Իմ էջը խորագրի արխիվներ

Հայրենիքս ու ես

Ես հայ եմ։ Անվախ, քաջ և հզոր ազգի զավակ: Այնպես է պատահել, որ ծնվել, մեծացել և ապրում եմ Վրաստանում։ Չնայած այն բանին, որ ապրում եմ այստեղ՝ Հայաստան աշխարհը միշտ իմ սրտի մի անկյունում եղել է, կա և կմնա։

Մի քանի շաբաթ առաջ մեկնարկեց «Քայլ դեպի տուն» ծրագիրը, ես էլ առաջին հոսքի մասնակից էի։ Սա այն ծրագիրն է, որը հնարավորություն է տալիս ծանոթանալ տարբեր երկրներում ապրող հայ երիտասարդների հետ, տեսնել, ճանաչել, բացահայտել և կրկին ու կրկին սիրել մեր հայրենիքը։ Հենց այդպես էլ եղավ…

Կլինեմ անկեղծ՝ այս 13 օրերը իմ կյանքի ամենագունավոր, ամենապայծառ, ամենաուրախ օրերն էին, որ երբևէ կարող էի ունենալ։ Շրջապատված էինք այնպիսի լավ ու բարի մարդկանցով, որոնց մոռանալը անհնար է, ստեղծվել էր այնպիսի լավ միջավայր, որ բոլորիս մոտ տուն վերադառնալու ցանկությունը անհետացել էր։ Բազմատաղանդ, խելացի ջոկատավար-ուսուցիչներ, ծրագրի ղեկավարներ, ովքեր իրենց գործը կատարում են մեծ նվիրվածությամբ, սիրով ու ջերմությամբ։ Այս 13 օրերը ապրել ենք մեծ ընտանիքի նման, մեկը բոլորի համար, իսկ բոլորը՝ մեկի։ Եվ այս օրերը անմոռանալի են։

Էքսկուրսիաներից տպավորություններս բառերով նկարագրելը անհնար է։ Ամեն օր երկուժամյա ճանապարհին մեր աչքի առջև բացվում էր Հայաստանիս աննկարագրելի բնության հրաշալի տեսարան։ Իսկ Հայաստանի տարբեր վայրերը, ուր մենք հասցրեցինք այցելել, խոսում էին նրա հազարամյա պատմության մասին։

Մեր այցելած վայրերից կառանձնացնեմ Եռաբլուրը, ուր մեր այցին շատ էի սպասում, որտեղ կամա թե ակամա, թափվում են մարդկանց ամենաանկեղծ արցունքները։ Չէ՞ որ յուրաքանչյուրս պարտավոր ենք իմանալ մեր հերոսների ազգանվեր սխրանքի մասին, ծաղիկներ դնել և խոնարհվել նրանց շիրիմին…

Եվ այնքան հաճելի էր, երբ ուր էլ գնայինք, ասում էին. «Դուք ձեր տանն եք, ձեր հայրենիքում»։ Եվ այո, դա այդպես էր։   Սովորեցինք Հայոց պատմություն, Հայոց լեզու, ազգագրական երգ ու պար։ Այս ամառվա շոգին անգամ դասի նստելն էլ էր հետաքրքիր ու հաճելի։

Ծանոթացանք և ճանաչեցինք Հայաստանի տաղանդավոր մարդկանց, որոնց գործին կհետևենք միշտ։

Ծրագրի առաջին օրերին ամեն բան այլ էր. մասնակիցներից շատերին չէինք ճանաչում, բայց շատ-շատ էինք ուզում ծանոթանալ, փոքր-ինչ ամաչում էինք,  իսկ երբ արդեն ժամանակն էր վերադառնալու մեր երկրներ, իրար այնքան հարազատ էինք դարձել, որ բաժանումը արցունքներով էր ու ծանր, կապը` ամուր, որը շարունակվելու է միշտ։

Ամեն օրը մեծ երջանկությամբ եմ հիշում ու կարոտում։

Lilit Vardanyan amarayin

Պատահականությունների քրոնիկոն

Ինչքանո՞վ է հավանական, որ մարդը, ում հավանում եք, նույնքան կարևորում է ձեզ։ Որքա՞ն է հավանական, որ դուք ապրում եք ամենաերջանիկ կյանքը, որ կարող էր լինել բոլոր իրականություններում։ Ի՞նչ արագությամբ է անցնում ձեր ժամանակը։

Մենք ապրում ենք հաշվարկների ու հավանականությունների աշխարհում՝ առանց ավելորդ ժամանակ ու միմյանց հանդեպ հոգատարություն ծախսելու։

Հավանականությունը, որ մոտ ապագայում կհանդիպեմ կյանքիս իդեալին ձգտում է 0-ի։ Կյանքի իդեալներ, իդեալական կյանք, բարձր սպասելիքներ։ Դրա մասին չեմ էլ կարող մտածել։ Ժամանակ չկա։ Կյանքը չափից կարճ է, իսկ ժամանակը չափից արագ է ընթանում։ Ռեալիստ լինելը ձեռնտու է։

Ինչքան հիշում եմ, վերջերս միշտ շտապել եմ, բայց ինչքան էլ շտապեմ, ժամանակն ինձ համար ընդմիշտ կանգնած է։ Շուտ սպիտակած մազեր, կարճ կիսաշրջազգեստ ու 15-ամյա աղջկա տեսք, որի հետ ոչինչ չեմ կարող անել։ Գոնե ինչ-որ չափով պաշտպանված եմ անծանոթ տղամարդկանց հետ տհաճ շփումից։ Բայց ավտոբուսներում տարօրինակ տղամարդկանցից խուսափելը դժվար է։ Երբեք հասկանալի չէ՝ պարանոյա էր, թե՞ իսկապես ինձ էին ուսումնասիրում։

***

Վերջին անգամ դպրոցական էի, երբ պառկում էի քնելու երեկոյան 10-ին։ Մի շաբաթ առաջ նորից փորձեցի այդ ժամին պառկել։ Եղբորս ականջակալներն էի վերցրել (իմը մոռացել էի տանը, քաղաքից դուրս էինք գնացել)։ Կյանքում առաջին անգամ միացրի երաժշտություն, որ կարողանամ քնել, շատ հանգստացնող էր, ժամանակն իսկապես կարող է կանգնել։

***

“Hey Jude”-ը այն երգերից է, որը միշտ առաջ եմ տանում, բայց առանց որի իմ երգերի ցանկը չի կարող լինել։

Փետրվարյան անձրև էր։ Աբսուրդ։ Գլոբալ տաքացումը երբեք այդքան իրական չէր եղել։ Իսկ ես արդեն մոռացել էի ծնունդիս գնած նոր անձրևանոցի մասին։ Վերջին մոտ երկու տարիների ընթացքում առաջին անգամ երգը առաջ չտարա, որովհետև բիթլզյան օր էր։ Սենտիմենտալ Լիլիթ, որը որոշել է բռնել ակնթարթը ու չշտապել գնալ դասի։

Այդ ժամանակ նոր էի հասկացել, թե իրականում ինչքան բան եմ բաց թողնում օրվա ընթացքում միայն այն պատճառով, որ միշտ ինչ-որ տեղ եմ շտապում։

Կանգառից համալսարան քայլելու 2 րոպեանոց ճանապարհը երբեք ինձ 10 րոպե չէր թվացել։

***

«Լիլիթ, մի՛ վազի»։ Եթե մի օր Google-ը ունենար որոնումների ֆունկցիա, ըստ որի ես կկարողանայի իմանալ, թե ինձ հետ շփվելիս որ արտահայտությունն է ամենաշատը կրկնվում ընկերներիս կողմից, այս արտահայտությունը հաստատ առաջին երեքում կլիներ։

Իսկ եթե հաշվի առնենք նաև ընտանիքի անդամներին, ուրեմն հնարավոր է՝ տատիկի` «շուտ կգաս տուն», «դրսում չուտես», «աթոռի վրայի շորերը հագի» արտահայտությունները հայտնվեին «Լիլիթ, մի վազիի» կողքին։

-Էսօր տանը չես ուտելու, չէ՞,- վալենտինին հաջորդող օրը ճշտեց տատիկս՝ իմանալով, որ այդ օրը ուզում եմ օգտվել վալենտինի օրը համալսարանի հետևի կաֆեում երրորդ փորձից շահած 25 տոկոսանոց զեղչից մի բանի վրա, որը կյանքում չէի վերցնի, եթե այդքան ջանքեր գործադրած չլինեի։

Եթե Google-ը ունենար ֆունկցիա, ըստ որի որոշվեր, թե որ արտահայտությունն եմ օրվա ընթացքում ամենաշատը կրկնում, հավանաբար «սոված եմ» ու «գնամ չայ խմեմ»-ը կլինեին բավականին հաճախ կրկնվող։ Իսկ դրանց տակ երևի անորեքսիկ հասարակության մասին իմ բոլոր բողոքները։

Այդ օրը խելացի պլան էի մշակել, ըստ որի ես կհասցնեի գրել ֆրանսերենի երկու էսսեները 13։20-14։00-ի դասամիջոցի ընթացքում, որից հետո կիջնեի կաֆե՝ առանց հերթի 25 տոկոս զեղչով սենդվիչ վայելելու։

Գրադարանում ինչպես միշտ տեղ չկար, բայց ես կարողացա գտնել ազատ սեղան և մեկ ազատ աթոռ։ Իսկ 40 րոպեանոց դասամիջոցի ավարտվելուն պես, ավարտեցի նաև իմ սևագրանման ու թանաքոտ էսսեները։

Կաֆեում մարդ չկար, իսկ մինչև հաջորդ դասը դեռ 1 ու կես ժամ ժամանակ ունեի։ Ցանկացած անհասկանալի իրավիճակում կարելի է գնալ խանութ, որը դատարկվում է հենց երկար դասամիջոցի ընթացքում ու հայտանաբերել, որ բացի խմորեղենից, ոչինչ չի մնացել։

Այդպես էլ արեցի։ Երբ միկադոն ուտելուց հետո պայուսակիցս վերցնում էի «սեղեալով» պեչենին, որոշեցի նայել ժամին։

14։10։ Մի պահ կանգ առա ու հասկացա, որ ինձնից ընդամենը 10 րոպե է պահանջվել խանութ գնալու, գնում կատարելու, ուտելու և համալսարան վերադառնալու համար, իսկ այդ ողջ ընթացքում ոչ մեկի կողմից չեմ լսել «Լիլիթ, մի՛ վազի» արտահայտությունը։

Հաջորդ մի քանի րոպեն քայլում էի ընկերուհուս երազանքների արագությամբ, երբ նրա ոտքերը հոգնած են լինում ինձ հետ կես ժամ «վազելուց» հետո։ Քայլերի դանդաղեցման հետ միասին ժամանակը սկսեց ավելի դանդաղ ընթանալ։

«Փաստորեն ես իսկապես միշտ ինչ-որ տեղ եմ շտապում»,- բացահայտեցի ես։

***

Ժամանակի զգացողությունը երբեք ոչ մեկի կողմից սահմանված չի եղել։ Իսկ ժամանակի ֆիզիկապես գոյություն ունենալու մասին թեորեմը դեռ ապացուցված չէ։

-Բարև,- ասացի ես ու սովորության համաձայն գրկեցի, բայց դա տևեց կես վայրկյանից մի փոքր ավելի։

Երբ մի պահ մտածեցի բաց թողնել, զգացի ձեռքերի թեթևակի ամրությունը ձախ ուսիս։ Այնուամենայնիվ 1,5 վայրկյան անց բաց թողեցի, որովհետև եթե մի ակնթարթ էլ մնայինք նույն դիրքում, անհարմար կզգայի բաց թողնել՝ ճիշտ ժամանակին բաց թողնելու մասին մտածելով։

Տեսնես ո՞վ է սահմանել մարդկանց գրկելու ճիշտ տևողությունը։

***

19։04, հիմնականում այդ ժամին էի համալսարանից հետ գալուց սպասում երկրորդ տրանսպորտին, բայց այս անգամ առաջին տրանսպորտի վարորդը որոշեց մի կանգառ ուշ կանգնել։

Որոշեցի քայլելով հասնել տուն, որը ինձնից կխլեր ընդամենը 7 րոպե ու մի փոքր էներգիայից մնացած մաս։ Վաղուց չէի քայլել մութ փողոցներով, միայն հիշում եմ ինձ վազելուց, շտապելուց կամ տրանսպորտի մեջ խցկված։

Առանց մարդ բաց տարածությունով անցնելուց միայն երկու տղաներ կային: Երբ անցա նրանց կողքով, հայտնվեցի մանկությանս ֆոբիաներից մեկի տարածքում։ Մութ, բաց տարածության միակ վառ լուսամփոփի տակ կանգնած էր փոքր, վինտաժ ավտոմեքենա։ Գլուխս բարձրացրի վեր, որ նայեմ լուսամփոփին ու տեսա, թե ինչպես է լվացքի պարաններից մեկում ինչ-որ վերմակ խճճվել։

Հոգեկան  հանգստություն, դանդաղ քայլեր, սթրես, մանկության ֆոբիա, պատերազմ, իսկ միակ բանը, որի մասին մտածել էի՝ հայրիկը դժվար ինձ նորից Լվովի շոկոլադ բերի, իսկ իմ սիրած կոնվերսները հագնելուց միշտ Ուկրաինայի մասին եմ մտածում։

***

Չեմ սիրում հրաժեշտներ, ես երբեք մարդկանց ամբողջությամբ բաց չեմ թողնում, անգամ նրանք, ովքեր իսկապես հեռացել են կյանքից, ապրում են ինչ-որ տեղ մեր իրականությունում։

Ամառային հով գիշեր էր, իսկ ես իմ ամենաչսիրած վարդերը ձեռքիս որոշել էի նորից երկրորդ տրանսպորտին սպասելու տեղը, զբոսնելով տուն հասնել։ Իսկապես, չեմ սիրում մարդկանց հրաժեշտ տալ։

***

«Լիլիթ, մինչև գնաս-գաս` սիրտս կկանգնի»,- վերջերս ամենաշատը այս արտահայտությունն է կրկնում տատիկս՝ անհանգստանալով իմ առաջին ճանապարհորդության մասին։

Երկու օր առաջ ստացա պատվաստանյութի երրորդ դեղաչափը։ Չէ, ընդհանրապես պատրաստ չէի ոչ հոգեպես, ոչ էլ ֆիզիկապես։ Բայց կարևորը Եվրոպայում ընդունված լինի, թե չէ իմ առողջության մասին ո՞վ է մտածում։

Մինչև հիմա ինձ թվում է՝ հանգստացնող են ներարկել, որովհետև պատվաստումից հետո միայն պառկելու ու հանգստանալու ցանկություն ունեմ, ժամանակն իսկապես կարող է չափից երկար թվալ։

Մի պահ թվաց, որ արդեն առավոտ է, աչքերս բացեցի, դեռ երեկոյան 7-ն էր, իսկ տպավորություն էր, որ մի օր քնել եմ։

Երևի մի օր կկարողանամ ճիշտ հաշվարկել ժամանակն ու ամենաերջանիկ կյանքն ունենալու հավանականությունը։

Mariam Harutyunyan 2

Սենտիմենտալ ապուշություն

Օրագիր, 6 տարի անց, էջ 355

Գրիչս քեզ շատ է սիրում, ու ես էլի շարունակում եմ իմ սենտիմենտալ ապուշությունը։

Ես սիրում եմ քո ներսն ու դուրսը, անգամ՝ լռությունդ։ Սիրուն լռություն ունես։

Անբացատրելի ես, բայց բացատրման կարիք էլ չունես, ինձնից լավն ես, խելացի ես, իրատես ես, բայց կույր ես, կամ էլ արհեստական ինքնակուրության մեջ ես։

Գրածներիս լուրջ մի վերաբերվիր, սա ընդամենը սենտիմենտալ ապուշություն է, բայց մինչև վերջ կարդա. գուցե քեզ էնտեղ գտնես։

Ամեն փոփոխվող տարվա, տարիքի, ժամանակի, բանականության հետ կռիվների մեջ մտածում եմ՝ ի վերջո կսկսեմ ինքնակառավարվել, բայց չի ստացվում։ Չեմ հասկանում՝ ե՞ս եմ պարտվում ժամանակին, թե՞ ժամանակը իր առաքելությունը կիսատ թողած առաջ է գնում։ Ամեն դեպքում՝ տխուր է կիսատը։ Իմ աչքերում դու շատ լրիվ ես, բայց ես անգամ քո կիսատն եմ սիրում։ Չէ, սա սիրո խոստովանություն չի, ընդամենը սենտիմենտալ ապուշություն, բայց շարունակիր կարդալ։

Քեզ մանկուց գիտեմ,  պիտի ասեմ, որ փոքր ժամանակ ավելի լավն էիր, որովհետև ես էլ էի փոքր ու շատ բաներ իրապես չէի հասկանում։ Ժամանակի հետ սկսում ես սեփական սպասելիքներիցդ հիասթափվել ու շարունակ դժգոհել ամեն ինչից։ Իմ սցենարները սենտիմենտալ չեն, բայց իրական էլ չեն։ Ես ուղղակի կորցրել եմ իրական իրականությունը։

Շարունակելի

Hayarpi Asatryan

Ալիքները այդ

Փոթորկոտ իրականությունից մտքերս երբեմն ալեկոծվում են: Չգիտեմ` ո՞ւր են տանում ալիքներն այդ այրի նավեր խորտակելո՞ւ, թե՞ պարզապես չորացած ափին ողջագուրվելու:

Ով գիտի, գուցե բնավ էլ ոչինչ կործանելու ցանկություն չունեն. կամ էլ հակառակը՝ անողորմ ամեն կենդանի բան խժռելու:

Նավաստին շտապեց մեղադրել ալիքներին կործանիչ հարվածի համար, բայց չէ՞ որ դրանք պարզապես գործիք են փոթորկի ձեռքին։

Իսկ ո՞վ է ասել, որ մեր մտքերը արտացոլանքն են մեր էության:

Իսկ փոթորի՞կը ….

Իրականությունում տիրող փոթորիկը, ալեկոծելով ծերուկի խռովահույզ մտքերը, ստիպեցին նրան բարկանալ, իսկ ահա բարկության միակ կրողը պառավն էր, ում գլխին ամեն անգամ թափվում էր ծերուկի չարության նոխազը, և կատուն, ով պարզապես փաթաթվում էր ոտքերին պառավի, քոթակվում էր` զոհ դառնալով և թեթևություն պարգևվելով պառավին։

Իսկ շղթան անվերջ շարունակվում էր, և ի վերջո ոչ կատուն, ոչ պառավը, և ոչ էլ անգամ ծերուկը մեղավոր չէին. ծերուկը պարզապես տանուլ տվեց փոթորկին։ Փոթորիկ` ողողված չարի ու բարու հակամարտությամբ, պայքարի և հանձնվելու, ժպտալու և արտասվելու, սիրելու և ատելու տեղատարափով, որոնք տակն ու վրա անելու ցանկությամբ ալեկոծում են մտքերը ծերուկի տկար, ճնշում և դիմադրության չարժանանալով ծնում չարիքը մտքում, որը թափ առնելով սկսեց ալեկոծել, աջ ու ձախ տապալելով հոսքը խաղաղ ալիքների և որը շղթա դարձավ կատվի համար գնդակը ծակելու, իսկ փոքրիկը, որը զրկվեց գնդակից, սկսեց նախանձել ընկերոջը, ով ուներ գնդակ …

Իսկ պատճառը, պատճառը ուղղակի փոթորիկն էր, որին տանուլ տվեց ծերուկը:

Եկեք չտրվենք ալիքներին վատ, որոնք անմիջական գործիք են չարիքի ձեռքին` վատը սփռելու, իսկ ամեն փոթորկի հարված ընդունենք իբրև հնարավորություն` մտքի և հոգու մաքրությունը ավելի ամուր պահելու համար։

Nare Ohanyan

Դու չես կրկնվի

Դու չես կրկնվի։
Քեզնմանները մի հատ են լինում
և միշտ մեկինը:
Որովհետև դու չես սիրում կրկնվողներին,
և ես էլ պիտի միշտ միակ մնամ՝
Չկրկնվող,
Չփոխարինվող,
Չփոխարինող…

Դու չես կրկնվի.
Քեզնմանները մի անգամ են ծնվում,
և նրանց սիրում են մի անգամ միայն։
Դու…չես կրկնվի,
Քեզ չեն կրկնի,
Որովհետև դու մեկն ես,
և իմը.
Ես քեզ չեմ փոխի՝
Դու չկրկնվող ես…

Mariam Harutyunyan new

Ո՞վ ես դու

Թե երազ ես դու,

Թույլ տուր երազեմ քեզ,

Որ երազանքս կիսատ չմնա։

 

Թե իրական ես դու,

Թույլ տուր, որ դիպչեմ քեզ,

Որ իրականը պատրանք չթվա։

 

Թե մեղեդի ես դու,

Թույլ տուր նվագեմ քեզ,

Որ նոտաներս աներգ չմնան։

 

Ու թե գիրք ես դու,

Թույլ տուր, որ գրեմ քեզ,

Որ իմ տառերը անտեր չմնան։

 

Ո՞վ ես դու՝ ասա,

Գուցե դու գիտես, թե ով է ապրում

քո կիսամաշված դիմակի ներսում…

 

Գուցե բառերն իմ աղքատ են այնքան,

Որ չեն համոզում պատասխանել

այսքան ժամանակ ինձ տանջող հարցին.

«Ո՞վ ես դու…»

Lilit Muradyan

Հայացք դեպի մանկություն

Հացատան երդիկից դուրս են գալիս ծխի տաք քուլաները` օդում տարածելով հացի անուշ բույրը։ Թոնրում արարվում է հայի սեղանը զարդարող հացը` լավաշը։

Մանկահասակ երեխաները շտապում են  ուտելու առաջին հացը (թոնրում թխված առաջին լավաշը, քանի որ թեժ կրակից այրվում է, այդ պատճառով ստանում է դառը համ) լավ իմանալով, որ այն հաստատ դառն է լինելու։ Հացատան դիմաց է գտնվում այն էլեկտրասյունը, որի վրա իրենց բույնն են հյուսել արագիլները, որոնք իրենց կափկափյունով շեղում են երեխաների ուշադրությունը և բերկրանք պարգևում նրանց։ Երեխաները հատկապես ուրախանում են, երբ արագիլներից մեկը իջնում և կեր է հայթայթում տան մոտակայքում գտնվող մարգագետնում։ Երեխաները վազում են դեպի մարգագետին և երփներանգ ծաղիկների վրա հանկարծ նկատում են գույնզգույն թիթեռնիկներին։ Երեխաներից մեկը ասում է.

- Գիտե՞ք, ասում են, որ թիթեռը մեկ օրվա կյանք ունի։
Ու որոշում են բռնել թիթեռնիկներին։ Ի՞նչ կա որ, միևնույն է, նրանք սպասելու էին հայրիկին ու պապիկին, ովքեր տուն էին վերադառնալու կեսգիշերին (դա յուրաքանչյուր աշխատավոր գյուղացու առօրյան է ամռան և աշնան ամիսներին)։ Իսկ մինչ այդ նրանք ուշադիր կհետևեին թիթեռնիկներին, գուցե կարողանային օգնել նրանց, չէ՞ որ նրանցից ոչ մեկը չէր ուզում պատկերացնել երփներանգ ծաղիկներն առանց գույնզգույն թիթեռնիկների։
Գիշերային խաղաղ լռություն է իջել գյուղի վրա, հանգած են բոլոր լույսերը, մարդիկ խաղաղ քուն են մտել։ Լռությունը մերթընդմերթ խախտվում է շների հաչոցով։ Եվ հանկարծ գյուղամիջից լսվում է տրակտորների  ծանոթ հռնդյունը։ Երեխաները սրում են իրենց լսողությունը, և ուրախանում, որ տուն են վերադառնում հայրիկն ու պապիկը, նրանցից երկուսը սկսում են թռչկոտել։ Նրանք համոզված են, որ հայրիկը դաշտի ծաղիկներ է բերելու, ուրախանում են` գուցե դրանցով կարողանան փրկել թիթեռների կյանքը։ Իսկ պապը` ալեզարդ ու տանջված ծերունին, որքան ջերմություն և սեր պիտի  բերի իր հետ` լցնելով իր ավանդական գերդաստանը…

Ափսո ֮ս, թիթեռի կյանքի պես անցավ մեր մանկությունը, հացատան երդիկը փակվեց։ Ծեր էլեկտրասյունը, որի վրա բույն էին հյուսել արագիլները, չդիմացավ ուժեղ քամուն, տապալվեց։ Տրակտորներից մեկի հռնդյունը դադարեց, որովհետև այլևս չկար գերդաստանի նահապետը։
Ծաղիկներն ու թիթեռները մեր մանկական հիշողություններում դարձան այն փարոսները, որոնք  մեր ողջ կյանքում կուղեկցեն մեզ։

edita Galstyan

Բզեզ, ձմեռ, գարուն

Բռնում եմ բզեզին, պահում ափերիս մեջ, հետո կյանքը գալիս, ձեռքերիցս փախցնում է տզզացող այդ …

Դուք բզեզ տեսել եք, չէ՞։

Ես էլ եմ տեսել, բայց տեսել եմ ձմռանը, այն ժամանակ, երբ միակ շնչավոր էակը, որ կարելի է դրսում բռնել, ձյունն էր։ Նա գալիս էր, նստում գրքիս էջերին ու ինձ շեղում ընթերցանությունիցս։ Բայց գիտե՞ք՝ նա չէր բզզում։ Միակ ձայնը, որ կարող էի ես լսել այդ բզեզիկից, իր տոտիկների՝ գրքիս տառերին բախվելու ձայնն էր։ Ես փորձում էի ազատվել նրանից, փակում էի գիրքս, բայց նա կրծում էր հոգիս, պոկում գրքի թերթերը, շապիկը ու էլի հայտնվում ափիս։

Մեկ֊մեկ նա հասնում էր սրտիս ու  նստում ձախ ձեռքիս ափին, հետո թռչում, գնում նստում էր լուսամուտին ու որ դուրս նայեր, թե չէ, ծառերը կծաղկեին, ես կհիանայի բալենու գեղեցկությամբ, կյանքից դուրս մնացած բզեզիկս կժպտար, ու ես կտեսնեի՝ ինչպես են բակի երեխաները խաղում տզզացող բզեզիկի հետ։

Գարունը խառնվում է ձմռանը, բզեզը՝ կյանքին, իսկ ես էլի մնում եմ ձմռան ու գարնան արանքում…

Ականջներս նման են հորս ականջներին

Ականջներս նման են հորս ականջներին, բայց ինքն ավելի լավ գիտի, թե ոնց լսել աշխարհի ձայնն ու, թե ոնց զտել ավելորդ ինֆորմացիան։ Իսկ կարճատեսության, թափվող մազերի, ուռած աչքերի, անընդհատ ճզմված ճկույթի և հոգնած մարմնի հետևում կանգնած փոշմանում եմ, որ հորիցս ժառանգել եմ մենակ ականջներն ու կախ ընկած կոպերը։ Պա՛պ, քո կոպերն ինչի՞ են կախվել… Միգուցե նրանք է՞լ են աշխարհի անեզր սխալից հոգնել, միգուցե հոգնե՞լ են եզակիների մեջ ամենաեզակիին փնտրելուց, թե՞ հոգնել են, որովհետև չեն կարողացել էդպես էլ «արդարություն» բառի հետ հաշվի նստել։ Պա՜, հավատա, ես էլ չունեմ էս հարցերի պատասխանները ու, չնայած կախված կոպերիս հետ անհաշտությանը, ես մի տեղ նաև երջանիկ եմ, որ կարճատես եմ. մարդկանց ճահճոտ ու գարշահոտ դեմքը չեմ տեսնում։ Պա՜, դու ճիշտ էիր, դու ճիշտ ես. պարզության քողի տակ ապրելն ամենահեշտն է ու հատկապես այն ժամանակ, երբ աշխարհին տված պարզությունս ոչ մի վայրկյան ժպիտի չարժանացավ, դե ես էլ որոշեցի ինձ լցնել էդ պարզությամբ ու ապրել։ Դու ասացիր, որ դժվար ժամանակները մի օր անցնում են, ու գալիս է հայելու դիմաց կանգնելու ժամանակը. Ախր, իմ հայելին կոտրվել է, և ես ստիպված եմ ինձ հորինել, ու ականջներս նմանեցնել քոնին, նկարել կախված կոպերս ու դրանց անկյունը ընդգծող սևաներկը։

Առաջ ես ինձ չէի տեսնում, բայց հիմա շատ բան է փոխվել։ Պապ, հիմա ես սիրում եմ իմ կախված կոպերն ու ոսկեգույն ականջօղերով զարդարված ականջներս, սիրում եմ ընդգծված կոնքերս ու բարձր ծիծաղս։ Պապ, ես սկսել եմ ճանաչել աշխարհը ու հետն անգամ լեզու եմ գտել. նա լացող երեխայի է նման, ում ձայնը կտրելու համար պետք է նրան ասել, որ ինքը լավն է ու ամենասիրունն է, ու էս փորձառությունը ձեռք եմ բերել հիվանդանոցում ` օրական հարյուրավոր երեխաներին շեղելուց, երբ տեսնում են հերթական ներարկիչը. ասում են, որ մոտս լավ է ստացվում, չգիտեմ…

Պապ, ես որոշել եմ գնալ աշխարհով ճամփորդելու ու որոշել եմ ներել մարդկանց ու սիրել սովորեցնել… Հուսամ այս ճանապարհից հետո ուռած կոպերս, բոթասիս պատճառով ամեն օր հերթական անգամ լղճվող ճկույթս և լղոզված սևաներկս ինձ կներեն անփութությանս հետ սեղան նստելու համար։

Anjela Sedrakyan

Ես այստեղ եմ

Ես այստեղ եմ, այս մեծ Մոլորակում, որտեղ կան հազարավոր մարդիկ տարբեր ազգության, կրոնի, բնավորության, մտածելակերպի, ճաշակի ու նախասիրության, բայց մի նպատակով, այն է` ապրել այս գեղեցիկ կյանքը…

Ապրածս տասնինը տարիների համար շնորհակալ եմ ծնողներիս: Հայրիկիս ուղղված շնորհակալությունը հղում եմ դեպի երկինք, նա ամենապայծառ աստղն է ինձ համար երկնքում։ Մայրիկիս շնորհակալություն եմ հայտնում ամեն օր ինձ մեծացնելու և ճիշտ  դաստիարակելու համար։

Կյանքի ընթացքում մենք գտնում, կորցնում, շահում, պարտվում, համակերպվում ենք, և շարունակում ապրելու պայքարը: Մենք պայքարում ենք ամեն օրը լիարժեք ապրելու, մեզանից հետո ինչ-որ մի բան թողնելու համար:

Լինում են վայրիվերումներ, կորուստներ, հիասթափություններ, ցավեր ու սթրեսներ, բայց այն հաղթահարելի է, եթե ունես քեզ սիրող, աջակցող ընտանիք, եթե ունես ընկերներ, որոնք ամեն բան մի կողմ թողած կկիսեն թե՛ ուրախությունդ, թե՛ վիշտդ (միայն թե գտնես այդպիսի մեկին, ով ամբողջ կյանքում քեզ չի լքի ու կընդունի քեզ քո բնավորությամբ ու խառնվածքով)։

Ապագայի վերաբերյալ չեմ սիրում խոսել, բայց սիրելի՛ ընթերցող, եթե մի օր կորցնես հույսդ, մտածես, թե ոչինչ չի ստացվի, մի ընկճվիր։ Բոլորիս կյանքում էլ լինում են պահեր, երբ մտածում ես, թե ուղի չկա էլ անցնելու, երբ թվում է` խճճվել ես, ճահճում ես ու խորտակվում ես: Հիշի՛ր` ինչի համար ես պայքարում, ու՞ր պիտի տանեն քեզ քո երջանկության ոսկեձույլ աստիճանները, և ամենակարևորը, հիշիր այն մարդկանց, ովքեր սպասում են անկմանդ։ Հենց այդ ժամանակ էլ կսկսես կյանքին ու ապագային միտված քո լուրջ քայլերը ձեռնարկել, առաջ նայել, հաղթահարել բոլոր խոչընդոտները: Ինչպես նորածինը քայլել կսկսի, այնպես էլ դու նոր քայլեր կանես դեպի քո լուսավոր ապագան, որտեղ միայն բարին է իշխում, որտեղ քեզ սիրող ու գնահատող մարդկանցով ես շրջապատված լինելու։

Մի՛ քնիր, գործի՛ր, արարի՛ր, պայքարի՛ր, որ հետո վայելես դառը օրերիդ արդեն հասունացած քաղցր պտուղները։

Ես մի երկրում եմ ապրում, որտեղ կրակոցները չեն լռում, մի երկրում, որտեղ կարգը փոխված ծնողն է որդուն հուղարկավորում, մի երկրում, որտեղ տղաների ճակատագիրը մինչև դպրոցն ավարտելն ու դրանից հետո սեփական կյանքով Հայրենիք պաշտպանելն է…

Իմ երկրում մարդիկ չարացած են, անուշադիր, քծնող, քննադատող ու շահի գերի, բայց իմ երկրում նաև բարիների մի սիրուն փունջ կա, ովքեր սովորեցնում են նվիրվել, սիրել, պայքարել ու ապրել…

Ես իմ ապագան իմ Երկրում եմ տեսնում, հանուն որի շատ ջահելներ հավերժ ննջեցին, հանուն որի պարտքի զգացումը մեծացավ, դրա փոխարեն հույսը չմեռավ: Մտածեցիր, որ չպիտի թուլանաս, որովհետև ճակատագրով հայ ես ծնված, հայ ես ու պիտի ապրես, պիտի պայքարես ու շարունակես: Չէ՞ որ միայն քո կյանքը չես ապրում, այլ հազարավոր այլ կյանքեր ևս, ովքեր զոհեցին հանուն քո վաղվա գալիքի շարունակման ու հզորացման: Ուրեմն գլուխդ բարձր քայլիր, կյանքին ասա` Ես կարող եմ հաղթահարել իմ առջև ծառացած բոլոր դժվարությունները, որովհետև ես հայ եմ, իսկ հայի ինքնությունը անհնար է մերժել…