Իմ գյուղը խորագրի արխիվներ

Գյունեից Արեգունի՝ մեկ քայլ

Լուսանկարը` Ժորա Պետրոսյանի

Լուսանկարը` Ժորա Պետրոսյանի

Արեգունին Գեղարքունիքի մարզի Վարդենիսի տարածաշրջանի գյուղերից է։ Այն տեղացիների շրջանում ավելի հայտնի է Գյունե անունով։  Գյուղը գտնվում է Հայաստանի ջրային զարկերակը համարվող լճի՝ կապուտաչյա Սևանի ափին։ Արեգունին շրջապատված է Գեղամա լեռներով,  այդ պատճառով ունի հարուստ և շքեղ բուսականություն։  Տեղաբնիկների ապրուստ ստեղծելու հիմնական միջոցներն են՝ հողագործությունը, ձկնորսությունը և անասնապահությունը։

Լուսանկարը` Ժորա Պետրոսյանի

Լուսանկարը` Ժորա Պետրոսյանի

Ֆինանսական նեղ պայմանները չեն կարողացել պղծել գյուղացիների ամսահման բարի և մեծ սրտերը։  Ապրելով այս գյուղում, ամեն առավոտ կարող ես տեսնել Սևանա լիճը իր ողջ հմայքով։ Նկարների միջոցով փորձել եմ ներկայացնել Արեգունի գյուղը և տեղաբնիկների առօրյան։ Նկարներում կարող ենք տեսնել նաև գյուղի փոստատան շենքը՝ քանդված և խարխուլ։

Լուսանկարը` Ժորա Պետրոսյանի

Լուսանկարը` Ժորա Պետրոսյանի

Լուսանկարը` Ժորա Պետրոսյանի

Լուսանկարը` Ժորա Պետրոսյանի

Լուսանկարը` Ժորա Պետրոսյանի

Լուսանկարը` Ժորա Պետրոսյանի

Astghik Avetisyan

Տես` հըմի ինչըխ կըգմբըռդա

Մեր մարզի ծայրամասային գյուղերում, խստաշունչ ձմռանից հետո (որը տևում է նույնիսկ  6 ամիս), մայիսը կարծես թարմ շունչ հաղորդող, ու գարուն բերող ամիս լինի։

Սակայն այս տարի համեմատաբար ավելի շուտ վերջացավ ձմեռը, և մայիսն էլ սկսվեց անձրևոտ եղանակներով։

Գյուղում հիմա ուժգին ամպրոպ է։ Այնքան եմ տարվել պարապմունքներով, որ, եթե երկինքը չլուսավորվեր շանթի բոցերով, և չլսվեր անձրևի խշշոցը՝ չէի  մտածի, որ դրսում անձրև է գալիս։ Կայծակը լուսավորեց երկինքը, և երբ մտածեցի, որ դրան հաջորդելու է ուժգին գոռգոռոցը՝ ակամայից հիշեցի մանկությունիցս մի դեպք, որը  մեծ ուրախությամբ կպատմեմ։

Երբ փոքր էի՝ հազիվ 4 կամ 5 տարեկան, ամպրոպից  շատ էի վախենում։ Այն ժամանակ ապրում էինք հորական պապիկիս տանը, որտեղ հիմա  հորեղբայրս է ապրում։

Ճռճռացող  թախտ, կլոր սեղան ու մի քանի իր մի մեծ ճաշասենյակում, որոնք չէին թողնում  կարծել, թե այստեղ  ոչ մի մարդ չկա։

Մեծ քույրիկիս հետ տեղավորվում էի թախտի մի անկյունում  ու սկսում աղոթել, որ ամպրոպը վերջանա։ Եվ աղոթքն էլ ուներ մոտավորապես այս  բովանդակությունը.

«Կայծակ չզարկես, չզարկես խնդրում եմ…»։ ՈՒ երբ երկինքը լուսավորվում էր, քույրս միանգամից մեջ էր ընկնում ու ասում.

-Տես` հըմի ինչըխ կըգմբըռդա։

Երբ սկսում էր ուժեղ գոռգոռալ՝ լաց էի լինում, արդեն ոչ այնքան վախից, այլ ուզում էի հասկանալ, թե քույրս ոնց է գուշակություններ անում, որ ես չեմ կարողանում անել։

Շատ մտածելուց հետո, երբ հարցիս պատասխանը չէի կարողանում գտնել, հարցնում էի.

-Քուրիկ , բա դու ինչխ գիմանաս ե՞փ բըդի  գըմբըռդա։

Քույրս նայում էր վրաս, թեթև ժպտում և ոչինչ չէր ասում։

nane tsaturyan

Ո՞վ ա տեսած էս ամսին սըհե ցուրտ

Արդեն գարնան վերջին ամիսն է ավարտին մոտենում՝ մայիսը, և մեր գյուղացիների համար տարօրինակ է, որ այսպիսի վատ եղանակ է՝ անձրև, ամպրոպ, կարկուտ… Նրանք բողոքում են եղանակից.

-Լա գարհետակին, էս ի՞նչ խաբար ա:

-Տենը՞մ ես, էս ինչ ա անում…

-Մենք էլ պեչկը արդեն դուս ենք քցել:

-Չէ, մերը հրեն նայի` վառվըմ ա:

-Ո՞վ ա տեսած էս ամսին սըհե ցուրտ անե:

-Սաղ բաղչեն ցուրտը տարել ա:

Իսկ Ղուշիկ տատը (հիշո՞ւմ եք նրան) «համոզում» էր անձրևին, որ էլ չգա մեր գյուղի վրա:

- Ջանիդ ղուրբան, ստեն գնա, գնա Բաղանիսի, Ոսկեպարի վրին արի, դու ստի էլ գալ մի:

Գետահովիտ` աշխարհի հրաշալիքներից ամենագեղեցիկը

Լուսանկարը՝ Արփինե Վերանյանի

Լուսանկարը՝ Արփինե Վերանյանի

Իմ գյուղը Գետահովիտն է (նախկինում այն կոչվել է Թալա), որը գտնվում է Տավուշի մարզում: Այն դրախտավայր է՝ շրջապատված սաղարթախիտ անտառներով ու լեռներով: Հպարտ եմ, որ ծնվել ու մեծացել եմ այստեղ: Եթե այստեղ չապրեի, գուցե գյուղի անունն անգամ լսած չլինեի, բայց այժմ ես ինձ երջանիկ եմ համարում, որ հենց այս գյուղի բնակիչ եմ:

Լուսանկարը՝ Մարիամ Այդինյանի

Լուսանկարը՝ Մարիամ Այդինյանի

Իմ գյուղը գեղեցիկ է տարվա բոլոր եղանակներին. ամեն եղանակի նա յուրովի է գեղեցկանում: Սիրում եմ գյուղիս ամեն մի անկյունը, ամեն ծառ ու թուփ: Ամեն անկյունում կա ինչ-որ բան, որ ինձ իմ մանկությունն է հիշեցնում, և ես մտովի վերադառնում եմ մանկություն, երբ աշխարհը դրախտ էր թվում, իսկ մարդիկ՝ հեքիաթի հերոսներ: Սիրում ու անսահման հարգում եմ համագյուղացիներիս, որոնք ինձ համար օրինակ են եղել և կլինեն ամբողջ կյանքում: Ինձ համար չկա աշխարհում մեկ այլ վայր, որն այդքան հարազատ ու սիրելի լինի, որքան իմ գյուղը՝ Գետահովիտը:

Իմ գյուղն աշխարհի հրաշալիքներից ամենագեղեցիկն է ինձ համար:

Գյուղամեջ

Լուսանկարը՝ Տիգրան Մամյանի

Լուսանկարը՝ Տիգրան Մամյանի

Գարնանային արևոտ օր էր: Ես որոշեցի մի փոքր մարզումներիցս զատ վազել։ Ստացվեց այնպես, որ ճանապարհս անցնում էր գյուղամիջով։

Տաք եղանակը նպաստել էր նրան, որ գյուղի հոգսերից թեթևանալ ցանկացող գյուղի մեծահասակները հավաքվել էին իրենց համար հատկացված հավաքատեղիում, այսպես կոչվող կանգառում: Զրուցում էին տարբեր թեմաներից. քաղաքական հարցերից մինչև գյուղատնեսական խնդիրներ, լրատվական ծրագրերից մինչև համացանցային նորություններ և այլ հարցեր: Ոմանք էլ թղթախաղ էին խաղում, իսկ ամենատարեցները ոգևորությամբ հիշում էին հին ու լավ օրերը։

Այդ պահին շատ ուրախացա նրանց ակտիվությունից, բայց միևնույն պահին խոր ցավ ապրեցի` տեսնելով անբարենպաստ պայմանները, որտեղ հավաքվել էին նրանք։ Չնայած ես դուրս էի եկել վազելու մտադրությամբ, սակայն այդ ամենը ինձ այնքան հետաքրքրեց, որ որոշեցի մոտենալ նրանց և լսել նրանց զրույցը։

Մոտեցա, բարևեցի և լուռ նստեցի նրանց կողքին:

Այս անգամ հավաքատեղիում հյուր էին ընդունել: Ես առաջին անգամ էի տեսնում այդ տարեց մարդուն, բայց մի փոքր ժամանակ անց պարզեցի, որ հարևան գյուղից էր` Բարեկամավանից:

Լուսանկարը՝ Տիգրան Մամյանի

Լուսանկարը՝ Տիգրան Մամյանի

Ինչպես արդեն ասել էի, նրանց զրույցները բազմազան են: Այս անգամ խոսակցության թեման մեր գյուղի Կոթի անվան մասին էր: Թե ինչու են գյուղը կոչել Կոթի, պատմում էր մեր գյուղացի Բագրատը։

-Անվանումը ստացել ա դեռ հին ժամանակներից: Ասըմ են, թե մարդիկ ըստի կետնափոր տներըմ են ապրելիս ելել, հետո կրակն էլ տան կես տեղն են վառելիս ըլմ, որ տըքանան, բայց դե ծոխը դուս գալու տեղ չի ունեցել: Հետո տեհել են, որ փուչ ծառեր կա, ծառերի էդ կոթը դրել են տնակների ծխնելույզի տեղը, որ ծուխը լավ քաշե: Տենց էլ անվանում ա ստացել` Կոթի:

Հետո սկսեցին բանավիճել, չհամաձայնել, ամեն մեկն իր տարբերակն էր առաջ քաշում:

Մեր գյուղի «շուլուղչի» (կատակասեր) Սուրենն էլ էր հավաքատեղիում: Նրա հումորները անսպառ են, այս անգամ էլ պատմում էր մի պատմություն։

-Մեր էս Սիմոնը րիգունը լավ խմած գնըմ ա, որ հըվանոցի դուռը փագե, փագըմ ա, դու մի ասա, աղվեսն էլ մըջին ա ըլըմ, նկատըմ չի: Ետա տենց դուռ փագըմ ա, աղվեսը սաղ քշեր քեֆ ա անըմ: Ռավոդ արդեն օյաղ գնամ ա, որ հավերին դուս անե, աղվեսը կերած-խմած դուս ա թռչըմ: Ենա վազ ա տալի` հրացան բերե, որ սպանե, մի հատ կրակըմ ա, տալի հավերի ջրամանը տրքացնըմ: Երկրորդն էլ, որ կրակըմ ա, աղվեսի փորին տալիս ա, բլբուլնին սաղ օդն ա բրձրանըմ: Տենց հավերը սաղ վարի ա գնըմ:

Լուսանկարը՝ Տիգրան Մամյանի

Լուսանկարը՝ Տիգրան Մամյանի

Էն մեր հարևան գյուղացին էլ պատմությունը լսելով կատակով ասում էր.

-Մենք հավին մորթըմ ենք էն վախտ, երբ կամ հավն ա հիվանդ ըլըմ, կամ էլ մենք ենք հիվանդ ըլըմ։

Նստելով նրանց կողքին, լսելով նրանց ուրախ պատմությունները, բայց միաժամանակ տեսնելով անբարենպաստ պայմանները, որտեղ անց են կացնում իրեն ազատ ժամանակը,շատ տխրեցի: Հավաքատեղին լուրջ վերանորոգման կարիք ունի։ Ես շատ կցանկանայի, որ վերանորոգվեր, բարեկարգվեր, նոր ու գեղեցիկ նստարաններ դրվեին: Գյուղի մեծերը զբաղմունք չունեն, եթե գոնե մի փոքրիկ ու հարմարավետ սենյակ լիներ, ցուրտ օրերին էլ կարող էին իրար տեսնել, զրուցել, ժամանակ անցկացնել: Իսկ հիմա միայն հանդիպում են տաք եղանակին։

Ի՞նչ եք կարծում, արժանի չե՞ն սահմանում ապրող մարդիկ այդ չնչին թվացող օգնությանը։

marine ghahramanyan portert

Իմ սահմանապահ գյուղը` Ներքին Կարմիրաղբյուր

Իմ հայրենի գյուղը, որտեղ ապրում եմ ես, գտնվում է Տավուշ գետի ձախ ափին: Գյուղը երիտասարդ է: Ամենահին տունը ունի ընդամենը 100 տարվա պատմություն:

Բայց ես նախնիներից լսել եմ, որ գյուղը մի քանի 100 տարվա պատմություն ունի: Իսկ թե որտեղից են եկել մեր նախնիները,  հարցրեցի պապիկիս: Պարզվում է, որ մեր  գյուղը 1860 թվականին եղել է Տավուշ գետի աջ ափին և կոչվել է Վարդաշեն: Մինչ այժմ այնտեղ երևում են եկեղեցու մասունքները: Այնտեղ տարածված է եղել մալարիա հիվանդություն, և գյուղացիք ստիպված են եղել փոխել բնակավայրը:
Գյուղը բաժանվել է երկու մասի: Դրանք եղել են երկու նախապապի ժառանգներ: Մի մասը տեղափոխվել է Նաֆլար. 20 տարի մնալուց հետո բարձրացել են այժմյան Վերին Կարմիրաղբյուր գյուղը: Իսկ մյուս մասը տեղափոխվել են մի հովիտ, որտեղ եղել է երկու վիթխարի չինարի ծառ և սառնորակ աղբյուրներ, որտեղ էլ հիմնվել է մեր գյուղը, որը ստացել է  այժմյան Ներքին Կարմիրաղբյուր անվանումը: Քանի որ մյուս գյուղը բարձրադիր է, կոչվել է Վերին Կարմիրաղբյուր: Հետագայում գյուղն սկսել է մեծանալ, զարգացում ապրել:
Հաճախակի են երկու գյուղի բնակիչները միմյանց հետ շփվում: Միասին նշել են գյուղերի ստեղծման տարեդարձը: Այժմ գյուղը 165 տարեկան է: Ներքին Կարմիրաղբյուրը կոչվում է սահմանապահ, քանի որ սահմանակից ենք Ադրբեջանին:

Ես ծնվել եմ այս հետաքրքիր անցյալ ունեցող գյուղում, որը շատ եմ սիրում: Ահա փորձեցի ներկայացնել այն գյուղը, որտեղ ապրում են սահմանին ապրող երեք եղբայրներն իրենց բազմազավակ ընտանիքներով, որոնց մասին գրել էի, և հավանաբար հիշում եք, որ նրանք իմ հորեղբայրներն ու հայրիկս են:

nver avagyan potret

Բաղանիսն իմ գյուղն է

Իմ հայրենի գյուղը սահմանապահ Բաղանիսն է:  Գյուղս ունի ավելի քան հազար տարվա պատմություն: Բաղանիս անվան ծագման վերաբերյալ կան երկու հիմնական վարկած: Ըստ առաջին վարկածի, մեր գյուղի տարածքում դարեր առաջ սփռված են եղել շատ այգիներ: Այգին մեր բարբառով բաղն է: Այնպես այգենիստը վարափոխվում է ու դառնում Բաղանիսի: Երկրորդ վարկածն ասում է, որ մեր գյուղով անցնող համանուն գետում ժողովուրդը հաճախ է լողացել կամ բաղնիք է ընդունել: Այդ բառից էլ ծագել է մեր գյուղի  անունը:

Մեր գյուղում տեսարժան վայրերը շատ են, սակայն Հարսնաքար  սարը թերևս ամենագեղեցիկն է: Սարը նույնպես ունի իր պատմությունը: Անունը կապված է պատմության հետ, որը տեղի է ունեցել Հայաստանում թաթար-մոնղոլական գերիշխանության ժամանակ: Մի ավանդական հայկական հարսանիքի ժամանակ թաթար ավազակները փորձել են փախցնել հարսին: Աղջիկը  չէր կարող անձնատուր լինել, և փախչելով  բարձրացել է լեռան բարձր ժայռերը: Չունենալով փախուստի ճանապարհ՝ աղջիկը իրեն նետել է քարից և մահացել՝ գյուղին թողնելով պատմություն, սարին` անուն:

Սահմանամերձ գյուղերում ապրող բնակիչները միշտ ապրում են թշնամու կրակոցների տակ: Բաղանիս գյուղը նույնպես այդ ամենի ականատեսն է: Կրակոցների հետևանքով զոհվում են գյուղացիներ, ավերվում են տներ: Գյուղի դպրոցականները ու ուսուցիչները հաճախ դպրոց չեն գնում կրակոցների պատճառով:

Մի օր մենք տանը նստած ճաշում էինք և հանկարծ լսեցինք կրակոցներ: Գնալով այդ կրակոցները ավելի էին շատանում ու շարունակվում, ձայները ավելի բարձր էին լսվում: Մենք լսում էինք տների պատուհանների ջարդվելու, ծառերի ճյուղերի պոկվելու և գյուղացիների ձայները: Հանկարծ մի բարձր ձայն լսեցինք, որը շատ մոտ էր մեր տանը: Ես շատ վախեցա, մտածեցի` հաստատ մեր  տանը խփեցին: Եվ իսկապես, փամփուշտները մեր տանն էին դիպչել:

Վաղ առավոտյան ես արթնացա, հագնվեցի և դուրս վազեցի: Մեր տան մոտ գտա մի փամփուշտ ու ցույց տվեցի հայրիկիս: Հայրիկս շատ բարկացավ: Ես այդ փամփուշտները պահեցի:  Հիմա էլ հավաքում եմ բոլոր իմ գտած փամփուշտները՝ ամեն օր համալրելով իմ հավաքածուն: Ես արդեն հարմարվել եմ այդ ամենին և  էլ չեմ վախենում:

Ծիծեռնակները վերադարձել են

Լուսանկարը՝ Դավիթ Չիլինգարյանի

Լուսանկարը՝ Դավիթ Չիլինգարյանի

Ահա նորից գարուն է: Ինչպես գիտենք, գարնան ավետաբեր թռչուններից են նաև ծիծեռնակները, որոնք իրենց բույնը հյուսում են մարդկանց տան վրա: Մեր տան վրա նույնպես ծիծեռնակները բույն են հյուսում: 

Ծիծեռնակները իմ ընկերներն են: Արդեն քանի տարի է, ինչ ծիծեռնակները իրենց բույնը հյուսում են այդտեղ: Նրանք ամեն գարուն պարտաճանաչ գալիս են մեզ հյուր: Դե, այս տարի մի քիչ ուշացան, բայց ես վստահ էի, որ նրանք կգան: Այսօր էլ արթնացա նրանց ձայնից: Վազեցի դուրս և տեսա նրանց: Նրանք այս կողմ այն կողմ էին թռչում: Իրենց բույնն էին վերանորոգում: Անցած տարի էլ եկան: Փոքրիկ ձագուկներ ունեցան: Ես ամեն օր հետևում էի նրանց: Հայր և մայր ծիծեռնակները դուրս էին գալիս բնից և ձագուկներին թողնում մենակ: Ձագուկները սպասում էին, և երբ հայրը կամ մայրը վերադառնում էին, նրանք սկսում էին «ծվծվալ»: Հետո ծնողը տալիս էր իր կտուցի ուտելիքը ինչ-որ մեկին և կրկին հեռանում սնունդ բերելու: Եվ այդպես ամեն օր… Հետո նրանք թռչել սովորեցին: Այլևս չէին տեղավորվում բնի մեջ: Եվ մի օր էլ ես արթնացա և տեսա, որ նրանք արդեն հեռացել են: Մի փոքր տխրեցի… Բայց հաստատ գիտեի… էլի կվերադառնան….

Եվ հիմա նրանք նորից վերադարձել են…