Չմոռանաք կարդալ խորագրի արխիվներ

Չմոռանաք կարդալ. Դեկտեմբերը 17-ում

Այնպես ստացվեց, որ երբ 17-ի աշխատակազմը ամփոփում էր 2017-ի դեկտեմբերը 17-ում, իմի բերելով բոլորի կողմից հավանված նյութերը, որոնք գուցե ձեր աչքից վրիպել էին, կամ դեռ չեք հասցրել կարդալ, կամ էլ, պարզապես մեր նշելուց հետո կուզենաք վերընթերցել այլ աչքով, դրանց թիվը հենց 17-ն էր:

Դե ինչ, ազատ օրերը շատ են, և կհասցնեք կարդալ, մանավանդ որ իսկապես արժանի են: Նախ, ասենք, որ դեկտեմբերին բազում նոր թղթակիցներ միացան 17-ին. անգամ թղթակիցների նոր լուսանկարներից ու նոր անուններից կարող եք դա նկատել: Բոլոր նոր թղթակիցներին բարի երթ ենք մաղթւմ: Սպասում ենք գալիք տարում ձեզ տեսնել լավագույն թղթակիցների մեր շարքերում:

Իսկ որ մեկ տարվա մեջ կարելի է առաջին անվարժ թղթակցություններից հասնել իսկապես լրագրողական, հրապարակախոսական նոր մակարդակի, վկայում են այս ամիս հրապարակված շատ նյութեր:

Լուսանկարը՝ Միլենա Խաչիկյանի

Լուսանկարը՝ Միլենա Խաչիկյանի

Եթե դեռ չես կարդացել, ապա խորհուրդ ենք տալիս ընթերցել Միլենա Խաչիկյանի «Աննկատ, բայց ոչ մոռացված. Մաշտոց 45-ի գրախանութը», Անի Ավետիսյանի «Սև ու սպիտակ տրամադրություններ «հիշողության ձեղնահարկում» հարցազրույցները մեր կողքին ապրող մարդկանց մասին, ովքեր իրենց գոյությամբ, աշխատանքով, թեև աննկատ, բայց մեր կյանքին հաղորդում են նոր գույներ, անգամ սև ու սպիտակի մեջ:

Լուսանկարը` Վիոլետա Մկրտչյանի

Լուսանկարը` Վիոլետա Մկրտչյանի

Հաճախ, երբ խոսում ենք լրագրողի դերի, նրան վերապահված չորրորդ իշխանության կոչման մասին, կամ ոգևորվում ենք, կամ հիասթափվում: Ոմանք ակնկալում են, որ լրագրողը պետք է լուծի բոլոր կնճռոտ հարցերն իր գրիչով,  մի մասն էլ, ավելի «սթափ» հայացքով խորհուրդ է տալիս գրել ավելի «վեհ բաների» մասին, սակայն լրագրողը հասարակության աչքն է, ականջը, ձայնը, նա արձագանքում և մեր ուշադրությունն է հրավիրում ցավոտ ու հուզող հարցերի վրա: Սա փոփոխության ու զգոնության առաջին քայլն է, առաջին, բայց շատ կարևոր: Անպայման կարդացեք Միլանա Գևորգյանի «Մահվան վերելակների ռեվոլյուցիան», Մարիամ Տոնոյանի «Մասնագիտությամբ խոպանչի», Աննա Մեսրոպյանի «Մեծ մարդը» հոդվածները:

Լուսանկարը՝ Միլենա Խաչիկյանի

Լուսանկարը՝ Միլենա Խաչիկյանի

17-ը տարբերվում է մյուս լրագրողական կայքերից, նախ նրանով, որ մենք առաջին հերթին գրում ենք մեզ համար, մեր հասակակիցների համար, ու գրում ենք մեր մասին, մեր ընկերների ու մեր հարազատների մասին: ՄԵՆՔ ԻՆՔՆԱԱՐՏԱՀԱՅՏՎՈՒՄ ԵՆՔ, որովհետև ունենք դրա պահանջը: Ուստի պատահական չէ, որ շատ ու շատ նյութեր հուզում են մեզ մինչ մեր սրտի խորքը: Հուզել. մի՞թե սա չէ ամենակարևորը. երբ ասելիքդ մտածելու, ապրումակցելու, ընթերցել-վերջացնելուց հետո «10 րոպե ավելի մեծ» դառնալը չէ: Եթե այո, ապա խորհուրդ ենք տալիս ընթերցել Անուշ Մկրտչյանի  «Անվերնագիր», Անուշ Աբրահամյանի «Հիշողությունների ցուցահանդես-վաճառք», Աստղիկ Հունանյանի «Հեչ էլ ռոմանտիկ չի», Անուշ Ջիլավյանի «Իմ 5-ը արժեզրկվեց արտագրողների պատճառով», Աստղիկ Քեշիշյանի «Մի կտոր իմ իրականությունից», Մարգարիտ Ուդումյանի «Անվերադարձ»,  Միլենա Բարսեղյանի «Ամանորը դեկտեմբերի 31-ը չէ», Թինա Մաքոյանի «Գիտեմ, չեք կարդալու»  (ի դեպ, Թինայի նյութը նաև դեկտեմբեր ամսվա ամենաընթերցված նյութն է) հրապարակումները:

Դեկտեմբերը նաև ամփոփումների ամիս է, մենք խնամքով ծալում, մեր հիշողության պահոցներն ենք ուղարկում լավագույնը, որ ունեցել ենք տարվա ընթացքում, լավագույնը, որ մեզ թվում է, վաղն այլևս չի կրկնվի, կարևորը, որը պետք է նաև մեկ անգամ էլ իմաստավորել: Ահա այդպիսի հոդվածներ են Սերյոժա Առաքելյանի «Բաղնիքը վառեք, գալիս ենք» եւ Աստղիկ Հունանյանի «Վարք Նարեկի»  հրապարակումները:

Լուսանկարը՝ Իզա Ասծատրյանի

Լուսանկարը՝ Իզա Ասծատրյանի

Իսկ քանի որ դեկտեմբերի անբաժան մասն են կազմում նաև Նոր տարին ու Ձմեռ պապը, չենք անտեսել նաև սա մեր էջերում: Խորհուրդ ենք տալիս կարդալ Նաիրա Մխիթարյանի «Խորհուրդներ Ձմեռ պապին» եւ Վալենտինա Չիլինգարյանի «Նոթեր Ձմեռ պապիկի գոյության էվոլյուցիայի մասին» սրամիտ և աշխույժ նյութերը: 

Ի դեպ, ուրախ կլինենք, եթե դուք էլ ամեն ամիս մեզ գրեք, թե որն էր այդ ամսվա ձեր  հավանած նյութը և ինչու: Չէ որ մենք չենք դոփում տեղում, սովորում ենք, լսում խորհուրդներ ու առաջ ընթանում:

Դե ինչ, կհանդիպենք 2018-ին:

Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ:

Լուսանկարը` Միլենա Խաչիկյանի

Չմոռանաք կարդալ. նոյեմբեր 2017

Լուսանկարը` Միլենա Խաչիկյանի

Լուսանկարը` Միլենա Խաչիկյանի

Եթե այնպես է ստացվել, որ նոյեմբերին պարբերաբար չես հետևել 17-ին, ապա միգուցե բաց ես թողել այնպիսի հոդվածներ, որոնք իսկապես արժե կարդալ:

Դե, ասենք, ինչպես չկարդալ Մարիամ Տոնոյանի «Կյանքի արժեքը մեկ փամփուշտում» հոդվածաշարը: Մարիամը գրի է առել իր ազատամարտիկ հոր հուշերը Արցախյան ազատամարտի մասին: Դասագրքերում պատերազմը թվեր են, ժամանակներ և կարևոր իրադարձություններ, մինչդեռ ականատեսի հուշերը ձեզ տանում են դիրքեր, խրամատներ, ասես մասնակիցն եք դառնում թեժ մարտերի, զինվորների հետ մինչև ոսկորները սառում Օմարի լեռնանցքում… Ավելի է լավ է՝ կարդացեք, և փորձեք ինքներդ էլ վկայագիրը դառնալ կարևոր իրադարձությունների, զրուցել ձեր հարազատների հետ, գրի առնել ձեր կողքին ապրող մարդկանց հուշերը:

Մեր ընկերներն այսօր էլ սահմանին են, դպրոցական վերջին զանգից անմիջապես հետո, կամ ուսանողական լսարանից, նրանք ասես կիսատ թողեցին նաև մեր մանկությունն ու պատանեկությունը, ընդամենը երկու տարով, թեև երկու տարի հետո կյանքը այդ նույն կետից չի շարունակվելու: Մի խոսքով, կարդացեք Միլենա Խաչիկյանի «Դավոն» ակնարկը:

Լուսանկարը` Միլենա Խաչիկյանի

Լուսանկարը` Միլենա Խաչիկյանի

Ի դեպ, երբ գրում են հենց իրենց ծանոթ թեմաների մասին, կամ հարազատ քաղաքի ու գյուղի պատմություններից, կարդացվում է մեծ հափշտակությամբ: Եթե բաց եք թողել Անուշ Աբրահամյանի «Աշնան ապտակ» և «Հին օրերի արահետն ու հոկտեմբերի մութը» պատմությունները, ապա անպայման կարդացեք:

Կարդացեք նաև Աստղիկ Ղազարյանի «Միայն թե տանը լինեն» պատմությունը, օրեցօր դատարկվող տան ու մեծ գերդաստանից աստիճանաբար փոքրացող ընտանիքի մասին:

Նոյեմբերին մեզ հաճելի պահեր պարգևեց Անահիտ Ղազախեցյանը: Եթե սիրում եք, հիշում, կարոտում, ապա հենց այսօր նորից կարդացեք «Գնալ քեզնից, լքել ինձ» նյութը:

Լուսանկարը՝ Լիդա Արմենակյանի

Լուսանկարը՝ Լիդա Արմենակյանի

Ի դեպ, Անահիտի «Վանաձոր (փոքրատառ ու սիրով բանաստեղծական էսսեն այս ամսվա ամենաշատ կարդացված նյութն է: Մեկ անգամ ևս կարդա և կհամոզվես, որ իսկապես արժանի ընտրություն է:

Լուսանկարը՝ Լիդա Արմենակյանի

Լուսանկարը՝ Լիդա Արմենակյանի

Առհասարակ, նոյեմբերն էր պատճառը, աշնան ավարտը, թե միգուցե կարճացող օրերը, սակայն կային թեմաներ, որոնք գերակշռող էին: Օրինակ, ինքնաճանաչողության փորձերը, աշխարհը սեփական եսի տեսանկյունից զննելը: Դե, նաև տարիքը, որ ստիպում է ամեն բանի մի քիչ այլ հայացքով նայել: Աստղիկ Հունանյան «Նյարդային նյարդերիս ու էլի շատ բաների մասին»,  Անուշ Դավթյան՝ «Հինգ զգայարաններս»«Երբ դեռ 19 տարեկան էլ չկաս, բայց արդեն հավես չունես»:

Կան նաև հեղինակներ, որոնք այդ ճանաչողության փորձերը սկսում են ինքնակրթության ճանապարհով, սովորում են, ծանոթանում նոր ոլորտների հետ ու փորձում մեզ էլ հանրամատչելի ձևով փոխանցել նոր գիտելիքները: Բաց մի թողեք Անի Ավետիսյանի «Օճառային օպերաների պատմությունից» հանրամատչելի հոդվածը:

Իսկ մեր թղթակիցներից ոմանք ավելի հեռուն են գնացել. գիտական վարկածը, տեղեկությունը, ցանկացած ինֆորմացիա, նրանց ստիպել է խորհրդածել, փիլիսոփայել անգամ, աղերսներ գտնել մեր կյանքի հետ: Եթե ձեզ էլ գրավեց, ապա խորհուրդ ենք տալիս կարդալ Անետա Բաղդասարյանի՝ «Ով ում է պատկանում»Նելլի Խաչատրյանի՝ «Ռասելի թեյնիկը» և Վահե Ստեփանյանի «Ոսկե սկավառակի վրա» էսսեները

Լուսանկարը` Միլենա Խաչիկյանի

Լուսանկարը` Միլենա Խաչիկյանի

Դե ինչ, բարի ընթերցանություն: Եթե կային հոդվածներ, որոնք ձեզ ավելի շատ են դուր եկել, սակայն մենք չենք հիշատակել, գրեք մեզ:

Կհանդիպենք մեկ ամիս հետո:

Լուսանկարը` Կարինե Նահապետյանի

Չմոռանաք կարդալ. Հոկտեմբեր 2017

Լուսանկարը՝ Լաուրա Սեկոյանի

Լուսանկարը՝ Լաուրա Սեկոյանի

Սեպտեմբեր ամսին, ինչպես հիշում եք, մենք՝ 17.am-ի խմբագրակազմով խոստացել էինք ամեն ամիս ներկայացնել այն նյութերը, որոնք կարող էիք բաց թողնել բազմաթիվ հետաքրքիր հոդվածների, ֆիլմերի ու ֆոտոպատմությունների մեջ: Հոկտեմբերին ևս 17.am-ի փոստը լի էր ամենատարբեր թեմաներով գրված, հետաքրքիր ու կարևոր նյութերով: Այս նյութերի մեջ իրենց յուրահատուկ ու գեղեցիկ տեղն են զբաղեցնում գյուղական կյանքը, առօրյան պատկերող հոդվածներն ու ֆոտոպատմությունները: Բաց մի թողեք Լաուրա Սեկոյանի «Երկու փութ արիշտա» գյուղական կոլորիտը լավ արտահայտող նյութը:

Լուսանկարը՝ Սերյոժա Առաքելյանի

Լուսանկարը՝ Սերյոժա Առաքելյանի

Մեր թղթակիցները միշտ փնտրում են իրենց շրջապատում հետաքրքիր մարդկանց՝ նրանց մասին բոլորին պատմելու, նրանց բացահայտելու համար: Հաճախ ամենահետաքրքիր մարդիկ հենց մեր կողքին են: Այս ամիս շատ նյութեր ունեցանք մեր ընտանիքների ամենահետաքրքիր անդամների՝ տատիկների ու պապիկների մասին: Բաց մի թողեք Սերյոժա Առաքելյանի հուզիչ պատմությունը իր պապիկի մասին, ծանոթացեք Սոսե Զաքարյանի Ռոմել և Արտյոմ Ավետիսյանի Արուսյակ տատիկների հետ: Մեր թղթակիցներն, իհարկե, նաև շատ լավ հարցազրույցներ են վարում: Չմոռանաք կարդալ Միլենա Խաչիկյանի հետաքրքիր ու ոգեշնչող հարցազրույցը Արմինե Հայրապետյանի հետ:

Լուսանկարը՝ Միլենա Խաչիկյանի

Լուսանկարը՝ Միլենա Խաչիկյանի

Գրելու միջոցով թղթակիցները բարձրացնում են շատ կարևոր, իրենց հուզող հարցեր, հաճախ՝ հումորով, հավեսով գրված: Եթե ուզում եք իմանալ, թե ինչպես է ապրում Գավառից Երևան տեղափոխված ուսանողուհին, բաց մի թողեք Անուշ Դավթյանի «Մենակ ապրելու գաղտնիքները»: Իսկ եթե ուզում եք ծանոթանալ ուսանողի կյանքին, տեսնել, թե ինչ ազդեցություն են թողնում հետաքրքիր առարկաները նրա վրա, ընթերցեք Անետա Բաղդասարյանի թեթև ու հումորով գրված «Հավանականությունն ու մենք» նյութը:

Լուսանկարը` Սերյոժա Առաքելյանի

Լուսանկարը` Սերյոժա Առաքելյանի

Երիտասարդների համար շատ կարևոր ու արդիական հարց է բարձրացնում Նելլի Խաչատրյանը: Ընթերցեք «Ցավոտ մի հարց» հոդվածը և մտորեք այս կարևոր խնդրի շուրջը: Մտորեք նաև Սուսաննա Ղազոյանի «Վարդան Մամիկոնյանը, շապիկն ու 16-դարյա թակարդը» նյութում առաջադրված համարձակ հարցադրման մասին: Իրենց նյութերում բարձրացնելով արդի կարևոր հարցերը՝ մեր թղթակիցներն այս ամիս նույնպես անդրադարձել են արտագաղթին: Բաց մի թողեք այս ամսվա մեր ամենաընթերցված նյութը՝ Աննա Սարգսյանի «Մալիշկայի անծուխ ծխնելույզները»: Շարունակելով ձեզ ներկայացնել ամենակարևոր հարցերն ու խնդիրները բարձրացնող նյութերը՝ առաջարկում ենք ընթերցել նաև Անի Ավետիսյանի «Մանկություն չունեցող մարդիկ» հուզիչ պատմությունը:

Լուսանկարը՝ Միլենա Խաչիկյանի

Լուսանկարը՝ Միլենա Խաչիկյանի

Հոկտեմբերի՝ երիտասարդների համար ամենակարևոր իրադարձությունը, թերևս, #տարկետումլինելուԱ ակցիայի սկիզբն էր: Մեր թղթակիցներն, իհարկե, ակտիվ քաղաքացիներ են, որոնք առանց լուսաբանման չթողեցին դասադուլը, բողոքի ցույցերը՝ տարկետման մասին օրինագծի ընդունման դեմ: Ձեզ ենք ներկայացնում Լուսինե Կարապետյանի և Սուրեն Կարապաետյանի լուսաբանումները:

Լուսանկարը՝ Միլենա Խաչիկյանի

Լուսանկարը՝ Միլենա Խաչիկյանի

Լարված ու հուզիչ նյութեր ընթերցելուց հետո խորհուրդ ենք տալիս կարդալ Վալենտինա Չիլինգարյանի «Անավարտ պատմությունները»՝ հետաքրքիր ու ստեղծագործական այս նյութը: Խորհուրդ ենք տալիս նաեւ դիտել  «Երեւանյան օրերի խրոնիկա» ֆոտոշարքը, որտեղ Երեւանն ու իր բնակիչները մի քիչ թախծոտ տրամադրությամբ ներկայացված են  Լիանա Թուրյանի օբյեկտիվի միջով։

Լուսանկարը` Լիանա Թուրյանի

Լուսանկարը` Լիանա Թուրյանի

Դե, իսկ եթե չալարեցիք ու հասաք 17.am-ի հետ մինչ այստեղ, վերջում էլ կարդացեք Աստղիկ Հունանյանի ալարելու ու հավեսի մասին ոչ ալարկոտ ու շատ հավեսով գրված նյութը՝ «Երբ դեռ 15 տարեկան ես, բայց ոչնչի հավես չունենալու հավես էլ չունես»-ը:

Լուսանկարը` Կարինե Նահապետյանի

Լուսանկարը` Կարինե Նահապետյանի

Դե, եթե դեռ չէիք կարդացել հոկտեմբերին տպագրված նյութերը, արդեն գիտեք, թե որոնք չարժե բաց թողնել:

Մինչ մյուս ամիս:

Չմոռանաք կարդալ. սեպտեմբեր 2017

Սեպտեմբեր ամսին, ինչպես և նախորդ բոլոր ամիսներին, 17-ը լի էր բազմատեսակ, տարբեր հարցեր ու խնդիրներ բարձրացնող, տարբեր հետաքրքիր պատմություններ ներկայացնող նյութերով: Քանի որ նյութերը շատ են, և այդ հոսքի մեջ կարող եք չնկատել շատ կարևոր ու հետաքրքիր հոդվածներ, մենք՝ 17.am-ի խմբագրակազմով որոշել ենք այսուհետ ձեզ ներկայացնել ամեն ամսվա կարևոր ու լավ նյութերը, որոնք չարժե բաց թողնել:

Լուսանկարը՝ Եվա Խեչոյանի

Լուսանկարը՝ Եվա Խեչոյանի

Մենք, ինչպես երևի գիտեք, խրախուսում ենք նոր գաղափարները և ուզում ենք, որ մեր թղթակիցները շարունակեն մտածել նոր խորագրեր, զարգացնել ու շարունակել դրանք: Մեր նոր խորագրերից է Եվա Խեչոյանի «Պատմություններ օվկիանոսի այն կողմից» հոդվածաշարը, որն ունի ճանաչողական նշանակություն: Շարքը սկսելու գաղափարը հենց Եվայինն է, կարդացեք նրա հետաքրքիր պատմություններն այստեղ:

Մեր հաջորդ նոր հոդվածաշարը, որն ուզում ենք ներկայացնել ձեր ուշադրությանը, Մարիամ Բարսեղյանինն է՝ «Սիրային գործեր»: Գտնելով հետաքրքիր սիրային պատմություններ արդեն նախորդ դարից՝ Մարիամն ամեն անգամ մեզ է ներկայացնում դրանցից մեկը՝ հետաքրքիր ու անկեղծ գրված: Այս շարքը մեզ է ներկայացնում մեր ծնողների, տատիկ-պապիկների երիտասարդության ժամանակաշրջանի վարքնուբարքը, կենցաղը: Ընթերցեք Մարիամի պատմություններն այստեղ:

Լուսանկարը՝ Լիա Ավագյանի

Լուսանկարը՝ Լիա Ավագյանի

Տոներին և հատուկ նշանակության օրերին 17.am-ի փոստը լցված է լինում տասնյակ նյութերով, որոնք, քանի որ վերաբերում են նույն օրվան, հաճախ լինում են միանման: Եթե հետևում եք մեզ, երևի կարդացել եք սեպտեմբերի մեկի, սեպտեմբերի քսանմեկի մասին գրված նյութեր, որոնցից կուզենայինք առանձնացնել ամենաինքնատիպ գրվածները:

Սեպտեմբերի, դպրոցի մասին թեթև ու ինքնատիպ պատմում է Աստղիկ Հունանյանը՝ իրեն բնորոշ անկեղծությամբ և հումորի զգացումով: Անկեղծ ու ինքնատիպ է գրում նաև Սերյոժա Առաքելյանը, որն էլ մեզ պատմում է արդեն ուսանողական կյանքի մասին: Բաց մի թողեք նաև Սերյոժայի հետաքրքիր ու անմիջական հոդվածը:

Ուզում ենք հատուկ ընդգծել նաև Շուշան Ստեփանյանի՝ «Սեպտեմբերի մեկ» հոդվածը, որ իրար է կապում իր կյանքի երկու կարևոր իրադարձություն. սեպտեմբերի մեկը՝ և ուսումնական տարվա, և 17-ի հետ համագործակցության սկիզբ:

Լուսանկարը՝ Լիլիթ Վարդանյանի

Լուսանկարը՝ Լիլիթ Վարդանյանի

Սեպտեմբերի քսանմեկի՝ Անկախության օրվան նվիրված հրապարակված նյութերից առանձնանում է Լիլիթ Վարդանյանի՝ «Պապիկի թղթապանակը» նյութը: Լիլիթը շատ հետաքրքիր ձև է ընտրել տոնի մասին գրելու՝ ներկայացնելով պատառիկներ իր պապիկի թղթապանակից:

Առհասարակ, շատ կարևոր է ուշադիր լինել մեր շրջապատի մարդկանց հանդեպ, ներկայացնել նրանց հանրությանը, լսել նրանց կյանքի պատմությունը, հայացքներն այս կամ այն իրադարձության կամ երևույթի շուրջ: Այսպիսի մարդիկ են մեր կյանքը դարձնում հետաքրքիր, ոգեշնչում, ստիպում վերանայել մեզ, մեր կյանքը: Սեպտեմբերին մի այդպիսի հետաքրքիր մարդու հետ է մեզ ծանոթացրել մեր թղթակից Զարա Ղազարեանը: Զարայի՝ «Ընթացքն ինձ համար է, արդյունքը՝ ձեր» հարցազրույցը կարդացեք այստեղ:

Հետաքրքիր մարդիկ այն մարդիկ են, որ ի հեճուկս խոչընդոտների, իրենց առջև անընդհատ ծառացող դժվարությունների չեն դավաճանում իրենք իրենց, հաղթահարում են և առաջ շարժվում: Եթե հետաքրքրեց, ապա բաց մի թող նաև Ամալյա Հարությունյանի հոդվածը:

Թեմայից թեմա, ամսից ամիս մենք զգում ենք մեր թղթակիցների առաջընթացը, տեսնում ենք, թե ինչպես են նրանք սկսում գրել ավելի հասուն, ավելի տպավորիչ ու խորը: Բաց մի թողեք Անուշ Դավթյանի «Հօգուտ աշխատավորի» նյութը, որտեղ նա թեթև գրչով բարձրացնում է շատ լուրջ ու ծանր մի հարց: Նույն առաջընթացը նկատելի է մեր մյուս թղթակիցների մոտ: Ընթերցեք նաև Էլիզաբեթ Հարությունյանի և Մարինե Երեմյանի նյութերը՝ նույնպես թեթև գրչով, բայց շատ կարևոր հարցերի մասին գրված:

Լուսանկարը` Աստղիկ Հունանյանի

Լուսանկարը` Աստղիկ Հունանյանի

Կարևոր հարց է բարձրացնում նաև Անի Ավետիսյանի «Ճանապարհային հեռանկարներ» նյութը, որը գրված է հասուն հրապարակախոսի գրչով:

Լուսանկարը՝ Մարի Բաղդասարյանի

Լուսանկարը՝ Մարի Բաղդասարյանի

Սեպտեմբերի ամենաընթերցված նյութում էլ Մարի Բաղդասարյանը զրուցել է Եղեգնաձորի հիվանդանոցի մանկաբույժ Թամարա Մկրտչյանի հետ, ում ընտանիքում չորս բժիշկ կա։

Լուսանկարը՝ Անուշ Հովհաննիսյանի

Լուսանկարը՝ Անուշ Հովհաննիսյանի

Արաքս եւ Ախուրյան գետերի խառնարանում, հայ-թուրքական սահմանին գտնվող Բագարան գյուղը եւ դրա բնակիչներին սեպտեմբերյան ֆոտոշարքում ներկայացրել է Անուշ Հովհաննիսյանը։ Դիտեք գունեղ ու ջերմությամբ լի այս ֆոտոշարքն ու մեզ նման լցվեք Բագարան այցելելու ցանկությամբ։

Լուսանկարը՝ Անուշ Հովհաննիսյանի

Լուսանկարը՝ Անուշ Հովհաննիսյանի

Եվ իհարկե, սեպտեմբերին բաց մի թողեք Մարիամ Նալբանդյանի «Մի տեղ անտառում՝ եղնիկների հետ» էսսեն: Հավատացեք, սա արդեն գրականություն է, այն էլ՝ բարձրարժեք:

Դե ինչ, եթե չեք կարդացել սեպտեմբերի մեր ընտրանին, այսօր արդեն հնարավորություն ունեք, եթե կարդացել եք, ապա կարող եք պատկերացնել, թե ինչպիսի նյութեր և ինչ է կարևորում 17-ը:

Մինչ հանդիպում: