Sargis Melkonyan

Այսօրվանից

Բարև, սիրելի ընթերցող։ Մի շաբաթ մնաց, որ լրանա մի տարին։ Մի անմոռանալի ու չքնաղ տարի 17.am-ի հետ։ Ասել, որ այս տարին անմոռաց էր ու անկրկնելի, երևի քիչ կլինի, բայց դե ուրիշ բառեր այս պահին չեմ գտնում։

Մի քանի օր է արդեն, ինչ չեմ երևում 17-ի էջերում։ Ուղղակի նյութ չեմ գտնում, որի շուրջ կարելի է ծավալվել ու խոսել։ Եթե դու դպրոցական ես, կամ ինչ-որ չափով առնչվում ես դպրոցի հետ, կիմանաս, որ այսօրվանից արձակուրդներ են։

Գարնանային արձակուրդները գյուղում ապրող երեխաների համար մի տեսակ ուրիշ կերպ են անցնում։ Նախ պետք է վառարանը հանել տանից, այգին փորել (իմ ամենաչսիրածը), ջրի և ջրահեռացման խողովակները կարգի բերել, սերմ ցանել, ջրել, մշակել, այգին մաքրել, տերևները այրել, հետո նոր վերջին օրը դաս սովորել։ Ընդ որում, արձակուրդներին այնքան բան են տալիս դպրոցում, որ…

Հիմա գնա վերև ու կարդա վերնագիրը։ Չէ, մի շարունակիր կարդալ, վերնագիրը կարդա, դե մի ծուլացիր։ Այսօրվանից արձակուրդներ են: Էհ, երանի ամեն շաբաթ մեդիա ճամբարի շաբաթի պես անցնի, որ առաջին օրն ասենք.

-Ուխ, մի շաբաթ կա,- իսկ վերջին օրը,- էս ո՞նց անցավ էս մի շաբաթը…

Anushik Mkrtchyan

Գիտե՞ք ինչ է կարոտը

2016 թվական, հոկտեմբերի 18: Ես ատում եմ այդ օրը: Ատում եմ, որովհետև այդ օրը հեռացրեց ինձ իմ հայրիկից: Երեկո էր՝ մոտ 20:00-ը: Ես իմ սենյակում էի և կարդում էի Վիլյամ Շեքսպիրի «Ռոմեո և Ջուլիետ»-ը: Գիտեմ, որ իմ գիրքը կապ չուներ այս ամենի հետ, սակայն այն ևս մտնում է այդ օրվա մեջ: Նստած կարդում էի և զգացի, որ տանն իրարանցում է՝ կարծես ինչ-որ բանի պատրաստվեին: Եվ ահա եկավ այդ օրը ատելու պահը: Որոշում կայացվեց, որ մենք`երեխաներս, պետք է հետ վերադառնանք գյուղ մայրիկի հետ (մենք այդ ժամանակ ապրում էինք Էջմիածին քաղաքում), իսկ հայրիկս պետք է մեկներ արտերկիր՝ աշխատելու:

Հաճախ մարդիկ հարցնում են, թե ինչպես արձագանքեցի, երբ հայրս պետք է գնար, իսկ մենք՝ տեղափոխվեինք: Ես այդ հարցին չեմ կարողանում պատասխանել, որովհետև չեմ արձագանքել, այլ լուռ ու տխուր սպասել եմ գործի ընթացքին և ավարտին: Իսկ երբ հարցնում են, թե ինչպես արձագանքեցի արդեն մայրիկիս գնալուն, ես, ճիշտ է, հուզմունքով, բայց, այնուամենայնիվ, ստիպված եմ լինում պատասխանել:

Այո, մայրիկի գնալուն: Սովորաբար տան հայրն է մեկնում արտագնա աշխատանքի, սակայն իմ դեպքում այլ է: Հորս մեկնելուց շատ չանցած՝ մեկնեց նաև մայրս: Դեկտեմբերի 23-ն էր, այդ օրը ևս ատում եմ: Մինչ մեկնելը, մայրս հաճախ էր ակնարկներ անում, զրուցում մեզ հետ իր գնալու մասին: Քանի որ եղբայրս մեզանից փոքր էր՝ 10 տարեկան, թվում էր, թե ամենից շատ նա է ծանր տանում այդ լուրը: Նա մայրիկի խոսելուց սկսում էր լացել: Հիշում եմ՝ մենք բոլորս նստել էինք մայրիկի շուրջը և լսում էինք նրան: Բայց կարծում եմ, որ ամենից շատ նեղվել էի ես, անընդհատ լալիս էի, որովհետև մայրս իմ ամենալավ ընկերուհին է, ում հետ կիսվում եմ բոլոր հարցերով:

Ամեն անգամ, երբ ինձ հարցնում են իմ ծնողներից, ես չեմ կարողանում զսպել արցունքներս: Մայրիկը մեկնեց, ինչպես նշեցի, դեկտեմբերի 23-ին: Մենք հաճախ ենք զրուցում սքայփով, և ամեն զրույցից ես սկսում եմ հուզվել և մի կողմ գնալ, որպեսզի նրանք չտեսնեն իմ տխրությունը:

-Ալո, պա՞պ…

-Ջա՜ն,- պատասխանում է հայրիկը:

Մեր խոսակցությունը միշտ այսպես է սկսում: Հայրիկն այդ «ջան»-ը այնպիսի քնքշությամբ է ասում, որ ես սկսում եմ լաց լինել: Մի օր էլ ընկերուհուս տանից էի խոսում: Ընկերուհիս խոսելու ընթացքում մաքրեց արցունքներս, և շարունակեցի խոսել: Հայրիկը մարտի 8-ն էր շնորհավորում:

Ընդհանրապես ես մտածում եմ ամեն բանի մասին, երևակայում, սակայն երբեք չէի մտածել, որ մի օր հայրս կդառնա պանդուխտ, կմեկնի այլ երկիր: Մեկնելուց հետո ես նոր ուշադրություն դարձրի այդ չարիքին՝ պանդխտությանը: Չեմ ուզում ո՛չ լսել, ո՛չ արտաբերել այդ բառը, որովհետև հիշում եմ հորս ու մորս: Սկզբից չէի համակերպվում ծնողներիս գնալու հետ, բայց հասկանում էի, որ նրանք մեկնել են, որպեսզի մենք ապահովված լինենք ամեն ինչով և ունենանք լավ ապագա:

Նույնիսկ հիմա՝ գրելիս, սկսում եմ հուզվել և լացել, իմ ակնոցի ապակիները թրջվում են արցունքներիցս ու փակում տեսադաշտս:

Պա՛պ ջան, մա՛մ ջան, միշտ իմ սրտում ու հոգում եք՝ անկախ հեռավորությունից: Ձեզ չափից շատ եմ կարոտում ու ամեն օր արցունքը աչքերիս և կարոտը սրտումս սպասում եմ, որ մի պայծառ և արևոտ օր, կբացեք տան դռները, կմտնեք ներս, իսկ ես վազելով կգրկեմ ձեզ:

Ու էլ երբեք, երբեք չենք բաժանվի:

Ani avetisyan

Կարևորի ու երկրորդականի մասին

Մենք՝ հայերս, սիմվոլիստ ժողովուրդ ենք: Մեզ համար ամեն բան իր խորհուրդն ու նշանակությունն ունի, գիտեմ, շատերն ասում են, թե դա չափազանցված է կամ նույնիսկ կեղծ, բայց դա ճշմարտություն է: Մեզ համար խորհրդանշական են տարվա ամիսները, օրերը, մարդկանց անուններն անգամ և ուրիշ շատ ու շատ բաներ: Մենք մեր որդիներին ֆիլմերի, գրքերի կամ պատերազմի հերոսների անուններով ենք կոչում, որ նրանք մեծանան ու նմանվեն մեր սիրելի հերոսին: Մենք աշխարհով մեկ ենք լինում, եթե մեր կամ մեր երեխայի ծնունդը մայիսի 9-ին, 28-ին ու նման այլ օր է լինում, կամ, հակառակը՝ տխրում, եթե այն ապրիլի 24-ին է, դեկտեմբերի 7-ին կամ մեկ այլ «տխուր» օր: Մենք խուսափում ենք այդ օրերին ուրախություն նշելուց, որովհետև այդ օրը իր խորհուրդն ունի, և մենք ամբողջ հոգով, արյան բջիջներով ապրում ենք այն: Դա մեր ազգային բնավորությունն է, էթնիկական հատկանիշ, որ փոխել չի լինի: Մեզ համար մայիսը հպարտության ամիս է, ապրիլը՝ ցավի ու վերածննդի, աշնանը բոլորս մեկ մարդու պես թախծոտ ենք դառնում: Ախր այդ, երբեմն մանրուք թվացող բաներն այնքան կարևոր են մեզ համար: Կարող ենք նույնիսկ մտածել, թե դրանում ինչ-որ գերերկրային բան կա խառնված. մեր գրեթե բոլոր պանծալի հաղթանակները մայիսին են, ու հակառակը՝ ապրիլի վերաբերյալ։ 

Արդեն ասացի, որ շատերը կեղծ կամ չափազանցված կհամարեն, և իրոք, երբեմն մեր «խորհրդապաշտությունը» կարող է անցնել չափը, բայց մի՝ չգիտեմ սովորույթ ասեմ, բնավորություն, հավատալիք թե ինչ, սակայն կա մի բան, որ ժողովրդի «արյան» մեջ է, և, ուրեմն այն իրոք ինչ-որ կարևոր խորհուրդ ունի։

Մենք միշտ ենք այսպիսին եղել։ Երբևէ չենք էլ փորձել փոխել ինքներս մեզ կամ մեր բնավորությունը։ Այսպիսին կմնանք դեռ երկար, երևի։ Որովհետև մենք սովոր ենք երկրորդականը ստորադասել մեկ այլ՝ ավելի կարևորի։ Սովոր ենք, սովորեցրել ենք մեզ՝ կան այնպիսի բաներ, որոնք վեր են մնացածից։

Այսպիսին կմնանք մի քիչ էլ, մինչ այն չարաբաստիկ ապրիլը։ Նույն այն ապրիլը, որ նախորդ տարվանից մեզ համար մի ուրիշ խորհուրդ ստացավ ու ավելի կարևոր, ավելի խորհրդանշական դարձավ։

Գիտե՞ք՝ մենք պատրաստ էինք այդ օրը ամեն բան ստորադասել ամենակարևորին, բայց ինչ-որ մարդիկ՝ վերևներից, ինչպես ասում են, որոշեցին, որ ավելի կարևորը այս ներկայացում-ընտրություններն են, որից մեկ ամիս առաջ վերհիշում ես բոլոր լսած-չլսած հեքիաթներդ, իսկ մեկ շաբաթ առաջ արդեն հոգնում բոլոր տեսակի խոստումներից ու խոսքերից։ Ու այդ մարդիկ որոշեցին, որոշեցին, մոռանալով կամ չմտածելով, որ աշխարհում ոչ մի ծնող, քույր կամ եղբայր իր որդու և եղբոր կյանքը չի ստորադասելու ընտրություններին։

valer sedrakyan

Իմ ծիրանափողը

Մի օր տանը նստած համակարգչով խաղում էի, երբ եղբայրս տուն եկավ և ասաց, որ մենք գնալու ենք դուդուկի դասի: Ես հավանեցի այդ գործիքը: Մեր գյուղում՝ Արագածում, բացվել էր դուդուկի խմբակ, և շատերս շտապել էինք անդամագրվել: Առաջին դասին մեզ սովորեցրին երաժշտություն լսել և ծափերով կրկնել: Ես կարողացա, բայց եղբայրս դժվարացավ: Հետո նոտաները սովորեցինք: Երբ դուդուկ գնեցի և տանը փորձում էի նվագել, չկարողացա, որովհետև դեռ ոչ մի երաժշտություն չէի սովորել: Հետո սովորեցի դուդուկ նվագելու ամենակարևոր օրենքները, օրինակ՝ դուդուկը իրանի նկատմամբ պետք է 40-45 աստիճանի անկյուն կազմի, ազատ շնչառություն ապահովելու համար արմունկները պետք է թեթևակի բարձր պահել, գլուխը՝ ուղիղ: Ավանդական դուդուկը, որը պատրաստված է ծիրանենու փայտից, փողի երկարությամբ ունի 10 անցք՝ ութը՝ դիմային, իսկ երկուսը՝ հակառակ: Առաջին երգը, որը սովորեցի նվագել, «Ախ, Նարե, Նարե» երգն էր: Ուսուցիչն ինձ ասաց, որ լավ եմ նվագում, իսկ եղբորս ասաց՝ վատ է: Եղբայրս այդ մի բառից նեղվեց և այլևս չեկավ դուդուկի: Սկզբում մեզ դասավանդում էր Սարգիս Դավթյանը: Տանը ուզում էին, որ «Դլե յաման» երգը նվագեմ: Խնդրեցի ընկերոջս, որ ինձ սովորեցնի այդ երգը, և հաջորդ օրն արդեն նվագում էի:

Շուտով վատ լուր իմացանք. մեր ուսուցիչը հեռացել էր մեր դպրոցից: Համարյա երկու ամիս մենք ուսուցիչ չունեինք, ես համակարգչից էի սովորում: Հետո եկավ հաջորդ ուսուցիչը՝ ընկեր Հովհաննեսը: Նա լավ էր սովորեցնում, բայց շուտով գնաց Ֆրանսիա, և մեզ սկսեց դասավանդել Վաչե Փաշինյանը: Շուտով սկսվեցին նաև դժվար առաջադրանքները՝ քառորդով նվագել կամ ձեռքերը թեքած: Սեպտեմբերի 21-ին համերգ ունեինք, որի համար սովորել էի երկու երգ՝ «Քոչեր բառնաք» և «Ախ, ինչ լավ է սարի վրա»: Համերգից առաջ սենյակում փորձ անելիս իմ դուդուկի ամենակարևոր մասը՝ ծվանը (խամիշ) փոխեցին: Բայց հենց այդ ժամանակ ինձ կանչեցին բեմ, ստիպված էի դուրս գալ: Նվագելիս ծվանն անընդհատ ընկնում էր, մի կերպ շուրթերիս պահելով՝ նվագեցի: Նվագելու ժամանակ կարմրել էի: Հաջորդ համերգը դեկտեմբերի 18-ին էր, այս անգամ արդեն դուետ պետք է նվագեի: Չնայած ընթացքում հիվանդացա և չկարողացա շատ պարապել՝ այդ համերգն էլ լավ անցավ:

Հետո փակվեց դուդուկի խմբակը, և մինչ օրս փակ է: Իսկ ես ուզում եմ դուդուկահար դառնալ:

naira mkhitaryan

Պետրոսյանով ողողված

Բավականին երկար ժամանակ է պառկել էի քնելու, բայց քունս ոչ մի կերպ չէր տանում, և որոշեցի մի փոքրիկ պատմվածք կարդալ: Վերցրեցի Վարդգես Պետրոսյանի «Ինչո՞ւ են շուտ մեռնում ծաղիկները» պատմվածքը ու … Ու սկսվեց ճանապարհորդությունս:

Այս մեկը նման չէր մյուս ճանապարհորդություններին: Այս անգամ ճանապարհորդում էի մահացած մարդու հետ. հա, հա, մի՛ զարմացեք.

«Այս պատմվածքը գրել եմ հարյուր տարում, գուցե ավելի: Գրել եմ հողի տակ: Մի զարմացեք, մարդիկ …»,- գրում է Պետրոսյանը:

Տարօրինակ է, չէ՞՝ հեղինակն ինքն էլ հորդորում է չզարմանալ: Ինչևէ, շարունակեցի ընթերցել: Ինձ դուր էր գալիս անհնարինի մասին կարդալը: Ասում են ինչ-որ կա կյանքում, կա նաև գրքերում, և հաճախ այն, ինչ չես գտնի կյանքում, անպայման կգտնես գրքերում: Ես այս գրքում գտա անհնարինը, անիրականը: Գտա այն, ինչը երբեք չէի գտնի կյանքում, ու նույնիսկ չէի էլ փորձի փնտրել…

Ես ներկա էի հերոսի թաղման արարողությանը, ու կարծես զրուցում էի հանգուցյալի հետ, ու, որ ամենակարևորն է՝ մենք որոնում էինք Նրան՝ հանդերձյալի սիրելիին: Նրան, ով երկար սպասեց «Ես քեզ սիրում եմ»- ին, բայց երբեք չլսեց: Երբեք…

«Մենք քայլում էինք մութի միջով, և նա ուզում էր, որ ասեի,թե աշխարհում ամենից շատ սիրում եմ իրեն: Ես լուռ էի»:

Մեր որոնումները զուր չէին. մենք գտանք նրան վերջին պահին, երբ հանգուցյալին ներքև էին իջեցնում:

«Ես հետո, արդեն հողի տակ, շատ ափսոսեցի, որ նրան չեմ ասել այն բառերը, որ նրանն էին, բայց ուշ էր արդեն»:

«Ուշ էր, այո՛: Զուր էին չասված խոսքերն ասելու փորձերը, այն ոչ ոք այլևս չէր լսելու: Լսվում էր միայն քարերի և հողի ծանոթ աղմուկը… Տարիների նվագած ժապավենը հետ տալ չի կարելի. նվագածը նվագած է, ապրածը՝ապրած, չապրածը՝ չապրած»:

Գիրքը կարդալով հասկացա նաև, որ չասվածն էլ միշտ կմնա չասված…

Անցան տարիներ, ու հանգուցյալը նորից տեսավ երկինքը. գերեզմանոցը քանդել էին և դրա տեղում այգի էր՝ խոտեր, ծաղիկներ: Նա ծաղիկ էր, ու փորձ արեց գտնել սիրելիին, բայց իսկույն մեռավ, երբ փորձում էր ոտքերը հանել հողից. մեռավ վերջին անգամ…
«…Ու ես հասկացա, որ աշխարհում ոչինչ չես գտնի երկրորդ անգամ, և դրա համար ուզեցի գոռալ իմ ծաղկային ամբողջ ձայնով. «Մի ՛ կորցրեք, մարդի՛կ»:

«Այս տողերը մի աղջկա համար էին, որին սիրում էի և որին չգտա: Դրա համար ձեզ եմ տալիս, մարդիկ, որ կյանքում միշտ կորցնում եք հենց ամենաթանկը»: Ավարտեցի ևս մի գիրք, մի կյանքի պատմություն, ու ինչպես հաճախ է պատահում, թաց աչքերով:

Ավարտեցի, ու կյանքս լցվեց գրքով, որը լի է կյանքով: Արդեն կարող էի հանգիստ քնել, որովհետև նոր դասեր էի քաղել կյանքից, ու օրս ողողվել էր Պետրոսյանով:

Մեր նոր թղթակիցները

meri baghdasaryanԵս Մերին եմ

Ես Մերի Բաղդասարյանն եմ, սովորում եմ Ապարանի ֆիզմաթ ավագ դպրոցի 11-րդ բնագիտական դասարանում: Շատ եմ սիրում հանրահաշիվ առարկան և շատ կցանկանայի, որ մասնագիտությունս նույնպես կապված լիներ այս առարկայի հետ, բայց վերջերս մտափոխվել եմ: Երևի դրան նպաստեց հայրիկիս մասնագիտությունը՝ ոստիկան: Ցանկանում եմ ընդունվել ՀՀ Ոստիկանության Ակադեմիա և դառնալ հմուտ ու լավ մասնագետ:

Եթե սկսեմ խոսել իմ մասին, կարծում եմ՝ սկիզբը կլինի, իսկ վերջը՝ ոչ, բայց, այդուհանդերձ, փորձեմ հակիրճ ներկայացնել ինձ: Սիրում եմ ֆուտբոլային խաղեր դիտել, վոլեյբոլ խաղալ և մոտոցիկլ վարել: Ազատ ժամանակ կա՛մ նկարում եմ, կա՛մ երաժշտություն լսում, կա՛մ էլ ֆիլմ դիտում: Շատ եմ սիրում կիթառ նվագելը, բայց ափսոս, որ չեմ կարողանում: Սիրում եմ մենակությունը, լռությունը, մռայլությունը:

Սիրածս երկիրը Հարավային Կորեան է, շատ եմ հետաքրքրվել այդ երկրով: Ոչ մանրամասն, բայց որոշ չափով ուսումնասիրել եմ նաև կորեերենը: Եթե անկեղծ՝ բարդ ու անչափ գեղեցիկ լեզու է, բայց չի հասնի մեր հայերենին: Չեմ սիրում անհետաքրքիր, դատարկ ու ինքնահավան մարդկանց: Սիրում եմ մասնակցել միջոցառումների, մրցույթների և, իհարկե, միշտ հաղթող դուրս գալ: Բայց և սիրում եմ թիմային աշխատանքը: Երկու տարի շարունակ եղել եմ Հայերեն Վիքիպեդիայի խմբագիր, այն ինձ շա՜տ բան է տվել:

Ընդհանուր առմամբ շատ նեղացկոտ եմ, նեղանում եմ անգամ ամենաչնչին բանից, ընկերներիս ասելով՝ սիրում եմ փոքր բանից մեծ պատմություն սարքել: Շատ անմիջական եմ, շփվող, սիրում եմ, երբ մարդիկ միմյանց հետ անկեղծ են լինում, տանել չեմ կարողանում կեղծավորությունը: Իմ թերություններից երևի նշեմ այն, որ չեմ կարողանում շշուկով խոսել, այնպես որ, միշտ խանգարող եմ դուրս գալիս: Ունեմ ընկերներ, առանց որոնց կյանքս, առօրյաս ու ինքս ինձ չեմ պատկերացնում: Նրանք հաճախ ասում են, որ չհանդուրժող եմ և շուտ բռնկվող: Սիրում եմ, երբ օրս հագեցած է լինում, ու մի նոր բան եմ կարողանում սովորել ապրածս յուրաքանչյուր օրվանից:

Մենք ապրում ենք Ապարանում

Ինձ հուզում է այն, որ շատ մարդիկ տուն չունեն։ Մարդիկ կան, որ ունեն տուն և ապահովված են ամեն ինչով, իսկ մարդիկ կան, որ փողոցում են քնում կամ քաղցած։ Տուն ունեցողները նստած համակարգչով են խաղում, իսկ չունեցողները երազում են, թե երբ են տուն ունենալու։ Եթե հնարավորություն լիներ, կարող էինք ամբողջ գյուղով գումար հավաքել և օգնել տուն չունեցող մարդկանց։

Վալեր Սեդրակյան, 13 տ.

***

Ինձ արդեն երկար ժամանակ հուզում է մի փաստ. ի՞նչ պիտի դառնամ։ Այդ հարցը յուրաքանչյուրն է տվել ինքն իրեն։ Ինձ փորձում են օգնել ծնողներս։ Հայրս ուզում է, որ ես դառնամ տնտեսագետ, իսկ մայրս՝ բժիշկ։ Եվ ես շատ եմ մտահոգվում։ Արդյոք պատրա՞ստ եմ ես դրան, պե՞տք է ինձ որևէ մասնագիտություն։ Հայրս ասում է.

-Ես ուզում եմ, որ դու գնաս հանրահաշվի և հասարակագիտության հավելյալ պարապմունքների, տնտեսագետի գործում դրանք շատ պետք են։

Մայրս էլ ասում է.

-Պետք է գնաս քիմիայի և կենսաբանության պարապմունքների։ Բժիշկը, որն այդ առարկաներին չի տիրապետում, բժիշկ չէ։

Եվ ես չգիտեմ՝ ի՞նչ անել. լսե՞լ սրտիս ձայնին, թե՞ չտխրեցնել ծնողներիս։

Զավեն Աբրահամյան, 13տ.

***

Ես շատ եմ ուզում իրավաբան դառնալ, բայց մեր ընտանիքի անդամները, հատկապես տատիկս, ինձ ասում են. «Անահիտ, մեր հայրենիքում իրավաբանների պակաս չկա, նույնիսկ լճացում կա։ Դու չես կարողանա աշխատել»։ Այդ հարցը ինձ շատ է հուզում. Արդյո՞ք ես կկարողանամ իմ երազանքը իրականացնել։ Ինձ հուզող հարցեր էլի կան, բայց ամենագլխավոր հարցը սա էր։

Անահիտ Սարգսյան, 13 տ.

***

 Գիտե՞ք, ամեն անգամ, երբ նկատում եմ, որ գյուղացիներս բամբասում են ինչ-որ մեկից, մի քիչ նյարդայնանում եմ։ Առանց մարդկանց ճանաչելու եզրակացություններ են անում և վարկաբեկում նրանց ողջ գյուղում։ Այնպես են անում, որ մարդկանց մատով ցույց տան։ Մեր գյուղում մի աղջիկ կա, որը շատ լավ մարդ է, բայց մեր գյուղացիները նրան հանգիստ չեն տալիս իրենց բամբասանքով։ Տեսնում են, որ մեկը նորաոճ է հագնվում, և միանգամից սկսում են բամբասել։ Կամ, եթե փողոցում մի աղջիկ զրուցում է մի տղայի հետ, միանգամից մտածում են, թե սիրահարված են։ Չգիտեմ՝ ինչից է առաջացել բամբասանքը, բայց շատ կուզենայի, որ վերանա։ Կարծես մարդիկ չունեն սեփական կյանքը, այդ պատճառով էլ ուրիշինն են քննարկում ու քննադատում նրան։ Գիտեմ, հիմա իմ մասին էլ են բամբասում, բայց կփորձեմ ուշադրություն չդարձնել։

Աննա Գասպարյան, 16 տ.

Ani avetisyan

Ազգային ինքնությո՞ւն, թե՞…

Եզդիները արիական ծագում ունեցող հնագույն ժողովուրդ են, ունեն իրենց յուրահատուկ դավանանքը, որը կոչվում է եզդիականություն: Նրանք յուրահատուկ մշակույթի, կրոնի և լեզվի կրողներ են: Իրենց ծագմամբ կապ չունեն որևէ ազգի հետ, և թյուր կարծիք է նրանց քուրդ համարելը: Սխալ է նաև այն, որ եզդիները կրակապաշտ են. եզդիները զրադաշտականության հետ որևէ կապ չունեն: 

Աշխարհում այսօր եզդիների թիվը հասնում է շուրջ երեք միլիոնի: Չունենալով սեփական հայրենիք՝ նրանք սփռված են աշխարհի տարբեր երկրներում:

Հայաստանում ազգային փոքրամասնություններից ամենամեծ թիվն են կազմում հենց եզդիները, ոչ պաշտոնական տվյալներով՝ շուրջ 60 հազար (պաշտոնական տվյալներով նրանց թիվը տատանվում է 40 հազարի սահմաններում):

Եզդիական համայնքներ կան մեր երկրի թերևս բոլոր մարզերում, ամենամեծ եզդիական համայնքն ունի Արարատի մարզը: Նոր Կյանք գյուղի դպրոցում դասավանդվում է նաև եզդիերեն:

Իմ գյուղում՝ Ոսկեհատում, ևս եզդիական ոչ փոքր համայնք կա: Այստեղ եզդիներն ու հայերն ապրում են կողք կողքի՝ լավ ու վատ հարաբերություններով, երբեմն կիսելով մեկը մյուսի ավանդույթները, հարգելով նրանց սովորույթներն ու դավանանքը: Ձուլումը, որ սովորաբար տեղի է ունենում երկու տարբեր ժողովուրդների միասին ապրելու պայմաններում, հայերի և եզդիների դեպքում այնքան էլ վառ արտահայտված չէ: Ճիշտ է, որոշ դեպքերում նրանք վերցնում են մեր ավանդույթները, մեզ հետ նշում քրիստոնեական որոշ տոներ, երբեմն հաճախում հայկական եկեղեցի, բայց մեծ մասամբ պահպանում են սեփական ազգային դիմագիծը: Ձևակերպումս կարող է մի փոքր կոպիտ հնչել, կամ չվերաբերել մյուս բնակավայրերի եզդիներին, բայց մեզ մոտ այնպիսի տպավորություն է, որ նրանք մեզնից վերցնում են այն, ինչը «ձեռնտու» է իրենց, իսկ մնացած ամեն բան պահպանում այնպես, ինչպես կա: Փորձեմ բացատրել:

Մեր դպրոցում կա մոտ երկու հարյուր աշակերտ, որոնց թվում՝ բավականին մեծ թվով եզդի երեխաներ, սակայն նրանք դպրոց գալիս են ամենաշատը մինչև 5-6-րդ դասարան, իսկ այն, որ եզդի աշակերտն ավարտում է դպրոցը, պատմական իրադարձություն է: Դա կախված է ոչ այնքան նրանց ազգային, որքան տարածաշրջանային մտածելակերպից, այսինքն՝ նույն վիճակը չկա մյուս շրջաններում, անգամ մեր հարևան գյուղերում:

Եթե գոնե մի փոքր ծանոթ եք եզդիների սովորույթներին, անկասկած կիմանաք, որ նրանց կյանքում և ավանդույթներում ամենակարևոր երևույթը ամուսնությունն է: Եզդիներին արգելված է ամուսնանալ այլ ազգերի ներկայացուցիչների հետ, նրանք չեն կարող ամուսնանալ անգամ այլ կաստաների պատկանող եզդիների հետ: Իսկ հասկանալու համար, թե ինչպիսի ծեսով է կատարվում նրանց ամուսնությունը, անհրաժեշտ է գոնե հեռվից հետևել դրան, ուստի նրանց ավանդույթների մասին այսօր չեմ պատմի, այլ կխոսեմ մեկ այլ՝ ավելի կարևոր թեմայի մասին:

Եզդի աղջիկներն ամուսնանում են 14-15 տարեկանում: Այն, ինչը մեզ համար սարսափելի է, սովորական ու նույնիսկ պարտադիր պայման է նրանց համար: Քսան տարեկանում ամուսնացած չլինելը ինչ-որ տեղ նույնիսկ ամոթ է: Երբ հայկական ընտանիքի բակում տեսնում ես երեք գրեթե հասակակից երեխաներ և մեկին՝ ավելի փոքր՝ 1-2 տարեկան, մտածում ես, որ նրանք քույր-եղբայրներ են, իսկ եզդիական ընտանիքում ավելի հավանական է, որ նրանցից մեկը այդ մանկան մայրը լինի, իսկ մյուսներն, օրինակ, ամուսնու եղբայրները: Չգիտեմ, թե սրա որ մասն է այդքան կարևոր ազգային ինքնության պահպանման համար, բայց երևույթը, մեղմ ասած, մեզ համար ընդունելի չէ:

Չեմ ուզում, որ նյութս անհանդուրժողական բնույթ ստանա, բայց միևնույնն է՝ չեմ էլ կարող ասել, որ ընդունում եմ նման «ավանդույթները»: Ախր, երբ աշխարհը զարգանում է, առաջ գնում, նրանք մեզնից ու աշխարհից փորձում են վերցնել իրենց հետաքրքրող, անհրաժեշտ երևույթները, եզդի երիտասարդներն էլ գնալով ավելի ու ավելի են մոտենում մեր հասարակությանը. արդյոք չե՞ն կարող գոնե աստիճանաբար, փոխել այդ քարացած օրենքը:

Մեր նոր թղթակիցները

hayk GalstyanԵս Հայկն եմ` լի բազմաթիվ երազանքներով: Երազում եմ կայանալ ընտրածս մասնագիտության մեջ: Ունեմ շատ նախասիրություններ, որոնցից կառանձնացնեմ մեկը`լուսանկարչությունը, որով սկսել եմ զբաղվել վերջերս: Զբաղվում եմ նաև լեռնադահուկային սպորտով: Ազատ ժամանակ սիրում եմ նվագել կիթառ, լսել երաժշտություն և ժամանակ անցկացնել ընկերներիս հետ:

Հարազատ է լողը. լողալ սովորել եմ մեր գողտրիկ ժայռերի ծոցում գտնվող Քասախ գետում:
Սիրում եմ կատակերգական և ֆանտաստիկ ժանրերի ֆիլմեր դիտել:

Բայց այս ամենից այն կողմ ինձ համար կա մի ուրիշ աշխարհ՝ Ապարանի Սուրբ Խաչ եկեղեցին: Ծառայելով եկեղեցուն, որոշեցի դառնալ հոգևորական և ընդունվեցի Հառիճավանքի Թրբանճյան ընծայարան: Սովորելով մեկ տարուց ավելի՝ հասկացա, որ իմ նախասիրությունները այլ են, և վերադառնալով իմ դպրոց՝ որոշեցի, որ իմ տեղը կինոյում է, և նպատակներս կապեցի օպերատորական արվեստի հետ:
Երազանքներս մեծ են, ապագաս՝ առջևում:

Հայկ Գալստյան 16տ.

***

Anushik MktchyanԵս Անուշիկն եմ: Ես գիտեմ, թե ով եմ ես, գիտեմ իմ առավելություններն ու թերությունները, բայց սրանք իմանալով հանդերձ, դեռ չեմ բացահայտել իմ իրական «ես»-ը:

Ընկերասեր եմ, հոգատար, ուշադիր եմ ոչ միայն ընկերներիս, այլ նաև այն մարդկանց հանդեպ, որոնք ունեն դրա կարիքը: Նեղացկոտ եմ, ինչը ինձ միշտ խանգարում է: Լավատես եմ և երբեք հույսս չեմ կորցնում: Ես անչափ հետաքրքրասեր եմ և շփվող: Մարդկանց մեջ ոչ մի դասակարգում չեմ դնում: Չնայած համարձակ եմ, բայց, միաժամանակ, հուզվող անձնավորություն եմ: Նույնիսկ ամենաչնչին բանից կարող եմ նեղվել և սրտիս մոտ ընդունել: Բարի եմ, սակայն իմ բարությունը կավարտվի այնտեղ, որտեղից կսկսվի մտերիմներիս պաշտպանելու ժամանակը: Սիրում եմ կարդալ հետաքրքիր փաստեր դերասանների, ռեժիսորների և ընդհանրապես այն մարդկանց մասին, որոնք կապ ունեն ֆիլմերի հետ: Դպրոցում սովորում եմ լավ առաջադիմությամբ: Փորձում եմ հնարավորին չափ լավ սովորել, որպեսզի հասնեմ նպատակիս՝ դառնալ լավ սցենարիստ, բայց նպատակս իրագործելու համար պետք է ունենամ կամքի ուժ և նպատակասլացություն: Պետք է լինեն նպատակ և ցանկություն՝ երազանքն իրագործելու համար: Նաև ուզում եմ լինել լավ մարդ, լավ ընկեր և արժանի զավակ ծնողներիս համար:

Այս ամենը իմանալով հանդերձ՝ դեռևս շատ անբացատրելի հարցեր, զգացողություններ ու մտքեր են ծնվում իմ մեջ, իմ «ես»- ի մասին մտածելիս:

Անուշիկ Մկրտչյան 14տ.

 

Մենք ապրում ենք Ապարանում

Ինձ հուզում է մեր դպրոցի շինարարությունը։ Դպրոցում չկա բուֆետ, որ երեխաները սնվեն։ Ուրիշ դպրոցներում երեխաները վերցնում են գումար, որ բուֆետից ուտելիք գնեն, իսկ մենք ուտելիքն ենք մեզ հետ տանում։ Լավ կլիներ, որ մեր դպրոցը վերանորոգեին, որ այն մյուս դպրոցների նման լիներ։ 

Արտյոմ Սեդրակյան, 12 տ.

***

Ինձ շատ բաներ են հուզում, բայց ամենից շատ ինձ հուզում է գյուղամիջյան ճանապարհների հարցը։ Գարնանը դրանք հայտնվում են ահավոր վիճակում։ Գյուղացիները ճանապարհներին ասում են «տլի (ցեխի) վաննա»։ Մի անգամ անցնում էի մեր տան մոտի ճանապարհով։ Հագել էի նոր դպրոցական զգեստ ու կոշիկներ։ Մինչև հասա դպրոց, կոշիկներս նմանվել էին ցեխակույտի։ Մեր գյուղում ավելի հեշտ է ձմռանը կոշիկ հագնել, քան գարնանը։

Մարիամ Հարությունյան, 13 տ.

***

Մարդկանց հուզող հարցերը անմիջական կապ ունեն իրենց շրջապատի հետ։ Քանի որ ես աշակերտ եմ, այս պահին ինձ հուզում է իմ դպրոցի ոչ բարվոք վիճակը։ Իմ դպրոցում չկան սանիտարահիգիենիկ պայմաններ, ինչի պատճառով էլ մեր տնօրենը, թանկ գնահատելով մեր առողջությունը, փակեց մեր փոքրիկ ճաշարանը։ Հիմա մենք դպրոցում մնում ենք մինչև 14։ 40 և չունենք ընդմիջում անելու հնարավորություն։ Դպրոցի հատակը ամբողջովին բետոնապատ է, դրանից այնպիսի փոշի է բարձրանում, որ ծածկում է մեր նստարանները։ Էլ չեմ ասում, որ մենք շնչում ենք այդ ծանր օդը։ Ես և ինձ պես հարյուր քսան աշակերտ շատ կուզենայինք տեսնել մեր դպրոցը բարեկարգ վիճակում։ Այս հարցը ես համարում եմ առաջնային, քանի որ երեխաների առողջությունն ամենաթանկն է այս կայնքում։

Նարեկ Հակոբյան, 14 տ.

***

Ինձ ամենից շատ հուզում է մարդկային անհավասարությունը։ Պետք չէ մարդկանց մասին կարծիք կազմել առանց նրանց ճանաչելու, և եզրակացություններ անել՝ միայն նրանց ապրելաոճը տեսնելով։ Այն, որ ինչ-որ մեկը հարուստ է և ունի շատ հնարավորություններ, չի նշանակում, որ պետք է հալածենք աղքատ և անօգնական մարդկանց։ Ես ուզում եմ, որ վերանա այս անհավասարությունը, և բոլորիս հոգիներում միայն բարին տիրի։

Ռուզան Տոնոյան, 14տ.

***

Հաճախ, երբ գնում ես անտառ, այնտեղ տեսնում ես աղբի կույտեր։ Ինձ այս հարցը շատ է հուզում։ Եկեք չաղտոտենք մեզ շրջապատող բնությունը, չէ՞ որ մենք շնչում ենք ծառերի շնորհիվ։

Մերի Սարգսյան, 12 տ.

***

Հարուստի երեխան տան աշխատողին հրամայում է.

-Ջուր բեր։

Իսկ աղքատի երեխան մորը հարցնում է.

-Մայրիկ, տանը ջուր կա՞։

Հարուստի երեխան դպրոց է գնում գեղեցիկ համազգեստով, իսկ աղքատի երեխան այդ ժամանակ գնում է անտառ, որ վառելիք հավաքի։ Հարուստի երեխան խաղահրապարակում խաղում է, իսկ աղքատի երեխան փորձում է մի փոքր տաքանալ։

Ինչո՞ւ է այդպես։

Սպարտակ Ավետիսյան, 13 տ.