Hripsime Vardanyan

«Հայոց հարցը» Մրգավան գյուղում

-Վա~յ, Հռիփսիմե ջան, արդեն լրագրող ես դարձել: Բա դու մեր հալը իմանալով` առաջինը պիտի գայիր մեր փողոց: Էս մեր Հայոց հարցի մասին գրի: Կարող ա` մի լուծում ստանա:

Պապիկիս հարևան Մարտին պապն է: Հայոց հարց ասելով նկատի ունի իրենց ջրի խնդիրը, որը մոտ 18 տարի է` չի լուծվում: Բնակիչները արդեն երկար ժամանակ է, ինչ պայքարում են տանը ջուր ունենալու համար: Լինում է ժամանակ, որ ջրի համար գնում են կողքի փողոց կամ Արտաշատ: Մի քանի անգամ նախագահական ընտրությունների ժամանակ եկել են, փոսեր քանդել, խողովակներ անցկացրել, և վերջ: Էլի ջուր չկա: Եվ այդպես մոտ 18 տարի: Բնակիչները բողոքել են, դիմել քաղաքապետարան, տարբեր լրատվամիջոցների են դիմել՝ հարցը բարձրաձայնելու նպատակով:

Փողոցի այս վիճակը հեռուստացույցով տեսնելուց հետո նախաձեռնվեց ջրաչափերի տեղադրումը, և այ քեզ հրաշք, ջուրը եկավ: Այդ ուրախությունը տևեց մի քանի օր: Էլի նույն վիճակը, էլի բողոքներ: Հիմա շաբաթը մեկ անգամ ջրի մեծ մեքենա է գալիս փողոց, ապահովում բնակիչներին երկու օրվա ջրով և գնում: Մնացած օրերին բնակիչները իրենք պետք է տեսնեն իրենց գլխի ճարը: Հույս ունեմ, որ այս հարցը շատ շուտ իր լուծումը կստանա:

Հ.Գ Եթե ինչ որ բարերար հրաշքով տեսնի այս հոդվածը և որոշի օգնել, ապա ասեմ այդ փողոցը՝ Արարատի մարզի, Մրգավան գյուղի Ա. Խաչատրյան փողոցն է:

vahe stepanyan

Պարզ՝ պարզի մասին

 

Գիտեք, բանը այն չի, որ պարզ բաները դուր են գալիս բոլորին, որովհետև հասկանալի են ու հեշտ են ըմբռնվում: Դե, լավ խոսքը «մի քիչ դրանում է, որ կա»: Եթե հեշտ ես հասկանում մի բանը, դրանից քեզ լավ ես զգում, էլի: Վերջիվերջո ինքնագնահատականդ էլ է բարձրանում: Բայց դա մի կողմ…
Է՜… Ես սխալ տեղից սկսեցի: Հլը` մի րոպե:
Ըհը:
Նախ ասեմ, որ ես պարզ բաներ շատ եմ սիրում: Դե որովհետև… Որովհետև ես էլ էդպիսին եմ: Ես սիրում եմ պարզ մարդկանց, պարզ բառեր, համարյա ամեն պարզը: Սիրում եմ պարզությունը և նախանձում… Նախանձում մարդկանց, ովքեր կարողանում են իրենց բարդ մտքերը արտահայտել` ինչպես դրանք կան: Ախր, եսիմ: Մեկը` ես, չեմ կարողանում: Եվ քանի որ իմ պարզ բառերը էլի չեն թողնում, որ իմ մտքերը արտահայտեմ, ես օրինակ բերեմ: Դե, որ հասկանալի լինի, էլի:
Գիտեք, չէ՞, վարդի մասին ինչքան երգեր, պատմվածքներ և նույնիսկ ամբողջ գրքեր կան: Մարդիկ նույնիսկ իրենց երեխաների անունն են դնում վարդ: Որոշները կարող են փիլիսոփայել վարդի մասին մի քանի հարյուր էջ, ներկայացնելով վարդի ամեն մի դետալը որպես մի փոքրիկ աշխարհ, որտեղ էլ իրենց հերթին հազարավոր գաղտնիքներ ու պատմություններ են թաքնված:
Դե, տեսեք: Ես ատում եմ վարդերը: Որովհետև վարդը ոնց ասեմ, է … Իրեն «քաղքենու» նման է պահում: Այն ուղղակի շատ բարդ է ինձ համար: Չեմ սիրում վարդի հոտը: Այն շատ նուրբ է ու տհաճ իմ քթի համար: Ես … Ես երիցուկներ եմ սիրում: Սովորական երիցուկներ: Մի՞թե երիցուկը հրաշք չի: Կանաչ ցողուն ու սպիտակ թերթիկներ: Ու ես ժամերով պատրաստ եմ նայել նրան (հա, հենց «նրան», ինձ համար երիցուկը իր չի) ու շնչել երիցուկի պարզ ու մի քիչ դառնահամ բուրմունքը: Ինչո՞ւ երիցուկի մասին գրքեր չկան: Որովհետև երիցուկը պարզ է: Բոլորի համար նույն ծաղիկն է, որ գուցե քոսոտ ու խղճուկ է թվում շատերի աչքերում: Բայց ախր, երիցուկից հիասքանչ ոչ մի ծաղիկ չկա: Է՜հ …
Հիմա էլ դնեմ` օրինակս բացատրեմ: Ես «երիցուկ մարդկանց» եմ սիրում: «Երիցուկ լինելը» էդ ամեն մարդու խելքի բան չի, է, ախր: Իսկ վարդ, եթե ոչ լինել, բայց գոնե ներկայանալը շատ հեշտ է: Ու ինձ համար կան երիցուկներ, որ հազարավոր վարդեր արժեն: Ու խոսքը ամենևին էլ ծաղիկների մասին չի, չնայած ինձ համար մի հատիկ երիցուկից գեղեցիկ աշխարհում մի էակ կա միայն, իսկ երիցուկի դառնահամ հոտից հաճելի միայն մի բուրմունք:
Թերևս իմ բառերը էլի չհերիքեցին միտքս արտահայտելու համար: Ախր, նրանք այնքան պարզ են` խոսելու պարզության մասին:

Արա, դե ասի էլ, էլի… Իմ խելքի բանը չի: Ինչի՞ սկսեցի գրել…

Ս. Գրիգորի վանքն ու նրա շրջակայքը

Լուսանկարը՝ Անի Ղուլինյանի

Լուսանկարը՝ Անի Ղուլինյանի

Սուրբ Գրիգորի Բարձրաքաշ վանքը կառուցել են Մամիկոնյանները 13-րդ դարում: Այն գտնվում է Դսեղ գյուղից մոտ 3 կմ հեռավորության վրա, անտառապատ ձորում, Մամիկոնյանների համար ծառայել է որպես տոհմական գերեզմանատուն: Վանքը մեզ է հասել ավերված`մեծ մասամբ երկրաշարժերից:

Լուսանկարը՝ Անի Ղուլինյանի

Լուսանկարը՝ Անի Ղուլինյանի

Տեղանքի խոնավ կլիման նպաստում է վանքի կանգուն մնացած մասի քանդվելուն: Այժմ միջոցառումեր են ձեռնարկվել վանքը իր իսկ քարերով վերակառուցելու համար: Ըստ բանվորների՝ վերակառուցման առաջին փուլը ավարտվելու է մինչև այս տարվա վերջ, մյուս փուլերը առաջիկա տարիներին:

Լուսանկարը՝ Անի Ղուլինյանի

Լուսանկարը՝ Անի Ղուլինյանի

Վանքի պատվին ձորի այդ հատվածը կոչվել է Սուրբ Գրիգորի ձոր: Վանք հասնելու ճանապարհին`ծառերի տակ տեղադրված են գրեթե նույն ժամանակաշրջանի խաչքարեր, որոնք ավելի են զարդարում վանքն ու իր շրջակայքը:

Լուսանկարը՝ Անի Ղուլինյանի

Լուսանկարը՝ Անի Ղուլինյանի

Վանքից մի քանի մետր հեռավորության վրա է գտնվում ձիթհանքի մի մասնիկ, որով նախկինում ընկույզից ձեթ են ստացել գյուղացիք: Հիմա այն զբոսաշրջիկների ու գյուղացիների համար ծառայում է որպես կլոր սեղան «մի կտոր հաց» ուտելու համար:

Լուսանկարը՝ Անի Ղուլինյանի

Լուսանկարը՝ Անի Ղուլինյանի

Ձորում`վանքի հարևանությամբ է գտնվում մի մատուռ, որը հայտնի է Ագռավախաչ կամ Ագռավաքար անունով: Մատուռի հետ կապված մի հետաքրքիր ավանդություն կա, որը փոխանցվել է բերնեբերան, ինձ էլ պապս է պատմել: Ասում են, երբ բանվորների մի խումբ վանքը կառուցելիս է եղել, մի ուրիշ խումբ էլ վանքից մի փոքր հեռավորության վրա նրանց համար ուտելիք է պատրաստել` մեծ կաթսայով: Այն պահին, երբ կաթսայի մոտ ոչ ոք չի եղել, մի թունավոր օձ եկել ու մտել է ուտելիքի մեջ: Տեսնելով սա, ագռավը, որը երկար ժամանակ հսկում էր խոհարարներին, նետվել է կաթսայի մեջ: Մարդիկ տեսել են ու մտածել, որ ճաշը հարամ է: Աստծու կամքով է ագռավը այնտեղ ընկել, ու թափել են ուտելիքը, մեջը տեսել արդեն խաշված ու խեղդված ագռավին ու օձին: Բոլորը հավաքվել են, և որպես երախտագիտության նշան, ագռավի համար մատուռ են կառուցել, անունն էլ կնքել Ագռավաքար կամ Ագռավախաչ, հստակ անունը պատմողները չեն հիշում:

Լուսանկարը՝ Անի Ղուլինյանի

Լուսանկարը՝ Անի Ղուլինյանի

Ձորում է գտնվում նաև «Գիքորի աղպիրը», որից հավանաբար Թիֆլիս գնալիս ջուր է խմել Թումանյանի հերոս Գիքորը:
Ս. Բարձրաքաշ վանքն ու նրա շրջակայքի պատմամշակութային կոթողները գյուղացիների ամենասիրելի վայրերն են, օտարականներին էլ առաջինը այստեղ են առաջնորդում:

Մեր նապաստակները

Լուսանկարը՝ Լաուրա Սեկոյանի

Լուսանկարը՝ Լաուրա Սեկոյանի

Իրականում մենք երբևէ այդքան շատ նապաստակներ չենք ունեցել, որքան այս երկու տարիների ընթացքում:

Նապաստակներ պահել ենք վաղուց: Ունեցել ենք տարբեր ծագում ունեցող նապաստակներ, բայց նրանք այդքան երկար չեն ապրել և ձագեր չեն ունեցել: Եթե անգամ ունեցել են, ապա ցավոք սատկել են:
Իսկ թե ինչպես ձեռք բերեցինք այդ մայր նապաստակին, շատ հետաքրքիր է:

Բացի նապաստակներից մենք պահում էինք նաև շներ և ունեինք շատ ձագուկներ: Մի անգամ եղբորս դասարանցին եկավ մեր տուն և շան ձագ ուզեց, իսկ եղբայրս փոխարենը նապաստակի ձագ ուզեց իրենից: Երբ բերեց նապաստակին, շատ փոքրիկ էր, և կարծում էինք, թե արու է, բայց երբ մեծացավ, պարզվեց, որ իրականում էգ է: Մեզ մնում էր միայն որևէ մեկից արու նապաստակ գտնել և բազմացնել մեր նապաստակներին:
Մեր թաղում ոչ մեկը չուներ նապաստակ: Ես ու եղբայրս` Վոլոդյան, գնացինք նրա դասարանցիներից մեկի տուն, և բախտի բերմամբ, նա ուներ արու նապաստակ ու յոթ օրով տվեց մեզ: Տալուց առաջ մի պայման դրեց նապաստակի տերը, որ եթե նապաստակը հետ տանք իրեն, ու մեկ օր հետո սատկի, մենք պիտի վճարենք նապաստակի դիմաց: Սակայն նման բան չեղավ, ու իրենց նապաստակը չսատկեց, իսկ մեր նապաստակը քսանութ օր հետո ունեցավ երեք ձագուկ` երկու արու և մի էգ:

Լուսանկարը՝ Լաուրա Սեկոյանի

Լուսանկարը՝ Լաուրա Սեկոյանի

Ու այդպես մինչև օրս մենք բազմացնում ենք նապաստակներ, և այժմ էլ մեր նապաստակը սպասում է իր ձագուկներին, և ըստ մեր հաշվարկի, նա պետք է ձագուկներ ունենա մեր գյուղի ուխտի օրը: Արդեն առանձնացրել ենք մայր նապաստակին մյուսներից, և նա արդեն պոկել է իր մազիկները ու տեղ պատրաստել իր ձագերի համար: Հիմա ունենք տասներեք նապաստակ ու սպասում ենք նորերին:

arman arshak-shahbazyan

Առաջին անգամ թանգարանում

Դու, հա, հա, հենց դու՝ էկրանի մյուս կողմում նստածդ, հիշո՞ւմ ես առաջին անգամ երբ ես թանգարան գնացել և ո՞ր թանգարանը: Իսկ ես հիշում եմ: Պատմեմ` լսեք…

Հերթական կիրակին էր: Հայրիկս տանն էր, իսկ իմ ու եղբորս համար տոն էր դառնում ցանկացած կիրակին, երբ հայրիկը տանն էր:
-Հագնվեք, տանեմ Աբովյանի թանգարան:
-Թանգարա՞ն, էդ ի՞նչ ա,- հարցական հայացքով նայեցի մերոնց, դե, 4 տարեկան էի: Չգիտեի` ինչ է թանգարանը:
-Հին իրեր են պահում էդտեղ,- մի կերպ փորձեց հասկացնել մայրս:
Հագնվեցինք, բռնեցինք հայրիկի ձեռքը ու գնացինք: Եղբայրս մեծ էր, երևի էլի էր թանգարանում եղել, իսկ ես ամբողջ ճանապարհին մանկական երևակայությամբ փորձում էի մտովի պատկերել թանգարանը:
-Պապ, այ պապ, ի՞նչ կա էդ սառնարանում:
-Ի՞նչ սառնարան, տղա ջան:
-Դու ասացիր, որ սառնարան ենք գնում,-դե փոքր երեխա էի, թանգարանը սառնարան էի հիշում: Ու միչև հիմա թե՛ պապան, թե՛ ապերը հիշում են այդ խոսքերս:
Ու այդպես ամբողջ ճանապարհին միայն ես էի խոսում, անդադար հարցեր էի տալիս: Վերջապես հասանք թանգարան, ու առաջին բանը, որ մտածեցի, այս էր. «Փաստորեն թանգարանում մենակ աշխատողներն են լինում»: Շրջում էինք ամբողջ թանգարանում ու կանգնեցինք մի հին տարազի առաջ: «Իսկ սա իմ տատի տարազն ա»,- մինչև հիմա հիշում եմ, թե ինչ հպարտությամբ հնչեց այդ արտահայտությունը հորս բերանից: Մի պահ միջիցս դուրս եկավ այն երեխան, ով ողջ ճանապարհին հարցեր էր տալիս «սառնարանի» մասին: Երեխա էի, բայց հպարտություն զգացի. հորս տատի տարազը թանգարանում է:

Անցել է 11 տարի, ու այդ ընթացքում, երբ այցելել եմ Աբովյանի թանգարան, հպարտությամբ բոլորի մոտ նշել եմ, որ այս տարազը հորս տատի տարազն է: Ու այդ 11 տարին իմ մեջ ոչինչ չի փոխել, երբ լսում եմ թանգարան բառը, ակամայից հիշում եմ «սառնարան» բառը, իսկ աչքերիս առաջ հորս տատի տարազն է գալիս:

nane davtyan

Երազել կարող են բոլորը

Ես չեմ պատկերացնում մի մարդու, ով երբեք չի երազել ինչ–որ բանի մասին: Երազելու համար միայն պետք է փակվես սենյակում, և ամեն ինչ պատրաստ է: Երազել կարող են բոլորը, բայց պետք է երազանքներդ դարձնես իրականություն, եթե քո երազի մեջ հեքիաթի հերոսուհի կամ այլմոլորակային չես:

Մայրս ասում է, որ ես փոքր տարիքում երազել եմ ունենալ սեփական ինքնաթիռ: Դե, դա մի քիչ անհավանական է, բայց անհնարին ոչինչ չկա: Հիմա էլ աստղադիտակ եմ ուզում ու մի մեծ տանիք (աստղերը դիտելու համար): Շատ եմ սիրում երկինքը՝ հատկապես մայրամուտին:

Գուցե մի օր իմ սեփական ինքնաթիռով կթռչեմ հեռուներ, կամ էլ կդառնամ աստղագետ: Դե սա էլ երազանքներիս հերթական պոռթկումն էր, որ ուզեցի հանձնել թղթին:

Բայց անկախ ամեն ինչից, մի դադարեք երազել…

lida armenakyan

Երևի

Վայ, սիրահարվում ենք, երևի սիրահարվում ենք, երևի…

…Մեկ էլ, երբեք չենք մտածում, որ մի անգամ մետրո նստելիս, երկար, ուշադիր զննելուց հետո ինչ-որ մեկին սիրել ենք մի քիչ: Դե քիչ, բայց սիրել ենք: Ինքը նստած է եղել ականջակալները վզին: Նստած է եղել ու գուցե մեզ տեղ է զիջել:

Այ, տեղը զիջելուց հետո ավելի ուշադիր ենք ուսումնասիրել իրեն, դեռ մի բան էլ ձեռքի եղածը պահելու պատրաստակամություն ենք հայտնել: Էդտեղ հայացքներ ենք փոխանակել, գուցե նաև ժպիտներ: Եսիմ, ո՞վ գիտե:

Իսկ սուպերմարկետո՞ւմ, ասենք, երբ թույլ են տվել սայլակով անցնել: Իսկ այ, էդ ժամանա՞կ: Էլի նույնն է եղել: Ուղղակի հայացքների փոխարեն երևի ճանապարհներ ու մեղմ արտահայտություններ ենք փոխանակել.
-Ահհ, կներեք…
Հետո սայլակը հետ քաշելով.
-Խնդրեմ, անցեք…
Մենք էլ երևի «շնորհակալության» փոխարեն էդպես մեղմ ժպտացել ենք: Մեր ժպիտն իրենց մտքում է դաջվել, իսկ իրենց չասած խոսքերը` մեր:
Իսկ կանգառներո՞ւմ: Գիտեմ-գիտեմ, հաստատ եղել է: Նաև եղել է, որ միասին նույն ավտոբուսին ենք սպասել, կամ թե չէ, դիտավորյալ սպասել ենք, հա: Էլ չեմ ասում փողոցն անցնելիս, որ հանդիպակաց մայթերից ուսումնասիրել ենք: Հետո մենք էլ չենք նկատել, թե ոնց էդպես իրար նայելով, վայրկյանների տակ փողոցն անցանք: Անցել ենք, ու մեր սերն էլ է անցել:

Հա, ու եթե ասածներս քեզ խորթ են, ծանոթ չեն կամ ինձ չես հասկանում, գնա ու Անահիտի «Կարճալիք սեր»-ը կարդա: Կարող է մի բան փոխվի:

Ամեն ինչ ՖԼԵՔՍ-ի մասին

Հարցազրույց ՖԼԵՔՍ ծրագրի շրջանավարտների համակարգող Սուրեն Կարապետյանի հետ

Լուսանկարը՝ Դիանա Շահբազյանի

Լուսանկարը՝ Դիանա Շահբազյանի

-Քա՞նի տարի է, ինչ գործում է ՖԼԵՔՍ ծրագիրը:

-ՖԼԵՔՍ ծրագիրը 17 երկրներում գործում է ավելի քան 20 տարի, Հայաստանում 2017 թ.-ին կնշենք ՖԼԵՔՍ-ի հիմնադրման 25-ամյակը: Վերջերս մեզ միացել են մի շարք երկրներ, օրինակ` Լեհաստանը, Լատվիան, Լիտվան, Ռումինիան, Էստոնիան:

-Ի՞նչ ասել է ՖԼԵՔՍ:

-Անգլերենից այն բացվում է Future Leaders Exchange, թարգմանաբար` ապագա առաջնորդների փոխանակաման ծրագիր: Ծրագրի հաղթողը մեկնում է ԱՄՆ սովորելու ավագ դպրոցում և մասնակցում մշակութային փոխանակման: Մշակութային փոխանակում տեղի է ունենում նաև իր նոր շրջապատում, իրեն հյուրընկալող ընտանիքում:

-Ի՞նչ ասել է առաջնորդ: Որտե՞ղ և ինչպե՞ս են դրսևորվում ծրագրի հաղթողի և շրջանավարտի առաջնորդական ընդունակությունները: 

-Մեր ծրագրի գլխավոր նպատակներից մեկն է` օգտագործել մեր շրջանավարտների գիտելիքները և հմտությունները, ռեսուրսները իրենց քաղաքներում, գյուղերում և համայնքներում մի շարք բարեփոխումներ կատարելու համար: Եթե ծրագրի շրջանավարտն ունի իր բնակավայրի բարելավման որոշակի գաղափարներ, Ամերիկյան խորհուրդները օժանդկում են շրջանավարտին, որպեսզի ծրագիրն իրականացվի:

-Ովքե՞ր կարող են դիմել ծրագրին:

-2016թ. սեպտմեբերին ծրագրին կարող են դիմել ՀՀ բոլոր այն քաղաքացիները, ովքեր սովորում են 9-12-րդ դասարաններում, քոլեջների 1-3-րդ կուրսերում: Դիմողները պետք է ծնված լինեն 1999 թ.-ի փետրվարի 15-ից մինչև 2002 թ. հուլիսի 15-ն ընկած ժամանակահատվածում: Հաշմանդամություն ունեցող դիմորդները պետք է սովորեն 8-12-րդ դասարաններում: Բայց 12-րդ դասարաններում և 3-րդ կուրսում սովորող աշակերտները, ովքեր ենթակա են պարտադիր զինվորական ծառայության (անկախ տարիքից), ծրագրին դիմել չեն կարող:

-Ի՞նչ փուլերից է բաղկացած ծրագիրը, և արդյո՞ք դժվար չէ:

-Ծրագիրն իրականում դժվար չէ, բաղկացած է երեք փուլից: Առաջին փուլը 16 հարցից բաղկացած թեստ է: Մյուս փուլերում նաև ավելանում են շարադրությունները և ELTIS անգլերենի թեստը, որը ավելի ընդլայնված տարբերակն է: Լինում են խմբային աշխատանքներ և հարցազրույցներ:

-Առաջին փուլին միջին վիճակագրական տվյալներով քանի՞ հոգի է մասնակցում:

-Դա իրականում կապված է լինում կոնկրետ տարվանից: Միջինը տարեկան 800-900 մարդ է դիմում: Եթե դիմորդը ունի բաց մտածելակերպ, ապա իր համար այդքան էլ որոշիչ չպետք է լինի, թե քանի հոգի է իր հետ միասին դիմում ծրագրին:

-Ի՞նչ մակարդակի անգլերեն պիտի իմանա դիմողը, որպեսզի հաղթահարի առաջին երկու փուլերը: 

-Հայտարարությունը, որ անգլերեն լավ չգիտեն, ուրեմն չեն կարող անցնել, միանշանակ սխալ է: Ծրագրի համար անգլերենի գիտելիքները առաջնային պայման չեն: Մենք հաճախ ունենում ենք ծրագրի հաղթողներ, ովքեր ունեն անգլերենի ոչ բավարար գիտելիքներ և մինչև ծրագրի սկսվելը մասնակցում են Մոլդովայում տեղի ունեցող ամառային ճամբարին` ձեռք բերում բավարար գիտելիքներ ԱՄՆ-ում սովորելու և ապրելու համար:

Լուսանկարը՝ Դիանա Շահբազյանի

Լուսանկարը՝ Դիանա Շահբազյանի

-Այս 25 տարիների ընթացքում քանի՞ շրջանավարտ է ունեցել ՖԼԵՔՍ ծրագիրը:

-Արդեն հասցրել ենք ունենալ 947 շրջանավարտ: Մեր ամենաերիտասարդ շրջանավարտը 16 տարեկան է, իսկ ամենամեծը` 40: Ունենք տարբեր մասնագիտությունների տեր շրջանավարտներ հանրապետության բոլոր մարզերից:

-Ինչի՞ հիման վրա են ընտրվում ծրագրի մասնակիցները:

-Ընտրությունը կատարվում է դիմողի շարադրության, հարցազրույցի, հայցադիմումի և այլ չափորոշիչների հիման վրա, սակայն ընտրող հանձնաժողովը որևէ տեղեկություն չի ունենում, թե դիմողը որ երկրից է, քանի տարեկան է, անունն ինչ է, քանի որ դիմողները համարակալված են: Դրանով մենք հնարավորինս ապահովում ենք արդարությունը:

-Ինչպե՞ս են ընտրվում հյուրընկալող ընտանիքները: 

-Հյուրընկալող ընտանիքները ևս դիմում են Ամերիկյան խորհուրդներին, այնտեղ մանրակրկիտ ուսումնասիրություններ և ստուգումներ են արվում, որպեսզի ապահովվի ՖԼԵՔՍ ծրագրի մասնակցի անվտանգությունը և ապրելու անհրաժեշտ պայմանները: Ստուգումների բարեհաջող ելքի դեպքում, ընտանիքները հնարավորություն են ունենում հյուրընկալել փոխանակման աշակերտների, և ըստ այդմ էլ, որոշվում են աշակերտի հյուրընկալ նահանգը: Արդյունքում` հյուրընկալող ընտանիքների հետ խնդիրներ հիմնականում չեն լինում:

-Ի՞նչ քաղաքներ են ընտրվում ծրագրի մասնակցի հյուրընկալության համար` մեծ, փոքր:

-Դա կապված է, թե հյուրընկալող ընտանիքը որ քաղաքում է ապրում, բայց հիմնականում քաղաքները փոքր են լինում, ինչը շատ հարմար է աշակերտների ապահովության տեսանկյունից: Դա նաև հնարավորություն է տալիս մասնակցին` ծանոթանալու բուն ամերիկյան կյանքին, ինչը նա չէր կարողանա զգալ, եթե ապրեր, օրինակ, Նյու Յորքում կամ որևէ այլ մեծ քաղաքում:

-Իսկ ի՞նչ միջոցներով է մասնակիցն ապրում ԱՄՆ-ում, ծրագիրը ֆինանսական աջակցություն տրամադրո՞ւմ է: 

-Մասնակիցներն ապրում են ընտանիքում ինչպես ընտանիքի անդամ, դրան զուգահեռ` ստանալով ամսական 125 դոլար` առօրյա ծախսերը հոգալու համար:

-Որպես ծրագրի շրջանավարտ մի փոքր պատմեք ձեր փորձի մասին: 

-Ես 2008-2009 թվականների շրջանավարտ եմ եղել, ապրել եմ Արքանզաս նահանգում: Ինձ համար կրկնակի հետաքրքիր էր, քանի որ այդ ընտանիքը հյուրընկալել էր նաև Հարավային Կորեայից մի մասնակցի: Ես միաժամանակ ծանոթանում էի երկու տարբեր երկրների մշակույթներին: Նաև ունեի ընկերներ այլ երկրներից: Իմ ընտանիքի առանձնահատկություններից մեկն էլ այն էր, որ ինձնից առաջ հյուրընկալել էր արդեն հինգ մասնակցի Վիետնամից և Հարավային Կորեայից, ովքեր արդեն սովորում էին ԱՄՆ-ի տարբեր համալսարաններում: Նրանք ժամանակ առ ժամանակ ընտանեկան հավաք էին կազմակերպում, և ես հնարավորություն էի ունենում ծանոթանալ և շփվել նրանց հետ:

-Ի՞նչ է տեղի ունենում, երբ մասնակիցները ծրագրի ավարտից հետո վերադառնում են հայրենիք:

-Վերադառնալուց հետո նախ մասնակիցը պաշտոնապես դառնում է ծրագրի շրջանավարտ, կազմակերպվում են հետվերադարձման կոնֆերանսներ, որոնց ժամանակ աշակերտներին պատրաստում ենք հայաստանյան կյանքին: Օգնում ենք հաղթահարել հետվերադարձման մշակութային շոկը, ներկայացնում մի շարք հնարավորություններ, որոնք նրանք ունեն որպես ՖԼԵՔՍ-ի շրջանավարտ: Նման տեղեկատվական կոնֆերանս մենք կազմակերպում ենք նաև մասնակիցներին ԱՄՆ ճանապարհելուց առաջ:

-Ի՞նչ ասել է մշակութային շոկ:

-Անգլերենում կան տերմիններ` cultural shock, reverse cultural shock` թարգմանաբար, մշակութային շոկ և հակադարձ մշակութային շոկ: Այս երևույթը շատ անհատական է: Մասնակից կա, որ ընդհանրապես չի էլ ենթարկվում մշակութային շոկի, մասնակից էլ կա, որ շատ ծանր է տանում: Երբ հայ մասնակիցը, ով սովոր է հայկական միջավայրին, հայտնվում է բոլորովին օտար սովորույթներով միջավայրում, ենթարկվում է մշակութային շոկի: Ծրագրի նպատակներից մեկն այն է, որ մասնակիցը կարողանա ընկալել տարբեր երկրների միջև եղած տարբերությունները: Իսկ հակադարձ մշակութային շոկը տեղի է ունենում, երբ ուսանողն, ով արդեն սովորել և ադապտացվել է օտար միջավայրին, վերադառնում է հայրենիք, որտեղ արդեն ամեն ինչ անսովոր է դարձել:

-Ինչո՞ւ են ընտանիքները հյուրընկալում փոխանակման ծրագրի աշակերտներին:

-ԱՄՆ-ում կամավորությունը ամենատարածված մշակույթն է, ինչը կփաստեն ՖԼԵՔՍ ծրագրի բոլոր շրջանավարտները: Այս ընտանիքները դա կատարում են, որպես կամավորական աշխատանք և իրականացնում են առանց որևէ ֆինանսական և հարկային նկատառումների:

-Ո՞վ է ֆինանսավորում ծրագիրը:

-Ծրագիրը ֆինանսավորվում է ԱՄՆ պետդեպարտամենտի կողմից:

-Ի՞նչ հաջողությունների են հասնում ձեր շրջանավարտները և որտե՞ղ են հետագայում աշխատում:

-Մենք ունենք շրջանավարտներ, ովքեր աշխատում են պետական կառավարման համակարգում, բազմաթիվ միջազգային կազմակերպություններում, բիզնես ոլորտում և ունենք շրջանավարտներ, ովքեր աշխատում կամ սովորում են արտերկրում:

-Ե՞րբ են մեկնարկելու ՖԼԵՔՍ-ի նոր ուս. տարվա քննությունները:

-ՖԼԵՔՍ-ի առաջին քննությունը լինելու է սեպտեմբերի 15-ին Թալինում, իսկ վերջինը` հոկտեմբերի 2-ին Երևանում: Ավելի մանրամասն տվյալներ կարող եք կարդալ մեր վեբ կայքում` www.americancouncils.am:

***

Քննությունների օրերին և ծրագրին մասնացկելու պայմաններին կարող եք ծանոթանալ Ամերիկյան Խորհուրդների կայքում` http://americancouncils.am/am/flex-exam-dates-2016/ 

Հայկական նվագարանները մի տան մեջ

Լուսանկարը՝ Միլենա Սեդրակյանի

Լուսանկարը՝ Միլենա Սեդրակյանի

Հայկական երաժշտություն, հայ ժողովրդի դարավոր երաժշտական մշակույթի մի մասն է: Այն սկիզբ է առնում մ.թ.ա. II հազարամյակում։ Պատմական տվյալները մեզ են հասել հնադարյան հայ պատմաբաններ Մովսես Խորենացու և Փավստոս Բյուզանդի աշխատությունների շնորհիվ։

Ես ճանաչում եմ նման ընտանիքի, որտեղ քույր ու եղբայր նվագում են դհոլ ու քանոն: Ասեմ ավելին, քույրիկը ՝քանոնահար Գրետան, համատեղում է քանոնը դաշնամուրի հետ, իսկ եղբայրը` Կարենը, շատ լավ նվագում է դհոլ:

Ես զրուցել եմ Գրետայի և Կարենի և նրանց մոր`Արմավիրի մարզի Մրգաշատ գյուղի բնակչուհի Վեհանուշ Աֆրիկյանի հետ:

-Տիկին Վեհանուշ, ձե՞ր որոշումն էր, որ երեխաները հաճախեն երաժշտական դպրոց:

-Նրանց մեջ տեսնելով երաժշտական լավ տվյալներ, ինչու չէ, նաև իմ և երեխաների սերը դեպի երաժշտությունը, նաև մանկուց չիրականացած երազանքս, որոշեցի որ անպայման պիտի հաճախեն:

Համացանցում փնտրեցի և գտա քնարի մասին: Պարզվում է, որ այն գրեթե նույն քանոնն է, որոշեցի, որ Գրետան պիտի նվագի քանոն, ձայն էլ ինձ շատ դուր է գալիս:

Պարզվում է, քանոնը շատ հին գործիք է, և նախատիպը հայտնվել է Եգիպտոսում: Աստվածաշունչ կարդալիս ինձ միշտ հետաքրքրում էր, թե ինչու է, օրինակ, Դավիթ թագավորը հենց քնար նվագում:

-Դուք ասացիք, որ դուք եք երեխաների փոխարեն որոշել: Իսկ իրենք սիրո՞վ են հաճախում:

-Դե, սկզբից այդքան էլ չէ, սակայն հիմա մեծ սիրով են հաճախում:

-Հաճա՞խ են նվագում տանը, իսկ ինչպե՞ս եք վերաբերվում դրան:

-Երբ նոր էին սկսել ես անընդհատ հիշեցնում էի, որ պարապեն, սակայն հիմա ձեռքից վայր չեն դնում գործիքները: Ամբողջ օրը նվագում են: Գրետան քանոնից անցնում է դաշնամուրի, դաշնամուրից` քանոնի, իսկ Կարենը համարյա ամբողջ օրը նվագում է դհոլ: Ես դրան ամենևին վատ չեմ վերաբերվում:

Կցանկանայի, որ բոլոր երեխաները սիրեն երաժշտություն, նվագել սովորեն: Երաժշտությունից վնաս չկա, ու բացի այդ, այն մի ուրիշ ներաշխարհ է: Եթե զբաղմունք չունես և անգործ նստես տանը, դե բնական է, որ պիտի կամ համակարգչով խաղաս, կամ էլ դուրս գաս բակ` կռիվ անելու:

Լուսանկարը՝ Միլենա Սեդրակյանի

Լուսանկարը՝ Միլենա Սեդրակյանի

-Գրետա, մի քիչ կպատե՞ս քո գործիքի մասին:

-Քանոնը հայկական գործիք է: Այն նվագում են բութ մատի և ցուցամատի օգնությամբ: Քանոնը մեր երկրում ամենատարածված և սիրելի նվագարաններից է: Սկզբում քանոնը եղել է տղամարդու գործիք, իսկ հետո քանոնահարուհի Անժելա Աթաբյեկանի շնորհիվ, քանոնը դարձրել է կանանց համար սիրելի գործիք:

-Երբ մայրիկդ ասաց, որ պիտի հաճախես քանոնի, ինչպե՞ս ընդունեցիր այդ առաջարկը:

-Ճիշտն ասած, համ ուզում էի, համ` չէ : Սկզբից ասացի` չեմ ուզում, հետո մի լավ մտածելուց հետո հասկացա, որ դրանից եթե օգուտ չլինի, ապա վնաս չի լինի:

-Իսկ ավելի շատ սիրում ես դաշնամո՞ւր նվագել, թե՞ քանոն:

-Չեմ կարող ասել: Մեկը մյուսին չեն զիջում:

-Իսկ համատեղո՞ւմ ես դասերիդ հետ: 

-Մի կերպ: Ազատ ժամանակ չեմ ունենում, բայց ոչինչ: Կարևորը հասել եմ արդյունքի. թե դպրոցում, թե երաժշտականում գերազանցիկ եմ:

-Իսկ ինչո՞ւ հենց քանոն և դաշնամուր:

-Քանի որ Մրգաշատի երաժշտական դպրոցում՝ աղջիկներ համար միայն դաշնամուր և քանոն են դասավանդում:

-Հետագայում ի՞նչ նպատակներ ունես:

-Շարունակելու եմ այդ գծով: Իմ երազանքն է դառնալ կիրթ և գրագետ երաժիշտ:

Լուսանկարը՝ Միլենա Սեդրակյանի

Լուսանկարը՝ Միլենա Սեդրակյանի

-Իսկ դո՞ւ, Կարեն, քանի տարի է, ինչ հաճախում ես երաժշտական դպրոց:

-Նոր եմ սկսել, արդեն մեկ տարի կլինի: Ճիշտն ասած, սկզբից, որ գնացի, չէի ուզում, բայց երբ առաջին անգամ մտա դասարան ու տեսա ուսուցչին, շատ ուզեցի գնալ:

-Երազանքներ, նպատակներ ունե՞ս կապված դհոլի հետ:

-Շատ եմ սիրում դհոլի ձայնը և ուզում եմ շարունակել սովորելը:

-Իսկ դասերիդ չի՞ խանգարում: 

-Եթե մարդու մտքին տեղ լինի, ամեն ինչ էլ կհասցնի:

marine israyelyan

Դժվար է մտածել, որ սխալվեցի

Կորցնել մարդուն սարսափելի բան է, բայց ավելի սարսափելի է, երբ կորցնում ես մարդուն բարոյապես, գիտակցելով նրա ֆիզիկական գոյը` հրաժարվում ես բարոյական բարձրարժեքությունից, որն ինքդ էիր դրել նրա մեջ` միամտաբար կարծելով, թե նա կարող է այդ արժեքի կրողը հանդիսանալ:

Ահա այսպես ես կորցրեցի ընկերուհուս:

Մենք դասընկերներ չէինք և ոչ էլ ամենօրյա շփում ունեինք: Կյանքը մի դիպվածով ծանոթացրեց մեզ, և ձևավորվեցին բավական ջերմ հարաբերություններ: Մեր ընկերությունն օճառային չէր` հիմնված մակերեսային հումորների, քրքիջների, այլոց մասին բամբասանքների ու անձնական հարցերը բարձրաձայնելով հեղինակություն գրավելու վրա (ներեցեք ինձ, բայց մերօրյա իրականությունը այդպիսի բազում օրինակներ ունի):

Ես ու հիշյալ անձնավորությունը, որին կսկիծով, բայց ձեռքս այլևս չի կարող ընկեր անվանել, մտերմացանք դանդաղ, ժամանակ պահանջվեց միմյանց ներաշխարհը դիտելու համար, և ափսոսում եմ` հոգում այդքան գանձերի հետ ինչպես առավ նա էժանության սերմեր:

Մենք համագործակցում էինք բազմաթիվ միջոցառումների կազմակերպման գործով, թեժ քննարկումների միջոցով գտնում լավագույն տարբերակները, և բացի այդ, երբեք չէի կարող պատկերացնել, որ ընկերոջ երջանկությունը այդքան թանկ կարող է լինել, որ ամեն անգամ այդ մասին խորհելիս իմ սիրտն էլ երջանկություն ճառագեր` անշահ երջանկություն շահերի աշխարհում:

Դժվար է մտածել, որ ես սխալվեցի մարդուն ճանաչելու գործում, գուցե կյանքը հանկարծակի փոխեց նրան, այնքան, որ մեր ընկերությունը պղտորեց` իջեցնելով մինչև քաղաքականության ճենճահոտ հարթակ: Լսեցի ձայնը` մտքով տեսնելով աչքերի մեջ արտացոլված հոգու անկումը: Եվ նորից ապացուցվում է, որ կյանքում վայրկայնների ընթացքում կարելի է հիմնահատակել տարիների տքնանքը: Սուր իջավ ու կտրեց ընկերության ոսկե թելը, և թերևս լավ է, որ կտրեց, քանի որ մի ծայրից այն սկսել էր փտել. անհավատալի է, բայց երբեմն ոսկին էլ է փտում: