arman arshak

Տուն տանող ճանապարհը

Երբեք չէի մտածել, թե որտեղից է ինձ համար սկսվում տուն տանող ճանապարհը: Բայց այսօր՝ տուն վերադառնալիս, փորձում էի հասկանալ կապվածությունս տան հետ, այժմ տանից շատ բացակայելս: Հասկացա, որ այն ճանապարհը, որը տանում է տուն, տանում է տաք ու հարազատ միջավայր, լավագույններից է: Բայց որտեղի՞ց է սկսվում այդ ճանապարհը: Անմիջապես հիշեցի մանկությանս ամենահաճախ պատահող դեպքը, երբ հասնում էինք մեր շենքից գրեթե 200 մետր հեռավորության վրա գտնվող անտանելի զառիթափին, ու ամեն անգամ այդ հատվածում մերոնք լսում էին ինձնից.

-Պա՜պ, ա՜յ պապ:

-Արի, արի կգրկեմ,- չթողնելով, որ շարունակեմ՝ շտապում էր պատասխանել հայրս:

Փոքր տարիքում միշտ հայրս ինձ գրկած էր տանում այդ ճանապարհը:

Ճանապարհը գրկած անցնելու շրջափուլին հաջորդեց «մետրոյի աստիճաններ» շրջափուլը: Երբ արդեն մեծ էի ու չէին գրկում զառիթափը բարձրանալիս, ամեն անգամ ասում էի՝ որ մեծանամ, էստեղ մետրոյի աստիճաններ եմ դնելու: Մետրոյի աստիճաններ ասելով շարժասանդուղքը նկատի ունեի: Լինեմ անկեղծ՝ ես դեռ կցանկանայի, որ շարժասանդուղքով փոխարինվեր զառիթափը:

Այսօր կարծես յուրահատուկ է ճանապարհը: Այսօր խորհրդավոր է այն: Բարձրանում եմ զառիթափով ու հասկանում, թե ինչքան զգացողություններ եմ ապրել այս ճանապարհին՝ տուն տանող ճանապարհին: Եղել եմ թե՛ ուրախ, թե՛ տխուր, երբեմն շտապել եմ, որ նշված ժամանակին տուն հասնեմ, գուցե վախեցել եմ, քանի որ արդեն ուշացած եմ եղել ժամանակից: Աշխարհում ոչ մի հրաշալի ճանապարհ չի փոխարինի տուն տանող ճանապարհը:

marieta baghdasaryan

Դեպի ուրիշ մոլորակներ

«Fly me to the moon»-ը քթիս տակ երգելով՝ ուտում եմ հերթական մանդարինը։ Մանդարինի հոտը ասոցացնում երևույթների, երևույթները՝ մարդկանց ու հիշողությունների հետ։ Աշուն է։ Երևի մի փոքր բնական մելանխոլիկ տրամադրությունը ստիպում է անհաշիվ թեյեր պատրաստել ու խմել դրանք, մինչև կսառեն: Կամ մինչև ինքներս կսառենք։ Դե, երբեմն մենք էլ ենք սառում։ Իրար տեսնելն ու չբարևելը դարձնում ենք սովորություն, զանգերին չպատասխանելը՝ բնավորություն: Հետո էլ բողոքում ենք, որ ֆեյսբուքն ու ինստագրամը բոլորիս դարձրել են ռոբոտ ու հեռու են պահում իրարից՝ ցրելով ուրիշ մոլորակներ։ Չէ, հաստատ չէ։ Ախր, մենք ենք մեզ աքսորում մեր ընկերներից, ծանոթ ու անծանոթ մարդկանցից ու ինքներս մեզնից։ Քամիները պահում ենք ներսում ու ջերմություն որոնում թեյի գոլորշիներում, գրքերի տողերում ու մարդկանց խոսքերի տողատակերում։ Թող լուսինները մնան երգերում։ Կամ էլ լուսնին հասնելու փոխաբերությունը դառնա երջանկության, սիրո ու հրճվանքի համար օգտագործվողը։ Մանդարինն ու թեյը հերիք են, չէ՞. աշուն է:

mariam tonoyan

Կյանքի արժեքը մեկ փամփուշտում. Մաս 1

Հորս պատմած պատմությունները պատերազմի մասին մի մեծ կնիք են դրել զգացմունքներիս ծրարի վրա, իսկ դեպքերի աղոտ պատկերացումները դառն ու սարսափազդու տենդով են համակում հոգիս ու խլում աչքերիցս թաքուն գլորվող արցունքներ:

Միշտ զարմացել եմ հորս սառնասրտությունից, որն ինձ երբեմն անտարբերություն էր թվում: Այժմ, երբ գիտակցում եմ, թե որքան սառնասրտություն է պահանջվում պատերազմի դաշտում, երբ ընկերդ կարող է զոհվել քո աչքի առաջ, սուրացող հազարավոր փամփուշտներից մեկի զարկից, ու քո մահվան հավանականությունն էլ քիչ չէ, հասկանում եմ, որ այդ հատկանիշը ներարկված է ցանկացած սահմանապահի ու զինվորի, պատերազմի մասնակցի երակներում: Ծնված օրվանից որպես հեքիաթ հորիցս լսել եմ պատմություններ պատերազմի ու հայրենասիրության մասին, որպես օրորոցային՝ ազգագրական երգեր, ֆիլմերի հերոսների փոխարեն սիրել եմ Մոնթեին ու Բեկորին, Դուշման Վարդանին ու Վազգեն Սարգսյանին: Մանկուց հարցրել եմ ամենքին՝ կգա՞ ժամանակ, երբ էլ պատերազմներ չեն լինի, բայց, չգիտես ինչու, պատասխանի փոխարեն դառնացած հայացք ու խոր հառաչանք եմ ստացել: Նման հառաչանքով է հորս մարտական ընկերը հրաժարվում պատերազմի մասին խոսելուց, իսկ հայրս պատմում է.

-1993թ.-ի հունվարի 19-ն էր՝ գիշեր: Ջիվանավանի սարերում էինք: Հակառակորդի կրակոցներից մեզնից որոշ հեռավորության վրա հրդեհ էր բռնկվել: Օմարից մինչև Ջիվանավան թեժ մարտական գործողություններ էին ընթանում: Թշնամին անցել էր լայնածավալ հարձակման: Նրանց բանակը համալրված էր Աֆղանստանից եկած վարձկան զինվորներով: Համեմատած իրենց զինվորների հետ՝ մոջահեդներն ավելի արագաշարժ էին ու կարողանում էին արագ լեռներ մագլցել:

Սառնամանիք էր: Մրսում էինք: Թշնամին գրոհում էր տարբեր կողմերից: Մարտական ընկերներս թույլտվություն ստացան դասակի հրամանատար Հակոբյան Լյովայից ու գնացին գումարտակ՝ տաքանալու ու իրենց փոխարինողներ ուղարկելու: Բավականին երկար ժամանակ անցավ, բայց տղաները չեկան: Հարցրի հրամանատարին՝ կարո՞ղ եմ գնալ նրանց հետևից: Վերջինս որոշեց ինքը գնալ, ու ես մնացի մենակ: Երկար ժամանակ անցավ: Ոչ ոք չվերադարձավ: Հանկարծ զգացի, որ ոչ միայն առջևից, այլև շրջանցելով սարերը՝ թշնամին կրակում է աջից ու ձախից և ավելի է մոտեցել: Ես բոլորովին անտեղյակ էի ընկերներիցս, չգիտեի՝ ինչ անել:

Պարզվեց, որ հրաման էր եղել նահանջելու, և զորքը Յանշակ էր նահանջել: Իմ մասին էլ բոլորովին մոռացել էին: Միայնակ, սարի վրա, և ո՞վ գիտի՝ քանի թշնամիներով շրջապատված: Խուճապահար մի քիչ իջա սարով ցած, նայեցի ներքև ու տեսա, որ տունը, որտեղ մեր գումարտակն էր տեղավորվել, այրվում է: Իսկույն հասկացա եղելությունը և ցած իջա սարից: Գնացի այրվող տնից մոտ 150 մետր այն կողմ գտնվող մեր տնակը, վերցրի ուսապարկս ու գիշերով ճամփա ընկա: Հեռվից որսում էի գնդի տղաների ձայները Յանշակից Չապլին ճանապարհի վրա և որպեսզի նրանց հասնեմ, ճանապարհս վազելով շարունակեցի: Վերջապես գտա նրանց, միացա զորքին, գանգատվեցի, որ դիրքում մենակ էին թողել ու ճանապարհվեցինք դեպի Սետլար:

Իմ այդ ծանր օրն էլ ավելի ծանրացավ, երբ հանգստի ժամին մեզ ասացին, որ հրամանատարներ Գլոբա Վովան, Վերդյան Վլադիմիրը և մի քանի զինվորներ զոհվել են: Ծանր դեպքերից ճնշված ու հուզված՝ հասանք Սետլար:

Ani Harutyunyan

Երրորդ եղանակը

Քայլում եմ փողոցով ու ինչ-որ բան ինձ հուշում է, որ տարվա երրորդ եղանակն է արդեն: Չէ՛, դա ո՛չ թափվող տերևներն են, ո՛չ անձրևն ու դրա թողած հետքերը, ո՛չ էլ մարդկանց՝ արդեն մրսած դեմքերն ու տաք հագուստը: Դա օդում կախված աներևույթ, մարմնիդ թեթև դիպչող ու իրեն զգացնել տվող տրամադրությունն է, արտասովոր օդը, որ միայն այս եղանակին է այսպիսին լինում:

Շարունակում եմ քայլել: Մարդկանց դեմքից թախիծ է կաթում, իսկ ես ոտքերով ինչքան հնարավոր է վերև եմ շպրտում տերևներն, ու դա ինձ ուրախացնում է: Աշունն այնքան էլ իմ սիրելին չէ, բայց էլ ե՞րբ պետք է տերևները խշխշացնելով, վատ մտքերս հետը փշրելով՝ քայլեմ մինչև տուն: Էլ ե՞րբ անձրևից պաշտպանվելու համար պիտի ավելի արագ վազեմ կանգառ, իմ կանգառից՝ տուն ու սովորականից էլ շուտ հասնեմ: Ախր, էլ ե՞րբ այդքան կարոտեմ:

Այս եղանակի գալու հետ տուն են գնում այգում նստած ու կյանքի մայրամուտը վայելող ծերուկները: Ճանապարհով անցնելիս լսում եմ միայն իմ քայլերը: Այլևս ո՛չ մի խաղաքարերի շխկոց, ո՛չ մի արդար կամ անարդար խաղի պարզաբանում: Ինձ համար աշնան տխրությունը ոչ թե կոտրված սրտերն ու հիասթափություններն են, այլ ինձ հարազատ դարձած պապիկներից շատերին գարնան գալուստի հետ նորից իրենց տեղում չտեսնելը: Աշունը կգնա ու կտանի նրանց:

Նկատում եմ, որ սիրահար զույգերն ավելի ամուր են գրկում իրար. չէ՛, չեն սկսել ավելի շատ վախենալ իրար կորցնելուց. մրսում են: Ու, երևի, հենց այս ջերմությունից ելնելով են աշունը սիրո եղանակ համարում: Մինչդեռ սիրո համար չկա եղանակ ու ժամանակ: Սերն ինքն է եղանակ՝ ամենալուսավորը, հինգերորդը:

Թող գունավոր այս եղանակը քամիների հետ քշի ու տանի մեր հոգում նստած մութը, որ ես չվախենամ առաջին քայլն անելուց, դու չվախենաս բարձր ու ինքնավստահ խոսելուց, որ մենք չվախենանք իրար չգտնելուց:

Ոսկե աշուն

Լուսանկարը՝ Սվետլանա Դավթյանի

Լուսանկարը՝ Սվետլանա Դավթյանի

Կարբի համայնքում կարևոր օր էր՝ բերքի փառատոնը: Ամբողջ ամռանը և աշնանը աշխատելով՝ մարդիկ վերջապես հանգստանում են և վայելում իրենց աշխատանքի արդյունքը: Տոնը ամենամեծ ուրախությունն է դպրոցականների համար: Դասերից հետո սկսվում է օրվա ամենասպասված մասը:

Լուսանկարը՝ Սվետլանա Դավթյանի

Լուսանկարը՝ Սվետլանա Դավթյանի

Տոնին բոլորը պատրաստվում են բավականին երկար, մեծ ոգևորությամբ, որպեսզի լավ արդյունք ստանան: Այդ օրը բոլոր բարձր դասարանի աշակերտները՝ սկսած հինգերորդ դասարանից, դասղեկների հետ սեղաններ են պատրաստում, դպրոցը զարդարում են, պատերին փակցնում են հեղինակային լուսանկարներ, ստեղծում են աշնանային տրամադրություն:

Լուսանկարը՝ Սվետլանա Դավթյանի

Լուսանկարը՝ Սվետլանա Դավթյանի

Համայնք են գալիս տարբեր շրջաններից հյուրեր, հայտնի դերասաններ, երգիչներ, հերթով մոտենում են սեղաններին, ծանոթանում են աշակերտների հետ, գնահատում նրանց կատարած աշխատանքը: Իսկ հետո սկսվում է երգ և երաժշտություն օրը գեղեցիկ ավարտելու համար:

 

ella mnacakanyan yerevan

Բան չմնաց…

Վերջին շրջանում զարթուցիչի ձայնն իմ ականջներում ամենաանտանելին ու ատելին է դարձել: Ընդհանրապես, ձայների տեսանկյունից ես միշտ տանել չեմ կարողացել շների շարունակական հաչոցն ու ծանր ռոքը, բայց հիմա, անկեղծ եմ ասում, պատրաստ եմ յուրաքանչյուր օրվաս մի քանի րոպեն անցկացնել դրանք լսելով, քան առավոտ շուտ զարթուցիչիս ձայնից արթնանալով:

Ամեն ինչ ավելի վատ դարձավ այսօր, երբ, ի հակառակ սովորությանս, արթնացա զարթուցիչիս առաջին հնչյունների հետ ու միանգամից բաց արեցի աչքերս: Անկեղծ ասած՝ այդքան շուտ բաց արեցի աչքերս, որովհետև ինձ թվում էր, թե նոր-նոր եմ աչք կպցրել ու լիովին համոզված էի, որ ինչ-որ սխալմունք կա, ժամը 3-ը կամ 4-ն է, և դեռ մի քանի ժամ էլ ունեմ քնելու: Հայացքս գցեցի պատուհանին. դեռ մութ էր, ամբողջական, գիշերային մութ, ոչ թե աղջամուղջոտ մի բան: Համոզվեցի մտածածումս, բայց ապահովության համար նայեցի հեռախոսիս էկրանին: Ժամը 7:10 էր: Ճիշտ այն ժամը, որի վրա երեկ (չէ, ավելի ճիշտ այսօր, օրն արդեն վաղուց փոխվել էր, երբ պառկեցի) քնելուց առաջ դրել էի զարթուցիչս: Իսկ այն դեռ զնգում էր ու զնգում: Հիասթափված անջատեցի: Գիտե՞ք՝ երբեմն ինձ թվում է՝ լավ է, որ հեռախոսս եմ օգտագործում զարթուցիչի փոխարեն, հակառակ դեպքում, էնպես ուժեղ ու բարկացած կսեղմեի անջատելիս, որ հաստատ կկոտրվեր: Դե՜, հեռախոսս գոնե ափսոսում եմ՝ թեկուզ վաղ առավոտյան՝ աշխարհի ամենաանտանելի ձայնը լսելիս: Մի խոսքով, այսօր հասկացա, որ սկսվեցին այն օրերը, որ քնում եմ, երբ արդեն մութ է ու արթնանում, երբ դեռ մութ է: Այս օրերի անձրևոտ ու մառախլապատ եղանակն էլ մի կողմից է ամեն ինչ ավելի մռայլ դարձնում՝ առավոտյան արթնանալը դարձնելով բարդագույն երևույթ, որի համար, թվում է, վերերկրային ճիգեր պիտի գործադրես ամեն օր: Միակ հուսադրող բանն այն է, որ օրերի կարճանալու այս տհաճ պրոցեսը ավարտվելու է դեկտեմբերի 22-ին: Բան չմնաց…

#վանաձորինգ

 

Լուսանկարը՝ Լիդա Արմենակյանի

Լուսանկարը՝ Լիդա Արմենակյանի

Վանաձորը տրամադրության, կամ ավելի ճիշտ, անտրամադրության, չտրամադրության ու մելանխոլիայի քաղաք է, ուր անհրաժեշտ է ու պետք է վերադառնալ: Վանաձորն ինձ համար Արենի նկարած «սյուռ» կինոներն են, իր ինստագրամյան էջը, Անահիտի բանաստեղծությունները, Դիանի ընտանիքը ու Հրաչի գրկախառնությունները…

Լուսանկարը՝ Լիդա Արմենակյանի

Լուսանկարը՝ Լիդա Արմենակյանի

Ես հուլիս ամսից գրում եմ Վանաձորի մասին «սքեչբուքիս» մեջ, սենյակիս պատին ու ձեռքիս տակ ընկած ամեն թղթի կտորի վրա: Ամեն օր տրամադրվում էի նյութը հավաքել և ուղարկել, բայց միշտ մի բան չէր հերիքում: Անահիտն էր պակասում: Ու հիմա, եթե սա բացել ես ու պատահաբար չես կարդացել Անահիտի Վանաձորի մասին, ապա լսիր ինձ ու գնա առաջնահերթ դա կարդա: Չէ՞ որ ես էլ քեզ եմ լսում, երբ ասում ես, որ նյութդ ինչ-որ երգի տակ կարդամ կամ ինչ-որ բան պատկերացնեմ ու նոր կարդամ: Ուրեմն, արի իրար չնեղացնենք, բարեկամ:

Լուսանկարը՝ Լիդա Արմենակյանի

Լուսանկարը՝ Լիդա Արմենակյանի

Վանաձորի հետ առաջին հանդիպումս երեք տարի առաջ եղավ, ժամանակի մեջ «վերջինը»՝ հուլիսին: Հիմա էդ հուլիսի հանդիպումից եմ պատմելու, ու եթե անհավես ես, կարող ես գնալ, որովհետև Վանաձորի, իմ ու ընկերներիս մասին հավեսով է պետք կարդալ:

Եղվարդ-Վանաձոր ճանապարհը ինչքան երկարում, էդքան էլ կրճատվում էր ամսի 23-ին: Դիանի դիմավորելուց, տնեցիների հետ ծանոթանալուց, պապայի արհեստանոց գնալուց հետո իջանք քաղաք՝ Արցախ պուրակ: Երբ հեռվից Հրաչին ձեռքով արի, Հրաչն անշարժացավ մի պահ, հետո վազելով եկավ ու գրկեց, բայց շարունակեց չհավատալ իրական լինելուս: Ես էլ չէի հավատում, որ Վանաձորում եմ, որովհետև Վանաձորը մի քիչ երազի քաղաք է: Չնայած մի քիչ չէ, մի քիչ շատ: Հետո Անահիտը միացավ, և ուրախությունս պահի տակ լիակատար էր: Էդ օրը Վարդավառն էր, ու մեզ արդեն կարգին ջրել էին, որովհետև էդ սեր-քաղաքում «ջրուկի»-ն մի թույն արարողակարգ է:

Լուսանկարը՝ Լիդա Արմենակյանի

Լուսանկարը՝ Լիդա Արմենակյանի

Հետո անձրևի տակ մնացինք ու հնարավորի ու անհնարի չափ թրջվեցինք ներսից ու դրսից: Երեկոյան Անահիտենց տանը ընթրիքի էինք հրավիրված ու մեծավարի մտանք խանութ, հայավարի «դատարկ ձեռքով չգնալ»-ու համար: Տնեցիք կոլորիտով մարդիկ էին ու են: Անահիտի պապայի հետ կենաց էինք ասում ու խմում ու 5 րոպեն մեկ կրկնում, որ իրոք չենք ամաչում ու անպայման կուտենք էդ խորովածից: Օրվա վերջում էլ «The Jerm»-ի Ռոզայի հետ «Искала» ու «Creep» էինք երգում գիշերային Վանաձորում: Հետո գնացինք տուն, բայց օրը չվերջացավ, որովհետև արդեն գիշերվա 2-ն էր, երբ Դիանը գինին բերեց…

Բաներ, որ երբեք չեմ մոռանա.
1. Չեմ մոռանա արևածագը, որ էդպես էլ չտեսանք:
5:05, լուսաբաց, չէինք էլ քնել:
2. Դիանայի հետ պատրաստած շոկ-մանժեն:
3. Վանաձորի հրապարակում «Օ, քամի-քամի՜» երգելը:
4. Դիանի ու Անահիտի տանեցիների ջերմությունը:
5. Թեյնիկում աստղադիտակով բզբզալը, ձկանը Պոսեյդոն անունը տալն ու կիթառ նվագելը:
6. Ամենահամով շաուրման:
7. Կերպարվեստի թանգարանը:
8. Դիանի տատի հոգատարությունը:
9. Պապի կատակները ու ինձ իր թոռը որակելը:
10. Պապայի՝ Եղվարդի բոթասի մասին «բոցերը» մասնագիտական տեսանկյունից:
11. Կարգինի սկետչներն անգիր անելը:
12. Գիշերային Վանաձորում թափառելը:
13. Հրաչին Սոչի ճամփելը:
14. VTC-ի դեղին պատերը:
15. Դատարկին գրկելը:
16. Փողոցներում գիշերվա հազարին երգելը:
17. Դիանենց հողամասը,
18. Ամեն օր «սնեփչատով» նկարվելու ավանդույթը:
19. Տատի հետ հնդկական նայելը:
20. Գիշերները ռաբիզ երգելը:
Ու դե, վերջին գիշերվա խմած կոնյակը, զրույցը, ծիծաղն ու հաջորդող լացը…

Լուսանկարը՝ Լիդա Արմենակյանի

Լուսանկարը՝ Լիդա Արմենակյանի

Ու քանի որ ես ատում եմ հրաժեշտները, ինչքան էլ, որ դրանք նոր հանդիպում խոստանան, մեր խոսակցությունը ավարտում եմ հենց էստեղ, առանց նկարագրելու հրաժեշտս ու վերադարձս, որը լի էր հետվանաձորյան դեպրեսիայով ու տխրությամբ:

Erasmus+ տեղեկատվական օրերը Երևանում

Լուսանկարը՝ Սուրեն Կարապետյանի

Լուսանկարը՝ Սուրեն Կարապետյանի

Եթե դու ուսանող ես, մագիստրոս կամ ուղղակի հետաքրքրասեր երիտասարդ, որին հետաքրքրում է, թե ինչպես կարելի է արտասահամանում կրթություն ստանալ, փորձով փոխանակվել, պահը բաց մի՛ թող, ծանոթացի՛ր ծրագրին:

Նոյեմբերի 9-10-ը Երևանում կայացան Erasmus+ տեղեկատվական օրերը: Եվ ես փորձեցի պարզել ինձ և, հավանաբար, բոլոր ուսանողներին հետաքրքրող հարցերի պատասխանները: Հարցազրույց Erasmus+ ծրագրային պատասխանատու Անի Թորոսյանի հետ:

-Պատմեք, թե ինչպես ստեղծվեց ծրագիրը:

-Erasmus+ ծրագիրը սկսվել է 2014 թվականին, բայց այն նախորդ ծրագրերի շարունակությունն է, որոնք ընթանում էին և՛ Եվրամիության ներսում, և՛ դրանից դուրս: 2014-ին միավորվեցին 7 ծրագրեր և ստեղծվեց Erasmus-ը: Պաշտոնական տվյալներով՝ ծրագիրը կշարունակվի մինչև 2020 թվականը կրթության, վերապատրաստման, սպորտի և երիտասարդության ոլորտներում: Հայաստանյան գրասենյակը պատասխանատու է բարձրագույն կրթության հատվածի համար, որն իր մեջ ներառում է շարժունության ծրագրերը, Erasmus Mundus մագիստրոսական ծրագրերը, որոնք, ի դեպ, բաց են աշխարհի բոլոր ուսանողների համար, և Ժան Մոնե գործողությունները, որոնց նպատակը բուհերում դասավանդման նոր մոդուլների ստեղծումն է՝ եվրոպական ուսումնասիրությունների շրջանակում: Ընդհանուր առմամբ՝ ծրագիրը շատ մեծ է և մանրամասները կարող եք գտնել մեր կայքում՝ www.erasmusplus.am:

Լուսանկարը՝ Սուրեն Կարապետյանի

Լուսանկարը՝ Սուրեն Կարապետյանի

-Ի՞նչ է միջազգային կրեդիտային շաժունակությունը:

-Շարժունակության ընթացքում բակալավրի, մագիստրատուրայի կամ ասպիրանտուրայի ուսանողները կարող են դիմել փոխանակման 3-12 ամսով, իրենց մասնագիտությամբ: Փոխանակումը կազմակերպվում է 33 երկրների միջև՝ Եվրամիության 28 անդամ և 5 ոչ ԵՄ երկրներ: Հավաքելով որոշակի կրեդիտներ՝ ուսանողը մասնակցում է մրցույթին, որը կազմակերպում են փոխանակող երկրները, մեր գրասենյակը ոչ մի կապ չունի դրա հետ: Ծրագրի ավարտից հետո ուսանողը վերադառնում է և շարունակում է կրթությունը մայր բուհում:

-Արդյոք կա՞ն որոշակի սահմանափակումներ:

-Բակալավրիատում սովորող ուսանողը կարող է դիմել նվազագույնը երկրորդ կուրսից, իսկ մագիստրոսներն ու ասպիրանտներն ազատ են: Եվ կարևոր է, որ այդ պահին համալսարանը ունենա Erasmus-ով փոխանակման ծրագիր:

Լուսանկարը՝ Սուրեն Կարապետյանի

Լուսանկարը՝ Սուրեն Կարապետյանի

-Ի՞նչ է պահանջվում ծրագրին դիմելու համար:

-Դիմորդը պետք է ունենա ակադեմիական լավ առաջադիմություն, պետք է տիրապետի անգլերենին: Փաթեթները, որոնք ներկայացվում են, ներառում են հիմնականում ինքնակենսագրություն, մոտիվացիոն նամակ, լրացված դիմում-հայտ: Ամենավերջում հարցազրույցի միջոցով ընտրություն են կայացնում բուհերը, որոնք ազատ են չափանիշները սահմանելու և ընտրության մեջ: Երկրորդ փուլում Եվրոպական հանձնաժողովի կողմից սահմանվում է կրթաթոշակի չափը:

Լուսանկարը՝ Սուրեն Կարապետյանի

Լուսանկարը՝ Սուրեն Կարապետյանի

-Ուսանողից պահանջվո՞ւմ են որոշակի ֆինանսական ծախսեր:

-Ծրագրի ընթացքում ուսանողին տրվում է կրթաթոշակ, որն էլ ծածկում է մասնակցի ճամփորդական և կեցության ծախսերը: Եթե դիմորդը սովորում է վճարովի հիմունքներով, ապա նա շարունակում է մուծել վարձավճարը մայր բուհին, իսկ եթե անվճար հիմունքներոով, ապա նրանից ոչ մի ֆինանսական միջոցներ չեն պահանջվում:

-Կպատմե՞ք Erasmus Mundus-ի մասին:

-Այս ծրագիրը նախատեսված է մագիստրոսների համար: Նաև ծրագրի ընթացքում կազմակերպվում է պրակտիկայի փոխանակում: Դիմորդը, անկախ տարիքից, ազգությունից բակալավրի դիպլոմ ունենալու դեպքում կարող է դիմել ծրագրին և, ինչպես նշեցի, այդ պահին համալսարանը պետք է ունենա Erasmus-ի շրջանակներում փոխանակության ծրագիր:

narek davtyan getahovit

Խաղաղության սերմը ներելն է

Երկու թե երեք ամիս առաջ մի տեսահոլովակ աչքովս ընկավ, որտեղ մի ծեր կին խոսում էր Հոլոքոստի մասին, թե ինչպես էր փրկվել «Աուշվից» համակենտրոնացման ճամբարից: Անկեղծ ասած, այդ տեսանյութը շատ հետաքրքրեց ինձ, և մի քանի օր ինձ անընդհատ հետապնդում էր այն միտքը, որ ես պիտի այցելեմ նրան և անձամբ զրուցեմ նրա հետ։

Քանի որ մենք ապրում ենք նույն նահանգում, այդքան էլ դժվար չէր լինի հանդիպել նրա հետ, բայց, ամեն դեպքում, դժվարություն կարող էր առաջանալ փոխանակման ծրագրին մասնակցող տղայի համար։ Ես սկսեցի հարցուփորձ անել իմ համակարգողից, պարզել՝ արդյո՞ք հնարավոր է կնոջն այցելել, և մոտավորապես ինչքա՞ն գումար է անհրաժեշտ դրա համար: Այս հարցիս հետևեց մի անսպասելի պատասխան: Նա ասաց, որ մեր պլաններում մտնում է այդ այցելությունը, և իմ խմբի բոլոր ուսանողները նույնպես տեսնելու են կնոջը: Ինձ շատ ուրախացրեց այդ լուրը, քանի որ նրա հետ հանդիպելու հնարավորությունը բաց թողնելն ահռելի սխալ կլիներ ինձ համար:

Եղանակը, ինչպես միշտ, վատն էր, բայց այս անգամ այն չփչացրեց իմ տրամադրությունը: Ճանապարհը մոտ 4 ժամ էր, դա նույնպես ինչ-որ բան չփոխեց։

Մենք պետք է կնոջը տեսնեինք Հոլոքոստից տուժածների թանգարանում, որը, ի դեպ, հենց այդ կինն է բացել իր սեփական միջոցներով: Մի քանի րոպե թանգարանում շրջելուց հետո՝ ժամանակը եկավ նրան հանդիպելու: Սա արդեն 130-րդ անգամն էր, երբ նա կպատմեր իր և իր երկվորյակ քրոջ պատմությունը։

Պատմությունը միշտ սկսվում էր Իվա Քորի և Միրիամ Քորի ծննդավայրից: Հիշում եմ՝ ոնց էր մանրամասն պատմում՝ կարծես թե երեկ այնտեղ եղած լիներ: Այդ ամենը նրա հիշողության մեջ լավ էր պահպանվել, քանզի ըստ նրա՝ դրանք իր ամենավատ և ամենալավ պահերն էին, քանի որ այն փորձությունները, այն ցավը, որ նա տեսել էր, ստեղծել էին այն կնոջը, որն այդ պահին նստած պատմում էր իր կյանքի մասին: Իսկ ես ուշադիր հետևում էի նրա շուրթերին, որպեսզի լսեմ նրա ամեն մի բառը և հանկարծ ոչինչ բաց չթողնեմ։ Նրա և իր քրոջ վրա բժիշկ Մենգելեն կատարում էր իր փորձերը: Պատմում էր, թե ինչպես էին իրեն և քրոջը շաբաթական երկու անգամ անհայտ նյութերով ներարկումներ արել: Այդ ներարկումների արդյունքում Իվան սկսեց իրեն շատ վատ զգալ, նա այնքան պարզ էր հիշում, թե ինչպես էր բժիշկը ատելությամբ լի հայացքով մոտեցել, ստուգել ջերմությունը և քմծիծաղով ասել.

-Ափսոս, շատ ափսոս, այսքան երիտասարդ, բայց արդեն մահվան շեմին։

Բայց նա չէր ցանկանում մահանալ, միայն այն բանի համար, որպեսզի ապացուցի՝ բժիշկը ճիշտ չէ: Եվ չմահացավ: Իվայի ոտքերը չէին աշխատում, և ոչ ոք չկար, որ իրեն կերակրեր և ջուր տար, ինքն էր գետնին գլորվելով՝ գաղտնի գնում և ջուր փնտրում։

Զարմանալի է, թե ինչպես կարող էր այդ 9 տարեկան աղջիկը այդքան ուժ գտնել իր մեջ և հաղթահարել այդ ամենը: Սակայն քույրը, ցավոք, մահացավ:

Տարիներ անցան, նա ամուսնացավ, տեղափոխվեց ԱՄՆ, բայց սրտի վերքերը դեռ չէին բուժվել: Նա դեռ ատելությամբ էր լցված այդ բժշկի և նացիստների նկատմամբ, հիշողությունները նրան հանգիստ չէին թողում: Ժամանակի ընթացքում նա հասկացավ, որ միայն ատելությունն է, որ չի թողնում իրեն վերջապես ազատվել ամեն ինչից: Իվա Քորը նամակ գրեց բժիշկ Մենգելեի օգնականին և ցանկացավ հանդիպել նրա հետ: Նրանք հանդիպեցին Գերմանիայում: Իվան օգնականին խնդրեց ստորագրել մի փաստաթուղթ, որը կարող էր ապացուցել, որ իրականում Հոլոքոստը տեղի է ունեցել: Բժիշկը համաձայնեց, և հենց «Աուշվիցի» դռների առաջ, որտեղ Իվան իր ծնողներին վերջին անգամ էր տեսել, ստորագրվեց փաստաթուղթը։ Հետագայում Իվան նամակ գրեց բժշկին՝ ասելով, որ ներում է նրան, ներում է անգամ իր քրոջ մահը:

Ես համաձայն եմ այն մտքի հետ, որ ատելությունը չարիք է բերում ոչ միայն քո շրջապատին, այլ նաև քեզ: Այն քեզ չի թողնում ազատ շնչել, ազատ մտածել, ազատ գործել, քանզի քո ապրելու միակ պատճառը ատելն է դառնում։ «Ներելը սերմ է խաղաղության համար»,-ասաց Իվա Քորը:

Ես շատ բան ունեմ հոգով արի Իվա Քորից սովորելու:

Sargis Melkonyan

Կրակի մեջ այրվող նույնություն

Էլի լույս չկա գյուղում, որովհետև քամի է։ Երեկո։ Ժամը 19:47: Վառարան, պատուհան, թեյ, ծածկոց… Դատարկություն… Սառը օդը կախված է առաստաղից։ Քամին ոռնում է դրսում` այս ու այն կողմ նետելով բոլոր տերևները։

Ճըթ-ճըթ-ճըթ…  Ու կարծես անվերջ կրկնվող այս ձայնը. փայտն է այրվում։

Մենակությունը ստիպում է մտածել, հատկապես, երբ հեռախոսիդ մեջ 3% էներգիա է մնացել, իսկ դու ուղղակի հոգնել ես մտածելուց, որովհետև շուրջդ անընդհատ նույն բանն է կատարվում ամեն օր, ամեն տարի… Որովհետև ամեն օր արթնանում ես ժամը 7։50, հագնում նույն սև ու սպիտակ հագուստը, դուրս գալիս փողոց, քայլում դեպի դպրոց, ճանապարհին հանդիպում նույն դեմքերին, որոնք, ցավոք,  պակասում են ամեն տարի։ Էլի հարևան Արսենն իր «Զիլն» է վերանորոգում, Մարինե մորաքույրն ավլում է բակը, Սայաթը նոր-նոր բացում է դարպասի դուռը, հորեղբայր Մուրադը նստած է պատի տակի նստարանին, Սահակը մետաղ է կտրում, Կարինեն ջուր է շաղ տալիս խանութի դռան առաջ…  Իսկ հետո՞… Հետո դու ստիպված ես վազել, ոչ թե որովհետև 9-ից 7 է պակաս, այլ որովհետև անցնելու ես դատարկ փողոցով, որտեղ ոչ ոք չի ապրում, հետո դու տեսնելու ես մի մարդու, ով թեքվում է կողքի փողոցից, պիտի խաչակնքես  6-րդ դարի վանքի մոտով անցնելիս, որովհետև այդպես են սովորեցրել ու բնազդ է դարձել: Հետո դու պիտի տեսնես վարսավիր Արտուշին, խանութպան Հրաչին, Նորիկին, Սոսին, ու էլի ինչ-որ մեկին, ում չես ճանաչում…  Ու բոլորին պիտի ուղղես նույն «բարևը», ու որքան էլ ջանաս ջերմություն դնել դրա մեջ, միևնույն է, ստանալու ես սառը, անտարբեր պատասխան, կամ` չես ստանալու։

Դու հասնում ես նույն դպրոցը, որտեղ սովորում ես 10 տարի, որտեղ վաղուց ոչինչ չի փոխվել՝ նույն ուսուցիչներն  ու նույն… Չէ, աշակերտները փոխվում են (բարեբախտաբար),  ու էլի նույն ձանձրացնող զանգը, ժամը 9-ին…

Ու նույնիսկ հոգնում ես նույնը հիշելուց…

Ճըթ-ճըթ-ճըթ…

Փայտը դեռ այրվում է, իսկ դու վաղուց հոգնել ես ամեն ինչից: