Անցյալ տարի սեպտեմբերին մեր դասարանում մի քիչ տարօրինակ մթնոլորտ էր: Լուր էինք ստացել, որ մեր դասարան նոր աղջիկ է գալու, ու այն էլ` Ռուսաստանից: Ուրախացել էինք, որովհետև գյուղերում ավելի շատ գնում են, քան գալիս:
Եկավ երկար սպասված սեպտեմբերի 1-ն ու երկար սպասված հյուրը: Անունը Արմինե էր: Նուրբ, համեստ, ամաչկոտ, բայց պայծառ ժպիտով մի աղջնակ, ում ես հանդիպել էի մի քանի տարի առաջ, երբ տատիկի տուն էր եկել` հանգստի: Հիշում եմ, թե ինչպես առաջին օրը եկավ ու ձեռքս բռնեց, որպես հին ծանոթ ու հետո էլ որոշեց նստել կողքիս: Երանի այդ օրը… Ինչո՞ւ երանի, որովհետև այդ պայծառ ժպիտով աղջնակը նորից մեկնելու է Ռուսաստան:
Երբևէ ձեզ հետ պատահե՞լ է, որ շատ կարճ ժամանակահատվածում (ինձ համար մեկ տարին շատ կարճ էր) ինչ-որ մեկը ձեզ համար դառնա այնքան կարևոր, որ չցանկանաք բաժանվել, որ առանց նրա ձեր կյանքը անհնարին թվա…
Արմինեն ինձ համար դարձավ այդ մեկը: Կողքիս էր նստում, ու ինչեր ասես, որ իրար հետ չենք արել: Սեղանի տակից դասի ժամին սելֆի էինք անում, շաբաթը մեկ մեր տնից «ռեզին» կոնֆետ էի տանում, ու բոլորից թաքուն իրար հետ ուտում էինք, դասարանով, որ մի տեղ էինք գնում, միշտ իրար հետ էինք պարում, երբ ինչ որ մեկս տխուր էր լինում գրկում էինք իրար ու լացում, մեկ-մեկ ուղղակի նայում էինք իրար ու ժամերով ծիծաղում…
Իսկ հիմա… Իսկ հիմա չեմ էլ ուզում պատկերացնել այս ամենն առանց նրա: Մենակ պարել, սելֆի անել, կոնֆետ ուտել, մենակ լացելն էլ մի բան չի, էլ չասեմ` ծիծաղելը…
Բայց, որքան էլ ինձ համար դա հնարավոր չի պատկերացնել, շուտով կդառնա դառը իրականություն:
Այս ամենի մեջ մի լուսավոր կետ կա միայն: Ռուսաստան գնալով նա կլինի իր մայրիկի կողքին ու էլ չի կարոտի նրան, կշարունակի ուսումը ու ավելի լավ ապագա կունենա: Սա ինձ հույս է տալիս…
Սեպտեմբերի մեկին կգնամ դասարան, պայուսակս կդնեմ նրա աթոռին ու կսպասեմ` մինչև ուշացած Արմինեն վազելով մտնի դասարան ու ներողություն խնդրի ուշանալու համար: Հետո կնստի իր աթոռին, ու ես սևագրի թուղթ կուզեմ նրանից, նա կպատռի տետրի վերջին էջն ու կտա ինձ…
Չէ, Արմինեն չի գա, ու ես կմնամ առանց սևագրի ու առանց նրա…


Առավոտյան ժամը 09:30-ին՝ քայլով մարշ դեպի ճաշարան: Համեղ հարիսա ուտելուց հետո գնացինք կոնֆերանս դահլիճ, որտեղ էլ գործնական աշխատանք կատարեցինք՝ սովորելով նկարահանումների հիմունքները: Ընկեր Աշոտը եւ Դիանան մանրամասնորեն բացատրեցին ֆոտոյի մասին ամեն ինչ: Ես սովորեցի շատ ավելին, քան պատկերացնում էի: Դիանան բացատրեց, որ ֆիլմ նկարելիս տեսախցիկը երբեք ձեռքով չբռնենք, այլ դիմենք շտատիվի օգնությանը: Բացատրեմ՝ ինչու… Ձեռքով նկարահանելիս հնարավոր չէ անշարժ պահել տվյալ կադրը, իսկ այդ դեպքում վերջինս փչանում է: Ես իմացա նաեւ, որ ֆոտոյի ամենախոշոր պլանը կոչվում է դետալ: Հա՜, ու այսօրվա «ամենախելացի» պահը Արամ Կիրակոսյանի հետ հանդիպումն էր: Նա PanPhoto լրատվական գործակալության ֆոտոլրագրող է: Հանդիպման սկզբում երկու բառով, իսկ իրականում լիքը նախադասություններով պատմեց ֆոտոյի նախապատմությունը: Իրականում շատ հետաքրքիր էր, բայց անկեղծ կլինեմ ու կասեմ, որ շատ-շատ բաներ չեմ հասկացել: Ես մեղավոր չեմ, շատ արագ էր պատմում, ոգեւորված…