Ani asryan

Գտնել ապրելու սահմանված տեղը

Դասեր, շտեմարաններ, շտեմարաններ: Հարցեր, որոնք տեղ են գտել օրակարգիս մեծ մասում: Առավոտներ, որոնք նման չեն անցած տարիների առավոտներին: Առաջ ինձ համար առավոտը բացվում էր ժամը 8-ին` ստիպելով պատրաստվել դպրոց հաճախելուն, իսկ հիմա, հիմա ամեն ինչ ուրիշ է: Այժմ իմ արթնանալու ժամը դարձել է 6-ը: Արթնանում եմ և մի քանի րոպե մտքովս անցնում է այն իրադարձությունների շարքը, որոնք կատարվել են նախորդ օրը: Հետո հագնվել, լվացվել և վերադառնալ այնտեղ, որտեղ գտնվում են շտեմարանները: Բազմել նույն տեղում, որը կարծես դարձել է մշտական վայր՝ թվաբանություն կատարելու: Ժպիտով ինձ էին սպասում գրքերը, որոնք դեռ 4 ամիս պատրաստվում են ինձ արթնացնել ժամը 6-ին: Ա՜խ, այդ անպիտան շտեմարանները, որոնք այդքա՜ն պիտանի են: Գնում եմ դպրոց շտեմարանների հետ, վերադառնում եմ տուն, և կրկին նրանք ինձ հետ են: Նույնիսկ երազներս են նրանք առաջնորդում: Բայց մի պահ մտածում եմ, թե ինչքան կարևոր են նրանք յուրաքանչյուր շրջանավարտի համար: Ամեն օր մի նոր էջ շրջելիս նոր օրենք և հավասարում ենք սովորում: Ես ուզում եմ դառնալ տնտեսագետ, և դա է պատճառը, որ թվերը դարձել են իմ ապրելու միջոցը: Երբեք չեմ ցանկացել աշխատել թվերի հետ, սակայն կյանքում անկանխատեսելի իրադարձություններ պատահում են: Եվ թվաբանությունը ինձ համար դարձավ այդ անկանխատեսելին: Երբ փորձում էի նրանցով աշխատել, կարծես բարկանում էին և չէին ուզում, բայց ժամանակի հետ նրանք ամուր բռնեցին ձեռքս, և հիմա էլ չեն ուզում ինձ լքել: Եվ այն, ինչ ունեմ և ինչին կհասնեմ, դրա համար պարտական եմ այդքան ատելի և նույնքան սիրելի շտեմարաններին:

Ծնվելիս Աստված յուրաքանչյուրիս նվիրում է մի փոքրիկ աշխարհ, որտեղ մենք կապրենք մեր մնացած կյանքը: Սակայն այդ վայրը պետք է մենք գտնենք: Այն 18 տարի ապրում է գաղտնի, մինչև ես կամ մյուսը գտնենք նրա ուղին: Սահմանված վայրը, այն աշխարհը, որը ստեղծել էր Աստված ինձ համար, դա թվերի աշխարհն էր: Կապրեմ թվերի մեջ և այդ աշխարհում կգտնեմ իմ ուրույն տեղը:

Roza Harutyunyan vayots dzor

Մասնագիտություն

Եթե մի քանի տարի առաջ հարցնեիք, միանշանակ կասեի, որ ընտրելու եմ ծրագրավորողի մասնագիտությունը, որովհետև ոգեշնչվել էի Գեյթսից: Իսկ դրանից առաջ, երբ մայրիկս հասկացել էր, թե որքան սխալ մասնագիտություն է ընտրել, ուզում էր, որ ես դառնամ բժիշկ: Շատերն են ուզում, որ իրենց երեխաները դառնան բժիշկ, աշխատեն սպիտակ խալաթով: Ուղղակի իմ չընտրելու պատճառները շատ էին: Նախ ինձ մոտ եկող մարդը չի կարող առողջ և առանց ցավերի տուն վերադառնալ, ես չեմ ուզում մարդկանց դժբախտության պատճառը դառնալ: Իսկ եթե ավելի լուրջ, ես պարզապես հասկացա, որ մարդիկ ընտրում են այն, ինչ ուզում են, ձեռք են բերում այն «թուղթը», որն իրենց հարկավոր է աշխատելու համար, կամ էլ պարզապես գլուխ գովելու, որ ասեն՝ ինքն ավարտել է համալսարան։

Ժամանակի ընթացքում հասկացա, որ կարևորը լավ մասնագիտության ընտրությունը չէ և ոչ էլ մամայի ուզած բաժին ընդունվելը: Ուզում էի գտնել մասնագիտություն, որի մեջ կգտնեմ ինձ։ Իսկ շրջապատում ասում էին, որ ես լավ լրագրող կլինեմ կամ էլ լեզվաբան: Քանի որ իմ լեզուն «շատ լավ վիճակում» է, ընտրեցի լրագրությունը:

Տարեցտարի զարգացող լրագրությունը տպավորություն է ստեղծում, որ ավելի շատ ժամանակ է ծախսվում նյութը մշակելու և դրան ավելի գեղեցիկ վերնագիր ընտրելու համար, քան բուն նյութի համար կարևոր, ճշգրիտ ինֆորմացիա գտնելու համար: Տեղեկություն փնտրելիս ավելի մեծ երկընտրանքի առաջ ես կանգնում, երբ արդյունքում կարող ես գտնել մի 10 000 նյութ: Մարդկանց 90 տոկոսի մոտ ձևավորվել է կարծիք, որ եթե բացում են ինչ-որ կայք կամ բլոգ, իրենց լրագրողական կարիերան արդեն պատրաստ է:

Ես ընտրել եմ լրագրությունը, քանի որ կարծում եմ, որ կգնամ այդ մասնագիտության ճիշտ ու դժվար ճանապարհով․․․

Երանուհին

Հարցազրույց «Հայաստանի պատանեկան նվաճումներ» ծրագրի Վայոց Ձորի մարզի համակարգող Երանուհի Մանուկյանի հետ

 -Ե՞րբ և որտե՞ղ եք ծնվել

-Ծնվել եմ Եղեգնաձորում 1990 թվականին, բայց սահմանամերձ Խաչիկ գյուղից եմ, ծնողներս ևս Խաչիկից են:

-Մի փոքր կպատմե՞ք Ձեր ընտանիքի մասին

-Մայրիկս ուսուցչուհի է, աշխատում է Խաչիկ գյուղի միջնակարգ դպրոցում, անունը Սոնա է, իսկ հայրիկս գյուղի անասնաբույժն է, Երվանդ է անունը:

-Ի՞նչ կրթություն եք ստացել:

-Ավարտել եմ Հայաստանի ագրարային համալսարանը, ունեմ տնտեսագետի մագիստրոսի որակավորում:

-Որտե՞ղ եք աշխատում

-«Հայաստանի պատանեկան նվաճումներ» կազմակերպությունում, որպես Վայոց ձորի մարզային համակարգող: Նաև կարպետագործության և գորգագործության ուսուցչուհի, հաղորդակցության հմտությունների դասախոս, ու այդպես շարունակ:

-Ինչպե՞ս դարձաք «Հայաստանի պատանեկան նվաճումներ» կազմակերպության անդամ:

-«Պատանեկան նվաճումներ» կազմակերպությունը միջազգային կազմակերպություն է, ու արդեն 20 տարուց ավելի է՝ գործում է Հայաստանում և իրականացնում է տարբեր ծրագրեր: «Կիրառական տնտեսագիտություն» և «Մարդու իրավունքներ» ծրագրերի ժամանակ ես դեռ աշակերտ էի և շատ ակտիվ մասնակցում էի ծրագրերին, դրանից հետո սկսվեց «Ձեռնարկատիրական և քաղաքացիական» ծրագիրը, որի ընթացքում ինձ կանչեցին որպես ծրագրի խորհրդատու, քանի որ այդ տարիներին ես ղեկավարում էի բնապահպանական հասարակական կազմակերպություն: Սիրով միացա ծրագրին, և մեկ տարի անց, երբ մեր մարզում կար ազատ աշխատատեղ, ինձ առաջարկեցին, և փորձաշրջան անցնելուց հետո ընդունվեցի աշխատանքի:

-Ի՞նչ եք կարծում, այսօր կա՞ այդպիսի կազմակերպությունների պակաս

-Աշխատել եմ նման կազմակերպությունների հետ և կարծում եմ՝ նման կազմակերպությունների պակաս չկա, կա որակյալ աշխատողների ու լավ ղեկավարների պակաս: Այսինքն՝ մի քանի տեղ աշխատելով հասկացել եմ, որ լավ աշխատակազմը շատ կարևոր է:

-Ի՞նչ խորհուրդ կտաք այսօրվա պատանիներին:

-Խորհուրդ կտամ լավ սովորել, անպայման շատ մասնակցել լավ ծրագրերի, լեզուներ սովորել, լինել համարձակ, նախաձեռնող, ու այդ ամենը՝ պարտադիր ժպիտով: Ժպիտը ամենաբարդ վիճակներում օգնում է, առհասարակ, դրական տրամադրվածությունը ենթադրում է՝ ավելի շատ հաջողություններ:

meri antonyan

Ի՞նչ պատահեց մեզ

Ուզում եմ անկեղծ խոսել, թեև անկեղծ գրելու իմ ամեն փորձից մի խառը, անհամ բան է դուրս գալիս։

Մենք, ուզենք-չուզենք, որոշ մարդկանց շատ ենք կարևորում, տոներին անհամբեր սպասում ենք նրանց շնորհավորանքներին ու զանգերին, մենք էլ իրենց ենք պարտաճանաչ կերպով ու լավագույն մաղթանքներով շնորհավորում, ուզում ենք մի երկու նախադասություն շնորհավորանքով մի աշխարհ նվիրել։

Մենք, ուզենք, թե՝ չէ, որոշ մարդկանց նկատմամբ էլ, մեզնից անկախ, մի քիչ անտարբեր ենք գտնվում (ցավոք), մեկ-մեկ մոռանում ենք, կամ էլ՝ ոչ մի կերպ «ժամանակ չենք գտնում» զանգելու կամ գրելու։ Մյուսների շնորհավորելուց էլ զարմանում ենք. էդ մարդուց ամենևին էլ չէինք սպասում:

Մարդիկ կան, ում ծանոթանում ենք, թվում է, թե մտերմանում, հետո որևէ ծրագրի կամ ճամբարի ավարտից հետո գնում ենք տուն, գուցե մի երկու օր էլ իրենց հետ ինչ-որ կերպ շփվում, ու ինչ-որ պահից զգում ենք, որ մեր չաթում իրար հետևից մենակ շնորհավորանքներ են գրվում։  Հետո մի տարի էլ նկատում ենք, որ էս անգամ մեզ չնկատեցին էլ, ու մեր սրտերը շատ են ցավում. աչքներիս առաջ «մոտիկները ձեռքներիցս գնում են»:

Ցավում ենք, բայց մենք էդ սառնության դեմ գրպաններումս կրակ չունենք։ Իրենց «կորստով» մենք տխրում ենք, իրենք գուցե չեն էլ նկատում…

Մարդիկ էլ կան, որ էլի ծանոթանում ենք, մտերմանում, բաժանումից հետո հեռակա կարգով էլի շփվում, ու թեև ինչ-որ պահից սկսած մեր խոսակցությունների հաճախականությունը պակասում է, բայց մենք իրար միշտ մտերիմ ենք համարում, ամեն հարմար առիթի իրար ենք հիշում։ Եթե նույնիսկ շատ երկար ժամանակ կապն ընդհատվում է, մենք էլի նույնն ենք մնում, ու պատահական ամեն հանդիպման ու զրույցի ընթացքում վերագտնում ենք մեզ պակասող հարազատությունը: Զգում ենք, որ թեև կարծում էինք, որ մեր հարազատն արդեն էլ մերը չէ, բայց իր համար գոնե էդ արհեստական հեռացումը նշանակություն չունի, ինքն ինչքան էլ փոխվի, մեզ համար էլի առաջվանն է մնալու։ Խառը ժամանակներին ափսոսում ենք էսպիսի մարդկանցից աստիճանաբար հեռանալու համար, ցավում ենք՝ «օտարացումը» նկատելով:

Ցավում ենք, բայց գոնե գիտենք, որ դրա դեմ մի զանգ, մի հաղորդագրություն կամ մի հանդիպում ունենք, գիտենք, որ մի խոսակցության ընթացքում հետ կբերենք մեր շփման ամբողջ ջերմությունը։ Էս մարդկանց կարոտած ձայնը լսելով մենք երջանկանում ենք…

Մենք այդպիսին ենք, ուզենք, թե՝ չէ։ Ու թե կա մեկը, որ երբեք չի զգացել էս ամեն ինչը, թող ձեռք բարձրացնի, ես իրենից անտարբերություն եմ ուզում սովորել։

Երևի սկզբում պիտի ասեի. մի կես ամիս առաջ Նոր տարի, երեկ էլ՝ ծնունդս էր…

marat sirunyan

Մի կտոր բարի

Երբևէ մտածե՞լ եք՝ ինչպի՞սին է լինում բարի մարդը: Այ, հիմա ես ձեզ կծանոթացնեմ հենց այդպիսի շատ բարի, հետաքրքիր, գեղեցիկ ու խելացի մարդու՝ 26-ամյա Լուսինե Ներսիսյանի հետ: Լուսինեն մեկն է, ով շա՜տ-շատ է սիրում երեխաներին, և դա պարզ տեսանելի է դառնում նրա կատարած գործերից: Որպեսզի շատ չբացեմ չակերտները, միանգամից ձեր ուշադրությանը ներկայացնեմ մեր զրույցը:

-Լուսինե, նախ մի փոքր խոսենք քեզնից. կպատմե՞ս քո մանկություն-պատանեկությունից, ուսանողական տարիներից, որտե՞ղ ես սովորել, ի՞նչ մասնագիտություն ունես:

-Մանկապարտեզ 3 օր եմ գնացել, չսիրեցի, դուրս եկա։ Դպրոցս՝ Երևանի «համար 153»-ն է եղել: Այն ժամանակ անուն չուներ, մեր ավարտելուց հետո միայն անուն ստացավ, և որ ամենակարևորն է, նոր կաթսայատուն կառուցեցին: Ամենացավոտ կողմս է՝ ցուրտ տանել չեմ կարողանում, իսկ մեր դպրոցական տարիներին էնքան ցուրտ էր, որ միշտ բողոքում էինք: Դասղեկն այնքան էր ասել՝ վազեք, որ տաքանաք, մի օր դասարանով վեր կացանք ու սկսեցինք դասի ժամանակ վազել…,- լավ կամ վատ սովորելու մասին չի խոսում, ժպտում է ու ասում,- ատեստատս կարմիր էր, երևի սովորել եմ, էլի…
Մանկությանս լույս ու մութ տարիները չեմ հիշում, դրա ժամանակը չեմ ունեցել. կամ գյուղում էի՝ մայրական տանը, կամ էլ մեր 5 երեխաների հետ…

-Իսկ ի՞նչ մասնագիտություն ունես, ինչո՞վ ես զբաղվում հիմա:

-Սովորել եմ ԵՊՀ-ի, մաթեմաթիկայի ֆակուլտետում: Հիմա էլ ես եմ ուսուցիչ: Իմ մասնագիտությամբ աշխատում եմ «Մխիթար Սեբաստացի Կրթահամալիր»-ում: Հիմա զարմանում եմ, որ երեխաներն ասում են՝ ո՞նց կարող ենք սիրով դասի գնալ: Ախր, եթե սիրով չէ, ապա էլ ինչպե՞ս կարելի է անել: Եթե մի բան սիրով չես անում, ապա կարծում եմ՝ ավելի լավ է չանես: Մեր մայրը, երբ առավոտյան ասում էր՝ չնախաճաշեք՝ դասի չեք գնա, մեր սիրտը կանգնում էր, ու չեմ պատկերացնում, թե ինչը կարող է լինել պատճառ, որ սովորողը դասի չգնա: Այն ժամանակ մեր ծնողներն ինչքան էլ աշխատեին կամ լավ վաստակեին, միևնույնն է, այդ տարիները դժվար տարիներ էին, ու մենք գիտեինք, որ եթե սովորենք՝ համ մեզ կօգնենք, համ մեր ընտանիքին, և դեռ ավելիի մասին էինք մտածում:

-Իսկ աշխատելով կրթական ոլորտում, ի՞նչ թերություններ կարող ես մատնացույց անել:

-Այս պահին չեմ կարող կոնկրետ ասել, թե ինձ համար ինչն այնպես չէ, բայց եթե կարողանայի, հավանաբար 10-ամյա համակարգը հետ կբերեի: Ինձ թվում է, որ 10 տարին մեզ լրիվ բավական է:

-Միայն դա՞:

-Այս պահին դա եկավ մտքիս… Վերջերս բողոքական բնավորությունս անցել է. երևի մեծացել եմ,- կատակում է նա,- փոխարենը կարող եմ ասել, որ սերունդը լավն է, ճիշտ նախորդների նման, բայց իրենց հնարավորություններն ավելի շատ է…

-Այսինքն՝ դու վստա՞հ ես, որ մենք ունենք հուսալի սերունդ, ով մեր հայրենիքը կտանի դեպի պայծառ ապագա: Եվ իրականում մեծերը սխալվո՞ւմ են, երբ ասում են. «Նոր սերունդը «փչացել» է»:

-Տես, միշտ էլ նախորդ սերունդը դժգոհում է նորերից։ Նկատել եմ, որ մեծերը մոռանում են իրենց այդ տարիքը ու միանգամից փոքրերին մեծ ու խելացի մարդու հետ են համեմատում: Դե, պարզ է՝ էդ դեպքում նման ձևով կարտահայտվեն: Բայց ես մեր սերնդին էլ, նորին էլ ու դեռ եկողներին էլ հավատում եմ: Մենք լավն ենք: Մի ժամանակ ասում էի՝ մենք լավն ենք, ընկերներս մեղադրում էին ու հակառակվում: Անցած տարվա ապրիլյան դեպքերից հետո միանգամից բոլորը սկսեցին հասկանալ, որ մենք լա՜վն ենք։ Անկեղծ լինեմ, ես դրանից չեմ ուրախացել. ցավոտ է, որ վերջապես այդ կարծիքին եկան այդքան կյանքերի գնով,-տխրում է, հետո նորից հպարտանում,-Մենք հաստատ լավն ենք, բայց մի թերություն ունենք՝ հարմարվող ենք ու դիմացկուն։ Զարմանում եմ՝ ինչ ասես գլխներին խաղացել են մեր ազգի, էլի կանք ու էլի նույն կերպ, բայց էս նորե՜րը… Վա՜յ, մի քիչ ավելի պահանջող են: Սեփականատեր են,-ժպտում է ու ավելացնում,-Լավ է:

-Ես գիտեմ նաև, որ դու զբաղվում ես բարեգործական աշխատանքներով, ու առավելապես մանուկներին օգնելով: Մի փոքր կպատմե՞ս քո բարեգործական գործունեության մասին:

-Ես չեմ օգնում. ես մենակ ոչինչ չեմ կարող անել: Մենք ենք օգնում: Մեր թիմը, ու ոչ միայն մեր թիմը։ Այսօր ՀՀ-ում մի մեծ թիմ է ստեղծվում՝ աստիճանաբար, իրար ձայն տալով, ձեռք տալով, օգնում ենք։ Եթե նկատել ես՝ խնդիրը հենց առաջանում է, անմիջապես երիտասարդներն արձագանքում են, արագ հավաքվում ու լուծում են տալիս: Դա թիմային աշխատանք է, մեծ ու փոքր կազմակերպությունների, խմբավորումների աշխատանք է:
Ես օրինակ՝ «Օգնենք հայ մանուկներին» բարեգործական ՀԿ-ի ղեկավար կազմի անդամներից եմ։ Օգնում ենք՝ ինչով կարողանում ենք։ Սովորաբար համերգներ ենք կազմակերպում, ստացված հասույթը փոխանցում որևէ փոքրիկի, ով անհապաղ բուժման կարիք ունի՝ ՀՀ-ում, կամ ՀՀ սահմաններից դուրս: Մեզ վստահող մարդկանց մի խումբ ունենք, ովքեր սիրով ու անհամբեր սպասում են մեր միջոցառումներին։ Հաճախ իրենք էլ հիշեցնում են, որ տևական ժամանակ այս կամ այն միջոցառումը չենք իրականացրել:

Մեր հայտնիներից էլ շատներն իրենց պատրաստակամությունն են հայտնում օգնելու, պարբերաբար միջոցառումներին մասնակցելու…

-Իսկ վաղո՞ւց է «Օգնենք հայ մանուկներին» ՀԿ-ն գործում Հայաստանում, ինչպե՞ս կարող են ցանկացողները միանալ ձեզ: Կամ ինչպե՞ս կարող են կարիքավոր մարդիկ դիմել ձեզ:

-ՀԿ-ն գործում է արդեն 5 տարուց ավելի: Մեզ հետ թե կամավորները, թե օգնության կարիք ունեցողները կապ կարող են հաստատել համացանցի օգնությամբ, ընդամենը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում գտնելով և գրելով «Օգնենք հայ մանուկներին» ՀԿ-ի էջին: 

-Շատ բարի: Այդ գործունեության շրջանակներում դուք տարբեր ոլորտների հետ եք աշխատում՝ առողջապահություն, կրթություն և այլն: Ինչ-որ կերպ ձեզ աջակցո՞ւմ են այդ ոլորտների պատասխանատուները, պաշտոնական կառույցները, կամ պաշտոնատար անձինք:

-Լավ կլիներ, որ աջակցություն լիներ, բայց պաշտոնական կառույցներից աջակցություն չենք ստանում, չենք էլ դիմում, քանի որ վստահություն և հավատ չկա, թե կօգնեն, կամ էլ շատ կձգձգեն: Բայց, ախր, պուճուրը, որ կյանքի կռիվ է տալիս, չի կարող սպասել:

Իսկ ինչ վերաբերվում է սովորական աշխատողներին, իհարկե, եթե դիմում ենք, հնարավորինս փորձում են օգտակար լինել։ Ինչ վերաբերվում է հիվանդություն ունեցող երեխաներին, իրենց բուժող բժիշկների հետ միշտ խորհրդակցում ենք, սիրով ժամանակ են տրամադրում ու խորհրդով ուղղորդում են մեզ՝ ճիշտ օգնություն տրամադրել:

-Իսկ դու հաճախ շփվելով տարբեր մանուկների հետ, ի՞նչ ես կարծում, ի՞նչ է հարկավոր երեխային երջանիկ, ապահով լինելու: Ի՞նչ պետք է տալ փոքրիկին, որպեսզի նա իրեն լիարժեք զգա:

-Դե իրենց միայն սեր ու ջերմություն է պետք և առողջություն։ Մնացածը ծնողներին է պետք, որ կարողանան իրենց երեխաներին ապահովել հնարավորինս բարվոք կյանքով, մեր պուճուրները արժանի են լավ ապրելու։ Երբեմն ծնողները տարվում են առօրյա հոգսերով ու, հացի խնդիրը լուծելուց հետո, հաճախ էլ ուժ ու ժամանակ չեն գտնում երեխաների համար։ Մեր ծնողները, օրինակ, մեզ հետ խաղում էին, մեզ համար կարդում էին…

-Իսկ կա՞ մի երազանք, որը հաճախ է կրկնվում, երբ լսում եք տարբեր փոքրիկների երազանքները:

-Իրենց երազանքները իրենց պես տարբեր ու գունավոր են: Դե, հիվանդ երեխաները սովորաբար երազում են առողջ լինել, էլ հիվանդանոց չգնալ, դեղեր չխմել: Կան երեխաներ, ովքեր չեն էլ գիտակցում իրենց վիճակի լրջությունը. դեռ շատ փոքր են, իրենք երազում են ապագայի մասին…,-ժպտում է, բայց հուզմունքով,-Մեկն ուզում է պարուհի դառնալ, մյուսը՝ երգչուհի, ու էդպես շարունակ…

-Կարելի՞ է իմանալ՝ դու ի՞նչ երազանք ունես:

-Անձնական չեն… Անձնական ցանկություններս իրագործելի են, ամեն դեպքում ես էդպես եմ կարծում: Ես էլ ուժեղ եմ բոլորիդ պես:
Թող բոլոր մանուկներն առողջ ու ապահով լինեն, բարեգործական ՀԿ-ների փոխարեն էլ ուղղակի երիտասարդական խմբեր հավաքվեն, երգեն, պարեն, զվարճանան, իրարից սովորեն ու սովորեցնեն…

Մարդ էլ ուզենա բանակ գնալ, ու չտանեն

Լուսանկարը՝ Սերյոժա Առաքելյանի

Լուսանկարը՝ Սերյոժա Առաքելյանի

Բնականաբար պատմությունը բանակի վերաբերյալ է: Հունվարի 21, երկար սպասված օր: Գյուղս՝ Բաղանիսը, բանակ էր ուղարկելու 3 զինվոր: 3 քաջ երիտասարդ, ովքեր մինչև բանակ գնալը դեռ զինվոր էին, քանի որ ապրում են սահմանին: Մեզ համար երևի շատ սպասված էր, բայց թե ինչ զգացողություններ էին ապրում զինակոչիկները, այ, չեմ կարող ասել: Մի խոսքով, միշտ այդպիսի արարողությունների ժամանակ գյուղում, էսպես ասած, փոքր հաց ու ջուր են պատրաստում, քանի որ ուրախություն է: Սահմանից տղաներ են բանակ գնում: Բայց այս տարվա պատմությունը տարբերվող էր մնացածից: Հա, անցած տարի գյուղից չգնացին կրակոցների պատճառով: Զինկոմիսարիատից հետո  ճանապարհը որոշված էր Վանաձոր քաղաքով, քանի որ հնարավոր էր, որ դիրքերից զինվորական մեքենան երևա: Այս տարի, փառք Աստծո, կրակոցներ չկար, բայց կար մի անսովոր բան, չգիտեմ էլ ինչ ասեմ. օյինբազությո՞ւն թե՞ ինչ: Հիմա կասեմ՝ ինչի մասին է խոսքը:

Լուսանկարը՝ Սերյոժա Առաքելյանի

Լուսանկարը՝ Սերյոժա Առաքելյանի

Սովորականի նման մեր զինակոչիները առավոտյան ներկայացել էին զինկոմիսարիատ, ու բոլոր գործերը վերջացնելուց հետո ասել, որ մեքենային կսպասեն գյուղում՝ խաչմերուկում: Բայց սպասի, սպասի, որ մեքենա կգա: Լավ, անցավ մեկ ժամ, երկու ժամ, երեք ժամ, բայց չկա մեքենան: Դեռ ակորդեոն ու դհոլի ձայնը լսվում էր, մեկ էլ նվագը ընդհատվեց այս արտահայտությունը լսվելուց հետո. «Տղերքը չեն գնում, մեկ էլ հունվարի 26-ին, հենց նոր զանգեցին ասացին, որ չներկայանալու համար փախուստ է տրված»: Չգիտեինք՝ ծիծաղեի՞նք, թե՞ ինչ: Չգիտեինք՝ կատա՞կ էր, թե՞ ամեն ինչ լուրջ էր: Չէ~, ամեն ինչ լուջ էր: Անգամ ծնողները չգիտեին՝ ուրախանա՞ն, թե՞ տխրեն: Ուրախ էին, որ թեկուզ մի քանի օր, բայց իրենց զավակների հետ կլինեին, մի կողմից էլ՝ դժվար էր, քանի որ համակերպվել էին, և դժվար էր նույն ապրումները ապրել երկրորդ անգամ:

Չէ, գնալով ուրախությունը կորչում էր, և դրան փոխարինում էր լուրջ մտադրվածությունը՝ ճանապարհը փակել: Ճանապարհը փակվեց, գոյացավ մեծ ավտոշարասյուն, և դրանց մեջ աչքին ընկավ նաև զինվորներ տեղափոխող մեքենան: Գրեթե 45 րոպե ճանապարհը փակ էր, ոչ մի մեքենա չէր աշխատում, լսվում էին միայն մեքենաների ազդանշանները, որ ճանապարհ բացեն: Բայց ի՞նչ բացել. մեր զինվորները ուզում են գնալ ծառայելու բայց չեն տանում, ու մեղադրում անհիմն բաների մեջ, որում մեղավոր չեն: Անգամ ծիծաղդ է գալիս: Ինչպե՞ս կարելի է ասել՝ փախուստի մեջ են, եթե ծառայության մեկնողները փակում են ճանապարհը գյուղացիների հետ ու կանգնում զինկոմիսարիատի աշխատակիցների առաջ ու ասում. «Չէ, մենք պիտի գնանք»: Մի՞թե նման է փախուստի: Ճանապարհը փակ է: Նորակոչիկները իջել են մեքենայից: Ոմանք հետևում են այդ զարգացումներին, իսկ ոմանք հարմարեցնում՝ ինչքան հնարավոր է, երկար ժամանակ անց կացնելու իրենց ծնողների, քույրերի, եղբայրների ու ընկերների հետ: Իսկ մեր հայրենասերները երկու ոտքը դրել են մեկ կոշիկի մեջ ու ասում են, որ այսօր մենք պետք է գնանք ծառայության:

Լուսանկարը՝ Սերյոժա Առաքելյանի

Լուսանկարը՝ Սերյոժա Առաքելյանի

Էլ տեղաշարժվելու ելք չկա: Մեքենաների շարասյունը անցնում է մեկ կիլոմետրը, բայց դեռ ամեն ինչ նույնն է: Տղաները ուզում են գնալ, բայց էլի նույն պատմությունն է: Ցուցակից անունները հանված են, ու վերջ, չեն գնալու: Որոշ ժամանակ անց մեկ էլ տեսանք մարզպետին, ով տեղեկացավ խնդրին և խնդրեց ամեն ինչ թողնել և բացել ճանապարհը: Խոստացավ, որ հունվարի 26-ին ինքը նույնպես կգա և բանակ կճանապարհի զորակոչիկներին: Մի քանի րոպե զրուցելուց հետո ճանապարհը կամաց սկսվեց բացվել: Իսկ զորակոչիկները, ովքեր երեքն էին, իրենցից երկուսը եղբայրներ էին ու զույգ, կատակելով ասացին. «Դե լավ, թող մի քիչ ուշ լինի, փոխարենը, մեր ավագ եղբոր հետ մի քիչ շատ կմնանք»: Նշեմ, որ զույգ եղբայրների ավագ եղբայրը երկու օր առաջ է ծառայությունը ավարտել և վերադարձել տուն: Դեռ մեծ եղբայրը չեկած, փոքր եղբայրներն են գնում, ինչը, կարելի է ասել, հպարտություն է: Դե, ի՞նչ ասեմ: Սպասենք հունվարի 26-ին, իսկ մեր տղաներին բարի ծառայություն և բարի վերադարձ:

milena antonyan (aragacotn)

Մի բան կորցրել է այս փողոցը

Ինչպես բոլոր բարձր դասարանի աշակերտները, ես նույնպես ամեն օր շտապում եմ պարապմունքի նույն ճանապարհով, հերթով նայում եմ բոլոր տներին։ Կան տներ, որոնց նայում եմ շատ մեծ հետաքրքրությամբ, կան նաև այնպիսիները, որոնց նայելիս հայացքս կախում եմ։ Միայն տներին չէ, որ այդպես մեծ ուշադրությամբ եմ նայում, գրեթե ամեն ինչն է ինձ հետաքրքիր։ Հիմա, երբ ձմեռ է, ամեն անգամ այդ փողոցով անցնելիս մի բան եմ նկատում՝ դատարկություն։ Չգիտեմ ինչու։ Երևի այնքան ցուրտ է, որ մարդիկ որոշել են փախչել ու թաքնվել իրենց տներում։ Լա՛վ, մարդկանց ներում եմ՝ ինձ այսքան երկար ճանապարհին մենակ թողնելու համար ու սպասում կենդանիներին, որոնք պիտի հարձակվեին ինձ վրա ամեն անգամվա նման, բայց… Բայց կենդանիներն էլ չկան։ Երևի այնքան ցուրտ է, որ նրանք էլ են որոշել թաքնվել մի տաքուկ տեղում։ Դե ինչ, նրանց էլ եմ ներում։ Ու շարունակում եմ նայել ամեն քարին ու բույսին մեծ հետաքրքրությամբ։ Առաջին տարին չէ, որ ես շտապում եմ պարապմունքի այս փողոցով, բայց առաջին անգամ է, որ փողոցն այսքան լուռ ու դատարկ է։ Կարծես ինչ-որ բան կորցրած լինի։ Չգիտեմ, միգուցե, իր պատանիներին է կորցրել, որ սառած ու հոգնած, ցեխերի վրայով ցատկոտելով ու աղմուկով, տուն են շտապում։ Երևի այն ժամանակ այդ պատանիների համար (որոնց ուրախ շարքերում նաև ես էի) ցուրտն այնքան էլ վախենալու չէր:․ Երբ այսքան մեծ հետաքրքրությամբ նայում եմ այս փողոցի դարավոր ծուռ ու մուռ քարերին, հասկանում եմ, թե նրանք որքան շատ մարդկանց ուրախ ու տխուր հիշողություններ կարող են լուռ ու մունջ պահել իրենց մեջ։ Հասկանում եմ, որ նախկինում ժամանակ չեմ ունեցել նկատելու այս ամենը։ Ես այն ժամանակ իսկապես շտապել եմ դասի գնալու, կամ երևի ընկերներիս հետ եմ եղել։ Հիմա ես հույսով սպասում եմ, որ ինչ-որ մեկը կընկերակցի ինձ, ինչպես հին ժամանակներում։ Այս ճանապարհով դասի շտապողները այնքան շատ էին, որ ես ուղղակի անզոր էի մնալ միայնակ։ Իսկ հիմա հետ եմ նայում ու հասկանում, որ հետևում թողել եմ ճանապարհի մեծ մասը ու դեռ մենակ եմ։ Մտքումս հարց եմ տալիս՝ ո՞ւր ես, ի՛մ ընկեր, միգուցե դու նո՞ւյնպես վախեցել ես ցրտից ու որոշել թաքնվել տանը։ Այլևս ոտնաձայներդ չեմ լսում, որ շրջվեմ և ուրախանամ, որ մնացած ճանապարհը մենակ չեմ գնալու։ Լա՛վ, քեզ էլ եմ ներում։ Իսկապես ցուրտ է։ Հաստատ ինչ-որ բան կորցրել է այս փողոցը, եթե կորցրած չլիներ, ես առաջվա նման՝ արագ քայլելով կանցնեի։ Բարև կտայի մարդկանց, չէի էլ նկատի, որ տարիների հետ փոխվում է ամեն ինչ, ու հաստատ փողոցում ինչ-որ մեկի տեսնելիս՝ մտքումս ուրախ-ուրախ չէի ասի՝ վա՜յ, մարդ։ Մի բան փոխվել է, նույնիսկ ես։ Միգուցե ես է՞լ եմ կորցրել այն ուրախ-զվարթ ընկերական շրջապատը, որ անցնում էր այս ճանապարհով ու աղմկում՝ թույլ չտալով լռությանը հաղթել իրեն։ Իսկ հիմա լռությունը հաղթել է և ինձ, և խանդավառ փողոցին։ Ասե՞մ՝ ինչ էինք անվանում այդ մարդկային ուրախ ամբոխին՝ «Մայլի ավտոբուս»։ Խմբակից հետո բոլորը նստում էին իրենց «մայլի» ավտոբուսները ու շարժվում դեպի տուն։ Հիմա, հասկանալով, որ երբեք ուզածս չի լինելու կրկին, միայն մի բան եմ ուզում՝ կրկին նստել «մայլի» ավտոբուսն ու գնալ խմբակի դասերին։ Դե ինչ, հասա պարապմունքի, կրկին մենակ, ինձ հաջողություն մաղթեք:

Քաղաքային «մաքրությունը»

-Օ՜, նույնիսկ այսպես,- ահաբեկված ասացի ես:

-Ման, ի՞նչ պատահեց:

-Մի՞թե չես տեսնում, այդ գարշելի աղբը նույնիսկ քաղաքի կենտրոն հասավ:

-Հըմ, լավ չէ,- մտահոգ ձայնով պատասխանեց քույրս:

-Տեսնում ես, չէ՞, գեղեցիկ տոնական քաղաքից անմիջապես հետո ինչն է հյուրընկալվում հայերիս:

-Քաղաքն աղտոտելը դարձել է առաքելության պես մի բան, երեւի նույնիսկ բնավորություն:

-Ճիշտ ես, ցավալի է, բայց փաստ: Քաղաքի զարդարանքները հավաքում էիք, գոնե աղբն էլ վերացնեիք:

-Դե, երեւի օրերից մի օր դա էլ կհավաքեն:

-Հուսանք, բայց պատկերացրու՝ մինչ այդ քանի մարդ կարող է գարշանք զգալ, ու քանի օտարական կհիասթափվի:

-Իսկ հենց այս աղբը ստեղծողներն ի՞նչ են մտածում իրենց մասին:

-Պատկերացում անգամ չունեմ, դե, տեսնում են, որ քաղաքապետարանը չի արձագանքում, չի էլ կազմակերպում մաքրման աշխատանքներ, իրենք՝ «բարեկիրթները», ինչո՞ւ պետք է հարգեն իրենց քաղաքը:

-Ահա, ամեն ինչ էլ մեծերից կամ «վերեւներից» է գալիս:

Եվ այդպես «գարշելիության սրով մասնատված»՝ շարունակեցինք մեր զբոսանքը, սակայն այդ «աղբային» տեսարանները դրվագ առ դրվագ ուղեկցեցին ինձ մինչեւ տուն, ու անգամ այս նյութը գրելիս՝ դեռ շատ մեծ զայրույթ էր կուտակված ներսումս:

sona mkrtchyan

Խոհեր «Մետրոնոմում»

Նստած էի Երեւանի «Մետրոնոմում»: Հեռախոսով ինչ-որ անմիտ խաղ էի խաղում, թափառում ֆեյսբուքում, թերթում լրատվական կայքերի էջերը: Հանկարծ ականջս շոյեց Ռազմիկ Ամյանի «Սիրեմ քեզ, լիանամ» երգը: Ճիշտ է, առանց նմանատիպ երգերի էլ կարող եմ հաճելի օր ունենալ (այդպիսի երգերի երկրպագու չեմ), բայց այս անգամն ուրիշ էր:

Ճերմակ դաշնամուրի դիմաց նստած էր մի աղջիկ: Նրա մատներն էին կենդանացնում ամյանական հնչյունները: Այնքան նուրբ էր, այնքան եթերային, որ չնկատեցի` ինչպես սկսեցի ձայնակցել երգին` անգամ բառերը չիմանալով: «Սիրեմ քեզ, լիանամ»-ը փոխվեց «Չունի աշխարհը քեզ նման»-ի, հետո «Evanescence»-ի «My immortal»-ի ու ամենայն հավանականությամբ այդպես էլ կշարունակվեր, եթե…

Ախր, բոլորն էին հիացած լսում: Դաշնամուրից մի քանի քայլ հեռու հավաքվել էին տղաներ. հազիվ երկուսը կամ երեքը լինեին: Քիչ հետո արդեն տասն էին: Եվ ի՞նչ էին անում՝ հմտորեն ցուցադրում էին իրենց տգիտության աստիճանը, այլ կերպ ասած՝ ծիծաղում էին, անմիտ բառեր հնչեցնում: Աղջիկը դադարեց նվագել, ոտքի կանգնեց, հեռացավ…

Anahit Ghazakhetsyan

Հեյ, ամեն ինչ կարգի՞ն է

Ես հաստատ որոշել եմ, չէ, հաստատ, քնելիս որոշել էի ու առավոտյան հիշում էի՝ գալու եմ տուն, գործերս անեմ, գրքերս դասավորեմ, սենյակս հավաքեմ ու գրեմ: Հիշում եմ, հաստատ է: Նույնիսկ բլոկնոտս բացեցի ու տեսա՝ առավոտը գրառումներ եմ արել, որ աչքովս ընկնի անընդհատ: Հեռախոսիս նոթերը նայեցի՝ էլի նույն տեքստով ինչ-որ բան:
«Հեյ, քանի որ առանձին նամակ չեմ գրում, ուրեմն, չեմ կարողանա Ֆլոյդի “Wish you were here”-ն թողնեմ էստեղ, բայց հուսամ՝ դժվար չի լինի միացնելը: Կարիք չկա երգի վերնագրի հետ քեզ ասոցացնել. ոչ մի բան չեմ զգում, հանգիստ եղիր: Կարող ես Ֆլոյդից ցանկացած բան միացնել, ասենք՝ “Dogs”-ը կամ ”Another brick in the wall”: Դու պարզապես իմ ուղեղում համատեղվել ես արդեն Ֆլոյդի հետ:
Վանաձորում չափից դուրս ցուրտ է, սառը, անօգնական: Ավելի շատ մրսում եմ, որովհետև մոտակա ժամանակներս մի շարք մարդկանց գրկելու հնարավորություն չեմ ունենա: Դու մրսո՞ւմ ես: Շարֆ գցիր անպայման ու թեյի մասին էլ չմոռանաս: Քեզ մոտ երևի ավելի ցուրտ է, ու ոչ միայն արտաքին ջերմաստիճանի հետ կապված:
Ցերեկը ցերեկ է, գիշերը՝ գիշեր:
Այ, էդքան սովորական է ամեն ինչ:
Էսօր մտածել եմ, որ որոշ ժամանակ առաջ ծառ էի, բայց էդ լրիվ ուրիշ պատմություն է, ու էդ երբեք չեմ պատմի, կներես: Կամ էլ՝ չներես: Քո խնդիրն է:

Երկու օր առաջ ամառային ուսապարկիս գրպանից նամակ գտա. իրական, անկեղծ, չընտրված բառերով խոստովանություն: Հիմա չգիտեմ, երևի ինչ-որ աղբամանում է, ու առանց երևի-ի էդ աղբամանը ինձ հեչ չի հետաքրքրում:
Կարծում էի՝ շատ պատմելու բան ունեմ… Չէ, լավ, թողնենք սա:
Եթե Ֆլոյդենց երգն ավարտվեց, Համասյանի “Leaving Paris”-ը միացրու: Ու բարձրաձայն պատասխանիր հարցիս՝ մոտդ ամեն ինչ կարգի՞ն է:

Ասա՝ հա, չէ, երևի, եսիմ, չեմ ուզում խոսել, քո ինչ գործ: Ասա՝ երկար պատմություն է, ես էլ կասեմ, որ սովորական է, կլսեմ, դե, ոնց որ միշտ:
Մի ֆիլմ խորհուրդ կտա՞ս:
Չէ, դրա մասին արի չհիշենք, խոսելու հավես չկա:
Շատ ես հոգնա՞ծ:
Համ էլ, երեկոյան տուն գալիս Արեգ Նազարյան էի լսում:
Դե լավ, ես էլ, բարի գիշեր: Կխոսենք»:

Չէ, ես հաստատ որոշել էի գրել: Ես խոստացել էի գրել: