#EcoCamp

Ամենամոտ ընկերական կապերն աշխարհում հաստատվում են մի հայացքով, մի ժպիտով։ Ժպտացող մարդու տեսնելով՝ մենք ժպտում ենք ի պատասխան, և ուղեղն էնդորֆին է արտադրում, որն ապահովում է ուրախ տրամադրությունը։ Ժպիտով մենք դիմավորում ենք լավագույններին և արցունքների միջից ժպտալով հրաժեշտ ենք տալիս նրանց։ Հրաժեշտները ոչնչի վերջ չեն դնում, քանի որ ժպիտներն արդեն իսկ սկսել են ամեն բան։ Մի այդպիսի ժպիտից էլ ծնվեց #EcoCamp2019-ի ընկերական միջավայրը։ Թվում է, թե բնապահպանական ճամբարի 5 օրը չափազանց քիչ է իրար հետ կապվելու, իրար ընկեր անվանելու համար, բայց արի ու տես, որ դա հնարավոր է։

Երկար-երկար ճանապարհ անցնելուց հետո Գավառի մեր խումբը վերջապես հասավ Գյումրուց ոչ շատ հեռու գտնվող, Մարմաշեն վանքի հարևանությամբ տեղակայված վրանային ճամբար, որտեղ մեզ դիմավորեցին մոտ 30 հետաքրքրասեր, ժպտացող դեմքեր։ Սկզբում վրանները «կահավորեցինք», իսկ քիչ անց սկսվելու էին ծանոթությունները ու անվերջանալի զրույցները ամենատարբեր թեմաների շուրջ, ապա մեկը մյուսին թեյ էր հյուրասիրելու, երեկոյան պարելու էինք բարձր երաժշտության տակ կամ զբոսնելու մոտակայքում՝ Ախուրյանի ափին, խաղալու էինք տարբեր խաղեր ու լույսերը մարելուց հետո տեղափոխվելու էինք ավելի ջերմ ու մտերմիկ միջավայր՝ խարույկի շուրջ՝ զրուցելու, երաժշտություն լսելու կամ կրակի ճտճտոցի ու քամու երգերի տակ լիալուսնի տեսքով հիանալու։ Գիշերը չոր հատակին քնելուն էինք հարմարվելու կամ բացարձակ չէինք քնելու, որովհետև մի խումբ արկածախնդիրներ հումորներ անելով աղմկելու էին վրաններում։

Առաջին օրը խոստումնալից էր, մարդիկ վստահություն էին ներշնչում։

Երկրորդ օրվա սկսվելուն պես ճամբարային օրվա գրաֆիկում ավելացան բնապահպանական թեմաներով դասընթացները։

Ոլորտի մասնագետները մեզ օգնում էին հասկանալ հանքարդյունաբերության, անտառհատումների, գլոբալ տաքացումների, Սևանա լճի աղտոտման, բնական ռեսուրսների անխնա օգտագործման հետևանքների ու այլընտրանքային լուծումների մասին։ Անդրանիկի դիպուկ հարցերի տեղատարափը, Անիի, Վարդանի ու Հովհաննեսի խելացի դիտարկումները ինֆորմացիան ավելի դյուրըմբռնելի էին դարձնում, իսկ փորձագետների կողմից հնչած հետաքրքիր փաստերը զարմացնելու էին շատերիս։

Օրինակ, գաղտնիք չէ, որ շատ երկրներում դիակներն այրում են։ Բայց ո՞վ կմտածեր, որ այդ ածխածնով հարուստ մոխիրները բնության մեջ երկար տարիներ մնալով՝ կարող են վերածվել ալմաստի։

Գիտեինք, որ թուղթը ստացվում է փայտից, բայց փաստորեն թղթի սպիտակեցումը ամենատոքսիկ և թունավոր գործընթացներից է համարվում։

Սովորեցինք, թե ինչպես կարելի է ջրում եռացնելով՝ վերամշակել և վերօգտագործել թուղթը, իմացանք, որ մետաղները անսահմանափակ թվով կարելի է վերամշակել և օգտագործել։ Եվ որ նյութը ու էներգիան միևնույն բանն են, որ միշտ հերթափոխում են միմյանց. նյութից էներգիա, էներգիայից` նյութ։

Զարմանալի էր, որ ժամանակին հրաբխային ամպերում կուտակված ծծմբաջրածինը ոչնչացրել է դինոզավրերին, բայց մաքուր ծծմբաջրածինը մարդու ծերացումը կարող է դանդաղեցնել։

Մեր մտքի տերմինների բառարանում ավելացավ նաև «ածխածնի ոտնահետք» տերմինը, որն օգտագործվում է, երբ մենք ուզում ենք չափել ջերմոցային գազերի արտանետումների, հատկապես CO2-ի մակարդակը։

Թե ինչ սովորեցինք մենք 5 օրերի ընթացքում, կարելի է անվերջ թվարկել, որովհետև ոչ միայն դասերի ընթացքում, այլև ամեն քայլափոխի մենք մեկս մյուսից մի օգտակար բան էինք սովորում։ Համոզված եմ, որ բոլորիս հիշողության մեջ միշտ մնալու է Գրիշա պապիկը՝ նույն ինքը բարության ու հավերժ երիտասարդության մարմնացումը, որը վայրկյանների ճշգրտությամբ մեզ լույս էր մատակարարում կամ զրկում էր էլեկտրաէներգիայից, որը խաղում էր մեզ հետ, զրուցում ընկերաբար, հորդորում Արտաշեսին (Կյաժին), որ նստածներին պարելու կանչի կամ մի կարգին երգ միացնի։

Ճամբարականներից յուրաքանչյուրը մի առանձին, չբացահայտված տիեզերք էր՝ անսահման, խորը, հանելուկային, որոնց մասին հատ առ հատ կուզենայի պատմել անվերջ երկար, բայց վերջին դասընթացի օրը, գիշերը՝ խարույկի շուրջ, բոլորս կիսվեցինք միմյանց մասին ունեցած մեր տպավորություններով ու կարծիքներով, բոլորս նկարագրեցինք մեր սրտի խորքերում ինչ-որ տեղ բույն դրած մարդկանց, իսկ ես այդ ընթացքում հասցրի նույնիսկ ինձուինձ բարկանալ, թե ուր հանկարծ անհետացավ փոքր քույրս (նա հանկարծակի այստեղից այնտեղ հայտնվելու աշխույժ բնավորություն ունի)։

Հոգեբանին հարցրեք, և նա ձեզ կասի, որ լացն ու ծիծաղը նման են իրար։ Երբ ժպտում ես կամ լաց ես լինում ժպիտով, նույն զգացողությունն ես ունենում։ Երբեք չեմ մոռանա հրաժեշտի ժամանակ գլորվող արցունքներն այտերից սրբող, արցունքների միջից ժպտալով հրաժեշտ տվող ընկերներիս։ Գրկում էինք հեռացողներին, մի պահ մտածում, որ էլի կհանդիպենք, բայց միևնույնն է, չէինք ուզում բաց թողնել, որովհետև զգում էինք, որ բաց թողնելուն պես մեքենան կշարժվի, ու մեր թիվը քիչ-քիչ կպակասի։

Տաքսին սպասում է, շարժվեցինք։ Արդեն բավականին հեռացել ենք ձեռքերն օդում թափահարող ընկերներիցս, բաց դեռ հետ ենք նայում, մինչ նրանց պատկերները կձուլվեն հեռու հորիզոնին ու կպահվեն մեր հուշերում։

Բայց մենք ժպտում ենք, որովհետև հրաժեշտները ոչնչի վերջ չեն դնում, ժպիտներն արդեն իսկ սկսել են ամեն բան։

Բացահայտելով Հայաստանի ITոլորտը. Triada Studio

Շարունակելով բացահայտել Հայաստանում IT ոլորտը և այդ ոլորտի լավագույններին` այս անգամ առիթ ունեցա հյուրընկալվել Triada Studio-ում և զրուցել կազմակերպության տեխնիկական տնօրենի՝ Բագրատ Դաբաղյանի հետ։

-Ինչպե՞ս ստացվեց, որ եկաք IT ոլորտ, մի՞շտ եք երազել այս ոլորտում լինել։

-Երևի 4-րդ դասարանում էի ու մի քիչ շախմատ խաղալ գիտեի։ Մի օր դպրոցում ինձ սարք ցույց տվեցին, որի հետ կարող էիր շախմատ խաղալ։ Ես շոկի մեջ էի, երբ պարտվեցի: Չէի մտածում, որ այդ մետաղի կտորը կարող է ինչ-որ մեկին հաղթել։ Կարճ ասած՝ հենց այդ պահից էլ կյանքս փչացավ,- ծիծաղում է,- թե չէ կարող է գնալ, գիտնական դառնալ ու միջուկային ֆիզիկա ուսումնասիրել, որովհետև միշտ ավելի շատ գիտությամբ եմ հետաքրքրված եղել՝ ֆիզիկայով, քիմիայով, մաթեմատիկայով։ Մի խոսքով, այնպես ստացվեց, որ ես տարվեցի խաղերով ու այն տեխնոլոգիաներով, որոնք թույլ են տալիս երկաթի կտորին շախմատում հաղթել, դրա համար էլ սկսեցի ծրագրավորմամբ հետաքրքրվել։ Ծրագրավորումը շատ երկար ժամանակ հոբբի էր, իսկ գումար աշխատում էի որպես համակարգչային գրաֆիկայի մասնագետ։

-Ի՞նչն է հատկապես ձեզ դուրս գալիս game developer լինելու մեջ։ Ինչո՞ւ ընտրել հենց այս մասնագիտությունը։

-Ես սիրում եմ խաղեր խաղալ ու համարում եմ, որ խաղեր սարքելը շատ հետաքրքիր գործընթաց է։ Նկարելն ու վիզուալ մասն էլ է հետաքրքիր, բայց ծրագրավորելը լրիվ տարբերվող զգացողություն է։ Օրինակ՝ երբ ինչ-որ մեխանիզմ ես գրում, ու այն սկսում է աշխատել, երբեմն զարմանում էլ ես, որովհետև քո գրած կոդը աշխատում է, իսկ դու մտածում էիր, որ լավ չէիր գրել։ Հասկանո՞ւմ եք, դրանից հետո քեզ մի քիչ քո ստեղծած աշխարհի աստվածն ես զգում, իսկ դա շատ թույն զգացում է։

Ինչ վերաբերում է մասնագիտության ընտրությանը՝ կարծում եմ, որ շատ կարևոր է, որ քեզ դուր գա քո աշխատանքը։ Հնարավոր չէ լավ անել մի բան, ինչը չես սիրում, նույնիսկ եթե դրա դիմաց քեզ ահավոր շատ գումար առաջարկեն։ Իսկ խաղային ինդուստրիան կարող է սիրելի դառնալ, որովհետև խաղալը նախ և առաջ զվարճալի է։ Չնայած նրան, որ խաղ ստեղծելու պրոցեսը հետաքրքիր է, միևնույնն է, ինչպես ցանկացած աշխատանք, այն նույնպես ունի իր դժվարությունները։ Աշխատանքի մոտ 30-40%-ը շատ հաճելի է լինելու, այսինքն՝ նոր ինչ-որ պատկերների, վիզուալ էֆեկտների ստացումը, այն, որ տեսնում ես, թե ոնց է քո ստեղծած աշխարհը ապրում, շատ հաճելի է։ Բայց մնացած մասը հաստատ դժվար է լինելու՝ խաղը ավարտելու և այն կատարյալ տեսքի հասցնելու տեսանկյունից։ Նույն կերպ «Shadowmatic»-ը, երբ ես 1,5 տարում գրեթե ավարտել էի, սկսվեց մանր ինչ-որ թերությունների դժոխք, որոնք պետք է շտկեի պրոդուկտը վերջնական տեսքի բերելու համար։ Այդ խնդիրը երևի ցանկացած մասնագիտության մեջ էլ կա։

Բացի դրանից՝ կարծում եմ, այս ոլորտում բավականին մեծ հնարավորություններ կան լավ եկամուտ ունենալու, եթե իհարկե որակով պրոդուկտ ես ստեղծել։ Digital product-ները ավելի հեշտ է արտահանել, և նրանք վերացնում են սահմանները։ Այսինքն՝ կապ չունի դու քո ծրագիրը Հայաստանում ես գրում, թե ինչ-որ ուրիշ երկրում, դա չի խանգարում, որ ինչ-որ մի չինացի օգտատեր խաղա քո՝ Հայաստանում ստեղծած խաղը։

-Ի՞նչ հմտություններ կամ հատկանիշներ պետք է ունենաս լավ game developer լինելու համար։

-Պետք է կարողանաս երկար ժամանակ դիմանալ նրան, որ ինչ-որ բան ես անում, որը չի ստացվում։ Մարդիկ կան, որ մի օր փորձում են՝ չի ստացվում, ու ձեռքերը լվանում են։ Բայց իրենք գուցե սխալվում են, կարո՞ղ է մի շաբաթ էր պետք փորձել։ Անհրաժեշտ է համբերատար ու նպատակասլաց լինել։

Իսկ ընդհանուր գիտելիքները՝ պետք է միջինից լավ մաթեմատիկա իմանալ, որովհետև պետք է գալիս ինչ-որ բաներ հեշտ հասկանալու համար, ծրագրավորում է պետք, ու լավ կլինի՝ մի քիչ ավելի խորը հասկանալ, թե իրականում համակարգիչը ինչպես է աշխատում։ Այսինքն՝ web ծրագրավորման տեխնոլոգիաների հետ մեկտեղ մի քիչ ավելի ցածր մակարդակի բաներ էլ է պետք իմանալ։ Երկրորդ մասը գրաֆիկական դիզայնն է, որը նույնպես մեծ ասպարեզ է։ Բայց կարծում եմ, որ չարժե ամեն ինչ միայնակ անել, թիմային աշխատանքը ավելի արդյունավետ է։ Այսինքն՝ լավ կլինի, որ թիմ ունենաք, որտեղ կլինեն մարդիկ, որոնցից մեկը լավ ծրագրավորում կիմանա, մյուսը՝ գրաֆիկական դիզայնից լավ գլուխ կհանի և այլն։ Այստեղից էլ բխում հաղորդակցման հմտությունների կարևորությունը, պետք է թիմային խաղացող լինես։

-Ինչի՞ց պետք է սկսի երիտասարդ ծրագրավորողը։ Հնարավո՞ր է ինչ-որ կրթվելու լավ հարթակներ խորհուրդ տայիք։

-Հիմա ընդհանրապես շատ լավ ժամանակաշրջան է, այնպես չէ, ինչպես մեր համար էր 20 տարի առաջ։ Հիմա գոյություն ունի YouTube-ի նման հարթակ, որտեղ, կարծում եմ, կարելի է դառնալ թե՛ շատ լավ ծրագրավորող, թե՛ գրաֆիկական դիզայներ։ Անվճար ինֆորմացիայի անսպառ տիրույթ, որից սովորելու համար ուղղակի ցանկություն ու մի քիչ էլ համբերություն է պետք։

Ինձ թվում է՝ պետք է ուղղակի սկսել առանց որևէ նախապայմանի։ Այսինքն՝ քո դիմաց պետք է ինչ-որ խնդիր դնես ու փորձես լուծել այն։ Հետո ընթացքում կհասկանաս այդ խնդիրը լուծելու համար քեզ ինչ է պետք սովորել։ Իհարկե, լավ գաղափար է նաև համալսարան կամ ուրիշ ինչ-որ տեղ գնալ սովորելու, որովհետև մաթեմատիկայի ու ինֆորմատիկայի բազան կարող է հետո օգնել։ Ամեն դեպքում, սկսելու համար ուղղակի պետք է մի հատ Google search անել․․․

-Ի՞նչ եք կարծում, Հայաստում game development-ով զբաղվող մասնագետների կարիք կա՞։

-Այո՛, միանշանակ կա։ Կարծում եմ՝ ընկերներս Rockbite Games-ից նույնպես կհամաձայնեին ինձ հետ։ Մենք առհասարակ լավ ծրագրավորողների պակաս ունենք։

-Կարծում եմ՝ ժամանակն է մի քիչ «Shadowmatic»-ի մասին խոսելու։ Կպատմե՞ք՝ ինչպես է ստեղծվել այն։

-Triada Studio-ն իր ստեղծման օրից՝ 1993 թ․-ից, միշտ եղել է համակարգչային գրաֆիկայի ու անիմացիայի ստուդիա։ Ես ստուդիայում 2004 թ․-ից եմ, մինչ այդ ժամանակավորապես արտագաղթել էի երկրից։ Սկսեմ նրանից, որ վերջին 15 տարվա ընթացքում մեր թիմը միշտ ցանկացել է խաղային ինդուստրիայում լինել։ Բայց մենք անընդհատ ինչ-որ շատ բարդ ծրագրեր էինք մտածում, որոնք գրեթե անհնար էր իրականացնել եղած ռեսուրսներով և Հայաստանի լավ մասնագետների սուղ քանակով։ Արդյունքում մի շարք ծրագրեր կիսատ էինք թողնում, որովհետև հասկանում էինք, որ շատ բարդ է, որ մի 200 հոգանոց թիմ է պետք դրանք իրականացնելու համար։ Հետո որոշեցինք մի քիչ ավելի պարզ խաղ սարքել։ Սկզբից մի քիչ անլուրջ էինք վերաբերվում, բայց որոշեցինք ավարտին հասցնել։ Հետո, երբ մեկուկես տարվա ընթացքում արդեն prototype ունեինք, հասկացանք, որ «Shadowmatic»-ի վրա կարելի է աշխատել։ 4 հոգանոց թիմ հավաքվեց, ու մենք անվերջ ինչ-որ աշխատանք էինք անում, որովհետև ծրագիրը մերն էր, ու ոչ մի վերջնաժամկետ չկար։ Շատ լավ գրաֆիկա էինք արել, ու խաղը նման չէր ոչ մի բանի, որովհետև «Shadowmatic»-ը զրոյից ինքներս էինք գրել, հենց այստեղ էլ ես ուղղակի օգտագործեցի իմ տասնյակ տարիների հոբբին։

Անվերջ աշխատանքը մի օր բերեց նրան, որ որոշեցինք մի փոքր հոլովակ սարքել ու տեղադրել YouTube-ում, հասկանալու՝ առհասարակ խաղը կհետաքրքրի՞ մարդկանց, թե՞ ոչ։ Մի շարք նամակներ ուղարկեցինք կայքերի, որոնք խաղերի մասին բնութագրեր են գրում, դե հակառակ դեպքում ո՞նց էին մարդիկ իմանալու, որ YouTube-ում նման հոլովակ կա։ Մի երկու օրից ահավոր մեծ ու անսպասելի աղմուկ ստեղծվեց։ Բոլոր այդ կայքերը իրենց առաջին էջերում «Shadowmatic»-ի մասին էին գրում։ Հայտնվեցին մարդիկ, ովքեր սպասում էին խաղին, ու դա որոշ պատասխանատվության զգացում առաջացրեց՝ խաղը ավարտելու։ Այդ աղմուկը արդյունքում հասավ Apple-ին, որտեղից մեզ սկսեցին գրել, հարցնել, թե երբ է խաղը դուրս գալու։ Ու հետո, ինչ-որ մի պահի խաղը ավարտեցինք։

-Ի՞նչ հաջողություններ է հասցրել գրանցել խաղը։ 

-Ամենասկզբում, երբ խաղը արդեն հասանելի էր, Apple-ի կողմից ստացավ editor’s choice։ Ամենաաղմկոտը երևի 2015թ-ին ստացած «Apple Design Award» մրցանակն էր։ Մի տարի հետո պատահական պարզեցինք, որ ԱՊՀ-ում մենք առաջինն ենք, որ արժանացել ենք նման մրցանակի։ Մյունխենում ստացել ենք «Best App For Teens» մրցանակը, Մոսկվայում՝ DevGamm2015-ին երկու մրցանակ ստացանք, մեկը՝ «Excellence In Visual Art Award», մյուսը՝ «Media Choice Award», 2016-ին Սան Ֆրանցիսկոյում «International Mobile Gaming awards»-ի ժամանակ «Best Technical Achievement» և «People’s Choice Award» ստացանք։ Շատ անսպասելի էր «Best Technical Achievement» ստանալը, որովհետև շատ լուրջ բրենդների հետ էինք մրցում, օրինակ՝ Angry Birds, Need for Speed և այլն։ Մենք եկել էինք Սան Ֆրանցիսկո, որ ոչ մի բան չստանանք և հետ վերադառնանք։ Բայց մեկի տեղը երկու մրցանակ ստացանք։ «People’s Choice Award»-ը նույնպես շատ անսպասելի էր, կարելի է ասել, որ սա Հայաստանի հաղթանակն էր։ Մրցույթից առաջ Facebook-ում տարածել էի քվեարկության հղումը։ Շատ ընկերներ, նույնիսկ հայկական շոուբիզնեսի հայտնի դեմքեր, տարածել էին link-ը, ու լիքը մարդ քվեարկեց։ Մրցույթի կազմակերպիչները նույնիսկ հարցնում էին, թե ոնց ենք կարողացել այսքան ձայն հավաքել։ Այդ առումով մերոնք շատ ակտիվ էին, միլիոնանոց բրենդերի խաղացողներին այդքան չէին քվեարկել։ Ուրիշ հետաքրքիր մրցանակներ էլ ենք իհարկե ստացել․․․

-Սպասո՞ւմ էիք, որ նման հաջողություններ կգրանցի։ Քանի՞ օգտատեր է «Shadowmatic» խաղում և ո՞ր տարածաշրջաններում է այն առավել տարածված։

-Այս չափ չէ՛, չէինք սպասում։ Իհարկե, ակնկալում էինք, որ ինչ-որ հաջողություններ կգրանցենք, որովհետև եթե առհասարակ չգրանցեր, մի քիչ կարող է հիասթափվեինք։ Բայց երբ Apple-ից գրեցին, սկսեցի մտածել, որ հնարավո՞ր է այս խաղը միլիոններ խաղան, ու այդպես էլ եղավ։ Շատ հետաքրքիր դեպքեր էլ են լինում, երբ մեր օգտատերերից նամակներ ենք ստանում, որ մեր խաղը իրենց ինչ-որ բանով օգնում է։ Օրինակ՝ ԱՄՆ-ից նամակ էին գրել, որ իրենց մոտ աուտիզմով հիվանդ երեխաների համար դպրոց կա, ու իրենք կարծում են, որ խաղը լավ է անդրադառնում երեխաների զարգացման վրա, դրա համար խնդրում էին, որ իրենց անվճար տրամադրենք։

Մոտավոր 10-15 միլիոն մարդ փորձել է խաղալ։ Մի քանի տարի առաջ Apple-ը մեզ առաջարկեց free app of the week անել ու այդ մի շաբաթվա ընթացքում շատ մեծ քանակով մարդ էր ներբեռնել, օրը՝ 200 000 և ավելի։

Ամենաշատը ԱՄՆ-ում և Չինաստանում են խաղում։ Սկզբում ԱՄՆ-ում էին ամենաշատը ներբեռնում, հետո ինչ-որ պահի Չինաստանը սկսեց շատ ակտիվանալ։ ԱՄՆ-ում շատ են առնում, որովհետև իրենց համար դա երևի չնչին գումար է, իսկ Չինաստանում խաղը հայտնի է ոչ թե նրա համար, որ էժան է, այլ որովհետև իրենք սիրում են խաղը։ Կարծում եմ, որ «Shadowmatic»-ը իրենց մշակույթին որոշ չափով հարազատ է։ Չինացիները գրեթե երբեք վատ մեկնաբանություններ չեն թողնում, նույնիսկ երբեմն երկար շնորհակալական բանաստեղծություններ են գրում,- ծիծաղում է։

-Մի քիչ խաղի մանրամասների մասին կպատմե՞ք։

-Այս պահին խաղը 100-ից ավել level ունի, ընդ որում 1 տարի առաջ մենք թողարկել ենք «Shadowmatic»-ի շարունակությունը, որը կոչվում է՝ Other Worlds, այնտեղ էլ ևս 33 level կա։ Այն հասանելի է 13 լեզվով, այդ թվում նաև հայերենով։ Խաղը բաղկացած է գլուխկոտրուկներից, որտեղ խաղացողը պետք է անիրական առարկաներ տեղաշարժելով պատի վրա ստանա ճանաչելի իրերի ստվերային պատկերներ։ Խաղը հուշումների ֆունկցիա ունի։ Հիմա նոր թարմացում եմ ուզում ավելացնել, որովհետև որոշ level-ների ժամանակ հուշումների համակարգը չի փրկում, և մարդիկ դժվարանում են անցնել, դրա պատճառով պրոգրեսը կանգնում է։ Հեշտացնել էլ չենք ուզում, որովհետև, օրինակ՝ չինացիները մեծ մասամբ անցնում են։ Թարմացումը օգտատերի փոխարեն ճիշտ ուղղությամբ տեղաշարժում է առարկաները՝ դրա դիմաց 3 միավոր վերցնելով։

-Ի՞նչ հարթակներում է խաղը հասանելի։

-Սկզբում IOS exclusive էր։ Տեխնիկական խնդիրներ կային, որովհետև Android սարքերը շատ են և շատ են իրարից տարբերվում, հետևաբար դժվար էր խաղը բոլոր սարքերի համար ադապտացնելը։ Միայն 2 տարի անց այն հասանելի դարձավ նաև Android սարքերի համար։ Իսկ «Other Worlds»-ը այս պահին միայն IOS սարքերի համար է հասանելի։

-Եվ վերջում, ինչպե՞ս եք պատկերացնում Triada Studio-ի ապագան միջազգային խաղային ինդուստրիայում։ Ի՞նչ պոտենցիալ ունեք դուք և այլ հայկական թիմերը։

-Ոչ մի յուրահատուկ ձև, շարունակելու ենք նույն կերպ աշխատել։ Կասկած չկա, որ մենք ապագա ունենք այս ինդուստրիայում, հակառակ դեպքում չէի զբաղվի նրանով, ինչով զբաղվում եմ։ Իհարկե բոլոր կազմակերպությունների մոտ էլ երբ առաջին հաջողված ծրագրից հետո սկսում են երկրորդը, միշտ էլ ինչ-որ մտավախություններ են լինում։ Չի կարելի փորձել աշխատել առանց սխալների։ Եթե ես փորձեմ երկրորդ ծրագրի մեջ չկրկնել այն սխալները, որոնք արել եմ «Shadowmatic»-ի ժամանակ, հնարավոր է՝ երբեք երկրորդը ավարտին չհասցնեմ։ Բայց, իհարկե, անկախ ամեն ինչից՝ երկրորդն էլ կլինի, երրորդն էլ, և հույս ունեմ, որ էվոլուցիայի համաձայն՝ մեկը մյուսից ավելի հաջողված կլինեն։ Հայաստանում IT-ին զարգանում է, չնայած՝ այդքան լավ վիճակում չէ և ոչ էլ այնքան արագ տեմպերով է զարգանում, ինչպես սովորաբար նկարագրում են, բայց մենք ունենք բոլոր հնարավորությունները մի քանի տարի հետո հիանալի արդյունքներ գրանցելու համար։

Ցամաքաբերդի ճոճանակը

Լուսանկարը` Մարի Ավետիսյանի

Լուսանկարը` Մարի Ավետիսյանի

Ժամը չորսն անց կլիներ, արևի ճառագայթները սաստիկ այրում էին: Ես և մորեղբորս դուստրը, որը չորս տարեկան է, միասին մանկապարտեզից քայլում էինք տուն: Ճանպարհին սկսեց պատմել, որ նախորդ օրը իրեն ու եղբայրներին ծնողները տարել էին Ցամաքաբերդի միակ կարուսելները, և այնտեղ իրենք խաղացել էին, իսկ տուն վերադառնալու ճանապարհին չորս տարեկան Անահիտը նկատել էր, որ կոտրված ճոճանակը շարունակում էր օրորվել: Նա ինձ հարցրեց, թե ինչպես է դա հնարավոր: Իսկ ես, մոռանալով երեխայի տարիքը, սկսեցի բացատրել, որ Ցամաքաբերդը գտնվում է լեռների ու լճի արանքում, ինչի պատճառով էլ մշտական քամու տակ է, և որ ճոճանակի շարժվելը ճիշտ և ճիշտ կապված է քամու սրընթաց շարժման հետ: Երեխան լսեց ինձ և գլուխը դրական շարժեց, ինչն էլ վկայում էր այն մասին, որ նա ամեն ինչ հասկացել է: Հետո, երբ բաժանվեցի երեխայից, սկսեցի հիշել ճոճանակը, որը ամեն անգամ օրորվելիս ճռռում էր, և որի ձայնը անտանելի էր թվում կողքին գտնվողների համար: Ցավալին այն է, որ դա թաղամասի միակ խաղահրապարակն է, և երեխաները այդ կոտրված և հնությունից ճռացող կարուսելներից բացի՝ ուրիշ խաղալու տեղ չունեն:

Լուսանկարը` Մարի Ավետիսյանի

Լուսանկարը` Մարի Ավետիսյանի

Այդ խաղահրապարակը գտնվում է Ցամաքաբերդի դպրոցից մի փոքր ներքև: Հիշում եմ՝ երբեմն մենք մեր դասարանով դասից փախչում էինք և գնում այնտեղ, իսկ երբեմն էլ մեզ այնտեղ տանում էր ֆիզկուլտուրայի ուսուցիչը: Իմ սովորության համաձայն նստում էի կոտրվաճ ճոճանակին և երևի ժամերով օրորվում, իսկ քամին օրորում էր իմ վարսերը: Մի օր էլ հանկարծակի անձրև սկսվեց, և մինչև վազելով դպրոց հասանք, թրջվել էինք: Ուսուցչուհիս բարկացել էր, բայց ոչ այն բանի համար, որ դասի չէինք նստել, այլ որ թրջվել էինք:

Մենք դասարանում չորս աշակերտ էինք, տասներկուերորդ դասարանում մեզ միացավ ևս մեկը: Դպրոցում մեր ամենասիրելի վայրը փոքրիկ գրադարանն էր, բայց այնտեղ երկար չէինք մնում․ սարսափելի ցուրտ էր:

Դեռևս մեկ տարի առաջ խոսակցություններ կային, որ դպրոցը փակվելու է՝ աշակերտ չունենալու և պայմանների բացակայության պատճառով: Բայց դա, վստահ եմ, երբեք չի լինի: Ճիշտ է, Ցամաքաբերդի դպրոցը ունի հարյուրից էլ քիչ աշակերտներ, բայց ունի ուսուցման բարձր մակարդակ և հիանալի ուսուցիչներ: Իսկ խաղահրապարակը անշուշտ պետք է վերանորոգեն, որպեսզի այնտեղ խաղան այդ հարյուրից էլ քիչ աշակետները ու Ցամաքաբերդի նոր սերունդը:

Լուսանկարը` Մարի Ավետիսյանի

Լուսանկարը` Մարի Ավետիսյանի

Այս ամենը հիշելուց հետո նկատեցի, որ ժամը յոթն է, այսինքն՝ արևը մայր է մտնում: Ու ինչպես մանուկ ժամանակ էի մտածում, հիմա էլ կմտածեմ, որ արևը մայր է մտնում միայն Ցամաքաբերդի սարերի հետևում, իսկ լեռներից դանդաղ իջնում է մառախուղը՝ ծածկելով սար ու դաշտեր, քամին սուլելով անցնում է բոլոր նեղ փողոցներով, մարդիկ բոլորը իրենց աշխատանքները ավարտած տուն են գնում, իսկ գիշերը գալիս ու գրկում է բոլոր տները ու իմ դպրոցը։ Իսկ այնտեղ հեռվում միայնակ օրորվում է կոտրված ճոճանակը:

nare hovhannisyan

Մի փոքր խոսենք

Երջանկության համար մենք որոշ չափանիշներ ենք սահմանում, ապրում այդ չափանիշներով, չնայած՝ մեկ-մեկ գիտակցում ենք, որ կարելի է ապրել առանց դրանց, կարելի է ապրել առանց որևէ չափման միավորի։

Մենք մեր կյանքը չենք պատկերացնում առանց խնդիրների, մենք միշտ ձգտում ենք որևէ բան խառնել, անգամ անգիտակցաբար։ Մենք միշտ բողոքում ենք, որ խնդիրներով ապրելով՝ մենք կորցնում ենք մեր կյանքը, մենք դժգոհում ենք մեր կյանքից, բայց հաջորդ վայրկյանին մենք ինքներս ենք ստեղծում այդ խնդիրը, ու վազեվազ կրկին բողոքում։
Մենք չենք փոխվում, նույն կերպ մենք պահպանվում ենք մեր կյանքի բոլոր փուլերում։ Մի կերպ հարմարվում ենք դպրոցին, երբ հազիվ գլուխներս ենք լցնում մաթեմն ու պատմությունը ու հազիվ դիմակայում ենք 45 րոպե տևող դասին, գալիս է այդքան սպասված 80 րոպեն, դե՜, ինչպես ասում են՝ լավից լավն էլ կա։
Մենք գլորվում ենք առաջ, մենք երբեք մեզ լիարժեք երջանիկ չենք զգում, ապրում ենք հավերժ մի գդալ բողոքը լեզուներիս վրա, սպասում ենք, թե երբ են հետաքրքրվելու մեր որպիսությամբ, որ միանգամից վրա տանք ու բողոքենք։ Դրա հետ մեկտեղ՝ մենք ատում ենք ժամանակը, երազում ենք հետ տալ այն՝ չհասկանալով, որ կարելի է կյանքի ամենալավ պահերը ուղղակի վայելել ու պահել հիշողությունների տետրում։
Մենք այդպես էլ չենք հասկանում կյանքը, դրա լեզուն, չենք սովորում դրան, մենք երազներ ենք տեսնում ու վազքով ջրին պատմում՝ չհասկանալով, որ վատագույնը երազը չէ, այլ լճացած իրականությունը։
Մենք երազանքներով ենք լցվում դեռ մանկուց, մեծանում ու դրանց կոչում նպատակ։ Բայց միշտ վախենում պատմել, թե իրականում ինչ էինք երազում անել 5 տարեկանում, դրանից վախենալով՝ մենք ամպագոռգոռ նպատակները ձեռքներիս գնում ենք դեպի պատանեկություն, հետո դառնում չափահաս ու հասկանում, որ լավագույն նպատակը 5 տարեկանում ունեցածն էր, որ վախից չիրագործեցիր։
Չնայած այս ամենին՝ մենք շարունակում ենք ապրել նույն կերպ, ապրում ենք նույն չոր ու կոպիտ բնավորությամբ, նույն ահարկու դեմքով, նույն տխուր խոսքերով ու մտքերով։ Համարյա միշտ վախենում ենք մայրիկին մոտենալ ու գրկել, վախենում ենք համբուրել ձեռքերը ու մի անգամ շշնջալ. «սիրում եմ քեզ, մա՜մ»։ Մենք վախենում ենք ամենաթանկ մարդկանց տեսնելուց փարվել նրանց, ժպտալ ու երջանիկ գոչել. «Լա՛վ է, ամեն բան լավ է»։ Մենք միշտ սպասում ենք տատիկի անուշաբույր ճաշերին, չհնացող խորհուրդներին, բայց փոխարենը օրվա մեջ գոնե մեկ անգամ չենք զանգում նրան։
Եվ էսպես, մենք հիմարի պես գլորվում ենք աշխարհում, կուտակում շատ փող, փչացնում ամենաթանկ առողջությունը, հիմարի պես քնում մինչ կեսօր՝ պատճառաբանելով, որ հոգնած ենք, ու հենց էդպես կորցնում կյանքի ժամերը։
Մենք ապրում ենք չափանիշներով, հնացած խոսքերով, այնպես, կարծես ակվարիումում ապրող ձկներ լինենք՝ սահմանափակ ու տհաճ։ Մենք էլի երջանկության համար չափանիշներ ենք հորինում ու մոռանում, որ կարելի է ուղղակի ժպտալ և ուրախ լինել ամենափոքր բանից անգամ. երկնքի կապույտից, տնից այն կողմ ծառացած կարմրանարջագույն մայրամուտից, գունագեղ փուչիկներից, մայրիկի նվիրած ամառային զգեստից, համեղ քաղցրավենիքից ու անուշաբույր խմորեղենից:

Susanna Grigoryan

Մարզասրահի ու վանիլային պաղպաղակի մասին

Ինչ-որ պարադոքսալ բան կա, երբ մարզասրահի մասին գրում ես մի բաժակ սառը, մի քիչ հալված վանիլային պաղպաղակը ձեռքիդ, ինչպես ամեն երեկո հավատով լոտո ջնջողը կպատմեր իր կյանքում երբեք չպատահած շահումից կամ ինքնասպանը՝ կյանքը սիրելուց։ Զարմանալի է, բայց մարզասրահի մասին իմ բոլոր պատմությունները այս կամ այն կերպ կապված են մի բաժակ սառը, մի քիչ հալված վանիլային պաղպաղակի հետ։ Հենց այդպիսի պաղպաղակը ձեռքիս՝ ես առաջին անգամ մտածեցի, որ կյանքում մեկ անգամ ենք ապրում, արժի գեղեցիկ ապրել, ու առաջին անգամ ոտք դրեցի մարզասրահ։

Լայն, լուսավոր ընդունարանը դժբախտություն չէր կանխագուշակում, հանդերձարանն էլ էր զարմանալիորեն հանգիստ։ Ամեն ինչ լավ էր, չափից դուրս լավ, կասկածելի լավ։

Մարզիչը ցույց էր տալիս վարժությունները, մենք էլ հերթով կրկնում էինք։ Առաջին վարժությունից հետո նույնիսկ սկսել էի ափսոսել, որ բավականին բոյով չեմ, ու արդեն ուշ է մոդելի կարիերա սկսելու համար։ Այս պահին կսազեր ցանկացած լրատվականի ցանկացած շոկային վերնագիր՝ «Աղջիկը կատարեց առաջին վարժությունը, իսկ այն, ինչ եղավ հետո, ձեզ կապշեցնի»։

Պարզվեց, որ առաջինը վարժություն չէր, ընդամենը՝ նախավարժանք։ Վարժությունների սկսվելը ես մաշկիս վրա զգացի, երբ պատերին գրված մոտիվացնող ցիտատները կտրուկ դադարեցին մոտիվացնել։ «Մեկ անգամ ենք ապրում, պետք է գեղեցիկ ապրենք»-ին փոխարինելու եկավ «Մեկ անգամ ենք ապրում, պետք է հաճույքով ապրենք»-ը։ Արդյունքում 1-ժամյա պարապմունքից հետո արդեն մոռացել էի, թե որտեղ եմ, ու ինչի համար ենք հավաքվել։

Իհարկե լավ կլիներ, որ պատմության վերջում ես իմ մեջ ուժ գտնեի, հաղթահարեի բոլոր դժվարությունները ու ցույց տայի, թե ինչպես համառությամբ ու կամքի ուժով կարելի է հասնել նպատակներին։ Կամ էլ գոնե ավարտվեր այնպես, ինչպես սկսվել էր՝ մի բաժակ սառը, մի քիչ հալված վանիլային պաղպաղակով։ Բայց ամեն ինչ ոչ սև է, ոչ էլ սպիտակ, մոխրագույն է՝ անհասկանալի ու կիսատ։ Երբ դեռ մարզասրահ ես գնում՝ ինքդ քեզ ապացուցելու, որ ինչ-որ բանի ընդունակ ես ու ամեն անգամ պաղպաղակ ուտելուց խիղճդ տանջում է։

Anush Muradyan

Ամեն ինչի գեղեցիկ լինելու մասին

Կսահմանե՞ք գեղեցիկը։

Գեղեցիկ է ամեն բան, ինչը մենք տեսնում ենք, լսում, շնչում, զգում, վերապրում…
Այստեղ շատ կհանդիպեք «ամեն ինչ գեղեցիկ է» արտահայտությանը։
Յուրաքանչյուրս գեղեցիկ ենք համարում այն, ինչը սիրում ենք կամ էլ ուղղակի հավանում։ Եկեք խոսենք հենց գեղեցիկից՝ ամենաբարդ թեմաներից մեկի մասին։
Գեղեցիկը այնքան շատ է, որ մարդ կարող է իրեն կորցնել դրա մեջ, կամ էլ գտնել։ Մի պահ փակեք աչքերը, ու մտածեք գեղեցիկի մասին, միանգամից, մի ակնթարթում գալիս են այնքան տարբեր բաներ, որ թվելը անհնար է։
Գեղեցիկ է ամեն ինչ, ուղղակի մենք պետք է կարողանանք տեսնել գեղեցիկը, լսել գեղեցիկը, շոշափել ու շնչել գեղեցիկը։ Ազատ խոսել ու մտածել գեղեցիկի մասին ու չփորձել մեզ սահմանափակել այդ հարցում։
Դուք, ես, նրանք… Մենք ենք գեղեցիկ։ Երբ զգանք մեր ներսի գեղեցկությունը, կզգանք նաև դրսինը։
Ի՞նչ, միթե գեղեցիկ չէ օդի մաքուր լինելը, կամ էլ ձյան առաջին ու վերջին փաթիլը, յասամանները, կենդանիները, գետի աջ ու ձախ ափերը, ծարավի հագեցումը ու ամեն ինչը։ Ամեն ինչ այնքան խառն է, երբ խոսում ենք գեղեցիկից, չենք կարողանում կողմնորոշվել ու հստակ պատասխան տալ։ Տալիս ենք միայն մեզ հարմար պատասխան։

Մեր քայլերը այնքան գեղեցիկ են, երբ քայլում ենք նեղ կամ լայն փողոցներով, մեր ձեռքերը, երբ զգուշությամբ բռնում ենք տաք թեյի բաժակը, մեր հայցքը, երբ բարկանում ենք կամ լիաթոք ծիծաղում… Գեղեցիկ է։

Եթե այսպես շարունակեմ խոսել կամ պատմել ամեն մի գործողության, երևույթի, աչքերի գույների գեղեցիկ լինելու մասին, ապա մի ամբողջական վեպ կգրեմ։
Շատերը գեղեցիկ ասելով պատկերացնում են արևածագ, ստանդարտներին համապատասխանող մարմին, շքեղ ծաղկեփունջ, ժպիտներ։ Բայց պետք է հասկանալ` գեղեցիկ են նաև արևամուտը, առանց չափանիշների մարմինը, մեկ հատ դաշտային ծաղիկը, արցունքները։

Գեղեցիկ է ամեն մի լավ ու վատ բան, ինչը կա այս կյանքում։
Կսահմանե՞ք գեղեցիկը։

juli abrahamyan

«Ոսկե Ծիրան»-յան ուրբաթ

Երկու օր առաջ տեղեկացա, որ «Ոսկե Ծիրանը» շարունակվում է Թումոյում, և երեք ուրբաթ օրերի ընթացքում պետք է ցուցադրվեն ֆիլմեր, որոնցից մեկն էլ հենց ցուցադրվեց այսօր։

-Ֆիլմի ցուցադրությունն աջ կողմից,- լսվում էր աշխատակցի ձայնը, ով սովորականից էլ մի փոքր արագ էր խոսում, որպեսզի շուտ տուն գնար։ Կամ էլ ուղղակի թվաց․․․

Մինչ ոտքերս կտանեին ցուցասրահ՝ կողքս հայտնվեց հայ ժամանակակից գրող Արամ Պաչյանը։ «Հաստատ լավ կինո ա լինելու»,- միանգամից մտածեցի ես։

Ֆիլմի հեղինակը երիտասարդ աղջիկ էր` Սոնա Սիմոնյանը, ով այն անվանել էր «Մեծ սպասելիքներ»։ Անկեղծանամ՝ անվանման իմաստը հասկացա դիտելուց քառասուն րոպե հետո։

Հեղինակը ծնունդով Գյումրիից էր և տասը տարի առաջ տեղափոխվել էր Երևան՝ սովորելու և աշխատելու համար։ Երեսուն տարի առաջ տեղի ունեցած երկրաշարժը քսան վայրկյանի ընթացքում ոչնչացրել էր գրեթե ամեն ինչ, և երեսուն տարի հետո ոչ այդքան շատ բան է փոխվել քաղաքում։

Էկրանին հայտնվում էին երեք սերունդներն էլ, որոնք իրարից տարբեր էին, բայց ինչ-որ մանրուքներով կապված իրար հետ։ Առաջին մասում տատիկը նվագում էր դաշնամուր ու զուգահեռ խոսում տանեցիների հետ։

-Դու քեզի էնտեղ ես գտնում, Սոն ջան, ես բան չեմ կարա անեմ։ Եթե Էրևանում ամեն ինչ լավ է, ուրեմն լավ կեղնի։

Ֆիլմում ցուցադրվում էր մարդկանց կարոտը միմյանց հանդեպ, ափսոսանքը։ Ափսոսանքը քաղաքի հանդեպ, որովհետև ոմանք լքել էին ու ափսոսում էին, իսկ ոմանք մնացել էին ու ափսոսում էին, որովհետև ավելիին կարող էին հասնել։

-Քաղաքում մի հատ տխրություն կա, որը բեռի նման սերունդների ուսին դրված է, ու ոչ-մեկ չի կարողանում դրանից ազատվել,- կերպարներից մեկի արձագանքն էր իր հարազատ քաղաքին։

Հաջորդ կադրերում արդեն տան երեխան իր մոր հետ կրկին նվագում էր դաշնամուր, իսկ այն հարցին, թե ինչ է երկրաշարժը՝ մի փոքր ալտերնատիվ պատասխան ուներ․

-Ինձ թվում ա, որ  էդ պահին տիեզերքում քամի կեղնի ու երկիրը կշարժվի։ Հենց էդ էլ երկրաշարժն ա, էլի։

Չնայած կերպարների ու քաղաքի տխրությանը՝ միշտ շեշտվում էր հումորը։
Ընտանիքը պատմում էր, որ երկրաշարժի ժամանակ երեխան մտածել է, թե մայրը չի կարող թռնել պատուհանից, և շենքն էլ կփլվի իր վրա՝ դուրս է նետել մորը պատուհանից, իսկ շենքն այդպես էլ չի փլվել։

-Դե, մերն էլ մեռավ, Սոն ջան։ Խնդալու ա, բա ինճ ա,- հրճվանքով պատմում էր տան տղամարդը,- պիտի մի բանին ձեռ առնես, որ հանկարձ քեզի չկպնի։

-Չգիտեմ, մարդիկ կմտածեն, որ ես իմ քաղաքը պիտի չսիրեմ, որ լքեմ, բայց ըտպես բան չկա։ Ուղղակի էսի ամենալավ քաղաքը չի, էլի։ Հազար հատ լավ քաղաք կա։ Ես համաձայն չեմ, որ իմ քաղաքս աշխարհի ամենալավ քաղաքն է։ Ստեղ շատ քիչ բաներ կան,- նկարելով ու մի փոքր տխրությամբ պատմում էր իր քաղաքի մասին երիտասարդը, ով հետո մորը համոզում էր, որպեսզի վերջինս համակերպվի իր գնալու փաստի հետ։

Ֆիլմը վերջացավ աղջկա նվագով ու երեխայի «դիրիժորական» շարժումներով, որին էլ հաջորդեց քննարկումը ֆիլմի հեղինակի հետ։

-Իրոք, ցավն ու կարոտը փոխանցվում է սերնդեսերունդ, բայց իմ կարծիքով մենք արդեն սովոր ենք դրան։ Ուրիշ քաղաքներ ներկայացնելիս ինչ-որ պատմություն են ասում, իսկ Գյումրին ներկայացնելիս կա «Երկրաշարժից առաջ» ու «Երկրաշարժից հետո» ժամանակահատվածները, հենց դա էլ շեշտեց կերպարներիցս մեկը,- ֆիլմի հեղինակը պատասխանում էր կարոտի սերնդեսերունդ փոխանցվող հարցին, Երևանի ու Գյումրու միջև եղած տարբերությանն ու արձագանքում էր տարբեր կարծիքներին,- Ես իհարկե սիրում եմ իմ քաղաքն ու ավելի շատ ֆիլմը նկարել եմ ինձ համար, ոչ թե քաղաքի, կամ քաղաքապետարանի համար, բայց եթե Երևանը փոքր է, ապա Գյումրին էլ ավելի փոքր է։ Մտածում ենք՝ եթե ուրիշ տեղ գնանք՝ հաստատ ավելի լավ կլինի ու տարբեր։ Տարբերություն, իհարկե, կա, բայց այդ տարբերությունը նույնպես տասը տարի հետո նույնն է դառնում։

-Ես կցանկանայի նախ շնորհավորել ֆիլմի հեղինակին և շնորհակալություն հայտնել, որ նա շատ պարզ ու կենցաղային կերպով ներկայացրել էր իր քաղաքը, բնակիչներին և օգտագործել էր հենց իր ընտանիքի տարբեր սերունդներին։ Կցանկանայի իմանալ՝ ինչպե՞ս առաջացավ գաղափարը ֆիլմ նկարելու,- դիտողներից մեկն էր։

-Երևի թե ես կարոտում եմ իմ քաղաքը, բայց չեմ կարող այնտեղ գնալ, որովհետև իմ կյանքի կարևոր ու հետաքրքիր հատվածն այստեղ է, հենց դա էլ պատճառն էր այս ֆիլմի ստեղծման։

Լույսերը վառվեցին, դահլիճը ոտքի կանգնեց, որպեսզի հեռանա ու լսվեց իմ ենթագիտակցության ձայնը․

-Մեծ սպասելիքներ, որոնք երեսուն տարի է չեն եղել։

Չնայած՝ կարևոր չէ։

ԲԱՀ՝ բաց աղբյուրներով հետազոտություն

Լուսանկարը` Սուրեն Կարապետյանի

Լուսանկարը` Սուրեն Կարապետյանի

Հարցազրույց ԲԱՀ (բաց աղբյուրներով հետազոտություն, անգլ՝ «Open source intelligence OSINT») մասնագետ Վայս Բաշիրի հետ։

Վայսի հետ ծանոթացել եմ Սլովակիայում սեմինարի ժամանակ, որտեղ ներկայացնում էինք 17.am-ը։ Վայսը բավականին օգտակար գործիքներով և մասնագիտական փորձով կիսվեց մեզ հետ, դե, ես էլ փորձեցի ավելի խորանալ, ու ստացվեց հարցազրույցը։

-Ինչպե՞ս սկսեցիք լրագրությամբ զբաղվել։

-Լրագրությամբ զբաղվում եմ մոտ 10 տարի։ Այժմ կենտրոնացել եմ User-Generated-Content-ի վրա։ Իսկ տասը տարի առաջ ղեկավարում էի խմբագրական նյուզ թիմեր, որոնք ստանում էին նորություններ ամբողջ աշխարհից։ Սոցիալական ցանցերում իրականացնում էինք մոնիտորինգ, հետազոտում զեկույցներն ու մեդիան, և եթե ամեն ինչ ճշգրտված էր ու հաստատված, դրանք ուղարկում էինք տարբեր ԶԼՄ-ներին, այդ թվում՝ CNN և The Guardian։ Հետաքրքրին այն է, որ ես սկզբում չէի էլ նախատեսում այս ոլորտում աշխատել, ունեմ բարձրագույն իրավաբանական կրթություն, բայց իրավաբանական գործունեությամբ զբաղվելու փոխարեն ինձ սկսեցին «շեղել» նորությունները։ Քանի որ ես բնավորությամբ ակտիվ էի ու փոքր-ինչ ցինիկ, ես թողեցի իրավաբանական լուրջ ոլորտը և սկսեցի զբաղվել զեկույցների խաչաձև հետազոտությամբ (cross-check)` տարբեր աղբյուրներից։

-Ինչպե՞ս է փոխվել լրագրությունն այս տարիների ընթացքում։

-Ամենից մեծ փոփոխությունը բերեցին բջջային հեռախոսները՝ բավականին որակով լուսանկարներ, հոլովակներ, լրատվական ծրագրեր․․․ Բայց պիտի առանձնացնեմ քաղացիական լրագրողներին (citizen journalists): Նկատած կլինեք, թե ինչքան շատ են լրատվամիջոցները օգտագործում վերջիններիս լուսանկարները, տեսահոլովակները, նունիսկ հոդվածները։ Դրանք տպվում են թերթերում, թողարկվում եթերում, տարածվում համացանցով։ Այսինքն՝ գործնականում բոլորս էլ կարող ենք «լրագրող» համարվել։ Հենց սա էլ դարձել է կեղծ լուրերի ֆենոմենի պատճառը, որը գերխնդիր է թե՛ խմբագրատների, և թե՛ հասարակության համար։ Շատ հաճախ լրատվական կազմակերպությունները չեն ստուգում նյութի աղբյուրները կամ պարզապես առանց հարցերի հրատարակում են դրանք, քանի որ մյուսներն արդեն տարածել են։

Ներկայում շատերն են ցանկանում, որ իրենց կոնտենտը օգտագործվի լրատվամիջոցների կողմից։ Այստեղ կարող եմ առանձնացնել երկու շարժառիթ՝ ֆինանսական և քաղաքական։ Առաջինը պարզ է․ վաճառում ենք մեր կոնտենտը և մենք ունենք գումար։ Երկրորդն ավելի խորքային է ու հետաքրքիր։ Մարդիկ վերբեռնում են լուսանկարներ, տեսահոլովակներ՝ նշելով, որ իրենք եղել են ճիշտ տեղում ճիշտ պահին, փորձում են ներկայացնել, որ իրենք եղել են այդ իրադարձության կենտրոնում, ինչը իրենց նկատմամբ վստահություն է ներշնչում։

Ասվածի վառ օրինակը ԱՄՆ-ի նախագահական վերջին ընտրություններն էին։ Մենք տեսանք, թե ինչպես էին մակեդոնական ֆեյք լուրերի մասնագետները գումար աշխատում՝ կեղծ կամ «խելացի վերնագրերով» քլիքային (click-baiting) լուրեր տարածելով։ Սրանք մեծ տրաֆիկ ապահովեցին և մեր մակեդոնացիները ստացան հսկայական եկամուտներ։

Քաղաքական կուսակցությունները, ծայրահեղական հայացքներ ունեցող մարդիկ և պարզապես սրիկաները, որոնք հաճույք են ստանում պրովակացիաներից, ջանք չեն խնայում, որ բավարարեն իրենց գաղափարախոսական պահանջները։

Լուսանկարը` Սուրեն Կարապետյանի

Լուսանկարը` Սուրեն Կարապետյանի

-Եվ վերջապես, ի՞նչ է ԲԱՀ-ը (բաց աղբյուրներով հետազոտություն՝ Open source intelligence, OSINT)։

-ԲԱՀ-ը, կարճ ասած, ապահովում է հասանելիություն ձեր այն տվյալներին, որոնք կազմակերպություններն արդեն հավաքել են Ձեր մասին։ Հիմնականում այդպիսիք են սոցիալական կայքերը (Facebook, VК, Twitter), որոնողական համկարգերը (Google, Yandex) և այլն։

-Ինչպե՞ս սկսեցիք զբաղվել ԲԱՀ -ով։

-Ես հետազոտություններով սկսել եմ զբաղվել մոտ 8-9 տարի առաջ լոնդոնյան Demotix News-ում։ Մենք հասկանում էինք՝ ԶԼՄ-ների հետ մրցակցելու համար մեզ անհրաժեշտ են հրատապ լուրեր (breaking news), և որքան հնարավոր է շատ։ Բնականաբար, գնալով ավելի էր դժվարանում պարզել՝ դրանցից որն է կեղծ, որը՝ ոչ։ Եվ հենց այդ ժամանակ էլ սկսեցի օգտագործել և թիմակիցներիս սովորեցնել, թե ինչպես հիմք ընդունելով աշխարհագրական դիրքը՝ իրականացնել լուսանկարների և տեսահոլովակների որոնում, որոնք արվել են իրադարձության վայրից։

Այս մեթոդը հնարավորություն էր տալիս հաստատելու մարդկանց կապը կամ ներկայությունը իրադարձության հետ, որը հետագայում կարող էր օգտագործվել նաև որպես ապացույց։ Սա հիմնականում օգտագործվում էր կոնֆլիկտային տարծաշրջաններում, պատերազմներում և ցույցերի ժամանակ։ 2013 թ-ին տեղափոխվեցի Լիբանան, որպեսի տեղական լրատվամիջոցներին ուղղորդեի։ Մեր հիմնական թիրախը Իրաքից և Սիրիայից եկող նորություններն էին։ 2014-ին արդեն հասցրել էի համագործակցել UGC-ի, Storyful-ի հետ՝ միաժամանակ զարգացնելով մասնագիտական հմտություններս։ Եվ հենց 2014 թ․-ից ԲԱՀ-ն սկսեց մեծ ուշադրություն գրավել։ Ներկայումս յուրաքանչյուր խոշոր լրատվական գործակալություն ունի ԲԱՀ մասնագետ, ում կարող են դիմել և պարզել՝ լուսանկարը, տեսահոլովակը իրականությանը մո՞տ են, թե՝ ոչ։

-Ավելի կմանրամասնե՞ք ԲԱՀ Ձեր հետազոտությունների թեման։

-Ինչպես, օրինակ հակավիրուսային ծրագրերն են անընդհատ թարմացվում, կատարելագործվում, այնպես էլ նմանատիպ հետազոտությունները, որովհետև կեղծ լուրեր տարածողները նույնպես հետ չեն մնում, և կարելի է ասել, նրանք էլ անընդհատ մասնագիտանում են իրենց ոլորտում։ Նմանատիպ լուրերի բում եղավ «Արաբական Գարնան», հետհեղափոխական Իրանում՝ «Կանաչների շարժման» ժամանակ, իսկ Իրաքի և Սիրիայի պատերազմները ուղեկցվում էին բազմաթիվ կեղծ տեսահոլովակներով ու լուսանկարներով։ Իսկ ամենաթարմ պրոպագանդայի (որը ևս կեղծ լուրերի տարատեսակ է), օրինակը, որը, ի դեպ, ընդգծված և բավականին բարձր մակարդակի է, ուկրաինական պատերազմն է։ Մինչ 2016 թվականը ես հիմնականում զբաղվում էի պատերազմներին, կոնֆլիկտներին և ցույցերին վերաբերող լուրերի հետազոտմամբ։ Ներկայում ավելի շատ մասնագիտացած եմ մասնավոր սեկտորում հետազոտություններ կատարելու մեջ։

-Ինչո՞ւ եք ցանկանում, որ յուրաքանչյուր լրագրող քիչ թե շատ հասկանա ԲԱՀ -ից։

-Երբ ես սկսեցի, բավականին հեղինակավոր լրատվական գործակալությունների խմբագիրներ ինձ մեղադրում էին՝ նշելով, որ ԲԱՀ մասնագետները էժան վարձատրվող էին և որ նրանք պրոֆեսիոնալներից աշխատանք էին «խլում»։ Սակայն ներկայում ամեն ինչ 180 աստիճանով փոխվել է․ բոլորն են ցանկանում ԲԱՀ մասնագետ ունենալ։

Brexit-ը, Թրամփի ընտրությունները «պատճառ» դարձան, որպեսզի «կեղծ լուրը» դառնար կենցաղային բառ, որը մինչ այդ հիմնականում օգտագործվում էր լրագրողների և մասնագետների կողմից։

2017-ին Մյանմայում էի և ծանոթացա տեղացի լրագրողի հետ, ով իմանալով մասնագիտությունս, միանգամից ցույց տվեց Instagram-ում և Facebook-ում կեղծ լուրեր տարածող հաշիվներ։ Դրա հետևանքով պրովակացիայի ենթարկված մի ստվար զանգված հարձակվել էր իսլամիստ քաղաքացիների վրա։

Այսպիսով՝ կապ չունի, թե որ երկրում կամ աշխարհի որ ծայրում ենք, կեղծ լուրերը բավականին հզոր զենք են, որոնք կարող են պատճառ դառնալ բախումների, պատերազմների, ցեղասպանության և բռնության համար։ Իսկ սրա դեմ կարող ենք պայքարել միայն ու միայն մանրազննին հետազոտելով, ֆիլտրելով մեզ հասած նորություները։

-Ինպե՞ս կբնութագրեք սոցիալական ցանցերի ազդեցությունը լրատվական ոլորտի վրա։

-Անկեղծ ասած՝ նույն հարցը ինձ տալիս էին դեռ տասը տարի առաջ, երբ նմանատիպ ցանցերը նոր էին զարգանում։ Տասը տարի է անցել, և կարելի է ասել, որ ամեն ինչ նույնն է մնացել։ Մարդիկ շատ հեշտ են տրվում պրոպագանդային և պրովոկացիաներին։ Հնդկաստանում ամբոխը հարձակվում է մարդկանց վրա՝ հավատալով What’sApp-ով տարածված կեղծ լուրերին, Մյանմայում նույնը պատճառ դարձավ Ռոինջա էթնիկ խմբի ցեղասպանության։ Եվ չկարծեք, որ սա բնորոշ է, այսպես ասած, 3-րդ աշխարհի երկրներին։ Արևմուտքում ևս նկատվում է ծայրահեղականության և ֆաշիզմի վերելք, որը հիմնականում կեղծ լուրերի ու պրոպագանդայի հետևանք է։ Լեհերը և մուսուլմանները ենթարկվում էին հարձակումների։ Այսպիսով, այս ամենի լուծումը ես տեսնում եմ կեղծ լուրերի դեմ ակտիվ պայքարով, որի մեջ մեծ կարևորություն ունի ԲԱՀ-ը։

marat sirunyan

Շիրմաքար

(իրական դեպքերի ու զրույցների հիման վրա)

Մեռելոցի օր էր։ Ես էլ շատերի պես ճամփա էի ելել մեր ննջեցյալների շիրիմներին այցի, երբ ճանապարհին հանդիպեցի մեր հեռավոր բարեկամներից մեկին՝ Օհան պապին։ Քայլում էր դանդաղ, ձեռքերը՝ կորացած մեջքին խաչած ու դրանցում ամուր պահած մի փոքրիկ ծաղկեփունջ։

-Բարի օր, Օհան պապ, էդ ո՞ւր էդպես մենակով,- մոտենալով ձայն տվեցի նրան։

-Ասսու բարին, լաո, – կանգնելով և իմ կողմ շրջվելով պատասխանեց նա,- է՜հ, պառավիս մոդ է կերթամ, շուդուց չմգացերի, հըմգը խռովուգ կեղնի,- ժպտաց ու ցույց տալով ձեռքի ծաղկեփունջը շարունակեց,- իդա լը ուր համար է գտանիմ, մըր բաղճից իմ քաղի։ Պառավ ծաղիգ շադ է գսիրիր,- լռեց ու հայացքն ուղղեց հեռուները, գուցե մոտ ու հեռու անցյալի հիշողությունների կողմը։

Միասին հասանք գերեզմանոց։

-Օղորմի ձզի, հայեր,- հայացքը գերեզմանաքարերի վրա սահեցնելով՝ շշնջաց Օհան պապը։

Հասանք մեր ազգականների շիրիմներին ու նստեցինք նրա կնոջ շիրմաքարի մոտ։

Մի քանի տարի առաջ էր, որ մահացավ Հայկանուշ տատը՝ նրա համեստ ու բարի կինը։ Երբ որդին պատրաստվում էր շիրմաքարը տեղադրել, պահանջեց՝ զիմ նգար լը հանել կիդաս վուր էդ քարին։ Որքան փորձեցին հետ պահել այդ մտքից՝ չստացվեց, իր մշեցու չորկողությունն առած՝ իրենը պնդեց, թե իր նկարն էլ պետք է կնոջ նկարի հետ նույն քարին փորագրվի և ոչ թե իր մահից հետո, այլ այժմ։ Եվ ահա մի մեծադիր քարի շիրմաքարի վրա լուսահոգի կնոջ լուսանկարի կողքին իրենն է, և այդ քարի վրա իրեն բաժին ընկած մասում բացակայում է միայն մահվան տարեթիվը։

-Շադ օր ուզիմ, էդ լը կսիմ, հըմը Աստծուց հառեջ չգնանք,- երբեմն այդ առիթով խոսք բացվելիս կատակում էր Օհան պապը, և թերևս միայն այսքանն էր ասում այդ առթիվ զրույցներին։

Երկուսս էլ լուռ էինք մեր մտքերի հետ։ Օհան պապը իր դողդոջ ու ցամաքած ձեռքերով բերած ծաղիկներն էր դասավորում շիրմաքարի մոտ և հանկարծ հազիվ լսելի ձայնով սկսեց երգել։

«Նոր լուսաբացին, արևից առաջ,

Հոտդ էր փռվում սարն ի վեր կանաչ,

Արոտի չորս դին բացվել է կակաչ,

Տուն արի, յար ջան, արևուդ ղուրբան։

Արևամուտին տուն արի, յար ջան,

Կոլխոզի չոբան, արևուդ ղուրբան…

-Է՜, կնիգ, եղներ էն ջահել օրեր, առնեի մըր ուլ ու գառներ, ելնեի էն բարձրիգ-բարձրիգ սարեր, ժողվեի սարի անուշ-անուշ ծաղգներ ու հիրգնվա հեդ գեղ հիշնայի, դու լը ելնեիր ու շեմին կայնուգ իշհեիր, թե գառներու հեդ սարեն քզի հինջ ենք բերի… Է՜, պառավ, քու սիրտդ ծաղիգ շադ է գսիրիր, մեգ լը բերեր իմ, ել, ե՛լ տես գհավնի՞ս…

Նստեց ինձ մոտիկ, ձեռքն ուսիս գցեց ու խոր հայացքը մտքերի հետ շիրմաքարերի վրայով տարավ հասցրեց արևից ոսկեզօծված լեռների կողմը… Հետո որոշեցինք անցնել մեր ննջեցյալ համագյուղացիների շիրիմների մոտով ու մի-մի ողորմի շշնջալ ամենքի շիրմաթմբին։ Մի փոքր էինք հեռացել, երբ նկատեցինք, որ մեր ազգականների շիրմաքարերին էին մոտեցել մի պատկառելի տարիքով կին ու երկու տղամարդ։ Օհան պապը կկոցեց աչքերը՝ տեսնելու համար, թե ովքեր են։

-Օհօ՜, էն Սիմոնի Հասմիգն է, էն էլ կա-չկա ուր տղերկ։

Լարեցի հիշողությունս հիշելու համար այդ մարդկանց, բայց ապարդյուն։

-Չիմացա, պապ,- մեղավոր ասացի ես։

-Շուդուց գեղ չըն աբրի, լաո, ես լե հազիվ ճանճծա։ Սիմոն զիս հողպոր թոռ գիկեր, Հասմիգ լե, Հայկուշի դասհընգերն է էղի, ընոնք օր կարկվան, Հասմիգ իրենց առաջնեգով ծոցվործավ ու գեղեն քոճին, հեդո հիմացվավ, օր Ամերիկա կաբռին։ Կերեվե նոր ին գեղ էգի։

Կինն ու երկու որդիներն անցնում էին շիրիմների մոտով, կինը երբեմն համբուրում էր այս կամ այն շիրմաքարի քարաքանդակ պատկերը, ինչ-որ բան բացատրում որդիներին և վերջիններս նույնպես հետևում էին նրա օրինակին։ Եվ ահա նրանք հասան Հայկանուշ տատի շիրմաքարին, կինը կռացավ և համբուրեց Հայկանուշ տատի, ապա նաև դրա կողքին փորագրված Օհան պապի նկարն ու գլուխը կախած ինչ-որ բան շշնջալով առաջ անցավ, նույն կերպ վարվեցին նաև երկու որդիները։

Ես շփոթված տեսածիցս մի փոքր առաջ քայլ արեցի, ցանկանալով (չգիտեմ էլ՝ ինչպես) կանխել թյուրիմացությունը՝ մտածելով, որ Օհան պապն իրեն վատ կզգա տեսածից։ Բայց հենց այդ պահին, կարծես կռահելով մտքերս, Օհան պապը բռնեց ձեռքիցս։ Ինչ-որ չարաճճի դիմախաղ էր հայտնվել խիտ բեղերի տակ, Օհան պապը ժպտում էր…

-Լաո, համեն մեգի բախտ չի բանա որ տեսնա, թե ուր մեռնելուց հեդո իմալ է ուրին գհարգին, գպադվին, ընոնց ըրաձի մեջ վադ բան չկա։ Մե կես բերան օղորմիեն ի՞նճ վնաս, կսեն՝ օղորմի սաղ մարտուն լե կիդան,- երբ մի փոքր հեռացանք, առանց սպասելու ինձ տանջող հարցերին, պատասխանեց Օհան պապը։

-Ես գիտեմ, որ դու միշտ սիրով ես եղել Հայկանուշ տատի հետ, բայց արժե՞ր, որ դու դեռ ողջ -առողջ, նկարդ շիրմաքարին փորագրել տայիր։

-Իմալ սիրով չեղնենք, լաո, կնիգ մե օրվա համար չէ, կնիգ սրպուտյուն է, ընոր հաչկի լսի պես բդի պահիս, թե չէ գխավրի, լաո, օջախիդ ճրագ գմարի… Պառավ ծռություն ըրավ։ Էս ծուռ հաշխարկ թողեց զիս ու ինք մեռավ, ելը չուրի հսօր խռով ենք, որ ընձմե հառեջ հնգավ էդ անիրավ ու մեռավ։ Բայց ելը ճամփորդ իմ, զիմ մե ոդ հուդա ի, մե ոդ հունա՝ ուր մոդ, էն աշխարհ… Գեծի, լաո, գտեսնա՞ս,- Օհան պապը կանգնեց ու մատնացույց արեց մի շիրմաքար,- էդ քարու վրի գրուգ գտեսնա՞ս։

Իսկ քարի վրա փոքր տառերով փորագրված էր. «Խոնարհիր գլուխդ, անցորդ. այստեղ հանգչում է մի ողջ պատմություն…»։

-Գհասկնա՞ս, լաո, իդա է կյանկ՝ մարտ կաբրի-կաբրի ու գդառնա մե բուռ հող, մե շիրմաքար ու էդ կյանկի պադմուտյուն գդառնա էդ քարի վրա՝ էրգու թվերու հարենք հնգուգ մե պզդիգ գիձ… Զիմ ու պառավիս կյանք լը մեգ էր, լաո, Աստվաձ էրգուսիս լե մե օր կյանկ տվեց, հըմը առնելուց սխալվավ՝ ուրինն առավ, զիմ՝ չէ։ Ելը քարի վրա զիմ նգար լե հանել տվի, որ Աստվաձ լե վերից իշե ու ուր սխալ հասկնա, տեսնա, որ Օհան էս հաշխարկի հեդ ուր հաշիվներ փագե, պռձեր ի ու զիմ հոկին լէ առնի, տանի Հայկուշի մոդ… Էն լէ չէ՜, լաո, իմալ գտեսնաս էս օղորմաձ Օհան հլը կա ու կա…

Այս օրը պիտի դաջվեր հիշողությանս մեջ ու տարիներ հետո Օհան պապի հուղարկավորության ժամանակ, երբ հարազատները հերթով մոտենալով համբուրեին Օհան պապի շիրմաքարը, մտապատկերումս պիտի հայտնվեր այս օրը, ու ես, վերհիշելով եղածը, պիտի տխուր ժպտայի, և կարծես ի պատասխան դրան, Օհան պապն էլ իր քարակերտ պատկերից պիտի ժպտար իր մեղմ, անխռով ժպիտով… «Իդա է կյանք, լաո…»։

Լուսանկարը` Սերյոժա Առաքելյանի

Գովազդային կարգախոսներ

Մեկ-մեկ զարմանում եմ, թե ովքեր են թարգմանում կամ հորինում տարբեր գովազդային կարգախոսներ, որոնք բացահայտ հիմարություն են, կամ գուցե շատ լավ ու ճիշտ են հնչում անգլերեն, բայց հայերենում վերածվում են աղետալի գռեհկության, բայց ոչ ոք չի փորձում դրանք մի քիչ փոփոխել:

Կա, օրինակ, մի բավականին անիմաստ նախադասություն, որը, այնպիսի տպավորություն է, թե օգտագործվում է բոլոր այն գովազդներում, որոնց ստեղծողները չեն հասցրել ուրիշ բան հորինել. «Ստեղծված է քեզ համար»: Ո՞ւմ: Ի՞մ: Ի՞նչ իմացաք, որ ինձ համար է ստեղծված:

Ինչո՞ւ է, օրինակ, լվացքի փոշին ինձ համար ստեղծված: Ես խնդրե՞լ եմ: Իսկ ինչպե՞ս եք ինձ համար ստեղծել: Չինական գործարանում Մաո Ցզեդունի փոխարեն իմ լուսապայծառ դիմանկա՞րն եք կախել, որպեսզի չինացի աշխատավորն իմանա, թե ում է պարտական իր հանապազօրյա հացի համար:

Կամ ո՞վ ասաց, որ այս նոր, ուլտրաբարակ (իմ սիրելի բառերից մեկն է) միջադիրները ստեղծված են ինձ համար: Մինչև այսօր, փառք Աստծո, չեմ օգտագործել, կարիքն էլ չեմ զգացել, ոչ ուլտրաբարակ, ոչ սուպերհաստ: Ինչո՞ւ եք իզուր նեղություն քաշել, ծախս արել, ինձ համար միջադիր ստեղծել: Պետք չէր, էրեխեքի արև:

Թերևս ենթադրվում է, որ եթե իմանամ, որ այս կամ այն բանը ստեղծված է ինձ համար, հենց հեռուստացույցի առաջ պետք է կատարսիս ապրեմ ու գլխապատառ վազեմ խանութ` գնելու բոլոր միջադիրները, լվացքի փոշիները, մեկ-երկու պարկ շինանյութ և մի զույգ ձմեռային անվադող, որոնք նույնպես «ստեղծված են ինձ համար»` Աստված գիտի, թե ինչի համար, բայց դե մարդիկ նեղություն են քաշել, ամոթ է:

Ընդհանրապես` ի՞նչ հիմար սովորություն է ուղղակի խոսքով դիմել ինձ հեռուստացույցի միջից: Օրինակ` հարցեր տալ. «Երիտասա՞րդ ես»: Քեզ ի՞նչ: Ակնկալվում է, որ այդ պահին հեռուստացույցի առաջ պետք է վեր ցատկեմ տեղիցս ու գոռամ «այո-ո-ո՞»: Եվ էքստազի մեջ հեռուստացույցի հետ ողջագուրվե՞մ:

«Սիրո՞ւմ ես ապրել ակտիվ կյանքով»: Ի՞նչ իմացաք, մի՞թե էկրանի այն կողմից երևաց, որ հեռուստացույց դիտելու հետ զուգահեռ բոբսլեյով եմ զբաղվում սենյակում:

Չգիտեմ` կան արդյոք մարդիկ, որոնք, լսելով «ստեղծված է քեզ համար» արտահայտությունը, իսկապես կարծում են, որ խոսքն իրենց մասին է: Ավելին` հուզվում են, մտածում` ինչ լավ մարդիկ են, ինձ համար ստեղծել են այս նոր… ը-ը… մազի ներկը, որը կայուն է մնում նույնիսկ գլուխը հինգ անգամ լվալո՞ւց հետո: Ինչ լավ է: Մարդիկ իսկապես մտածել են իմ մասին, մազի ներկ են պատրաստել: Ոչինչ, որ ես տղա եմ, որը երբեք մազերը չի ներկել, բայց միշտ հաճելի է իմանալ, որ կա ինձ համար ստեղծված ներկ:

Վստահ եմ` ոչ ոք հեռուստացույցից հնչող ուղիղ խոսքն իրեն չի վերագրում: Այդպիսի մարդիկ չկան: Կամ էլ կան, բայց նրանք փակված են հոգեբուժարաններում, ու չեմ կարծում, թե նրանք ձեր գովազդի թիրախային խումբն են: Ոչ ոք չի ենթադրում, որ երբ էկրանից հարցնում եք «Իսկ դու վճարե՞լ ես հարկերը», իրականում հարցնում եք հենց իրեն: Դուք ընդամենը հեռուստացույցից հնչող ձայնագրություն եք դիտողի համար: Գովազդեք ապրանքը, իսկ թե ինձ համար է արդյոք ստեղծված այդ ուլտրաբարակ միջադիրը, կորոշեմ ես:

Շնորհակալություն կարդալու համար, չէ որ սա գրված էր քեզ համար: