sargis yenoqyan

Լիճքից մի պատմություն

Այս պատմությունը Ալաշկերտից 1828թ. Լիճք գաղթած Մելիքյաններից մեկի պատմությունն է:

Ըստ ավանդույթի, Մելիքյան ազգանունը ծագում է Մելիք բառից (իշխան): Ասում են, որ Մելիքը հյուր է գնում իր իշխան ընկերներից մեկին` Ադամ աղային, ու հավանում նրա դստերը:

Չնայած ընկերությանը, Ադամ աղան չի ուզում իր աղջկան այդ քարքարոտ երկիր (Լիճք) հարս ուղարկել: Երկար պնդումներից հետո Ադամ աղան համաձայնվում է շանս տալ տղային` Սուքիասին:

Նա նախ ուզում է տեսնել տղային: Տղային բերում են, և և աղան առանց տղայի հետ խոսելու հավանում է նրան: Բայց կար մի պայման. տղան պետք է կարողանար հաղթել իր լավագույն ձիարշավորդին:

Սուքիասը ընտրում է Ադամ աղայի նժույգը և ի զարմանս ամենքի, կարողանում է հեծնել ձին և նույնիսկ հաղթել լավագույն ձիարշավորդին:

Պայմանը մնում է պայման. աղջկան Լիճք հարս են բերում:

Վարսեր

Լուսանկարը՝ Տաթևիկ Մարտիրոսյանի

Լուսանկարը՝ Տաթևիկ Մարտիրոսյանի

Գյուղը հիշատակվել է դեռևս 9-րդ դարում: Այն սկզբնական շրջանում կոչվել է Չռչռ, այնուհետև վերանվանվել է Վարսեր: Դեռևս մ.թ.ա. գյուղն ունեցել է բնակիչներ: Տասնամյակներ առաջ այստեղով հոսել է Հրազդան գետը: Գետը հասնելով սահանքին՝ գահավիժում էր բարձունքից, խփելով ժայռերին և շրջապատը լցնելով մի խուլ դղրդյունով: Այսպիսով գետի չռչռոցը բարձունքից ցած, պատճառ է դարձել գյուղն անվանակոչելու Չռչռ:

Լուսանկարը՝ Տաթևիկ Մարտիրոսյանի

Լուսանկարը՝ Տաթևիկ Մարտիրոսյանի

Սակայն գյուղի պատմական անունը Վարսեր է: Ըստ մեզ հասած տեղեկությունների, երբ երկիրը գտնվում էր արաբական տիրապետության տակ, մի քանի արաբ զինվորներ հետապնդել են երկար վարսերով մի հայուհու: Աղջիկը զինվորներից ազատվելու համար նետվել է անդունդը: Նրան փնտրելիս, քարերի արանքում նկատում են նրա վարսերը, այստեղից էլ եկել է գյուղի անվանումը:

Լուսանկարը՝ Տաթևիկ Մարտիրոսյանի

Լուսանկարը՝ Տաթևիկ Մարտիրոսյանի

Կա նաև մի տեսակետ, ըստ որի գյուղի անունը առաջացել է «վարսել» բառից, որը նշանակում է` ուժգնորեն հարվածել: Տասնամյակներ առաջ գյուղում նկատելի է եղել ջրի հոսքի ուժը:

Լուսանկարը՝ Տաթևիկ Մարտիրոսյանի

Լուսանկարը՝ Տաթևիկ Մարտիրոսյանի

Astghik hakobyan

Անսպասելի վայրէջք

Հինգ տարեկանում մեր բարեկամներից մեկն ինձ մի շրջազգեստ էր նվիրել։ Զգեստն ամբողջությամբ կարմիր էր, մեջքը, թևերն ու փեշը եզրավորվում էին սպիտակ ժանյակներով։

Մայրս այնքան էլ չէր սիրում այդ զգեստը, ու քանի որ այդ տարիքում երեխան հագնվում է մայրիկի ճաշակով, ես այդ զգեստը գրեթե չէի կրում։

Այդ օրը մայրիկն ու տատիկը, այսպես ասած, «հացի» էին։ Այդ տարիներին հացը դեռ թոնրով էին թխում, ու նրանք պետք է առավոտից գործի անցնեին։

Մայրիկս, բացելով զգեստապահարանը, անսպասելիորեն որոշեց, որ ես պետք է հագնեմ վերոնշյալ կարմիր շրջազգեստը։ Նա հագցրեց ինձ ու եղբորս, մեզ համար նախաճաշ պատրաստեց, ու խնդրելով, որ տանը խաղանք, չկռվենք՝ գնաց հացատուն, տատիկն արդեն վաղուց սկսել էր գործը։

Ես ու եղբայրս երկար ժամանակ խաղում էինք, բայց ես հանկարծ որոշեցի, որ պետք է գնամ հացատուն՝ մամային ու տատիին օգնելու, ու գնացի։ Իսկ ինչպե՞ս էի օգնում․ սկզբում հացի սեղանից բռով վերցնում էի ալյուրն ու շաղ տալիս ինքս ինձ վրա՝ երևակայելով, թե երկնքից իջնում են ձյան կախարդական փաթիլներ։ Հետո, երբ դրանից հոգնեցի, սկսեցի հացի գնդերը տրորել։ Ես գնացել էի օգնելու, բայց փաստորեն ավելի շատ խանգարում էի։ Մայրիկն ու տատիկն ինձնից «ազատվելու» համար ինձ խմորի մի կտոր տվեցին, ուղարկեցին դրանով խաղալու։ Բայց ես մտածեցի, որ մեր հավերը սոված են, ու ես պետք է նրանց կերակրեմ այդ խմորով։

Հացատնից դուրս եկա ու գնացի ուղիղ դեպի հավաբուն։ Հավաբուն տանող ճանապարհն անցնում էր գետնափոր հորի վրայով։ Հորն ուներ երեք մետր խորություն, մենք այն օգտագործում էինք կարտոֆիլն ամբարելու և ձմռանը ցրտից պաշտպանելու համար։

Բարեբախտաբար, թե դժբախտաբար, այդ տարի մենք կարտոֆիլը տարել էինք նկուղ, իսկ հորում հայրիկս իջեցրել էր քար, երկաթի կտորներ ու մի մեծ փայտե աստիճան։

Տարվել էի խմորի գնդիկով, փորձում էի այն հավասարաչափ բաժանել հավերի քանակով ու չնկատեցի, թե ինչպես ոտքս դրեցի բաց հորի մեջ․․․

Ես կախված եմ օդում, առանց ինչ-որ բանից բռնվելու, շուրջը մութ է։ Գլխավերևից լսում եմ մայրիկի ու տատիկի լացը, հայրս գոռում է․ «Աստը՜ղ, Աստը՜ղ»։ Հետո օդից «վրաս» իջավ հորեղբայրս, գրկեց ինձ։

Պարզվեց, որ փայտե աստիճանից մի մեծ մեխ կար դուրս մնացած, ու կարմիր շրջազգեստի փեշի սպիտակ ժանյակը, կախվելով դրանից, ինձ պահել էր օդում՝ ընդամենը 80 սմ-ով բաժանելով քարերից ու երկաթի կտորներից։

Այդ օրվանից մայրս մոռացավ, որ երբևէ չի սիրել շրջազգեստը։ Վաղուց կարմիր շրջազգեստը փոքր է ինձ համար, բայց մայրս այն խնամքով պահում է իր զգեստապահարանում, որպես փրկված կյանքիս սիրելի հուշ։

jora petrosyan

Վարդենիսերեն. մաս 2

Նախորդ նյութս իմ շատ սիրելի ու հարազատ քաղաքի՝ Վարդենիսի բարբառի մասին էր։ Այդ նյութը շատ մեծ արձագանք գտավ թե՛ իմ համաքաղաքացիների շրջանակներում, թե՛ մնացած ընկերներիս մոտ, նույնիսկ խանութներ մտնելիս վաճառողները ասում էին. «Վա՜յ, էն «Վարդենիսերեն» նյութի հեղինակը դու ես, չէ՞։ Շատ լավն էր, ապրես շատ»։ Ու այդ ամենից ոգևորված որոշեցի շարունակել այդ բառարանը։  Բնականաբար, երկար տարիներ կողք-կողքի ապրելուց, Վարդենիսի բարբառի վրա իր ազդեցությունն է թողել  հարևան (թշնամի) երկրի բառացանկը։ Վարդենիսի բարբառում շատ են թուրքերենից և վրացերենից արված փոխառությունները։ 

Եվ այսպես.
Անցած անգամ չէի գրել «կո» բառի մասին,  որը ուղղակի չենք կարող թարգմանել։ «Կո»-ն կո կոն ա».  նմանատիպ «մազալու» պատասխան կստանաք,  եթե վարդենիսցիներից հարցնեք «կո» բառի նշանակությունը։
Հա, իսկ «մազալու»-ն էլ էդ տարօրինակն է կամ զարմանալուն, բայց միևնույն է, բացատրությունը էլի ամբողջ իմաստը չի արտահայտում։
Գտնվելով Վարդենիսում անընդհատ կլսեք «գյա» բացականչությունը։ Դա տղա ընկերների դիմելաձև է։ Դե, շարունակենք սովորել վարդենիսերենը.

ակուշկա-պատուհան
բոստան-այգի
գսմաթ-բախտ
գյանդավ-քաշած օղի
գյոլ-ջրափոս
գսա-զրույց
գյվազ-կավե աման
գյուզ-պոպոկ
միջխան-երկու դաշտերի միջև եղած սիզախոտածածկ սահման
վռազ-շտապ
խայսաթ-բնավորություն
հաջաթ-իր
հալբաթ-երևի
սանդըխք-բուրդ մանելու գործիք
պաքյել-համբուրել
գոնախ-հյուր
բախըլնալ-չուզենալ
դոր-ուր
մեյդան դուրս գալ- հրապարակ դուրս գալ
քյաֆթառ-ծերացած
թալել-գցել
գութի-տարա
գոնդախ-բարուր
շաքիլ-դեմք
հազրա-պատրաստի
բըշտել-վիրավորել
թորկել-թույլ տալ
խըլըսավ-վերջացավ
գյախ-գյախ-երբեմն
խանդակ-փոս
լեն-լայն
փեշերք-քղանցք
ջուխտ-զույգ
խտըտած-գրկած
կոթ-ճյուղ
կանա-կարող է
օղըրթ-ճիշտ
հերթիս-երթիկ
գըլըրեկ-վերև
ջոջ ափեր-մեծ պապի
խերկյ-հերկած տարածք
կասա-ասաց
այլի ֆռանգյի-տարբեր տեսակի
գյազան-ալյումինե մեծ կաթսա
համաշա-միշտ
թամաշա էնել-նայել
գյուլաշ-կոխի բռնվել
թարաֆ-ժամանակ
ժնջիլ-շղթա
ջերգյա-շարք
օթախ-ճաշասենյակ,  հյուրասենյակ
ռաֆադա-հացադմփիկ (լավաշ թխելու հարմարանք)
մոստկալ-պոռթկել
քյունջ-անկյուն
բալքե-գոնե
գոլ-կարճաթև
հոդա-գոմ
կյառ-խուլ
գեղի մեջ-քաղաքի կենտրոն
չանգյալ-պատառաքաղ
քյոնձաղ-աղքատիկ կացարան
քյուրսա-աթոռակ
սարսարի-խենթ
լագյան-աման
հառիքյ-առաստաղ
մինդար-ներքնակ
հիրկուն-երեկո
մհալ չենել-չբարեհաճել
պադռել-զզվել ինչ-որ մեկից
պադրտել-ճաքճքել

Ուրեմն մի բառ կա,  չենք կարող բառերով իր ամբողջ իմաստը արտահայտել, դա «քյունջուպուճախ» բառն է։ Մոտավոր նշանակում է` բոլոր անկյունները, արանքները։
Աբռ-ժբռ-տհաճ մարդիկ՝ տարբեր «կեղտոտ»  միջավայրերից
ափռ-ցփռ կամ ամբախ-զամբախ խոսել-անհիմն  խոսել, վատ բառերով վատաբանել մարդուն,  ասել այնպիսի բաներ,  որոնք չեն համապատասխանում իրականությանը։
Չթարգմանվող մի բառ էլ կա՝ «թմախ»,  որն իր գրական համարժեք բառը չունի,  բայց կան այդ բառով կազմված բառեր,  որոնք կարող ենք թարգմանել,  ինչպես օրինակ՝ թմախ քյար-ժլատ,  ագահ, քձիբ։

arevik avetisyan portret

Վերջապես եկավ ուրբաթ օրը

Եվ ահա նորից եկավ ուրբաթ օրը: Չէ՛, չէ՛, նրա համար չէ, որ դասերը ավարտվեցին (չնայած դրա համար էլ), բայց ուրախ եմ նրա համար, որ եղբայրս Երևանից գալու է: Այո՛, կարոտել էի, չէ՞ որ երկու շաբաթ է, ինչ չեմ տեսել նրան: Նա ասել էր, որ դասերը վերջանալուն պես գալու է, իսկ նրա դասերը վերջանում են 15:30: Հաճախ ավելի շուտ են վերջացնում: Այսօր այդ օրերից մեկն էր: Դասերը ավարտվել էին ժամը 14-ին, և նա գնացել էր տուն, հավաքել իր գրքերը և շտապել գյուղ: Ես այնքան էի կարոտել, որ 10 րոպեն մեկ զանգում էի: Երբ առաջին անգամ զանգեցի, նա մտածեց, թե մայրիկն է զանգում, բայց ես նրան ասացի, որ ես եմ: Իսկ երբ երկրորդ անգամ զանգեցի, նա արդեն իմացավ, որ ես եմ: Վերցրեց և ասաց.

-Արև՛, հասկացա, երբ հասնեմ Գավառ, կզանգեմ,- քանի որ ես նրան խնդրել էի, որ երբ հասնի Գավառ, անպայման զանգի:

Այդքան զանգերից հետո վերջապես նա հասավ տուն: Ես այնքան էի կարոտել, որ երբ իմացա հասել է, միանգամից վեր թռա համակարգչի մոտից, որպեսզի առաջինը ես տեսնեմ նրան:

Եկավ, գրկեցի, կարոտս առա և մտանք ներս: Նրան այնքան բան ունեի պատմելու, որ չգիտեի` որտեղից սկսել: Պատմեցի, վերջացրեցի: Հետո եղբայրս որոշեց, որ պետք է ֆիլմ դիտի: Դե, ես էլ որոշեցի չխանգարել նրան: Կարճատև արձակուրդն ավարտվեց, և նա նորից գնաց Երևան:

Հիմա ես սպասում եմ, թե երբ է նորից գալու ուրբաթ օրը, որ նորից տեսնեմ եղբորս: Ճիշտ է, մենք հաճախ ենք կռվում, ինչպես բոլոր քույր ու եղբայրները, բայց ես իմ եղբորը շատ եմ սիրում:

Հա՛, մոռացա ասել.

-Ռո՛բ, որ ուրբաթ օրը գաս, իմացի՛ր, միասին շախմատ ենք խաղալու:

Ինչ է նշանակում վայելել կյանքը

Լուսանկարը՝ Հասմիկ Վարդանյանի

Լուսանկարը՝ Հասմիկ Վարդանյանի

Այսօր հերթական պարապմունքից վերադառնում էի տուն, տան ճանապարհին հանդիպեցի մի խումբ տարբեր տարիքի երեխաների, ովքեր ձների մեջ թաթախված խաղում էին: Այդ երեխաներին տեսնելով դանդաղեցրեցի քայլերս, որպեսզի մի փոքր երկար զմայլվեմ նրանց խաղով:

Նրանք այնքան գեղեցիկ էին խաղում: Այդ երեխաների մեջ այնքան պարզություն ու արդարություն կար: Դանդաղ քայլերով մոտեցա նրանց, սկսեցին ինձ էլ ձներով հարվածել: Ես երբեք չեմ սիրել, երբ ինձ պատահաբար ձնով հարվածում են, բայց երբ նրանք հարվածեցին ու ինձ էլ կանչեցին խաղալու, այնքան մեծ հաճույքով միացա նրանց: Մոր 20 րոպե խաղում էի, ու մտածում էի` ինչ լավն են մեր փոքրերը:

Այնքան շատ պարզություն, մաքրություն ու անշահախնդրություն կա նրանց մեջ: Մի՞թե մեծերս կարող ենք այսպես հրճվել ժամանակից շուտ եկած ձյան մաքրությամբ, անձրևից հետո առաջացած ջրափոսերով, արևի պայծառ ճառագայթներից… Խաղում էի ու անդադար նայում նրանց ու մի բան հասկացա. ինչ լավ է մնալ երեխա:

Եկեք բոլորս մի պահ մեզ պատկերացնենք երեխա, երբ ոչինչ չէինք հասկանում, երբ այնքան պարզ ու մաքուր էինք, ինչպես այն ձյունը, որով խաղում էին այդ երեխաները: Մենք մեր արտաքին տեսքով չենք կարող մնալ երեխա, բայց որ ուզենանք, յուրաքանչյուրս հոգով կդառնանք, ու այդ ժամանակ, որ տարիքում էլ լինենք, ամեն ինչ շատ հետաքրքիր կանցնի: Մենք կսովորենք ապրել` հրճվելով կյանքի ամեն պահով:

Սիմոն պապը

Հարցազրույց եռակցող Սիմոն Ասատրյանի հետ:

 -Որտե՞ղ ես ծնվել, Սիմոն պապիկ:

-Թոռնիկներ ջան, ես ծնվել եմ Կարմիրգյուղում:

-Որտե՞ղ ես սովորել:

-Տղերք ջան, սովորել եմ Կարմիրգյուղի միջնակարգ դպրոցում մինչև 8-րդ դասարան, այնուհետև աշխատել եմ Երևանի Կիրովի գործարանում որպես եռակցող` «սվարչիկ»:    -Սիրո՞ւմ ես քո մասնագիտությունը:

-Հա, շատ, եթե չսիրես մասնագիտությունդ, չես կարող աշխատել:

-Իսկ բացի քո մասնագիտությունից ուրիշ ինչո՞վ ես զբաղվել:

-Երեխա ժամանակս եղել եմ հովիվ, տարիներ հետո Ռուսատանում աշխատել եմ կոշկակար:

-Իսկ քո մասնագիտության ընտրությունը կապ ունե՞ր ծնողներիդ մասնագիտության հետ:

-Ո’չ, հայրս սովետական տարիներին եղել է գյուղապետ, դաշտավարական բրիգադիր, իսկ կյանքի վերջին տարիներին եղել է ջրաղացպան: Մայրս չի աշխատել, զբաղվել է տնային գործերով:

-Առաջվա համեմատ ի՞նչ է փոխվել գյուղում:

-Է~, բալես, շատ բաներ ա փոխվել. խաղային ակումբը վերանորոգվել ա, ու հիմա մեծերն ավելի շատ են այնտեղ խաղում նարդի, դոմինո, շախմատ և այլն: Մեծերի ժամանակը ավելի լավ է անցնում: Ճանապարհները ասֆալտապատել են, նոր եկեղեցի է կառուցվել, և մի շարք այլ լավ փոփոխություններ են կատարվել:

-իսկ քո մանկության տարիներին ինչո՞վ եք զբաղվել ազատ ժամանակ:

-Մենք մանկության տարիներին համարյա ժամանակ չունեինք խաղերի համար, իսկ երբ խաղում էինք, խաղում էինք «հիլուր փեդ», «ղայիշ»:

-Պա′պ, իսկ դու որտե՞ղես ծառայել:

-Տղերք ջան, ես չեմ ծառայել:

-Ինչո՞ւ:

-Քա՞նի որ եղբայրս կռվի տարիներին գնացել է ու հետ չի եկել, ինձ ազատեցին ծառայությունից:

-Իսկ դու որտե՞ղ ես աշխատել:

-Աշխատել եմ «Սելխոզտեխնիկայում» որպես եռակցող` 50 տարի:

-Ի՞նչ էր «Սելխոզտեխնիկան»:

-«Սելխոզտեխնիկան» գյուղատնտեսական հիմնարկ է եղել, այնտեղ համարյա ամեն գործ արել եմ, ինչը կապված էր զոդողի մասնագիտության հետ:

-Պապիկ, ընկերներ շա՞տ ես ունեցել: Եթե` այո, պահպանե՞լ եք այդ ընկերությունը:

-Է, տղերք ջան շատ-շատ ընկերներ եմ ունեցել, բայց շատ քչերն են մնացել: Ոմանք մահացել են, ոմանք էլ գյուղում չեն:

-Սիմոն պապ, քո կյանքում ի՞նչն ես համարում ամենակարևոր ձեռքբերումը:

-Ընտանիքս` կինս, երկու աղջիկներս և տղաս:

lilit harutyunyan lchshen

Շարունակելով Անիին

Այսօր սովորականի պես մտա «17.am», որ կարդամ նոր նյութերը և հանկարծ տեսա Անի Շահբազյանի նյութը` «Իչայի գերիները» վերնագրով (եթե չեք կարդացել, ապա անպայման կարդացեք): Ւնձ շատ հետաքրքրեց այն, սկսեցի կարդալ և հասկացա, որ ինձ նման մեկն էլ կա, ով մեղմ ասած, այնքան էլ չի սիրում սերիալներ դիտել…

Ինչ վերաբերում է «Իչայի գերիներ»-ին, տան անդամներից կան, ովքեր դիտում են սերիալը, դասընկերներս՝ նույնպես, իսկ ես ստիպված լսում եմ նրանց քննարկումները: Չեք պատկերացնի, թե ինչ դժվար է լսել ամբողջ օրը, թե Տապուն ինչ չար է, նախանձ, կամ Իչան մեղք է, և այլն: Փորձենք մի պահ մտածել, թե ինչպես կարելի է դիտել մի սերիալ, որն ունի 1549 սերիա, որոնցից ամեն մեկը մեկուկես ժամ է տևում, այն էլ՝ մինչև 2020 թվականը: Ես չեմ ուզում պատկերացնել, որ մինչև 2020 թվականը պիտի լսեմ նմանատիպ քննարկումներ սերիալի վերաբերյալ, ու հետո ինձ ամենևին դուր չի գալիս, որ սերիալը անվանում են ֆիլմ: Ես կարծում եմ, որ սերիալի ու ֆիլմի միջև շատ մեծ անդունդ կա:

artur badoyan

Ֆակուլտատիվի առաջին օրը

Դասարանում նստած թեմատիկ գրավոր էինք գրում և հանկարծ ներս մտավ մեր ֆիզիկայի ուսուցիչ ընկեր Հովսեփյանը: Նա առաջ եկավ և հայտարարեց, որ այսօր լինելու է ֆակուլտատիվ:

Բացատրեց, թե ինչ ենք անելու, նաև ասաց, որ մասնակցելու են դպրոցի միայն լավագույն աշակերտները, քանի որ պայմաններ չկան շատ աշակերտների ընդունելու: Գրպանից հանեց մի թուղթ և կարդաց մասնակիցների անունները: Այդ ցուցակում կար նաև իմ անունը: Վերջում, երբ արդեն պետք է գնար, ասաց, որ դասերից հետո գնանք ուսուցչանոցի մոտ և սպասենք իրեն:

Դասերը ավարտելուն պես եկավ ընկեր Հովսեփյանը, և մենք գնացինք մեր լաբորատորիա, որտեղ ես առաջին անգամ էի լինում:

Մենք պետք է պատրաստեինք մի սարք, որը քամուց էլեկտրական էներգիա ստանար և փոխանցեր մարտկոցին: Եվ այս սարքով էլ ներկայանալու էինք մրցույթին, բայց անունը դեռ չէինք որոշել: Մրցույթի ժամանակ պետք է հայտարարվեր հաղթողի անունը: Մեզ համար ամենակարևորն այն էր, որ աշխատում էինք միասին և ժամանակը շատ հետաքրքիր էր անցնում:

Սարքի վրա աշխատելով մենք ձեռք բերեցինք մեծ, և ես հիմա ցանկանում եմ շարունակել այս աշխատանքը, իմ խումբն ունենալ և նոր սարքեր հնարել:

Աշխատանքը կիսով չափ պատրաստելուց հետո ընկեր Հովսեփյանն ասաց.

-Լավ, երեխաներ, ավարտեք: Վաղը կշարունակեք:

Մենք սարքը դրեցինք պահարանում, հավաքեցինք բոլոր գործիքները, փակեցինք դուռը և մեծ տպավորություններով ու հետագա աշխատանքը քննարկելով գնացինք տուն:

Լաբորատորիա դեռևս մեկ անգամ ենք գնացել, բայց աշխատանքները շարունակական բնույթ են կրելու: Հաջողություն կհամարեմ՝ արևային հովացուցիչ, տիեզերք ինֆորմացիա ուղարկող սարք, էլեկտրատաքացուցիչ, հողմաղաց, մանրադիտակ և այլ սարքեր ստեղծելու և վերջնական արդյունքի հասցնելու հանգամանքը:

Իսկ մրցույթի օրը դեռ հստակ որոշված չէ, բայց արդեն պարզ է, որ մրցույթին ներկայացնելու ենք մեր սարքերը, այլ կերպ ասած, «գյուտերը»: