդ դասարանցիները, կրում է Դավիթ Հայրապետյանի անունը:

maya harutyunyan

Կողպված դռները էլի բացվելու են

Իմ համայնքը` Կոթին, տարբերվում է իր գեղեցիկ բնությամբ և իր քաջ ու սահմանապահ բնակիչներով: Եթե փորձենք ձևաբանորեն վերլուծել, կարող ենք ասել, որ համայնք բառը հասարակ, իրանիշ գոյական է: Բայց գոյական լինելը երևի այդ բառի ամենանվազ հատկանիշն է: Համայնքն ինձ համար ձևաբանորեն վերլուծություն ունի, բայց երևի բառերով չկարողանամ նկարագրել, թե ինչ է ամեն անգամ կատարվում ներսումս համայնք բառը, համայնքիս անունը լսելիս: Ու երևի համարձակվեմ շեղվել ձևաբանական կանոններից, ասելով, որ համայնք բառն ամենևին էլ հասարակ գոյական չէ: Այն հատուկ է, համենայն դեպս ինձ համար՝ ամենահատուկը: Աշխարհում չի կարող լինել գեթ մեկը, ով սրտի խորքում գոնե մի քիչ սեր չունենա պահված իր համայնքի համար: Բոլորս էլ անկախ ամեն ինչից սիրում ենք մեր համայնքը, սիրում ենք մի ուրիշ սիրով, անկախ նրանից այն լա՞վն է, թե՞ ոչ: Բոլոր համայնքներում էլ կան լավ ու վատ կողմեր: Սիրում եմ Կոթիիս անկրկնելի բնությունը, բարի բնակիչներին, ժպտուն աչուկներով փոքրիկներին ու առհասարակ, սիրում իմ համայնքը իր բոլոր թերություններով ու առավելություններով հանդերձ: 

Միակ բանը, որ չեմ սիրում իմ համայնքում, բնակչության օր օրի պակասող թիվն է: Երևի հեռացողներն իրենք էլ դա չեն սիրում: Իսկ այդ քայլին գնում են կարիքից դրդված, գուցե լավ ապագայի հույսո՞վ: Ինչ-որ տեղ նրանց էլ կարելի է հասկանալ: Աշխատատեղեր չկան, իսկ ընտանիքը պահել է պետք: Մարդիկ հեռանում են, ծանր կողպեքներ դնելով տան դռներին, երբեմն՝ ընդմիշտ: Ու գուցե նրանք ընդմիշտ կորցնում են այն սերն ու քնքշանքը, որ պարուրում են իրենց հոգիները հարազատ համայնքում:

Ուզում եմ, մի օր բոլոր հեռացածներին տեսնել ծանր կողպեքները դռների վրայից հանելիս, ժպտալ նրանց ու հիշեցնել, որ ամեն ինչ լավ է լինում, երբ հավատում ես դրան: Ես հավատում եմ, որ կողպված դռներն էլի բացվելու են…

Nelli Khachatryan

Գեղեցիկը

-Գեղեցիկ եք:

-Շնորհակալություն:

Հըմ… Շնորհակալությո՞ւն, իսկ ես կարծում եմ, որ բնությունը պետք է կարմրի ու ասի շնորհակալություն քո փոխարեն, մի քիչ էլ, հնարավոր է, պլաստիկ վիրաբույժը: Ինչքանո՞վ ենք պատասխանատու մեր արտաքինի համար, ինչո՞ւ ենք շնորհակալություն հայտնում այնպես, կարծես մենք ենք մեզ քանդակել:

Բայց չէ… Վիճիր ինձ հետ, մարդու սանրվածքը, ոճը, ֆիզիկական մարզվածությունը և նույնիսկ շպարը մարդուն կարող են գեղեցիկ դարձնել, չէ՞… Հա… Թե՞` չէ… Եսիմ:

-Ես մենակ սիրուն աղջիկներին եմ տրանսպորտում տեղ զիջում,- ասաց մի տղա: Դու տղա ես, կարդում ես, ժպտում ու քեզ բռնացնում այն մտքի վրա, որ ՝ դու էլ:

Բոլորս՝ դասը անգիր արած աշակերտի նման, ասում ենք, որ ամենակարևորը «հոգու գեղեցկությունն է», ու այդ նույն դասը անգիր արած աշակերտի նման, ում երբ ընդհատում են, մոռանում է, թե որտեղից պետք է շարունակեր և ինչ ասեր, մենք էլ մոռանում ենք «հոգևոր գեղեցկության» մասին, երբ հանդիպում ենք արտաքին գեղեցկության: Միանգամայն բնական է: Ես էլ եմ այդպիսին: Ափսոս հոգու տրանսպորտներ չկան, որ տղաները տեղ զիջեին հոգով գեղեցիկ աղջիկներին:

-Դուռը բացում եմ, որ աղջիկները անցնեն, ով պետք չէ՝ հարյուր անգամ շնորհակալություն ա ասում, ով պետք ա՝ չի ասում,- ասաց տղա ընկերներիցս մեկը:

Հիմա ուզում եմ նրան ասել, որ աղջիկներին, դե նրանց էլի, ով պետք է շնորհակալություն հայտներ, բայց չեն ասում, երևի հաճախ են զիջում, հոգնել են շնորհակալություն ասել, իսկ «ով պետք չէ»-ների համար փոքրիկ ուշադրությունն էլ ուրախալի է:

Կարդում ու մտածում ես, երբ դուռը բացում են, շնորհակալություն հայտնե՞ս, թե՞՝ ոչ… Երևի ուզում ես նաև վերհիշել, թե քանի անգամ են քեզ տրանսպորտում տեղ զիջել…

meri antonyan

Բողոքի ակցիա

Նախօրոք ներողություն եմ խնդրում բոլորիցդ, եթե նյութիս որևէ մասը ինչ-որ կերպ կվիրավորի որևէ մեկին։ Ինչպես Վահեն էր ասում. «Նախ զգուշացնեմ, որ այս նյութը կարող է շատ երկար ստացվել: Ինքս էլ չգիտեմ դեռ: Այսինքն, եթե դու հավես չունես ու համոզված չես, որ կկարողանաս մինչև վերջ կարդալ, ավելի լավ ա` մի սկսիր: Փակիր էջը ու կբացես, երբ մի քիչ ազատ ժամանակ ունենաս և ուզես մի հետաքրքիր բան իմանալ»:

Գրելիս ուղղակի կերպով նկատի չեմ ունեցել կոնկրետ անձանց, հավատացեք՝ բոլոր նյութերի հեղինակներին անուն առ անուն չեմ մտապահել։ Միայն ուզում եմ կիսվել ամեն օր կայքի հոդվածները կարդալուց հետո ունեցած տպավորություններովս։ Գիտակցում եմ, որ շատերն են իրենց մեջ «ընդվզելու» ասածներիս դեմ, բայց ուզում եմ նշել, որ սա լրիվ իմ անձնական կարծիքն է ու դիտարկումների արդյունքը։ Իհարկե՝ կարծիքս մի օր առավոտյան հետս չարթնացավ ու որոշեց, որ պիտի լինի իմ կարծիքը։ Բավական ժամանակ եմ հետևել ձեր բոլոր նյութերին, անխտիր կարդացել բոլորը, ուզեցել եմ մի որևէ կերպ արտահայտել մտածածս, բայց անտեղի եմ համարել ամեն հոդվածից հետո ընդամենը 1-2 «հաստափոր» նախադասություններով հոդվածներ գրելը։

Էդ հարցերն էնքան են ինձ մտահոգել, որ նույնիսկ ցանկացել եմ «Մանանա» թիմին առաջարկել, որ կայքում հնարավորության դեպքում ամեն նյութի տակ տեղ հատկացվի ընթերցողի մեկնաբանությունների համար։ Կարճ ասած՝ հենց էնպես չեմ կարծիք կազմել, էս էլ չեմ գրում ուղղակի հոդված ունենալու համար։ Մի խոսքով, նախաբանի համար այսքանը, անցնենք բուն թեմային։

Երևի արդեն հասկացաք, որ ասելիք ունեմ կայքում տեղադրվող, նույն ինքը՝ ձեր գրած նյութերի բովանդակության վերաբերյալ։ Զգուշացում. հնարավոր են սրտաբուխ շեղումներ գրական հայերենից։

Հարգելի՛ 17.am-ի ժողովուրդ, ինձ արդեն խիստ անհանգստացնում են նախաքննական բողոքները։ Ամենաշատը խառնվում եմ իրար, որ դրանցից սկսում են բողոքել իններորդ դասարանցիները։ Ամենից շատ հանդիպում եմ այնպիսի մտքերի, որ դպրոցում ինչ-որ միջոցառման համար ընտրել են միայն եզակիների, ու նրանց մեջ եղել եք նաև դուք, որովհետև լավ սովորող, օրինակելի աշակերտ եք, ուրախանում եմ ձեզ համար, ու մեկ էլ հոդված եք գրում, թե ինչքան եք փշաքաղվում քննության մասին լսելիս։ Բա եթե դպրոցի օրինակելիները վախենում-դողդողում են, ի՞նչ են անելու մյուսները։ Վերջապես, ի՞նչ կապ ունի՝ քննությունը գրավո՞ր, թե՞ բանավոր կլինի։ Սրա հետ իմ մեջ ասոցացվում են նաև ավագ դպրոց գնալուց առաջ ձեզ քայքայող վախերը։ Գիտեք, ես ավագ դպրոցի նման մի դպրոց տեղափոխվել եմ յոթերորդ դասարանում, ձեզնից երկու տարով փոքր եմ եղել։ Իմ նախկին դպրոցից հետո շատ ծանր գրաֆիկ էր ինձ համար ստեղծվել, որովհետև խորացված ուսուցմամբ դպրոց էի գնացել, էնտեղ մենք հա՛մ ընդունվելիս, համ էլ ամեն տարվա վերջում էինք քննություններ հանձնում, ընդ որում՝ մեր քննություններն ուղղակի թեստեր չէին, քաշում էինք հարցատոմսն ու երկու տեսական հարց էինք շարադրում, երկու հատ էլ խնդիր լուծում, ու մեր ժամանակ կարևորը ոչ թե հարցաթերթիկի մեջ ճիշտ պատասխանը նշելն էր, այլ ստուգվում էր խնդրի լուծման ամբողջ ընթացքը։ Բայց չեմ հիշում, որ երբևէ նյութերիցս որևէ մեկում տրտնջալով հիշատակած լինեմ էս օրերը։ Բայց հարցն ավելի շատ ձեր վախենալը չի, այլ՝ թե ի՞նչ նպատակով եք գրում նմանատիպ հոդվածներ։ Ձեր ցանկացած հոդվածից հետո ես փորձում եմ գտնել մի բան, որ ինձ համար նորություն էր, ես սովորեցի, մի միտք, որ ինձ դուր եկավ ու համարեցի էդ պահին «գրչի հրաշալի լուծում», որ հիացա ձեր նկարագրողական արվեստով։ Ձեր նմանատիպ հոդվածներում էդպիսի բաներ չկան։ Ձեր հոդվածները կարդում են մարդիկ, ովքեր անցել են կյանքի էդ փուլը, ու մարդիկ, ովքեր նոր պիտի հասնեն դրան։ Ովքեր արդեն հանձնել են էդ քննությունները, վաղուց գիտեն, որ դրանք դատարկ բաներ են, ու ձեր հոդվածները մի քիչ էլ քմծիծաղով են կարդում: Ով էլ դեռ չի հասել, պետք չի հոգեբանորեն ներազդել իրենց վրա, իրենք գուցե ուզում են իրենց կյանքի էդ փուլը դիմավորել մարտականորեն տրամադրված, նախօրոք ներշնչել պետք չի։

Հիմա չեմ բացառում ձեր էս միտքը. «Ես ուղղակի օգտվում եմ իմ իրավունքից և ազատ արտահայտում եմ իմ կարծիքը, պետքդ չի՝ մի կարդա»։ Լավ, բայց դուք չեք գնում, չէ՞, փողոցում պատահական մեկին կանգնեցնում ու սկսում ձեր կարծիքն արտահայտել ինչ-որ թեմայի շուրջ, որի հետ էդ մարդը կապ չունի։ Դրա համար պետք է հասկանալ, թե որտեղ, երբ և ում մոտ է պետք կարծիք արտահայտել, ու արդյո՞ք ձեր կարծիքը կարող է օգտակար լինել դիմացինի համար։ Իրականում շատ մտահոգիչ է, որ դեռ այդ տարիքում, ընդամենը իններորդ դասարանի քննությունների համար, արդեն նվնվում եք, որովհետև իրական կյանքում նվնվալու ավելի շատ տեղեր են լինելու, ու նման տրամադրվածությամբ դուք ուղղակի կկործանվեք մի թեթև բարդությունից։

Կամ սերիալներին վատաբանող հոդվածները… Ոչ մեկին էլ դուր չի գալիս, որ իրենց շրջապատում շատ են սերիալասերները, բոլոր խոսակցությունները դրան են ուղղված։ Մի անգամ կարդացինք դրա վերաբերյալ նյութ, ուրախացանք, որ ժամանակակից երիտասարդության մեջ մարդիկ կան, որ այլ են շատերից ու քննադատաբար են մոտենում ազգուտակով սերիալադիտումներին, հետո էլ՝ սերիալաքննարկումներին, բայց էդ նույն բովանդակությամբ ու նույն մտքերով հոդվածներից մի հատը, կամ՝ ամենաշատը երկու հատը, հերիք էին։ Մի որևէ նյութ գրելուց առաջ ես մի քանի օր մտքերս հետս տանում-բերում եմ, մեջս հազար տակ շուռ եմ տալիս, որ մի քիչ ամբողջանա, բայց հենց որ կայքում կարդում եմ մոտավոր նույն գաղափարն արտահայտող մի որևէ հոդված կամ մի նախադասություն, վերջ, էդ նյութը միանգամից գնում է մտքիս Recycle Bin: Ու կապ չունի՝ ինչքան մայրս կասի, որ ես դա կարող եմ յուրովի ներկայացնել, որ իմ մտքերը կարող են ուրիշ լինել, նման նյութ չեմ գրի։ Իսկ եթե հանկարծ նյութն արդեն ուղարկած լինեմ, մեկ էլ կայքում տեղադրվի նույնիմաստ մի բան, հետո նոր՝ իմը (ի միջի այլոց, արդեն երկու անգամ պատահել է), ինձ շատ վատ կզգամ, որ կարդացողը կմտածի, թե գաղափարներ եմ «թխել»։

Շատ եմ սիրում գիրք կարդալ ու շատ եմ ափսոսում, որ հիմա ժամանակս չի հերիքում ընթերցանության համար։ Հոդվածների հեղինակներից շատերը, ովքեր հատկապես դեմ են արտահայտվում համակարգիչներին ու հեռախոսներին և իրենց հոդվածներում վերամբարձ տոնով են խոսում գրքի մասին, կքարկոծեին ինձ, եթե մի օր կողքս լինեին։ Վերոնշյալ մարդկանց համար ուզում եմ նշել, որ համակարգիչները չէին ստեղծվի, եթե դրանց անհրաժեշտությունը չլիներ, իսկ համակարգիչն ի վնաս ծառայեցնելու մեղավորությունը միայն դրանից օգտվել չկարողացողներինն է։ Եթե դուք համակարգիչը կօգտագործեք միայն խաղերի, ընկերների հետ շփման ու սոց. ցանցերում նկարներ տեղադրելու, մեկնաբանություններում ընկերուհիներին քծնելու, երաժշտություն լսելու, ֆիլմ կամ հենց սերիալ դիտելու համար, ես համակարգիչս կօգտագործեմ շատ մասնագիտական գրքեր կուտակելու համար, որոնք ցավոք, մեր սուտ ընթերցասերների մեղքով Հայաստանում չեն տպագրվում կամ առհասարակ նույնիսկ չեն ներկրվում, որովհետև մի քանի, կամ առավելագույնը՝ հարյուր օրինակից ավել չեն վաճառվում, իսկ գրադարանները չեն էլ փորձում էդ գրքերը ձեռք բերել, որովհետև բավականին թանկ են, մասնավորապես՝ իմ ուզած գրքերի գները կարող են անցնել տասը հազար դրամի սահմանը։

Եթե Դուք գիրք կարդալով հինգ հարյուր էջից մի պարբերություն ձերը կդարձնեք, ես ձեզնից արագ իմ ձևերով ավելի շատ ինֆորմացիա կյուրացնեմ։ Այնուամենայնիվ՝ շատ հաճախ եմ գրքի պակաս զգում, բայց պետք եկածներն էլեկտրոնային տարբերակից դուրս չեմ գտնում, ես ստիպված եմ լինում օգտվել համակարգչից, բայց գոնե օգնության համար շնորհակալ եմ լինում։ Հեռախոսս էլ բարի նպատակներով եմ օգտագործում. հիմա կան շատ լավ հարթակներ ու հավելվածներ, որոնցով կարողանում եմ ցանկացած բան սովորել։ Ամեն անգամ համակարգիչը միացնելիս մի բան սովորելու կամ ժամանակն սպանելու ընտրությունը ձերն է, նույն իրավունքն էլ ունեն մյուսները: Դուք եղեք ռացիոնալ օգտագործողներ, մյուսներին էլ թողեք ընտրության իրենց իրավունքը։

Խոսեմ մի փոքր այլ բանից։ Երբ որ որևէ մեկը կարդում է որևէ հոդված, ակնկալում է սկզբից տեսնել հոդվածի գրման նախադրյալները, նախապատմությունը կամ շարժառիթները, հետո ծանոթանալ բուն պատմությանը, բայց ամենավերջում, անկախ նախորդ մասերից, ուզում է կարդալ եզրակացությունը։ Այսինքն՝ ընթերցողն ուզում է տեսնել նախնական որևէ պրոբլեմ, զարգացման ընթացքը, իսկ վերջում՝ ձեր լուծումը կամ որոշումը պրոբլեմը վերացնելու համար։ Ընթերցողի համար ամենակարևորը ձեր եզրակացությունն է, որ նման է առակի բարոյախրատական մասին։ Հոդվածներ եմ հանդիպել, որ չեմ հասկացել՝ որտեղ սկսվեց ու որտեղ վերջացավ, կարդացել եմ ու մտքումս ասել` «հետո՞»։ Այսինքն որոշ հոդվածներում անավարտություն է եղել։ Իսկ իմ կարծիքով, հենց ավարտական մասն է ամենաշատը բացահայտում հեղինակի էությունը, դիրքորոշումը, մտածելակերպը։ Եթե պահպանվի հոդվածի ճիշտ կառուցվածքը, ամեն դեպքում հոդվածը սահուն կկարդացվի, կընկալվի որպես պրոֆեսիոնալ գրվածք։

Կարճ ասած՝ ախպոր պես, մի՛ արեք էդպես։ Թե չէ՝ ես էլ կսկսեմ համալսարանում ամեն անելիքիս մասին գրել, ու մի կիսամյակում կստացվի տասնհինգ հատ հոդված քննությունների մասին, ութ հատ` լաբորատոր աշխատանքների, երկու հատ` կուրսայինների, հինգ-վեց հատ էլ՝ ստուգարքներս ստանալու պատմություններ։ Իսկ որ պատկերացում կազմեք, թե ինչքան անհետաքրքիր կլինի դրանք ձեզ համար, ներկայացնեմ մի լաբորատորի պատմության մի հատված. «Իմացա, որ պետք է գրեմ ֆունկցիաների վերաբեռնավորման ամենաբարձր մակարդակից մի հատ խնդիր… Գրելուց հետո, որ կոմպիլյացիա արեցի, սխալ տվեց, պարզվեց՝ մի տեղ մի հատ ստից կետ-ստորակետ էի մոռացել, մի հատ բլոկ չէի փակել ու main-ի return-ը մոռացել էի։ Դրանք որ ուղղեցի, աշխատանքի ընթացքում exception գցեց, իբր թե զանգվածի սահմանից դուրս էր եկել ինդեքսը։ Էդ էլ ուղղեցի, սիրուն աշխատացրեցի, կոնսոլային պատուհանը նկարեցի, լաբորատորս տպեցի, հանձնեցի, ու լավ եղավ»։

Լավ չի, չէ՞։ Գիտեմ։

Որ չմտածեք, թե ես ամեն ինչ շատ լավ եմ անում, ուզում եմ մի քիչ էլ անկեղծանալ իմ վատ հոդվածների մասին։ Մինչև հիմա գրածս հոդվածներից ունեմ երկու ամենաչսիրածներս, որոնցից մեկն առաջին հոդվածս է՝ «Կարևորը ճիշտ ընտրությունն է» վերնագրով, որ մասնագիտական ընտրության մասին է։ Գրել եմ ավելի քան մի տարի առաջ, իսկ էդ ժամանակ դեռ կարգին պատկերացում էլ չունեի 17.am-ի մասին։ Այս տարի կարդալուց շատ ուժեղ ամաչեցի, որ ես դա գրել եմ, որովհետև երևի էն ժամանակ էլ դա դիտվել է որպես շաբլոն նյութ, որի մասին գրել են ավարտական դասարանների բոլոր աշակերտները, Բայց ես չգիտեի դրա մասին, ու եթե հիմա ինչ-որ մեկն ինձ դիմի իմ վերոնշյալ մտքերով, ես հաստատ կհասկանամ իրեն… Իրոք, կարևորը ճիշտ ընտրությունն է, միայն թե այս անգամ՝ նյութի լավ թեմայի ու ներկայացման ձևի ընտրությունը։

Որպես վերջաբան՝ ուզում եմ ներողություն խնդրել բոլոր վիրավորված անձանցից. ես չէի ուզում։ Կներեք, որ ինձ իրավունք վերապահեցի քննադատել ձեր հոդվածները, առավել ևս՝ ինչ-որ խորհուրդներ տալ։ Ես էլ լավ չեմ գրում, դուք էլ ինձ ուղղություն, խորհուրդներ տվեք, քննադատեք, ես շատ կուրախանամ։ Կրկնակի կուրախանամ, եթե ինձ նման «նորեկներից» որևէ մեկը, կարդալով բողոքս, պատկերացնի, թե ինչ բնույթի հոդվածները չեն վայելի լայն շրջանակների հետաքրքրությունն ու համակրանքը, ու մի տարուց հետո էլ իրեն ինձ նման վատ չզգա։

Այսքան երկար գրեցի, որովհետև վաղուց շատ բան ունեի ասելու, ուզեցի բոլորը հիշել, միանգամից ասել, որ էլ երկրորդ անգամ նման բան գրելու առիթ չունենամ, որ հանգիստ խղճով գնամ իմ անշառ հոդվածները գրելու, հուսալով, որ ամեն օր կասեմ, որ «էսօր 17.am-ում լավ հոդվածների օր էր»։

davit aslanyan

Բայց դա պարտադիր չէ

Ով կարծում է` իրավաբանությունը, պետությունը, սահմանադրություններն ու օրենսգրքերը ձանձրալի են, տեղեկացնեմ մի պետության սահմանադրության մասին, որը ձեր պատկերացումները լիովին կփոխի։

Լիտվայի մայրաքաղաք Վիլնյուսում կա մի հետաքրքիր թաղամաս՝ Ուժուպիս անունով։ Ուժուպիսը նախկինում թմրամոլների թաղամաս էր, ուր վիլնյուսցիները չէին շտապում այցելել։ Բայց քանի որ Ուժուպիսում անշարժ գույքն էժան էր, շուտով այստեղ տեղափոխվեցին արվեստագետներ՝ գնելով արվեստանոցներ։ Եվ Ուժուպիսը վերածվեց արվեստագետների թաղամասի՝ անդավաճան մնալով հարազատ մշակաբույսը աճեցնելու սովորույթին։

1997 թվականին թաղամասի բնակչությունը թաղամասը հռչակեց անկախ՝ Ուժուպիսի Հանրապետություն անունով, և ընդունեց սահմանադրություն։ Հիմա Ուժուպիսում ապրում են Վիլնյուսի մտավորականները՝ նկարիչները, երաժիշտները, բանաստեղծները և մարդիկ, ովքեր ուղղակի ուրախ են։ Ներկայացնեմ մի քանի կետ Ուժուպիսի հանրապետության Սահմանադրությունից։

Ուժուպիսի սահմանադրության առաջին կետը ամրագրում է․ «Յուրաքանչյուր Ուժուպիսի քաղաքացի ունի իրավունք ապրել Վիլնյալ գետի ափին, իսկ Վիլնյալն իրավունք ունի հոսել մարդկանց կողքով»։

Հոդվածներից մեկն ասում է, որ ամեն մարդ իրավունք ունի մահանալու, բայց դա պարտադիր չէ, մյուսը՝ որ կատուն իրավունք ունի չսիրել իր տիրոջը, բայց պարտավոր է օգնել տիրոջը, երբ նա դրա կարիքն ունի, հոդվածներից մյուսն ասում է, որ ամեն մեկն ունի իրավունք ծուլանալու և ոչինչ չանելու։ Առանձին հոդվածներ ամրագրում են այն, որ մարդը իրավունք ունի ճանաչել սեփական ես-ի ոչնչությունը կամ փառահեղությունը։ Հատուկ հոդվածներ նվիրված են սիրելու և երջանիկ լինելու իրավունքին։ Մեկ ուրիշ հոդվածում, որը տալիս է մարդուն իրավունք` լինել դժբախտ, դուք կգտնեք «բայց դա պարտադիր չէ» բաղադրիչը։

Ուժուպիսում ապրում են մարդիկ, ովքեր չեն դժգոհում մեծ խնդիրներից և իրենց երջանիկ են համարում։

Արդյո՞ք այն սահմանադրությունը, որի առաջին հոդվածը տալիս է գետին իրավունք հոսելու, ավելի լավ է գործում, քան մյուսները, որոնք հռչակում են իրենց պետության ինքնիշխանությունը։ Այնուամենայնիվ պետության դասական կառուցվածքը, ըստ իս, դեռ մնում է ակտուալ, քանի որ ոչ բոլորն են ազատությունն ընկալում ուժուպիսցիների պես, և հաճախ շփոթելով ամենաթողության հետ երկիրը դարձնում մի փոքր վատը։

Հետաքրքրե՞ց Ուժուպիսի Հանրապետությունը, փնտրի′ր, տե′ս, լսի′ր ու կարդա′ Ուժուպիսի մասին և կիսվի′ր քո կարծիքով։

Ani Ghulinyan

Սպասում ենք հայրիկներին` Ձմեռ պապիկի փոխարեն

Փոքր ժամանակ ես էլ մյուս երեխաների նման սիրում էի ձմեռը: Բայց ոչ նրա համար, որ ձյուն է գալիս, Ամանոր է, ծննդյան օրս ու նման բաներ, այլ որովհետև այդ եղանակին շատ ու շատ հայրիկների նման իմ հայրիկն էլ էր վերադառնում արտագնա աշխատանքից:

Սոցիոլոգները ամեն տարի հայտնում են վիճակագրական տվյալները երկիրը ժամանակավոր լքող տղամարդկանց մասին: Կարդում են սովորականի նման, լուրջ ու անվրդով դեմքով, հաճախ նաև կատակներ անելով, բայց այդ հարյուր հազարավոր մարդկանցից յուրաքանչյուրն իր պատմությունն ունի, երկիրը լքելու իր պատճառները, իրեն ութից տասը ամիս սպասող ընտանիքը:
Նման բաների կողքով երբեք անտարբեր չեմ կարող անցնել, որովհետև ինքս էլ զգացել եմ երկար ժամանակ հայրիկիցս բաժանված լինելու դառնությունը:
Հայրս ներկա չի եղել իմ ծնվելու ժամանակ, երբ առաջին անգամ քայլում էի, առաջին բառն էի ասում, առաջին անգամ դպրոց էի գնում, բայց ամեն դեպքում ես միշտ էլ հասկացել եմ նրա բացակայության արդարացիությունը: Այդ բացակայության շնորհիվ է, որ ես երբեք ոչնչի կարիք չեմ զգացել: Մայրս ասում է, որ ես իմ հասակակիցներից ավելի շուտ եմ մեծացել, որովհետև հաճախ ընտանեկան կենցաղային հարցերը մայրս քննարկում էր ոչ թե հորս, այլ իմ՝ յոթ-ութ տարեկան երեխայի հետ:
Այսօր հայրիկս այլևս չի գնում արտերկիր աշխատելու, ու հիմա էլ ես ոչ թե ձմեռն եմ սիրում, այլ երեկոյան ժամերը, երբ հայրս տանն է լինում: Երբեմն նա ինձնից շուտ է արթնանում, գնում աշխատանքի, երբ ես քնած եմ, և գալիս տուն, երբ ես էլի քնած եմ, ու մենք իրար բարևում ենք միայն հաջորդ օրվա առավոտյան, բայց ես զգում եմ այն ջերմությունը, ապահովության զգացումը, որ ունենում եմ հորս ներկայության դեպքում:
Երբ հորս Ռուսաստան ճանապարհելուց հետո աչքերս թաց ու ամեն կերպ այդ թացությունը թաքցնել փորձելով դպրոց էի գնում, դասղեկս ոչինչ չէր ասում, միայն զանգում ու տեղեկացնում էր մայրիկիս: Մայրիկս էլ ինձ ոչինչ չէր ասում, որովհետև գիտեր, եթե այդ թեմայով սկսեր խոսել, երկուսս էլ չէինք կարողանալու արցունքները զսպել: Դրա համար յուրաքանչյուրս մեր տխրությունը լուռ էինք տանում: Հիմա, տարիներ անց է միայն նա ինձ պատմում պարբերաբար կրկնվող ուսուցչիս զանգերի մասին:

Հայրս տանն է, և ձմեռն այլևս ցուրտ չէ:

serine harutyunyan

Ու երանի

Ու երանի Հայոց պատմության դասագրքի թեմաները ոչնչով չավելանային: Նույնը մնային, ու վերջ: Ու երանի ես չճանաչեի Ռոբերտին, Քյարամին ու մեր մյուս տղերքին: Հա՛, թող ես չճանաչեի նրանց, չլսեի նրանց մասին, նրանց հերոսությունների մասին: Թող նրանք Հերոս չլինեին, ու մեր կողքին հոգեպես լինելու հետ մեկտեղ, ֆիզիկապես էլ լինեին: Ամեն ինչ կտայի, միայն թե պատմության դասագիրքս չբացեի ու Ռոբերտի կամ Քյարամի անունը կարդայի, ամեն ինչ կտայի…

Դասի վերջին տասը րոպեներն են, ու արդեն ուսուցչուհուս հերթն է դաս պատմելու: «Անկախ պետականության կայացման գործընթացը», մեղմ ձայնով ասում է ուսուցչուհիս ու սպասում, որ գրքերը փակենք, որպեսզի սկսի պատմել: Մենք, ինչպես միշտ, առանց դասի երկար ու կարճ լինելը ստուգելու, գրքերը չենք փակում: Բոլորը սկսում են թերթել գիրքը, ես էլ… Ռոբերտ Աբաջյան, դասարանի լռության մեջ լսվում է ձայնս: Չհասկացա էլ, թե ինչ կատարվեց հետս… Թերթեցի ու միանգամից Ռոբերտի անունն ընկավ աչքովս: Ամեն ինչ կտայի, միայն թե պատմության դասագրքի թեմաները չավելանային, ուղղակի նույնը մնային…

Ու երանի… Մյուս դասաժամն է: Համադասարանցիներս դաս են պատմում, Ռոբերտի ու Քյարամի մասին անցյալով են խոսում: Իսկ ես անընդհատ ուզում եմ ուղղել նրանց, ասել, որ ներկայով խոսեն: Ուզում եմ ուղղել ու ասել, որ նրանք ոչ թե մահացան, այլ՝ անմահացան: Նրանք մեզ հետ են, մեր ներկայում, ու մեզ հետ են լինելու, քանի դեռ հիշում ենք նրանց, մեզ հետ են մնալու միշտ…
Ու երանի պատմության դասագրքի թեմաները ոչնչով չավելանային, նույնը մնային, ու վերջ…

meri gevorgyan portret

Ամառը կմոտենա

-Երեխե՜ք, մոտենում է՜…

-Ի՞նչը, Մե՛ր:

-Ախր, մոտենում է:

-Վա՜յ, գժվել ե՞ս, ի՞նչն է մոտենում:

-Ախր, ո՞նց ասեմ, է՜, քիչ է մնացել՝ ընդամենը 6 ամիս ու կհասնի:

-է՜, դե ասա՝ իմանանք:

-Չեմ ասելու, գուշակե՛ք:

-Ամա՞ռը:

-Հա, ամառը մոտենում է, բայց ի՞նչ է հետը բերելու:

-Արև՞:

-Վա՜յ, դե չէ՛:

-Բա ի՞նչ պիտի բերի:

-Քննություննե՜ր:

-Վայ, լավ էլի, Մե՛ր, մի՛ հիշեցրու, ի՞նչ ենք անելու:

-Ախր, գոնե մյուս տարիների նման լիներ. բոլոր քննությունները` գրավոր, իսկ հիմա բանավոր քննություններ էլ ունենք: Էլ չեմ ասում օտար լեզվի մասին, որը նույնպես պետք է բանավոր լինի:

Խոսքս դեռ չէի վերջացրել, երբ ներս մտավ ընկեր Դանիելյանը ու ասաց.

-Արդեն որոշված է՝ քննությունների մի մասը լինելու է բանավոր: Արդեն սկսեք պարապել, որ կարողանաք լավ հանձնել:

-Ո՜ւֆ, տիկին Դանիելյա՞ն, ինչի՞ հենց մեր ժամանակ պիտի փոխվեր քննությունների ձևը:

-Մենք մեղավոր չենք, որ այսպես է որոշվել:

-Է՜, փոշմանել եմ:

-Ի՞նչն ես փոշմանել:

-Ես չպիտի ուշ գայի դպրոց, հիմա 9-րդ դասարանի քննությունները հանձնած կլինեի:

-Է՜, դե լա՜վ, հույսներդ դրեք ձեզ վրա, իսկ հիմա անցնենք դասին:

Astghik hakobyan

Փոփոխություններ

Հինգշաբթի օրը, դպրոցում, վերջին ժամին ամբողջ 9-րդ դասարանը բուռն քննարկումների մեջ էր։

Ցավալի լուրն արդեն հայտնի էր բոլորիս․ քննակարգը փոխվել է՝ գրականություն, պատմություն, օտար լեզու․ այս առարկաների քննությունները լինելու են բանավոր, իսկ որ ամենավատն է՝ բնագիտական չորս առարկաներից էլ հարցեր են լինելու մի թեստում։ Այլ կերպ ասած, քննություն պետք է տանք համ կենսաբանությունից, համ քիմիայից, համ էլ ֆիզիկայից ու աշխարհագրությունից։ Բոլորս դժգոհ էինք: «Հենց էս տարի՞ պետք ա սենց լիներ, երբ մենք ենք քննական դասարանը»,- այս էր բոլորի մտքում։

Այսպիսի վատ տրամադրությամբ էլ գնացինք տուն։

Ուրբաթ օրը՝ երկրորդ ժամին, համաշխարհային պատմության դաս էր։ Ընկեր Վարդանյանը դասարան մտնելուց ու բարևելուց հետո ասաց․

-Երեխանե՛ր, հիմա ձեր դասղեկը կգա, ձեզ բան ունի ասելու։

Դե, սպասում ենք։ Րոպեներ անց եկավ դասղեկն ու հայտարարեց․

-Էրեխեք, քննակարգի մեջ էլի փոփոխություններ են էղել․․․ Աստված ձեր ձայնը լսեց, բնագիտական առարկաների քննությունը ընտրովի է լինելու, որը ընտրեք՝ դրանից էլ քննություն կտաք։

-Ջաա՜ան,- լսվեց ամեն կողմից։

-Լավ, հիմա հերթով, համարներով ասում եք, թե չորս բնագիտական առարկաներից որն եք ընտրում։ Ես կնշեմ, ցուցակն էլ չի փոփոխվելու։

Բոլորը բավականին շուտ կողմնորոշվեցին ու ասացին նախընտրած առարկան։ Հերթը հասավ 8-րդ համարին՝ ինձ։ Ես չէի կողմնորոշվում, թե որն ընտրեմ։

-Աստղիկ, արագացրու։

«Լավ, հիմա ի՞նչ ասեմ»։

-Աստղ, քեզ չեմ մեղադրում, այդ չորս առարկան էլ հավասար սովորում ես, դրա համար էլ չես կարողանում շուտ որոշել,- լսեցի դասընկերուհուս բացատրությունը։ Բոլորն ինձ էին սպասում, իմ պատասխանին։

-Ես ընտրում եմ․․․ Կենսաբանություն,-վերջապես ասացի ես։

-Աստղիկ ջան, այնքան հանդիսավոր արտասանեցիր՝ քիչ մնաց ծափահարեինք,- ծիծաղելով ասաց դասղեկս։

Դե․․․ Հուսով եմ կենսաբանությանս քննությունը լավ եմ հանձնելու։

Hasmik Miqayelyan

Նախաքննական տրտունջ

Այս տարին դպրոցական տարիներից ամենավատ տարին է իմ և ընդհանրապես մեր ամբողջ դասարանի համար: Քննություններ ունենք համարյա բոլոր առարկաներից: Մենք հույս ունեինք, որ գոնե բնագիտական առարկաները ընտրովի կլինեին, բայց ոնց որ ասում ենք, ու բոլորն էլ ասում են` փոփոխությունները ջարդվեցին մեր գլխին:

Բանավոր քննություններ: Ես արդեն մի անգամ տվել եմ բանավոր քննություն և դա շատ բարդ է: Միայն հանձնաժողովի անդամների ուշադիր նայելն արդեն շփոթեցնում է: Եթե երաժշտական քննությունը այդքան բարդ էր, ինչպե՞ս ենք հանձնելու դպրոցական քնությունները: Միայն այդ մասին մտածելն արդեն վախ է առաջացնում: Մտածում եմ` ինչպես ենք հասցնելու այդքան դաս կրկնել. 7-րդ դասարանից սկսած պետք է կրկնենք և ոչ միայն կրկնենք, այլ նաև նորից սովորենք, որ կարողանանք հանձնել բանավոր քննություններ:

Լավ է, գոնե բնագիտական առարկաները և մաթեմատիկան գրավոր են, բայց բնագիտական 4 առարկաներից քննություն կա: Ֆիզկուլտուրան էլ մի կողմից մտցրեցին քննությունների մեջ: Անգամ օտար լեզուները բանավոր են:

Չգիտեմ, ինչպես ենք հասցնելու այդքանը պարապել, կամ ինչպես ենք բոլոր դասերը հիշելու: