Anushik Mkrtchyan

Ամենաուրախալին

Ստույգ  օրը չեմ հիշում, երբ Լուսինեն զանգեց և ասաց, որ  հրավիրված եմ Կոմիտասի անվան կամերային թատրոն՝ փառատոնի և մրցանակաբաշխության: Այս հիանալի լուրը լսելուց այնքան ուրախացա, այնքան, որ բառերով չեմ կարող նկարագրել: Կողքիս էր գտնվում ամենամոտ ընկերուհիս՝ Նաիրան: Փաստորեն նա նույնպես հրավիրված էր: Մենք ուրախությունից ամուր գրկել էինք իրար: Եկավ ապրիլի 28-ը: Ոգևորված պատրաստվում էի, և ահա եկա և տեսա ինձ հարազատ դարձած անձնակազմին: Սկզբից ցույց տվեցին «Հայաստանի լույսն ու մութը» խորագրով հիանալի ֆիլմը: Դա տեսնելուց մեծ բավականություն ստացա ոչ միայն ես, այլ ամբողջ դահլիճը: Իսկ հետո սկսվեց անսպասելի մի բան: Տեսաշարով ցույց էին տալիս այն թղթակիցներին, ովքեր համարվել են լավագույն թղթակից: Հանգիստ նստած նայում էի, մտածելով, որ կարող է ծանոթ մարդ տեսնեմ: Մեկ էլ լսվեց Նաիրայի անունը: Մտածեցի, որ գուցե իմ անուն էլ հնչի: Մի փոքր ավելի ուշադիր եղա: Հնչեց մի տղայի անուն, իսկ հետո մի աղջկա: Եվ ահա էկրանին հայտնվեց իմ նկարը, և հաղորդավարներից մեկը, կարծեմ Նարեկը, բարձրաձայն կարդաց իմ անունը: Ընկերներս շրջվեցին և բարի ժպիտով նայեցին դեմքիս: Այդժամ էլ ավելի ուրախացա: Զարմացած էի: Ախր, ես դեռ մոտ չորս ամիս եմ թղթակցում: Այդ ժամանակ ինձ զգացի նշանակություն ունեցող անձ, ով պետք է ամեն ինչ անի, որ արդարացնի բոլորի հույսերը: Չէ՞ որ նրանք հաշվի չեն առել, որ ընդամենը չորս ամիս եմ թղթակցում, գնահատել էին իմ նյութերը: Սրանից հետո ավելի եռանդով եմ գրելու և հասնեմ այն աստիճանի, որ նույնիսկ ես զարմանամ ինձ վրա: Շնորհակալություն, ինձ դասելու լավագույնների շարքին: Շնորհակալություն այն ամենի համար, ինչ ինձ տվեցիք այս ամիսների ընթացքում: Նաև շնորհակալություն գեղեցիկ և շատ կարևոր հավաստագրի, թղթակցի վկայականի և մնացած նվերների համար:

Նաև շնորհավորում եմ այն մարդկանց, ովքեր ստացել են լավագույնի կոչումը և նրանց, ովքեր ստացել են հատուկ նվերներ: Դուք արժանի եք այդ նվերներին:

hasmik givargizyan

Կարմիր օրը

Ահա պառկած եմ մահճակալիս վրա, ու կիսաբաց պատուհանից սենյակ է լցվում գարնանային կանաչի հոտը: Այդ հոտի մեջ մի ինչ-որ ծանոթ բան կա, որ ինձ կտրում է իրականությունից ու տանում դեպի մանկության օրերը: Ահա ինձ այդքան ծանոթ դաշտերը, սա էլ հարևանի աղյուսե տունը, որտեղից պանրի դիմաց սառը պաղպաղակ էինք վերցնում: Սա ինձ հարազատ դարձած սագերն են, ու ես՝ երեք տարեկան սև գանգուրներով աղջնակ, կարմիր ռետուզով ու մի թեթև շապիկով: Այդ օրն իմ հիշողության մեջ հենց այդպես էլ նշված է՝ «Կարմիր ռետուզի օր»: Իսկ գիտե՞ք ինչու: Սկսեմ սկզբից:

Այն ժամանակ, երբ մենք շատ կովեր ունեինք, մայրիկս նրանց ամեն գարուն սար էր տանում՝ արոտ անելու: Քանի որ մենք փոքր էինք ու առանց մայրիկի չէինք մնում, ինձ ու քույրերիս էլ իր հետ էր տանում: Իսկ ես կենդանիներ շատ էի սիրում, ինչը սարերում իմ արկածախնդրության հիմնական պատճառն էր դառնում: Մի անգամ՝ հարևանի տանից վերադառնալիս, տեսա նրանց սագերին: Հագիս այդ նույն կարմիր ռետուզն էր ու թեթև շապիկը, որ վերևում նշեցի: Ինքս ինձնից գոհ վազեցի դեպի սագերն ու փորձեցի գրկել նրանցից մեկին: Բայց ի զարմանս ինձ, նրանք  սկսեցին բարձր ձայներ հանել ու վազել դեպի ինձ: Վազում էի, ինչքան ոտքերումս ուժ կար: Վազում էի, լալիս ու կանչում մայրիկիս: Արցունքների պատճառով ճանապարհս չէի տեսնում, դրա համար էլ սայթաքեցի ու ընկա: Վախից սկսեցի ավելի բարձր գոռալ, իսկ սագերը լցվեցին վրաս ու սկսեցին կտցահարել ինձ: Վերջապես փայտը ձեռքին տանից դուրս եկավ մայրիկս ու սկսեց քշել սագերին: Հետո բարձրացրեց ինձ,  ձեռքի ափերով սրբեց   արցունքներս ու ծիծաղելով կատարվածի վրա, ասաց.

-Սրանից հետո միայն ռետուզով տանից դուրս չգաս:

Հաջորդ օրը սարի մեր ամբողջ «թաղը» խոսում ու ծիծաղում էր կատարվածի վրա: Այդ օրվանից բոլոր սարեցի երեխաները սկսեցին առանց շալվարի տանից դուրս չգալ: Երևի աչքները վախեցել էր:

Հ.Գ. Չնայած շատ փոքր էի, բայց ամեն ինչ պարզ հիշում եմ: Երևի շատ եմ վախեցել, որ չեմ կարողանում մոռանալ:

nina arsutamyan portret

Մուշեղ Կուրեխյանին

Արդեն մի քանի ամիս է, ինչ 17.am-ի թղթակից եմ: Կարդում եմ մյուս բոլոր թղթակիցների նյութերը:

Երեկո է: Ավարտում եմ դասերս: Ընտանիքիս անդամներին թեյ եմ տալիս: Իսկ ես, սովորությանս համաձայն, թեյիս բաժակը վերցնում եմ և նստում համակարգչիս առջև: Առաջինը մտնում եմ 17.am: Մտնում եմ «Հոդվածներ» բաժինը և ժամերով կարդում:

Սկզբից կարդում եմ այն հոդվածները, որոնց վերնագրերը գրավում են ինձ: «Հաջորդ կանգառը՝ 70-ականների Երևան» վերնագիրը ինձ գրավեց:

-Ինչպե՞ս 70-ականների Երևան,- սկսեցի բարձր-բարձր կարդալ:

Հետաքրքրեց: Ամեն մի նախադասությունը կարդալիս սկսում էի պատկերացնել: Հետո մտածեցի՝ տեսնեմ, թե ով է գրել այս հոդվածը: Պարզվեց, որ գրել է Մուշեղ Կուրեխյանը: Սկսեցի կարդալ նրա բոլոր գրած նյութերը: Շատ հետաքրքիր էր կարդալ: Վերջերս էլի մտա 17.am, տեսա, որ տպագրվել է Մուշեղի նյութերից մեկը՝ «Ջնջվող օրացույցի հերթական օրերից»-ը:

-Վա՜յ, փաստորեն ծառայում է Հայոց բանակում:

Ակամա ժպտացի: Որոշեցի, որ պետք է համացանցում փնտրեմ և գտնեմ նրան: Գտա և ընկերանալու հայտ ուղարկեցի:

Սիրում եմ, երբ տղաները պատմում են իրենց բանակային կյանքից, քանի որ նրանց պատմածով կարողանում եմ պատկերացնել, թե ինչ է իսկական ծառայությունը: Դե, գրքերն ու ֆիլմերն այդքան էլ լավ չեն արտացոլում այն:

Ես, անկեղծ ասած, չգիտեմ՝ ովքեր են կարդում իմ գրած նյութերը:

Հարգելի Մուշեղ, քեզ չեմ ճանաչում, սակայն ցանկանում եմ բարի, խաղաղ, անփորձանք ծառայություն: Միշտ հոդվածներ գրիր: Ես կարդում եմ քո գրած նյութերը: Սպասում եմ հաջորդ նյութիդ:

Ani Ghulinyan

Ոչ միակը, ոչ էլ անկրկնելին

«Մարդը միակ բանական էակն է ամբողջ տիեզերքում»:

Քանի՞ անգամ եք լսել այս արտահայտությունը, հետո ձեզ լավ զգացել, որ թեև 7 միլիարդից մեկն եք, բայց ձեր տեսակով միակն եք  ոչ թե այս փոքրիկ հողագնդում ,այլ մի ամբողջ անծայրածիր տիեզերքում:
Մարդկանց միակ բանական էակ լինելու փաստն այնքան համոզիչ է հնչում մեր բերանններից, որ կարծես ինչ-որ մեկը մեկուկես մետրանոց քանոնով չափչփել է տիեզերքի ամեն սանտիմետրը ու այնտեղ ոչ մի բանական էակ չի գտել: Մարդկանց հնարավորություններն այնքան սահմանափակ են: Թվում է` եթե մեկ-երկու դարում մարդկությունը չլսված հաջողությունների է հասել գիտության ոլորտում, նույնը կարող է անել և տիեզերքում, ամեն տեղ: Մենք  անգամ մեր գալակտիկան ամբողջությամբ չենք կարողացել ուսումնասիրել, բայց մեծ պատասխանատվությամբ նշում ենք, որ միակն ենք ողջ տիեզերքում:
Իսկ ինչո՞ւ օրինակ, շունը չի կարող բանական լինել, որովհետև ավելի՞ հավատարիմ է, քան շատ «բանական մարդիկ»: Թե, որովհետև նա հաչում է, ոչ թե խոսում: Հանդուրժողականությունը արմատացած երևույթ չէ մարդկանց մեջ, եթե մեկը իր մազերի գույնով, ապրելակերպով, տեսքով զգալիորեն տարբերվում է մյուսներից, սկսում է քննադատվել, կամ պարզապես անտեսվել, էլ ինչպես կարող է խոսք գնալ մարդ –կենդանի հանդուրժողականության մասին:
Պարզապես մարդկանց համար սովորություն է՝ չտեսնելու տալ այն, ինչը այս կամ այն կերպ կարող է վնասել մարդկային ցեղի միանձնյա բանականությանը:
Բայց ես համոզված եմ, որ ինչ-որ տեղ, բոլորի աչքից հեռու, մի հինգերորդ տարածությունում ապրում են էակներ, որոնք պակաս բանական չեն, քան ես: Կամ էլ հենց մեր աչքի առաջ. շան հաչոցը, մեղուների բզզոցը, կատվի մլավոցը սոսկ կենդանական բնազդներ չեն, այլ բառեր, նախադասություններ, որոնց իմաստը դժբախտաբար կամ գուցե բարեբախտաբար, այդ «միակ»  ու «ամենաբանական» մարդը հասկանալ չի կարող:

Ապրելը քո ընտրությունը չէ

Լուսանկարը՝ Անուշ Մկրտչյանի

Լուսանկարը՝ Անուշ Մկրտչյանի

Գյուղում երազելու շատ տեղ կա: Կթռնես այգու ամենածեր ծառի վրա, կնայես հարևանի կոտրված տանիքով հացատանը, հետո ժամերով կնայես հարևանի հավերին, որ առանց հարցնել ձեր բակ են մտել, կխղճաս ու կերազես:

Կամ էլ կվերցնես մի կտոր պանիր ու հաց, «խուրջինդ» կկապես մեջքիդ ու կգնաս սարից ձնծաղիկ հավաքելու: Կնստես մի մեծ քարի, կնայես ձեր կարմիր տուֆից տանը, հետո կիջնես Կակաչի սար՝ դեռ չբացված կակաչները հավաքելու, կնստես ու կուշտ փորով մի բրդուճ հաց ու պանիր կուտես, կերազես ու տուն կգաս:

Հետ գալուց դաշտի մոտ բանջար հավաքող կանանց կտեսնես, հետները մի քիչ «խորաթա» կանես , բայց, որովհետև դու բանջարը չես տարբերում, ու չնայած, որ շատ ես սիրում, հետ կիջնես գյուղ:

Երբ անձրև գա, սունկն էլ դուրս կգա: Կվերցնես դարակի ամենաամուր տոպրակը ու կքայլես, մինչև դուրս գաս գյուղից: Կոշիկներդ կխրվեն թաց հողի մեջ ու ձեռքիդ «քոռ» դանակով կքանդես հողը ու մի քանի սունկ կլցնես տոպրակիդ մեջ: Ու չնայած սունկ չես սիրում, դա միակ բանն է, որ տարբերում ես:

Ես այսպես եմ ապրում: Այս կյանքում եղած բոլոր բառերից ես ընտրում եմ «ամենաբառը»՝ ապրել: Ու, որովհետև ապրելը քո ընտրությունը չէ, դու կընդունես քեզ բաժին հասածը՝ ձնծաղիկը, բանջարը ու սունկը…

Anush Jilavyan

Իմ 17.am-ը

Գիտեմ, որ մեր առաջին մրցանակաբաշխության մասին շատ գրվեց, ես կաշխատեմ չհոգնեցնել ձեզ, բայց մեզ էլ հասկացեք, չգրել ախր չենք կարող: Տպավորություններ շատ-շատ են ու դրանք ինչ-որ կերպ արտահայտել է պետք, դե մենք էլ գրում ենք մեր զգացածը: 

Հավաքվել էին շատ հարազատ մարդիկ, մարդիկ, ում հետ մեկ շաբաթ ապրել ու ստեղծագործել ենք, մարդիկ, ում ճանաչում եմ թեյի ակումբից ու շատ դեմքեր, ում գիտեմ միայն հոդվածներով ու 17-ի նկարով: Բոլորին շատ կարոտել էի, ու կարոտել էի նաև այն Անուշին, որ կարող է իրեն այդքան երջանիկ զգալ, որովհետև հարազատներով է շրջապատված:

17.am-ի մասին անընդհատ կարելի է գրել, մի անգամ գրել եմ, թե ինչպես է այն փոխում մեզ ու ինչպես ենք 17.am-ի միջոցով մենք փոխում մեր աշխարհը: Հիմա էլ կարդում եմ գրածս, ու հասկանում, որ պահի ազդեցությամբ չեմ գրել, որ ոչ մի բառ ավելորդ չէ, ու դեռ ավելացնելու մտքեր կան, քանի որ 17.am-ի անակնկալները շատ են ու տպավորությունները երբեք չեն սառչում:

17.am-ը ամենաշատը սիրում եմ, քանի որ քեզ չես կարող երբեք մոռացված զգալ: Գիտեք, երեք հոգու մեջ էլ է հնարավոր չնկատված լինել, ուր մնաց հարյուրավոր թղթակիցների: Բայց 17.am-ը ուրիշ է. քո գրածը կարևոր է, քո նյութերին միշտ սպասում են ու միշտ հիշում քեզ: Դժվար լինի մի թղթակից, ով զարմացած չլինի, թե ինչպես է տիկին Ռուզանը հիշում բոլորիս անունները, թե որտեղից ենք, երբ ենք սկսել թղթակցել, իսկ եթե ուսանող ես, նաև որ բաժնում ես սովորում (իսկ արդեն մշակութաբանությունը հիշելու համար առանձնահատուկ տաղանդ է պետք):
Յուրահատուկ զգացողություն էր մի քանի ամսվա մեջ հասկանալ, որ ոչ միայն կարող ես գրել, ոչ միայն կարող ես գրածդ չպատռել ու մյուսներին ցույց տալ, այլ նաև կարող ես գնահատվել ու ուշադրության արժանանալ գրելով:

Վերջում ուզում եմ նոթատետրիս մասին պատմել, որ ստացել եմ: Ինձ սկզբից թվացել էր, որ բոլորի տետրերի վրա նույն նկարն է պատկերված, բայց պարզվեց, որ տարբեր են ու բոլորն էլ շատ գեղեցիկ: Բայց իմ տետրի վրա բնություն է պատկերված ու սարեր. ուզում եմ հավատալ, որ սարերի հանդեպ իմ մեծ սերը 17.am-ում էլ են նկատել, չէ որ այստեղ մեր մասին ամեն ինչ գիտեն:

Շնորհակալ եմ, որ հայտնվեցիք իմ կյանքում: Առանց Ձեզ տխուր էր…

Խմբագրության կողմից. Անուշ, մենք նաև գիտենք, որ այսօր քո ծննդյան օրն է: Շնորհակալ ենք քեզ, որ դու կաս մեր կյանքում: Քեզ նորանոր հաջողություններ:

Ծյոմը

Լուսանկարը՝ Միլենա Խաչիկյանի

Լուսանկարը՝ Միլենա Խաչիկյանի

Նորից բարև: Եթե տասնյոթցի ես, ուրեմն, հավանաբար, ճանաչում ես Ծյոմին: Ծյոմը մեր Արտյոմ Սաֆարյանն է, մեր լավագույն թղթակիցներից, մեր լավագույն չարենցավանցիներից, մեր ֆուտբոլային լավագույն մեկնաբաններից ու արդեն հինգ ամիս է` մեր լավագույն զինվորներից է:

«Մանանայի» կազմակերպած դասընթացների ժամանակ ենք ծանոթացել, ու արդեն տասը ամիս է, ինչ ճանաչում եմ Ծյոմին: Հավեսով եմ հիշում, թե չորս օր անընդմեջ ոնց էինք գնում նույն պատշգամբը (ընդմիջման ժամերին) ու զրուցում վեցով: Ես էի, Միլենը, Գայուշը, Արշակ-Շահբազյանը, Եվան ու Ծյոմը: Խոսում էինք ինչից որ պատահեր, հաճախ օրն էինք քննարկում, տպավորություններով կիսվում: Հետո Ծյոմի հետ Դիլիջանի մեդիա ճամբարում ենք եղել ու վերջին անգամ էնտեղ ու հենց էդ ժամանակ էի տեսել իրեն:

…Կամերայինի դիմաց սպասում էինք ներս մտնելուն, մեկ էլ հանկարծ տեսնեմ` մեկը` զինվորական համազգեստով, քայլում է: Ծյոմն էր…

Լուսանկարը՝ Միլենա Խաչիկյանի

Լուսանկարը՝ Միլենա Խաչիկյանի

Ներսում Ծյոմը փշաքաղեցրեց բոլորիս: Ասում էր, որ սահմանին կանգնած իր ընտանիքից ու ծնողներից զատ, մեզ էլ է հիշում: Դա շատ պարտավորեցնող էր, բայց և շատ հաճելի: Դահլիճում նստածներից յուրաքանչյուրը ինչ-որ հպարտությամբ էր նայում բեմում զինվորական համազգեստով խոսող այն տղային: Մենք` տասնյոթցիներս, էլ ավելի հպարտությամբ էինք լսում նրան, որովհետև ինքն էլ մեզնից մեկն է:

Ուզում եմ, որ Ծյոմը մի օր հայտնվի Anfield մարզադաշտում ու մի ֆուտբոլային հանդիպում մեկնաբանի էնտեղ: Չէ՞ որ սա հենց իր երազանքն է:

Մեր Արտյոմը հիմա ծառայում է Արցախում` Մարտունիում: Կարող ենք վստահ լինել, որ մեր խաղաղությունը հուսալի ձեռքերում է: Ուզում եմ, որ խաղաղ անցնի իր ծառայության երկու տարին, ու անփորձանք վերադառնա: Սա էլ երևի իմ երազանք է:

Լուսանկարը՝ Միլենա Խաչիկյանի

Լուսանկարը՝ Միլենա Խաչիկյանի

Հ.Գ. Ծյոմին ու մեր բոլոր զինվորներին բարի ծառայություն: Մենք ձեզ սիրով սպասում ենք:

Ani avetisyan

Թե ինչպես է հողը տուն դարձել

Երբ ես ծնվեցի՝ ինձ շրջապատող աշխարհը գրեթե նույնն էր, ինչ  այսօր է: Երբ այնքան մեծացա, որ սկսեցի նկատել փոփոխությունները՝դեռ չէի պատկերացնում, չէի մտածում, որ իմ հիշողության ու մտապատկերների սահմանից անդին էլի ինչ-որ բաներ են եղել,  որոնցից ինչ-որ բան՝ նույնը, շատ բաներ՝ այլ կերպ են եղել:

Մի ժամանակ, երբ ես չկայի, երբ չկար այն ամենն, ինչ կա այսօր, երբ չկար նաև այն, ինչ եղել է դրանից էլ առաջ՝ այս վայրը երևի սովորական  քարակույտ է եղել, բլուրներ ու սարեր են շրջապատել այդ մանր ու սուր քարերին, բայց հնարավոր է նաև, որ այստեղ ծառեր կային, ու նույնիսկ անտառ էր , գուցե լիճ կամ լճեր էլ են եղել: Ո՞վ գիտե:

Ժամանակ է անցել, և  չգիտեմ՝ որտեղից ինչ-որ մարդիկ են եկել այստեղ ապրելու, բայց ժամանակների ու ժամանակի քամիների բերած փոշին ծածկել է նրանց ու նրանց տները, ծածկել է նրանց հետ կապված ամեն-ամեն ինչ: Հետո այնքան փոշի ու քարեր են հավաքվել, որ դրանց վրա նոր տներ են կառուցվել, ու նոր մարդիկ են եկել այստեղ: Այդպես, փոշու տակ երևի շատ աշխարհներ են մնացել, ու քիչ-քիչ բարձրահարկ շենքի նման ինչ-որ բան է ստացվել, իսկ ամենավերևի հարկում ուրվագծվել է այսօրվա պատկերի նախատիպը:

Երևի քամիներն ու դրանց բերած փոշին էր մեղավոր, որ այստեղ ծառեր ու կանաչ չի մնացել: Երևի ամենաներքևում՝ առաջին հարկում, աշխարհի ամենականաչ տարածքն է եղել: Երևի:

Այդ ժամանակից դարեր են անցել, և այստեղ հարևան ժողովրդից մարդիկ են եկել ապրելու: Ապրել են, գուցե ուրախ, գուցե տխուր օրեր անցկացրել: Նոր տներ են կառուցել դարերի փոշու վրա, ու կարծել,որ եթե այդպես է՝ այդպես էլ պետք է լիներ:  Ճիշտ է՝ նրանց վրա ժամանակի փոշին չի նստել, բայց մի օր եկել է տարածաժամանակային սխալներն ուղղելու ժամանակը, և այս քարակույտ-հող-հայրենիի իրական տերերը եկել են՝ նորից տեր կանգնելու նրան՝ հույսով, որ մի օր այդ հողը  աշխատող ձեռքի տակ հայրենիք կդառնա:

Առաջինը այստեղ տատիս ծնողներն  ու նրանց հարազատներն են եկել: Այդ ժամանակ այստեղ եղած հին աշխարհներից շատ բան չէր մնացել, միայն կիսավեր տներ էին, որոնց քիչ ժամանակ անց նույնպես կծածկեր փոշին, բայց այդ տները նոր տների հիմք են դարձել, և նորից կյանք է սկսվել: Գյուղը գյուղ է դարձել, հետո դարձել երկրի մի մասը, ինչ-որ բան տվել նրան ու մի բան էլ վերցրել: Այստեղ  ապրողներին սկզբում մի բան էր միավորում. նրանք բոլորն էլ Արևմտյան Հայաստանից էին եկել, գրեթե բոլորը՝ մի գյուղից: Նրանք ապրել են կողքի-կողքի՝ փոքրիկ ու իրար կպած տներում, ապրել են մեկը մյուսի կյանքով…  Նրանց հին՝Վանում թողած գյուղից մեկն էլ մի օր որոշել է գրել ապրածը, տեսածն ու լսածը.

«…Վասպուրականի երբեմնի  բազմաշունչ Հառեղից այստեղ էին հասել ծերացած Մուխսին (նա տոհմի հպարտությունն էր, որովհետև Երուսաղեմ ուխտի էր գնացել), Արշոն, Մարտիրոսը, Անդունենց Սերոբը՝ Գյուլոյի հետ: Եկել էին նաև մի քանիսը Փեսանդաշտից և Ալաշկերտից»: 

Հեղինակի նշած մարդկանց անունները մանկուց եմ լսել,իսկ նրանցից շատերին ու ոմանց էլ, ովքեր մնացել էին անցյալի էջերում՝ տեսել եմ գրքերի մեջ, այն գրքերի, որոնք տատիկս ու նրանց ողջ տոհմը աչքի լույսի պես էր պահում: Այդ գրքերում ծանոթ անունները կարմիրով էին ընդգծված:

Հենց նրանք են այս քարակույտին ձև ու գույն տվել, նկարել են վաղուց ջնջված պատկերները, ու այս հողը ժամանակի ընթացքում հայրենիք է դարձել: Եվ ժամանակի փոշին այլևս չի ծածկել տարածքը, որովհետև արդեն այդ փոշին մաքրողներ կային, և կային նրանք, ովքեր գծում էին այն, ինչ կար, երբ ես ծնվեցի:

Այժմ, երբ նայում եմ Հառեղի, Վանի ժառանգ Փաթրինջ-Ոսկեհատի փողոցներին, մտովի տեսնում եմ բարձրահարկ շենքի մյուս հարկերը, որոնք ժամանակի ճանապարհին մնացել են անբնակ:

Այսօր, երբ մտապատկերներիս սահմանները բավական մեծացել են ու կարողանում են ընդգրկել նույնիսկ անպատկերելին ու անպատմելին՝ աշխարհն ինձ համար միայն գնդի մակերեսին չէ, որ կա, այն մի քանի հարկ ունի, որոնցից ամեն մեկը մի աշխարհ է, մի մոլորակ մեր մոլորակում, որտեղ ամեն մեկն էլ փորձել է քարից տուն շինել, իսկ այդ տունը մի օր հայրենիք դարձնել:

Nane Eghiazaryan

Հնչում է կոմիտասյան մեղեդին

Մարմնովդ սարսուռ է անցնում, իսկ հոգիդ տակնուվրա է լինում, զգում ես ցավ, թախիծ, սիրտդ մորմոքվում է այն մեղեդուց, որ ստեղծել է Կոմիտասը: Նա իր ազգի տառապանքն է դրել մեղեդու մեջ, նրա ամենօրյա ուրախությունն ու թախիծը, հոգսերն ու պարերը: Նրա կախարդական նոտաների մեջ լսվում է այն ձայնը, զգում ես այն զգացմունքը, որն ապրել է այդ պահին: Այդ մեղեդին դիպչում է քեզ, մտնում սիրտդ, և երբ զգում ես այն, չես ուզում բաց թողնել: Նա հոգուցդ մի կտոր է պոկում ու տանում իր հետ: Այդ մեղեդին արցունք է պոկում աչքիցդ, ու էլ չես կարողանում այն բաց թողնել:

Կոմիտասի մեղեդին չես կարող փոխարինել ոչնչով: Այն յուրահատուկ է իր ձևով, զգացմունքների տեղատարափով: Բառեր, բառեր ու էլի բառեր, որոնք միգուցե փորձում են գեղեցկացնել մեղեդին, ու շատերի համար հենց դա է կարևորվում:

Գիտե՞ք, պետք չէ լսել բառերը, որ պատկերցանես՝ ինչի մասին է Կոմիտասի ստեղծագործությունը: Ո՛չ, Կոմիտասին կարելի է հասկանալ նրա մեղեդու միջոցով: Մարդի՛կ, ինչո՞ւ եք ամեն ինչին թռուցիկ կերպով վերաբերվում, ախր, Կոմիտասը հանճար է, իսկ շատ երիտասարդներ նրան նույնիսկ չեն հասկանում: Կոմիտասը հայ էր, բայց այժմ այլազգիները  ավելի շատ են լսում նրա մեղեդիները, քան մենք, ու ավելի շատ են նրան գնահատում: Չնայած՝ հանճարին ոչ բոլորը կարող են հասկանալ:

Կուզեի մարդկանց հարցնել, հայությանը հարցնել, թե այս աշխարհում եղե՞լ է, կամ կա՞ մեկը, ով այդքան խորն ու այդքան գեղեցիկ է ներկայացնում թե՛ ցավը, թե՛ ուրախությունը:

Հնչում է կոմիտասյան մեղեդին, որի ժամանակ մարդիկ լարվում են, ու ինչպես մի քանի տարի գեղեցիկ հագուստ չտեսած մարդը՝ խլում են այն ու չեն կարողանում բաց թողնել: Վերջ: Մեղեդին դադարեց: Ամբողջ դահլիճում լռություն է: Մարդիկ քարացել են, իսկ նրանց աչքերից արցունքներ են հոսում: Նրանցից մեկը վերջապես ուշքի եկավ և ոտքի կանգնելով՝ սկսեց ծափահարել: Նրա ծափի ձայնից այդ սքանչելի ու հեքիաթային քնից արթնացան և մյուսներն ու սկսեցին հետևել առաջին մարդու օրինակին:

Իմ կարծիքով հենց այդպես է պատահում, երբ մի շքեղ դահլիճի բեմում հնչում է կոմիտասյան մեղեդին:

Lilit Grigoryan

Խառը ժամանակներ են

Ապրիլը վերջացավ: Շատերը սկսել են պատրաստվել տարեվերջյան քննություններին, ոմանք այդ մասին չեն էլ մտածում ու մեզանից երջանիկ կյանքով են ապրում, ոմանք էլ չգիտեն, թե որտեղից կարելի է սկսել և ուր գնալ:Մեզանից շատերը պատրաստվում են միասնական քննություններին և սթրեսային վիճակում են: Ընդհանրապես այդ միասնական քննությունները ոնց որ մի նոր կյանք մտնելու համար քննություններ լինեն: Էնպես ծանր են տանում մարդիկ, չգիտեմ, կարող է, ես էլ ծանր տանեմ: Մի տեսակ չեմ սիրում էդպիսի լարված վիճակներ, որ անգամ ժամանակ չունես դուրս գալու, մի փոքր քայլելու, կյանքի մի ապրիլ էլ վայելելու, ու արդեն մայիսն է…

Շատերս էլ պատրաստվում ենք փոխադրական քննություններին, արդեն ունենք տոմսերը, բայց դեռ չենք ուզում գոնե ծանոթանալ դրանց:
Խառը ժամանակներ են… Ոմանք էլ չգիտեն, թե որից սկսեն: Նրանցից մեկն էլ ես եմ: Սովորում եմ տասներորդ դասարանում, ունեմ բանավոր քննություններ չորս առարկայից, մասնակցում եմ մի շարք մրցույթների ու չեմ հասկանում, թե որ գործը կարելի է առաջ քաշել, որը դարձնել երկրորդական, ու էսպիսի շատ հարցեր, որոնց պատասխանը ընկերուհիս է տալիս, Մարիամը, ով ինձ պես մի բազմազբաղ աղջիկ է:

Մեր ամենօրյա խոսակցության թեման սովորելն ու ամեն ինչ հասցնելն է: Երբ նեղվում եմ այսքան լարվածությունից, նրան ֆեյսբուքով գրում եմ՝ Մար… Ու նա արդեն գիտի փորացավս: Զանգահարում է, հույս տալիս, քաջալերում: Անընդհատ որոշում ենք իրար հետ պարապել, էսպես կամ էնպես դասակարգել դասերը, հեշտը դժվարից տարբերել ու… Ահ, ոչ մի հետաքրքիր բան, բայց դե, միևնույն է, մենք հասցնում ենք, ու հույս ունենք, որ այս ամենը շուտ կավարտվի, հանգիստ շունչ կքաշենք:
Բայց մի խորհուրդ բոլորին, ովքեր մեզ նման զբաղված են, քննությունների են պատրաստվում: Լավ քնեք, լավ սնվեք, ու որ ամենակարևորն է, լավ երաժշտություն լսեք: Հիշեք հայտնի խոսքը. Սա էլ կանցնի: