lilit khlghatyan portret

Գնդլիկ-Բոքոնիկը

Աշխարհում ամենաքաղցր մարդիկ մեր հարազատներն են, այն մարդիկ, ովքեր մեծացրել են մեզ, միշտ մեր կողքին են եղել:

Ինձ համար ամենահաճելի ու սպասված օրերը տատիկիս և պապիկիս այցի գնալու օրերն են: Իմ մայրական տատի և պապի առաջին թոռնիկը եղել եմ ես: Գուցե դա է պատճառը, որ տատիս և պապիս սերը իմ նկատմամբ անսահման է:

Երբ գնում եմ տատիկիս տուն, նրա սերն ու քնքշանքը այնքան ջերմ է, որ քիչ է մնում երես առնեմ: Նրանց տուն այդքան էլ հաճախակի չեմ գնում, բայց երբ գնում եմ, 1 ժամվա ընթացքում էլ կարող եմ դառնալ Գնդլիկ-Բոքոնիկը:

Կարծում եմ ինձ շատերը կհասկանան: Դե ինչպե՞ս Գնդլիկ-Բոքոնիկը չդառնաս, երբ անդադար տատիկը կերակրում է… Անկեղծ ասած՝ ինձ համար դա էլ է հաճելի:

Պապիկենց տուն ոտք դնելուն պես, տատիկն արդեն մառանում է: Երբ վերադառնում է, իր հետ բերում է ամենահամեղ մուրաբան, հյութը և իր ձեռքով պատրաստած շատ այլ պահածոներ:

Տատիկը շա՜տ համեղ է պատրաստում. ահա ևս մեկ պատճառ Գնդլիկ-Բոքոնիկ դառնալու:

Իմ պատկերացրած իդեալական տունն ու ընտանիքը հենց պապիկինս է: Ամեն ինչ կարգ ու կանոնի մեջ է: Պապիկս ամեն ինչ կարողանում է անել, ես միշտ հպարտանում եմ նրանով:

Մի օր քեռիս կատակով հարցրեց.

-Քո մա՞յրն է լավ պատրաստում, թե՞ իմը:

Երկար մտածեցի ու ասացի.

-Իմ մայրը քո մոր աղջիկն է, դաստիարակվել է նույն կերպ, այնպես որ՝ ես տարբերություն չեմ տեսնում:

Ես շատ եմ սիրում իմ տատիկին ու պապիկին: Ուզում եմ բոլորն էլ սիրեն մեծերին: Տատի և պապի սերը անփոխարինելի է:

Պապիկենց տուն գնալու օրերն ինձ համար տոնական օրեր են…

elyanora balyan

Ծնունդներ առանց հոբելյարների…

Տարվա վերջին ամիսները լի են ծնունդներով, բայց որտե՞ղ են հոբելյարները… Որտե՞ղ են, որ շնորհավորանքի խոսքեր լսեն, որ տորթի մոմերը փչեն ու երազանք պահեն ապագայի համար: Որ սեղանին հնչած բոլոր կենացներին ասեն. «Շնորհակալ եմ»: Որտե՞ղ են, որ այդ օրվա բոլոր նկարներում անպայման լինեն, ո՞ւր են…

Զոհվեցին… Ապրիլին զոհվեցին:

Վերջերս Արցախի հերոս, ապրիլյան քառօրյա պատերազմում արիաբար զոհված Ռոբերտ Աբաջյանի ծննդյան օրն է: Շնորհավոր, հերո՛ս: Ռոբերտը կդառնար 20 տարեկան: Վերջերս կարդացի: Կդառնար…

Ինձ թվում է, մի բան այնպես չէ: «Կդառնար», չեմ ուզում լսել այս բառը: Ամեն անգամ խուսափում եմ կարդալ, որովհետև արդեն գիտեմ, որ այն երբեք «դարձավ» չի դառնա:

Այս տարին էլ այսպես անցավ՝ ծնունդներ առանց հոբելյարների:

Գիտեմ, արդեն մեծ եմ Ձմեռ պապիկին ինչ-որ բան խնդրելու համար, բայց ես հավատալով խնդրում եմ. «Երբեք, ոչ մի զինվորի ծնունդ առանց հոբելյար թող չանցնի»:

Nelli Khachatryan

Երբ բարձրաձայնում ես խնդիրների մասին

17-ին թղթակցելուց առաջ չէի մտածում, որ իմ գրած այս կամ այն նյութով հնարավոր է ինչ-որ ազդեցություն ունենալ մարդկանց վրա, կամ պատմություններ գրելով հնարավոր է մի քիչ փոխել նույնիսկ ուրիշի կյանքը: Հնարավոր է, դուք էլ եք այդպես կարծում, բայց ձեզ կբերեմ օրինակներ, որոնք իրականություն դարձան 17-ին թղթակցելուց հետո, քանի որ միայն այդ ժամանակ հասկացա, որ կարող ես տանը նստել ու գրել, ու քո գրելուց աշխարհում ինչ-որ տեղ, ինչ-որ բան հաստատ դառնում է ավելի լավը:

Հոդված էի գրել մի երիտասարդի մասին, ով մեր հարևանն է, մտավոր խնդիրներ ունի և չի կարողանում խոսել, միայն գոռում է: Նշել էի, որ նրանից վախենում էին, և երբ նա պատուհանի մոտ բարևում էր անցորդներին, միայն արժանանում էր նրանց արհամարհանքին ու վախին: Նյութս, փաստորեն, շատերն էին կարդացել, և պատկերացնո՞ւմ եք, հիմա շատերի աչքերում չեմ տեսնում այդ վախը, և նույնիսկ նրան բարևում և ժպտում են: Ժպտացողների կյանքում ոչինչ միգուցե չի փոխվել, բայց կարծում եմ, ՆՐԱ համար աշխարհը ավելի բարի է դարձել, թեկուզ մի քանի հոգու շնորհիվ:

Մի անգամ էլ նյութ էի գրելև պատմել, թե ինչպես մի ծրագրի շրջանակներում Ճամբարակում օգնել ենք մոլոկան տատիկի և վարել դաշտի հողը: Նյութից հետո հավաքվել են կամավոր երեխաներ, թեկուզ ոչ այնքան մեծ, բայց սրտանց օգնություն ցուցաբերել այդ տատիկին մշակելու իր դաշտը:

17-ի շնորհիվ ՄԱԿ-ում բարձրացրել եմ համայնքիս ձայնը, քանի որ այստեղ խմելու ջուր չունեն շատ թաղամասեր: Դա ինձ համար նույնպես կարևոր էր, երբ հասկանում էի, որ գոնե բարձրաձայնում եմ համայնքիս խնդիրների մասին` համոզված, որ իմ ֆիլմի շնորհիվ այս խնդրին ուշադրություն կդարձնեն:

Hasmik Miqayelyan

Մի քիչ էլ մեր բարբառից

Երեկ տեսա, որ 17.am-ում խորագրերի մեջ կա «Մեր գյուղի բառն ու բանը» կոչվող խորագիր: Մտա կարդացի որոշ նյութեր և որոշեցի ես էլ գրել այդ մասին: Նախ ասեմ, որ մեր գյուղն էլ խոսակցական լեզվով այլ անուն ունի` Մուխան, որը Ծովազարդ գյուղն է:

Եվ այսպես.

Էթալ – գնալ

Կոնախ – հյուր

Լուրիկ – օրորոց

Իմալ – ոնց

Կնդխել – բարուրել

Ճիժ – երեխա

Թասիբ կայնել – աջակից լինել

Կայնել – կանգնել

Նամուս – պատիվ

Ջոջ – մեծ

Խնդալ – ծիծաղել

Խա – հա

Խաց – հաց

Տարին բիթուն – ամբողջ տարին

Պուլիկ – բանկա

Փարա – փող

Հիշկալ – նայել

Օչխով, կոչաղ – աշխատասեր

Ջալապ – նման

Չեյշիթ – տեսակ

Հաստատ վստահ եմ, էլի կան բարբառային բառեր, բայց այսօր այսքանը հազիվ կարողացա «թարգմանել»:

karen karapetyan portret

Կրկին ուշացած

Նորից լույսը բացվեց: Դարձյալ զարթուցիչիս ձայնը «հարամ արեց» իմ անուշ քունը: Մի կերպ վեր եմ կենում, անջատում եմ զարթուցիչս ու նորից փորձում տեղավորվել մահճակալիս մեջ: Մի րոպե չանցած մայրս է ինձ արթնացնում:

-Ա՜, մա՛մ, թող քնեմ: Մեկ ա, էսօր առաջին ժամը ֆիզիկա ա, ես էլ անցած ժամին եմ դաս պատմել:

-Վայ, ա՛յ տղա, հել գնա, դասից կուշանաս, հետո նկատողություն կստանաս, հել գնա:

-Մա՛մ, ի՞նչ կլինի, դու էլ գնաս քնես: Թե ասա` ո՞վ ա ձեզ ասում էսքան շուտ վեր կենաք, մի բան էլ` չթողնեք ուրիշները քնեն:

-Լա՛վ, գոնե հել լվացվի, մի բան կեր, նոր գնա: Առանց հաց ուտելու դուրս չգնաս:

Ես մի կերպ ասում եմ` հա, ու մեկ էլ հեռախոսիս զանգը.

-Այո՛:

-Կա՛ր, ո՞ւր ես, չկաս: Դասից տասը րոպե ուշացել ես, գալո՞ւ ես, թե՞ չէ: Ասեմ բացակա դնե՞ն:

Լսում եմ շատ ծանոթ ձայն, բայց չեմ հասկանում, թե ում ձայնն է, բայց, այնուամենայնիվ, պատասխանում եմ.

-Արդեն հասնում եմ, չթողնես բացակա դնի: Ասա` մնացել էր քնած կամ նման մի բան… Լավ, հասա:

Մի կերպ վեր եմ կենում և ուզում եմ հագնվել, բայց շորերս չեմ գտնում:

-Մա՛մ, շորերս ո՞ւր ա, տեսե՞լ ես:

-Հա՛, նոր գնում էին դասի: Ուշացար դասից, արագ մի բան հագի, գնա:

Մինչ մայրս խոսում էր, ես գտա շորերս. աթոռի վրա դրված էին, ուղղակի լավ չէի նայել:

-Մա՛մ, գտա:

Հինգ րոպե անց դուրս եմ գալիս տնից և արագ շտապում դպրոց: Տան բակից դուրս գալով՝ ինձ է դիմավորում մեր հարևան Խաչոյի գամփռը:

-Վայ, տնաշե՛ն, լեղաճաք եղա. էս ո՞վ ա քեզ արձակել:

Ճիշտ է, շունը ինձ չի վնասում, գալիս է ինձ մոտ և քսմսվում ինձ:

-Լավ էլի, Բուչո՛, մի արա, գնա:

Շունը նայում է ինձ, կարծես թե հասկանում է ինձ և գնում: Շարունակում եմ ճանապարհս: Հազիվհազ հասնում եմ դպրոցի դռան մոտ. դուռը էլի փակել են: Մտածում եմ՝ մարդ էլ այդքան տանջվի, գա հասնի դպրոց, որ սովորի, դասերից հետ չմնա ու տեսնի, որ դուռը փակել են: Ու հենց այդ մտքիս վրա նկատեցի, որ բաց պատուհան կա: Նայում եմ շուրջս, տեսնեմ` մարդ չկա, և սողոսկում եմ ներս: Սովորաբար այստեղից ենք կավիճ վերցնում: Ես չորս հատ կավիճ վերցրի և դուրս եկա այդ դասարանից: Դուրս գալիս ինձ դիմավորեց Ալվադ «տոտան»:

-Վայ, ա՛յ տղա, էս դու որտի՞ց ես գալում: Էլի լուսամուտո՞վ ես մտել, քո հետ իմա՞լ գլնի:

-Բարև՛, Ալվա՛րդ «տոտա» ջան, ի՞նչ լուսամուտ, ի՞նչ բան. կավիճ էի եկել տանեմ:

-Լավ, գնա՛, գնա:

Մտածում եմ, որ լավ ազատվեցի, ու հասնում-մտնում եմ դասարան, կարծես թե ոչ մի բան չի պատահել, և ես երեսունհինգ րոպե չեմ ուշացել: Ձեռքիս կավիճները դնում եմ գրատախտակի մոտ և ուզում եմ նստել իմ նստարանին, երբ երեխաները զարմացած նայում են ինձ. ուսուցչուհիս մի պահ կարծես բարկանում է և ասում.

-Կարե՛ն ջան, ո՞ւր ես, դասն արդեն վերջանում է:

-Գնացել էի կավիճ բերելու, ուղղակի սպասում էի մինչև Երևանից բերեին, էն էլ ուշացան:

Եվ այդ պահին զանգը հնչեց. արթնացա, էլի զարթուցիչիս ձայնը:

mariam tonoyan

Թափառող հայացքներ

Աչքերի համար որքա՜ն հաճելի է տարածությունը, հեռավորությունը սիրելի վայրերից, դիմացդ փռված անծայրածիր ու անվերջ ձգվող հորիզոնը, որ թվում է, թե ձուլվել է երկնքի մովին, ձյունապատ լեռների անհաս կատարները, երկնակամարում հալվող արևը, ծառերի զմրուխտ սաղարթները, կապուտակ երկինքը, բարձրահարկ շենքերն ու անշուք խրճիթները:

Տարածությունն անսահմանափակ է, անարգել` թափառող հայածքների համար: Այո՛, հանդիպում են հայացքներ, որոնց չի հերիքում տարածությունը, որոնք անվերջ թափառում են այնքան ժամանակ, մինչ կգտնեն մեկ այլ անհուն աչքեր, որոնք կկլանեն հայացքը, իր խորքերը կտանեն ու վերջ կդնեն որոնումներին:

Կիրակնօրյա դպրոցում գործող ազգային երգի դասերի ժամանակ հայացքս անընդհատ պատուհանից դուրս` դեպի աշխույժ փողոցն էի ուղղում, ինչի համար հաճախ նկատողություն էի ստանում: Բայց ինչպե՞ս դուրս չնայեի: Ճնշող ու կարծես աստիճանաբար նեղացող չորս պատեր, բարձր ձայն, դաշնամուրի ստեղներից ծնվող երաժշտության տարբեր տոնայնություններ, տոթ սենյակ, պատերին փակցված գույնզգույն նկարներ` երեխաների նկարած, որոնք ամեն դասի մանրակրկիտ զննելուց ու հաճույք ստանալուց հետո արդեն ձանձրալի էին դարձել: Օդը կարծես ծանրանում, իսկ աչքերս զույգ ածուխների նման այրվում էին լարվածությունից: Կենտրոնանալ, լինելով չորս պատերով շրջապատված, ինձ համար անհնար էր: Գնանք, նստենք քչքչան գետի ափին, և ինչքան ուզեք, պատմեմ Նապոլեոնի, Հիտլերի, Տիգրան Մեծի և ուրիշ շատերի մասին, վերհիշելով պատմության տարբեր անցքերն ու մանրագույն դրվագները, բայց բավական է պատմության դասաժամերին գրատախտակի մոտ անցնեմ, տեսնեմ ինձ նայող դասընկերներիս ուշադիր հայացքները, նույն դասասենյակի դատարկ պատերն ու պատասխանի սպասող ուսուցչուհուս, պապանձվում եմ, լարվում և սկսում արտասանել կցկտուր ու անհաստատ տողեր, այն էլ ոչ թե իմ իմացածը, այլ գրքային բառերով անհասկանալի, քարացած բառեր: Լարվածությունից սկսում եմ հոգնածություն զգալ: Եթե գրիչ ունենայի ձեռքումս, հավանաբար կկոտրեի այդ անտանելի լարվածությունը: Աչքերս ակամա սկսում են ելք փնտրել անբնական տեսարանից փախչելու համար և կրկին հանգում պատուհանին: Բայց ո՛չ, ոչ թե հանգում, այլ սավառնում պատուհանից այն կողմ բացվող հաճելի ու անշուք տեսարանի խորքերում: Այ սա ուրիշ բան է ` իմ սիրելի, համեստ տեսարանը: Գեղամա լեռները` հպարտ ու վեհ, սեփական և բարձրահարկ շենքերի թիկունքում վեր են խոյանում, իսկ տեսարանի կենտրոնում` լքված տնակի փոքրիկ պատշգամբում` խունացած ու հինավուրց բազմոց է, որ ձմռանը ձյունով է պատվում, աշնանը` տերևներով, գարնանը թրջվում է անձրևից, ամռանը` չորանում: Հավանաբար ոչ բոլորը այդքան կարևորություն կտային մի բազմոցի, որն արդեն վաղուց ոչ ոքի պետք չէ : Սկզբում նկատելով տեսարանը` ինքնաբերաբար մոռանում էի դասի մասին, մտածում տան նախկին բնակիչների մասին, մտքում հաշվում էի, թե որքան կարող է արժենալ նոր բազմոց գնելը: Այժմ այդ պատկերին նայելով խաղաղվում եմ, մտքերս համախմբվում ու պայծառանում են, բառերն ակամա հաջորդում են իրար, սակայն հայացքս չի դադարում ուվականի նման հեռուներում անվերջ թափառելուց, փնտրելուց ու գտնելուց այն հետաքրքրականը, այն յուրօրինակն ու թաքնվածը, ինչպիսին փոքրիկ պատշգամբի հնացած բազմոցն էր:

jora petrosyan

Հրաշք քիմիան

Վստահ եմ,  աշակերտներից շատերը չեն սիրում քիմիա առարկան։ Քիմայի դասաժամը դիմավորում են հետևյալ բառերով.

-Յախք, էլի քիմիա։
Ինչ մեղքս թաքցնեմ,  ես էլ առաջ չէի սիրում  քիմիան:  Ես էլ էի ասում այդ արտահայտությունը, բայց ամեն ինչ փոխվեց,  երբ սկսեցի ուսումնասիրել այդ առարկան։ Պարապող ուսուցչուհուս,  ինչու չէ, նաև իմ ջանասիրության ու աշխատասիրության շնորհիվ,  սկսեցի ավելի հեշտ ընկալել այդ առարկան։  Հիմա ընդամենը մի բան կարող եմ ասել քիմիա առարկայի վերաբերյալ.
-Ա՜յ, գիտություն։
Քիմիա առարկան շատ աշակերտների մոտ ասոցացվում է «գմփալու» հետ։ Դրա մեջ, անշուշտ, ճշմարտության չնչին քանակ կա։ Քիմիան՝ քիմիական փորձերը, իհարկե, ուղեկցվում են «գմփոցներով»,  բայց առաջացնելով ոչ թե վնաս, այլ հրաշագեղ մի բան (իհարկե, եթե ամեն բան ճիշտ անենք):
Էլ ի՞նչ քիմիա  առանց քիմիական փորձերի։ Որպեսզի քիմիան ատող աշակերտներին համոզեմ, որ քիմիան դա ուղղակի առարկա չէ՝ անիմաստ ու անհասկանալի խնդիրներով ողողված, այլ մեկ ուրիշ բան,  մեկ ուրիշ աշխարհ,  մեկ ուրիշ հրաշք,  որոշեցի կատարել քիմիական փորձեր ու դրանք վիդեո տարբերակով ներբեռնել YouTube: Դա կատարելու համար ինձ օգնեցին ո՛չ միայն քիմիայից ստացած իմ գիտելիքները,  այլև «Մանանա» կենտրոնի  կողմից տրված ֆիլմի նկարահանման և մոնտաժի հմտությունները։ Դե ինչ, միասին սկսենք ուսումնասիրել քիմիան՝ քիմիական փորձերի միջոցով։
Եվ այսպես կարող եք դիտել.
Փորձ 1. Կալիումի պերմանգանատի և գլիցերինի փոխազդեցությունը.

Այստեղ ջուրը հանդես է գալիս որպես կատալիզատոր,  իսկ կատալիզատորները այն նյութերն են,  որոնք արագացնում են քիմիական ռեակցիայի ընթացքը,  բայց չեն մասնակցում այդ ռեակցիային։

Փորձ 2. Փարավոնի օձ.

Կալցիումի գլյուկոնատը հիմնականում օգտագործվում է օրգանիզմում կալցիումի պակասի համար։

Փորձ 3. Շաքարի ածխացում.

Ծծմբական թթուն իրենից շատ վտանգավոր նյութ է ներկայացնում։ Խիտ ծծմբական թթուն կարող է քայքայել մաշկը՝ առաջացնելով այրվածքներ,  հագուստը, փայտը,  թուղթը և այլն։ Նոսր թթուն  համեմատաբար ավելի «մեղմ»  է։ Թթուն նոսրացնելու համար հարկավոր է թթուն բարակ շիթով լցնել ջրի վրա,  հակառակ դեպքում այն «կեռա», վտանգավոր թթուն դուրս կցայտի և կվնասի արտաքին միջավայրում եղած ամեն մի իր:

marieta ispiryan

Մեր ճագարիկը

Դեռ շատ վաղ տարիքից հայրիկս ինձ սովորեցնում էր, որ ոչ մի բանից չվախենամ, միշտ վեր գտնվեմ ամեն տեսակի ցավից, և ասում էր․ «Ամեն ինչ մարդու համար է»։

Հայրիկիս այդ խոսքերը ինձ միշտ ուղեկցում էին, և մի անգամ, երբ ես արդեն հինգ տարեկան էի, առջևի երկու ատամներս ցավում էին, բայց ես սովորությանս համաձայն, ոչ ոքի չէի ասում։ Հետո այդ ատամները սկսեցին շարժվել։ Ես որոշեցի ինքնուրույն այդ երկու ատամները քաշել, որովհետև մինչ այդ հեռուստացույցով տեսել էի, թե ոնց է երեխան իր ատամը քաշում, և ես էլ փորձեցի, ու ստացվեց։ Մայրիկս, իհարկե, ինձ վրա շատ բարկացավ, սակայն ես չէի զղջում արածիս համար։

Դրանից հետո անցավ երկու տարի։ Ես արդեն նկատել էի, որ առջևի ատամներս շատ առաջ են աճում։ Մայրիկս ասում էր, որ դա այն պատճառով է, որ իրենից թաքուն էի քաշել ատամներս։

Այդպես ես գնացի առաջին դասարան։ Դպրոցում ինձ ատամներիս համար ճագարիկ էին ասում։ Դա ինձ շատ էր զայրացնում։ Ես լացելով գնում էի տուն ու մայրիկիս ասում, որպեսզի բարի փերիին կանչի, որ ատամներս իր կախարդանքով ուղղի։ Շատ վիավորական էին դասընկերներիս խոսքերը ատամներիս մասին, սակայն, երբ մի քիչ մեծացա, հասկացա, որ դա էլ իմ առանձնահատկությունն է, և ես չեմ պատկերացնի ինձ առանց իմ «ճագարիկի ատամների»։

Բոլորս էլ ունենք թերություններ, ուղղակի բոլորը չէ, որ կարող են այդ թերությունները ընդունել և շտկել:

Մեր խաղերը

Մի օր բացում ես աչքերդ և հասկանում, որ մեծացել ես, կորցրել անհոգ տարիներդ, նրանք առանց քեզ հարցնելու հեռացել են անվերադարձ: Հե՜յ, մանկություն, այդ ո՞ւր ես շտապում, մի քիչ կանգնիր` խոսենք, քեզ հիշեցնելու այնքան բան ունեմ, չնայած դու ինձանից էլ լավ ես հիշում:

Մենք չորսն ենք, չորս «հարազատ արյուն»: Չորսով այնքան խաղեր կարող եք խաղալ, բայց մենք չէինք սիրում կրկնվել, մենք էինք ստեղծում մերը, նորը և միգուցե միակը իր ոճի մեջ:

Այ, օրինակ, «Ճանապարհային պտույտ». լսե՞լ եք այս խաղի մասին, կարծում եմ, ոչ: Այս խաղը սովորելը շատ հեշտ է, ուղղակի սպասում ես այն օրվան, երբ հայրիկդ ձեզ նորից կտանի Շամշադին` Սարի ճանապարհով, իսկ հետո սպասում ես, թե երբ պետք է մեքենան պտույտ կատարի, և նրա հետ հավասար թեքվում ես աջ կամ ձախ: Իսկ ամբողջ խաղի էությունը կայանում է հակառակորդին տապալելու մեջ, և պարտված է համարվում նա, ով կդիմեր մայրիկի օգնությանը: Մի քանի շաբաթ առաջ նորից Սարի ճանապարհով տեղ էինք գնում, և ակամա հիշեցինք մեր հորինած խաղի մասին, պտույտի հետ թեքվում էինք, կրկին տապալում թշնամուն», բայց չստացվեց այս ամենից նորմալ խաղ: Կարո՞ղ եք կռահել` ինչու: Մենք մեծացել ենք արդեն:

Հիշում եմ, թե ինչպես չէի սիրում քնել: Չէ քնելը սիրում էի, ուղղակի քույրիկներիս հետ միևնույն ժամին չէի ուզում քնել: Ախր, ես մեծացել էի, ես իրավունք ունեի մեկ ժամ ուշ պառկել քնելու, միայն սերիալս նայելուց հետո: Եվ գիտեք` ինչ էի անում, որ հայրիկս չբարկանար և թողներ մեկ ժամ էլ արթուն մնայի: Դասերս, երբ սովորում էի, օրագիրս չէի լրացնում, իբրև թե մոռացել եմ, և լրացնում էի միայն այն ժամանակ, երբ քույրերս գնում էին քնելու, ժամանակ էի շահում և վայելում սերիալս:

Հե՜յ մանկություն, հետ կգաս գոնե մի օրով, որ կարողանամ խաղալ իմ խաղերը…

davit ghahramanyan

Ցամաքաբերդն ու նավապետ պապս

Ես այսօր հանդիպելու եմ մեր գյուղի ամենատարեց մարդու` Միշա Գրիգորյանի հետ, ով 1975-1985 թվականներին կոլխոզ է ղեկավարել:

-Միշա պապ, Ձեզ կխնդրեմ, որ մի քիչ պատմեք մեր գյուղի մասին, թե ինչպիսի պատմություն ունի այն:

-Դավիթ ջան, մեր գյուղը, ինչպես տեսնում ես, շրջապատված է սարերով, իսկ առջևում է Սևանա լիճը: Շատ հին պատմություն ունի մեր գյուղը, շատ հին ժամանակներից ունի Ցամաքաբերդ անունը:

-Իսկ այստեղ առաջ շա՞տ մարդիկ են ապրել:

-Չէ, այստեղ հնում բնակվել է մի հինգ տուն, հետո տարիների ընթացքում շատացել են:

-Միշա պապ, հիշո՞ւմ ես էստեղ ովքեր են առաջ ապրել:

-Իհարկե, հիշում եմ. Մկրտչյան Ջիվանը, Հովհաննիսյան Գրիգորը, Կարապետյան Լևոնը, Դավթյան Մուշեղը, որը ձկնորս է եղել և շատ է օգնել համագյուղացիներին հայրենական պատերազմի ժամանակ, սովի տարիներին: Այդ տարիներին էր, երբ ես երեխա էի, այս գյուղում նկարահանեցին «Սևանի ձկնորսները» ֆիլմը: Մեր գյուղից մի քանի հոգի նկարահանվում էին այդ ֆիլմում:

-Միշա պապ, ես գիտեմ, որ այն ժամանակ իմ պապը նավապետ է եղել: Կպատմե՞ս նրա մասին:

-Դավիթ ջան, քո պապը Մեղրիի շրջանի Շվանիձոր գյուղից էր: Չափահաս տարիքում իր մի քանի բախտակիցների հետ անդամագրվել է Սևանում նոր կազմակերպված նավագնացության կոլեկտիվին: Եվ նա, հանդիպելով Մարտիրոսի դստերը` Աստղիկին, ամուսնացել և բնակություն է հաստատել Ցամաքաբերդում: Քո պապը՝ Քրիստափորը, երկար տարիներ նավագնացությունում բարժա (բեռնանավ) էր ղեկավարում: Կյանքի վերջին տարիներին զբաղվեց այլ աշխատանքներով: Ամուսինների համատեղ կյանքը կարճ չտևեց, ունեցան յոթ շնորհալի երեխաներ, վայելեցին այն օրհնանքը, որն ասում է՝ յոթ որդով սեղան նստես:

-Իսկ ինձ կպատմե՞ս, թե ինչպես է առաջացել Ցամաքաբերդ անունը:

-Այդ ժամանակ գյուղի մեծ հատվածը գտնվում էր ջրի մեջ, Սևանա թերակղզին կղզի էր, նավերով էինք գնում վանք: Հետո, տարիների ընթացքում ջուրը ցամաքեց, և դրա համար գյուղը կոչվեց «ցամաքած բերդ»:

-Իսկ հայրենական պատերազմին այս գյուղից մասնակցողներ եղե՞լ են:

-Իհարկե, մասնակցել են մոտ 100 զինվոր, որոնց ընդամենը կեսն է հետ վերադարձել:

Միշա պապի հետ երկար զրուցեցինք: Նրա զրույցից ես շատ բան իմացա ոչ միայն Ցամաքաբերդի, այլ իմ նավապետ պապի մասին, որին լիճն այնքան է գրավել, որ լեռնային գյուղից հասցրել է Սևան: