Բոլորս միասին մտածում էինք, թե ինչ ֆիլմ արժե նկարել։ Բազմաթիվ տարբեր գաղափարներ հնչեցին, որոնցից մեկը ձկնորսության մասին էր։ Ֆիլմի գլխավոր հերոսները լինելու էին ձկները և հորեղբորս տղան։ Շատ էի ոգևորվել այդ ֆիլմը նկարահանելու մտքից։ Բոլորին շատ դուր էր եկել նաև, թե ինչ ենք նկարելու. Ձկնորսներին, որոնք լուսադեմին նավակներով գնալու են ձկնորսության, ինչպես են ուռկան գցելու, ձուկ բռնելու, հետո, թե ինչպես են ձկները մշակելու, ինչպես և որտեղ են վաճառելու: Քանի որ հորեղբորս տղան ձկնորս է, զանգահարեցի իրեն, և սկսեցի համոզել, որպեսզի ֆիլմը նմարահանենք իր մասնակցուտյամբ։
-Հայկ, բարև: Լսիր` դու ձուկ ծախո՞ւմ ես:
-Բարև, հա հընչի՞:
-Բայց ծով մտնո՞ւմ ես, Հայկ: Կլինի՞ գանք քո մասնակցությամբ ֆիլմ նկարենք:
-Է~, բայց ինչի՞ համար ա պետք:
-Դե որ ես պատանի թղթակից եմ, մենք պիտի ֆիլմեր նկարենք։
-Է~, չէ։
-Լսիր, Հայկ, որ համաձայնվես նկարենք, վերջում էլ քեզանից ձուկ ենք առնելու։
-Հա, լավ, բայց էսօր չլնի։
-Լավ դե, ես քեզ էլի կզանգեմ։
Ուխ, ստացվեց: Ես ներս մտա քննարկման սենյակ, ուրախությունս զսպելով, որտեղ շատերը սպասում էին իմ լավ լուրին։ Ես հայտնեցի նրանց, որ ձկնորսները համաձայն են: Սկսեցինք պայմանավորվել, թե երբ և որտեղ ենք հանդիպելու մեր հերոսներին։ Որոշեցինք առավոտյան ժամը 5-ին լինել մեր գյուղի` Լճափի ճանապարհին։
Բայց գիշերը տեղի ունեցավ անսպասելին: Սկսեց առատ ձյուն գալ և քամի բարձրացավ: Անընդհատ սպասում էի, որ ուր որ է, ձյունը կկտրվի, և լուսադեմին մենք կսկսենք նկարահանումները: Սակայն այդպես չեղավ: Ցավոք սրտի, մեր ֆիլմը ձախողվեց իմ այդքան սիրելի ձյան և վատ եղանակի պատճառով։

Լուսանկարը` Զարուհի Գևորգյանի
Շատ տխրեցի բայց… Բայց իմ տխրության պատճառը միայն ձախողված ֆիլմը չէր։ Այդ եղանակի և ձկնորսության պատճառով Սևանա լճում այդ օրը քամուց նավակի շուռ գալու պատճառով խեղդվել էին Նորատուս գյուղի երկու երիտասարդներ։
Տխրելուս մյուս պատճառն էլ այն էր, որ այդ նույն եղանակի պատճառով մեր գյուղի թղթակիցներով` ես, Գայանեն, Դիանան և Մերին չէինք կարողանալու առավոտյան գնալ ճամբար։
Բայց մի քանի ժամ անց հայրիկիս շնորհիվ հաղթահարելով ամեն տեսակի խոչընդոտներ, մենք բարեհաջող հասանք Նորաշեն և մասնակցեցինք այդ օրվա աշխատանքներին:
Հույս ունեմ, որ ֆիլմը անպայման նկարելու ենք, թեկուզ ճամբարից հետո, երբ եղանակը ավելի բարենպաստ կլինի:
Իսկ այս լուսանկարներում դուք տեսնում եք, թե ինչ դժվարությամբ ենք հասել «Ծովասար»:

Լուսանկարը` Զարուհի Գևորգյանի







Ճամբարի օրակարգում կար մի կետ` ֆիլմերի գաղափարների քննարկում: Քննարկման ժամանակ առաջարկ եղավ ֆիլմ նկարել Մարտունում ապրող նկարիչ Սպարտակ Հայրապետյանի մասին, ով նկարում է քարաքոսներով:
Նորից ընտրության առաջ էինք. այս անգամ պետք է ֆիլմի նկարահանման թեմաները ընտրենք, իսկ թեմաները մեկը մյուսից հետաքրքիր էին: Մի կողմից` ձիարշավարան (ձիերը իմ տարերքն են, իսկ նրանց մասին ֆիլմի նկարահանման մասնակցելը` երազանք), հաջորդը զոհված ազատամարտիկի` Տիգրան Աբրահամյանի ընտանիքի մասին ֆիլմն էր, երրորդը` յուրահատուկ նկարչի` Սպարտակ Հայրապետյանի մասին էր, ով իր նկարները ստեղծում է քարաքոսներով:
Սեյրանի համառ պնդումներն իմ մտորումների պատճառը դարձան: Ամբողջ օրվա ընթացքում միտքս զբաղված էր Գավառի ու Մարտունու կարտոֆիլներով, Գավառին հատուկ ճաշատեսակներում և հնուց եկած սովորույթներում փռի մասին գրված հատվածներ որոնելով կամ մտաբերել փորձելով:
Փռի կարտոֆիլն իսկապես շատ համեղ էր:
Երկրորդ օրն էր, ինչ արդեն ճամբարում էինք: Ահա և նստած էինք ամենասպասված դասաժամին՝ կինոյին: Քննարկում էինք նախորդ օրվա առաջարկված թեմաները, որոնցով ֆիլմեր էին նկարահանվելու: Ճամբարի մասնակիցներով առաջարկել էինք 30 ամենատարբեր գաղափարներ: Մի քանի գաղափարներ դուրս մնացին ցուցակից՝ եղանակի պատճառով: Մոռացա նշել, որ Սևանի «զեփյուռիկը» ամբողջ օրը ոռնում էր պատուհանների տակ, էլ չխոսեմ` անձրևների և հնարավոր ձյան մասին: Այնուհետև մեզ բացատրեցին, որ որոշակի գաղափարներ ավելի ճիշտ կլինի ներկայացնել գրելով, ֆոտոշարքով, քան ֆիլմ նկարելով: Դե այդ փաստն էլ հաշվի առնելով, ևս մի քանի ապագա ֆիլմեր հանեցինք շարքից: պարզապես այնքան հեռու վայրերում էին, որ որոշեցինք ճամբարից հետո նկարել: Արդյունքում մնացին 16 ֆիլմերի գաղափարներ, որոնցից վերևի հորիզոնականներում էին «Սոֆիայի պապիկը» և «Ձիարշավարան» թեմաներով ֆիլմերի գաղափարները: Պարզվեց, որ բոլորը շատ-շատ են սիրում Սոֆիայի պապիկին, չնայած որ նրան չեն էլ ճանաչում: Սոֆիայի պապիկը 93 տարեկան է, նախկինում Գագարին ավանի դպրոցի տնօրենն է եղել, Հայրենական պատերազմի մասնակից ու ինչպես Սոֆիան էր հավաստիացնում, պարզապես շատ հետաքրքիր զրուցակից: Իսկ Մարտունու ձիարշավարան գնալ ցանկանում էին անխտիր բոլորը: Այս երկու գաղափարներից բացի բարձր ձայներ էր հավաքել արտագնա աշխատանքի վերաբերյալ թեման: Դե գաղտնիք չէ, որ հատկապես Գեղարքունիքի մարզում տղամարդիկ արտագնա աշխատանքի են մեկնում, և տան տղամարդու և կնոջ հոգսերը ծանրանում են կանանց ուսերին: Մենք պետք է Լճափ գյուղում նկարենք այդ ֆիլմը, մեր թղթակից Դիանան ասաց, որ կարելի է մայրիկին նկարել, որը հենց այս օրերին գնել է վառարանի փայտը և պետք է կոտրի, վառարանը տեղադրի: Սակայն Դիանայի մայրիկը իր համաձայնությունը դեռևս չի տվել:
Շատերին հետաքրքրեց նաև հովիվերի մասին ֆիլմ նկարելու Ներքին Գետաշեն գյուղի Անուշի գաղափարը: Իրենց գյուղի հոտերը մի քանի հովիվ պահում են սարերում: Այս տարի արջերը հարձակվել էին հոտի վրա ու գյուղացիներից մի քանիսի կովերը սատկացրել: Հովիվները ստիպված են փոխհատուցել վնասը, և մենք ուզում էինք թե իրենց նկարել, թե գյուղացիներին: Ցավոք սրտի, մի քանի զանգից հետո պարզեցինք, որ հենց այդ օրը հովիվներն իջել են սարերից: