Milena sedrakyan

Նոր տարի՞ է, հա՞ որ…

Վե՛րջ, հա՞:

2016-ն էլ վերջացավ, ախր, ինչպե՞ս, է՞: Երբ ինձ ասում էին՝ կյանքն արագ է անցնում, չէի հավատում, իսկ հիմա, աչքս էլ չեմ հասցնում թարթել, ու մթնում է:

Չգիտեմ՝ դուք ինչպես, բայց այս տարի ես այդքան էլ անհամբեր չեմ սպասում Ամանորին: Նախորդ տարիներին հյուրասենյակում նստած՝ անհամբեր սպասում էի, թե երբ պիտի զարկի տասներկուսը, որ գրկեմ ու շնորհավորեմ ընտանիքիս անդամներին ու բարձր երաժշտության տակ խենթություններ անեմ: Իսկ այս տարի ծրագրերս մի փոքր այլ են. շնորհավորել հարազատներիս, վերցնել նվերներս և ուղիղ քնելու:

Հա՛, նվեր ասացի, հիշեցի: Մեր ընտանիքում մի գեղեցիկ ավանդույթ կա. հավատում ես Ձմեռ պապիկին՝ կստանաս նվեր, չես հավատում ՝ չես ստանա: Դրա համար ես շարունակում եմ նամակ գրել ու սպասել… Մի խոսքով, ծնողներս այդպես են անում, որ մենք չդադարենք երազել ու հավատալ:

Չեմ սիրում, երբ Ամանորին այդքան համբուրում և շնորհավորում են ինձ այն մարդիկ, որոնց առաջին անգամ հենց այդ պահին եմ տեսնում: Զարմանալիորեն նրանք ինձ շատ լավ են ճանաչում: Ու մի հարց է ինձ տանջում՝ ինչո՞ւ է այս՝ ուտելիքով լեցուն օրերին, ախորժակս փակվում, ինչո՞ւ:

Լավ, լա՛վ շատ բողոքեցի… Իրականում՝ Նոր տարվա հենց օրերին` հունվարի 6-ին ամենակարևոր տոնն է մարդկության համար` Հիսուս Քրիստոսի ծննդյան տարեդարձը, և մենք պիտի ուրախ լինենք և շնորհակալ, որ մի տարի էլ ապրեցինք և գոհունակ սրտով մտնենք 2017` մեր տխրություններն ու խնդիրները թողնելով հին տարվա մեջ, բացենք մի նոր էջ՝ հավատարիմ մնալով մեր երազանքներին:

elen gevorgyan

Փախուստ դպրոցից

Հինգշաբթի էր, դասարանի բոլոր երեխաներով որոշել էինք դասարանը զարդարել, ձյունն էլ եկել էր, և մեզ ավելի ոգևորել: Տոնական տրամադրություն կար առաջին իսկ ժամից: Այդ ժամը մեզ մոտ ֆիզկուլտուրայի դասն էր, իսկ մեր տրամադրությունն այնքան բարձր էր, որ թույլտվություն խնդրեցինք մեր ուսուցչից, որպեսզի զարդարենք մեր դասարանը: Սկսեցինք, և ամեն բան շատ լավ էր ստացվում, ամեն մեկս մեր գործը գիտեինք և, երգելով, ծիծաղելով զարդարեցինք, արագ վերջացրեցինք: Շատ գեղեցիկ էր ստացվել:

Արդեն երկրորդ դասաժամն էր, բոլոր ուսուցիչները ասում էին, որ շատ գեղեցիկ է ստացվել, և մեր ուրախությունը կրկնապատկվում էր: Դասամիջոցին բոլորս հավաքվել էինք պատուհանի մոտ և որոշեցինք դուրս գալ բակ, մի փոքր խաղալ, բայց արգելեցին:

Անցավ ևս երեք ժամ, բայց մենք անհամբեր սպասում էինք դասերի վերջանալուն: Ուզում էինք խաղալ, հինգերորդ ժամին որոշեցինք անպայման դուրս գալ և խաղալ: Երբ զանգը հնչեց, բոլորս ներքև վազեցինք: Բախտներս բերեց, որ պահակը մի կողմ էր կանգնել: Արագ վազեցինք դուրս` ազատություն: Գնացել էինք դպրոցի ետևամաս և խաղում էինք, այնքան էինք տարվել խաղով, որ ժամանակի մասին մոռացել էինք: Զանգը հնչել էր, իսկ մենք դեռ խաղում էինք: Երբ վերադարձանք դասարան, իմացանք, որ մեր դասից ուշանալը համարել էին «փախուստ դասից» և զանգահարել մեր ծնողներն, որպեսզի մեզ գտնեն: Մենք շատ արագ զանգեցինք մեր ծնողներին, որ ասենք՝ դպրոցում ենք:

Խառնաշփոթ էր տիրում մեր դասարանում: Ախր, մենք դուրս էինք եկել՝ խաղալու, իսկ մեր խաղը կոչվեց՝ «փախուստ դասից»:

Հիանալի օր էր: Չնայած նրան, որ մի փոքր բարկացան, բայց մեզ համար այդ օրը տարվա ամենաուրախ օրերից մեկն էր:

anush hovhannisyan

Շնորհակալ եմ, «Մանանա»

-Ո՜ւֆ, Ան, ես չեմ հասկանում, թե ինչ ես գտել այդ լրագրության մեջ: «Մանանա»-ն էլ քեզ լրիվ շեղեց: Երբ հարցնում ենք` կամ լուսանկարչության ես, կամ նյութ ես գրում, ինչ էլ հավես ունես: Այդքան մասնագիտություններից ինչ ընտրեցիր…

Վերջերս այս նախադասությունը լսում եմ ամենահաճախը:

Նախ սկսեմ «Մանանա» կենտրոնից: Հավատացեք, եթե չլիներ այն իմ կյանքում, միգուցե ես հիմա ինչ-որ անհետաքրքիր դասախոսություն էի լսում, որի մեջ կփորձեի գոնե մի փոքր իմաստ գտնել, ինչը համոզված եմ, որ չէր ստացվի: Իսկ հիմա ես սկսել եմ ամեն ինչում իմաստ տեսնել, և այդ ամենը լուսանկարել, հետո գրել նյութ, որպեսզի բոլորը տեսնեն և իմանան այն ամենի մասին, ինչը որ ես տեսել և մտածել եմ:

Մինչ «17.am»-ին թղթակցելը, լուսանկարչությամբ այդքան էլ հետաքրքրված չէի, իսկ հիմա մասնակցում եմ լուսանկարչական մրցույթների: Վերջերս մտերիմ ընկերս ինձ ուղարկեց մի մրցույթի մասին տեղեկություն: Որոշեցի մասնակցել: Այն կազմակերպված էր «Սևազգեստ կանայք, Հայաստան» կազմակերպության կողմից և վերնագրված էր՝ «Վերամիավորելով խաղաղությունը»: Պետք է ներկայացնեինք կնոջ դերը խաղաղության կառուցման գործում: Մասնակցեցի «17.am»-ի հետ ունեցած ֆոտոարշավներից մեկի ժամանակ արված լուսանկարով: Լուսանկարս ընտրվեց, և ի ուրախություն ինձ, հասավ եզրափակիչ փուլ: Նկարս մասնակցեց կազմակերպված ցուցահանդեսին, որը ինձ համար անսահման մեծ ուրախության առիթ էր և առաջին քայլ:

Երբ դպորցում իմացան իմ այս հաջողության մասին, առաջարկեցին սեմինար անցկացնել լուսանկարչության մասին: Պատկերացնո՞ւմ եք իմ ուրախության չափը, փաստորեն ես արդեն կարող եմ իմ գիտելիքներով կիսվել հասակակիցներիս հետ:

Եվ այս ամենի համար ես միայն շնորհակալ եմ իմ «Մանանա»-յին, հպարտ եմ, որ այս մեծ ընտանիքի մի անդամն եմ:

Anna Andreasyan

Ձյան հետ թարմացող հիշողություններ

Նորից եկավ ձմեռը՝ իր հետ բերելով մի շատ ուրախալի երևույթ՝ ձյունը: Եվ ես ամեն ձմեռ, սկսած դեկտեմբերից մինչև փետրվար, ամեն օր երազում եմ, թե երբ է ձյուն գալու: Միշտ նախանձել եմ այն տարածաշրջաններում ապրող մարդկանց, որտեղ ձյունը շատ առատ է լինում: Սիրում եմ խոշոր փաթիլներով, արագ տեղացող ու ամենակարևորը՝ գետնին հասնելուն պես չհալչող ու կպնող ձյունը: Էլ ավելի եմ սիրում, երբ այն գալիս է գիշերային լույսերի ներքո:

Միշտ զարմացել եմ այն մարդկանց վրա, որոնց համար միևնույն է ձյուն կգա, թե՝ ոչ: Այն մի տեակ լավ տրամադրություն է հաղորդում, հիշեցնում, որ շուտով Ամանոր է: Նոր տարին առանց ձյան կորցնում է իր փայլը: Ասում են. «Հո երեխա չե՞ս, որ այդքան շատ ես սիրում ձյունը»: Բայց ի՞նչ կապ ունի մեկը մյուսի հետ: Հետո էլ յուրաքանչյուրս էլ անկախ տարիքից, պետք է մի քիչ էլ երեխա լինենք:

Տատս միշտ «վիճում է» ձյան հետ ու ասում, որ չգա: Իսկ ես հակառակը՝ համոզում եմ, որ գա: Բայց նա, երևի, ոչ ոքի էլ չի լսում, երբ սիրտն ուզում է, այն ժամանակ էլ գալիս է: Եվ նրա գալուստը ես ամեն տարի նույն հրճվանքով եմ դիմավորում:

Հիշում եմ, ոչ վաղ մանկության օրերին, որից դեռ լիովին չեմ անջատվել, ընկերներով մեզնից մի քանի անգամ մեծ ձնեմարդ էինք պատրաստում: Գնդերն այնքան ծանր էին լինում, որ մի քանի հոգով հազիվ էինք դնում իրար վրա: Թթվի տարրայից էլ մի գազար էինք թռցնում, որը քիթ էր ծառայում Ձմեռ պապին: Մի ավել, դույլ և մի քանի քար. ահա և պատրաստ է մեր ձնեմարդը: Մնում էր ձյունե պարիսպներ պատրաստել և ձնագնդիկ խաղալ: Ձնեմարդն էլ մրցավարն էր և անխոս վկան մեր՝ մանկական հրճվանքի այդ քաղցր ակնթարթի:

Վերջում էլ մայրիկների հորդորներով գնում էինք տուն` հաջորդ օրը խաղը շարունակելու պայմանով: Սկսվում էր մի տհաճ պահ: Քրտնած ու հոգնած էինք, իսկ ձեռքերս՝ սառած ու քարացած, վառարանից այն կողմ չէինք գնում:

Այսպես ամեն ձյան գալու հետ մեկտեղ, արթնանում են մանկության հիշողությունները և ստիպում ինձ ժպտալ:

sona mkhitaryan

Պարզ խնդիրներ լուծելը երազանք է դարձել

Ուզում եմ անդրադառնալ ինձ և շատերին հուզող մի քանի հարցերի: Կարծում եմ, որ բոլորն էլ քաջատեղյակ են գյուղական բնակչությունից, թե ինչքան վնաս կրեցին նրանք: Բայց ո՞ւմ է հիմա հետաքրքիր, թե ինչպես են գոյատևում այսօր գյուղացիները… Բնակչության մի մասը վարկերը սառեցրել են, մյուս մասը՝ զրկելով իրենց երեխաներին ինչ-ինչ բաներից, մի կերպ մարում են: Կան մարդիկ, ովքեր ունեն մեքենա, և տաքսի վարելով մի կերպ ապրում են: Մինչև գարուն ոչ ոք աշխատանք չի ունենա: Ամբողջ օրը տանը՝ հեռուստացույց, խաչբառ, ֆուտբոլ ու քնել:

Ամեն առավոտ, երբ դասի եմ գնում, տեսնում եմ մարդկանց, ովքեր տոպրակներով գնում են Երևան՝ աշխատանքի: Դե, հասկանալի է՝ շինարարության: Գոնե այդ հնարավորությունը կա, բայց բնակչության շատ քիչ հատվածն է աշխատում: Կբացվի գարունը, ու նորից կմտածեն, թե որտեղի՞ց պիտի սերմ գնեն, ի՞նչ գնով ու որոշեն, թե ո՞ր բանկից վարկ վերցնեն:

Երեխաներն էլ են նույն իրավիճակում: Խմբակները շատ քիչ են, որ հաճախեն: Ունենք մշակույթի տուն, որն անխնամ վիճակում է: Ունենք 3 խմբակ, որոնց հատկացված սենյակները մի կերպ է կարգի բերվել: Երեխաներն արդեն սովորել են փողոցի խաղերին, բայց պետք է նրաց մեջ նաև մտավորը զարգանա, որևէ ոլորտում իրենց գտնեն ու հենց փոքր տարիքից: Միգուցե տարիներ հետո այդ ոլորտում հասնեն մեծ հաջողությունների: Այ, տեսեք, քանդակագործության խմբակ բացվելու հույսեր կային, բայց հարմար սենյակ չլինելու պատճառով այդ թեման փակվեց:

Իհարկե այս հարցերը գրեթե բոլոր գյուղական համայնքներում կան, իսկ դրանց լուծումը կարծես երազանք է դարձել:

qristine epremyan

Կյանք` հանուն կյանքի

Ազգ, հայրենիք, պետություն։ Երեք վեհություն, առանց որի չկամ ես, չկաս և դու, չկա ոչ ոք։ Ու մինչ այսօր կա պայքար, կա կռիվ ու հաղթանակ, կա հերոսացում, որ վեհ մնանք, որ մնանք ազգ ու հայրենիք։ Սակայն պատերազմն արթուն է, խաղաղություն՝ չկա…

«Յուրահատուկ էր… Պիտի գար, որ լավ ապագա կառուցեր։ Խոստացել էր»,- լսվում է մի կնոջ լացակումած ձայն։

Ու բոլորն էին յուրահատուկ, բոլորն էին խոստացել։

Գարուն էր, ու էլի այն ապրիլը… Այն «յուրահատուկները», որ խոստացել էին գալ, մինչ այսօր չեն եկել։ Նրանք որոշեցին հավերժ մնալ սահմանին՝ դրժելով իրենց խոստումը։ Բայց սպասողները երևի երբեք էլ չդադարեն սպասել։

Պատերազմը, որ թվացյալ քնով էր անցել, նորից արթնացավ։ Մի փոքր ազգ էլի բռունցք դարձավ, որ շարունակի ապրել։ Ավա՜ղ… Տասնյակ կյանքեր արդեն մարել են, տասնյակ երազանքներ մնացել անկատար։

Քառօրյա պատերազմը, որն անվանում ենք նաև ապրիլյան պատերազմ, մինչ այսօր բոլորի աչքերում կարելի է վերապրել։ Շատերը կորցրին իրենց կյանքը՝ հերոսացան, իսկ մնացողները կորցրին կյանքի գույներն ու իմաստը։

Բայց առայժմ թողնեմ քառօրյա պատերազմը և խոսեմ 2014 թվականի հուլիս-օգոստոս ամիսների մասին։ Շատերը երևի չեն էլ հիշի, բայց էլի պատերազմ էր։ Տարին էր սկսվել թշնամու դավով։

Արմեն Հովհաննիսյան, Զորիկ Գևորգյան, Ազատ Ասոյան, Արարատ Խանոյան, Հովսեփ Կիրակոսյան, Սարգիս Մովսիսյան և շատ ուրիշներ իրենց կյանքի գնով անառիկ պահեցին մեր սահմանները։ Հիմա կուզեմ խոսել Սարգիս Մովսիսյանի մասին, առաձնացնելով նրան բոլորից, կպատմեմ այն, ինչ տեսա իմ աչքերով։ Բայց կարող եմ վստահ ասել, որ բոլորն էլ զգացել են այն, ինչ ես։

Երկու հազար տասնչորս թվական: Չարաբաստիկ ամառ: Իմ կյանքում առաջին անգամ ամառն այնքա˜ն մռայլ էր, այնքա˜ն ցավատանջ: Համատարած սուգ էր: Հանկարծահաս կրակոցներից զոհվել էին տղաները: Ինչ էր կատարվում: Կարծես երազ լիներ: Անհնար էր հավատալ, որ երեք-չորս օրում այդքան զինվորների կյանք մարեց: Ամեն ինչ թվում էր անիրական:

Այն, ինչ կատարվում էր հեռվում` սահմանում, հանկարծ մեր գյուղ հասավ, համակեց բոլորիս: Միթե Սարգիսն էլ: Ա˜խր, շատ ջահել էր, ա˜խր, նա միշտ ժպտում էր, ա˜խր, ծնողները հեռվում էին…

Ծանր օրեր եղան: Համագյուղացիներին պաշարել էին անցած տարիների ցավը: Թվում էր` խաղաղություն է, կյանքն ընթանում է սովորական հունով:

Ավա˜ղ, այդպես չէ: Չի քնում թշնամին երբեք: Գիտեին այդ մասին տղաները: Գիտեին, բայց չվախեցան, չվարանեցին:

Դպրոցական սեպտեմբերը տխուր էր: Բոլորը ափերը սեղմած աղոթում էին նահատակների հոգու հանգստության համար:

Ոչ ոք չէր ուզում հավատալ, որ նա այլևս չկա, էլ երբեք չի վերադառնալու այն տունը, որն ուզում էր շենացնել: Ցավը պատել էր բոլորին:

Այնքան էին պատմում, խոսում նրա մասին: Դեռ քանի˜ անկատար իղձեր ուներ, քանի˜ սպասող սրտեր, քանի˜ ասված ու չասված խոսքեր…

Սարգի°ս, տեղդ բաց է մնալու, մայրդ արցունքն աչքերին միշտ սպասելու է վերադարձիդ, հայրդ ցավով, բայց հպարտությամբ է ապրելու, ընկերներդ միշտ հիշելու են քեզ քո ժպիտով ու բարությամբ: Դու գնացիր անվերադարձ, անդառնալի է կորուստդ: Մխիթարող է մի բան միայն: Կյանքդ զոհեցիր հանուն կյանքի, հանուն երկրի: Գուցե հենց այդ է եղել վերջին միտքդ մարտի դաշտոմ, կռվի ժամանակ, և հենց դա է ստիպել քեզ կռվել մինչև վերջ, մինչև վերջին շունչդ: Իմացիր, քեզ սերունդներ են հիշելու, քանի դեռ հայ ազգն ապրում է, անմահ ես լինելու:

Հիմա Սարգիսի հիշատակին հուշարձան է կանգնեցվել դպրոցի բակում, որ որքան էլ սերունդները փոխվեն, նա մնա անմահ։ Եկողները ճանաչեն նրան և խոսեն ու պատմեն նրա մասին դարերով։ Եվ այսպես յուրաքանչյուրի ծննդավայրում կառուցել են հենց իր անմահության հուշարձանը։

2016-ն էլ կարծես ոչնչով չտարբերվեց 2014-ից, նույնիսկ գերազանցեց նրան։ Թշնամին ավելի վայրագորեն մտավ մեր հող, փորձեց պղծել այն իր ներկայությամբ, բայց փորձերն էլի ձախողվեցին։ Բայց չի լինում պատերազմ որտեղ չլինեն զոհեր, և ցավոք մենք էլի կորցրինք տասնյակ երիտասարդ կյանքեր։

Ու այսպես, դեռևս վաղ անցյալից հայրենիքը սկսեց կերտել իր հերոսներին։ Ազգն էլ պահեց նրանց անունները վեհ ու փառավոր։

Ահա այսպիսին է հայ ազգը, միշտ պատրաստ պայքարի ու հաղթանակի։ Եվ ես էլ լինելով մեր երկրի ապագան կերտողը, կոչ եմ անում սիրել հայրենիքը, ապրել նրա սահմաններում և ծաղկեցնել այն՝ հանուն նրա չխնայելով ոչինչ։ Քանզի Նժդեհն ասում էր՝ հոգեբանորեն անհայրենիք է նա, ով պատրաստ չէ ամեն վայրկյան մեռնելու իր հայրենիքի համար:

Պայքարում եմ մինչև վերջին ուժերս

-Խնդրում եմ ներկայացիր և մի փոքր պատմիր քո մասին: 

-Ես Արսեն Մանուկովն եմ, ծնվել եմ 1993 թվականին Արմավիր քաղաքում և մինչև հիմա բնակվում եմ Արմավիրում: Ավարտել եմ տեղի վարժարանը, իսկ այժմ սովորում եմ Երևանի ֆիզիկական կուլտուրայի պետական ինստիտուտի 5-րդ կուրսում:

-Որքա՞ն ժամանակ է, որ զբաղվում ես սպորտով:

-Չորս տարեկան էի, երբ ծնողներս ինձ տարան մարզադպրոց: Երկար տարիներ մարմնամարզությամբ զբաղվեցի, ավելի մեծ տարիքում սկսեցի հաճախել ձյուդոյի, իսկ հիմա զբաղվում եմ բազկամարտով, որն ինձ ավելի է դուր գալիս:

-Ինչո՞ւ ընտրեցիր հենց բազկամարտը:

-Դեռ վաղ տարիքից սիրել եմ բազկամարտը: Ցավոք, այդ ժամանակ չկար համապատասխան հնարավորություն մարզվելու համար:

-Կպատմե՞ս քո առաջին հաջողության մասին: 

-Նոր էի սկսել զբաղվել պրոֆեսիոնալ բազկամարտով, երբ մարզիչս ասաց, որ առաջիկա օրերի ընթացքում մրցումներ են տեղի ունենալու Գյումրիում: Ես էլ մասնակցեցի և, ի ուրախություն ինձ, զբաղեցրի պատվո հարթակի առաջին տեղը:

-Ի՞նչ նշանակություն ունի սպորտը քո կյանքում:

-Սպորտը իմ կյանքում մեծ նշանակություն ունի: Եղել են ժամանակներ, երբ հիասթափվել եմ, բայց հասկացել եմ, որ առանց սպորտի ուղղակի անհնար է:

-Զբաղվում ես միայն սպորտո՞վ, թե՞ փորձում ես նաև ուրիշ ոլորտներ էլ համատեղել: 

-Եթե զբաղվում ես պրոֆեսիոնալ սպորտով, չես կարող համատեղել ուրիշ զբաղմունքներ կամ գործեր: Միայն մարզվում եմ:

-Մրցումներից առաջ ի՞նչ ես մտածում: Արդյո՞ք կա քեզ ոգևորող բան: 

-Դե, մրցումներից առաջ և ընդհանրապես աղոթում եմ, ընկերներս էլ են ոգևորում: Այդպես ամեն ինչ լավ է ստացվում:

-Առաջիկայում ի՞նչ պլաններ ունես: 

-Պատրաստվում եմ մասնակցել Լեհաստանում կայանալիք Եվրոպայի առաջնությանը, որը քրտնաջան մարզումեր է պահանջում:

-Ունե՞ս կարգախոս, որով առաջնորդվում ես:

-Չէի ասի կարգախոս, բայց սիրում եմ պայքարել մինչև վերջին ուժերս:

hovhannes ghulijanyan

«Երկինքը մանանա կցողի վրադ»…

Գիրք էի կարդում: Հանկարծ հանդիպեց այսպիսի նախադասություն. «Երկինքը մանանա կցողի վրադ»: Միանգամից «մանանա» բառը ուշադրությունս գրավեց: Հիշեցի «Մանանա» կենտրոնը, փորձեցի հիշել, թե արդյո՞ք մեզ «Մանանայի» դասընթացների ժամանակ բացատրել են` ինչ է նշանակում այս բառը, սակայն չկարողացա մտաբերել:

Բառարանում նայեցի, ուներ մի քանի իմաստ.

1. Մի քանի բույսերի չորացած շաքարանման հյութ, որն օգտագործվում Է որպես ուտելիք, ինչպես և դեղամիջոց, գազպեն:

2. Ըստ Աստվածաչնչի ավանդության՝ երկնքից հրեաներին առաքվող սնունդ՝ անապատում նրանց թափառումների ժամանակ:

3. (փոխաբերական) Ուտելիք, ուտելու բան, սնունդ:

Մտածեցի. Գեղեցիկ բառ է և խորիմաստ: Տեսնես` որ իմաստով են այս բառն իրենց անուն վերցրել «Մանանայի» հիմնադիրները քսանմեկ տարի առաջ: Որ իմաստով էլ ընտրած լինեն, ճիշտ կլիներ, իրենց կատարած աշխատանքին բնորոշ:

anush mkrtchyan

Ապրած ու չապրած տասնհինգ տարի

Այսօր կդառնամ տասնհինգ տարեկան: Տասնհի՞նգ, հա, էլի՝ տասնհինգ. ինչ շուտ անցան տարիները. ասելը հեշտ է, բայց ի՜նչ կյանք մնաց հետևում:

Ինչքա՜ն ապրած ու չապրած րոպեներ մնացին, ինչքա՜ն ասված ու չասված բառեր մնացին օդում կախված, ինչքա՜ն ու ինչքա՜ն:

Հետ եմ նայում ու մտածում, թե տասնհինգ տարի օդից թթվածին շնչող այս մարդն ինչ տվեց աշխարհին, բացի վերցնելուց:

Մեկ-մեկ մտածում եմ, թե ինչ եմ փոխում իմ ներկայությամբ, ու ի՞նչ կլինի բացակայությանս դեպքում:

Ո՞վ եմ ես: Մի գյուղացի աղջնակ, ով ամեն օր արթնանում է, խառնվում դպրոց շտապողների խմբին, ու թվում է, թե առանց ինձ էլ ամեն ինչ կարգին կլիներ, բայց… Բայց չէ: Իմ պակասը կզգային, երևի, եթե մարդիկ էլ չզգային, թաղի շները հաստատ կզգային, որովհետև… Ուղղակի կզգային:

Խանութի վաճառողուհին արկղի մեջ մնացած ու չվաճառված երկու բուլկուց կզգար, որ մեկը խանութ չի եկել, ու որ այդ մեկը ես էի: Կամ էլ այդ օրը, մեկը իմ բաժինն էլ կգներ, ու վաճառողուհին էլ չէր զգա, որ ես չեկա:

Չէ, բայց ուսուցիչներս հաստատ կզգային: Ներկա-բացակայի ժամանակ, կիմանային, որ չկամ: Գուցե այդ օրը «միամիտ» որոշեն, որ ներկա-բացակա անել պետք չէ, ու չեն էլ զգա, որ հինգերորդ վանդակը դատարկ մնաց:

Հա՛, լավ, ինձնից անվերջ դասի րոպեները հարցնող Արմենը կզգա. երբ ոտքով խփի աթոռիս, ու ես չպատասխանեմ, նա հաստատ կզգա: Բայց չէ, Արմենը դասի եկած չի լինի, և իմ ու ժամացույցի բացակայությունը ոչ մեկը չի զգա:

Չէ, բայց տանը հո՞ կզգան: Երբ մայրս բացի սենյակիս դուռն ու այն հավաքած տեսնի, կզգա, որ չկամ (մեր մեջ ասած, սենյակս միշտ թափած եմ թողնում): Մայրս կզգա՝ հաստատ կամ երևի:

Բայց ես կամ, ու արդեն տասնհինգ տարի: Թե ինչ ես տվի ու վերցրի աշխարհից այս տարիներին, գիտեմ միայն ես:

Վերջում կավարտեմ սիրելի գրքիս, սիրելի տողերով.

Արա այն լավը, որ կարող ես,
Այն ամենով, ինչով կարող ես,
Ամեն գնով, որ կարող ես,
Ամենուրեք, ուր կարող ես,
Ամեն վայրկյան, երբ կարող ես,
Ամեն մեկին, ում կարող ես,
Այնքան, որքան դեռ կարող ես:

anush hovhannisyan

Վերադարձ դեպի հին ու նոր աշխարհ

-Օ՜, գրքերի աշխարհը տիեզերք է անեզր…

Եվ իրոք, գրքերը մի տիեզերք են, որտեղ երբ մարդը սուզվում է, դուրս գալը համարյա անհնարին է թվում: Սակայն մեր օրերում գրքերը մղվել են երկրորդ պլան, առաջնորդում է տեխնիկայի «ամենազոր բանակը»: Բայց ես ելքը գտել եմ, մի փոքր կամքի ուժ, և վերջ, հեռախոսը մի կողմ ես դնում ու վերցնում գիրքը, զգալով ամեն մի թերթի հնությունն ու խորիմաստությունը:

Վերջերս կարդում էի մի գիրք, որի վերնագիրը հենց ստիպում է ընթերցել: Հետաքրքրությունից դրդված ամեն տեղ փնտրում էի գիրքը: Քաղաքի բոլոր գրադարաններում նույն պատասխանն էի ստանում.

-Բարև ձեզ: Ինձ «Իմ ինքնասպանությունից 50 օր առաջ» գիրքը կտա՞ք,- ասածիս հետևում էր գրադարանավարուհու դեմքի զարմացած արտահայտությունը:

-Ոչ, չունենք: Ջահել սիրուն աղջիկ ես, էդ ի՞նչ գիրք ես ուզում,- և այսպես ամեն տեղ:

Հույսս կորցրած որոշեցի գիրքը օնլայն ընթերցել, (ինչ խոսք, դա շատ դաժան գործ է): Եվ գիտե՞ք, անգամ չեմ էլ փոշմանել, որ ընթերցել եմ, թեկուզ օնլայն: Գիրքը ինձ մի մեծ էներգիայի պաշար էր հաղորդում, և որքան էլ տարօրինակ է, մի քանի նմանություն նկատեցի իմ և հերոսուհու միջև: Առաջինը դա տարիքն է՝ երկուսս էլ 16 տարեկան, ունեինք միևնույն երազանքը. ունենալ պրոֆեսիոնալ ֆոտոխցիկ (բայց նրա երազանքը վերջում կատարվում է), և երկուսս էլ ունենք երազելու համար անսահմանափակ երևակայություն:

Մի պատմություն պատմեմ գրքի հետ կապված: Դպրոցում, երբ գրականությանս ուսուցչուհին իմացավ, թե ինչ գիրք եմ ընթերցում, մի փոքր զարմացավ, բայց նա էլ ինձ նման հետաքրքրվեց: Հենց նույն օրը նա հանձնարարեց գրել շարադրություն «Սասնա ծռեր» էպոսի մասին: Ես հաջորդ օրը անպատրաստ էի ներկայացել.

-Ընկեր Դոլինյան, անկեղծ խոստովանում եմ, որ մտքիս անգամ բառ չեկավ:

-Դե դա բնական է, մի մարդ, ով կարդում է գիրք ինքնասպանության մասին, դժվար կարողանար գրել:

Չեմ ուզում գրքի բովանդակությունը պատմել, բայց այս գրքի շնորհիվ ես նորից գտա իմ աշխարհը՝ գրքերի անեզր տիեզերքը: Հիմա փնտրում եմ այլ գրքեր կարդալու:

Իսկ վերջում մեջբերեմ գրքից մի հատված.

«Մենք սիրահարված ենք մեր ազատությանը,

 Մենք փախչում ենք ինքներս մեզնից,

 Մենք հույսի և երանության որոնումներում ենք, 

 Մենք երջանիկ ենք և ազատ…»